ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ. ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄԵԾ ՊԱՐՏԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

16.01.2010

Մեր տարածաշրջանի համար այս շաբաթը աչքի ընկավ կարևորագույն իրադարձություններով: Ավարտվեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն, նրա բանակցությունները ՌԴ-ի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և վարչապետ Վլադիմիր Պուտինի, ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովի բանակցությունները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Անտարակույս, կարևոր իրադարձություն էր նաև հունվարի 12-ին ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից ընդունված 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխ քաղաքում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին»  և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին»  արձանագրություններում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով»  որոշումը: Վերը նշված բոլոր իրադարձություններն իրենց միասնության մեջ նոր իրավիճակ են ստեղծում թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, թե՛ հայ-թուրքական հարաբերություններում, թե՛ Հարավային Կովկասի տարածաշրջանում և, ինչու չէ, ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Եվրամիություն, Թուրքիայի միջև հարաբերություններում: Այս առումով փորձենք ի մի բերել այս շաբաթվա զարգացումները: Եվ այսպես, հունվարի 13-ին վարչապետներ Պուտինի և Էրդողանի բանակցություններից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ նրանք հանդես եկան ելույթներով, այնուհետև պատասխանեցին լրագրողների հարցերին: Հիշատակման արժանի են վարչապետների ելույթներում արտահայտված այն միտքը, որ վերջին տարիներին Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում արձանագրվել է վերելք, մասնավորապես առևտրատնտեսական, հումանիտար ոլորտներում:

Այսպես, 2008 թ. գրանցված արդյունքներով Ռուսաստանի Դաշնությունը Թուրքիայի հետ ունեցած ապրանքաշրջանառության ծավալով վստահորեն զբաղեցնում է առաջին տեղը, իսկ Թուրքիան Ռուսաստանի առևտրատնտեսական գործընկերների մեջ գրավում է 7-րդ տեղը: Վարչապետների կողմից խնդիր դրվեց առաջիկա 5 տարիների ընթացքում փոխադարձ առևտրաշրջանառության ծավալները հասցնել 100 մլրդ դոլարի: Այսօր Ռուսաստանը ապահովում է բնական գազի Թուրքիայի պահանջարկի շուրջ 70 տոկոսը: Թուրքիայի բիզնեսը արդեն Ռուսաստանի էկոնոմիկա է ներդրել 6 մլրդ դոլար, իսկ Ռուսաստանի բիզնեսը Թուրքիայի էկոնոմիկա ներդրումներ է արել շուրջ 4 մլրդ դոլարի չափով: Անցյալ տարի Ռուսաստանից Թուրքիա են այցելել մոտ 3 մլն զբոսաշրջիկներ, Թուրքիա մեկնած տուրիստների թվով Ռուսաստանը Գերմանիայից հետո զբաղեցնում է երկրորդ տեղը: Նախատեսել են մինչև այս տարվա ամառը սահմանել առանց մուտքագրային արտոնագրերի կարգ` Թուրքիայից Ռուսաստան և հակառակը:

Ավելին` բանակցությունների ընթացքում դրական արդյունքներ արձանագրվեցին համատեղ իրագործվող նախագծերի` «Հարավային հոսք»  գազատարի և «Սամսուն–Ջեյհան»  նավթատարի, ՌԴ-ի կողմից Թուրքիայում ատոմակայան կառուցելու հետ առնչվող խնդիրների լուծման գործում, ինչպես նաև քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Այս ամենի մասին մանրամասնեցի հատուկ, որպեսզի պատկերացնենք Ռուսաստան-Թուրքիա համագործակցության մակարդակը: Վարչապետների ելույթներից հետո նրանք պատասխանեցին լրագրողների հարցերին: Այստեղ կարևոր եմ համարում, որ Թուրքիայի վարչապետի այցը ՌԴ լուսաբանող թուրքական և ռուսաստանյան լրագրողական խմբերին ընձեռված էր հնարավորություն տալու մեկական հարց: Առաջին հարցը հնչեցրեց թուրքական «Սաբահ»  թերթի լրագրողը, ով ի սկզբանե հայտարարեց, որ հանդես է գալիս վարչապետի այցը լուսաբանող բոլոր լրագրողների անունից: Նրա կողմից հնչեցված հարցից պարզ դարձավ, որ Էրդողանի այցի հետ կապված թուրքական լրատվամիջոցներին բոլորից շատ հետաքրքրում է Հարավային Կովկասում ստեղծված վիճակը: Թուրք լրագրողը հարցրեց Վ.Պուտինին. «Մենք բոլորս գիտենք, անցյալ տարվա հոկտեմբերի 10-ին հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման արձանագրությունների ստորագրումով այստեղ նկատվում է պոզիտիվ լուրջ շարժընթաց: Ներկայումս արձանագրությունները երկու երկրներում ներկայացված են պառլամենտների վավերացմանը: Հայկական կողմը գուցե այս հարցում ավելի արագ է շարժվում: Սակայն վերջերս թուրքական կողմը բազմիցս հայտարարել է այն մասին, որ այդ գործընթացի հեշտացման և արագացման համար օգտակար կլիներ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակում առաջընթաց ունենալը: Մտադի՞ր է արդյոք Ռուսաստանը ձեռնարկել քայլեր, որպեսզի նպաստի այդ պրոցեսի արագացմանը»:

 

Այստեղ առանձնահատուկ պետք է նշել, որ Վլադիմիր Պուտինի պատասխանն աչքի ընկավ միաժամանակ և՛ փայլուն դիվանագիտությամբ, և՛ լակոնիկությամբ, և՛ միարժեք ընկալում առաջացնող դիրքորոշման արտահայտմամբ: Մինչև Վլադիմիր Պուտինի պատասխանին անդրադառնալը, նշենք, որ տրված հարցը բացառիկ նշանակություն ունի թուրք-ադրբեջանական հարաբերությունների տեսանկյունից: Այստեղ, իհարկե, չի կարելի թերագնահատել նաև Թուրքիայի Ազգային Մեծ ժողովում առկա տրամադրությունները, երբ պատգամավորների որոշակի տոկոսը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը մեծապես պայմանավորում է Լեռնային Ղարաբաղի հարցի ադրբեջանանպաստ որոշման հաստատմամբ: Իսկ հիմա տեսնենք, թե ի՞նչ կնշանակեր Վլադիմիր Պուտինի այդ հարցին տված պատասխանը. «Նախևառաջ, ուզում եմ ասել, որ Ռուսաստանը առավել քան որևէ մեկը շահագրգռված է տարածաշրջանում մեր հարևանների միջև հարաբերությունների նորմալացմամբ: Անտեսանելի մեծաթիվ թելերով մենք կապված ենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ: Միլիոնավոր, ուզում եմ դա ընդգծել, միլիոնավոր ադրբեջանցիներ և միլիոնավոր հայեր ապրում են Ռուսաստանում, այստեղ ունեն հարազատներ և մերձավորներ»: Ի՞նչ է սա նշանակում: Կարծում եմ, դա հստակ ուղերձ է որ թուրքական կողմը չփորձի միջազգային հանրության շրջանում տպավորություն ստեղծել, թե ավելի շատ է անհանգստացած հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդրով, քան Ռուսաստանը: Սա մի կողմից:

Մյուս կողմից, Վլադիմիր Պուտինը նշելով, որ Ռուսաստանում բնակվում են միլիոնավոր հայեր ու ադրբեջանցիներ, ըստ էության, փաստում է այն իրողությունը, որ յուրաքանչյուր հարց, որը կարող է սրել հայ-ադբեջանական միջպետական հարաբերությունները, իր խիստ անցանկալի բացասական անդրադարձը կունենա միլիոնավոր մարդկանց ընդգրկող ռուսաստանաբնակ հայկական և ադրբեջանական համայնքների վրա: Պարզից էլ պարզ է, որ դա իր հերթին կարող է լուրջ խնդիրներ առաջացնել Ռուսաստանի Դաշնությունում ներքին անվտանգության տեսանկյունից: Վ.Պուտինի շատ մատչելի և բոլորի համար ըմբռնելի խոսքերի հետևում արտահայտվել է Ռուսաստանի Դաշնության պարզ դիրքորոշումը, այն է` հայ-ադրբեջանական հարաբերությունների խաղաղ կարգավորումը Ռուսաստանի Դաշնությունը դիտարկում է որպես սեփական երկրի ազգային անվտանգության խնդիր: Ուստիև, արդեն մեր կողմից խնդրո առարկայի վերաբերյալ եզրակացությունն անելու պահն է: Ռուսաստանի Դաշնությունը սեփական երկրի ազգային անվտանգության ապահովման գործում դրսի ուժերին, տվյալ պարագայում Թուրքիային, ապավինելու կամ դրանց այս գործընթացին մասնակից դարձնելու և ոչ մի մտադրություն չունի: Եվ շատ տրամաբանված էր Վ.Պուտինի պատասխանի շարունակությունը, երբ ասաց. «Մենք մեծ հույսով ընդունեցինք թուրքական կողմի նախաձեռնություններն այդ շփումների (նկատի ունի հայ-թուրքական շփումները - Ա.Գ.) նորմալացման ուղղությամբ: Մեծ հույսեր ունենք, որ ծայրահեղական մոտեցման ցանկացած տարր, որոնք հիմնված են անցյալի պրոբլեմների վրա, կվերացվեն»: Ի՞նչ է սա նշանակում: Ինչպես հայտնի է, Հայաստանը հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը կողմ է, եթե բացառվում է որևէ նախապայման: Դիրքորոշում, որի մասին բազմիցս հայտարարել է պաշտոնական Երևանը:

Դրան հակառակ, թուրքական կողմը, ի դեմս Թուրքիայի նախագահի, վարչապետի, արտգործնախարարի, ամենատարբեր առիթներով հայ-թուրքական արձանագրությունների վավերացման համար բազմաթիվ անգամ զանազան նախապայմաններ է առաջ քաշել: Այսպես, ըստ էության, թուրքերը որպես նախապայման փորձ են կատարում, որպեսզի մեր երկիրը և Սփյուռքը ուրանան Հայոց ցեղասպանության ճանաչումը: Այստեղ հարկ է նշել, որ Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Պայման են ուզում մեր վզով փաթաթել, որ Լեռնային Ղարաբաղին հարակից ազատագրված 7 շրջաններից դուրս բերվեն Արցախի ինքնապաշտպանության բանակի ստորաբաժանումները, ճանաչվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (ներառյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը): Առաջ են քաշում նաև սահմանների ճանաչման հարցը` խնդիր ունենալով ստեղծել իրավական մի այնպիսի իրադրություն, երբ հետագայում անհնար կլինի դրանք փոփոխության ենթարկել: Այն, որ Վ.Պուտինի այդ խոսքերը հասցեագրված էին թուրքական կողմին, հիմնավորվում է նրա արած հետևյալ հայտարարությամբ. «Հայաստանի ղեկավարությունը գտնվում է այդ դրական ճանապարհին, մենք դա ողջունում ենք: Ի նկատի ունեմ, որ և՛ Ղարաբաղյան պրոբլեմը, և՛ հայ-թուրքականը իրենք իրենցով լուրջ պրոբլեմներ են: Դրանք փոխշաղկապել մի փաթեթում իրար հետ, ես չեմ գտնում ճիշտ: Այդ պրոբլեմներից անգամ իսկ յուրաքանչյուրն առանձին լուծելը ինքնին շատ բարդ է: Եվ եթե մենք այդ ամենը մի խուրձի մեջ գցենք, ապա հարցերի լուծման հեռանկարն ավտոմատ կերպով կունենա շատ հեռավոր հեռանկար: Դրա համար էլ այդ խնդիրները շաղկապելը ես գտնում եմ մարտավարական և ռազմավարական տեսակետից ոչ նպատակահարմար: Սակայն մենք ամեն կերպ նպաստելու ենք ինչպես մեկ, այնպես էլ մյուս պրոբլեմների լուծմանը»:

Այսպիսով, մենք ականատեսը դարձանք, որ 2009 թ. ապրիլի 23-ից սկսած, երբ հայտարարվեց հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն ուղղված «Ճանապարհային քարտեզի»  մասին, ապա օգոստոսի 31-ին հրապարակվեցին հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող արձանագրությունները, որին հաջորդեց դրանց ստորագրումը հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում, այս ամենին ՌԴ-ի վարչապետի կողմից հունվարի 13-ին տրվեցին պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումն արտահայտող սպառիչ պատասխաններ: Դրանով իսկ հուժկու հարված հասցվեց հայաստանյան այն ուժերին, որոնք ամիսներ շարունակ իրենց աղանդավորական շահերը տարածող ռուսատյաց լրատվամիջոցներով մեր երկրում փորձում էին սերմանել հակառուսական տրամադրություններ, բարբաջում, թե Ռուսաստանը մեր երկրի թիկունքում դավեր է նյութում Թուրքիայի հետ, Ղարաբաղը ծախում է և այլն, և այլն: Վարչապետի այս հակիրճ խոսքով, այն է` ՌԴ-ը կողմ է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը առանց նախապայմանների, ամեն ինչ ընկավ իր տեղը: Ռուսաստանի ղեկավարությունը շատ լավ գիտակցում է, որ Հայաստանի կողմից ցանկացած նախապայմանի ընդունում, անշուշտ, կուժեղացնի Թուրքիայի դիրքերը մեր տարածաշրջանում, դրան զուգահեռ կթուլանան ՌԴ-ի դիրքերը: Հասկանալի է, որ նման հեռանկարը ամենևին չի բխում Ռուսաստանի շահերից: Թուրքիայի դիրքերի ուժեղացումը էլ ավելի կմերձեցնի Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները, ինչն էլ իր հերթին կթուլացնի ադրբեջանական կողմի վրա ՌԴ-ի ունեցած այսօրվա ազդեցության լծակները:

Պուտինի այս հայտարարությունը միաժամանակ մեղմ զգուշացում էր նաև Ադրբեջանին, որպեսզի վերջինս, թեկուզև շատ դեպքերում արհեստական, սակայն հաճախակի հնչող ամբոխավարական ճնշումներ չբանեցնի թուրքական կողմի վրա, պայմանավորված հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն ուղղված գործընթացի կապակցությամբ, դա կապելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ադրբեջանանպաստ լուծումների հետ: Վ.Պուտինը, ավարտելով իրեն տրված հարցի պատասխանը, այն եզրափակել էր հետևյալ խոսքով. «Դրա հետ մեկտեղ, առաջին դեպքում (նկատի ունի Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը.- Ա.Գ.) այդ պրոբլեմի լուծումը կապված է Հայաստանից ու Ադրբեջանից, իսկ երկրորդ դեպքում (նկատի ունի հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը.- Ա.Գ.)` Թուրքիայից ու Հայաստանից: Մենք հարգանքով ենք վերաբերվել ու վերաբերվելու ենք մեր գործընկերների տեսակետներին: Ռուսաստանի դիրքորոշումն այստեղ այն է, որ սատարի յուրաքանչյուր պոզիտիվ, որն ուղղված է այդ երկու շատ բարդ խնդիրների լուծմանը»: Վ.Պուտինը, ըստ էության, Ռուսաստանի անունից հայտարարեց, որ չի հանդուրժելու դրսից և ոչ մի ճնշում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի վրա Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործում, դրանով իսկ վերստին հաստատելով Ռուսաստանի առանցքային դերակատարությունը Հարավային Կովկասում: Հիշեցնեմ, որ միջազգային հանրությունն այդ հարցի կարգավորման առաքելությունը վստահել է Մինսկի խմբի համանախագահող երկրներին` ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանի Դաշնությանը: Հարկ եմ համարում առանձնահատուկ ուշադրություն հրավիրել մի շատ կարևոր հանգամանքի վրա, այն է` թուրք լրագրողի հնչեցրած հարցում հիմնական շեշտադրումն էր ԼՂՀ-ի հարցի կարգավորումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի բանաձևերի և ՄԱԿ-ի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա: Մինչդեռ Պուտինի պատասխանում այդ հարցադրումներին և ոչ մի անդրադարձ չկար: Նման կերպ պատասխանելով` Ռուսաստանի վարչապետը, ըստ էության, շրջանցեց դրանք: Միաժամանակ նա հրապարակավ հայտարարեց Ռուսաստանի մոտեցումները խնդրո առարկայի վերաբերյալ: Փաստորեն, Պուտինը հասկացրեց, որ լրագրողի հղումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների վրա չեն կարող հիմք հանդիսանալ ԼՂՀ-ի հարցի կարգավորման գործընթացում, չեն կարող առանցք դառնալ ներկայումս վարվող բանակցություններում:

Քաղաքական այս խճանկարում ուշագրավ էր նաև այն, որ Թուրքիայի և Ռուսաստանի վարչապետների տված ասուլիսում ռուսական լրատվամիջոցների կողմից հնչեցված եզակի հարցը, որն ուղղվեց Էրդողանին և Պուտինին, վերաբերում էր Հարավային Կովկասի տարածաշրջանում իրականացվող խոշորածավալ ծրագրերին: Խոսք գնաց «Հարավային հոսք»  գազատարի, Ռուսաստանի կողմից Թուրքիայում ատոմակայան կառուցելու հետ առաջացած խնդիրների լուծման, ինչպես նաև «Սամսուն-Ջեյհան»  նավթատարի կառուցմանը Ռուսաստանի մասնակցության հարցերի մասին: Ասել կուզի, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման հետ կապված խնդիրները առաջնային չեն ՌԴ-ի քաղաքական օրակարգում: Առաջին հայացքից դա կարող է մեզ համար, որպես ՌԴ-ի ռազմավարական դաշնակից, փոքր-ինչ տարակուսելի լինի, սակայն երբ խորանում ես Վ.Պուտինի պատասխանի մեջ, ապա գալիս ես այլ եզրակացության: ՌԴ-ի սկզբունքային մոտեցումները մեզ հուզող այս հարցերում հստակ են, դրանք լրացուցիչ պարզաբանումներ, քննարկումներ չեն ենթադրում: Փաստորեն, ասուլիսի ժամանակ Էրդողանը, Պուտինի պատասխանից հետո ելույթ ունենալով, չէր անդրադարձել թուրք լրագրողի վերոհիշյալ հարցին, սակայն այն, որ թուրքական կողմը ԼՂՀ-ի հարցի կարգավորման առանցքում կցանկանար տեսնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերը հիշատակած բանաձևերը, հրապարակ եկան նաև, երբ, համաձայն ռուսաստանյան լրատվամիջոցների, հունվարի 13-ին Էդրողանը Մոսկվայի Միջազգային հարաբերությունների համալսարանի պրոֆեսորադասախոսական և ուսանողության հետ հանդիպման ժամանակ կրկին անդրադարձավ թուրք լրագրողի հարցադրմանը:

Թուրքիայի վարչապետն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը պետք է ընթանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խնդրո առարկայի շուրջ ընդունված հայտնի բանաձևերի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի կիրառման շրջանակում: Ամփոփելով Պուտին-Էրդողան բանակցությունների այն հատվածը, որը վերաբերում էր հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը և Լեռնային Ղարաբաղի հարցի, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, ևս մեկ դիտարկում անենք: 2009 թ. դեկտեմբերի առաջին տասնօրյակում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ԱՄՆ կատարած պաշտոնական այցի ժամանակ նա կրկին փորձել էր հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը պայմանավորել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման հետ: Պաշտոնական Վաշինգտոնը նման մոտեցումը մերժել էր, ավելին` Էրդողանի այցի ավարտից անմիջապես հետո ԱՄՆ-ի Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որի ժամանակ կրկին նշել էր, որ այդ երկու հիմնախնդիրներն առանձին գործընթացներ են և պետք չէ մեկի առաջընթացը պայմանավորել մյուսով: Կարծում եմ, քաղաքական այն բոլոր ուժերը, որոնք քուն ու դադարը թողած ցանկացած պատեհ ու անպատեհ առիթով պնդում էին, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը հնարավոր է միայն և միայն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման պարագայում և որ դա հիմնական նախապայմաններից մեկն է, ըստ այդմ քարկոծում էին արտգործնախարարին, ՀՀ Նախագահին, գոնե հիմա մի փոքր կհանդարտվեն: Ավարտելով խոսքս` փաստեմ. Հարավային Կովկաս. Շախմատային Մեծ պարտիան շարունակվում է:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր