ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՏՈՒՆ ԿԱՆՉԵԼՈՒ ՄԵԾ ՊՈՏԵՆՑԻԱԼ Է ՏԵՍՆՈՒՄ, ՔԱՆԶԻ

25.10.2012, tert.am

Հայաստանում ռուսական մասնավոր կապիտալի գործունեության մեջ առկա հսկայական ռեզերվները գործի դնելու դեպքում, մեր տնտեսությունն արագընթաց տեմպերով զարգացում կապրի, և այնպիսի ծավալների կհասնի, որ մենք հարկադրված կլինենք ինքներս կոչով դիմել մեր և՛ ԱՊՀ տարածքի, և՛ Միացյալ Նահանգների հայրենակիցներին, որ՝ «եկե՛ք տուն», քանզի հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը բոլորիս առաջ բացում է վիթխարի ասպարեզ, որը մարդկային ներուժ է պահանջում:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետական» խմբակցության անդամ, «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանն, ով առաջիկայում պատրաստվում է հանդես գալ համապարփակ վերլուծությամբ, որտեղ կանդրադառնա հայ-ռուսական բարեկամության ու ռազմական-քաղաքական դաշնության հիմնական շերտերին: Նա չի խորշի անդրադառնալ նաև «Հայրենակիցներ» ծրագրին և այլ շերտեր պարունակող հարցերի:

Ի պատասխան հարցի, թե լայն հնարավորություններ ասելով նկատի ունի Եվրասիական Միությու՞նը, պարոն Գեղամյանն ասաց. «Ես առայժմ խոսում էի զուտ հայ-ռուսական համագործակցության մասին», իսկ ի պատասխան հարցի, թե այսինքն՝ հայ-ռուսական հարաբերություններում նոր վերե՞լք է նախանշում, ասաց, որ ընդամենն արձանագրում է, որ կան բոլոր նախադրյալները, որպեսզի ՀՀ-ն, համագործակցելով տնտեսական ոլորտում նախ և առաջ ՌԴ-ի և ինչու ոչ՝ Եվրասիական Միության հետ, մեր երկրի առաջ շատ մեծ հնարավորություններ բացի:

 

Քանի որ Արտաշես Գեղամյանը ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ է, ուստիև հարցրեցինք՝ արդյոք իշխող կուսակցության ներսում այս հարցի շուրջ միանշանակ դիրքորոշում կա՞:

Ի պատասխան, Արտաշես Գեղամյանն առաջարկեց «Հանրապետականի» դիրքորոշումն իմանալու համար զանգահարել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին, իսկ եթե հետաքրքրում է իր՝ Արտաշես Գեղամյանի կարծիքը, ապա ասաց, որ այն երբեք ու երբեք գաղտնի չի պահել։

«Ասեմ ավելին՝ ճիշտ սրանից 8 ամիս առաջ իմ գրքի շնորհանդեսն էր, որի վերնագիրն էր՝ «Եվրասիական Միությունը մեր ապագան է»: Այդ գրքի շնորհանդեսին իրենց մասնակցությունը բերեցին հարգարժան Սերժ Ազատի Սարգսյանը, Գալուստ Գրիգորի Սահակյանը, Հանրապետական կուսակցության իմ մի շարք այլ գործընկերներ»,- նկատեց Արտաշես Գեղամյանը:

Այս հայտարարություններն ուշագրավ են ՌԴ Պետդումայի կողմից օրերս ընդունված օրենքի ֆոնին, որը պահանջում է, որպեսզի ՌԴ-ում բնակվող հայազգի մեր հայրենակիցները աշխատանքի թույլտվություն ստանալիս ռուսաց լեզվի քննություն հանձնեն:

Ի պատասխան, Արտաշես Գեղամյանն ասաց, որ դա մասնավոր դրսևորում է, որին կանդրադառնա իր վերլուծականում: Նույնը վերաբերում է նաև վերլուծաբան Միխայիլ Լեոնտևի հայտարարությանը, մոտավորապես՝ «куда вы денетесь без России»:

«Այսուհանդերձ, հայ-ռուսական հարաբերություններն այս հայտարարությունների ֆոնին ցանկալի բարձրության վրա՞ եք համարում»,- Tert.am-ի այս հարցին ի պատասխան Ա. Գեղամյանը ներկայացրեց ամերիկյան վերլուծական կենտրոններից մեկի` ԱՄՆ-ում տեղակայված Ռազմական վերլուծական կենտրոնի` IMINT կենտրոնի փորձագետ Շոն Օ’Քոնորի հրապարակումը, ըստ որի՝ Զանգեզուրում, մասնավորապես՝ Գորիսում, տեղակայված են զենիթահրթիռային S 300 հակաօդային պաշտպանության ամենաժամանակակից հրթիռները, որոնք ,իրենց հովանու տակ են վերցնում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ինչպես նաև Նախիջևանըե:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, օրերս ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց, որ «Գույք՝ պարտքի դիմաց» հարաբերությունների շրջանակում մեզ հետ հարաբերվող Ռուսաստանը աֆրիկյան և ասիական մի շարք երկրների հետ գործակցում է ,Զարգացում՝ պարտքի դիմացե սկզբունքով, որի շրջանակներում 2000 թվականից առ այսօր ներել է հարյուր միլիարդի հասնող պարտքեր:

Արտաշես Գեղամյանն ի պատասխան խորհուրդ տվեց, որ այս լուրջ թեման իր «զինանոց»ե վերցրած Ալեքսանդր Արզումանյանը անդրադարձ կատարի դեպի հեռավոր 1991թ., երբ Հայաստանի նորանկախ Հանրապետությանը պարտադրվեց, այսպես կոչված, «Վաշինգտոնյան կոնսենսուսը»:

Արտաշես Գեղամյանի մեկնաբանությամբ, սրա բուն իմաստն ու նպատակն էր հետխորհրդային հանրապետություններում, ինչպես նաև Արևելյան Եվրոպայում իրականացնել այնպիսի տնտեսական քաղաքականություն, որը կապահովեր երկրագնդում, այսպես կոչված, «ոսկե միլիարդի բարեկեցիկ կյանքը»:

Սակայն արդյունքում եղավ սեփականաշնորհում, կողոպուտ, անցում, այսպես կոչված, կապիտալի ու մարդկային ռեսուրսների ազատ տեղաշարժի, Հայաստանի ողջ հաստոցային պարկը մետաղի ջարդոնի տեսքով տեղափոխվեց Իրան և այլն, և այլն:

Այսինքն՝ բոլոր ալան-թալանը մի կողմ դնենք, այդ վայ տնտեսական քաղաքականությունը, որը տեղավորվում էր «Վաշինգտոնյան կոնսենսուսիե մեջ, մեր տնտեսությանը կաթվածահար վիճակում դրեց, և հսկայական պարտքերի պատճառով հարկադրված եղանք մտնել պարտքերի տակ»,- ասաց Գեղամյանը:

Նա խորհուրդ է տալիս, որ իր խոսքով՝ Արզումանյանը դիմի Համաշխարհային բանկին ու Արժույթի միջազգային հիմնադրամին և առաջարկի պարտքերը մարել, կամ ռեստրուկտուրիզացիայի ենթարկել դրանք, ասելով՝ «Հայաստանի Հանրապետությունը իրականացրել է Ձեր կողմից դրական գնահատված տնտեսական քաղաքականություն և ձեր ասած ռեցեպտներով, դեղատոմսերով ենք մենք շարժվել»:

Գաղտնիք չէ, որ ՀՀ արտաքին պարտքի առյուծի բաժինը գոյացել է վերջին չորս տարում: Բայց Արտաշես Գեղամյանն ասաց. «Գոյացել է զուտ այն պատճառով, որ մինչ այդ տնտեսությունը, ղեկավարվելով Արժույթի միջազգային հիմնադրամի և ՀԲ-ի ռեցեպտներով, եկավ-հասավ էս վիճակին, որ հարկադրված եղան դրսից պարտքեր վերցնել»:

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր