Ա.Գեղամյան. Երկիրը ներսից խարխլելը դավաճանական դրսևորում է
13.02.2015, Panorama.am
«Աշխարհաքաղաքական այն վիճակում, որ այսօր կա, թուրք-ադրբեջանական այն ցինիկ վերաբերմունքը. որ դրսևորում են Ցեղասպանության 100-ամյա տարելիցի բնութագրման պարագայում ներսից երկիրը խարխլելը ազգային անվտանգությանը լրջագույն հարված հասցնել է և, եթե կուզեք, դավաճանական դրսևորում է: Հենց դրա մասին էր ՀՀ նախագահի խոսքը, ինչը բնականաբար իմ կողմից միարժեքորեն պաշտպանվում է»,-ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը:
Պատգամավորի խոսքով` դեռ սրանից ամիսներ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարությունների ժամանակ շատ սուր քննադատությամբ է ինքը հանդես եկել, որը եթե այդ ժամանակ համարժեք անդրադարձ գտներ, ապա այս աստիճան չէր զարգանա, և որ հանրապետության նախագահը ինքը արդեն հարկադրված չէր լինի իրերը կոչել իրենց իսկական անունով:
Գեղամյանը հույս հայտնեց, որ «պետք է ճիշտ հետևություններ անել այս ամենից» իսկ այդ «ճիշտ հետևությունները» խորհւրդ տվեց գտնել նախագահի ելույթում:
«Համահայկական հռչակագիրը երբ ընդունվեց, այնտեղ շատ հստակ ձևակերպումներ կան, որոնք իրենց մեջ պարունակում են համախմբման, ազգային միաբանության հաստատման շատ լուրջ լիցք: Եվ այս պարագայում արհեստականորեն կրքեր բորբոքել, փորձել շանտաժի ենթարկել իշխանություններին և հատկապես նախագահին՝ ասելով թե 100 հազարավոր միտինգներ ենք անելու... այստեղ սայթաքել են, մոռանալով, որ Սերժ Սարգսյանը պատերազմի բովով անցած մարդ է: Խաբնվում են նրա հանդուրժողականության և զիջողականության վրա և այնքան խաբնվեցին, որ եկան հասան կարմիր գծին ու փորձ արեցին անցնել այդ գիծը: Բնականաբար դա թույլ չի տրվի»,- նշեց նա:
«Միանգամայն պաշտպանելով նախագահի կողմից տրված բոլոր գնահատականները` այնուամենայնիվ խնդրեցի, որ ներող լինի: Բնականաբար այն պարագայում, եթե այս քննադատությունից հետո քննադատության հասցեատերը հասկանա, որ չափն անցել է և ցավոք սրտի դասեր չեն քաղում ուկրաինական մայդանից: Տարրական բաներ կան, որոնք չեն հասկանում»:
Պատասխանելով հարցին, թե ինչու խնդրեց նախագահին ներող լինել Գեղամյանը պատասխանեց, որ ինքը գիտի, թե սկզբունքային հարցերում ինչքան հետևողական է նախագահը և «հասկանալով թե ինչ ծանր հետևանքներ կունենան ձեռնարկվող միջոցառումները»:
Ներկա աշխարհաքաղաքական գործընթացները հաշվի առնելով Գեղամյանը նշեց. «Այսօր նժարի վրա շատ լուրջ հարցեր են դրված: Հայոց պետականության, Արցախի անկախության հարցն է դրված, որովհետև թուրք-ադրբեջանական ոսոխը հասկանալով, որ աշխարհում գերլարված վիճակ է, մեր դաշնակիցների գլուխը խարնված է Ուկրաինայի հարցով, սանկցիաների հարցով, կարող են հրահրել պատերազմական գործողություններ, հայտարարում ես, որ 100 հազարավոր միտինգներ ես անելու, ո՞ւմ ես վախեցնում՝ Սերժ Սարգսյանի՞ն. չես կարող: Շանտաժի լեզվով ես խոսում որ ի՞նչ: Դրա տակից ո՞նց ես դուրս գալու»: