21-ՐԴ ԴԱՐԱՍԿԶԲԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԽԻՍՏ ԱՐԴԻԱԿԱՆԱՑԱՎ

13.02.2010

Թե՛ հանրապետության, թե՛ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Մեծ Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում: Ինչպես միշտ, առավել մակերեսային, սիրողական, ինչու չէ, նաև հեգնական ու չարակամ երանգներով կրկին աչքի ընկան աշխարհի կողմից «անարդարացիորեն չգնահատված»  ՀԱԿ-ի միջազգայնագետների արձագանքները: Իրողություն, որը, անշուշտ, ոգևորում է, քանզի վերստին փաստում է միջազգային քաղաքագիտական-փորձագիտական շրջանակներում լևոնականների անվնաս լինելու հանգամանքը: Մինչդեռ ակնհայտ է, որ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «Չեթըմ Հաուսում»  իրավամբ կարելի է համարել շրջադարձային, ինչու չէ, բեկումնային ոչ միայն հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման հեռանկարների տեսանկյունից, այլև Արցախի ազատագրական պայքարին տրվող մեկնաբանությունների, հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման լույսի ներքո: Փորձենք հիմնավորել: Նախ, այն փաստը, որ նախագահը Արցախի հիմնահարցի կարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր զարգացումների մասին նախընտրել էր խոսել Մեծ Բրիտանիայի դիվանագիտական կադրեր պատրաստող հիմնական դարբնոցում` «Չեթըմ Հաուսում», ինքնին խոսուն է: Ամենևին պատահական չէր նաև, որ հանդիպման վարողի դերում էր Արևմուտքում ճանաչված և գնահատված լորդ Ջորջ Ռոբերթսոնը, որը 1997թ. մայիսին ստանձնել էր Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի, իսկ 1998թ. օգոստոսի 2-ին էլ նշանակվել էր և մինչև 2003 թվականը Հյուսիսատլանտյան կազմակերպության` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն էր: Որո՞նք էին Սերժ Սարգսյանի ելույթի, ըստ իս, առանցքային դրույթները: ՀՀ նախագահը հրապարակավ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անկախության ձեռքբերումը, ազատագրական պայքարը պայմանավորված է եղել Արցախի հայ ազգաբնակչության հիմնարար իրավունքի` ապրելու իրավունքի պաշտպանությամբ: Ելույթում փաստարկված ներկայացվեց, որ արցախահայությունը պայքարի էր ելել իր անկախության համար` ի պատասխան ադրբեջանական իշխանությունների գործադրած էթնիկ զտումների, հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացրած բացահայտ ահաբեկության, երբ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում վտանգված էր հայ մարդու կյանքը միայն այն պատճառով, որ նա հայ է:

Դրանով իսկ փաստվեց այն իրողությունը, որ տասնամյակներ շարունակ անարձագանք էր մնում թե՛ խորհրդային իշխանությունների, թե՛ միջազգային հանրության կողմից: Սերժ Սարգսյանը, ըստ էության, ակնարկում է, որ ազատագրական պայքարի պատճառներից մեկն էլ հենց պայմանավորված է նրանց անտարբեր, չեզոք պահվածքով, վերաբերմունքով: Ավելին` ելույթում մատնանշվեց, որ հենց մեր օրերում միջազգային հանրության լռակյաց դիրքորոշման պայմաններում Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում շարունակվում են անպատիժ վանդալիզմի դրսևորումները հայկական պատմական հուշարձանների, խաչքարերի նկատմամբ: Առավել սուր հնչեղություն ունեցավ նախագահի կողմից տրված գնահատականը առ այն, որ միջազգային համապատասխան կառույցների փորձերը տեղում ծանոթանալ, ինչու չէ, կանխել այդ բարբարոսական վերաբերմունքն արժանանում է պաշտոնական Ադրբեջանի բացահայտ քամահրանքին:

 

Ըստ էության, «Չեթըմ Հաուսում»  հավաքված լսարանի առջև կոնկրետ փաստով բացահայտվում էր ներկայիս Ադրբեջանի իշխանությունների բարոյական նկարագիրը: Իշխանություններ, որոնք այսօր էլ շարունակում են միջազգային հանրությանը թյուրիմացության մեջ գցել` անվերջ կրկնելով, թե իբր պատրաստ են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տալ ինքնավարության ամենալայն լիազորություններ: Թե ինչպիսին են, Աստված մի արասցե, այդ լիազորությունները լինելու գործնականում, նախագահը ներկայացրեց Նախիջևանի օրինակով: Էլ չասենք, որ Սերժ Սարգսյանն իր խոսքում ընդգծեց, որ ներկայիս Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում այլևս չի բնակվում և ոչ մի հայ մարդ, ոչ մի հայ ընտանիք: Այս հարցադրումները, որ առաջ քաշվեցին դիվանագիտական դարբնոց ինստիտուտում, ոչ թե նկարագրություն է խնդրո առարկայի շուրջ ստեղծված իրավիճակի, այլ մեղադրանք-գնահատական այն բոլոր ուժերի հասցեին, որոնք այսօր էլ, չխորանալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մեջ, շարունակում են խնդրին մոտենալ միակողմանիորեն` անվերջ գերակայություն տալով Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի կիրառմանը: Ուշագրավ է, որ այս կապակցությամբ Սերժ Սարգսյանը շատ հակիրճ մեկ անգամ ևս հիշեցրեց. «Իրականությունն այն է, որ Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս»: Առավել համոզիչ էր այն, որ Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումը մեկնաբանվեց ճիշտ այն նույն հարթության վրա, որով անկախություն էին ձեռք բերել Խորհրդային Միության փլուզման հետևանքով խորհրդային մի շարք հանրապետություններ, ինչպես նաև Հարավսլավիայի տարաբաժանման գործառույթների հետևանքով հռչակվել էին բալկանյան նորանկախ մի շարք պետություններ: Անառարկելի էր նախագահի հարց-գնահատականը առ այն, որ միջազգային իրավունքի տեսակետից ինչո՞ւ կարելի է մեծ կայսրությունների փլուզման հետևանքով ողջունել նորանկախ պետությունների հռչակումը, բայց միաժամանակ սվիններով ընդունել, որ նույն այդ միջազգային իրավունքի շրջանակում տարաբաժանվում են փոքր կայսրությունները` ծնունդ տալով նորանկախ պետությունների ստեղծմանը: Կարծում եմ, լսարանին ուղղած Սերժ Սարգսյանի հռետորական հարցը` «Ո՞րն է հիմքը. անկայունությո՞ւն: Չեմ ընկալում, չեմ ընդունում. անկայունության ամենամեծ հիմքը անարդար որոշումներն են: Ադրբեջանը սպառել է իր կազմում ինքնավար կարգավիճակով փոքրամասնությունների գոյատևման հանդեպ վստահության պաշարը», ինչպես այնտեղ, այնպես էլ ցանկացած պրոֆեսիոնալ, փորձագիտական լուրջ հանրության կողմից չունի համոզիչ պատասխան: Եվ շատ կարևոր է, որ նման հարցադրումը արվեց Մեծ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում: Եթե ելույթի վերը հիշատակած հատվածը դիվանագիտական լեզվից տեղափոխենք մեր ամենօրյա գործածական լեզվի, ապա ՀՀ նախագահի խոսքերը և տոնայնությունը ոչ այլ ինչ էր, քան լուրջ գնահատական-վերլուծություն, հանդիմանանք, ինչու չէ, պահանջատիրություն և մեղադրանք այն բոլոր ուժերի հասցեին, որոնք փորձում են պարզունակացնել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված մոտեցումները:

Կարևոր է, որ ելույթի այդ հատվածն ունեցավ հստակ ամփոփում. «Եզրակացությունը միանշանակ է. անցել են սեփական հողի վրա ապրող ժողովրդի գաղութացման ժամանակները: Մեր համոզմունքն է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հենվի մարդու իրավունքների և Ղարաբաղի ժողովրդի` որպես հավաքական ինքնության արտացոլողի կամքի վրա»: Խիստ տրամաբանական էր, որ ելույթի երկրորդ մասն ամբողջությամբ նվիրված էր Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող երկխոսությանը: Ուշագրավն այն է, որ, անդրադառնալով այդ և Հայոց ցեղասպանության հարցերին, ՀՀ նախագահը իր գնահատականներով հիմնավորեց` վկայաբերելով նույն բրիտանացի պետական-քաղաքական, գիտական-հասարակական ականավոր գործիչներին: Ամենևին էլ պատահական չէր, որ տրվեց բրիտանացի հայտնի պետական գործիչ լորդ Ջեյմս Բրայսի անունը, մարդ, որը, դեռ 1920 թվականին ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում, խստագույնս դատապարտել էր թուրքերի կողմից Կիլիկիայում սանձազերծված հայկական ջարդերը: Շատ տեղին էր նաև աշխարհահռչակ պատմաբան-գիտնական, մշակութաբան Առնոլդ Թոյնբիի հիշատակումը, որը դեռ 1915 թվականին հեղինակել էր «Գազանությունները Հայաստանում: Ազգի ցեղասպանությունը»  աշխատությունը (The Armenian Atrocities: The Murder of a Nation, 1915), որտեղ փաստական նյութի հիման վրա խստագույնս դատապարտել էր 1915թ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը: Հատուկ նշենք, թե ինչքան կարևոր էր Մեծ Բրիտանիայում և աշխարհում ճանաչված այնպիսի պետական ականավոր գործիչների անունների հիշատակումը, ինչպիսիք են Ուիլյամ Գլադստոնը և Դևիդ Լլոյդ Ջորջը, չմոռանանք, որ երկուսն էլ 19-րդ դարի վերջի-20-րդ դարասկզբի նշանավոր պետական այն գործիչներն էին, որոնց հեղինակությունը բացարձակ էր, իսկ խոսքն առավել հավատարժան: Եվ, իհարկե, շատ տեղին էր նաև Ուիլյամ Գլադստոնի անվան հիշատակումը, որը 4 անգամ եղել է Մեծ Բրիտանիայի վարչապետ:

Կարծում եմ, «Չեթըմ Հաուսի» սրահում հավաքված բրիտանացի փորձագետները պարտավոր են իմանալ. 86-ամյա Ուիլյամ Գլադստոնը հրաժարականից հետո վերադարձավ բրիտանական պառլամենտ, որպեսզի ունենա իր վերջին ելույթը Լորդերի պալատում ընդդեմ «Անկանխագուշակելի Թուրքի»  (ի նկատի ուներ սուլթան Համիդ II արյունարբուին), որը պետք է «ջնջվի աշխարհի քարտեզից, որպես «քաղաքակրթության ամոթ»  և «մարդկության անեծք»: Փորձենք մտորել. արդյոք ՀՀ նախագահի կողմից պատահակա՞ն էին ընտրված հիշատակած գործիչները: Իհարկե, ո՛չ: «Չեթըմ Հաուսի»  լսարանին ակնարկ էր արվում հեռու չգնալ և օգտվել սեփական երկրի արխիվներից, առավել ևս վեր հանել ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլև համաշխարհային քաղաքակրթության 20-րդ դարի պատմության մեջ իրենց ուրույն տեղը վաստակած գործիչների գնահատականները, եթե խնդիր է դրված անկողմնակալ պատկերացումներ ունենալ հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման և Հայոց ցեղասպանության փոխշաղկապվածության տեսանկյունից: Կարծում եմ, նախագահը, հիշատակելով պատմական այն իրողությունը, թե «վերջապես Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համահեղինակությամբ էր, որ 1915թ. մայիսին ընդունվեց համատեղ մի հայտարարություն, որում հայերի դեմ իրագործված բռնություններն ու կոտորածները որակվեցին որպես «հանցագործություն ընդդեմ մարդկության և քաղաքակրթության», ասես հուշում էր բրիտանացի փորձագետներին, որ խորհեն: Խորհեն այն մասին, որ թե՛ Ռուսաստանի Դաշնության, և թե՛ Ֆրանսիայի իշխանությունները հավատարիմ են մնացել սեփական երկրների իշխանությունների կողմից 20-րդ դարասկզբին տրված գնահատականներին: Նրանք դրսևորել են հետևողականություն և պետականորեն ճանաչել ու դատապարտել են Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը, մինչդեռ Մեծ Բրիտանիայի թե՛ Համայնքների պալատը, թե՛ Լորդերի պալատը մինչ օրս խուսափում են կատարվածին տալ պաշտոնական գնահատական:

Սերժ Սարգսյանի հղումը հայ ժողովրդի բարեկամներ Ջեյմս Բրայսին, Ուիլյամ Գլադստոնին, Դևիդ Լլոյդ Ջորջին, Առնոլդ Թոյնբիին խիստ իմաստավորված ու արդարացված էր: Դարերի ընթացքում բրիտանացիներին ներհատուկ է եղել աշխարհին սովորեցնելը և հիվանդագին են ընդունում, երբ փորձում ես սեփական կարծիքդ արտահայտել, առավել ևս երբ դա չի համընկնում իրենց գնահատականներին: Դրա հետ մեկտեղ նրանք մեծագույն հարգանքով են վերաբերվում սեփական ազգի մեծերի խոսքին, ինչը պայմանավորված է դարերի ընթացքում ձևավորված անգլիական պահպանողականությամբ և ազգային ավանդույթներով: Հենց այս առանձնահատկություններն էլ հաշվի առնելով` նախագահ Ս.Սարգսյանը համապատասխան հղումներ արեց վերը հիշատակված մեծերի կողմից Հայկական հարցին տրված գնահատականներին: Անտարակույս նրա խոսքերը` «հայերս, որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, բարոյական պարտք ունենք մարդկության և պատմության առջև ցեղասպանությունների կանխարգելման հարցում... Ցեղասպանությունը չի կարող հուզել միայն մեկ ժողովրդի, քանի որ այն հանցագործություն է ողջ մարդկության դեմ», լուրջ մտորումների տեղիք կտան թե՛ Մեծ Բրիտանիայի, թե՛ Միացյալ Նահանգների և թե՛ առաջին աշխարհամարտին մասնակից գերհզոր բոլոր պետությունների ներկայիս ղեկավարներին, երկրներ, որոնք ի զորու չեղան կանխել Հայոց ցեղասպանությունը և այսօր էլ, կարծես թե, իրենցից կախված ամենը չեն անում աշխարհում ցեղասպանությունները կանխարգելելու համար` չճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Կարծում եմ, առանձին ուշադրության է արժանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտնած այն վճռականությունը, որ` «որպես խորհրդարանական մեծամասնության քաղաքական առաջնորդ բացառում եմ Թուրքիայի կողմից արձանագրությունները, պայմանավորվածության համաձայն` առանց նախապայմանների վավերացման դեպքում, Հայաստանի խորհրդարանի կողմից դրանց վավերացման տապալումը»:

Սա թերևս կարելի է համարել շատ հուժկու հարված` ուղղված այն շահարկումներին, որ հնչում են թուրքական իշխանությունների կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացման կապակցությամբ, երբ Թուրքիայի իշխող «Արդարություն և Զարգացում»  կուսակցության առաջնորդներ Աբդուլլահ Գյուլը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ահմեդ Դավութօղլուն շարունակաբար հայտարարում են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի, այսպես կոչված, անկախ կարգավիճակի և ընդունվելիք որոշումների անկանխատեսելիության մասին: Նրանք, փաստորեն, հետնահանջի հնարավորություն են թողնում` խնդիր ունենալով խուսափել արձանագրությունների վավերացումից, եթե դրանց նախորդող իրադարձությունները չընթանան իրենց իսկ կողմից նախապես մշակված սցենարի համաձայն: Դրան հակառակ` նախագահը, խիստ կարևորելով, որ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կարող է դառնալ վերջին տասնամյակների խոշորագույն ներդրումը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում», հրապարակավ պատասխանատվություն է վերցնում իր վրա ապահովել հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը ՀՀ Ազգային ժողովում: Դրանով իսկ ակնհայտ է դառնում, որ թուրքական կողմից ներկայումս բերվող պատճառաբանությունները` արձանագրությունների վավերացման դժվարությունների առումով, շինծու են և վկայում են, որ Թուրքիայի իշխանություններն անկեղծ չեն իրենց այն հայտարարություներում, որ այդ երկրի արտաքին քաղաքականության առանցքն է մեր տարածաշրջանում կայունության ու զարգացման ապահովումը: ՀՀ նախագահի վճռականությունը` բնականոնացնել հայ-թուրքական հարաբերությունները, առավել արժեքավոր են, որովհետև արվում են մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունները աշխարհասփյուռ համայն հայության հետ մեկտեղ այս տարվա ապրիլի 24-ին նշելու են Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. իրագործված Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը: Կարծում եմ, փետրվարի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Մեծ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում կդառնա ուղենիշային Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կորպուսի և հայոց պետականության շահերով մտահոգ քաղաքական բոլոր ուժերի համար: Անվիճելի է, որ 21-րդ դարասկզբին Հայկական հարցը խիստ արդիականացավ:

Արտաշես Գեղամյան

«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր