Ստամբուլում ձախողվել է ԼՂ հարցի շուրջ Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակների հակահայկական նախաձեռնությունը. Ա. Գեղամյան

03.07.2013, tert.am

Ստամբուլում այս օրերին ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ժամանակ իսկական հրաշք է տեղի ունեցել՝ հօգուտ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի. Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ՀՀ պատվիրակության անդամ Արտաշես Գեղամյանը, ում խոսքով՝ քվեարկությամբ ձախողվել է Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակությունների՝ ԵԱՀԿ ԽՎ-ի քաղաքական հարցերի և անվտանգության ընդհանուր կոմիտեի «Հելսինկի գումարած 40» բանաձևում լրացումներ կատարելու հակահայկական նախաձեռնությունը:

«Ահա այս բանաձևի մեջ ադրբեջանական և թուրքական կողմերը՝ հանձինս պատվիրակության կազմի ղեկավարների, լրացումներ էին ներկայացրել, համաձայն որոնց բացասական գնահատական էր տրվում Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը, և առաջարկվում էր անհապաղ գումարել Մինսկի խմբի լիակատար նիստ, որտեղ ընդգրկված են մի շարք պետություններ և ամենակարևորը նաև Թուրքիան»,- նշեց Արտաշես Գեղամյանը:

Նա բացատրեց, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում գործում է երեք հիմնական հանձնաժողով, որոնցից մեկի՝ քաղաքական և անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամն է Արտաշես Գեղամյանը: Այնտեղ ընդունված բանաձևը հետագայում հաստատվելով պլենար նիստում դառնալու է Խորհրդարանական վեհաժողովի հիմնական փաստաթուղթը:

Գեղամյանը նշեց, որ այս հարցի հետ կապված ինքը, բնականաբար, հանդես է եկել ելույթով: «Արձագանքիս իմաստն այն էր, որ նման բանաձևի ընդունումը ոչ այլ ինչ է, եթե ոչ անվստահություն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի Դաշնության նախագահներին, որոնք վերջերս՝ հունիսի 18-ին, Մեծ Բրիտանիայի Լոքեր քաղաքում ԼՂ հարցի վերաբերյալ ընդունած համատեղ հայտարարությամբ բացառիկ, ճշգրիտ հարցադրումներ են արել, որոնք շահեկանորեն տարբերվում են մինչ այդ չորս անգամ իրենց իսկ կողմից ընդունված հայտարարություններից»,- ասաց ՀՀ պատվիրակության քաղաքական և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահը:

 

Ըստ Գեղամյանի՝ առաջին անգամ հստակ հիշատակվում էր, որ ԼՂ հարցի լուծման ճանապարհը պետք է հիմնված լինի հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների հիման վրա, այն է՝ ուժ չկիրառելը, տարածքների ամբողջականությունը և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը: «Իսկ այդ պարագայում, բնականաբար, ԼՂ հարցը կկարգավորվի միայն և միայն հօգուտ Հայաստանի և ԼՂՀ-ի, որովհետև ինչպես գիտենք, որ Ադրբեջանը մինչև վերջ պնդում էր տարածքային ամբողջականության սկզբունքի վրա»,- ասաց նա և դրանից հետո այսօրվա ձեռքբերումը որակեց «բառի բուն իմաստով հրաշք»:

«Հրաշք այն իմաստով, որ նստաշրջանը անցկացվում է Թուրքիայում, իսկ թուրքական կողմն աննախադեպ ճոխություն ու հյուրասիրություն է անում բոլոր պատվիրակների համար, և դժվար կլիներ որոշ մարդկանց մերժել այն փաստաթուղթը, որի տակ դրված էր Թուրքիայի պատվիրակության ղեկավարի ստորագրությունը և պատգամավորի ստորագրությունը»,-բացատրեց նա:

Արտաշես Գեղամյանի խոսքով, ինքը պնդել է, որ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը, ի հակադրություն հակառակ կողմի հայտարարության, արդյունավետ է: «Որովհետև տարեցտարի Ադրբեջանը տարեկան կտրվածքով 3 մլրդ դոլար է ծախսում սպառազինության վրա, և եթե պատերազմական գործողություններ չեն սկսվում, ապա դա մեծապես պայմանավորված է հենց Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների վճռականությամբ ու հետևողականությամբ։ Օգտվելով առիթից էլ շնորհակալությունս եմ հայտնում Պուտինին, Օբամային և Ֆրանսուա Օլանդին»,- ասաց նա և նշեց, որ սրանով նստաշրջանի ամենավտանգավոր կետը հաջողված կարելի է համարվել:

«Ավելին՝ փաստարկներիս մեջ բերեցի նաև այն, որ այս բանաձևում այս ուղղություններն ընդունելուց հետո մենք Հարավային Կովկասում կհրահրենք ճիշտ այնպիսի իրավիճակ, ինչպես հրահրվեց Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում և այդ տարածաշրջանը կընկղմվի արյունահեղ պատերազմների մեջ։ Փաստարկներս, հավանաբար, համոզիչ էին, որովհետև գերտերությունները՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսիան նաև բրիտանացիները, բելգիացիները, գերմանացիները և այլ երկրների պատվիրակներ պաշտպանեցին, այսինքն՝ ինձ հզոր երկրների վերաբերմունքն էր հետաքրքրում, որը տվյալ պարագայում հայանպաստ էր»,- նշեց նա:

Արտաշես Գեղամյանը տեղեկացրեց, որ վեհաժողովը կավարտի իր աշխատանքները վաղը՝ վերջին պլենար նիստով: «Այսօր և վաղը ևս ես ելույթներ եմ նախատեսել, մեկը Թուրքիայի պատվիրակության կողմից առաջարկվող Սիրիային վերաբերող բանաձև է, որի մասին ես պետք է խոսեմ, ինչպես նաև պլենար նիստին ելույթ կունենամ՝ նվիրված հիմնականում հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլին և հեռանկարներին»,- եզրափակեց նա:

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր