ԵՐԲ ԽՆԴԻՐ Է ԴՐՎԱԾ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԱՐՅՈՒՆԱԼԻ ԷՋԵՐՈՎ ՀՅՈՒՍՎԱԾ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ «ՎԵՀՈՒԹՅՈՒՆԸ» …
08-09.06.2010
Անցյալ շաբաթ աշխարհի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող «Ազատության նավատորմի» վրա Իսրայելի զինուժի հարձակումը և դրա հետ կապված թուրքական, իսրայելական իշխանությունների, իսլամական աշխարհի, Եվրամիության անդամ երկրների արձագանքները, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը:
Այսպես, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Կոնյա քաղաքում կայացած հանրահավաքի տասնյակ հազարավոր մասնակիցների առաջ, հայտարարել էր. «Անգամ իսկ եթե ողջ աշխարհը շուռ գա Պաղեստինից, մենք նրանից երես չենք թեքի: Էլ-Քուդսը (Երուսաղեմը - Ա.Գ.), Ստամբուլը, Գազան և Անկարան մեզ համար միասնական են»: Իր մեկ այլ ելույթում նա ասել էր. «Ես պատրաստ եմ անձամբ գլխավորել «Ազատության նավատորմը» և մեկնել օգնության պաղեստինցիներին: Մենք չենք համարում, որ «ՀԱՄԱՍ»-ը ահաբեկչական կազմակերպություն է: Դա դիմադրության խումբ է, որ պայքարում է իր հողերի համար: Նրանք Գազայի սեկտորում հաղթել են ընտրություններում»: Դիմելով Իսրայելի իշխանություններին` Էրդողանը ըմբոստացած նաև հայտարարել էր. «Ձեզ հասկանալի՞ չէ: Այդ դեպքում ես կրկնեմ եբրայերենով` Լե Լիրցոախ (Մի սպանեք)»:
Ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նուրսուլան: «AL-Turkiyye» հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ասել էր. «Թուրքիայի դիրքորոշումն արժանի է հավանության և մահմեդական աշխարհը բարձր է գնահատում դա: Թուրքիան կգրավի բարձր դիրք իսլամական ու արաբական աշխարհում»: Շարունակելով իր խոսքը` Հասան Նուրսուլան նշել էր, որ «եթե հարցում անցկացնեն` պարզ կդառնա, որ եթե մի քանի տարի առաջ իսլամական աշխարհը սիրում էր Ահմադինեժադին ու Բաշար Ասադին, ապա հիմա այդ ցուցակում կմտնի նաև Ռեջեփ Թայիփ Էրդողանը»:
Տեղի ունեցան մի շարք խոշոր հանրահավաքներ: Ալեքսանդրիա քաղաքում հակաիսրայելական հանրահավաքին մասնակցում էր ավելի քան քսան հազար մարդ, ըստ որում դրա կազմակերպիչը Եգիպտոսում արգելված «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունն էր, սակայն եգիպտական իշխանությունները չխոչընդոտեցին հանրահավաքի անցկացմանը: Մարդաշատ հանրահավաքներ եղան նաև Հռոմում, Վիեննայում ու Աթենքում:
Իսրայելի իշխանությունները, փորձելով արդարացնել իրենց ռազմածովային ուժերի գործողությունները, քանիցս հանդես եկան հայտարարություններով, որ «Ազատության նավատորմի» առաքելությունն ամենևին էլ խաղաղարարական չէր, այլ կանխամտածված սադրանք էր: Ի մասնավորի, հրապարակ էր իջեցվել տեսագրության մի հատված, որտեղ պարզ լսվում էր, թե ինչպես էին խաղաղարարները դիմելով իսրայելական «ՑԱԽԱԼ»-ի (իսրայելական բանակի անվանումն է) զինվորականներին` բղավում. «Վերադարձեք Աուշվից»:
Այս ամենից անմասն չէին կարող մնալ հայրենական մեր հայտնի գործիչները, որոնք շտապեցին հայտարարել, թե Թուրքիայի կողմից նախապես ծրագրված սադրանքը, ինչպես նաև հռչակած «Զրո պրոբլեմներ հարևանների հետ» քաղաքականությունը տապալվեցին: Կարծես թե նրանք Լիբանանի, Սիրիայի, Իրանի, Եգիպտոսի հայկական բազմահազարանոց գաղթօջախներից խնդրագրեր էին ստացել` հանդես գալ նման հայտարարություններով, որոնք արմատապես հակասում են իրենց բնակության երկրների թե՛ իշխանությունների, թե՛ ժողովուրդների ճնշող մեծամասնության դիրքորոշումներին: Բարեբախտաբար, մեր երկրի արտաքին գործերի նախարարությունն այս հարցում պահպանեց չեզոքություն: Ուշագրավ է, որ անգամ իսկ Ադրբեջանը` լինելով Թուրքիայի կրտսեր եղբայրը և Իսրայելի քիրվան, սահմանափակվեց լղոզված հայտարարությամբ` միջադեպի մեղավորներին պարզելու համար անցկացնել միջազգային անկողմնակալ հետաքննություն:
Մեր այս հոդվածում խնդիր չենք դրել կատարվածին տալ հերթական գնահատականը, ներկայումս դրանից զերծ են մնում միայն ծույլերը: Պարզապես կփորձենք տալ գեթ մեկ հարցի պատասխանը, այն է` Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը, ուղղվածությունն արդյո՞ք Արևմուտքից թեքվել է դեպի Արևելք ու Ռուսաստան:
Մինչև բուն հարցին անդրադառնալը, կարծում եմ, տեղին կլինի պատմական փոքր ակնարկով ներկայացնել Թուրքիայի վարչապետ Ռ.Էրդողանի քաղաքական նկարագիրը, քանի որ նրա ներկայիս շատ ու շատ գործողությունների իմաստը, արմատները, դրդապատճառներն այդ դեպքում ավելի ընկալելի կլինեն ընթերցողի համար:
Եվ այսպես, 1973 թ. Էրդողանն ավարտել է Ստամբուլի «Իմամ Քաթիբի» կրոնական լիցեյը, 14-15 տարեկանում եղել է դպրոցի ֆուտբոլային թիմի ավագը, ունեցել է «Իմամ Բեկենբաուեր» մականունը: Բեկենբաուեր` ի պատիվ 1970 թթ. Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ Ֆրանց Բեկենբաուերի, իսկ «իմամ»-ը պայմանավորված էր այն հանգամանքով, որ յուրաքանչյուր խաղից առաջ նա իր թիմակիցներին պարտադրում էր աղոթել, անգամ իսկ նրանց, ովքեր կրոնասեր չէին: Էրդողանը մեծ քաղաքականություն մտավ շնորհիվ այն տարիների իր կուռք` Նեջմեթդին Էրբականի` «Ազգային փրկության կուսակցության» հիմնադիր առաջնորդի: էրբականի կուսակցությունը իսլամիստական էր և մի քանի անգամ արգելվել էր Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից: 1980 թ. սեպտեմբերի 12-ին ռազմական հեղաշրջումից հետո «Ազգային փրկություն կուսակցությունը» կրկին արգելվեց: Սակայն 1983 թ. այն վերստին վերականգնվեց, բայց արդեն ուրիշ` «Ռեֆախ» կամ «Բարօրություն» կուսակցության անվան տակ: Այդ ժամանակ Էրդողանն արդեն իսկ այդ կուսակցության առաջնորդներից էր: 1991թ. «Բարօրություն» կուսակցությունը Թուրքիայի պառլամենտական ընտրություններում հաղթահարեց 10%-ի շեմը, և Էրդողանը դարձավ Թուրքիայի Ազգային մեծ Ժողովի պատգամավոր: 1994 թ. նա ընտրվեց Ստամբուլի քաղաքապետ: Բացահայտ իսլամականի համբավը Էրդողանի ճակատագրում մի չար կատակ խաղաց: 1997թ. դեկտեմբերի 12-ին «Բարօրություն» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը ոգեշնչված արտասանել է թուրք հայտնի ազգայնական բանաստեղծ Զիյա Գոքոլպի բանաստեղծության հետևյալ տողերը. «Մզկիթները` մեր զորանոցներն են, մինարեթները` մեր սվինները, գմբեթները` մեր սաղավարտները, իսկ հավատացյալները` մեր զինվորները»: Թուրքական իշխանությունները միջկրոնական երկպառակություն սերմանելու համար Ստամբուլի քաղաքապետին ամբաստանեցին և դատապարտեցին տասը ամիս ազատազրկման: Անազատության մեջ Էրդողանն անցկացրեց չորս ամիս և դուրս գալով բանտից` դարձավ Թուրքիայի ամենահայտնի քաղաքական գործիչը: Այդ նույն ժամանակաշրջանում «Բարօրություն» կուսակցությունը ճանաչվեց պետության աշխարհիկ հիմքերին սպառնացող հակասահմանադրական կուսակցություն: 1998 թ. Էրդողանը վերահիմնեց կուսակցությունը, սակայն այլ` «Առաքինության կուսակցություն» անվան տակ: 2001թ. այդ կուսակցությունը նույնպես արգելվեց: 2001թ. օգոստոսից Էրդողանը գլխավորեց «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 2002 թ. Թուրքիայի պառլամենտական ընտրություններում ստացավ ընտրողների ձայների շուրջ երկու երրորդը: 2003 թ. մարտի 14-ից Ռ. Էրդողանը Թուրքիայի վարչապետն է:
Էրդողանի քաղաքական կենսագրությանն այսքան մանրամասն անդրադառնալը մի նպատակ ուներ. հստակորեն ցույց տալ, որ այս գործիչն իր ուղն ու ծուծով, քաղաքական իր ողջ կենսագրությամբ հավատարիմ է եղել թուրքական պետության կառուցման իսլամական արժեքներին, որոնք նա և իր կողմնակցները յուրովի են մեկնաբանել: Մասնավորապես, Ստամբուլի քաղաքապետ դառնալուց հետո Էրդողանի թիմակիցների կարգախոսներից ամենալայն տարածում էր գտել հետևյալը. իշխանութան են եկել հավատացյալ մարդիկ, և նրանք գողությամբ չեն զբաղվի: Այդ պարագայում, բնականաբար, հարց է ծագում` այդ ինչպե՞ս պատահեց, որ իսլամական կուսակցությունը, գալով իշխանության, իր արտաքին քաղաքական առաջնահերթություններից կարևորագույնը հռչակել էր անդամակցությունը Եվրամիությանը: Մի՞թե Էրդողանը մոռացել էր դիցուք այն, որ համոզված կողմնակիցն էր երկրում արդարադատություն իրականացնել Շարիաթի օրենքներով: Ահա այստեղ հարկ է նշել, որ վարչապետը, ունենալով քաղաքական մեծ փորձառություն, պարզ պատկերացնում էր, որ պարտադրված է մանևրել մի կողմից բարձրաստիճան սպայակույտի (որոնք Թուրքիայում դիրքավորվում են որպես աշխարհիկ պետության զարգացման եռանդուն պաշտպաններ), մյուս կողմից` ազգայնամոլ-արմատականների միջև (որոնք գտնում են, որ Թուրքիան պետք է դառնա իսլամական աշխարհի առաջնորդը): Եվ ամենևին էլ պատահական չէ, որ Էրդողանը մինչ օրս շարունակում է հավասարակշռել այդ երկու գաղափարաբանությունները:
Ժամանակակից Թուրքիային ուշագրավ գնահատական է տվել ամերիկացի փորձառու դիվանագետ Ռիչարդ Հոլբրուկը. «Թուրքիան Արևմուտքի համար նույնն է, ինչ Գերմանիան էր սառը պատերազմի ժամանակ: Դա ռազմաճակատի գիծ է»: Եվ սպասված էր, որ 2004 թ. ՆԱՏՕ-ի Ստամբուլի գագաթաժողովում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հայտարարի «Մեծ Մերձավոր Արևելք» նախագծի մասին: Այստեղ խոսքը իսլամիստական այն վարչակարգերի տապալման մասին է, որոնք հրաժարվում էին հլու-հնազանդ հետևել ԱՄՆ-ի կողմից հրամցվող քաղաքականությանը և պաշտպանում էին սեփական ռազմավարությունը: Իրաքից հետո, որը շատ թանկ վճարեց իր համառության համար (օկուպացիա և չդադարող ռազմական բախումներ), հերթի էին դրվել Իրանն ու Սիրիան: Այդ քաղաքականության իրականացման գործում Թուրքիային և Իսրայելին հատկացված էր առաջատար դերակատարություն: Մեր տարածաշրջանում ամերիկյան ներկայության ապահովման համար արտոնյալ էր ճանաչվել Վրաստանը, որտեղ պետք է տեղակայվեր Իրանի դեմ պատրաստվող ռազմական գործողություններ իրականացնելու համար ստեղծվելիք ռազմավարական կենտրոնը: Սակայն 2008 թ. օգոստոսին տեղի ունեցած վրաց-հարավօսական հնգօրյա պատերազմն արմատապես փոխեց իրավիճակը թե՛ Հարավային Կովկասում, և թե՛ Թուրքիայի արտաքին քաղաքականության գաղափարաբանության մեջ: Թուրքիայի վարչապետի համար ակնհայտ դարձավ, որ այդ պատերազմի ժամանակ Ռուսաստանի իշխանությունների դրսևորած քաղաքական կամքը վերջնականապես հաստատեց այն նոր իրողությունը, որ դեռևս 2007 թ. փետրվարին Մյունխենում կայացած անվտանգության հարցերին նվիրված միջազգային համաժողովում հնչեցրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա հայտարարել էր, որ աշխարհն այլևս միաբևեռ չէ, և ելույթից մեկուկես տարի հետո այդ պնդումը ստացավ իր մարմնավորումը Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչմամբ: Ըստ այդմ, ամենևին էլ պատահական չէր, որ Էրդողանը 2008 թ. օգոստոսի կեսերին շտապեց Մոսկվա` իր «Կովկասում կայունության և անվտանգության պլատֆորմով», իսկ դրան հաջորդած ժամանակաշրջանում թուրքական իշխանություններն աննախադեպ ակտիվություն դրսևորեցին իրենց արևելյան հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու գործում: Իհարկե, այս համատեքստում անհրաժեշտ է հիշատակել որոշ հանգամանքներ, այն, որ Թուրքիայի իսլամիստական կառավարությունն իր երկիրը տեսնում է մահմեդական աշխարհի առաջատարների շարքում: Դրան են նպատակամղված եղել վերջին տարիներին նրա վարած արտաքին քաղաքականությունը: Ավելին, «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության առաջնորդները գործը տանում են նրան, որպեսզի Իսլամը Թուրքիայի Հանրապետությունում վերադառնա հրապարակային քաղաքականություն: Նրանք ջանում են, որպեսզի թուրքական բանակի դերակատարությունը պետության ներքին կյանքում գնալով թուլանա, բանակ, որը թուրքական պետության կայունության ապահովման և աշխարհիկ լինելու երաշխավորն է: Թուրք զինվորականները մշտապես հանդես էին գալիս որպես Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի պատգամների` Թուրքիայի Հանրապետությունը իբրև աշխարհիկ պետություն պահպանելու գործում ջատագով ու երաշխավոր:
Վերն ասվածի լույսի ներքո տարիմաստություն է, որ իսլամիստ Էրդողանին ձեռնտու է Եվրամիությանն անդամակցելու համար ներկայացվող հիմնական պահանջներից մեկը` բանակը դուրս բերել երկրի քաղաքականությանը միջամտելու, առավել ևս թելադրողի տիրութից: Եվ այդ պարագայում Էրդողանի գլխավորած իսլամիստական կառավարությունը, մի կողմից, բանակը ստվեր էր մղում, դիրքավորվում որպես Եվրամիության երկրներին նմանվող երկիր, մյուս կողմից, երկրի ներքին կյանքում ձևավորում էր մոտեցումներ, որոնք հեռու էին արևմտաեվրոպական չափանիշներից: Թուրքական իսլամիստական կառավարության ահա նման քաղաքականության արդյունքում վերջին երկու-երեք տարիներին զգալիորեն չեզոքացվեց զինվորական վերնախավի ազդեցությունը երկրի ներքաղաքական գործառույթներում: Ավելին, 2008 թ. սկիզբ առան «Էրգենեկոն» հակակառավարական, ազգայնամոլական կազմակերպության շուրջ բացահայտումները. ներկայումս թուրքական իշխանությունները մեղադրանքներ են ներկայացրել ավելի քան 200 կասկածյալների, որոնց թվում են թուրքական բանակի նախկին ու գործող բարձրաստիճան սպաներ, գիտնականներ, լրագրողներ: Էրդողանը ճշգրիտ հետևություներ էր արել 1960-1990-ական թվականներին Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջումներից: Թուլացնելով բանակի դերակատարությունը երկրի ներքին կյանքում, թուրքական իշխանությունները Եվրամիությանն անդամակցելն արդեն իսկ չեն դիտարկում որպես իրենց արտաքին քաղաքականության անկյունաքար:
Վերջին մեկ-երկու տարիների զարգացումները վկայում են, որ իսլամական աշխարհն այլևս Թուրքիայի արտաքին քաղաքականության առանցքն է: Այդ մասին Էրդողանը հստակ հայտարարել է 2009 թ. նոյեմբերին` «Արդարություն և զարգացում» կուսակցության պառլամենտական խմբակցության հետ հանդիպման ժամանակ ունեցած իր ելույթում: «Մեր կողմնորոշումը դեպի Արևմուտք չի նշանակում, որ մենք մեջքով ենք շրջվել Արևելքին, Հարավին ու Հյուսիսին: Ինչպե՞ս կարող է Թուրքիան մեջքով շրջվել Կովկասին, Կենտրոնական Ասիային, թյուրքալեզու պետություններին: Թուրքիայի իմաստավորությունը բարձրացվում է բազմակողմանի կապերի համակարգերի միջոցով: Դրանցից ոչ մեկը այլընտրանքային չէ, չի կարող փոխարինել կամ մրցակցել մյուսների հետ: Նրանք, ովքեր մտադրված են համարել, որ Թուրքիան դատապարտված է զարգանալու արևմտյան տարբերակով, իրականում չեն տարբերվում նրանցից, ովքեր ուզում են, որ Թուրքիան ինքնամփոփվի իր մեջ», - ասել էր Էրդողանը: Ահա հենց այս շրջանակում էլ պետք է դիտարկել Թուրքիայի կոշտ քննադատությունն Իսրայելի կողմից վարվող քաղաքականության նկատմամբ, ինչպես նաև մերձեցումը Սիրիայի, Իրանի, Պաղեստինի հետ:
Ի դեպ, Թուրքիայի իսլամիստական կառավարության նպատակների մասին Էրդողանը շատ հստակ հայտարարել էր 2009 թ. սեպտեմբերի 19-ին Ստամբուլում` լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ. «Մեր նպատակն է բոլոր երկրների հետ խաղաղ ապրել և ժամանակակից Թուրքիային վերադարձնել Օսմանյան կայսրության հզորությունը: Կարծում եմ, մենք այդ նպատակին կհասնենք: Ես հանձնարարել եմ նաև ծնելիության խրախուսման ծրագիր պատրաստել, և գտնում եմ, որ թուրքական յուրաքանչյուր ընտանիքում պետք է լինեն երեքից ոչ պակաս երեխա: Մենք հավատում ենք Թուրքիայի լավ ապագային և բոլորին կոչ ենք անում հավատալ դրան»:
Թուրքիայի վարչապետի հայտարարություններին նման մանրամասնությամբ անդրադարձը ամենևին էլ պատահական չէր: Դրանց քաջատեղյակ լինելու պարագայում միայն մենք կկարողանանք անկողմնակալ դատողություններ անել, ինչու չէ, իմաստավորել ներկայիս ռուս-թուրքական հարաբերությունները, ինչպես նաև դրանց հեռանկարային զարգացումների վերաբերյալ կարծիք հայտնել:
Եվ, այսպես, Թուրքիայի վարչապետը ջանում է «ժամանակակից Թուրքիային վերադարձնել Օսմանյան կայսրության հզորությունը»: Ըստ այդմ, հիշենք, որ 17-19-րդ դարերում Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև տեղի է ունեցել տասը պատերազմ, Առաջին համաշխարհային պատերազմում իրականացված ռազմական գործողությունները կարելի է համարել ռուս-թուրքական տասնմեկերորդ պատերազմ: Ընդհանուր առմամբ, միջին հաշվով 19 տարին մեկ բռնկվել է ռուս-թուրքական պատերազմ: Հարկ է նշել, որ այս պատերազմներով է մեծապես պայմանավորված եղել Օսմանյան կայսրության թուլացումն ու քայքայումը: Կարծում եմ, որ դրանց պատմությանը և թուրքերին ներհատուկ դիվանագիտությանը քաջատեղյակ են Ռուսաստանի ներկայիս իշխանությունները: Համոզված եմ, որ ՌԴ-ի նախագահը և վարչապետը գիտեն, թե ինչպիսի դերակատարություն է ունեցել Թուրքիան 20-րդ դարի 90-ականներին Չեչնիայում, Ինգուշեթիայում, Դաղստանում ծագած անջատողական շարժումներին քողարկված խրախուսման գործում: Կարծում եմ, նրանք գիտեն` ի՞նչ քայլերի են դիմել, ինչպիսի՞ ջանքեր են գործադրել հետխորհրդային թյուրքալեզու պետությունների` Ղազախստանի, Ղըրղզստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի հետ դեռ Թուրգութ Օզալի, այնուհետև Սուլեյման Դեմիրելի վարչապետության ու նախագահության տարիներին, որպեսզի Հարավային Կովկասից Կենտրոնական Ասիա թյուրքալեզու պետությունների դաշինք ձևավորվի:
Անտարակույս, լուրջ մտորելու տեղիք է տալիս վերջին շրջանում թուրքական իշխանությունների, հատկապես զինուժի կողմից դրսևորվող աննախադեպ ակտիվությունը Նախիջևանում: Բավական է նշել, որ այսօր Նախիջևանի զինուժին որպես ռազմական խորհրդականներ օժանդակում են թուրքական բանակի քսանից ավելի գեներալներ:
Հաշվի առնելով այս իրողությունները, եթե անգամ իսկ, մտովի պատկերացնենք, որ ուժի միջազգային կենտրոններին (օգտագործելով մեր երկրի և ժողովրդի համար Արցախի դե յուրե անկախության ճանաչման բացառիկ նշանակությունը) հաջողվի Հայաստանի Հանրապետությունում ամրապնդել իրենց ռազմաքաղաքական ներկայությունը, թուլացնելով հայ-ռուսական ռազմավարական դաշինքը, ապա մեր տարածաշրջանում ադրբեջանա-հայկական ռազմական դիմակայությունից խուսափելը շատ դժվար կլինի: Իսկ որ նման միտումներ կան, փաստ է: Մասնավորապես, ի՞նչ էր նշանակում Եվրախորհրդարանի կողմից ընդունված 2216 բանաձևը, որտեղ Հայաստանից պահանջվում էր դուրս բերել զորքերը «Ադրբեջանի օկուպացված տարածքներից»: Նման ձևակերպում տալով, եվրոպական այդ պատկառելի կառույցը, ըստ էության, քաջալերում է Ադրբեջանին, նրա թիկունքում կանգնած Թուրքիայի միջամտությամբ, սանձազերծել ռազմական գործողություններ «Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրման ուղղությամբ»: Կամ էլ, արդյո՞ք տեղեկատվական պատերազմի նրբին դրսևորումներ չեն այն հրապարակումները, որոնցում հաստատվում է, թե ռուս-թուրքական մերձեցման գինը վճարվելու է Հայաստանի հաշվին: Ուշագրավ է, որ նման տեղեկատվության տարածմանը զինվորագրվել են ոչ միայն թուրք-ադրբեջանական լրատվամիջոցները, այլև արևմտյան, անգամ ռուսաստանյան առանձին լրատվամիջոցներ: Նման հրապարակումների նպատակը մեկն է` հայ ժողովրդի մոտ սերմանել մտայնություն, որ իր թիկունքում, ինչպես անցած դարի քսանական թվականներին, նյութվում են դավեր, որոնք 21-րդ դարասկզբին կհանգեցնեն մերօրյա «Մոսկվայի» և «Կարսի» պայմանագրերի կնքմանը: Այս անգամ, ըստ բազմաթիվ նման հրապարակումների, զոհասեղանին է դրվելու ազատագրված Արցախը: Այս ամենը գալիս է հաստատելու, ապացուցելու այն, թե թուրք-ադրբեջանական կողմը ու նրանց թիկունքում կանգնած ուժերը ինչքան են շահագրգռված ամեն գնով խարխլել Ռուսաստանի ու Հայաստանի ռազմավարական դաշինքը: Նրանք քաջ գիտացում են, որ դրանով իսկ սկիզբ կդրվի Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայության թուլացմանը և աստիճանական դուրսմղմանը: Թերևս, այս շարքում կարելի է դիտարկել նաև անցյալ տարվա սեպտեմբերին թուրքական «Միլիեթ» թերթում տպագրված Էրդողանի հետևյալ գնահատականները. «Հայաստանն այսօր վերապրում է դժվարին օրեր, գործնականում նա տնտեություն չունի, տնտեսությունը կործանվում է, և ամեն անգամ նրանք խնդրում են մեզ բացել սահմանը: Վերջին տարիներին Հայաստանից Ռուսաստան են մեկնել 300 հազար հայեր, և այդ երկրի բնակչության արտահոսքը շարունակվում է: Հայաստանը շատ աղքատ երկիր է, դրությունն այնտեղ գնալով վատանում է»: Ասել կուզի Ռուսաստանին` արժե արդյո՞ք Հայաստանի նման «շատ աղքատ երկրի» շահերի պաշտպանության համար հարցականի տակ դնել բուռն զարգացող ռուս-թուրքական հարաբերությունները, միլիարդավոր դոլարների հասնող էներգետիկ ծրագրերը…
Վերջաբանի փոխարեն: Այս օրերին, երբ թուրք-իսրայելական հարաբերությունները թևակոխեցին սրման մի աննախադեպ շրջան, առավել իրազեկ փորձագետ-միջազգայնագետները հակված են եզրակացնել, որ թուրքական իշխանությունները քաջ գիտակցում են` դեռ չհաղթահարված համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու հեռանկարները շատ մշուշոտ են: Առավել ևս Եվրամիության առաջատար երկրների` Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարներ Նիկոլա Սարկոզին և Անգելա Մերկելն այս տարի էլ անթաքույց հայտարարել էին դրա անհնարինության մասին: Սա մի կողմից: Դրա հետ մեկտեղ, պաշտոնական Անկարան, հաշվի առնելով ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի մտադրությունը մինչև 2011թ. ավարտն Իրաքից դուրս բերել ամերիկյան զորքերը, իրեն հաշիվ է տալիս, որ դա նոր խնդիրներ է դնում Թուրքիայի իշխանությունների առաջ: Նրանք հասկանում են, որ հետայսու տարածաշրջանում հարկադրված են լինելու գործել ինքնուրույն, հույս չդնելով ո՛չ Եվրամիության, ո՛չ էլ ԱՄՆ-ի վրա, ապավինելով սեփական ուժերին ու հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը: Այդ տեսակետից տարածաշրջանում առաջատար երկրի առաքելության ստանձնումը Թուրքիայի համար գնալով դառնում է ավելի իրատեսական: Ամերիկյան զորքերի դուրսբերումն Իրաքից մեծացնում է հավանականությունը, որ այդ երկիրը կմասնատվի` Մերձավոր Արևելքում ստեղծելով պայթյունավտանգ իրավիճակ: Տարածաշրջանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Թուրքիան իր համեմատաբար կայուն էկոնոմիկայով և մարտունակ բանակով, թերևս, կձգտի դառնալ այն գործոնը, որն ի զորու կլինի ապահովել կայունությունն այդ շատ բարդ տարածաշրջանում: Իսկ դրան հասնել Թուրքիային կհաջողվի միայն ու միայն այն պարագայում, եթե նա հարևան երկրների` Սիրիայի, Իրանի, Լիբանանի, Հորդանանի հետ, կրկնում եմ, հաստատի բարիդրացիական հարաբերություններ: Ավելին, կարողանա ձեռք բերել այդ երկրների քաղաքական ընտրանու և ժողովուրդների վստահությունը: Ահա հենց այդ վստահությունը հաստատելու տեսանկյունից պետք է դիտարկել վերջերս Թուրքիա-Սիրիա մերձեցումը, Բրազիլիայի մասնակցությամբ կնքված թուրք-իրանական միջուկային համաձայնագիրը, ինչպես նաև «Ազատության նավատորմի» առնչությամբ Թուրքիայի հնչեցրած հակաիսրայելական կոշտ հայտարարությունները:
Հ.Գ. Ինչպես հայտնի դարձավ, «Ազատության նավատորմի» բռնագրավման հետ կապված միջադեպը չի անդրադառնա Իսրայելի արտադրության անօդաչու թռչող ապարատներ գնելու վերաբերյալ Թուրքիայի և Իսրայելի միջև կնքված պայմանագրի կատարման վրա: «Իսրայելի հետ ճգնաժամային հարաբերությունները դժվարություններ չեն առաջացնի «Խերոն» անօդաչու թռչող չորս ապարատների մատակարարման վրա»,- հայտարարել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Վեժդի Գյունելը:
Ի մի բերելով վերը շարադրվածը` հարց է ծագում. արդարացի՞ էին միջազգային այն փորձագետները, որոնք համոզմունք էին հայտնում, որ վերջին շրջանում թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացումը Թուրքիայի իսլամիստական կառավարության կողմից կանխամտածված սադրանք էր, որի նպատակն էր դրանով իսկ նպաստել, որ ս/թ մայիսի 13-ին նախագահ Գյուլի կողմից հաստատված սահմանադրական 29 ուղղումներն ընդունվեն սեպտեմբերի 12-ին Թուրքիայում անցկացվելիք հանրաքվեով: Նշենք, որ այդ ուղղումները, մասնավորապես, նախատեսում են արդարադատության համակարգի բարեփոխում, հնարավորություն են ընձեռում քաղաքացիական դատարաններին քրեական գործեր հարուցել զինվորականների նկատմամբ, կուսակցությունների լուծարման իրավունքը տրվելու է ոչ թե վերաքննիչ դատարանին, այլ Թուրքիայի Ազգային մեծ ժողովին:
Դե ինչ, կարելի է փաստել, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լուրջ հետևություններ է արել վերջին 50 տարում գեներալիտետի կողմից 1960, 1971, 1980 և, ինչու ոչ, նաև 1997 թ. իրագործված ռազմական հեղաշրջումներից, իսլամիստական կուսակցությունների (որոնց շարքերում նա կայացել էր որպես քաղաքական գործիչ) լուծարումից ու ցրումից: Իսկ որ սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար այս անգամ ևս զոհաբերվեցին մարդիկ, իսկ միլիոնավոր ազնիվ մահմեդականներ, ինչպես նաև քրիստոնյաներ կուրորեն վստահեցին թուրքական իշխանությունների «Ազատության նավատորմ» քաղաքական աճպարարությանը, ապա դա խիստ մտահոգիչ է: Այո, մի հարցում իսկապես ազնիվ է վարչապետ Էրդողանը, այն է` ժամանակակից Թուրքիայի իսլամիստական կառավարությունն ամեն գնով փորձում է վերականգնել արյունալի էջերով հյուսված Օսմանյան կայսրության «վեհությունը» …
Համոզված ենք, որ XXI դարում նորօրյա օսմաններին չի հաջողվի Մեծ Մերձավոր Արևելքում սանձազերծել արյունահեղություններ, ջարդեր, բռնի թուրքացում: Փաստենք, որ այդ տարածաշրջանում խաղաղության պահպանման հիմնական երաշխավորներից է Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական դաշնակից, օրըստօրե հզորացող, համաշխարհային քաղաքականության մեջ վճռական դերակատարություն ունեցող Ռուսաստանը:
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱԳԱՀ