ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ. ԱՊՐԻԼ. 2010 ԹՎԱԿԱՆ

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄԵԾ ՊԱՐՏԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

15-17.04.2010

Օրերս Վաշինգտոնում տեղի ունեցած Բարաք Օբամա-Սերժ Սարգսյան, Սերժ Սարգսյան-Ռեջեփ Թայիփ Էրդողան հանդիպումներով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը թևակոխեց մի նոր փուլ: Արդեն իսկ Հայաստանի քաղաքական դաշտի հիմնական խաղացողները խնդրո առարկայի վերաբերյալ տվել են իրենց գնահատականները, որոնք, ցավոք, մեծ մասամբ զգացմունքային են, աչքի են ընկնում ձևակերպումների սրությամբ, բայց ոչ հիմնավորումն ապացուցող փաստարկների ներկայացմամբ: Արդյունքում` աշխարհաքաղաքական լուրջ նշանակություն ունեցող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը պարզունակեցվում է: Իսկ որ հարցը աշխարհաքաղաքական բացառիկ նշանակություն ունի, կարծում եմ, կհիմնավորվի ընթերցողի դատին ներկայացվող սույն վերլուծությամբ: Եվ այսպես. գլոբալացված մերօրյա աշխարհում միջպետական հարաբերությունների գնահատումը որպեսզի թերի չլինի, անհրաժեշտ է, որ այն ներառի տարածաշրջանային բոլոր երկրների շահերի համադրումը և, բնականաբար, ուժի միջազգային կենտրոնների հետաքրքրությունները` կապված այդ գործոնների հետ: Այնպես որ, եթե հավակնում ենք անկողմնակալ գնահատական տալ Սարգսյան-Էրդողան, Օբամա-Սարգսյան, Օբամա-Էրդողան հանդիպումներին, դրանցում արձանագրված արդյունքներին, ապա պետք է պարզաբանենք մի շարք հարցեր: Մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից ինչպիսի՞ ակնկալիքներ ունեն ԱՄՆ-ն, Եվրամիությունը, այդ գործընթացներին ինչպե՞ս են վերաբերվում Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ադրբեջանը, Վրաստանը: Այս հարցերի պատասխանների խորը վերլուծության արդյունքում վտանգ չկա՞, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է ներքաշվել այնպիսի գործընթացների մեջ, որոնք ամենևին էլ չեն բխում մեր երկրի ռազմաքաղաքական գործընկեր Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առջև ստանձնած Հայաստանի պարտավորությունների ոգուց: Անդրադարձ կատարենք այս հարցադրումներին:

ԱՄՆ-Ն ԵՎ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Որպեսզի զերծ մնանք հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման գործում Միացյալ Նահանգների դերակատարությանը կողմնակալ գնահատականներ տալու գայթակղությունից (պայմանավորված Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից անցած ամիս ընդունված թիվ 252 բանաձևի հանգամանքով, որով դատապարտվում էր 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը, դրանից հետո ԱՄՆ վարչակազմի ձեռնարկած քայլերը, որպեսզի այդ բանաձևը չմտնի Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգ), վկայաբերենք այդ երկրի արտաքին քաղաքականության ձևավորման գործում որոշիչ նշանակություն ունեցող վերլուծական մի զեկույց: Խոսքը վերաբերում է «ԱՄՆ ազգային պաշտպանության ռազմավարություն» (ԱՊՌ-2008) փաստաթղթին: Ուշագրավ է, որ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը դա հրապարակել էր դեռևս 2008թ. հունիսին: Ջորջ Բուշի հանրապետական վարչակազմի օրոք այդ գերատեսչությունը ղեկավարում էր Ռոբերտ Գեյթսը: Հետագայում նա վերահաստատվեց այդ պաշտոնում Բարաք Օբամայի դեմոկրատական կուսակցության վարչակարգի օրոք, իսկ ԱՊՌ-2008-ը դրվեց երկրի ներկայիս արտաքին քաղաքականության հիմքում: Հարկ է նշել, որ Օբամայի վարչակազմը իր արտաքին քաղաքականության գլխավոր նպատակների շարքն է դասում աշխարհում հեղինակության վերականգնումը, բարեկամների, գործընկերների, նաև իր հակառակորդների հետ փոխադարձ հարգանքի պայմաններում երկխոսության նախաձեռնումը, գործընկերային նոր միավորումների հիմնումը: Այս ամենի հետ մեկտեղ, այդ նույն ռազմավարության համաձայն, երկրի անվտանգության առջև ծառացած հինգ հիմնական մարտահրավերների շարքում, որոնք նշված են ԱՊՌ-2008-ում, առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում հետևյալ սպառնալիքները. տարածաշրջանային ուժեղացող վեհապետությունները և բնական պաշարներին, ինչպես նաև ռեսուրսներին տիրանալու համար երկրների միջև աճող համագործակցությունը: Այլ կերպ ասած` ԱՄՆ-ի թե՛ հանրապետական, թե՛ դեմոկրատական կուսակցությունները արտաքին քաղաքականության նպատակների ու մարտահրավերների գնահատման հարցում դրսևորում են համանման մոտեցումներ: Այս իրողությունը մեզ հուշում է, որ ԱՄՆ-ի գործող վարչակազմի արտաքին քաղաքականությունը վերլուծելիս պետք է բացառենք սուբյեկտիվ գործոնը (Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բ.Օբամայի և Հ.Քլինթոնի տված խոստումները, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած բանաձևը): Այս ամենը նկատի ունենալով էլ` հարկ է գնահատել Թուրքիայի դերակատարությունը Հարավային Կովկասում:

 

Կարծում եմ, չեն լինի վերլուծաբաններ, որոնք կժխտեն այն իրողությունը, որ վերջին տարիներին մեր տարածաշրջանում զգալիորեն մեծացել է Թուրքիայի կշիռը, աչքի է զարնում այդ երկրի ակտիվությունը Կենտրոնական Ասիայի և Կասպից ծովի էներգետիկ ռեսուրսներին տիրանալու գործում: Բավական է հիշատակել 2009թ. հոկտեմբերի 28-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Իրան կատարած պաշտոնական այցի ժամանակ այդ երկրի հետ բնական գազի ոլորտում կնքված մի շարք համաձայնագրերը: Դրանց թվում է Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա գազի տարանցման (տրանզիտի) վերաբերյալ թուրք-իրանական պայմանագիրը: Այստեղ հարկ է նշել, որ դեռևս 2007թ. հուլիսին Թուրքիայի և Իրանի միջև ստորագրվել էր «Իրանի և Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա իրանական և թուրքմենական գազը տեղափոխելու մասին մտադրությունների Հուշագիր»: Այդ Հուշագրի համաձայն` թուրքական TPAO նավթային կորպորացիան պարտավորվում էր իրականացնել իրանական Հարավային Պարս հանքավայրի շահագործումը` այդ հանքավայրից տարեկան շուրջ 20 մլրդ խորանարդ մետր բնական գազի արտահանումով: ԱՄՆ-ը շատ խստորեն արձագանքեց թուրք-իրանական այդ նախաձեռնությանը` այն հիմնավորմամբ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ՄԱԳԱՏԷ-ի կողմից ընդունված որոշումները` պայմանավորված Իրանի միջուկային ծրագրերի հետ, վերջինս չի կատարում: Մինչդեռ այդ որոշումների համաձայն` ուրիշ երկրներին արգելվում էր Իրանի էկոնոմիկայի մեջ խոշոր ներդրումներ կատարել, իսկ Հարավային Պարսի հանքավայրի շահագործման ծախսերը, ըստ նախնական հաշվարկի, գերազանցում են 3,5 մլրդ դոլարը:

Եվ ահա անցյալ տարվա հոկտեմբերին, չնայած պաշտոնական Վաշինգտոնի առարկություններին, Թուրքիան և Իրանը գործնական հիմքի վրա դրեցին Հարավային Պարսի հանքավայրի շահագործման հետ կապված խնդիրները: Ավելին` եթե 2007թ. Հուշագրով Թուրքիան պետք է միայն մասնակցություն ունենար հանքավայրի մշակմանն ու իր տարածքով բնական գազը Եվրոպա տարանցման ապահովման գործում, ապա այժմ նոր պայմանագրով նախատեսված է, որ իրանական գազը Թուրքիան կարող է օգտագործել ոչ միայն սեփական կարիքները հոգալու համար, այլև կարող է նաև գազի որոշակի ծավալ վաճառել: Ամերիկացիների արձագանքն այս անգամ էլ իրեն երկար սպասեցնել չտվեց: Թուրք-իրանական գազային համաձայնագրերի ընդունումից հետո Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը անմիջապես հայտարարեց, որ Միացյալ Նահանգները չեն խրախուսում Թուրքիայի և Իրանի ներկայիս տնտեսական ու առևտրային կապերը. «Մենք ունենք նաև օրենսդրություն, որը պահանջում է պատժամիջոցների կիրառում, երբ ուրիշ երկրներ էական ներդրումներ են կատարում Իրանի Էներգետիկայում և այդ ուղղությամբ ոչինչ չի փոխվել»: Այստեղ հարկ է նաև նշել, որ թուրք-իրանական գազային համաձայնագրերի կնքմամբ Թուրքիան, ըստ էության, ստանում է կարևորագույն մի լծակ, այն է` ի զորու է դառնում երաշխավորել NABUCCO գազատարի, կարծես թե, արդեն տապալված նախագծի վերակենդանացումը: Տապալված, որովհետև երբ 2007թ. մայիսին Թուրքմենստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահները պայմանավորվեցին իրենց գազը Եվրոպա տեղափոխել Ռուսաստանի տարածքով, այսպես կոչված, Մերձկասպյան խողովակաշարով, դրանով իսկ նրանք, փաստորեն, հրաժարվեցին NABUCCO-ն ապահովել գազի անհրաժեշտ ծավալով: Նկատենք, որ NABUCCO-ն շրջանցելու է Ռուսաստանը և պետք է Թուրքիայի տարածքով գազ հասցնի Եվրոպա, մասնավորապես Ավստրիա, Գերմանիա, Հունգարիա, Բուլղարիա: Զրկվելով Կենտրոնական Ասիայի գազից` NABUCCO-ն մնում էր միայն ադրբեջանական գազի հույսին, որի ծավալները գրեթե երեք անգամ պակաս էին այդ խողովակաշարը շահույթով շահագործելու համար գազի պահանջվող նվազագույն քանակից: Նշենք, որ այդ գազատարի գործարկման համար նախատեսված ծախսերը կփոխհատուցվեն միայն այն պարագայում, եթե այդ խողովակաշարով տարեկան տեղափոխվի առնվազն 30 մլրդ խորանարդ մետր գազ:

Վերոգրյալին նաև ավելացնենք, որ այս տարվա մարտին տեղի ունեցած Էրդողան-Պուտին հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որի համաձայն Ռուսաստանին հնարավորություն էր ընձեռվում Թուրքիային պատկանող սևծովյան ջրային ավազանում կատարել երկրաբանահետախուզական աշխատանքներ` Սև ծովի հատակով «Հարավային հոսք»  գազատարի շինարարության նախապատրաստման նպատակով: Հեռանկարում ակնկալվում էր, որ այդ գազատարի շինարարության և շահագործման մեջ Թուրքիան որոշակի դերակատարություն կստանձնի: Այսպիսով Թուրքիան առանցքային դերակատարություն է ունենում նաև ռուսական «Հարավային հոսք»  գազատարի ճակատագրի գործում: Ասենք, որ «Հարավային հոսքը»  և NABUCCO-ն մրցակից այլընտրանքային նախագծեր են: Ահա այստեղ էլ փաստենք այն իրողությունը, որ Թուրքիան, մերձենալով Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հետ, մի կողմից դառնում է տարածաշրջանում ուժեղացող վեհապետություն, մյուս կողմից ի հայտ է գալիս Թուրքիայի հետևողականորեն խորացող համագործակցությունը Իրանի և Ռուսաստանի հետ բնական պաշարները համատեղ տնօրինելու հարցում: Հիշատակված այս երկու գործոններն էլ, համաձայն «ԱՄՆ ազգային պաշտպանության ռազմավարության», Միացյալ Նահանգների համար համարվում են արտաքին մարտահրավերներ: Սրան ավելացնենք նաև այն, որ գազային ոլորտում Իրանի հետ կնքված համաձայնագրերի առնչությամբ 2009թ. հոկտեմբերի 27-ին Ռ.Թ.Էրդողանը հայտարարել էր, որ Իրանի հետ առևտուր իրականացնելիս իրենք այսուհետ հրաժարվելու են հաշվարկներ անել ԱՄՆ դոլարով և առևտուրը կատարվելու է այդ երկու երկրների ազգային արտարժույթներով: «Մենք ընդունել ենք օրենսդրական անհրաժեշտ ակտ և պատրաստ ենք անցման»,- հայտարարել էր Էրդողանը` ելույթ ունենալով թուրք-իրանական գործարարների համաժողովում: Ըստ որում, հարկ է նշել, որ Թուրքիան նույն մոտեցումն է որդեգրել Չինաստանի հետ իրականացվող առևտրային գործարքներում: Նմանատիպ պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև Թուրքիայի և Ռուսաստանի միջև` Մոսկվա կատարած Աբդուլլահ Գյուլի վերջին պաշտոնական այցի ժամանակ: Ավելին` Թուրքիան ծրագրում է իր արտաքին առևտրաշրջանառության ծավալի 20%-ը դուրս բերել դոլարից և եվրոյից ունեցած կախվածությունից:

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ ԵՎ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ

Անցած երկու տարիների ընթացքում աշխարհում կատարված գործընթացները վերլուծելիս կարող ենք փաստել Եվրամիության և հետխորհրդային երկրների հարաբերություններում առկա որակական փոփոխությունները: Այսպես, 2008թ. մայիսի 26-ին Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին Շվեդիայի իր գործընկեր Կարլ Բիլդտի մասնակցությամբ Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհրդին էին ներկայացրել «Արևելյան գործընկերություն»  վերտառությամբ ծրագրի նախագիծ: Դրանով նախատեսվում էր, որ հետխորհրդային 6 պետություններ` Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան, Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, Եվրամիության հետ պետք է իրականացնեն գործընթացներ, որոնց հիմնական նպատակն է այդ երկրների հետագա մերձեցումը Եվրամիությանը: Հարկ է նշել, որ 2008թ. դեկտեմբերի 12-ին Բրյուսելում տեղի ունեցած Եվրամիության անդամ երկրների երկօրյա գագաթաժողովի երկրորդ օրը այդ երկրների ղեկավարները հաստատել էին «Արևելյան գործընկերություն»  ծրագիրը, որը ապագայում չի նախատեսում դրանում ընդգրկված երկրների անդամակցումը Եվրամիությանը:

Ծրագրով առաջարկվում է ընդօրինակել Եվրամիության օրենսդրական ակտերը և ինքնիշխան 6 պետությունների ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել Եվրամիության օրենսդրությանը: Կարևորագույն երկրորդ նպատակն է` այդ պետությունների կողմից Եվրոպական դատարանի որոշումների ընդունման պահանջը: «Արևելյան գործընկերության»  շրջանակում ծրագրվում է թեթևացնել վիզային պայմանակարգը` հեռանկարում ձևավորելով ազատ տեղաշարժման ռեժիմ, ինչպես նաև ազատ առևտրի գոտիների ստեղծում` եվրոպական ընդհանուր շուկայում ներգրավվելու համար: Հատկանշական է, որ լեհ-շվեդական նախաձեռնության օրը` 2008թ. մայիսի 26-ին, բրիտանական «The telegraph»  հեղինակավոր պարբերականը մի նյութ էր տպագրել, որտեղ գրված էր. «Այսօր Լեհաստանը մարտակոչ է նետում իր հզոր հարևանին` Ռուսաստանին, հիմնադրելով «Արևելյան գործընկերություն»  ծրագիրը` Եվրամիությանն առաջարկում է իր ազդեցությունը տարածել նախկին Խորհրդային Միության տարածքի խորքում»: Պատահական չէ, որ հեղինակավոր վերլուծաբանների կողմից «Արևելյան գործընկերություն»  նախագիծը ստացավ ԱՊՀ տարածքում ներդրված «Տրոյական ձի»  բնորոշումը և ընդունվեց որպես Եվրամիության տնտեսական, քաղաքական ու ռազմավարական ազդեցության ոլորտում հետխորհրդային 6 պետությունների ներգրավումն ապահովող միջոց: Ուշագրավ է, որ Եվրամիությունը մեծ կարևորություն է տալիս այդ ծրագրին: Բավական է նշել, որ Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի թեժ ժամանակաշրջանում` 2009թ. մարտի 20-21-ին, Պրահայում տեղի ունեցած Եվրամիության գագաթաժողովում որոշում էր ընդունվել նոր թափ հաղորդել «Արևելյան գործընկերության»  շրջանակում հետխորհրդային 6 երկրների հետ համագործակցությանը: Հաստատվել էր նաև մինչև 2013թ. «Արևելյան գործընկերություն»  ծրագրի բյուջեն` 600 մլն եվրոյի չափով: Խորհրդանշական էր նաև այն, որ այդ գագաթաժողովում «Արևելյան գործընկերության»  հարցի քննարկմանը հաջորդել էին NABUCCO խողովակաշարի կառուցման նախագծի համակողմանի վերլուծությունը: Բնական է, որ Ռուսաստանը չէր կարող չարձագանքել այս գործընթացին:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այդ օրերին նախազգուշացրել էր Եվրամիությանը, որ նրանք հետխորհրդային հիշյալ երկրներին չկանգնեցնեն ընտրության առջև` «կամ դուք մեզ հետ եք, կամ` մեր դեմ եք»: Եվրամիությունը շտապեց «հանգստացնել»  ՌԴ-ին, հայտարարելով, որ գործընկերության ծրագիրը չի նախատեսում «ազդեցության նոր գոտիների»  ձևավորում: Սակայն դա այնքան էլ այդպես չէր և ամենևին էլ պատահական չէր, երբ այդ օրերին Ս.Լավրովը Չեխիայի արտաքին գործերի նախարարի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր. «Իմ բարեկամ Կարել Շվայցենբերգը (Չեխիայի արտաքին գործերի նախարարը - Ա.Գ.) հրապարակավ ասել է, որ եթե Բելառուսը ճանաչի Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, ապա կարող է մոռանալ «Արևելյան գործընկերությանը»  անդամակցելու մասին: Ի՞նչ է սա: Շանտա՞ժ, թե՞ գործողության մեջ եվրոպական ժողովրդավարության դրսևորում»: Ի դեպ, եթե այս հարցերին մոտենանք «ԱՄՆ ազգային պաշտպանության ռազմավարության»  տեսանկյունից, ապա կարծում եմ, որ Եվրամիության կողմից հաստատված «Արևելյան գործընկերության»  ծրագիրը իր ամբողջության մեջ «տեղավորվում է»  ԱՄՆ-ի արտաքին մարտահրավերների շարքում:

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ - ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Աշխարհաքաղաքական մերօրյա զարգացումներում Իրանի գործոնը դժվար է անտեսել: Թուրք-իրանական հարաբերությունների մասին արդեն իսկ նշվեց: Դրան ավելացնենք, որ 2009թ. հոկտեմբերի 28-ին Իրան կատարած Էրդողանի պաշտոնական այցի ժամանակ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել էր, որ թուրք-իրանական գործընկերությունը նպաստելու է «Մերձավոր և Միջին Արևելքում տարածաշրջանային նոր կարգի, խաղաղության և անվտանգության ստեղծմանը, ինչպես նաև անհրաժեշտ արգելք է դնելու իսլամական ազգի դեմ ուղղված թշնամական մտադրությունների ճանապարհին»: Ավելին` Իրանը Թուրքիային առաջարկել էր ստեղծել Հարավ-Արևմտյան Ասիայի երկրներին միավորող կազմակերպություն, որտեղ առաջատար դերակատարություն պետք է ստանձնեն Թուրքիան և Իրանը: Նշենք նաև, որ Իրանի իշխանությունները գերազանց պատկերացնում են, թե ինչպիսի բացասական հետևանքներով է հղի Թուրքիայի կողմից դրսևորվող նման ակտիվ ներխուժումը մեր տարածաշրջան, հատկապես նրա աննախադեպ ձգտումը` նշանակալի դեր ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այդ գիտակցումով էր պայմանավորված, որ Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին վերջերս հանդես եկավ Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում իր երկրի մասնակցությունը բերելու առաջարկով:

Պաշտոնական Երևանը շնորհակալություն հայտնելով` Իրանի իր գործընկերներին միաժամանակ պարկեշտորեն կրկնեց մեր երկրի սկզբունքային այն մոտեցումը, որ ԼՂՀ-ի հիմնախնդրի կարգավորման հարցերն ամբողջովին գտնվում են Մինսկի խմբի համանախագահ-երկրների տիրույթում: Դրանով իսկ մեր արտաքին գործերի գերատեսչությունը հերթական անգամ թուրքական իշխանություններին գլխի գցեց, որ նրանք սին նկրտումներ չփայփայեն խնդրո առարկայի շուրջ իրենց մասնակցության առումով, քանի որ մեր երկիրը մերժեց այդ գործընթացին մասնակցելու անգամ իսկ բարեկամ Իրանի ներգրավման առաջարկը: Այս համատեքստում անհրաժեշտ է կարևորել վերջին շրջանում ռուս-իրանական հարաբերություններում գոյություն ունեցող բարդությունները: Մասնավորապես Իրանը շատ հիվանդագին է ընդունել Ռուսաստանի հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունը` վերջինիս կողմից Իրանին C-300 տիպի հրթիռային համակարգերի վաճառքի մասին որոշման բեկանումը: Բացի այդ, Ռուսաստան-Իրան հարաբերությունների վրա բացասական ազդեցություն է թողել Ռուսաստանի կողմից Իրանում կառուցվող Բուշեհրի ատոմակայանի շահագործման ժամկետների հետ կապված ձգձգումները: Այստեղ հարկ է հատուկ նշել, որ ս.թ. ապրիլի 8-ին Պրահայում Մեդվեդև-Օբամա հանդիպման նախօրեին վարչապետ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ ասված էր` Բուշեհրի ատոմակայանը շահագործման կհանձնվի այս տարվա ամռանը:

Այդ օրերին հնչեցված հայտարարությունը, անշուշտ, պատահական չի կարելի համարել: Վերջին շրջանում նկատվող պաշտոնական Մոսկվայի դիրքերի կոշտացումը` պայմանավորված Իրանի միջուկային ծրագրերի հետ, շատ վերլուծաբաններ մեկնաբանում էին Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ին ուղղված իմաստավորված ժեստ` ի պատասխան Բարաք Օբամայի կողմից Արևելյան Եվրոպայում` Չեխիայում և Լեհաստանում, հակահրթիռային համակարգեր տեղադրելու վերաբերյալ Ջորջ Բուշի վարչակազմի օրոք ձեռքբերված պայմանավորվածություններից հրաժարվելու մասին հայտարարության: Սակայն երբ վերջերս Միացյալ Նահանգները սկսեցին բանակցել Ռումինիայի և Բուլղարիայի հետ նրանց տարածքում տեղադրված հակահրթիռային համակարգերի արդիականացման շուրջ, ապա պաշտոնական Մոսկվայի պատասխանն ԱՄՆ-ին իրեն երկար սպասեցնել չտվեց: Վլադիմիր Պուտինի վերոհիշյալ հայտարարությանը հետևեց նաև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտնած մոտեցումները Իրանի միջուկային ծրագրերի կապակցությամբ: Այսպես, Պրահայում «Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման և սահմանափակման պայմանագրի»  ստորագրմանը հաջորդած Մեդվեդև-Օբամա համատեղ մամուլի ասուլիսում, անդրադառնալով Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանն ուղղված ԱՄՆ-ի կոչին, Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր. «Եկեք խորհենք` ինչո՞ւ են անհրաժեշտ պատժամիջոցները: Որպեսզի հաճո՞ւյք ստանանք այս կամ այն պետության դեմ ռեպրեսիաների փաստով... Ես համոզված եմ, որ այստեղ բոլոր գտնվողները կասեն, որ պատժամիջոցներն անհրաժեշտ են, որպեսզի դրդեն այս կամ այն մարդուն, այս կամ այն պետությանը օրինաչափական վարքագծի դրսևորմանը, վարքագիծ, որը տեղավորվում է միջազգային իրավունքի և այդ պետության կողմից ստանձնած պարտավորությունների շրջանակներում: ...Ես որպես Ռուսաստանի Դաշնության նախագահ պետք է ելակետ ընդունեմ երկու մեկնակետ. առաջին` Իրանին դրդել, որ գործի օրինաչափական վարքագծի անհրաժեշտությունից ելնելով, երկրորդ` ոչ պակաս աստիճանի կարևորելով և ելնելով մեր երկրի ազգային շահերից»: Բնականաբար Իրանի միջուկային ծրագրերի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության քաղաքական ղեկավարության դիրքորոշումների հստակեցումը մեծապես կախված կլինի առաջիկայում Արևելյան Եվրոպայում ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության ծրագրերի հնարավոր զարգացումներով:

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ - ԱԴՐԲԵՋԱՆԱ-ՎՐԱՑԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ

Կարծում եմ, որ Հարավային Կովկասում ընթացող գործընթացներն առավել բուռն զարգացում ստացան վրաց-հարավօսական պատերազմից անմիջապես հետո: Եվ հատկանշական էր, որ պատերազմի թնդանոթաձգությունը դեռ չավարտված` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շտապեց Մոսկվա և 2008թ. օգոստոսի 20-ին հռչակեց «Կովկասում կայունության և համագործակցության պլատֆորմ»-ը: Օրեր անց Էրդողանը մամուլում արված հայտարարությամբ պարզաբանեց. «Պլատֆորմը առաջին հերթին պետք է ունենա աշխարհագրական հիմք... և հետապնդի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման նպատակ, ապահովի տնտեսական համագործակցություն և էներգետիկական անվտանգություն: Սույն պլատֆորմը պետք է հենվի ԵԱՀԿ սկզբունքների վրա»: Այս առումով այստեղ տեղին է հիշատակել ամերիկյան STRATFOR վերլուծական հայտնի կենտրոնի ս.թ. փետրվարին հրապարակած «2009թ. արտաքին քաղաքականության արդյունքները»  զեկույցից ուշագրավ առանձին դրույթներ:

Այդ փաստաթղթում հետաքրքրական տեղեկություններ կան այն մասին, որ Թուրքիան վրաց-հարավօսական պատերազմից մի քանի օր առաջ, լիովին հասկանալով, թե ինչպիսին են լինելու հետագա գործընթացների հեռանկարները, նախապես փակել, դադարեցրել էր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի շահագործումը: Համաձայն STRATFOR-ի զեկույցի` ամենևին պատահական չէր, որ պատերազմի ավարտին պայթեցվեցին Հայաստանին կապող երկաթգիծը և կամուրջը, որոնք մեր երկրի համար ունեին հույժ կարևոր նշանակություն: Բավական է ասել, որ Հայաստանի արտաքին բեռնափոխադրումների ծավալում այդ երկաթգծով իրականացվում է փոխադրվող բեռների ընդհանուր ծավալի ավելի քան 70%-ը: Ըստ էության, Հայաստանի Հանրապետությանը ի ցույց դրեցին, թե տնտեսական և պարենային անվտանգության տեսանկյունից որքանով է նա խոցելի, հատկապես Թուրքիայի հետ փակ սահմաններ ունենալու պարագայում: Դրա հետ մեկտեղ, ասես թե, պարարտ հող ստեղծեցին Էրդողանի առաջարկած պլատֆորմին Հայաստանի միանալու համար, դրանով իսկ կարևորելով ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների բնականոնացման անհրաժեշտությունը: Այստեղ, սակայն, տեղին կլինի նաև նշել ևս մեկ գործոն, այն է` Վրաստանի տարածքում ճանապարհային հաղորդակցությունների շարքից դուրս գալու պայմաններում Գյումրիում տեղակայված Ռուսաստանի ռազմական կայանի բնականոն գործունեությունը նույնպես խաթարվեց: Նման իրավիճակում Ռուսաստանը հարկադրված եղավ Թուրքիայի հետ բանակցել, որպեսզի Հայաստանի հետ կապող տրանզիտային նոր միջանցքների հաստատման նպատակով օգտվի Թուրքիայի ցամաքային, օդային և ծովային տարածքներից: Եթե սրան գումարենք նաև վերջին շրջանում Ռուսաստան-Թուրքիա տնտեսական համագործակցության վերելքը, ապա բացատրելի է դառնում Ռուսաստանի դրական վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առնչությամբ Ադրբեջանի արձագանքներին, նշենք, որ հայ-թուրքական արձանագրությունների հրապարակման առաջին իսկ օրվանից պաշտոնական Բաքուն ընկել է ջղաձգությունների մեջ:

Անգամ իսկ նա փորձեց իր ավագ եղբորը շանտաժի ենթարկել` Շահիդների ծառուղուց հանեց Թուրքիայի պետական դրոշները, սկսեց սակարկել Թուրքիային մատակարարվող ադրբեջանական գազի գինը թանկացնելու շուրջ, ի հեճուկս նրա` ցուցադրաբար Ռուսաստանի Դաշնության հետ կնքեց գազի մատակարարման նոր պայմանագիր, ակնարկելով, որ ապագայում չի բացառում «Հարավային հոսք»  գազատարին գազ մատակարարելուց: Ասես թե Ադրբեջանն իր ավագ եղբորը հասկացնում էր, որ կանդամակցի եվրոպական երկրների գազամատակարարման գործում Թուրքիան շրջանցող գազատարների կառուցման ծրագրերում... և այլն, և այլն: Անտարակույս Թուրքիայի ծրագրերից չի բխում իր հավատարիմ դաշնակից Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացումը: Ուստիև հենց այս հանգամանքով է պայմանավորված թուրքական իշխանությունների դրսևորած այն համառությունը, երբ նրանք որպես հայ-թուրքական արձանագրությունների վավերացման նախապայման առաջ են քաշում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ադրբեջանանպաստ կարգավորման պահանջը: Ըստ որում, թուրքական կողմը այս հարցում դրսևորում է արդեն իսկ անըմբռնելի «հետևողականություն», անտեսելով այն իրողությունը, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումն ինքնուրույն գործընթացներ են: Այս մասին քանիցս հրապարակավ հայտարարել են Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը` Էրդողանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ինչպես նաև Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները` ի դեմս Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության կոմիսար Քեթրին Էշտոնի, եվրահարևանության և համագործակցության ընդլայնման հարցերով ԵՄ կոմիսար Շտեֆան Ֆյուլեին: Վերը շարադրվածից կարելի է գալ հետևյալ եզրակացության. ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Թուրքիան և Իրանի Իսլամական Հանրապետությունը, ելնելով սեփական երկրների ազգային շահերից, Հարավային Կովկասում իրականացնում են խիստ հաշվենկատ ու հաշվարկված քաղաքականություն: Մոտեցում, որն ինքնին հասկանալի է: Պարզապես խնդիրն այն է, որ հիշատակված երկրների շահերը մեր տարածաշրջանում, մեղմ ասած, միշտ չէ, որ համահունչ են թե՛ միմյանց, թե՛ մեր ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանի շահերին:

Ավելին` եթե Հարավային Կովկասում պահպանվի զարգացումների առկա ուղղվածությունը, ապա ժամանակի ընթացքում Ռուսաստանի համար գնալով ավելի դժվար կլինի այստեղ պահպանել իր ներկայիս ռազմաքաղաքական ազդեցությունը: Ակնհայտ է, որ Ադրբեջանի և Վրաստանի համար որպես հեռանկարային գործընկեր հանդես է գալիս Թուրքիան, քանզի Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղեգծով են իրականացվում առանցքային էներգետիկ նախագծերը, որոնք տարածաշրջանային նոր դաշինքի ձևավորման հիմք են հանդիսանում: Փաստ է նաև, որ վերջին տարիներին Վրաստանի և Ադրբեջանի բանակները մեծ թափով վերազինվում են: Դա, անշուշտ, հակասում է Հարավային Կովկասում ՌԴ-ի ռազմավարական նպատակին` զերծ պահել մեր տարածաշրջանը սպառնալիքի վտանգից` ապահովելով ռազմավարական կայունություն Եվրասիական այս ռեգիոնում: Հակառակ պարագայում Հարավային Կովկասի տարածության վրա կարող ենք ստանալ «Եվրասիական բալկանացման»  ֆենոմենը, երբ մեր տարածաշրջանը կվերածվի ռեգիոնալ վեհապետությունների մրցակցության թատերաբեմի, հատկապես հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Ադրբեջանի որդեգրած անիրատեսական քաղաքականությունը` համեմված պատերազմական գործողությունների ծավալման սպառնալիքով: Այստեղ չի կարելի անտեսել նաև Աբխազիայի ու Հարավային Օսիայի շուրջ շարունակվող զարգացումները: Ահա այս համապատկերում խիստ կարևորվում է հայ-ռուսական ռազմաքաղաքական հետագա համագործակցության խորացումը, առանձնահատուկ նշանակություն է ստանում մեր երկու երկրների անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Ըստ որում, ռազմաքաղաքական այս համագործակցությունն այն հիմնական խոչընդոտն է, որ արգելակում է Ռուսաստանի հարավային Կովկասի սահմանի ամբողջ պարագծով, այսպես կոչված, «սանիտարական կորդոն»  ստեղծելու հայտնի ուժերի ցանկությունը:

Եվ ամենևին էլ պատահական չէ, որ վերլուծական տարբեր կենտրոններ քափ ու քրտինքի մեջ ջանում են ամեն գնով անվստահության մթնոլորտ սերմանել` Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործընկերությունը խարխլելու նպատակով: Այսպես, STRATFOR վերլուծական կենտրոնը վերը հիշատակված իր տարեկան զեկույցում, անդրադառնալով 2009 թ. Հարավային Կովկասում տեղի ունեցած զարգացումներին, եզրակացրել էր. «Իրենց հերթին, Ադրբեջանը և Ռուսաստանը ցուցադրում են փոխադարձ մերձեցման աստիճան` հստակ ցուցանելի դարձնելով նպատակը. արգելափակել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը` առանց շոշափելի տեղաշարժով Ղարաբաղում` հօգուտ Բաքվի (նկատի ունեն ԼՂ հիմնահարցի կարգավորումը - Ա.Գ.): Ակնհայտ է, որ Երևանում զգուշանում են Մոսկվայի և Անկարայի միջև չափից ավելի սակարկության մասշտաբային հետևանքներից, որոնք կարող են կտրուկ թուլացնել Հայաստանի անվտանգության հիմքերը, և որոնք մինչ այժմ կառուցվում են ՌԴ-ի հետ ռազմավարության ու ՀԱՊԿ-ին անդամակցելու հիման վրա»: Շատ հեռուն տանող ահա նման մտքեր են արտահայտված STARTFOR-ի զեկույցում: Ամփոփելով տարեկան զեկույցի այս հատվածը` վերլուծության մեջ ասվում է. «Այսպիսով, միջանկյալ հետևանք որ ունեցավ Թուրքիայի ներգրավումը «Վրաստանի խաղաղեցմանը»  և Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, կարելի է համարել որպես նվազագույնը, դա հայ-ռուսական հարաբերություններում հոգեբանական և անվտանգության հուսալի երաշխիքներ ունենալու էրոզիան էր, որոնք կարող է տրամադրել ՀԱՊԿ-ն Հայաստանին, որը սեղմված է Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի միջև»: Կարծում եմ, մեկնաբանություններն ավելորդ են, քանի որ Ռուսաստանի Դաշնության ռազմավարությունը և արտաքին քաղաքական ուղղվածությունը որոշող հիմնարար փաստաթղթերում վաղուց ի վեր կան մեզ հուզող շատ հարցերի պատասխանները, մասնավորապես քաղաքական ինչպիսի՞ հեռանկարներ են ակնկալվում ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունների զարգացման լույսի ներքո: Հարց, որը խիստ հուզում է STRATFOR-ի վերլուծաբաններին: Իսկ մենք մեր կողմից նշենք, որ 2010 թ. փետրվարի 5-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հաստատել է Ռուսաստանի «Ռազմական դոկտրինը», որտեղ որպես արտաքին վտանգներ են նշված` «Ռուսաստանի Դաշնությանը և նրա դաշնակիցներին ուղղված տարածքային պահանջները, նրանց արտաքին գործերին խառնվելը:

Ռուսաստանի Դաշնությանը հարակից տարածքներում կամ նրա դաշնակից պետություններում զինված կոնֆլիկտների աստիճանական ծավալումը և օջախների առկայությունը»: Կարծում եմ, անցած տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը քանիցս ապացուցել է, որ հավատարիմ է իր կողմից ստանձնած միջպետական բոլոր պարտավորություններին, հատկապես ռազմաքաղաքական իր մերձավոր բարեկամի ու դաշնակցի նկատմամբ: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ ՀՀ-ի նման կեցվածքը հանգիստ չի տալիս այն բոլոր ուժերին, որոնք խուճապի մեջ են ընկնում Ռուսաստանի Դաշնության օրըստօրե աճող հեղինակության փաստից, Հարավային Կովկասի տարածաշրջանում նրա ամուր դիրքերից: Աշխարհաքաղաքական ահա նման բարդ պայմաններում են գործում մեր երկրի նախագահը և արտաքին հարաբերությունների գերատեսչությունը` ստանձնելով հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացմանն ուղղված դժվարին առաքելությունը, ամուր դիրքերից բանակցելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Ըստ որում, հիշատակման է արժանի, որ հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման հետ առնչվող հայկական կողմի բանակցություններն արժանացել են աշխարհիս հզորների աջակցությանը. լինի դա Ռուսաստանի Դաշնությունը, Եվրամիությունը, թե ԱՄՆ-ն, որտեղ օրերս ավարտվեցին ՀՀ պատվիրակության հանդիպումները և բանակցությունները ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Պակաս նշանակալի չէր նաև Վաշինգտոնում նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ժամանակ վերստին հաստատվեցին հայկական կողմի սկզբունքային 4 հարցադրումները, որոնք հնչեցվել էին 2009 թ. հոկտեմբերի 10-ին Սերժ Սարգսյանի հայտնի ուղերձում: Հարավային Կովկաս. ապրիլ. 2010 թվական: Շախմատային Մեծ պարտիան շարունակվում է:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր