ԱՆԻ ՊԱՊՅԱՆ

Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի ինստիտուտի 3-րդ կուրսի ուսանողուհի, ԱՄԿ Երևանի «Բաղրամյան 2» տարածքային կազմակերպության անդամ

Սիրելի մայրեր, քույրեր, ընկերուհիներ, շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ գարնանային տոնի կապակցությամբ:

Լեցուն դահլիճը վկայությունն է այն փաստի, թե որքան անդամ և համակիրներ ունի «Ազգային Միաբանություն կուսակցությունը» հայ կանանց շրջանում: Ես արդեն երկու տարի է, ինչ կուսակցության անդամ եմ և այսօր այս դահլիճում եմ, քանզի երազում եմ, որ մեր երկրում շուտափույթ կատարվեն դրական այնպիսի տեղաշարժեր, որ արդեն հաջորդ գարնան տոնին ամեն մի հայ տղամարդ հնարավորություն ունենա գոնե մեկ ծաղիկ նվիրել իր սիրած կնոջը:

Այսօր ես այս դահլիճում եմ, որովհետև ցանկանում եմ, որ ոչ մի ուսանողի ծնող այլևս սարսափով չսպասի կիսամյակային վարձի մուծման վերջնաժամկետին, այլ իր արժանապատիվ աշխատանքով հնարավորություն ունենա հոգալ զավակի ուսման ծախսերը:

Այսօր ես այս դահլիճում եմ, որովհետև փափագում եմ, որ ոչ մի հայ կին այլևս չմեկնի չակերտավոր արտագնա աշխատանքի՝ ստիպված լինելով այդ ճանապարհով ապահովել ընտանիքի գոյությունը:

Այսօր ես այս դահլիճում եմ, քանզի վստահ եմ, որ Հայաստանը պիտի դառնա իսկապես ժողովրդավարական և ազատ երկիր, որտեղ իմ ապագա զավակներն ապրելու են երջանիկ ու ապահով կյանքով:

Այսօր ես այս դահլիճում եմ, որովհետև հավատում եմ «Ազգային Միաբանությանը» և նրա առաջնորդ Արտաշես Գեղամյանին և համոզված եմ, որ միայն այս ուժն է ընդունակ մեր երկիրը հանել այս ծանր, ողբերգական վիճակից և կերտել ազատ ու բարգավաճ Հայաստան:

Կրկին՝ շնորհավո՛ր:

ՆԱԶԵԼԻ ՀԱԿՈԲՅԱՆ

«Ազգային Միաբանություն կուսակցության» Աբովյանի տարածքային կազմակերպության նախագահ, Աբովյան քաղաքի թիվ 4 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի

Ինչպես մեր ողջ երկրում, այնպես էլ Աբովյան քաղաքում սոցիալ-տնտեսական խնդիրները նույնն են: Փակվեցին քաղաքում գործող կոշիկի, «Սիրիուս» գործարանները, արտադրամասերի մեծ ու փոքր բազմաթիվ, չօգտագործված թանկարժեք սարքավորումներ ու հաստոցներ թալանվեցին, բնակչության մեծ մասը, որի շուրջ 60%-ը կանայք են, դարձան գործազուրկ: Ի հայտ եկան սոցիալական բազում խնդիրներ, որոնք իշխանությունները փորձում են լուծել օգնությունների, նպաստների չնչին միջոցով, այն էլ տրվում է խիստ անապահով ընտանիքներին: Շրջանում ծայրահեղ աղքատ ընտանիքների թիվը քիչ չէ, և բնակչության մեծ մասն ուշադրությունից դուրս է, որոնց մեջ էլ մեծամասնություն են կազմում կանայք: Կանանց ուսերին է ծանրացել երեխաների կրթության ու դաստիարակության հարցերը, դրան ավելացրած ընտանիքի նյութական և հոգեբանական բազմաթիվ հոգսեր: Օրվա խնդիր է գենոֆոնդի պահպանման, ազգային արժեքների սերմանման, դրանց պահպանման պատասխանատվությունը, ինչպես նաև ծերերի ու հաշմանդամների խնամքը: Հայ կինը, որը դարեր շարունակ եղել է օջախի հենասյունը, առաքինության խորհրդանիշը, այսօր դարձել է խոցելի, հայտնվել արտասահմանյան շուկաներում մարմնավաճառի դերում: Թրաֆինգը դարձել է գլոբալ բնույթի հանցագործություն: Անապահով ընտանիքներից հազարավոր կանայք, որոնց արտասահմանում աշխատանք են խոստանում, խաբվում են, դառնում պատանդ հասարակաց տներում:

21-րդ դարում կրթությունը դիտվում է հրատապ հարցերի լուծման միջոց: Պետք է ընդունել այն օրինաչափությունը, որ նոր մարդու ձևավորումն իր մեջ ներառում է ինչպես կրթական նոր նորմեր, այնպես էլ նոր աշխարհայացք, նոր պատկերացումներ կյանքի և հասարակարգի մասին: 20 տարի աշխատում եմ դպրոցում և եկել եմ այն համոզման, որ դաստիարակությունը և կրթությունը լիարժեք չի կարող ընթանալ, երբ խեղդված է սոցիալական ոլորտը: Գաղտնիք չէ, որ այսօր դպրոցը շնչահեղձ է լինում օպտիմալացում կոչվող սարդոստայնի մեջ: Ի՞նչ հպարտանալու բան է շուրջ 8000 վաստակաշատ ուսուցիչների աշխատանքից զրկելը, այն էլ մանկավարժին, որն այլ տեղ աշխատելու հնարավորություն չունի: Եվ ասվում է, որ օպտիմալացվածների աշխատավարձի հաշվին միանշանակ ավելացվել է աշխատող մանկավարժի աշխատավարձը: Կրթական համակարգի ղեկավարները մոռանում են, որ այդ չնչին ավելացումը կատարվել է ուսուցչի դրույքաչափի մեծացման հաշվին, այսինքն՝ ուսուցչի աշխատանքային ծանրաբեռնվածությունն ավելացել է 30%-ով:

Դպրոցներում ուշադրություն չի դարձվում սերնդի հայրենասիրական դաստիարակության վրա, մեր հնամյա ազգի, հայի ոգեղեն արժեքների ամրապնդման, բարոյահոգեբանական արժեքների վրա:

Գյուղատնտեսության բնագավառում հարկերը ծնկի են բերել գյուղացուն, պետությունը չի աջակցում, բայց պահանջում է: Էլ չեմ խոսում դրամի գնողունակության արժեզրկման, թանկացող ապրանքների, սպասարկման, ջրի, պարարտանյութերի, վառելիքի գների թռիչքային աճի, հարկային բեռի մասին, որը միշտ ծանրացած է գյուղացու ուսերին: Իշխանությունները չպետք է մոռանան, որ մենք գյուղ և գյուղացի ենք կորցնում, տղամարդիկ արտագնա աշխատանքի են մեկնում, ծանր բեռն ընկնում է կանանց ուսերին: Եթե կորցնում ենք գյուղը և գյուղացուն, նշանակում է առաջին հերթին թուլացնում ենք հայրենիքի սահմանները, նրա պաշտպանությունը, դրանով թուլանում է հողը, հայրենիքը:

Այս անմխիթար և խայտառակ վիճակից տուժում է ընտանիքը: Սիրելի կանայք, իհարկե, ես Ձեզ կոչ եմ անում ներողամիտ լինել ձեր ամուսինների նկատմամբ: Ամուր ընտանիքն ամուր պետության հիմքն է, բայց ի՞նչ է արվում այդ բջիջն առողջ, կենսունակ պահելու համար: Հայ կինը դարեր ի վեր միշտ էլ զգացել է ուժեղ տղամարդու աջակցություն, բայց եթե տղամարդն աշխատանք չունի, հուսալքված է, ինչպե՞ս կպաշտպանի կնոջ, ընտանիքի մյուս անդամների իրավունքները...

Առողջապահության ոլորտում նույնպես կինը հանդիպում է շատ խոչընդոտների. կարևորագույն դեղորայքի գների աճը, կանացի ծնելիության կտրուկ նվազումը, հիվանդության ժամանակ անվճարունակության պատճառով բժիշկներին չդիմելը, այս բոլորը մարդկանց հասցնում է հուսահատության, անվստահության, որն էլ իր հետևից բերում է ազգային ու ոգեղեն արժեքների կորուստ:

Անկումային մթնոլորտ է տիրում ողջ երկրում և մեր քաղաքում. դրան մեծապես նպաստում են փողոցներում մի խումբ մարդկանց ջիպերն ու մերսեդեսները, շքեղ առանձնատները: Մարդը պետք է լինի պետության ամենամեծ արժեքը, և եթե մեր իշխանությունների համար այն արժեք չունի, նշանակում է մեր պետությունն ամուր և հզոր լինել չի կարող: Ուստի և խաբված, թալանված ու հուսալքված ժողովուրդը, հատկապես կինը, ընդունակ է և պետք է պաշտպանի իր իրավունքներն ու շահերը: Ելույթ ունենալով մեր քաղաքի կանանց անունից, հայտարարում եմ, որ այս վիճակից մեզ կարող է դուրս բերել «Ազգային Միաբանություն կուսակցությունը», որն ունի հստակ ծրագիր և փորձառու ու գիտակ ղեկավար:

Պարոն Գեղամյան, վստահ եղեք, որ աբովյանցիների այն մասը, որոնց համար թանկ է հայրենիքը, մարդու արժանապատվությունն ու պատիվը միշտ Ձեզ հետ է, Ձեր կողքին: Մենք հավատում ենք Ձեզ և համոզված ենք, որ լուսաբաց է բացվելու հայոց հինավուրց ու բազմաչարչար աշխարհի վրա, հպարտ ենք, որ այդ լույսի ճանապարհի բացողը, կուտակված ամպերի ցրողը մենք ենք լինելու:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ

խոսքը

Թերևս ամենադժվար ելույթն է, որ պետք է ունենամ, որովհետև խիստ անսովոր լսարան է: Սովորաբար լինում է հակառակ պատկերը, այն է` դահլիճում գերիշխողը տղամարդիկ են և, ցավոք սրտի, սակավ թվով կանայք: Անգամ այդ պայմաններում սակավ թվով կանայք, ասես, ստիպում և պարտավորեցնում են, որ զգոն լինես, զգույշ լինես այն արտահայտությունների մեջ, որոնք գալիս են մտքիդ, լեզվիդ, բայց, ավա՜ղ, խեղդում և ճնշում ես: Հիմա պատկերացրեք իմ վիճակը, այն էլ այն խոսքերից հետո, այն ճշմարտացի քննադատությունից հետո, այն մտահոգություններից հետո, որոնք բոլորս Ձեզ հետ այսօր ունկնդրեցինք: Բնականաբար, մտածում էի՝ ինչպես կառուցեմ ելույթս, հիշե՞մ համաշխարհային քաղաքակրթության անվանի կանանց՝ սկսած Հին կտակարանից, Հուդիթին հիշե՞մ, որ կարողացավ անձնազոհության ճանապարհով փրկել իր ազգին՝ հրեաներին, գլխատելով իր սիրած էակին՝ Օլոֆերնին՝ Ասորեստանի Նավուխոդոնոսոր արքայի անվանի զորապետին, միգուցե Կլեոպատրային հիշե՞մ, որն իր աննման գեղեցկությամբ ու խելքով գերեց Հուլիոս Կեսարին, որի շնորհիվ էլ դաժանորեն պատժեց իր բոլոր հակառակորդներին և միանձյա գերիշխանություն հաստատեց Եգիպտոսում: Իսկ միգուցե հիշե՞նք պաշարված Կարթագենի կանանց սխրանքը, որոնց հռոմեացիները մեծահոգաբար հորդորել էին այրվող քաղաքից դուրս բերել իրենց ամենաթանկ էակներին, և զարմանքով տեսան, որ պաշարվող և այրվող Կարթագենի դարպասներից կանայք կքված՝ իրենց մեջքերի վրա դուրս էին բերում ոչ թե սեփական երեխաներին, այլ վիրավոր զինվորներին: Թե հիշե՞մ մեր դյուցազնավեպի հերոսուհիներին՝ Ծովինարին, Խանդութին: Եվ ի՞նչ զուգահեռներ տանեմ այսօրվա մեր կյանքի, այսօրվա մեր իրողությունների հետ: Ակամայից մտաբերեցի այն հանդիպումները, որոնք ունեցել եմ իմ գործընկերների հետ Հայաստանի ամենատարբեր մարզերում: Առավել տպավորվել էր Վարդանի Ձոր գյուղում ունեցածս հանդիպումը: Մեղրու շրջանում, լեռնային հատվածում անտառների մեջ կորած մի գյուղ էր: Հանդիպմանը, ասես, ամենաուշադիրը տարեց մի կին էր, որ արցունքն աչքերին ունկնդրում, գրեթե որսում էր իմ ամեն մի խոսքը: Այդ պահին ինձ համար հասկանալի չէր, թե ի՞նչն էր այս կլանվածության պատճառը: Հանդիպումից հետո ասաց՝ տղա ջան, անպայման պետք է գնանք մեր տուն: Պատասխանեցի՝ սիրով, բայց ի՞նչն է խնդիրը: Հոգոց քաշեց՝ ազատամարտիկ է որդիս, ամուսինս էլ է ազատամարտիկ եղել, նա զոհվել է, իսկ որդիս անկողնային հիվանդ է՝ ողնաշարի հատվածում փամփուշտ կա, գամված է անկողնուն: Ասացի՝ շատ լավ, սիրով: Ընկերներիս հետ հուզված մտանք տուն: Հայկական չքավոր մտավորականի տուն էր. կիսակոտրված պահարան՝ գրքերով լեցուն, անկողնուն գամված երիտասարդ: Կինն ընդամենը մի բան խնդրեց, հորդորեց՝ որդուս ասա, որ դու կառավարության ներկայացուցիչ ես, իշխանությունների ներկայացուցիչ ես և հատուկ եկել ես գյուղ, որ տեսնես իրեն, որովհետև տաս տարուց ավել է գամված է անկողնուն և անուշադրության մատնված: Բացարձակապես ոչ մի իշխանավոր չի հետաքրքրվել նրա կյանքով ու առօրյայով, անգամ սալյակ չունի: Ասացի՝ ախր, մայրիկ ջան, ես ճիշտ հակառակը՝ ընդդիմադիր եմ, ինչպե՞ս խոսեմ: Պատասխանեց՝ դու դրանով կփրկես կամ կերկարաձգես նրա կյանքը: Գնացինք, ներկայացանք, իբրև կառավարության անդամներ. տղան անկողնու մեջ նստեց, մայրը՝ հուզվեց: Ակամայից գրականությունից հիշեցի Օ’Հենրիի «Վերջին տերևը» պատմվածքը: Երբ թոքերի բորբոքումով մահամերձ աղջնակը հույսը դրել էր պատուհանից երևացող ծառի վրայի եղած տերևների վրա և ինքն իրեն ներշնչել էր, որ երբ ծառի վրայի վերջին տերևն ընկնի, այդ ժամանակ իր կյանքի թելը կկտրվի: Եվ այդ վերջին տերևը, ինչքան էլ փոթորիկ ու քամի է լինում, այդպես էլ չի ընկնում: Երեխան ապաքինվում է: Երբ ապաքինվում է, մայրն ասում է, իսկ դու, բալաս, ուշադրություն չդարձրեցիր, որ անգամ այդ ահեղ քամիների դեպքում էլ տերևը նույնիսկ չշարժվեց: Աղջնակը զարմացած հայացքը հառեց մորը: Մայրն էլ պատասխանեց, թե դա հռչակավոր գեղանկարիչ Գերմանի վերջին աշխատանքն էր, նա էր ուշ գիշերով, երբ քամին գցել էր վերջին տերևը, այն նկարել: Աղջնակը փրկվեց, իսկ գիշերով քամուն, անձրևին ու ցրտին այդ տերևը նկարելով, ինքը՝ նկարիչը, հիվանդացավ և թոքաբորբից մահացավ՝ սեփական կյանքի գնով փրկելով աղջնակին: Սա է զուգահեռը. ազատամարտիկի մայրն ասում է՝ եկեք, թեկուզ խաբեության գնով փրկեք որդուս կյանքը, որ նա ապրի, փոխարենը թող ես մահանամ, որ ստով եմ կյանքը փրկում: Ահա, այսպիսին է հայ կնոջ պատկերը:

Մեկ ուրիշ դրվագ, որը նույնպես մխրճվել է սրտիս մեջ և արյունը մինչ օրս էլ ծորում է: Այսօր էլ, երբ տեսնում եմ կանանց թշվառ վիճակը, ասես, աչքիս առաջ են գալիս նրանց հոգու վեհությունը բնութագրող դրվագները: Բյուրականից գալիս էինք, կանայք սև հագուստով մեքենայի ճանապարհը կտրեցին: Ճանապարհը կտրեցին, անշուշտ, իջանք՝ հարցնելով, թե ինչո՞վ կարող ենք օգտակար լինել: Ստիպեցին, որ անպայման գնանք իրենց տուն: Ասացինք՝ ախր, դատարկ ձեռքով առաջին անգամ օջախ ո՞նց մտնենք: Պատասխանեցին՝ ոչինչ, մտեք: Մտանք օջախը՝ տունը գրեթե դատարկ էր, մահճակալ էր, պատին զոհված ազատամարտիկի պատկեր, կիսակոտրված աթոռներ, սեղան: Հարցրեցինք՝ ինչո՞վ կարող ենք օգտակար լինել: Պատասխանեցին՝ մի կես ժամ առաջ այստեղ էին դատական հարկադիր կատարածուները, եկել էին գույքագրեին տան եղած-չեղածը, որ չմուծված ջրի վարձի դիմաց օտարեին այն: Հարկադիր կատարածուները 14.000 պարտքի դիմաց բարեխղճորեն եկել են զոհված ազատամարտիկի մոր տան եղած-չեղածը տանելու: Երիտասարդ այրին պատասխանել էր՝ ինչ տանում եք տարեք, միայն թե ամուսնուս նկարը չտանեք, որովհետև տանս ամենաթանկը դա է: Կատարածուները խիղճ են ունեցել, լացել են, ասել են՝ հարամ լինի էն հացը, որ մենք ուտում ենք: Միամիտս կարծեցի, որ այդ հարկադիր կատարածուների ազգանունները պետք է տար, որ ես հետագայում ամբիոնից նրանց ուղարկողներին անարգանքի սյունին գամեմ: Բայց, ոչ, տանտիրուհին ասաց, որ հերվան կովը ծնել է, կաթը յուղալի է, Դուք էլ ճամփի վրա եք, ուզում եմ թան խմեք նոր գնաք: Էս է հայ կինը:

Եվ ակամայից մտածեցի. իսկ որտեղից է իր հոգևոր սնունդը ստանում հայ կինը, ակունքները որտե՞ղ են: Բնականաբար, ակունքները մեր դյուցազնավեպում են, «Սասունցի Դավթում» են: Բոլորս հիշում ենք, թե ինչպես Խանդութը պահեց իրեն՝ հեռակա սիրահարված լինելով Դավթին: Երբ Դավիթը երկու-երեք օր ռազմի դաշտից չի վերադառնում, Խանդութի սիրտը տագնապով է լցվում, չլինի՞ թե վիրավորել կամ սպանել են Դավթին: Գնում է Դավթի հետևից, որ դին կարողանա թշնամուց վերցնել, բերել հողին հանձնել և լալ: Ճանապարհին տեսնում է, որ Դավթի ձիու վրա դյուցազուն է գալիս: Հեծյալի դեմքը կարմիր լաթով ծածկված է լինում և ձայնն էլ, թվում է, թե ուրիշ է: Հարցնում է, ո՞ւր ես գնում: Գնում եմ Դավթին տեսնեմ: Ասում է՝ Դավթին ես սպանել եմ, և խուրջինի մեջ էլ նրա գլուխն է: Խանդութն ըմբոստանում է, գոտկակռվի է բռնվում հետը: Երբ Դավիթը ծնկի է բերում Խանդութին, վերջինս հարկադրված ասում է, որ ինքը կին է: Այդ ժամանակ էլ հեծյալը ծիծաղում է, Խանդութն էլ հասկանում է, որ նա Դավիթն է: Այնուհետև նրանք ամուսնանում են: Սիրահարված կինը գնում է դեռ իր ամուսին չդառած ընտրյալի հետևից, մարտի դաշտից դին բերելու: Արդյոք նույնը չէի՞ն անում մեր քույրերը Արցախի ազատամարտի ժամանակ, երբ, ինչպես պատմում էր Արցախի հերոս Սամվել Բաբայանը, մնում էինք զարմացած բուժքույրերի սխրանքից՝ ծանր վիրավոր ազատամարտիկներին ռազմի դաշտում պայթող ռումբերից պաշտպանում էին իրենց մարմնով: Բա մեր կանանց այս օրը պետք է գցեին, բա չգիտակցեի՞ն, չհասկանայի՞ն՝ ով է հայ կինը, բա չհասկանայի՞ն, ով է Ծովինարը, որը հարկադրված էր մի ամբողջ երկիր փրկելու համար գնալ Բաղդատի խալիֆայի կինը դառնալ. Ծովինարը, հղիանալով բուռուկես ջրից, այդպես էլ չտրվեց խալիֆային: Բա հիմա Ծովինարի պատկերը հիշենք, թե այսօրվա վայ իշխանավորների պատկերը, որոնց ղեկավարած երկրից փախչում են մեր կանայք նույն այդ խալիֆաների մոտ, Թուրքիա: Իսկ ինչո՞ւ է այդպես: Այսօրվա իշխանավորները չգիտեն մեր հողուջրի, մեր ժողովրդի պատմությունը: Անտեղյակ են հայ մարդու կերպարից, եթե տեղյակ լինեին՝ միթե՞ կթողնեին, որ այս վիճակում հայտնվեր հայ կինը: Միթե՞ կարելի կլիներ անգամ իսկ կանանց տոնը նշելու համար զրկել «Ազգային Միաբանություն կուսակցությանը» ավելի մեծ դահլիճում հանդիպում ունենալու հնարավորությունից: Կարելի է նորանոր պատմություններ հիշել հայ կնոջ անվեհերության, տոկունության դրսևորումների մասին, բայց, թերևս, ամենաճիշտը կլինի այն, որ մենք այսօր՝ սակավաթիվ տղամարդիկ, կարողանանք խոստովանել, որ մենք անասելի պարտք ունենք տալու մեր քույրերին, մեր մայրերին, մեր կանանց, մեր դուստրերին: Եվ այդ պարտքը մենք պետք է, այո, երդվենք, որ անպայման փոխհատուցելու ենք Ձեզ՝ Ձեր տանջանքների, տառապանքների համար, որ Դուք կրեցիք 1991-95 թթ., երբ ցուրտ ու մութ տարիներին ոչ միայն Ձեր ամուսիններին, Ձեր որդիներին էիք սիրտ տալիս, այլ նաև Ձեր ողջ կեցվածքով ստիպում, պարտադրում էիք, որ մենք էլ մեզ հպարտ զգանք, իմանալով, որ յուրաքանչյուրիս տանը Խանդութ կա, ամենքիս տանը Փառանձեմ կա, որն անգամ իսկ կյանքի գնով կարողացավ իր որդուն` Պապին փրկել, ուղարկել Հռոմ՝ ուսում ստանալու, Հայաստանի թագավոր կարգվելու: Էլ չենք խոսում, թե որքան բարձր պահեց նա իր ամուսնու՝ Արշակ թագավորի պատիվը: Ուրեմն, երիցս փառք հայ կնոջը: (Բուռն ծափահարություններ):

Որ չստացվի՝ խոսք էր ասացի, պետք է երդվենք: Ուզում եմ պատմությունս շարունակած լինեմ: Նույն մեր դյուցազնավեպի հերոսը՝ Սասունցի Դավիթը, երդմնազանց եղավ՝ Չմշկիկ սուլթանին խոստանալով վերադառնալ 7 օրից, բայց չկատարեց իր խոստումը, 7 տարի ուշացավ: Եվ երբ վերադառնում էր, սպանվեց թունավոր նետից, որն արձակել էր մի չքնաղ աղջնակ: Չմշկիկ սուլթանի աղջիկն էր նա, որը Դավթից էր: Դավիթն ասաց, որ իմ սերմն ինձ սպանեց: Ուրեմն, եթե այստեղ գտնվող տղամարդիկ, նրանց ընկերները չկարողանան կնոջը` հայ կնոջն այս վիճակից հանել, չկարողանան լուսավոր տաճարի ճանապարհ բացել, ուրեմն, թող Դավթի նման երդմնազանց համարվեն ու թող մեր սերմն էլ մեզ սպանի:

Սիրելի՛ կանայք, ախր, ինչքան ուզում եմ չլրջացնել, չի ստացվում, որովհետև երբ գիտես իրական վիճակը, չես կարող ուրախ պատմություններ պատմել, ուրախ դեպքեր մտաբերել: Թող միակ ոգևորիչն իմ խոսքում լինի այն, որ այսօր էլ Ձեր այստեղ գալը, համակ լռությամբ Ձեր գործընկերուհիներին լսելն ամենամեծ գրավականն է այն բանի, որ հայ կինը եղել է, կա ու հավերժ ապրելու է իր բնօրրանում` Հայաստանի Հանրապետությունում: (Որոտընդոստ ծափահարություններ):

«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ելույթը

ընտրողների հետ ՀՀ ԱԺ «Ազգային Միաբանություն» խմբակցության պատգամավորների հանդիպման ժամանակ

28.10.2004, Կինոյի տուն

Հոկտեմբերի 28-ին Կինոյի տան դահլիճը և միջանցքները լեփ-լեցուն էին: Հազարից ավելի մարդիկ եկել էին «Ազգային Միաբանություն կուսակցության» ԱԺ պատգամավորների հետ հանդիպման: Հոտնկայս, բուռն, որոտընդոստ ծափահարություններով ներկաները դիմավորեցին կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանին: Հերթական անգամ անհասկանալի և տարօրինակ էին իշխանական լրատվամիջոցներով Ա.Գեղամյանի ելույթին տրված հիվանդագին և ջղագրգիռ մեկնաբանությունները: Մեր այս գնահատականի հետ, հարգելի՛ ընթերցող, կարծում ենք, համակարծիք կլինեք՝ կարդալով նրա բանավոր խոսքի ամբողջական շարադրանքը:

Սիրելի՛ հայրենակիցներ, այսօրվա հանդիպումը մեծապես պայմանավորված է աշխարհաքաղաքական ծայրաստիճան այն բարդ իրավիճակով, որը, անշուշտ, իր լրջագույն ազդեցությունն է թողնելու ոչ միայն տարածաշրջանային հնարավոր զարգացումների վրա, այլ նաև Հայաստանի Հանրապետության: Բավական է հիշատակել Անվտանգության և համագործակցության եվրոպական հանձնաժողովի օրերս ընդունած անչափ վտանգավոր զեկույցը, որն արդեն իսկ քննարկվել է ամերիկյան սենատի համապատասխան ստորաբաժանումում: Զեկույցը բաղկացած է 24 էջից, որից 17-ը նվիրված են Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր զարգացումներին, արդարացիորեն առանձնահատուկ խիստ բացասական գնահատականներով նշված է անցած տարի կայացած թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական ընտրությունները: Սահմռկեցուցիչ հարցադրումներ կան նաև կապված հոկտեմբերի 27-ի ոճրագործության վերաբերյալ: Զեկույցում մասնավորապես ակնարկվում է, որ կարող են նորանոր հանգամանքներ ի հայտ գալ հոկտեմբերի 27-ի գործով: Այդ ողբերգական դեպքերից 5 տարի անց հիշատակվում է, որ Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի ընտանիքներում համոզմունք կա, որ այդ ամենի հետ առնչություն ունեն և Հայաստանի գործող իշխանությունները:

Այս զեկույցին հաջորդեց հոկտեմբերի 18-ի՝ ավելի քան 100 երկիր միավորող Միջազգային ճգնաժամերի վերլուծության կենտրոնի կազմած զեկույցը, որը նույն բնութագրումով, նույն գնահատականներով վեր է հանում Հայաստանի Հանրապետությունում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Հենց այսօր արդեն իսկ հայտնի դարձավ, որ Միավորված Ազգերի Կազմակերպությունում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը հանդես է եկել հարցադրումով, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկման առարկան դառնա Հայաստանի կողմից, իբր, գրավված ադրբեջանական 20% տարածքների հարցը: Հարց է բարձրացված, ըստ որի, Հայաստանը, իբր, Ադրբեջանի Հանրապետությունում իրականացրել է էթնիկ զտումներ: Ցավով եմ ուզում ասել՝ ՄԱԿ-ի գլխավոր կոմիտեն ընդունել է դա և հարցն ընդգրկել օրակարգում: Երբ ամիսներ շարունակ տագնապի շեփոր էի հնչեցնում, մամուլում հանդես էի գալիս, հնարավոր եղավ նաև Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ելույթ ունենալ այս հարցերի շուրջ, մեր իշխանավորների կողմից արժանացան քար լռության ու քար անտարբերության: Եվ, ահա, այսօր մենք այստեղ հավաքվել ենք, որպեսզի Ձեզ հետ որոշենք մեր պատասխանատվության չափը, աստիճանը Հայաստանի առջև դարանակալած այն վտանգների, որոնք հղի են լուրջ հետևանքներով, և ձևակերպենք մեր անելիքները:

Նախ, սրտանց ողջունում եմ բոլորիդ և խորին շնորհակալություն հայտնում յուրաքանչյուրիդ, որ գալիս եք սատարելու ոչ թե ինձ կամ իմ գործընկերներին, այլ այն գործը, որին ձեռնամուխ ենք եղել տարիներ առաջ: Ինձ համար դյուրին չէ խոսել այս ամբիոնից, այն առումով, որ չկրկնեմ մտքերս, բայց ի՞նչ կարող եմ անել. վերքերը նույնն են՝ չեն սպիանում, արնածոր են լինում, իշխանությունները նույնն են, նրանց հանդգնությունը, արյունարբությունը, լկտիությունը ամենևին չի պակասել, բայց ավելացել են միայն երկրին սպառնացող մարտահրավերները: Եվ այս պարագայում ակամայից մտածում ես՝ խոսես կենսաթոշակառուների խղճուկ վիճակի՞ց, որոնց թոշակները 4 անգամ ավելի պակաս են, քան պարենային նվազագույն զամբյուղը, թե ուսանող պահող երեխաների ծնողների դրությունից, ովքեր սեպտեմբեր ամսից սկսած, ասես, սուգ ու շիվան են կապել, որովհետև ուսման վարձի միջոցներ չունեն, իսկ միգուցե խոսես մանկավարժների առօրյայից, կյանքից, որոնք մինչ օրս դասարան են մտնում սովետի օրոք գնված շորերով: Թե խոսես բժիշկներից, որոնք սովից ուշագնաց են լինում անգամ վիրահատարանում, իսկ միգուցե խոսես ցոփ կյանքով ապրող, անաշխատ եկամուտները կազինոներում և գիշերային ակումբ-պոռնկատներում ցփնող այս վարչակազմի հենարանը հանդիսացող մարդկանց առօրյայից կամ էլ «փառապանծ» իշխանությունների վերջին սխրանքի մասին՝ Եհովայի վկաների գրանցումից և դրան հաջորդած խրոխտ կոչերից՝ դրա դեմ, իբր, պայքար ծավալելու վճռականությունից ու պատրաստակամությունից:

Այս ամենը, երբ գիտես, մտածում ես՝ լավ, ի՞նչ անես, ո՞նց անես, ո՞նց անես, որ հայը հայի արյուն չթափի, ո՞նց անես, որ իշխանափոխությունն անցնցում լինի, ինչի՞ն ապավինես, ո՞ւմ ապավինես, ո՞ր գաղափարը դրոշիդ վրա գրես:

Եվ, ահա, այս մտորումներն են, որ ակամայից ինձ տեղափոխում են մեր մեծերի ժողովարանը: Ձեզ հետ մտովի գնանք, գնանք խորհրդի նստենք նրանց հետ, որովհետև այսօրվա մեր Հայաստանում հատուկենտ մեծեր են մնացել ում հետ կարելի կլիներ խորհրդի նստել, մնացած բոլորը մի բուռ շքանշանով հոգիները վաճառեցին սատանային: Եվ այդ խորհրդարանում՝ հայոց մեծերի խորհրդարանում, անշուշտ, մենք կհանդիպենք (պատմական թվերով եմ ասում, չասեք՝ առաջինն Արտաշես թագավորին հիշեց) Արտաշես 1-ին թագավորին, կհանդիպենք Տիգրան Մեծին, Գրիգոր Լուսավորչին ու Տրդատ 3-րդին, Մեսրոպ Մաշտոցին կհանդիպենք: Այնտեղ կլինի, անշուշտ, Վարդան Զորավարը Սահակ Պարթևի հետ, մեծն Ագաթանգեղոսը քերթողահայր Խորենացու հետ: Ասես դատախազական աթոռին բազմած՝ իր Դատաստանագիրքը ձեռքին ներկա կլինի Մխիթար Գոշը, որը չգիտի՝ ո՞ւմ դատի, որովհետև մեղավորները մեզանում չափազանց շատ են, և նրանք բոլորն էլ հայեր են: Այնտեղ կլինի նաև Խաչատուր Աբովյանն իր «Վերք Հայաստանի (Ողբ հայրենասերի)» գիրքը ձեռքին՝ մտածելով, իսկ մենք կարծում էինք, որ ազատ, անկախ Հայաստանում հայ ժողովրդի վերքերն արդեն կսպիանան: Կհանդիպենք Սողոմոնին՝ Կոմիտասին, Խրիմյան Հայրիկին՝ Վազգեն առաջին կաթողիկոսի հետ մտահոգ, կհանդիպենք Գրիգոր Զոհրապին, Սիամանթոյին, Դանիել Վարուժանին, ովքեր զարմացած, թվում է, թե կասեն՝ մեր արյունը հոսեց Կոստանդնուպոլսում, թույլ մի եղեք, թույլի արյունն են խմում, թշնամին նույնն է, պաշտպանը չունեք: Այնտեղ կտեսնենք Հովհաննես Քաջազնունուն՝ Ալեքսանդր Մյասնիկյանի հետ զրույցի բռնված, նաև Իսահակյանին, Չարենցին, Շիրազին, Պարույր Սևակին, Վիկտոր Համբարձումյանին: Կտեսնենք Հայաստան եկած Արամ Խաչատրյանին, Ալեքսանդր Սպենդիարյանին, Ալեքսանդր Թամանյանին ... Եվ, ահա, Ձեզ հետ փորձենք խորհել, թե ի՞նչ կասեն նրանք՝ մեր մեծերը, ի՞նչ խորհուրդ կտան, ի՞նչ կհուշեն բոլորիս, որ կարողանանք թոթափել ապազգային այս իշխանությունների բեռը, որոնք բացարձակապես ոչ մի ընդհանուր բան չունեն թե՛ մեր հող ու ջրի, թե՛ մեր նախնիների ու մեր մեծերի հետ: (Բուռն ծափահարություններ):

Արտաշես թագավորը, անշուշտ, կասեր՝ Հայրենիք հիմնեցի, Արտաշատ մայրաքաղաք ստեղծեցի, Տիգրան Մեծը կավելացներ՝ Հայաստանը ծովից ծով դարձրեցի, Պաղեստինից հրեաներ բերեցի, որ արհեստներ զարգացնեմ, իսկ Գրիգոր Լուսավորիչը կասի՝ միթե՞ անիմաստ ու ապարդյուն 40 օր Խոր Վիրապի նկուղում՝ զնդանում, զօր ու գիշեր անցկացրեցի ու հավատքով լեցուն դուրս եկա: Տրդատն էլ կասի՝ քրիստոնեությունը պետական կրոն դարձրեցի, որ աչքի լույսի պես փայփայեք, որովհետև ով շեղվում էր այդ ուսմունքից՝ խոզի ճակատագրի էր արժանանանում: Բա պետք չի՞ այս ամենից դասեր քաղել: Իսկ Մեսրոպ Մաշտոցը, հավանաբար, կտրտնջար ասելով՝ գիր ու գրականության տեր դարձրեցի, որ միմյանց հասկանաք, չկորցնեք Ձեր հավատքն առ Աստված ու հանկարծ Բաբելոնի աշտարակաշինարարների ողբալի ճակատագրին չարժանանաք, երբ միասին աշտարակ էին կառուցում՝ իրար լեզու չհասկանալով գժտվեցին, հավատազուրկ էին, որի պատճառով էլ ոչ միայն աշտարակը չկառուցեցին, այլև կործանվեց Բաբելոնը: Քերթողահայր Մովսես Խորենացին մեզ հանդիպելիս, ավա՜ղ, ամենևին չէր խոսի հայկական հերոսապատումներից, այլ ցավով, ափսոսանքով կասեր, կհառաչեր՝ «Ողբամ ըս Քեզ Հայոց աշխարհ, զի թագավորդ մանուկ է»: Սա է այսօրվա իրականությունը: Իսկ Մխիթար Գոշը շվարած կմտածեր՝ արդյոք Դատաստանագիրքը գրե՞լ էի, որ հայոց մի ամբողջ «վերնախավ» դրանով դատվի, որ յուրաքանչյուր իշխանավոր այսօր դրա տասնյակ հոդվածներով պատժվող մեղքեր գործած լինի, նզովվելու հիմքեր ունենա... Եվ, այսպես, պատմական քառուղիներով, երբ գալիս ես, անշուշտ, գալիս հասնում ես 19-րդ դարի սկիզբ՝ հանդիպում ես Խաչատուր Աբովյանին: Մի՞թե այդ մեծ մտածողն ու երազողը, որի վերջին հանգրվանն էր Արարատ սուրբ լեռը, կխոստովանի, որ մեր օրերի համարել է խիստ արդիական իր հայտնի վեպը: Այսօր էլ եթե ծնվի նոր Խաչատուր Աբովյան, ապա Քոչարյանին փառաբանող երկեր չի գրի, շքանշաններ ստանալուց կհրաժարվի, կգրի, այո, բայց նորօրյա «Վերք Հայաստանի (Ողբ հայրենասերի)»: Իսկ Գրիգոր Զոհրապը, Սիամանթոն կամ Դանիել Վարուժանը արդյոք չեն ասի՝ մի՞թե միլիոնավոր անմեղ մարդկանց թափված արյունը, Դեր-Զորի անապատից լսվող հառաչանքներն այդպես էլ ոչ մի դաս չտվեցին Ձեզ, մի՞թե չէիք գիտակցում հայոց «ջոջեր», որ սեփական գրպանով առաջնորդվողն անխուսափելիորեն սատանայի գիրկն է ընկնում: Իսկ Քաջազնունին էլ իր հիացական հայացքը կգցի Ալեքսանդր Մյասնիկյանին, որը կործանված Առաջին հանրապետությունը՝ ողբի, վշտի, աղքատության, համաճարակների հանրապետությունը, վերածնեց, համայն հայության մեծերին բերեց, հավաքեց Հայաստանում, որ վերջիններս ստեղծեն վիթխարի, հրաշակերտ կոթողներ, որով հայոց անունը, հայ մարդու ստեղծագործ ու շինարար, մտքի հզոր թռիչք ունենալու փաստն արձանագրվի դարերի մեջ: Իսկ հայոց վիշտն իր մեջ ներառած Կոմիտասն էլ տխուր հայացքով, ասես թե, կմեղադրի բոլորիս՝ ի՞նչ «Կռունկի» նոր մեղեդի գրեմ, նոր բառերով հավելեմ 20-րդ դարի վերջին - 21-րդ դարի սկզբին անկախ Հայաստանը լքող «կռունկների» հարյուրավոր երամներով հարյուր հազարավոր մարդկանց ճակատագիրը: Խրիմյան Հայրիկն էլ Վազգեն կաթողիկոսի հետ ահազանգ կհնչեցնի. հիշեք Սոդոմի և Գոմորի ողբալի ճակատագիրը, երբ հավատակորույս մարդիկ իրենց քաղաքներով կործանվեցին, իսկ Դուք 1700-ամյա հայոց եկեղեցու անցած հերոսապատումից և ոչ մի դաս չքաղեցիք, ձեզանում հանդուրժեցիք Եհովայի վկաների և մահաբեր աղանդների գոյությունը: Իսկ Չարե՞նցը, միգուցե նա էլ վերհիշի ասելով՝ «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի, Ուրիշ ոտքեր կախաղան թող մոտ չգան: Ու թող տեսնեն իմ աչքերի մեջ կախվածի, Չքնաղ երկիր, լուսապսակ քո ապագան»: (Բուռն ծափահարություններ): Չգիտեր, հավանաբար, նա չգիտեր մեր գլխին գալիքը, որ հոկտեմբերի 27-ին, իրենից զատ, դարձյալ կախաղան են գնալու, բայց ստիպողաբար՝ ոչ թե հոժարակամ, Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը, մեր մյուս 6 գործընկերները, որոնք այսօր էլ իրենց շիրիմներից բոլորիս, ասես թե, պատգամում են՝ Հայաստանի բախտն ու ճակատագիրը վերցրեք Ձեր ձեռքը, այլևս նահանջելու տեղ չկա ... (Ծափահարություններ):

Այնտեղ կհանդիպենք նաև Վիլյամ Սարոյանին՝ «Ես հեռավոր Ֆրեզնոյում լավ ճակատագրից չէր, որ հայտնվեցա, ծնողքիս հետ եղեռնուց փախած էի, հիմա այդ ինչ վիճակի եք հասցրել իմ չքնաղ երկիրը, որ մարդիկ կփախչեն հայրենիքեն ասես յաթաղանից: Ինչո՞ւ եք դատապարտում իս, որ հայ մանչուկներու համար հարազատ կերպար դառնա Ջոնին, ում սիրտը բաբախում էր օտար լեռներում...»:

Այնտեղ՝ մեր մեծերի ժողովարանում, եթե մտովի լինենք, ապա, համոզված կարող եմ ասել, մի կողմ կդնենք մանր-մունր բոլոր տարաձայնությունները, շինծու, արհեստական այն բոլոր խոչընդոտները, որոնք շատ հմտորեն ուղղորդվում են Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից: Եվ լսելով մեր մեծերի պատգամ-նախազգուշացումները՝ կամա, թե ակամա ներքին մեծագույն պահանջ ես ունենում վերլուծելու երկրումդ և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, իսկ երբ խորհում ես այդ մասին, ապա հանգում ես չափազանց տխուր եզրակացությունների, որոնք, ավա՜ղ, այդպես էլ մեզանում լրջագույն քննարկման առարկա չեն դառնում:

Դեռ տարիներ առաջ ահազանգում էի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի կառուցման և շահագործման հետևանքով Հայաստանի առջև ծառանալիք վտանգների մասին: Այսօր արդեն իսկ 1767 կմ երկարությամբ նավթատարը գրեթե կառուցված է. մարտին կավարտվի շինարարությունը Վրաստանի տարածքում, ապրիլին՝ Թուրքիայի և Ադրբեջանի տարածքներում, ու մայիսին տարեկան կտրվածքով 50 մլն տոննա նավթ հնարավոր կլինի Կասպից ծովից տեղափոխել Միջերկրական ծովի Ջեյհան նավահանգստը: Սա զուտ խողովակաշար չէ, ինչպես փորձում են ներկայացնել, սա այն խողովակաշարն է, որի վրա արդեն իսկ 3,5 մլրդ դոլար են ծախսել աշխարհի տրանսազգային նավթային 10 ամենախոշոր ընկերություններ, այդ թվում՝ ամերիկյան, բրիտանական, նորվեգական, ճապոնական, առանձնահատուկ ուզում եմ շեշտել, նաև՝ ֆրանսիական «Էլֆ» ընկերությունը, իրանական պետական նավթային ընկերությունը: Պատահական չէ, որ առանձնահատուկ եմ հիշատակում վերջիններին, դրանք մեզ բարեկամ երկրներ են:

Կարծում եմ օրինաչափ էր, երբ տագնապի շեփոր հնչեցրեցի՝ մեջբերելով ՆԱՏՕ-ի շրջանակներում Եվրոպայում ԱՄՆ-ի զինված ուժերի փոխհրամանատար, ռազմաօդային ուժերի գեներալ Չառլզ Ուոլդի այն խոսքերը, ըստ որի Եվրոպայից իրենց ստորաբաժանումները տեղափոխվելու են նաև Հարավային Կովկաս, մասնավորապես, Սենատի համապատասխան հանձնաժողովում ուղղակիորեն հիշատակվել է՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան: Առանձնահատուկ ասվել է, որ այս տարածաշրջանը Միացյալ Նահանգների համար դառնում է աշխարհաքաղաքական նոր առանցք՝ մի կողմից Կասպից ծովի նավթային պաշարների շնորհիվ, մյուս կողմից՝ այն վտանգների, որոնք պայմանավորված են թմրանյութերի տեղափոխմամբ, զենքի անօրեն վաճառքով ու ահաբեկչությամբ: Բա լավ, իշխանավորնե՛ր, չմտածեք՝ ի՞նչ է դա նշանակում, ի՞նչ է նշանակում մեր տարածաշրջանում տեղակայվել, որտե՞ղ պետք է տեղակայվեն: Ինչ, կարո՞ղ է ակնարկն ուղղված էր Թուրքիային. իհարկե, ոչ, Թուրքիան ԱՄՆ-ի ռազմաքաղաքական դաշնակիցն է, ՆԱՏՕ-ի անդամ երկիր: Բնավ Հայաստանին էլ ուղղված չէր, քանզի անկախության տարիներին ԱՄՆ-ն 2 մլրդ դոլարից ավել հումանիտար օգնություն է հատկացրել մեր երկրին, ավելին, բոլորն էլ գիտեն, որ այստեղ ոչ զենք են արտադրում և ոչ էլ կակաչ աճեցնում: Ուղղված չէր նաև Վրաստանին ու Ադրբեջանին: Ակնարկը մեկն էր՝ Իրանը: Իսկ ի՞նչ է նշանակում այնտեղից փակել հնարավոր (չգիտեմ, գոյություն ունի այդ փաստը, թե ոչ), տարանցիկ երթուղիները: Դա նշանակում է, որ Ջեբրայիլի, Զանգելանի, Ֆիզուլու շրջաններում պետք է տեղակայվեն համապատասխան ուժեր, ինչի մասին և ասվել է: Հենց այս նույն հարցն է շոշափել Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը՝ Պենտանգոնի շեֆ Դոնալդ Ռամսֆելդը, սեպտեմբեր ամսին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի իր գործընկեր՝ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի հետ: Հանդիպման ժամանակ նա ուղղակիորեն ասել է, որ Ռուսաստանի մտահոգությունները, ըստ որի Արևմտյան Եվրոպայում տեղակայված ամերիկյան ռազմական ուժերի վերադասավորությունների արդյունքում դրանք տեղափոխվելու են Ռուսաստանի արևմտյան սահման, ամենևին չեն համապատասխանում իրականությանը, քանի որ այդ զորքերը տարվելու են դեպի հարավ: Հայտնի է, թե ով է վերահսկում Զանգելանը, Ֆիզուլին, Ջեբրայիլը. Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակը: Կգան, կտեղակայվեն այնտեղ: Իսկ ո՞վ է մեզ երաշխավորել, որ այդ պարագայում Իրանի Իսլամական Հանրապետությունը պատժամիջոցներ չի կիրառի: Ո՞ւմ հանդեպ. անշուշտ, Հայաստանի: Մեղրիի սահմանը, որ փակեցին, Ադրբեջանի ճնշման տակ էլ հանկարծ Վրաստանն էլ փակի իր սահմանը, ի՞նչ ենք անելու՝ սովամահ ենք լինելու: Բա չե՞ք մտածում պարոններ Քոչարյան և մնացած նազիր-վեզիրներ, ովքեր ուղեղները լարում են միայն խաղատներում կամ պետական ունեցվածքը և երևանյան հողատարածքները գռոշներով յուրացնելիս:

Հենց այս պատճառով է, որ հերթական անգամ հավաքվել ենք, ուզում ենք տագնապի շեփոր հնչեցնել, որովհետև Հայրենիքը վտանգի մեջ է, Հայրենիք ենք կորցնում: Լավ, միթե չեք մտածում նաև այն պարզ ճշմարտության մասին, չեք վերլուծում այն, որ Ռուսաստանը նույնպես պարտադրված է իր շահերը պաշտպանել մեր տարածաշրջանում: Եվ որը, անշուշտ, մեծապես պայմանավորված է հենց այդ նույն անիծյալ նավթի գործոնով: Ինչպես մեկ դար առաջ աշխարհի մեծ տերությունների սևեռուն ուշադրության կենտրոնում էր մեր տարածաշրջանը, նույնի ականատեսն ենք այսօր. ավա՜ղ, պատմությունը, կարծես թե, ուզում է կրկնվել: Եվ Աստված մի արասցե, որ այսօր էլ իբրև կատարված փաստի արձանագրում հնչեն դժոխային՝ «Նավթի կշիռն ավելի ծանր է, քան հայի արյունը» արտահայտությունը:

Բա էս ամենի մասին ո՞վ պետք է մտածի: Ցավոք, դա բնավ էլ չի հուզում իշխանություններին: Ավելին, նրանք էն աստիճանի են սարսափում ճշմարիտ խոսքից, որ, մասնավորապես, Ստրասբուրգում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի իմ ելույթն այդպես էլ Հանրային հեռուստատեսությամբ չցուցադրեցին: Միայն զգացմունքային մասը շարադրանքով՝ հայերեն լեզվով, արագ-արագ ասացին: Լավ, այդտեղ էլ հո չէի խոսում Քոչարյանի մասին, հո չէի խոսում մեր ապիկար իշխանությունների մասին: Բոլորիս թասիբն էի պահում, ձեր պատգամն էի կատարում՝ սիրելի ժողովուրդ: Լավ, ի՞նչն էր քար լռության պատճառը: Հարկադրված էի ելույթս գովազդային եղանակով տպագրել որոշ թերթերում: Մինչդեռ Թբիլիսիում Քոչարյանն ելույթներ է ունեցել, ասես թե ասածները մարգարիտ էր՝ ճշմարտության առաջ մեղանչած կլինես, բայց այդ օրերին, որ հեռուստաալիքը միացնում էիր՝ տեսնում էիր նրան՝ անհասկանալի թեմաների շուրջ անհասկանալի եզրակացություններ անելիս: (Ծափահարություններ):

Ես չեմ ուզում Ձեզ շատ ծանրաբեռնել, որովհետև արդեն մեկ ժամ 15 րոպե քննարկումների մեջ ենք: Կրկնում եմ. այսօրվա դրությամբ ամեն ինչ արվում է, որ լռեցվի «Ազգային Միաբնություն կուսակցությունը»: Այսօրվա դրությամբ փոխանակ այն մայր խնդիրները, որոնց մասին լրջագույն հարցազրույցներ և վերլուծականներ են արվել և, մասնավորապես, տպագրվել «Իրավունք» թերթում, փոխանակ դրանց շուրջ քննարկումներ կազմակերպեն, չգիտես ինչու կանգնել ու ասում են՝ ինչի՞ չգնացիք հոկտեմբերի 26-ի հանրահավաքին: Դա է այսօր բոլորից շատ հուզում ոչ թե ընդդիմադիր մյուս թևին, այլ իշխանություններին, որոնք ուզում են կասկածամտության որդն անպայման գցեն, ցեցը գցեն, կռվախնձոր դարձնեն մեր մեջ: Չգնացինք՝ գտանք նպատակահարմար չէ և, ցավով եմ ասում, մեր հիմնավորումներն ամսի 26-ի հետ կապված արդարացան: Այսօր քոչարյանական թերթերը հեգնում են ասելով՝ հարցը, ճիշտ է, շատ կարևոր էր՝ «ո՛չ ահաբեկչությանը», բայց մարդիկ սակավաթիվ էին: Նրանց ահա այդ հաճույքից զրկելու համար չգնացինք ու էն գլխից էլ ասացինք՝ ինչ է պետք և ոնց է պետք: Կամ էլ հանկարծ հիշում են՝ ինչո՞ւ մենք մանրամասներ չբերեցինք անցյալ տարի նախագահական ընտրությունների ժամանակ 150 հազար թռուցիկ տարածողների մասին, թռուցիկներ, որտեղ չարամտորեն գրված էր, թե ես, իբր, հրաժարվել էի հետագա պայքարից: Դե, լավ, հասկացանք, բոլորս էլ գիտենք՝ ո՞վ էր, ի՞նչ էր ... Թարգեք այդ ճամարտակությունները, պարոններ, միևնույն է «Ազգային Միաբանությունն» այսօր քաղաքական այն ուժն է, որն անգամ իսկ ինքնուրույն կկարողանա հաղթահարել անտարբերության և կասկածամտության այն մթնոլորտը, որը պատել է ողջ Հայաստանին: (Ծափահարություններ): Այո՛, «Ազգային Միաբանությունն» այսօր քաղաքական այն ուժն է, որն իր մտավոր կարողություններով, կազմակերպվածությամբ Հայաստանի Հանրապետությունն ի զորու է դուրս բերել փրկության լուսավոր ճանապարհ:

Թող անակնկալ չլինի, խոսքս ուզում եմ ավարտել՝ դիմելով Գագիկին. թող ների Գագոն, իմ երկու որդիների լավ ընկերն է, հիմա էլ տեսնում եմ դահլիճում նստած է, ինչո՞ւ եմ ասում ների, որովհետև իր կյանքից եմ խոսելու. Գագոն երեխա հասակում մեր աշխարհը տեսել է, մեր ծաղկող Երևանն է տեսել, հետո, ավա՜ղ, տեսողությունը կորցրել է: Սակայն չի եղել և ոչ մի հանդիպում, չի եղել ոչ մի հանրահավաք, որ նա չգա: Եվ ինձ ցնցեց մի բան, երբ լսեցի, թե ինչ էր Գագոս թերահավատներին ասում. «Լավ, կույրը ես եմ, բայց տեսնում եմ մեր հաղթանակը, իսկ Դուք ինչպե՞ս չեք տեսնում, որ «Ազգային Միաբանությունը» հաղթանակելու է: Բաներ կան, որ հոգով ու սրտով պետք է զգալ»: (Բուռն ծափահարություններ):

Եվ ակամայից հիշում ես մեծն Հոմերոսին, հիշում ես «Ոդիսականը», երբ արդեն իսկ նավարկությունից և ճակատագրի հասցրած արհավիրքներից հոգնած, բայց չընկճված Ոդիսևսը խնդիր է դնում անպայմանորեն գնալ, և ի՞նչ եք կարծում ուր, գնալ ննջեցյալների հոգիների հանգրվանը՝ Աիդ արքայի մութ թագավորություն, քանզի այնտեղ է ապագայի հայտնի գուշակ Տերեզին: Եվ գնում է նա, գուշակն ասում է՝ ինչո՞ւ է քեզ թվում, որ կյանքիդ նպատակը միայն Իտաքե կղզին տեսնելն է, Պենելոպայի և տղայիդ հետ ողջագուրվելն է. հենց քո իսկ ընտրած պայքարի ուղին էլ կյանքիդ իմաստն ու նպատակն է: Եվ շարունակեց պայքարը Ոդիսևսը, բայց և հասավ իր երազած Իտաքեին, կնոջն ու որդուն, իր ժողովրդին: Եվ այդպես մենք էլ լցվենք հավատով ու եթե անգամ իսկ փոքր նահանջներ ենք ունենում պայքարի մեր ճանապարհին, միևնույն է, համոզված լինենք, հասնելու ենք մեր Իտաքեին՝ լուսավոր Հայաստանին: (Բուռն ծափահարություններ):

Շնորհակալություն: Սիրելի՛ ժողովուրդ, այստեղ որոշակի հարցեր են տրվել, փորձեմ անդրադառնալ դրանց, որ ոչ մի հարցադրում անպատասխան չմնա: Հարց կա՝ ինչո՞ւ ՀԺԿ 5-րդ համագումարին չենք մասնակցել: Չարաչար սխալվում եք: ՀԺԿ 5-րդ համագումարին «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահության որոշմամբ մասնակցել է մեր գործընկեր Գագիկ Թադևոսյանը, որը նաև պատրաստել էր ողջյունի ջերմ խոսք: Ավա՜ղ, ողջյունի խոսքի համար ձայն չտրվեց (համոզված եմ՝ ոչ միտումնավոր), ուստի, ոմանք էլ, բնավ ոչ ընդդիմադիր դաշտից, շտապեցին տիրաժավորել այդ ապատեղեկատվությունը: Գնացել ենք, առաջիկայում հրավերի դեպքում նույնպես կգնանք: Եվ ոչ միայն ՀԺԿ-ի, այլ նաև «Արդարություն» դաշինքում ընդգրկված 9-ը կուսակցությունների համագումարներին, որովհետև մենք նույն հավասար վերաբերմունքն ունենք դաշինքի կուսակցությունների նկատմամբ և ներկայիս փուլում բոլորի գործունեությունը բարձր ենք գնահատում՝ գերապատվություն չտալով և ոչ մեկին, որպեսզի մեր գործընկերները ոչ նեղանան, ոչ էլ խանդեն մեկը մյուսին: Սա է «Ազգային Միաբանություն կուսակցության» մոտեցումը: (Ծափահարություններ):

Կենսաթոշակառուների հետ կապված նույնպես հարց կա: Այս խնդրի մասին ես քանիցս խոսել եմ: Համոզված կարող եմ ասել մի բան. այսօր իսկ կան այն բոլոր նախադրյալները, հնարավորությունները, որոնք կյանքի կոչելով կկարողանանք անպայմանորեն այդ հարցը լուծել: Ուրեմն, հենց վերջերս շատ հեղինակավոր պարբերականներից մեկում՝ «Վոպռոսի էկոնոմիկի» ամսագրի 2004 թ. 9-րդ համարում, հրապարակված էր, թե արևմտաեվրոպական, որ երկիրը 2001 թ. իր բյուջեով ինչ գումարներ է տնօրինել: Մասնավորապես, Եվրամիության երկրների բյուջեները կազմել են տվյալ երկրում համախառն ներքին արդյունքի 40-ից 50%-ը: Հայաստանի Հանրապետությունում այդ թիվը կազմում է ընդամենը 15%, մինչդեռ մեզանում գործող հարկային դրույքաչափերի պայմաններում այն պետք է մոտենար ՀՆԱ-ի 40%-ի, այսինքն՝ ՀՆԱ-ի 25%-ի չափով գումարներ գրպանվում են: Գրպանվում է, անտարակույս, իշխանական կլանի կողմից: Եվ այդ փողերը «լվացվում» են հենց Հայաստանում, վերածվում դոլարի և երկրից դուրս բերվում, դրա համար էլ տնտեսագիտական մեծագույն նոնսենսի առաջ ենք կանգնել: Մենք ականատեսն ենք մի իրողության, երբ դոլարի փոխարժեքն ընկնում է, իսկ դրամինը՝ արժեվորվում. մինչդեռ հենց այդ նույն ժամանակ ընկնում է նաև դրամի գնողունակությունը: Դրա հետ մեկտեղ չհաշվարկած շուրջ 600 միլիոն ԱՄՆ դոլար տարեկան կտրվածքով Հայաստանից դուրս է բերվում, որով էլ Հանրապետության ֆինանսական շուկայում առաջանում են անառողջ վայրիվերումներ: Հիշատակածս կողոպուտի ճանապարհը կտրելով և այդ գումարները բյուջե մուտք անելով՝ հնարավորություն կունենանք շեշտակի անգամներ, ոչ պակաս 3 անգամ, բարձրացնել կենսաթոշակները, ինչպես նաև բյուջետային աշխատողների աշխատավարձերը, էլ չեմ ասում՝ հնարավորություն կունենանք ավելի արդարացի մոտեցումներ որդեգրել խաբված ավանդատուների նկատմամբ: Այդ բոլոր հաշվարկները մենք ունենք:

Ձեզ թվում է՝ ինչ է, պատահական է, որ արգելքներ են դրված իմ բոլոր հեռուստաելույթների վրա: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանից առաջ «Կենտրոն» հեռուստաընկերությունը հրավիրեց ստուդիա, որ վաղը մյուս օրը չգնամ այնտեղ ու հայտարարեմ (միամիտներն այդպես էին կարծում), որ ինձ հեռուստաեթեր չեն տալիս: «Կենտրոնի» այդ ելույթիս առանցքը մեկն էր. խոսել վերահաս վտանգների մասին և մատնանշել դրանք հաղթահարելու ուղիները: Իշխանությունների պատվերն էլ հեռուստատեսությանը հետևյալն էր. 50 տարբեր տեղերում նկարահանումներ էին արել և միայն 4-5 հոգի էին թերահավատորեն խոսել, նրանց էլ հենց եթերով ցույց տվեցին ու հետո էլ Քոչարյանի սրտին յուղ նստեցնող մեկնաբանություններ արեցին: Է, լավ, հարգելի իշխանավորներ (ձերոնք հիմա նկարահանում են, դրա համար եմ ձեզ դիմում), եթե չեք վախենում, ուղիղ հեռուստաեթեր տրամադրեք խոսեմ, հետո էլ ասածներս, եթե կարող եք, ջախջախեք ձեր փաստարկներով: Ժողովուրդ ջան, չեն կարող, որովհետև ոչ մի պարապ թիվ չեմ ասում, որովհետև ոչ մի պարապ խնդրի մասին չեմ խոսում:

Չստացվի, որ տխուր երանգներով եմ ավարտում խոսքս: Համոզված եղեք, Հայաստանում կա այն ներուժը, որն իշխանությունը վերցնելով՝ կծաղկեցնի մեր երբեմնի չքնաղ երկիրը, որովհետև մեր թիկունքին, բացի մեր ժողովրդից, կանգնած է ողջ Սփյուռքը, կանգնած են այն հիասքանչ ձեռներեցները, ովքեր պատրաստ են միլիոնավոր դոլարների ներդրում կատարել Հայաստանում, բայց այստեղից ճարահատյալ մեկնել են, որովհետև իշխանությունների կողմից միմիայն կողոպուտի են ենթարկվել: Լինի դա Լևոն Մարկոսը, թե լինեն տասնյակ խաբված ուրիշ ձեռներեցներ, լինեն Ռուսաստանում, հեռավոր Ամերիկայի Միացյալ Նահանգներում և թե այլուր հանգրվանած մեր հայրենակիցները: Հավատացած եղեք, նրանք բոլորն էլ հոգով ու սրտով այսօր էլ մեզ հետ են: Ի դեպ, երեկ վավերագրական կինոնկար տեսա և փշաքաղվեցի: Նստած է հայ մարդը, ահա, Խաղաղ օվկիանոսի ափին, նայում է հեռուները, հորիզոնից այն կողմ, արցունքը աչքերին տեսիլք է տեսնում՝ Արարատ լեռը: Հարյուր հազարավորներ են նմանները, և այդ մարդկանցից որին խոսեցնում էր լրագրողը, ասում էին՝ վերադառնալու ենք Հայաստան, երբ վերջ կտրվի այնտեղ տիրող անարդարությանն ու կողոպուտին: Ուշագրավ է և այն, որ այսօրվա դրությամբ ԱՄՆ-ում, մասնավորապես Կալիֆոռնիայում մեր բոլոր հանդիպումները շատ ավելի լիարժեք և ամբողջական են լուսաբանվում, քան Հայաստանի Հանրապետությունում: Եվ, օգտվելով առիթից, ուզում եմ բոլորիս անունից մեր խորին շնորհակալությունը հայտնենք այդ գործերի քավոր, մեծ հայրենասեր Արկադի Գևորգի Բաղրամյանին, որին էլ ծափողջյուններով հայտնենք մեր շնորհակալությունը: (Բուռն ծափահարություններ):

Սիրելի՛ ժողովուրդ: Երբ այս ամենի մասին խոսում ես, միայն գլխովդ չէ, միայն ուղեղովդ չէ, որ անց ես կացնում: Անշուշտ, նաև սրտով ես անցկացնում, որովհետև հայ ժողովուրդն ոգեղեն ժողովուրդ է, որովհետև հայ ժողովուրդն ունեցել է Նարեկացի: Նարեկացու խոսքով էլ ավարտեմ. «... Թող չպատահի ինձ հանկած, Երկնել, սակայն չծնել, Ողբալ՝ չարտասվել, Խորհել՝ չհառաչել, Ամպել՝ չանձրևել, Գնալ՝ չհասնել, Քեզ ձայն տալ, Եվ դու ձայնս չլսես...»:

Հայ ժողովուրդն «Ազգային Միաբանության» ձայնը լսում է ... (Բուռն ծափահարություններ):

Հիմա էս մեր լրագրողներից ոմանք, ովքեր քոչարյանական կերակրատաշտից են սնվում, կասեն՝ «Ազգային Միաբանությունում» ասելիք չունեին, միակ բանը, ինչը տպավորվեց այն էր, որ Գեղամյանի ձայնը վերջում խզվեց: Էս է լինելու մեկնաբանությունը, էլ չեն ասի, ցավոք, ֆարինգիտ ունեմ: Բայց արդեն իսկ հաստատ կարող եմ ասել, որ մոտ ապագայում կազատվեմ իմ ֆարինգիտից, իսկ բոլորս՝ այս իշխանություններից:

Մեր քանաքեռցի Գրիշան ասելու բան ունի: Խնդրեմ:

Հարց. - Գրիշա Տեփոյան- Թոռանս զինակոչում են բանակ: Նա ինձ հարց է տալիս, ո՞նց գնամ էն բանակը ծառայելու, որի նախարարը ղումար է խաղում:

Պատասխան - Ժողովուրդ ջան, մեր քննադատությունից հետո նախագահականից ասացին՝ թարգել ա: (Ծիծաղ, ծափահարություններ):

Ինչպես բոլորիդ, այնպես էլ հարց տվող հարգարժան մեր մյուս ընկերոջը, որը ցասումով իրավացիորեն հարցնում է, իսկ ինչպե՞ս ենք կատարելու իշխանափոխություն, ասեմ. անշուշտ, կարելի է մանրամասներ հաղորդել մեր մարտավարության, մեր առաջիկա գործողությունների մասին: Բայց հենց դա հրապարակվում է, հենց արդեն տեղերում սկսում են այդ աշխատանքները կատարել, ինչպես մեր քանաքեռցի Գրիշայի դեպքում եղավ գարնանը, մարդկանց թևերը ոլորում են և տանում են մոտակա ներքին գործերի, այն է՝ ոստիկանության բաժանմունքներ: Բարձրացված հարցը, ինչ խոսք, արդիական է: Մեկ այլ երանգի մասին էլ խոսենք: Այսօր, չգիտես ինչու, հիշատակվում է միայն Ստրասբուրգում ունեցած իմ ելույթը: Մինչդեռ փաստարկված, ծանրակշիռ ելույթներ եմ ունեցել Ռոտերդամում՝ ԵԱՀԿ-ի լիագումար վեհաժողովում, անցյալ տարի: Այս տարի՝ հունվարին, ելույթ եմ ունեցել նաև Վիեննայում՝ նույն կազմակերպության լիագումար նիստում: Մամուլի և ոչ մի միջոց դրանց բացարձակապես չանդրադարձավ: Մինչդեռ, կրկնում եմ, Եվրոպայում հնչած իմ ելույթներում միայն և միայն հարցեր էին բարձրացվում, որոնք կենսական նշանակություն ունեն մեր երկրի ճակատագրի, բոլորիս համար: Հարցեր էին բարձրացվում, որոնց լուծման դեպքում արդեն իսկ մեծապես կթուլանար դրսի վտանգավոր հնարավոր ազդեցությունը Հայաստանի Հանրապետության վրա: Էմբարգո ասեմ, տաբու ասեմ, արգելք է դրված խոսքս եթերով հնչեցնելու վրա: Իրենք էլ նենգ են, բայց, հո, ախմախ չեն, ընչաքաղց են, բայց հիմար չեն, որովհետև, գիտակցում են, թե ինչքան վտանգավոր է իրենց վարած քաղաքականության և իրենց հասցեին ասված ճշմարիտ խոսքը: Կնշանակի գիտակցում են նաև, թե իրենց համար որքան սարսափազդու կլինի, եթե այս իրավիճակում մեր ժողովուրդը կոնսոլիդացվի: Այսօր իշխանությունները բոլորիցս շատ են ուզում, որ, այո, մենք գնանք երթերի, մեզանից ավելի շատ են ուզում, որ հանրահավաքներ անենք: Կարտոնեն, հետո էլ ամեն ինչ կանեն, որ նորից արյուն թափվի, հետո էլ կհայտարարեն՝ Հայաստանի Հանրապետությունում ընդդիմությունը վիճակն ապակայունացրեց, թուլացրեց պետականությունը, դրա համար դրսի ուժերն օգտվեցին պահից, ծնկի բերեցին մեր իշխանություններին՝ փաթաթելով բոլորիս վզին Ղարաբաղի համար ոչ նպաստավոր լուծումներ: Այդ բոլորը մենք հաշվարկել ենք, այդ բոլորը գիտենք: Եվ գոնե «Ազգային Միաբանություն կուսակցության» համար չկա ավելի վեհ գաղափար, քան Հայաստանի Հանրապետությունում անկախ պետականության լիակատար կայացումն է:

Այստեղ հարց տվողներից մեկն ասում է՝ ժողովուրդն ում նախագահ կընտրի, կընտրի: Իսկ ո՞վ ասաց, որ այդպես չէ: Ինչո՞ւ եք Ձեր հարցով փորձում արհեստականորեն լարվածություն ստեղծել ընդդիմության տարբեր թևերի մեջ: Չէ՞ որ բոլորիս հասկանալի է հարցի նրբերանգը, այն է՝ ակնարկում եք ընդդիմության ղեկավարների միջև առկա մրցակցության մասին: Այո՛, այդպիսի մրցակցություն կա, որի առանցքն է՝ ում ավելի շուտ կհաջողվի մեր ժողովրդի շալակից թոթափել ապազգային այս իշխանությունների բեռը: Դրա հետ մեկտեղ մենք այսօր էլ հստակ հայտարարում ենք՝ որն է մեր ծրագիրը: Իսկ ծրագիրը մեկն է՝ համակարգային այնպիսի փոփոխություններ իրականացնել Հայաստանի Հանրապետությունում, որ ոչ մի դիկտատոր, ուզուրպատոր չկարողանա իշխանության տարբեր ճյուղերը դարձնել իր դռանը կապած շնիկը կամ շնիկները, որոնց պարտադրվում է իրականացնել նախագահականում թխված քաղաքականությունը: Եվ, վերջին հաշվով, քաղաքականությունը սև ու սպիտակ գույների խաղ չէ, այն հնարավորի արվեստ է և միտված է մի գաղափարի՝ ամենավտանգավոր իրավիճակից երկիրդ հաղթանակած դուրս բերես, սեփական եսդ ստորադասելով դրան: Մենք էն գլխից ասել ենք, մեր եսն էլ վաղուց ի վեր ստորադասել այդ նպատակին: Ասել ենք նաև, եթե կա մեկ այլ, ավելի կուռ ծրագիր, եթե կա ավելի կազմակերպված քաղաքական ուժ, քան մերն է, ապա գնանք նրանց դրոշի ներքո: Սրանք են մեր մոտեցումները: Հակառակ դեպքում ակամայից կարող ենք դառնալ իշխանությունների ջանքերով թատերականացված ներկայացումների վերածված միջոցառումների մասնակիցը: Խոսքս ԱԺ-ի բակում կայացած հոկտեմբերի 26-ի հանրահավաքի եզրափակիչ արարողության մասին է, երբ պսակադրությանը մասնակցում և ճառեր էին ասում ճիշտ այն նույն մարդիկ, ովքեր ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերվա ոճրագործության մասին այդպես էլ իրենց կարծիքը չարտահայտեցին, վայրագրությունները դատապարտող գնահատականներ չտվեցին՝ լինելով այդ ծեծ ու ջարդի, արյունահեղության հեղինակի քաղաքական հենարանը: Այդպես էլ «ոչ» չասացին, մինչդեռ այդ գիշեր կարող էին հենց նույն հոկտեմբերի 27-ի նահատակների հարազատները ևս զոհվել: Մենք չենք ուզում աչքակապությամբ զբաղվել: Եվ հետո. մեր դիրքորոշումները, որոնք հստակ, մատչելի և պարզ են, բացահայտ չենք մանրամասում, որովհետև իշխանությունը կփորձի անպայմանորեն դրանք օգտագործել նենգ նպատակների իրականացման համար, այն է՝ առաջին հերթին հիասթափեցնել ժողովրդին, նրան գցել հուսահատության գիրկը՝ պառակտելով ընդդիմադիր քաղաքական ուժերին: Զուր են լինելու այդ ջանքերը, միևնույն է, դա չի հաջողվելու:

Ռեպլիկ դահլիճից. - Մեծ գործերը զոհեր են պահանջում, հնարավոր է, որ մի քանի հոգի էլ զոհվեն իշխանափոխության ժամանակ:

Պատասխան - Երբեք այդքան հանգիստ խղճով ու ձայնով մի ասեք՝ կարող է արյուն թափվել: Թարգեք էդ: Հուսահատված մարդիկ կամ էլ սադրիչներն են միայն նման կոչերով հանդես գալիս: Մինչդեռ, ցավոք, հենց վերջիններին այդպես էլ չտեսանք ապրիլի 12-ին, 13-ին մեր կողքին... Գային կողքներս կանգնեին, եթե սադրիչներ չէին, որ հիմա իրավունք ունենային թերթերով մեզ խրատներ տալու, թե իշխանափոխությունը զոհեր է պահանջում: Արյուն թափելը հենց ընկալվեց իբրև հասարակ, առօրեական երևույթ՝ իր հետևից կբերի նոր հոկտեմբերի 27-եր:

Սիրելի՛ ժողովուրդ, հասկանում եմ, ալեկոծված են Ձեր սրտերը, խռովված՝ հոգիները: Համոզված եղե՛ք, ճշմարիտ խոսքն ու գործը հաղթանակելու են, ճշմարիտ գաղափարի շուրջ համախմբվելու և արարելու է վաղվա իր լուսավոր օրը ողջ հայությունը: Դրա առհավատչյան այսօրվա մեր համախմբված ու վճռականորեն տրամադրված դահլիճն ու Ձեր ոգևորությունն է: Շնորհակալություն: (Բուռն, որոտընդոստ ծափահարություններ):

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր