ԿՈՐՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ելույթը

ընտրողների հետ ՀՀ ԱԺ «Ազգային Միաբանություն» խմբակցության

պատգամավորների հանդիպման ժամանակ

28.10.2004, Կինոյի տուն

Հարգելի՛ գործընկերներ, հարգելի՛ բարեկամներ

Պարոն Արտաշես Գեղամյանի ներածական խոսքին որպես ի լրումն ասեմ, որ, իրոք, այս հավաքը, հանդիպումը մեր ընտրողների հետ, շատ ենք կարևորում, քանի որ այնպես է ստացվել, որ այն կանխատեսումները, որ արվում են այս վերջին մեկ-երկու տարիների ընթացքում մեր կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի կողմից, փաստորեն, ցավով եմ սա նշում, դառնում են իրականություն: Դեպքերի զարգացումը բոլորովին էլ չի խոսում մեր պետության օգտին, իսկ մենք այն կազմակերպությունն ենք, այն ակտիվն ենք, այն ընկերներն ենք, որոնք խիստ մտահոգված են Հանրապետության այսօրվա կացությամբ, նրա ներկայով և վաղվա ճակատագրով: Այդ իմաստով մենք պետք է մեզ համար որոշակի դարձնենք մեր անելիքները, պատասխանենք բոլոր այն հարցերին, որոնք հաճախ Ձեզ մոտ՝ որպես ընտրողներ, որպես ակտիվիստներ, նաև մեզ մոտ մութ են մնում և դրանք պարզաբանենք, ապա գնանք լծվենք այն ծանր, հետևողական աշխատանքին, որ այսօր պահանջում է մեզանից ժամանակը: Փաստորեն, իրավիճակն այնպիսին է, որ Հանրապետությունում իշխանությունների կողմից գնահատվող այս թվացյալ «կայուն իրավիճակը», այսպես ասած, բավականին լուրջ է և պայթյունավտանգ: Այս ամենը չի ստեղծվել մեկ օրվա ընթացքում, չի ստեղծվել մեկ տարվա ընթացքում, այլ ստեղծվել է այս իշխանությունների տևական, արտաքին և ներքին անպտուղ քաղաքականության հետևանքով: Մեր հորդորները, առաջաչկություններն մատնվել են քար անտարբերության: Փաստորեն, ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանություններն ընկել են անելանելի վիճակի մեջ: Արտաքին քաղաքականության կոմպլիմենտար անհեռանկար քաղաքականության արդյունքում լրջորեն վտանգվել են ոչ միայն տարածաշրջանի հայանպաստ լուծումները, հենց բուն Հայաստանի անվտանգությունը, այլև Արցախի հիմնահարցը: Ներքին քաղաքականության բնագավառում Ձեզ հայտնի սխալներն ու բացերը կոծկելու, տնտեսության աճի երկանիշ թվեր ցույց տալու մարմանջը վերջապես մի օր պետք է հանգեցներ նրան, ինչի ականատեսն ենք: Գալիս է աշունը, իսկ ինչպես ժողովուրդն է ասում՝ աշունը ճտեր հաշվելու ժամանակն է, եկել է այդ ժամանակը, և մենք Ձեզ հետ միասին տեսնում ենք, որ իշխանությունների քար անտարբերության, անհեռանկար աշխատանքի հետևանքով ժողովուրդը հայտնվել է սոցիալական, տնտեսական ահավոր ծանր վիճակում. դրա ապացույցներից մեկը չդադարող արտագաղթն է, որը կազմալուծում է ոչ միայն քաղաքային, այլև գյուղական ընտանիքները և որոնց թիվը չես կարող տասնյակներով, հարյուրներով կամ հազարներով հաշվել: Սա արդեն ազգային աղետ է, ազգային ողբերգություն է, որից դուրս գալու ելքերը մենք Ձեզ հետ պետք է գտնենք և լուծենք: Տարօրինակն այն է, որ իշխանություններն ստեղծված վիճակից անհանգստացած տարբեր «խաղաթղթեր» են մտցնում շրջանառության մեջ: Եթե մի ժամանակ նրանք գտնում էին, որ ընդդիմադիրները խառնում են իրավիճակը, անկայուն վիճակ ստեղծում, այժմ նրանք խիստ անհանգստացած են, որ ընդդիմությունը փողոց դուրս չի գալիս, որ նա ժողովրդին ոտքի չի հանում, այսինքն՝ չի ապակայունացնում իրավիճակը, որովհետև նրանց հիմա դա է հարկավոր, նրանց պետք է նման իրավիճակ, որ իրենց բողջ ձախողումները վերագրեն ընդդիմությանը, վերագրեն նրան, որ վերջինս ապակայունացնում է իրավիճակը, խանգարում երկրի առաջընթացին: Մենք քաղաքական այն ուժն ենք, որ երբեք խուճապի մատնվելու կամ ուրիշների հորդորներին տուրք տալու, «կուտ» ուտելու իրավունքը չունենք: Իշխանափոխությունն այլևս որևէ մեկիս մոտ կասկած չի հարուցում: Սակայն իշխանափոխությունը՝ իշխանափոխություն, բայց կա հարցի ավելի կարևոր կողմ՝ դա այն է, թե ո՞վ պետք է գա իշխանության: Ուստի այսօր արդեն ժամանակն է, որ այս հարցին մենք շատ հստակ պատասխանենք, ոչ թե դիպլոմատիա խաղանք, ոչ թե դիպլոմատիա բանեցնենք, ոչ թե այլ կուսակցություններին, քաղաքական այլ ուժերին չնեղացնելու քաղաքականություն վարենք, այլ շատ հստակ հայտարարենք, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական այդ ուժը ձևավորված է, և որ այդ ուժը «Ազգային Միաբանություն կուսակցությունն» է, որը, ի տարբերություն քաղաքական այլ ուժերի և կուսակցությունների, ունի, իրոք, ազգի ընտրյալ, ունենք ազգային լիդեր ի դեմս Արտաշես Գեղամյանի, որի անփոխարինելի ծառայությունը բարձր է գնահատում ժողովուրդը:

Այսօր մեզ համար շատ հասկանալի է, քաղաքական որոշ ուժերի, քաղաքական գործիչների աննախադեպ ակտիվացումը, հասկանալի է, թե ինչու են նրանք հենց այս պահին ակտիվանում: Հարցն այն է, որ նրանք բոլորը գիտեն, որ Հանրապետությունում իշխանափոխությունը սարերի հետևում չէ, և որ տեղի է ունենալու ինչպես նախագահի, այնպես էլ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ: Մենք նաև հասկանում ենք, թե ինչո՞ւ են քաղաքական առանձին գործիչներ իրենց տաքուկ անկյուններից այժմ հրահանգներ տալիս, թե ինչո՞ւ են իրենց հրապարակումներում, հեռուստաելույթներում քննադատում մեզ, մղում ժամանակավրեպ գործողությունների: Մենք համագործակցել և համագործակցելու ենք քաղաքական այն ուժերի հետ, որոնք հայ ժողովրդին այս խայտառակ իրավիճակին հասցնելու մեջ որևէ մեղք չունեն: Մենք համագործակցելու ենք բոլոր նրանց հետ, ովքեր ընդունում են մեր քաղաքականությունը, երկրի վերակառուցման մեր ծրագիրը: Իշխանությունների ջրաղացին ջուր լցնող քաղաքական ուժերն ու անհատները որքան էլ ամպագոռգոռ, մերկապարանոց հայտարարություններ հնչեցնեն, թե քաղաքական դաշտն այսօր դադարկ է, նրանք հատկապես ի նկատի ունեն ընդդիմությանը, թե չկա ծրագիր երկիրն այս իրավիճակից հանելու համար, միևնույն է, նրանց ոչինչ չի փրկելու: Նրանք շատ լավ էլ գիտեն, որ այդ ծրագիրը կա, այդ ծրագիրը դեռևս կար նախագահական ընտրություններից, Ազգային ժողովի ընտրություններից երեք տարի առաջ: Ժամանակին այն դրվել է մեր ընտրողների, նաև ամենաբարձր իշխանավորների սեղաններին: Այլ բան է, որ այդ ծրագիրն իրականացնելը նրանց ամենևին ձեռք չի տալիս: Այս ծրագիրը մեզ համար երկարաժամկետ գործունեության փաստաթուղթ է և այն մենք իրականացնելու ենք: Մեզ մնում է տեղերում ավելի ամրապնդվել, որովհետև այսօր մենք, իրոք, պատրաստ ենք, այո, պատրաստ ենք վերցնելու երկիրը ներկա խորը ճգնաժամից հանելու պատասխանատվությունը: Դա նշանակում է, որ մենք պետք է խորը մտածենք նաև այն մարդկանց մասին, ովքեր մեզ հետ թև թևի տված, ուս ուսի տված իրագործելու են այս ծրագիրը: Հանրապետությունն այս խորը ճգնաժամից հանել կարող է միայն այս ծրագիրը և այս ծրագիրն է միայն կարող Հանրապետության աշխատավորության մեջ արթնացնել հույս ու հավատ ապագայի նկատմամբ: Այս ծրագրի իրականացմամբ միայն կարող ենք վերահաստատել. այն ուժը, որը պետք է առաջնորդի ժողովրդին և տանի դեպի հաղթանակ դա «Ազգային Միաբանություն կուսակցությունն» է՝ նրա ղեկավար Արտաշես Գեղամյանի գլխավորությամբ:

ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴԽԱՆՅԱՆԻ ելույթը

ընտրողների հետ ՀՀ ԱԺ «Ազգային Միաբանություն» խմբակցության

պատգամավորների հանդիպման ժամանակ

28.10.2004, Կինոյի տուն

Հարգելի՛ ընտրողներ, հարգելի՛ պատգամավորներ.

Բոլորիս է հայտնի, որ իշխանությունը բռնազավթած Ռոբերտ Քոչարյանի վարչախումբը երկիրը հասցրել է կործանման եզրին, որ տարվող հակաժողովրդական քաղաքականության հետևանքով Հայաստանը հայտնվել է աշխարհի ամենաաղքատ երկրների շարքում, որ գործազրկություն է, կոռուպցիա, ժողովրդավարական արժեքների ու մարդկանց իրավունքների ոտնահարում, որ շարունակվում է աղտագաղթը՝ ամեն օր հարյուրավոր հայ մարդիկ լքում են հայրենիքը, դառնում պանդուխտ, օտարական և որ այս ամենին վերջ չկա:

Այո՛, վիճակը բոլորիս է հայտնի, մարդկանց ճնշող մեծամասնության համար մեր չքնաղ հայրենիքում ապրելը դարձել է անհնարին, անտանելի և, որ ամենացավալին ու վտանգավորն է, ապագայի նկատմամբ՝ անհույս:

Այս ամենը, սակայն, դեռևս չարյաց փոքրագույնն է. սև, մութ ամպեր են կուտակվում հայոց երկնակամարում: Ամբողջ աշխարհին հայտնի, կրկնում եմ՝ աշխարհին հայտնի ընտրակեղծիքներով իշխանության եկածների վարած ապաշնորհ արտաքին քաղաքականության հետևանքով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ վտանգավոր զարգացումներ են ծավալվում: Հարավկովկասյան տարածաշրջանում տարվող համաշխարհային քաղաքականությունը, մեղմ ասած, հայանպաստ չէ: Հայաստանն արհամարհված և դուրս է մղված տարածաշրջանում իրականացվող միջազգային տնտեսական գործընթացներից: Այն, որ Բաքու-Ջեյհան նավթամուղն ու Բաքու-Էրզրում գազամուղը շրջանցեցին Հայաստանը, մեզ՝ հայաստանցիներիս զրկեց տարին մոտ 1 մլրդ դոլլարին համարժեք լրացուցիչ եկամուտից: Դժվար չէ պատկերացնել, թե Հայաստանի մի քանի սանտիմետրանոց բյուջեի պայմաններում այդ փողերը որքան էին մեզ հարկավոր:

Ձախողում է, իհարկե, ձախողում է, արտաքին քաղաքականության կատարյալ ձախողում: Միայն այս փաստը բավական էր, որ Ռ.Քոչարյանն ու Վ.Օսկանյանը դեռ մի քանի տարի առաջ հրաժարական տային: Իսկ հիշո՞ւմ եք, թե Արտաշես Գեղամյանը սրանից դեռ 6 տարի առաջ որքան էր կարևորում Հայաստանի մասնակցությունը Բաքու-Ջեյհան նավթամուղի կառույցին: Դեռ 1998-99 թթ. երբ նավթի միջազգային գինը 1 բարելի համար 10 դոլլար էր, Գեղամյանը ճշմարիտ կանխատեսում էր, որ մի քանի տարի հետո նավթի գինը 3-ից 4 անգամ աճելու է, և որ Հայաստանն այդ նավթամուղից լուրջ օգուտներ կունենա: Սակայն արի ու տես, որ մեր իշխանությունները, ինչպես Գեղամյանն է ասում՝ ջայլամի նման գլուխները ավազի մեջ են մտցրել ու գետնի տակից են նայում, թե աշխարհի երեսին ինչ է կատարվում:

Եթե 1988,89,90թթ. աշխարհի խոշոր տերություններից շատերը անընդհատ խոսում էին Ղարաբաղի բնակչության ինքնորոշման ճշմարտացիության մասին, ղարաբաղյան շարժումը բնութագրում էին որպես ժողովրդավարական շարժում, ապա այսօր և ԱՄՆ-ը, և՛ Եվրամիության անդամ երկրները, և՛ Ռուսաստանն ու Ուկրաինան, էլ չեմ ասում մահմեդական հսկայական աշխարհի մասին, բոլորը միաբերան խոսում և հայտարարություն են անում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին:

Ձախողո՞ւմ է, իհարկե, ձախողում է, այն էլ ինչպիսի հետևանքներով, շուտով պարզ կդառնա:

Ես օրինական հարց եմ ուղղում պարոնայք Ռոբերտ Քոչարյանին ու Վարդան Օսկանյանին՝ ո՞վ է Ձեզ իրավունք տվել վիրավորել հայ ժողովրդի արժանապատվությունը, ինչո՞ւ եք լռում, երբ մեզ՝ հայերիս, օկուպանտ են անվանում, ինչո՞ւ չեք բողոքում, երբ մեզ ագրեսոր են համարում, երբ ինքնորոշված ղարաբաղցիներին անջատողականներ են կոչում:

Վախենում ե՞ք, իհարկե, վախենում եք: Որովհետև հենց որ խոսեք, իսկույն դեմ կտան, ինչպես քիչ առաջ ասացի, աշխարհին հայտնի ընտրակեղծիքները, դեմ կտան Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի և ձևավորած կառավարության ոչ լեգիտիմ լինելու փաստը:

Եվ այս պայմաններում մեր դիվանագետները միջազգային ասպարեզներում, իհարկե, կուզեկուզ ման կգան, այլ ոչ թե հային արժանի հպարտ կեցվածքով: Իհարկե, ինչպես հարկն է չեն պայքարի Հայաստանի շահերի համար: Իսկ մեր իշխանավորներն էլ կանեն այն ամենը ինչ որ կասեն գերտերությունները, միայն թե իրենց կեղծիքների մասին պաշտոնական հայտարարություններ չանեն, թե չէ, իրենք էլ Շևարդնաձեի կամ Չաուշեսկուի օրը կընկնեն: Հետևաբար, Հայաստանում «Եհովայի վկաների» զարգացման ու տարածման համար էլ պարարտ հող կստեղծեն, ազատագրված տարածքներն էլ կտան, Ղարաբաղն էլ կթողնեն Ադրբեջանի կազմում և քանի դեռ կմնան իշխանության՝ Աստված էլ բեթարից ազատի:

Այո՛, դրությունը տագնապալի է և վճռական գործողությունների դիմելու ժամանակն է:

Կուսակցության Երևանի քաղաքային կազմակերպությունը գտնում է, որ մեր կուսակցությունն իր բազմահազար անդամներով, հզոր կառույցներով, հարյուր հազարավոր համակիրներով ու Արտաշես Գեղամյանի հեղինակած և այսօր էլ ավելի արդիական դարձած «Հայաստանի Հանրապետությունում համընդհանուր ճգնաժամի հաղթահարման» մեր ծրագրով պատրաստ է և պետք է վերցնի իշխանությունը: Ուստի, կուսակցության Երևանի քաղաքային կազմակերպության անունից պատգամ եմ հղում պատգամավորներին, կուսակցության նախագահությանն ու անձամբ Ձեզ՝ Արտաշես Մամիկոնովիչ՝ վերցնել իշխանությունը:

Եվ ես կարծում եմ, ժամանակն է, որ «Ազգային Միաբանություն կուսակցությունն» ի լուր համայն հայության, ի լուր աշխարհի հանդես գա հայտարարությամբ՝ իշխանությունը վերցնելու և երկիրը կործանումից փրկելու գործում պատասխանատվությունն իր վրա վերցնելու մասին:

ՄԻՍԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ ելույթը

ընտրողների հետ ՀՀ ԱԺ «Ազգային Միաբանություն» խմբակցության

պատգամավորների հանդիպման ժամանակ

28.10.2004, Կինոյի տուն

Միջազգային ասպարեզում տեղի են ունենում աշխարհաքաղաքական խորը տեղաշարժեր, որոնք, անկասկած, անդրադառնում են նաև մեր հանրապետության բոլոր գործընթացների վրա: Այս տեսակետից առանձնահատուկ նշանակություն ունի կառուցվող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, որը միլիարդների օգուտներ է բերելու ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Վրաստանին, Թուրքիային և արևմտյան մի շարք պետությունների: Այդ նավթամուղի անվտանգ շահագործման մեջ շահագրգռված երկրների կողմից մեր տարածաշրջանը հատուկ ուշադրության է արժանանում: Նշվում է, որ այստեղ կա ահաբեկչական ակտերի, զենքի վաճառքի և թմրանյութերի տարածման վտանգ: Այս հարցերում շահագրգիռ երկրների խնդիրները համընկնում կամ հակասում են և, ուստի, մեր հանրապետության համար անբարենպաստ և նույնիսկ վտանգավոր վիճակների առաջացման հնարավորություններ կան: Մենք կարող ենք ուշադրություն չդարձնել ԱՄՆ-ի զինվորական սահմանափակ կոնտինգենտ Իրանի հետ Ադրբեջանի սահմանամերձ գոտի մտցնելու պատրաստությունների վրա, թեկուզ այն առումով, որ այդ գոտին ազատագրված է մեր ազատամարտիկների արյան գնով և գտնվում է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հսկողության ներքո: Առանց այս և աշխարհաքաղաքական մի շարք այլ տեղաշարժերի առումով մեծ կարևորություն ունեցող փաստերի խորը վերլուծության և համապատասխան եզրահանգումների՝ հնարավոր չէ ապահովել մեր երկիրը ամեն տեսակի անակնկալներից, որոնք կարող են լինել անգամ խիստ ծանր: Ճիշտ է, պրոբլեմն անչափ բարդ է, բայց, այնուամենայնիվ, պետք է այս հարցերում ունենալ հստակ պատկերացում և գործողությունների ծրագիր: Ցավոք, պետք է արձանագրենք, որ այս հարցում ևս իշխանությունները, մեղմ ասած, ցուցաբերում են դանդաղկոտություն: Մյուս կողմից «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի այս ուղղությամբ կատարած վերլուծական խորը աշխատանքը հայտնի է լայն հասարակությանը մի շարք հրապարակումներով և ելույթներով: Առանձնահատուկ պետք է նշել Ա.Գեղամյանի ելույթը ս/թ հոկտեմբերի 8-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանում, որը, ինչպես և սպասվում էր, գտավ լայն արձագանք: Ելույթը մեր ժամանակների մարդկության ամենաահավոր չարիքի՝ ահաբեկչությունը ծնող բուն պատճառների և այն կանխելու իրատեսական միջոցների մասին էր: Ելույթը հիմնված էր փաստերի խորը վերլուծության վրա և արվող հետևություններն անչափ հավասարակշռված էին: Այն հիմնականում երկու քաղաքակրթությունների երկխոսության անհրաժեշտության մասին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջարկության նկատմամբ մեծ տերությունների ղեկավարների կողմից պատշաճ ուշադրության բացակայության և նույնիսկ անտարբեր վերաբերմունքի դատապարտումն է: Նման երկխոսության ճանապարհին մեծ խոչընդոտ են փաստերի կեղծումը, սուտը և երեսպաշտությունը: Եվ այդ դիրքերից Ա.Գեղամյանն ոչնչացնող քննադատության ենթարկեց Ադրբեջանի պատվիրակին, որը Հայաստանին ագրեսիայի մեջ մեղադրելու և մյուս կողմից արցունքներ հոսեցնել ֆաշիզմի կողմից հրյաների նկատմամբ իրականացված ցեղասպանության կապակցությամբ: Ինչպիսի՞ երեսպաշտություն: Մինչդեռ երկխոսության գնալու արդյունավետ առաջին քայլը կարող է լինել պատմական այն փաստի ընդունումը, որ Ղարաբաղը տասնյակ հարյուրամյակների ընթացքում եղել է և կա հնագույն քրիստոնեական քաղաքակրթությունը ներկայացնող հայ ժողովրդի պատմական հայրենիքի մեկ մասը:

Ա.Գեղամյանն իր այդ ելույթով և դրան հաջորդած մի քանի հրապարակումներով ապացուցեց, որ հայրենիքին վերաբերող հիմնահարցերում մենք միասնական ենք և անզիջում, որ «Ազգային Միաբանություն կուսակցության» համար խորթ և անթույլատրելի են քաղաքական շահարկումները: Ուրեմն, ինքնանպատակ չէ իշխանափոխության անհրաժեշտության պահանջը, որը բխում է մեր ժողովրդի առջև ծառացած նոր խնդիրները լուծել կարողացող իշխանություն ունենալու կենսական անհրաժեշտությունից: Իսկ իշխանությունները կարող են այդպիսին լինել միմիայն ժողովրդավարական սկզբունքներով, առանց ընտրակեղծիքների և արդարացի ընտրություններով կազմավորված լինելու դեպքում: Հենց դա էլ հնարավորություն կտա հաղթահարել հանրապետությունում խոշոր չափերի հասած կոռուպցիան, մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերը: Բարձր ամբիոններից անընդհատ խոսվում է աշխատանքային տեղերի շատացման և ընդհանրապես ժողովրդի բարեկեցության բարձրացման վերաբերյալ: Սակայն ինչպե՞ս է լինում, որ այդ ամենը չի անդրադառնում մարդկանց բարեկեցության վրա: Ավելին, օրեցօր նրանց ապրուստը դժվարանում է սննդամթերքի, ամենաանհրաժեշտ ապրանքների և ծառայությունների սակագների անընդհատ բարձրացմանը զուգահեռ: Եթե իշխանություններն «աներևույթ բարեկեցության բարձրացման» մասին հայտարարություններ են անում, նշանակում է նրանք չեն տեսնում ժողովրդի վիճակը ռեալ բարելավելու ճանապարհներ, նշանակում է նրանք սպառել են իրենց: Միգուցե, նոր կառուցված ռեստորանների, սրճարանների և խաղատների արտաքին փայլն է կուրացրել և զրկել մեզ զգալու, որ այդ կառույցներն անմատչելի են ժողովրդի գերակշռող մասի համար: Չէ՞ որ ժողովրդին են պատկանել, նրան են ծառայել այդ կառույցների համար հատված հազարավոր ծառերն ու ոչնչացված մարգագետինները: Ո՞վ է, ի վերջո, պատասխան տալու երկրի բնապահպանությանը հասցվող կործանարար վերաբերմունքի համար: Ամենաթողության տիրող իրավիճակը հուսահատեցնում և թևաթափ է անում մարդկանց: «Աներևույթ հաջողությունների» փոխարեն անհրաժեշտ է ժողովրդին ասել ճշմարտությունը և նրա ուժերը նպատակուղել կարևորագույն խնդիրների լուծման համար: Մեր ժողովուրդն ունակ է մեծ զոհողությունների, եթե հավատա այդ մեծ գործերին, ժողովրդին կոչ անող և առաջնորդող իշխանություններին: Այդպիսին կարող է լինել, կրկնում եմ, միմիայն ժողովրդավարական սկզբունքներով ընտրված և ժողովրդի սերն ու վստահությունը վայելող իշխանությունը: Միայն այդպիսի իշխանությունը կարող է կոնսոլիդացնել և նպատակամղել ժողովրդի առաջադիմական ուժերը մեր երկրի առջև ծառացած բարդ խնդիրների լուծման ուղղությամբ:

ԱՐԱՅԻԿ ՍԻՄՈՆՅԱՆԻ ելույթը

ընտրողների հետ ՀՀ ԱԺ «Ազգային Միաբանություն» խմբակցության

պատգամավորների հանդիպման ժամանակ

28.10.2004, Կինոյի տուն

Հարգելի լսարանին ուզում եմ հարցնել. գիտեք, արդյոք, թե ինչո՞ւ է հայկական տարբերակում հայտնի բժիշկը կոչվում քիթ-կոկորդ-ականջի, իսկ ռուսական տարբերակում՝ “ականջ-կոկորդ-քիթ”: Որովհետև վերջիններս նախ լսում են, հետո՝ խոսում, վերջում՝ քիթը մտցնում, իսկ մերոնք սկզբում քթներն են խոթում, հետո՝ խոսում կամ գոռում և վերջում միայն՝ լսում:

Նույնպիսի անալոգիայով, եթե համեմատենք օրենսդրական բարձրագույն մարմնի անվանումը տարբեր ազգերի մոտ, ապա կտեսնենք, որ parliament բառն առաջացել է ֆրանսերեն parler բառից և նշանակում է խոսել, ու ենթադրում է այն տեղը, որտեղ հավաքվում են ժողովրդի ընտրյալներն ու խոսում նրա պրոբլեմներից, որոշումներ կայացնում: Ռուսաստանում նույնատիպ մարմինը կոչվում է Դումա, որն էլ առաջացել է մտածել բառից. սրանք էլ մտածում են իրենց ընտրած ժողովրդի մասին: Մեզ մոտ այն կոչվում է խորհրդարան. դուրս է գալիս, որ սրանք այստեղ հավաքվել են խորհուրդ տալու կամ, միգուցե, իրենց են խորհուրդ տալիս, մասնավորապես, թե ինչպես քվեարկեն: Մի խոսքով՝ ճառ ասողներ են, զանգ կախող չկա:

Աշխարհում չկա մի երկիր, որի կառավարման ձևը նախագահական կամ նույնիսկ կիսանախագահական հանրապետություն է և որի պառլամենտում ձևավորվի կոալիցիա: Կոալիցիան ձևավորվում է պառլամենտական հանրապետություններում, երբ պառլամենտում ոչ մի կուսակցություն մեծամասնություն րի կազմում և ի զորու չէ կառավարություն կազմել: Մեր դեպքում կոալիցիան կազմվել է զուտ իշխանություն ձևավորելու համար, և դժվար է պատկերացնել ավելի այլասերված կառույց, որտեղ գործում է՝ «Ով մեզ հետ չէ, թշնամի է» սկզբունքը: Ի՞նչ ընդհանրություն կարող են ունենալ մի կողմից իրենց ազգային պահպանողական հռչակած, մյուս կողմից՝ սոցիալիստական և երրորդ կողմից հայտնի չէ թե որ ուղղվածության կուսակցությունները:

Այսօրվա ճակատագրական այն մարտահրավերները, որոնք նետված են մեր ազգին ու պետությանը, պահանջում են ավելի քան պատասխանատու իշխանություն: Իսկ ո՞ւր է այն մեզ մոտ: Ոչ միայն չկա ռազմավարական, այլև մարտավարական ծրագրերի ընդհանրացման փորձ, ավելին, այդպիսինները իսպառ բացակայում են: Փոխարենն առատ են իրար կծոցներն ու վարկաբեկիչ ինֆորմացիայի արտահոսքը: Սա նրան արվամոլ է ասում, նա սրան՝ կաշառակեր, նա էլ նրան՝ դավաճան կամ աղանդավոր:

Եկեք իրերը կոչենք իրենց անուններով. մեծ աղմուկ է բարձրացել, այսպես կոչված, «Եհովայի վկաների» պետական գրանցման շուրջ: Մեկը չկա, որ հավանություն տա այս աղանդի գրանցմանը: Իրարից բարձրախոսը խլելով՝ դատապարտում են սրանց ազգակործան ու քայքայիչ գործունեությունը, մատնանշում ագրեսիվ քարոզչությունն ու մարդու անձնական կյանքին միջամտելու համառ փորձերը, որոնք շատ հաճախ հաջողությամբ են պսակվում: Միաժամանակ տրտնջում են, թե ի՞նչ անենք, Եվրոպայի առջև պարտավորություն ենք վերցրել: Ի՞նչ է, պարտավորություն ենք վերցրել քայքայել մեր ընտանիքներն ու պետությունը, որի պաշտպանությունից ուղղակիորեն հրաժարվում են վերոհիշյալ «վկաները»: Մինչդեռ, ցանկության դեպքում, կարելի էր շատ հանգիստ մերժել դրանց գրանցումը, քանի որ խախտվում են ՀՀ Սահմանադրության միանգամից մի քանի հոդված. այսպես, հոդված 17՝ կյանքի իրավունք, հոդված 47՝ մասնավոր կյանքի պաշտպանվածություն, հոդված 23՝ յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք: Մինչդեռ ագրեսիվ քարոզ է կատարվում դավանափոխության նպատակով: Կամ հոդված 44. «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի ու բարի համբավի պաշտպանության համար»: Եվ այսքանից հետո, ի վերջո, ինչո՞ւ գրանցեցին «վկաներին», թե՞ այդ «պարտավորություն» հորջորջվողը վեր է մեր Սահմանադրությունից: Ոչ, պատասխանը շատ պարզ է: Միգուցե փողը առան՝ գրանցեցին. իզուր չէ, որ այդքան խոսվում է «Եհովայի վկաների» անհամրելի հարստությունների մասին: Դե, պայքարե՛ք կոռուպցիայի դեմ: Ինչպես ասում են՝ ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ:

Միթե՞ չենք հասկանում, որ առջևում անդունդ է, հեռանկարի բացակայությունը կործանում է ազգը: Մինչդեռ «Ազգային Միաբանությունը» դեռևս 2 ու կես տարի առաջ է հանրության դատին ներկայացրել իր Հակաճգնաժամային ծրագիրը, որտեղ կետ առ կետ տրված են երկրի հեռանկարներն ու դրանց հասնելու ուղիները: Կուսակցության ընդերքում է ստեղծվել Ազգային անվտանգության հայեցակարգը, ուր լրջորեն ներկայացված ու վերլուծված են այն բոլոր մարտահրավերներն ու արգելքները, որոնք խանգարում են մեր ազգի ու պետականության գոյությանն ու զարգացմանը, նշված են դրանց հաղթահարման ուղիները: Հայեցակարգ, որ մինչև հիմա չունի մեր պետությունը և որի ստեղծման վրա, իբր թե, աշխատում են տասնյակ ու հարյուրավոր ձրիակերներ, իսկ ո՞ւր է արդյունքը: Բայց եկեք չծանրանանք իրենց արդեն իսկ լիովին սպառած իրողությունների վրա:

Մենք առաջ ենք քաշել Հայրենասիրության դոկտրինան, որն ենթադրում է Հայաստանի բոլոր շրջանների և հատկապես սահմանամերձ բնակավայրերի ակտիվ բնակեցում և ժողովրդի արմատավորում: Հայրենիքն ու պետությունն իր ներսում ապրող մարդկանցով է հզոր, որոնք այնտեղ տուն են կառուցել, ծառ տնկել և զավակ ունեցել:

Էլ չեմ խոսում կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի ավելի քան բեղմնավոր գործունեության մասին եվրոպական ատյաններում, որտեղ նա բոլորովին վերջերս քաղաքագիտական ու բարոյագիտական դաս տվեց ինչպես մեր հակառակերդներին, այնպես էլ լսելի դարձրեց եվրապատգամավորների համար մեր դիրքորոշումներն ու հստակ կեցվածքը միջազգային ահաբեկչության դեմ: Նա առաջինն էր, որ Եվրախորհրդի առջև բարձրացրեց քաղաքակրթությունների երկխոսության անհրաժեշտությունը, քանզի դա է միակ ճանապարհը միջազգային հարաբերություններում էսկալացիայի հաջորդ, ավելի սպառնալից շրջապտույտից խուսափելու համար: Մինչդեռ մենք գտնվում ենք քաղաքակրթությունների հնարավոր բախման հենց կիզակետում և թե ինչ աղետալի հետևանքներ կարող է դա մեզ բերել, չի կարելի անգամ պատկերացնել: Իսկ մեր իշխանությունները զբաղված են միկրոինտրիգներով ու «ժամանակ չունեն» այսպիսի մանր հարցերի մասին մտածելու...

Ուզում եմ հատուկ ընդգծել. «Ազգային Միաբանությունը» հստակ գիտակցում է իր առաքելությունը, իր պարտքը՝ պաշտպանելու ազգային շահը և ստանձնելու պատասխանատվությունը: «Ազգային Միաբանությունը» ներկայացրել է ՀՀ Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի բարելավված տարբերակներ: Ո՞ւր է քաղաքական բանավեճը, կարծիքների բախումը, որից սկիզբ է առնում ճշմարտությունը: Քար լռություն: Միայն ինտրիգներ, վարկաբեկում և կոմպրոմատներ, ձևական կոչեր ընդդիմությանը՝ խորհրդարան վերադառնալու: Այս պառլամենտը, որն իրեն սպառել էր դեռ ստեղծման պահից, երբեք չի կարող ադեկվատ պատասխանել այսօրվա մարտահրավերներին, այն ձևավորվել է սոսկ յուրայիններին պաշտոններ ու «մարշրուտնու» գծեր բաժանելու համար:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այսօր կա այն կուսակցությունը, որն իր մտավոր, ինտելեկտուալ, կազմակերպչական կարողություններով, իր հզոր ներուժով ու բազմահազար համակիրներով ի զորու է ստանձնել հայրենի երկրի իշխանությունը և գործել միմիայն ազգային շահի առաջնայնությունից ելնելով: Մենք քաջ գիտակցում ենք ազգային շահը: Վերջինս էլ հենց այն հրամայականն է, որը մեզ առաջնորդում է, առաջնորդելու է միշտ և այդ շահից է բխում նախ և առաջ ազգային առողջ բոլոր ուժերի միաբանությունը: Ուզում եմ հատուկ ընդգծել. հասարակության առողջ ուժերի համախմբումն ու միաբանումն ի փառս զարգացման և մարտահրավերների դիմակայման՝ ահա առաջընթացի ելքն ու ուղին: Եվ հակառակը. հասարակությանն ու ժողովրդին պառակտելը Հայրենիքի դավաճանություն է:

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր