ՀՀԿ-ն բարեփոխումները սկսում է հենց իրենից. Գեղամյան

12.03.2012, Slaq.am

Աննախադեպ, մտածված և փիլիսոփայական ելույթ էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մարտի 10-ին ՀՀԿ 13-րդ համագումարի ժամանակ ունեցած ելույթը,- Slaq.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հանրապետական կուսակցության համագումարի ժամանակ ՀՀ նախագահի ելույթին` նման կարծիք հայտնեց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը:

-Երկրի ղեկավարին պատշաճ ելույթ էր նախագահի ելույթը, որն ըստ իս հեռու գնացող, զարգացումների սկիզբ կհանդիսանա: Նման գնահատական տալով նախ և առաջ ես ի նկատի ունեմ այն, որ հանրապետության նախագահի ելույթի հիմնական առանցքը ոչ միայն Հայաստանի բնակչությունն է` այլև Արցախի և համայն հայության կոնսոլիդացումը:

Հանրապետության նախագահն իր ելույթում մի շատ կարևոր հետևություն արեց. խոսելով որոշակի հաջողությունների մասին նա հարցրեց ներկաներին` «Ես գո՞հ եմ մեր երկրի հաջողություններից», ապա ինքն իր հացի պատասխանը տալով ասաց. «Ո’չ, ես գոհ չեմ, ես դժգոհ եմ»: Այդ խոսքից հետո մեր երկրի ղեկավարը համեմատեց մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի հայաստանյան այսօրվա թվերը` և ասաց «Ո՞նց կարող է ես գոհ լինեմ, եթե արևմտա-եվրոպական զարգացած երկրներում այդ թիվը 30-50 հազար դոլար է, իսկ մեզ մոտ դա չնչին գումար է կազմում»:

Այսինքն հանրապետության նախագահն իր ակտիվ ելույթով հստակ սահմանեց, թե որ թվերի դեպքում ինքը կարող է գոհ լինել: Չի կարելի անտեսել նաև այնպիսի նվաճումը, ինչպիսին ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնի խոսքն էր, որը նույնպես աննախադեպ էր: Աննախադեպ էր նաև ԵԺԿ փոխնախագահ Ուիլֆրիդ Մարտենսի ողջույնի խոսքը, և եթե մենք այդ ամենին ոչ թե ծիսակարգային տեսանկյունից ենք մոտենում, այլ քաղաքական վերլուծաբանի տեսակետից, ապա մենք կարող ենք եզրակացնել, որ հանրապետության նախագահի կողմից վարվող արտաքին քաղաքականությունը հավասարապես ընդունելի է, թե Եվրամիության երկրների և թե մեր ռազմաքաղաքական դաշնակից ՌԴ-ի կողմից:

Այս ամենը գալիս է ապացուցելու, որ ՀՀ և Հանրապետական կուսակցության նախագահն արդեն իսկ արտաքին աշխարհում կփորձեն ստեղծել այնպիսի իրավիճակ, որն օրգանապես կնպաստի Հայաստանի ներքին զարգացումներին, ինչի հետ կապված նա ուղենիշ է վերցրել արևմտաեվրոպական զարգացած երկրների սոցիալ-տնտեսական ցուցանիշները:

Նախագահի ամբողջ ելույթը բարիդրացիական տոնայնություն ուներ: Բացարձակապես ոչ ոք անարժանի կերպով չխարազանվեց և ոչ ոք վիրավորական խոսքի չարժանացավ նրա ելույթի մեջ, ընդհակառակը` նախագահը նշեց, որ ի տարբերություն տարիներ առաջվա ներքին քաղաքականությանը` այսօրվա իշխող կուսակցությունը ընդդիմությանը վերադարձրել է քննադատելու և ընդդիմադիր լինելու իրավունքը, և դրա համար այսօր մարդիկ պատիժ չեն կրում և չեն կրելու, չեն բանտարկվելու, քաղաքական գործիչները հետապնդումների և հալածանքների չեն ենթարկվելու: Այս ամենը հատկապես հոգեհարազատ է «Ազգային միաբանություն» կուսակցությանը այն պարզ պատճառով, որ հենց 2008թ.-ից սկսած է, որ ես և իմ կուսակցական գործընկերները օտարված չենք լրատվամիջոցներից` լինեն դա թերթեր, էլեկտրոնային կայքեր, թե հեռուստաընկերություններ: Այժմ մենք համարձակորեն կարող ենք մեր բոլոր տեսակետները, մեր սկզբունքային մոտեցումները հրապարակենք մամուլով և հեռուստատեսությամբ և դրա արդյունքում մենք երբեք հետապնդումների չենք ենթարկվի:

Ամբողջ համագումարի ընթացքում նախագահի ելույթը գալիս էր ասելու, որ Հանրապետական կուսակցությունը այն կուսակցությունը չէ, որը 10-ը տարուց ավել լինելով իշխանության` ինքնագոհության, ինքնահանսգստության թմբիրի մեջ է գտնվում, և ոչ մի քաղաքական ուժի իրեն մրցակից չէր ճանաչում: Նախագահի խոսքում ասվեց հակառակր, որ Հանրապետականները պետք է փոխվեն, որպեսզի ի զորու լինեն փոխել երկիրը, որպեսզի բարեփոխում իրականացնեն: Սա նշանակում է, որ ՀՀ նախագահի գլխավորած կուսակցությունը բարեփոխումներ է սկսում հենց իրենից` Հանրապետական կուսակցությունից:

-Պարո'ն Գեղամյան ՀՀԿ-ի «Հավատանք, որ փոխենք» նոր կարգախոս ընտրելուց հետո շատերը կարծիք հայտնեցին, որ այն ընդդիմադիրին բնորոշ կարգախոս է:

-Հենց դրանումն է մեծ արժեքը, որ Հանրապետական կուսակցությունը սեփական գործունեությունը գնահատում է ընդդիամադիր դիրքերից, և սա տեղավորվում է փիլիսոփայության հայտնի երրորդ օրենքի մեջ: Սա նշանակում է, որ մինչև կուսակցությունն իր մեջ ներուժ չգտնի, ժխտողական տեսանկյունից քննադատելու և վեր հանելու սեփական գործում առկա սխալները, մինչև իրենք իրենց աշխատանքին ընդդիմադիրի դիրքերից չմոտենան` զարգացում հնարավոր չէ, քանի որ կլինի լճացում: Ես կարծում եմ, որ ընդդիմադիր բոլոր գործիչները պետք է ողջունեն Հանրապետականի այդ մոտեցումը, որովհետև դա ապագա խոստացող և պահանջված մոտեցում է:

-Իսկ Դուք նույնպես կարծու՞մ եք, որ այն ընդդիմադիրին բնորոշ կարգախոս է:

-Դա ընդդիմադրի կարգախոս չէ, դա պահի լրջությունը, մարտահրավերները գիտակցող քաղաքական ուժին բնորոշ կարգախոս է, քանի որ միայն մտավոր լուրջ ներուժ ունեցող քաղաքական ուժը կարող է ինքն իր թերությունների մասին բարձրաձայնել:

Անի Մարկոսյան

 

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր