ԵԼՈՒՅԹ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ

(Ստրասբուրգ, 23 հունվարի 2007 թ.)

Հարգելի´ գործընկերներ, վեց տարի է անցել այն օրից, ինչ Հայաստանի Հանրապետությունը դարձավ Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ: Այդ տարիները յուրահատուկ փորձություն եղան հայկական հնագույն քաղաքակրթության` Հին Հռոմի և Բաբելոնի հասակակցի համար, քաղաքակրթություն, որն աշխարհում առաջինն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Եվ այսօր, ելույթ ունենալով ԵԽԽՎ այս բարձր ամբիոնից, մի կազմակերպության, որը ԵԽԽՎ նախագահ, հարգարժան պրն Վան դեր Լինդենն իրավացիորեն անվանեց Եվրոպայի խիղճը, ցանկանում եմ խղճմտորեն խորհել Հայաստանի անցած ուղու մասին: Եվ դրանում մեզ անգնահատելի օգնություն են ցույց տալիս մեր գործընկերներ Ժորժ Կոլոմբիեյի և Միկո Էլոյի կողմից հանգամանորեն պատրաստված զեկույցները:

Այո, նրանց զեկույցներում իրավացիորեն նշված էր, որ սահմանադրական փոփոխություններն իրավական հիմք են դնում Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունների տարանջատման և ինքնուրույն գործունեության համար: Ավելին, Հայաստանի քաղաքացիների, Ազգային ժողովի պատգամավորների, ինքնակառավարման մարմինների, դատարանների և Մարդու իրավունքների պաշտպանի համար օրենսդրորեն հնարավորություն է նախատեսված դիմել Սահմանադրական դատարան` քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերով: Եվրոպական չափանիշներին համապատասխան ձևափոխված է Արդարադատության խորհուրդը, սկսվել են իրավական համակարգի բարեփոխումները: Եվ այստեղ մեզ համար կարևոր է չտրվել ինքնահանգստացման գայթակղությանը և վերհիշել պատմության դասերը: Վերհիշել ժողովրդավարության հիմնասյուների պատմությունը` հունական քաղաք-պետությունները` պոլիսները, Հանրապետական Հռոմը, որոնք իրենց դարաշրջանի համար ունեին ամենակատարյալ, ժողովրդավարական օրենքները: Ժողովրդավարության օրենքների առկայությունն ապահովում էր դրանց հզորությունն ու առաջընթացը մինչ այն պահը, երբ դրանք սրբորեն պահպանվում և չէին ոտնահարվում իշխանական վերնախավի կողմից ու վերջիններս չէին համարձակվում օրենքները հարմարացնել իրենց քմահաճույքներին: Օրենքների ոտնահարումը հանգեցրեց Հանրապետական Հռոմի անկմանը և նրա տեղում ծնվեց Հուլիոս Կեսարի կայսրությունը: Եվ հեղվեց նրա երբեմնի մերձավոր ընկերոջ` համոզված հանրապետական Կատոն Կրտսերի արյունը, որն ի նշան բողոքի դաշույնով պատռեց սեփական որովայնը և դուրս թափեց ներքին օրգանները, որպեսզի անհնար լիներ փրկել իր կյանքը և Աստված մի արասցե հանկարծ ինքը չապրեր Կայսերական Հռոմում:

 

Ժողովրդավարության ճշմարիտ կողմնակիցները պետք է կարողանան իրենց մեջ հաղթահարել գայթակղությունը բավարարվել սոսկ ժողովրդավարության շղարշով, որը ձևականորեն հիմնված է ոգով ժողովրդավարական, սակայն հաճախ ամենևին ոչ ժողովրդավարական ճանապարհով ընդունված օրենքների վրա: Եվրոպայի խորհրդի հիմնարար սկզբունքներին այս կամ այն պետության համապատասխանության գնահատման գլխավոր գործոնն ու չափանիշը, մեր խորին համոզմամբ, նրա քաղաքացիների իրավական պաշտպանվածության աստիճանն է: Օրենքների կենսունակությունը և կառավարող վերնախավի կողմից դրանց կենսագործման ընդունակությունը` ահա այն քննությունը, որը պետք է կարողանան հանձնել Հայաստանի կառավարող և ընդդիմադիր կուսակցությունները 2007 թ. մայիսին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում: Կկարողանա՞նք դիմակայել մեր հասարակության ժողովրդավարությունն ապացուցող այս փորձությանը` կհանգենք այն գիտակցմանը, որ գլոբալիզացվող աշխարհում Հայաստանի անդառնալի զարգացման անհրաժեշտ պայմանը օրենսդրության կենսունակ հիմքի ստեղծումն է: Բայց դա սոսկ անհրաժեշտ պայման է, որն ի զորու է նաև բավարար դառնալ միայն դրանք կենսագործելու համար իշխանությունների կողմից քաղաքական կամք դրսևորելու դեպքում:

Հարգելի´ գործընկերներ, այստեղ ցանկանում եմ ինքնաքննադատաբար խոստովանել, որ ժողովրդավարական հասարակության կայացման հարցում Հայաստանի Հանրապետությունը փոքր-ինչ հետ է մնացել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Արցախի` Ղարաբաղի քաղաքացիները խորապես գիտակցել են, որ հակվածությունը ժողովրդավարական արժեքներին ու դրանց անշեղորեն հետևելը միակ ճանապարհն է դեպի իրական անկախություն և ազատություն: Հենց հակվածությունը ազատությանը և անկախությանը ղարաբաղցիների մոտ առաջացրեց համաժողովրդական պոռթկում, որն իր ժողովրդավարական զարգացումը գտավ համաժողովրդական հանրաքվեում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության ընդունման հարցով: Ընտրողների ճնշող մեծամասնությունը քվեարկեց նոր Սահմանադրության ընդունման օգտին: Այս առումով խորին ափսոսանքի է արժանի այն, որ եվրոպական ամենաժողովրդավարական պետությունների հիմքում դրված սկզբունքներին և չափանիշներին համապատասխանող Լեռնային Ղարաբաղի հիմնական օրենքի` Սահմանադրության ընդունման փաստը ստացավ այդ աստիճան ոչ համարժեք և անբարյացակամ գնահատական Եվրոպայի խորհրդի կողմից: Տարակուսանք է հարուցում նաև այն, որ արդեն տասնյոթ տարի փաստացի գոյություն ունեցող պետությանը որպես հանդիմանանք է ներկայացվում նրա քաղաքացիների` եվրոպական բարոյական և իրավական չափանիշներով ապրելու ցանկությունը:

Հարգելի´ գործընկերներ, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դևիսը ԵԽԽՎ-ի ամբիոնից հնչեցրած ելույթում, դասական, ճիշտ անգլիական դիվանագիտությամբ, որն արժանի կլիներ սեր Բենջիամին Դիզրայելիին կամ սեր Դեվիդ Լլոյդ Ջորջին, իր վերաբերմունքն արտահայտեց ինքնահռչակ պետությունների նկատմամբ: Եվրախորհրդի Գլխավոր քարտուղարը, ըստ էության, ասաց, որ կճանաչի Հարավային Կովկասի ինքնահռչակ հանրապետությունները և Մերձդնեստրյան հանրապետությունը այն դեպքում, երբ ՄԱԿ-ը կընդունի Վրաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի սահմանների փոփոխության փաստը:

Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական վերափոխումները միակ ճշմարիտ ճանապարհն է լիիրավ անկախության հաստատման գործում: Եվ շեղել մեր երկրներն այդ ուղուց, կնշանակի հանցագործություն կատարել հայ ժողովրդի նկատմամբ: Սակայն, բարեբախտաբար, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում դա անել այլևս ոչ ոք ի զորու չէ: Առավել ևս դա ի զորու չեն անել մեր հարևանները` Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք բավական ինքնատիպ պատկերացում ունեն ժողովրդավարության մասին: Այսպես, հիշատակենք թեկուզ Հայաստանի տնտեսական շրջափակումը, Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում անցկացվող դասընթացների ունկնդիր հայ սպա Գուրգեն Մարգարյանի նենգ սպանությունը և դրան հաջորդած մարդասպանի հերոսացումը Ադրբեջանում: Էլ չեմ խոսում հունվարի 19-ին Ստամբուլում հանրաճանաչ իրավապաշտպան, տաղանդավոր հայ լրագրող, «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության մասին: Եվ ժողովրդավարության ընկալման նման խեղված պաշարով ԵԽԽՎ-ում մեր գործընկերների շուրթերից այս օրերին էլ փարիսեցիորեն բարոյախրատներ են հնչում Հայաստանում և Արցախում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: Ադրբեջանցի գործընկերների ելույթները հիշեցնում են Երրորդ Ռայխի ողբերգական ժամանակները, երբ ֆաշիստական վարչակարգի պրոպագանդայի հիմքում դրված էր հայտնի դրույթը` պետք է ստել լկտիաբար և մշտապես, որպեսզի քեզ հավատան: Փառք Աստծո, որ Եվրոպայի ապագան չեն որոշում այս կարգի հռետորները, որոնց, իրավամբ, կարելի է համարել տխրահռչակ Յոզեֆ Գեբելսի հոգևոր ժառանգորդներ:

Շնորհակալություն ուշադրության համար:

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր