ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ

ելույթը Հանրային հեռուստատեսությամբ

«Խորհրդարանական ժամ» հաղորդաշարով

05.03.2006թ.

Սիրելի ժողովուրդ, տարիներ շարունակ այս անօրեն իշխանություններին հորդորել եմ, որ վերջ տան մեր ազգը պառակտելուն, որ վերջ տան ալան-թալանին, և հորդորներիս բուն իմաստն էլ այն էր, որ փորձության պահին պառակտված ժողովուրդը համախմբվելու և ոչ մի ցանկություն չի ունենալու: Հիմա ասածներիս դառը պտուղներն են ճաշակում, երբ փետրվարի 28-ին` Սումգայիթի ոճրագործության 18-րդ տարելիցին, իշխանությունների կանչով, բացարձակապես, ոչ ոք հոժարակամ չգնաց միտինգի: Ուսանողներին և դպրոցականներին ավտոբուսներով բերեցին, անգամ զոհեր ունեցածները վիրավորվեցին, երբ տեսան, թե ինչ է կատարվում: Ահա, սրա համար էինք ասում` վերջ տվեք ազգը պառակտելուն, վերջ տվեք կուսակցություն-կուսակցություն խաղալուն, վերջ տվեք այն թալանին, որն օտարում և հեռացնում է ժողովրդին: Հիմա ուզում եք «սամասվալով»  մեդալ բաժանեք, դուք արդեն իսկ կոտրել եք ազատամարտիկի սիրտը, դուք վիրավորել եք զոհված ազատամարտիկին` ում հարազատներին անտեր, անօգնական եք թողել: Եվ զարհուրելի մի փաստ. թվում է, թե հետևություն անելու փոխարեն, ասես թե, կրակի վրա բենզին են լցնում: Բա լավ, անհարմար չէի՞ք զգում, որ «Իրավունք»-ի թիվ 16-ում տպագրում եք Պաշտպանության նախարարի եղբոր հետ հարցազրույցը, որտեղ նա ասում է հետևյալը. իրողությունն այն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եղբայրը բնակելի մի շենքի շինարարություն է սկսել, ընդամենը: Բա լավ, էն անտուն ազատամարտիկը չի ասի` ինչո՞ւ է ԱՄՆ-ում սկսել և ոչ թե Ստեփանակերտում կամ Երևանում, բա էն կիսաքաղց ազատամարտիկի այրին չի ասի` էտ ինչքա՞ն փող ունեք, որ արդեն գնում եք, ԱՄՆ-ում եք շենքեր կառուցում: Լավ, ի՞նչ եք ուզում էս ժողովրդից, միթե՞ չեք զգում, որ մի ամբողջ ազգ ատում է ձեզ, միթե՞ չեք զգում, որ մեզանից անասելի ջանքեր են պահանջվում, որ ատելությունը, որ տածում են ձեր հանդեպ, Աստված մի արասցե, հանկարծ չտեղափոխվի Ղարաբաղի հերոսական ժողովրդի վրա: Լավ, ինչո՞ւ եք դատարկում Ղարաբաղը, ինչո՞ւ եք ձեր յուրայիններին բերում, բոլորին Հայաստանում տեղավորում, էլ չեմ ասում, որ գնում եք ու Ամերիկայում տներ կառուցում:

Հեռացե՜ք, սա է թե՜ ձեր, թե՜ մեր ազգի փրկությունը:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ

ելույթը Հանրային հեռուստատեսությամբ

«Խորհրդարանական ժամ» հաղորդաշարով

26.02.2006թ.

Սիրելի ժողովուրդ, վերջին մեկ-երկու ամիսների ընթացքում իշխանավորների ուղեղներում փայլատակում տեղի ունեցավ, սկսեցին գիտությամբ զբաղվել, մեջտեղ բերեցին այն թեզը, համաձայն որի Գիտությունների ազգային ակադեմիան պետք է դառնա հասարակական կազմակերպություն: Երբ ուշադրությամբ խորացա այդ հարցերի մեջ, ապա զարհուրեցի այն պարզ պատճառով, որ անցած յոթ տարիների ընթացքում դուք չեք հիշի գեթ մեկ դեպք, երբ նախագահի պաշտոնում հայտնված մարդը ծրագրային ելույթով հանդես գար գիտության, բարձրագույն կրթության բնագավառներում, ասեր, թե ինչպիսի անելիքներ կան, պետական ինչպիսի պատվեր է դրված: Դրա մասին չի խոսում նաև վարչապետը. ասես թե, նա էլ է խռոված գիտությունից: Արձանագրային զանազան հանդիպումներ են լինում թե՜ նախագահի մոտ, թե՜ Ազգային ժողովում և թե՜ կառավարությունում: Բացարձակապես ոչ մի խոսք Հայաստանի ապագայի, նրա հեռանկարի մասին, իրենք էլ չգիտեն` 2020 թ. ինչպիսի՞ Հայաստան են ակնկալում ունենալ: Հիմա մեղքը փորձում են իրենց ուսերից գցել Ակադեմիայի վրա: Ոչ, ես չեմ ուզում Ակադեմիայի դատապաշտպանը լինել, նրանք դրա կարիքը, կարծում եմ, չեն էլ զգում: Ես ուզում եմ ուղղակի մեղադրողը լինել այս հանցավոր իշխանությունների, որոնք, անտեղյակ լինելով, կուրորեն իրավիճակային խնդիրների լուծմամբ են զբաղված: Մինչդեռ մենք տեսնում ենք, որ Հայաստանը դուրս է մղվել տարածաշրջանային ցանկացած հեռանկար և ապագա խոստացող գործընթացներից: Փոխանակ այս հարցերի մեջ խորամուխ լինեն, փոխանակ նույն գիտնականների առաջ համապատասխանաբար խնդիրներ դնեն, ձևակերպեն և հետո պահանջեն, ընկել են յուրայիններին հնարավոր պաշտոններ ազատելու գործով են զբաղված: Ինչպես հիմա քարուքանդ են անում բարձրագույն ուսումնական հաստատությունները, որ իրենք դիտարկում են միայն և միայն մի տեսանկյունից, այն է` խորհրդարանական կամ նախագահական առաջիկա ընտրություններին ինչպես անեն, որ իրենց շահերը պաշտպանեն, թքած գիտության վրա, թքած ուսումնական հաստատությունների, ավանդույթների վրա: Եվ այս պարագայում, ես ցավում եմ, որ մեր անվանի գիտնականները, չգիտես ինչու, վախեցած լռում են, մոռանալով, որ իրենց թիկունքին ունեն գիտական այնպիսի հրաշագործություններ, որոնք բարոյական իրավունք են տալիս կանգնել, բարձրաձայնել և ասել. «Դուք անզօր եք իշխանություններ, դուք արժանի չեք հինավուրց Հայաստանը ղեկավարելու»:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ

 

ելույթը Հանրային հեռուստատեսությամբ

 

«Խորհրդարանական ժամ» հաղորդաշարով

19.02.2006թ.

Սիրելի ժողովուրդ, փետրվարի 16-ին Եվրամիության խորհրդարանը` Եվրոպառլամենտը, իր լիագումար նիստում լսեց Հին Ջուղայի հայկական գերեզմանոցների նկատմամբ ազերիների կողմից իրականացված բարբարոսությունների մասին հարցը: Եվրամիության պառլամենտը դատապարտեց և ընդունեց համապատասխան որոշում: Հռետորներից երկուսը հատուկ նշեցին, որ այդ հարցը ամենայն սրությամբ բարձրացվել էր Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից հայ պատգամավորների կողմից: Հայ պատգամավորների ձայնը լսելի է դառնում Ստրասբուրգում, Եվրամիությունում, բայց ճիշտ այդ նույն ձայնը այստեղ լռեցվում է իշխանությունների կողմից: Եվրոպառլամենտը անդրադառնում է Հին Ջուղայի հարցերին, մինչդեռ ելույթիս այդպես էլ չանդրադարձավ Հանրային հեռուստաալիքը, 2-րդ հեռուստաալիքը: Ավելին, «Հայաստանի Հանրապետություն»  պաշտոնաթերթը հանդիմանեց, թե ինչու Գեղամյան Արտաշեսը Ստրասբուրգում օրակարգից դուրս հարցերի մասին է խոսում, ավելին, քննադատեցին և հաճույք ստացան, որ նիստը վարող Էնտոնի Լոյդը, այդ հիասքանչ լորդը, վերջին 10 վայրկյանին ընդհատել էր ինձ: Ինչո՞ւ է սա արվում: Սա բայցի ազերիներից և թուրքերից, ինչո՞ւ է ձեռնտու իշխանական բուրգում գտնվող այն մարդկանց համար, ովքեր արգելք են դնում, որովհետև իրենք ձախողում են միջազգային ասպարեզում ցանկացած բանակցային գործընթաց, իսկ ընդդիմադիր պատգամավորները և գործիչները վառ են պահում Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի պատիվը և թասիբը: Բայց չստացվի, որ իշխանություններում բոլորն են այդպիսին, օգտվելով առիթից ուզում եմ իմ շնորհակալությունս հայտնեմ «Արմենիա»  հեռուստաընկերությանը, ինչու չէ նաև «Երկիր Մեդիա»  հեռուստաընկերությանը, որոնք, այո, կարևորելով Հին Ջուղայի գերեզմանաքարերի պղծողներին անարգանքի սյունին գամելու հանգամանքը ցույց տվեցին ելույթս:

Սիրելի ժողովուրդ, այս բախտախնդիր իշխանությունների ճամարտակությունները արդեն արդյունքի չեն հասնում, որովհետև ընդդիմության ձայնը այն է հայ ժողովրդի ձայնը արդեն իսկ լսելի է աշխարհով մեկ` նույն Եվրամիությունում, առհավատչյան վերջերս Եվրամիության խորհրդարանի կողմից ընդունված հայտնի որոշումը:

Մենք միևնույնն է հաղթելու ենք, որովհետև մեր ճանապարհն ազնիվ է, բռնած գործը արդար:

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր