«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ, ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ 25.10.11թ.
Քաղաքական աշունը Հարավային Կովկասի երկրների, մասնավորապես` Հայաստանի համար խիստ հագեցված է արտաքին քաղաքական իրադարձություններով: Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական այցերը ԱՄՆ, Ֆրանսիա և Վարշավա` մասնակցելու Արևելյան գործընկերության նախաձեռնության գագաթաժողովին, ապա` Ֆրանսիայի Նախագահ Նիկոլա Սարկոզիի այցը Հայաստան, ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով առաջին տեղակալ Ուիլյամ Բյորնսի այցը մեր երկիր, Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ԵԽԽՎ նստաշրջանում ընդունված խիստ հավասարակշռված գնահատականը: Այս ամենը վառ վկայությունն է համաշխարհային ուժի կենտրոնների հետ փոխհարաբերություններում Հայաստանի ավելի ու ավելի մեծացող դերակատարության: Միաժամանակ հարկ է արձանագրել, որ ՀՀ-ն արդեն վաղուց միջազգային հարաբերությունների կարևորագույն սուբյեկտ է և արտաքին քաղաքական վայրիվերումների այս դժվարին շրջապտույտում Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը չափազանց կշռադատված արտաքին քաղաքականություն է վարում ինչպես Արևմուտքի, այնպես էլ տարածաշրջանային խոշոր դերակատարների հետ, դրա հետ մեկտեղ անշեղորեն հավատարիմ մնալով Ռուսաստանի առջև մեր ռազմավարական պարտականությունների կատարմանը: Ընդ որում, հարկ է առանձնապես ընդգծել, որ ՀՀ Նախագահի կողմից իրականացվող քաղաքականությունը ներհատուկ է իրապես ինքնիշխան պետությանը:
Այս պահին Սերժ Ազատի Սարգսյանը Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին պետական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, ուր արդեն իսկ բազմաթիվ կարևոր միջպետական համաձայնագրեր են ստորագրվել և հրատապ նախագծեր են քննարկվում, մասնավորապես` Եվրասիական Միության վերաբերյալ, որի գաղափարը հնչեցվեց «Իզվեստիա» թերթում հոկտեմբերի 4-ին Ռուսաստանի Կառավարության Նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից «Նոր ինտեգրացիոն նախագիծ Եվրասիայի համար. Ապագա, որը ծնվում է այսօր» վերնագրի ներքո հոդվածում: Եվրասիական Միության ստեղծման գաղափարը առանձնապես հոգեհարազատ է մեր երկրի համար, և ուզում ենք հիշեցնել, որ դեռևս մեկ տարի առաջ Եվրասիական Միությանը Հայաստանի անդամակցության գաղափարը` որպես Հայաստանի ինքիշխանության պահպանման կարևորագույն նախապայման, առաջ էր քաշել և ըստ ամենայնի հիմնավորել «Ազգային Միաբանություն կուսակցության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը իր բազմաթիվ հոդվածներում ՌԴ-ի ՌԵԳՆՈՒՄ գործակալության էջերում:
«Ազգային Միաբանություն կուսակցությունը» կրկին անգամ հայտարարում է, որ սատարում է ու գործնականում պաշտպանում Հայաստանի Հանրապետության Նախագահի արտաքին քաղաքական կուրսը` ուղղված Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական գործընկերային հարաբերությունների խորացմանը Եվրասիական Միության շրջանակներում, հիանալի գիտակցելով որ հարձակումների թիրախ կդառնանք տարբեր քաղաքական և ապաքաղաքական ուժերի կողմից: