Չլինեին զույգ արձանագրությունները ԵԱՀԿ ԽՎ-ն գոհունակություն կհայտներ Թուրքիայի պատժիչ գործողություններին. Ա. Գեղամյան
14.11.2012, tert.am
Երբ արդեն հաստատված ավանդույթի համաձայն այս քառօրյային ևս «Ժառանգության» պատգամավորներից Զարուհի Փոստանջյանը, վարման կարգի հետ կապված, առաջարկեց հանել Ազգային ժողովի մեծ նստաշրջանի օրակարգում դրված հայ-թուրքական զույգ արձանագրությունները,ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որի իմաստն այն էր, թե որքան լավ է, որ դրանք դեռ ներառված են օրակարգում:
«Ասել կուզի, եթե չլիներ այդ հանգամանքը և մեր նախագահի հեռատեսությունը չլիներ, այն է՝ որ նա չի հանում օրակարգից, իսկ օրակարգ ինքն է մտցրել, մեր դիրքերը շատ խոցելի կլինեին»,- Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց Արտաշես Գեղամյանը:
Վերջինիս նման եզրահանգման հիմք են տվել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում հոկտեմբերի 5-7-ն անցկացված ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները: Այսպես. նստաշրջանի ավարտից մեկ ժամ առաջ թուրքական պատվիրակությունը տարածել է հայտարարության տեքստ, որով ԵԱՀԿ ԽՎ-ն պետք է գոհունակություն հայտներ թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի կողմից իրականացված պատժիչ գործողությունների համար:
Արտաշես Գեղամյանին միացել է Ռուսաստանից Նիկոլայ Կովալյովը՝ իր ելույթում առաջարկելով հանել հարցը օրակարգից: Իսկ երբ հայ պատվիրակն իր ելույթում ժամանակավրեպ համարելով նման բանաձևի ընդունումը, հիշատակել է, որ Թուրքիայի կողմից զինված սիրիացի ապստամբները մոտ երկու ամիս առաջ սպանել էին Հալեպի օդակայանից ուղևորվող հայ քաղաքացիների, և ավելացրել, որ չնայած սրան ՀՀ-ն շատ գործնական ու կառուցողական է տրամադրված Թուրքիայի հետ հարաբերությունների կառուցմանը, թուրքական պատվիրակությունը ստիպված էր եղել փոխել վարքագիծը:
«Եվ ասվածի ամենավառ ապացույցը նա է, որ մինչ օրս Հայաստանի խորհրդարանի մեծ օրակարգում ներառված են հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող երկու արձանագրություններ, ինչը և հաղթաթուղթ դարձավ այն կտրվածքով, որ մեկ անգամ ևս խորհելու տեղիք տվեց, որ չնայած Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշմանը, ՀՀ քաղաքական իշխանությունը դրսևորում է բառիս իսկական իմաստով կոնստրուկտիվիզմ»,-հավելեց Արտաշես Գեղամյանը:
Այս ելույթից զինաթափված թուրքական պատվիրակության ղեկավար Էմին Օնենը հարկադրված է եղել Արտաշես Գեղամյանին շատ բարիդրացիական տոնայնությամբ պատասխանել, և ասել, որ ամբողջությամբ հասկանում է իր դիրքորոշումը, և, այնուամենայնիվ, կխնդրեր, որ նա էլ ըմբռնումով մոտենար իրենց բանաձևին: