Տպավորություն է , որ այդ կնոջ ազնիվ մղումները փորձում են ենթարկեցնել այլ նպատակների. Ա. Գեղամյանը Զ. Փոստանջյանի մասին
26.09.2013, tert.am
Tert.am-ի հետ զրույցում Եվրասիական ինտեգրման հայտնի կողմնակից, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանն անդրադարձել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ երեկվա միջադեպին և այն մեկնաբանություններին, որ հնչում են:
-Պարոն Գեղամյան, ինչպե՞ս կմեկնաբանեիք Զարուհի Փոստանջյանի հետ երեկվա միջադեպը:
-Ձեր նման փորձառու լրագրողը միջադեպին լուրջ արձագանքելու նախապայման պետք է ընդունի այն, ինչը կարծում եմ ՝ արդարացված է: Այն է՝ երկու կողմերի արձագանքը. մենք այսօր ունենք մեր լավ գործընկերուհու՝ Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը, բայց մենք ամենևին չունենք մյուս կողմի, այն է՝ մեր սահմանները թուրք-ազերիներից պաշտպանող ռուս սահմանապահների պատկան մարմնի արձագանքը: Ուստի, մեկնաբանել միայն մի կողմի կարծիքը, չունենալով զինանոցում մյուս կողմի արձագանքը, ում մեղսագրվում են տվյալ գործողությունները, կարծում եմ, որ սխալ կլինի:
Սակայն այսքանով չէի ցանկանա սահմանափակել Ձեր կողմից տրված հարցի պատասխանը: Մասնավորապես, ուզում եմ ասել, որ վերջին շրջանում, այն է՝ սեպտեմբերի 3-ից հետո, երբ Մոսկվայում մեր երկրի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, ուր մասնավորապես ասվեց, որ Հայաստանի Հանրապետությունը ցանկություն է հայտնել անդամակցել Մաքսային միությանը, որոշակի ուժեր բուռն ակտիվություն դրսևորեցին: Այն է՝ փորձելով աղավաղել Մաքսային միությանը Հայաստանի անդամագրվելու հետ կապված հնարավոր զարգացումները: Ըստ որում, դա անում էին ոչ պրոֆեսիոնալ մակարդակով, դա անում էին հապճեպ, ուղղակիորեն աղավաղելով փաստերը:
Որպեսզի մերկապարանոց չհնչի իմ այս հայտարարությունը բերեմ մեկ հիմնական «մեղադրանք», այն է, որ դա անակնկալ էր: Ցավով ուզում եմ արձանագրել, որ նման հայտարարություններ անողները զլացել են նույնիսկ ուշադրությամբ վերլուծության ենթարկել վերջին շրջանում, գոնե վերջին 1-1,5 տարվա ընթացքում մեր երկրի նախագահի և ինչու ոչ՝ Արտաքին գործերի գերատեսչության նախարարի հայտարարությունները: Մասնավորապես, եթե չզլանանք, նայենք President.am-ում կամ Kremlin.org-ում Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի համատեղ մամուլի ասուլիսը, որը տեղի ունեցավ 2012թ. օգոստոսի 8-ին Մոսկվայում, այնտեղ ուղղակիորեն ՌԴ նախագահն ասել է, որ «մենք իմ հարգարժան գործընկերոջ հետ պայմանավորվեցինք և հանձնարարական տվեցինք Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան գերատեսչությունների՝ մանրակրկիտ կերպով ուսումնասիրել, թե ինչ ճանապարհեր կան է՛լ ավելի խորացնելու Հայաստանի և Ռուսաստանի դաշնության տնտեսական համագործակցությունը՝ հաշվի առնելով Մաքսային միության առկայության փաստը»: Առանձնահատկությունն էլ նշեցին, կայանում է նրանում, որ բացակայում է ընդհանուր սահմանը երկու երկրների միջև: Ավելին՝ Վլադիմիր Պուտինն այդ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ՌԴ կառավարությանը տվել է հանձնարարական, որպեսզի իր երկիրը հայ գործընկերների հետ մշակի հայ-ռուսական տնտեսական զարգացան և ինտեգրման հեռանկարային ծրագիր՝ միտված դեպի 2020 թվական:
Փոքր-ինչ աշխարհաքաղաքականությունից կամ քաղաքագիտությունից իրազեկ մարդը հասկանում է, թե դա ինչ է նշանակում: Երբ երկու երկրների առաջին դեմքերը հայտարարում են տնտեսական ինտեգրման մասին, այն էլ այն պարագայում, երբ արդեն իսկ իրողություն է Մաքսային միության փաստը: Ինչևէ դա անակնկալ էր բոլոր տեսակի գրանտակերների համար, որովհետև իրենք, բացի գրանտներն ուտելուց ոչ մի վերլուծական աշխատանքի հավանաբար ընդունակ չեն: Եթե ընդունակ լինեին, ապա կգիտակցեին, որ արված հայտարարությունը բխում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խնդիրներից: Գոնե հիմա թող չզլանան, կարդան Vesti.az ՝ Ադրբեջանի նախագահի տխրահռչակ քաղաքականությունը լուսաբանող և վերջինիս գովերգող կայքէջը, որտեղ հանդես է եկել ոչ անհայտ քաղաքագետ-փորձագետ Միրկադիրովը, ցավով նշել է, որ Հայաստանի Հանրապետության նախագահն իր քաղաքական վերլուծություններում առաջ անցավ Ադրբեջանի նախագահից և Վլադիմիր Պուտինի՝ օգոստոսի 9-ին Բաքու կատարած պաշտոնական այցից 24 օր անց՝ սեպտեմբերի 3-ին, Մոսկվայում հայտարարեց Մաքսային միությանն անդամագրվելու պատրաստակամության մասին: Այնուհետև Միրկադիրովը հետևություն է անում, որ դրանով իսկ ադրբեջանական կողմի և իր մերձավոր դաշնակիցների, Թուրքիային ի նկատի ունի, բոլոր հնարավոր հեռանկարային կանխատեսումներն ի չիք դարձան, որովհետև այսօր Ադրբեջանը ռազմական ճանապարհով ի զորու չէ լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը: Այն է՝ միակցելու Ադրբեջանին…
- Պարոն Գեղամյան ի՞նչ կասեք Զարուհի Փոստանջյանի մեկնաբանության մասին, որ անհասկանալի է, թե ինչու Հայաստանի ներպետական ճանապարհի վրա ռուս սահմանապահների կողմից պետք է անցակետ դրվի, ՀՀ քաղաքացիներից անձնագիր պահանջվի, հարց տրվի, թե ո՞րն է ուղևորության նպատակը:
-Հարցադրումը, որ արվել է և փորձում են դրա շուրջ աղմուկ բարձրացնել անգամ իմ կողմից ընթեռնելի և ընդունված Tert.am-կայքում, խոսում է մեկ բանի մասին. խնդիր է դրված ստվեր գցել հայ-ռուսական բարեկամության վրա, ամեն գնով փորձել հասարակության գիտակցության վզով փաթաթել, որ Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանությունը: Եվ այդ անբարեխիղճ փորձագետները կամ գրանտակերները, Հովհաննես Գալաջյանի խոսքով ասած՝ գրանտատիպերը, ի նկատի ունեն, որ երեխայի մտահորիզոն ունեն, երբեք չեն ասում, թե ինչպես պետք է դիմագրավեն այն վտանգները, որոնք մեր ինֆորմացիոն տարածք են գալիս ադրբեջանական կողմից: Վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի նախագահը առնվազն չորս անգամ հայտնել է իր երկրի պատրաստակամությունը՝ Լեռնային Ղարաբաղի հարցի ռազմական կարգավորման մասին: Դրա մասին լռում են: Եթե չլինի ռուս սահմանապահը, եթե նա չլիներ մեր սահմաններին, ապա վաղուց ի վեր ոչ թե դիպուկահարների կրակոցների ականատեսը կլինեինք, այլ լայնամասշտաբ ռազմական ավանտյուրայի, որը խնդիր կհետապնդեր խաղաղություն հաստատելու համար ՆԱՏՕ-ի խաղարարար ուժերի տեղակայումը հայ-ադրբեջանական հակամարտության սահմանին, ինչը շեշտակիորեն կվատթարացներ հայ-իրանական հարաբերությունները, որովհետև շուրջ 130 կմ ազատագրված տարածքները, ուղղակիորեն Իրանի սահմանամերձ տարածքներն են:
Ինչևէ, համբերությամբ զինվելով հանդերձ , մեր հարգարժան Զարուհի Փոստանջյանին խորհուրդ տանք, որ ավելի շատ կենտրոնանա այն հարցերի վրա, որոնցից տեղյակ է: Որովհետև իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ այդ կնոջ ազնիվ մղումները, առանձին ուժեր փորձում են ենթարկեցնել իրենց շահադիտական նպատակներին: Ինչո՞ւ եմ այդ հետևությանը գալիս, որովհետև վաղը պետք է քննարկվի իր օրենսդրական նախաձեռնությունը, այն է՝ ճանաչել ԼՂՀ սուվերենությունը, անկախությունը: Բարեբախտաբար, հանդիպակաց նամակով նույն ինքը՝ Զարուհի Փոստանջյանը՝ օրինագծի հեղինակը, խնդրել էր այդ օրինագծի ընդունումը հետաձգել: Եթե այդ ամենը մենք համալիր վերլուծության ենք ենթարկում, և դրան համադրում ենք նաև այն, որ ԱՄՆ-ն նշանակելով Մինսկի խմբում նոր ամերիկացի նախագահ Ուորլիքին, նրան զինել էր Բարաք Օբամայի հատուկ ուղերձով, ուր ասվում է Միացյալ Նահանգների վճռականության և հավատարմության մասին Մինսկի խմբի շրջանակներում անել ամենը, որ ԼՂՀ հարցը կարգավորվի՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի հայտնի երեք սկզբունքների շրջանակներում:
Երբ այս բոլորն ի մի եմ բերում, հանգում եմ այն եզրակացության, որ քաղաքական շատ ու շատ ուժեր հավանաբար հետ են ընկել աշխարհաքաղաքական այն զարգացումներից, որոնք ուրվագծվում են մեր տարածաշրջանում: Լինի դա Սիրիայի հարցում, լինի Իրանում և Հարավային Կովկասում առհասարակ: Եվ իրենց չիմացությունը բերում է ոչ ադեկվատ հայտարարությունների: Կարծում եմ, սա ժամանակի ընթացքում կհարթվի և կշտկվի: