Գեղամյանը կոչ է անում Փաշինյանին լինել այնքան պատրաստված, որքան ինքն է եղել առաջ (տեսանյութ) 

 

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը լրագրողների հետ հանդիպմանն եկել էր իր հեղինակած մոտ տասը գրքերով ։ Նա դրանք նվիրելու համար չէր բերել։ Արտաշես Գեղամյանն այս կերպ կոչ էր անում Նիկոլ Փաշինյանին հանդիպումների ընթացքում լինել այնքան փաստարկված և պատրաստված, որքան ինքն է եղել առաջ։

«Չի կարելի նման անպատասխանատու վերաբերմունք դրսևորել այն դեպքում, երբ խոսքը երկու հայկական պետությունների ճակատագրերի մասին է»,- հայտարարեց նա։

Հեղափոխության արդյունքում պատգամավորի մանդատից զրկված Արտաշես Գեղամյանը պնդում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանից սպասումներ չպետք է ունենալ։

«Պետական իշխանությունը, ղեկավարի դիրքը հակացուցված է այդ անձնավորությանը, նա իր կրթական մակարդակով, անցած ճանապարհով չի կարող հավասարը հավասարի նման բանավիճել գոնե գիտելիքի մակարդակով և դա էլ այն դեպքում, երբ իր ընդդիմախոսը մի խելքի տոպրակ չէ՝ կարելի է ասել թերուս»,- հայտարարեց 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորը։

Արտաշես Գեղամյանն հայտարարեց, որ «երբևէ իր անձը այսքան նսեմացված չի եղել», ինչպիսի զգացողություն ունեցել է երեք օր առաջ, երբ Մյունխենում բանավիճում էին Փաշինյանն ու Ալիեւը։

«Այդ բանավեճից հետո, բանավեճ ասեմ, շոու ասեմ, ես ուզում էի գոնե մի հակադարձում անել, ուսումնասիրեցի ադրբեջանական մամուլը ու ոչ մի բան չկարողացա ասել, որովհետև նրանք ամբողջությամբ հղում էին անում մեր հայկական մամուլին»,-ասաց նա։

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահը համարում է, որ բանավեճի ընթացքում Նիկոլ Փաշինյանի տված «նվերները» ադրբեջանական կողմը այսօրվանից սկսելու է օգտագործել պատերազմական գործողությունները հետին թվով արդարացնելու համար։

«Էս բոլորը, ինչ արվում է Նիկոլ Փաշինյանի կողմից, սցենար է, բնականաբար, ոչ իր կողմից մշակված, այլ աշխարհաքաղաքական այն կենտրոնի կողմից, որը գործողություններ է անում ոչ թե Հայաստանի դեմ, այլ Ռուսաստանի։ Մենք այսօր կանգնած ենք չափազանց վտանգավոր խնդրի առաջ, նույնիսկ պետականություն կորցնելու վտանգի առջև և տարածաշրջանում դարձել ենք ընդամենը գործիք անդրօվկիանոսյան հայտնի ուժի ձեռքում»,- վստահեցրեց նա։

Նախկին պատգամավորը վարչապետ Նիկոլ Փաշինյանին համեմատեց հոլիվուդյան հայտնի կերպարի հետ․ «Երկրի վարչապետը, ասես, Ժան-Կլոդ Վան Դամի շպագատն է կրկնում․ մի ոտքը Արևմուտքում է, մյուսը ՝ Ռուսաստանում, էլ չգիտի, որ կամ ճողվածք է ստանալու, կամ ոտքն է պոկվելու»։

Անդրադառնալով ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեին՝ նա հույս հայտնեց, թե հայ ժողովրդի ողջամտության և ինքնապահպանման բնազդը կլինի այնպիսին, որ կամ չեն գնա կամ էլ դեմ կվեարկեն այն փոփոխություններին, որոնք արդյունքում ՍԴ յոթ անդամներ կզրկվեն իրենց պաշտոններից։

«Սա շինծու հարցադրում է, և նրանք երբեք չեն կարող ներել Սահմանադրական դատարանին և հատկապես Հրայր Թովմասյանին, ով, առաջնորդվելով սահմանադրությամբ, հակասահմանադրական համարեց Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը»,-ասաց Արտաշես Գեղամյանը։

Լրագրողի հարցին, թե Արտաշես Գեղամյանը Արցախի ընտրություններում ունի համակրելի թեկնածու, նա պատասխանեց, որ Վիտալի Բալասանյանն է և առհասարակ Արցախի նախագահական ընտրություններից մեծապես կախված է թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի լինել չլինելը։

 

 

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր