«Եթե գործ ունեք հիշողության իսպառ կորստի հետ, քա՜ղցր օգտագործեք,

Վարդան Մինասիչ, քա՜ղցր»

Իրատես de facto, 15.06.2012

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ:

-Ինչպե՞ս եք տեսնում հետընտրական վիճակը Հայաստանում և ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում:
-Հայաստանում ստեղծված իրավիճակը վերլուծելիս պարտավոր ենք հաշվի առնել աշխարհաքաղաքական զարգացումները, որոնք կարող են անմիջական անդրադարձ ունենալ Հարավային Կովկասի տարածաշրջանի և հատկապես մեր երկրի վրա: Միայն այդ պարագայում ստեղծված իրավիճակը գնահատելիս զերծ կմնանք լուրջ սխալներ թույլ տալու վտանգից, քանի որ մեր տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական զարգացումները խիստ մտահոգիչ են: Բավական է վերլուծել Սիրիայի շուրջ խմորվող իրադարձությունները, ապա անդրադառնալ Իրանին, որը հետևողականորեն պաշտպանում է Սիրիայի իշխանություններին, հասկանալու համար, որ այն, ինչ տեղի ունեցավ Իրաքում, Լիբիայում, Թունիսում, Եգիպտոսում, եթե կատարվի նաև Սիրիայում, Իրանը կզրկվի ներկայումս արաբական աշխարհի իր եզակի դաշնակցից, ուստի նաև` Միջերկրական ծով ելքից: Այսինքն` օղակը Թեհրանի շուրջն է՛լ ավելի կսեղմվի: Բաց կմնա միայն իրանա-ադրբեջանական և իրանա-հայկական ցամաքային սահմանը, որը զարգացումների նման պայմաններում շատ մեծ կարևորություն կստանա, որովհետև այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող գործառույթները դուրս են գալիս միայն այդ երկրների հետաքրքրության շրջանակներից և դառնում են առանցքային ուժի համաշխարհային կենտրոնների` ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՌԴ-ի համար: Այս ամենը վերստին հիմնավորում է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունների, երկրի ներքաղաքական դաշտի համար գերխնդիրը քաղաքական բոլոր ուժերի, քաղաքացիական հասարակության համախմբումն է, այլապես հայոց պետությունը կդառնա շատ խոցելի` ուժի համաշխարհային կենտրոնների սեփական շահերին ստորադասելու տեսակետից, որովհետև իրենք ինչքան էլ բարիդրացիական վերաբերմունք ունենան մեր պետության, գործող իշխանությունների ու մեր ժողովրդի հանդեպ, իրենց վարած ռեալ քաղաքականության պարագայում (իսկ այլ քաղաքականություն ակնկալելը միամտություն կլինի) վերջիններիս աշխարհաքաղաքական շահերը գերիշխելու են զգացմունքային մոտեցումներին: Պատահական չէր, որ ՀՀ Ազգային ժողովի ընտրարշավի ժամանակ ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում էր երկրի քաղաքական դաշտի միաբանության համար: Եվ այսօր առավել մեծ է քաղաքական յուրաքանչյուր ուժի պարտավորվածությունը հանրապետության ապագայի և ճակատագրի նկատմամբ, եկել է պահը, որ նրանք իրենց ներքաղաքական շահերը մի կողմ դնեն և առաջնային դարձնեն պետականության ամրապնդմանը նպաստող գործողությունները: Այս առումով, ըստ իս, առայժմ հետընտրական զարգացումներն ընդունելի հունով են ընթանում և դրա ապացույցներից է, մասնավորապես, այն, որ ԱԺ ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո ԲՀԿ-ն և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես եկան հայտարարությամբ, որ գործելու են միայն ու միայն կառուցողական դաշտում, այսինքն` ոչնչով չեն սասանելու երկրի պետականության կայունությունը: Դրան հաջորդեց ՀՀ նախագահի հայտարարությունը, որ, անկախ նրանից` քաղաքական տվյալ ուժը իշխող է, թե ոչ, յուրաքանչյուր առաջարկ, որը բխում է պետության շահերից, կուսումնասիրվի և դրական ընթացք կստանա:

 


-ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերությունները համապատասխանո՞ւմ են Ձեր թվարկած խնդիրների կարևորությանը, թե՞ գերակշռում են կուսակցական շահերը:
-Հայաստանյան ո՞ր կուսակցության շահերից է բխում երկրում ներքաղաքական անկայունությունը: 37 պատգամավոր ունեցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությա՞ն: Չկա այդպիսի կուսակցություն, հատկապես ԲՀԿ-ն, որը քարոզարշավի ժամանակ բավականաչափ կառուցողական և հետաքրքիր խոստումներով էր հանդես եկել: Այդ խոստումների իրականացումը ԲՀԿ-ի և ընդհանրապես ԱԺ-ում ներկայացված բոլոր կուսակցությունների գերխնդիրը պետք է լինի, այլապես կստացվի` ընտրողներին խոստացան ու հիմա պատրվակ են փնտրում, որ ասեն` ԱԺ-ում մեծամասնություն չէինք, մեր խոստումները չկարողացանք կատարել: Բայց չէ՞ որ երկրի նախագահն ասել է, կրկնում եմ, որ ցանկացած ողջամիտ հարցադրում ԱԺ մեծամասնություն կազմած ՀՀԿ պատգամավորական խմբակցությունը պատրաստ է մանրամասն քննարկելու և դրական լուծում տալու: Այնպես որ, բոլոր կուսակցությունների շահերից է բխում` նախընտրական խոստումները թղթին տալ և որպես օրենսդրական նախաձեռնություն ԱԺ-ում շրջանառության մեջ դնել, իսկ եթե բարձրացվող հարցերը գործադիր մարմնի լուծում են պահանջում, ԱԺ-ի միջոցով լայն հանրությանն իրազեկելու նպատակով քննարկման առարկա դարձնել: Որ կուսակցությանն էլ լինի նախաձեռնությունը, ի վերջո, ընդունված որոշումները կյանքի կկոչվեն իշխանության անմիջական մասնակցությամբ, այնպես որ որևէ ողջամիտ կուսակցության շահերից չի բխում այսօր երկրում ապակայունացման գործընթաց սանձազերծելը:


-Ամբողջ նախընտրական արշավում ԲՀԿ-ն (նաև ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», տեղ-տեղ ՕԵԿ-ը) քննադատում էր կառավարության աշխատանքը, դա ապակայունացո՞ւմ էր, թե՞ իրենց տեսակետների բարձրաձայնում:
-Ճիշտ էին անում, եթե քննադատությունը հիմնավոր էր: Եթե կառավարության տնտեսական գործունեությունը քեզ չի գոհացնում, ուրեմն ունես հնարավորություն հանդես գալու այլընտրանքային մոտեցումներով, որոնք, ըստ քեզ, եթե կյանքի կոչվեն, ավելի արգասաբեր կլինեն: ԲՀԿ-ում, ՀՅԴ-ում, ինչու չէ` նաև ՀԱԿ-ում, մակրոէկոնոմիկայի տեսությանը տիրապետող, գիտելիքների բավարար պաշար ունեցող կարող ուժեր կան, ովքեր ի զորու են այլընտրանքային ծրագրեր ներկայացնելու, և ԱԺ մեծամասնությունը, եթե տեսնի, որ քննարկման ներկայացվող ծրագրերն ավելի դյուրին և նվազ ծախսատար են, մրցունակ, կարող է դրանք ընտրել: Ի վերջո, բոլորիս նպատակը սոցիալական ոլորտում դրական արդյունքն է, աղքատության նվազումը, որովհետև մենք արդեն հասել ենք վտանգավոր նիշի: Եթե 2004-ին աղքատության պիկն ենք ունեցել` 53,4 %, ապա 2010-ին եղել է 35,8 %, 2011-ին փոքր-ինչ նվազել է:


-Ձեզ չի՞ թվում, որ այլընտրանք լինելը պատժելի է, մասնավորապես, Վարդան Օսկանյանի դեպքում, որը 2010-ին տեղի ունեցածի համար 2012-ին է պատասխանատվության կանչվում:
-2002 թ. դեկտեմբերին Տիգրան Նաղդալյանի ողբերգական սպանությունից հետո Հանրային հեռուստատեսությամբ հանդես եկավ այն ժամանակ արտգործնախարար Վարդան Օսկանյանը և ասաց, որ սպանության թելերը տանում են քաղաքական այն ուժի ուղղությամբ, որը օտարերկրյա մամուլում հաճախակի հանդես է գալիս հրապարակումներով և, ըստ էութան, մատնանշեց իմ հոդվածները ռուսական թերթերում: Վարդան Մինասիչն այդ օրերին մոռացել էր, որ ինքը ոչ թե ներքին, այլ արտաքին գործերի նախարարն է: Նա նաև մոռացել էր, որ դեռ ոչ ոք չի վերացրել իրավագիտության միջազգայնորեն ճանաչված նորմը` անմեղության կանխավարկածը: Նրա այդ արտահայտությունը, անկասկած, իմ նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու սատանայական յուրովի մի կոչ էր, կամ էլ, իր իսկ բառապաշարով, քաղաքական պատվեր: Հիմա ինձ զարմացնում է իր զարմանքը: Եթե գործ ունեք հիշողության իսպառ կորստի հետ, քա՜ղցր օգտագործեք, Վարդան Մինասիչ, քա՜ղցր… Դրան հաջորդեցին հայտնի իրադարձություններն արդեն իսկ 2004 թ. ապրիլին, որից հետո Արտաշես Գեղամյանի տունը` կնոջ, որդիների, հարսի ու թոռան ներկայությամբ, խուզարկության ենթարկեցին, ասես լրտես էին գտել և իմ բնակարանում զինանոց էին որոնում: Այդ օրերին Վարդան Օսկանյանը քար լռություն էր պահպանում. նա ոչ մի բառ չասաց, որ այս մարդը ԵԽԽՎ-ում Ստրասբուրգի բարձր ամբիոնից քանիցս իր կյանքը վտանգելով` անարգանքի սյունին է գամել թուրք-ազերիների պատվիրակներին, պաշտպանել է հայոց պետականության շահերը, Արցախի հիմնահարցի արդարացի լուծման խնդիրը, Հայ դատի խնդիրը: Ամեն ինչին լուռ համաձայնած այս անձնավորությունը, երբ այսօր ասում է` չէ՞ որ «Սիվիլիթասի» հետ կապված արկածախնդրության մասին գիտեին, թող հիշի, որ մեր Ազգային անվտանգության ծառայությունը շատ լուրջ կազմակերպություն է, անհիմն ոչինչ չի արել և չի անում: Երբ ի հայտ եկավ, որ օտար պետություններից ստացվող միլիոնների հասնող ֆինանսավորումը կարող է մեր երկրի համար որակական լուրջ հետևանքներ ունենալ` աշխարհաքաղաքական այս բարդ զարգացումների պարագայում, նախազգուշացնող քայլ էր պետք: Ինչը և արեց ԱԱԾ-ն: ՈՒստի զարմանալու պատճառ չկա: «Սիվիլիթասը» գուցե դրական գործեր արել է, բայց դրա հետ մեկտեղ եղել է և անթույլատրելին: Մի քանի օրինակ միայն բերեմ։ «Օրակարգ» թերթը, որ գործում է «Սիվիլիթասի» շրջանակում և ֆինանսավորվում է ի թիվս այլ երկրների, նաև մեր բարեկամ ամերիկացիներից ստացած դոլարներով, փետրվարի 29-ին, երբ եղավ իմ գրքի շնորհանդեսը` «Եվրասիական միությունը մեր ապագան է» խորագրի ներքո, որին մասնակցում էին մեր երկրի նախագահը, Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, մարտի 1-ին հոդված է տպագրում` «Գեղամյանի Եվրասիական Միությունը ՀՀԿ-ն է» վերտառությամբ, որտեղ մասնավորապես գրում է. «Եվրասիական Միությունը մեր ապագան է»,- սա Արտաշես Գեղամյանի գրքի վերնագիրն է: Ես չգիտեմ, թե ինչի մասին է գիրքը: Ես տեսնում եմ, թե ով է կանգնած Գեղամյանի կողքին: Նրա կողքին կանգնած է երկրի ղեկավարը: … գրքի վերնագիրն արդեն կեղծ է` Եվրասիական Միություն գոյություն չունի: Եթե անգամ գոյություն ունենար, նրա ամբողջ «էֆեկտիվությունը» հենց այն է, որ ապագա չունի, որովհետև դրա կարևորության մասին խոսել է բռնապետ Վլադիմիր Պուտինը, և դրանում ընդգրկվելու համաձայնություն են տվել էլ ավելի բռնապետական բարքերով հայտնի Բելառուսն ու Ղազախստանը»: Երբ ընթերցեցի այս ռուսատյացությամբ, մեր ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանի նախագահ, հարգարժան Վլադիմիր Պուտինի հասցեին, ՀԱՊԿ-ի դաշնակից պետությունների նախագահներ` Նորսուլթան Նազարբաևի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի հասցեին ստոր գնահատականները, մտածեցի, որ պարզապես թշնամական վերաբերմունք է Վարդան Օսկանյանի նկատմամբ: Չէ՞ որ նա քանիցս հրապարակավ արտահայտվել է, որ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր զինակիցն է, իսկ վերջինս, կարծես թե, միշտ ի ցույց է դնում իր, իբր, ամենամտերմիկ հարաբերությունները թե՛ Վլադիմիր Պուտինի և թե՛ ՀԱՊԿ երկրների նախագահների հետ: Չսխալվելու նպատակով ծանոթացա Վարդան Օսկանյանի «Սիվիլիթասի» կողմից ֆինանսավորվող «Օրակարգ» թերթի այլ հրապարակումների հետ: Նշեմ դրանց վերնագրերն ու դրանց ներքո զետեղված առավել ստոր գնահատականները: Այսպես, ճիշտ վերջերս` 2012 թ. մայիսի 8-ին, «Օրակարգը» տպագրում է մի հոդված` «Պուտինը վերադառնում է Կրեմլ, չնայած նրա դարաշրջանն արդեն ավարտվել է»: Հոդվածում մասնավորապես նշվում է. «Վլադիմիր Պուտինի գլխավոր խնդիրն այն է, որ նա Ռուսաստանին չի կարող առաջարկել ոչ մի նոր գաղափար»: Օսկանյանի խոսափողը հանդիսացող այս թերթը, չգիտես ինչու, նենգորեն մոռանում է, որ նախընտրական շրջանում Վլադիմիր Պուտինը հեղինակել է ծրագրային յոթ հոդված, որտեղ կային ներկայիս Ռուսաստանի և համայն աշխարհի ամենաարդիական խնդիրների լուծման իր տեսլականները` հագեցված նոր գաղափարներով: Մեկ այլ հոդվածում (սեպտեմբերի 28, 2011 թ.)` «Ռուսները հեծանիվ չեն հայտնաբերել» վերնագրով, «Օրակարգը» գրում է. «Ռուսաստանում առաջնորդի վերադարձը տեղի է ունենում ավտորիտար վարչակարգի պայմաններում»:

«Օրակարգը» սիրով մեջբերումներ է անում ԱՄՆ-ի մամուլից: Այսպես, 2011 թ. հոկտեմբերի 11-ին տպագրած «Սովորույթի ուժով Պուտինից նոր բան չեն ակնկալում» վերնագրով հոդվածում գրված է. «Ռուսաստանցիների մեծ մասը հոգնել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինից դրական տեղաշարժեր ակնկալելով, և որ շատերը նրա նախագահական հնարավոր երրորդ ժամկետից գրեթե ոչ մի նոր բան չեն սպասում»,- գրում է ամերիկյան The New York Times պարբերականը…,- իսկ ահա Պուտինի Եվրասիական Միությունը, որի ստեղծման հեռանկարների շուրջ նա առանձին հոդվածով անցյալ շաբաթ հանդես եկավ, նախագահական երրորդ ժամկետի Պուտինի գլխավոր նախագիծն է և մարտահրավեր Արևմուտքին»: Դրանից մեկ ամիս անց` 2011 թ. նոյեմբերի 18-ին, «Պուտինը ծաղրում է ժողովրդավարությունը» վերնագրով «Օրակարգում» տպագրված հոդվածում ասվում է. «Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը ծաղրում է ժողովրդավարությունը, առաջադրելով իր թեկնածությունը նախագահական երրորդ ժամկետի համար, կարծում է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը»: Իսկ ահա մարտի 4-ին` «Պուտինին մարտահրավեր» հոդվածում, «Օրակարգը» գրում է. «Խորհրդային ԿԳԲ-ական դպրոցի ներկայացուցիչ Պուտինն իր աշխատաոճով երբեք չի փայլել որպես քաղաքացու իրավունքների պաշտպան ու ջատագով: Ընդհակառակը` արևմտյան (և ոչ միայն) իրավապաշտպան կազմակերպությունները մշտապես նրա աչքի փուշն են եղել»: Եվ այս հակառուսաստանյան, ՌԴ-ի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչեցրած վայրահաչությունների շարքը կարելի է շարունակել ու շարունակել: Սակայն բերված փաստերն էլ, կարծում եմ, բավարար են հետևություններ անելու համար: Ի՞նչ է ստացվում: Ամերիկյան փողերով Վարդան Մինասիչը թերթ է հիմնում և այնտեղ նման հոդվածներ հրապարակում, որոնք մեր ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանի դեմ մղվող տեղեկատվական պատերազմի ամենադասական օրինակներ են: Ավելին, դրանցում փորձում են սեպ խրել ՌԴ նախագահի և ՀՀ ղեկավարության միջև: Եվ այդ ստորություններն իրականացվում են այն մարդու նկատմամբ, ով Ռուսաստանում իր նախագահության ութ և վարչապետության չորս տարիներին վարել է հայամետ, մեր երկրի բարեկամին ներհատուկ քաղաքականություն: Թերթի կողմից վարվող հակապետական նման քաղաքականությունն արդեն իսկ կարելի է անմիջականորեն բնութագրել հետևյալ կերպ. փաստորեն, ամերիկացիների գումարներով տեղեկատվական պատերազմ է մղվում ՌԴ-ի դեմ` փորձեր են արվում խարխլելու հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքը: Չեղա՞վ դավաճանություն: Այսպիսի օրինակները «Սիվիլիթասի» գործունեության մեջ տասնյակներով են: Այնպես որ, Վարդան Մինասիչը ստեղծված պայմաններում կամ պետք է լռի, կամ քավություն աղերսի երկրի Գերագույն գլխավոր հրամանատարից` Հայաստանի Հանրապետության անվտանգությունը խարխլող գործողությունների համար: Գուցե իրեն էլ են թյուրիմացության մեջ գցել, գուցե 10 տարի երկրի արտաքին գործերի նախարար է աշխատել, բայց տարրական ճշմարտություններ չի հասկացել: Այս հարցերը թողնենք պատկան մարմինների տնօրինմանը, հատկապես եթե գործը վարույթ է վերցրել ԱԱԾ-ն, որը, ի դեմս իր բազմափորձ ղեկավարի, ունի շատ հայրենասեր անձնավորություն և լուրջ աշխատակազմ:


-Ինչո՞վ եք բացատրում, որ բազմափորձ քաղաքական գործիչը, որ 10 տարի արտաքին գործերի նախարար լինելով, պիտի իմանար քաղաքականության և բարձրաձայնվող ու չբարձրաձայնվող առանձնահատկությունները, քաղաքական շահարկում է համարում կատարվողը:
-Հավանաբար, նա մտածում է, որ տեղեկատվական շանտաժ հիշեցնող արտահոսքերով կկասեցնի համապատասխան մարմինների հետագա գործողությունները: Բոլոր այն օտարածին կազմակերպությունները, որոնք ֆինանսավորել են Վարդան Մինասիչին, կփորձեն հարցը փակել, բայց այսօր, քանի որ մենք ժողովրդավարության պայմաններում ենք ապրում, կարող ենք հանգիստ լինել քրեորեն պատժվող այս գործի կապակցությամբ ընթացող զարգացումների նկատմամբ: Քննությունը ցույց կտա յուրաքանչյուրի մեղավորության բաժինը: Եթե անդրադառնանք միայն ու միայն «Սիվիլիթասի» ֆինանսավորած` մեր դաշնակից Ռուսաստանի դեմ մղվող տեղեկատվական պատերազմին, կարող է քրեական մեկ այլ հոդված ի հայտ գալ` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմքերի խարխլմանն ուղղված տեղեկատվական պատերազմի հատկանիշներով: Վարդան Մինասիչը լուրջ խորհելու պատճառներ ունի և եթե իր մեղքը գիտակցի, կարծում եմ, նրան հնարավորություն կտան անձնուրաց աշխատանքով ապացուցելու, որ ոչ թե ներդրված է մեր երկիր, այլ հայրենասիրությունից դրդված է եկել ու աշխատել, իսկ իր թույլ տված վտանգավոր «բացթողումները» պարզապես միամտության դրսևորումներ էին, և ամենևին պատահական չէ, որ նա այսօր ընդամենը զարմացած է կատարվածից: Ես չեմ հասկանում մեկ այլ իրողություն. հայտնվելով ԲՀԿ-ում, գիտենալով, որ ԲՀԿ-ն «Միասնական Ռուսաստան» կուսակցության հետ ամենասերտ կապերն ունի, ինչպե՞ս է Վարդան Օսկանյանն ուրանում և դրսից ստացված փողերով հակառուսական հոդվածներ հանդուրժում «Սիվիլիթասի» մաս կազմող լրատվամիջոցում: Մի՞թե գործ ունենք հեռուն գնացող այն ծրագրի հետ, ըստ որի, նա ուզում է ԲՀԿ-ն կտրել Ռուսաստանից:

-Չե՞ք կարծում, որ ՀՀ երկրորդ նախագահը կարող է իր խոսքն ասել:
- Ռոբերտ Քոչարյանն ինձ այսօր հիշեցնում է հայտնի տիկնիկավար Սերգեյ Օբրազցովին. նա շարժում է թելերը, տարբեր մարդիկ հետ ու առաջ են անում: Վարդան Մինասիչն է առաջ գալիս, նրա հովանավորության տակ գտնվող տարբեր կայքեր են վերլուծություն անում, ավելի ճիշտ` վայրահաչությամբ զբաղվում: Եթե այդպես շարունակվի, ես հարկադրված կլինեմ իր մասին վիպակ գրելու, որը, համոզված եմ, բեստսելլեր կդառնա, և իմ պատգամավորական աշխատավարձով, ոչ թե դրսից ստացված գումարներով գրածս կտարածեմ ողջ Հայաստանով:


-Ինչո՞վ եք բացատրում, որ նախկին արտգործնախարարների գործած, թե չգործած մեղքերը ի հայտ են գալիս այն պահին, երբ նրանք ակտիվ քաղաքականությամբ են սկսում զբաղվել:
-Այդպիսի տպավորություն կարող է ստեղծվել: Դա հետևանք է այն բանի, որ իրենք այս կամ այն գործում հակաօրինական գործողություններ են դրսևորել, և պետությունն այդ մասին գիտենալով` աչք է գոցել:


-Իսկ ինչո՞ւ է աչք գոցել, եթե գործողությունը հակաօրինական է եղել:
-Ըստ իս` սխալ է արել, բայց երբ այդ գործողությունների զարգացումն արդեն իսկ կարող է պետության համար վտանգ հանդիսանալ, պատկան մարմինների համբերության բաժակը լցված է լինում, և հակազդեցությունը դառնում է անխուսափելի: Եթե Վարդան Մինասիչի կողմից գումարը ստանալու պահին կանխարգելիչ գործողություններ արվեին, այդ խմորն այսքան ջուր չէր վերցնի: Ինչ վերաբերում է նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին, ում ուղղված էր Ձեր ակնարկը, հայրենասիրության տեսակետից նրան և Վարդան Մինասիչին նույն հարթակի վրա ես երբեք չեմ դնի: Արզումանյանն ազգասեր երևանցի տղամարդ է…


-2013 թ. նախագահական ընտրություններին ընդառաջ քաղաքական վերադասավորումները հնարավո՞ր եք համարում:
-Աշխարհաքաղաքական բարդ զարգացումների համապատկերում ԱՄՆ-ի պետքարտուղարը միարժեքորեն բարձր է գնահատում ՀՀ նախագահի վարած քաղաքականությունը և անձամբ Սերժ Սարգսյանին որպես երկրի առաջնորդ, ԵՄ-ն` ի դեմս Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի, ողջունում է ՀՀԿ-ին: Հավելեք` խորացող ռազմաքաղաքական դաշնակցությունը ՀԱՊԿ-ի երկրների հետ և ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի վերջերս արած հստակ հայտարարությունը, որ կազմակերպությունը պարտավոր կլինի լիարժեք կատարելու պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները: Մենք շատ բարիդրացիական հարաբերություններ ունենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Այսինքն` երկրի նախագահը հնարավորն ու անհնարը կատարել է, ինչը քրտնաջան և խիստ հաշվենկատ ու հավասարակշռված աշխատանք է պահանջել` բազմավեկտոր այս քաղաքականությունն իրականացնելու համար, որի արդյունքում ստեղծվել են հիանալի պայմաններ, որպեսզի երկիրը զարգանա և արտաքին օժանդակություն էլ ստանա թե՛ Ռուսաստանից, թե՛ Եվրամիությունից և թե՛ միջազգային ֆինանսական կազմակերպություններից վարկերի տեսքով: Վարկեր, որոնք այսօր էլ խիստ անհրաժեշտ են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքներն ու նոր դրսևորումների բացասական ազդեցությունը հաղթահարելու համար: Այս պարագայում Հայաստանի քաղաքական դասը պետք է խորհի` ո՞րն է այսօրվա Հայաստանի խոցելի տեղը: Կարծում եմ, բոլորը կգան մեկ եզրահանգման` երկրի սոցիալական վիճակն է, որի մասին բարձրաձայնում էր նաև երկրի նախագահը: Վիճակ, որը չի գոհացնում և նրան, ուստի, չավարտված արցախյան պատերազմի պայմաններում, պետք է անպայմանորեն մեղմվի վիճակն այդ ոլորտում: Իսկ դա պահանջում է փոփոխություններ վարվող տնտեսական քաղաքականության մեջ, ինչը ՀՀ նախագահի անմիջական պարտականություններից դուրս է, և տնօրինում են ԱԺ մեծամասնությունը և նրա ձևավորած կառավարությունը, տվյալ պարագայում` կոալիցիան: Սակայն ակնհայտ է, որ լիարժեք հաջողության համար հանրապետության բոլոր կարող ուժերը պետք է համախմբվեն նախագահի շուրջը և ներկայացնեն իրենց մտահոգությունները: Համոզված եմ` դրանք իշխող կուսակցության կողմից հաշվի կառնվեն: Իսկ եթե 2013 թ. նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնի Ռոբերտ Քոչարյանը, ում մասին էր Ձեր ակնարկը, այսօրվանից կարող եմ պնդել, որ նա շռնդալից ձախողում կապրի, ինչին ուժերիս ներածին չափով կնպաստեմ և ես` Ձեր խոնարհ ծառան, որովհետև Ռոբերտ Քոչարյանի նման նկրտումների առաջն առնելը համարում եմ երկրի կայունության երաշխիք:


Զրուցեց

Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր