ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄԵԾ ՊԱՐՏԻԱ

Պետական գաղափարախոսությունն ընդդեմ նեոօսմանական կայսերական հավակնությունների

16-18.12.2009

Անցյալ շաբաթ միջազգային ամենահեղինակավոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր գտնվում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական այցը ԱՄՆ, նրա բանակցությունները նախագահ Բարաք Օբամայի հետ, մամուլի համար հայտարարությունը, ինչպես նաև Ջոն Հոպկինսի անվան համալսարանում Էրդողանի ելույթն ու լրագրողների հարցերին տված պատասխանները:

Ուշագրավ է, որ խոսությունն ընդդեմ նեոօսմանական կայսերական հավակնությունների

Անցյալ շաբաթ միջազգային ամենահեղինակավոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր գտնվում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական այցը ԱՄՆ, նրա բանակցությունները նախագահ Բարաք Օբամայի հետ, մամուլի համար հայտարարությունը, ինչպես նաև Ջոն Հոպկինսի անվան համալսարանում Էրդողանի ելույթն ու լրագրողների հարցերին Օբամա-Էրդողան հանդիպումը նախատեսված 30 րոպեի փոխարեն տևել է շուրջ 2 ժամ: Այդ հանդիպման արդյունքներն անարձագանք չմնացին նաև հայկական մամուլում: Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ) աջակցող թերթերը շտապեցին ավետել «հայկական դիվանագիտության պարտության», Հայաստանի իշխանությունների կողմից թուրքական ուղղությամբ իրականացվող քաղաքականության ֆիասկոյի և մեր երկրի համար աղետալի այլ հետևանքների մասին: Այս օրերին լևոնական մամուլը ընթերցողների շրջանում կարող է տպավորություն ձևավորել, որ ԱՄՆ-ում Էրդողանը բանակցել է ոչ թե այդ երկրի նախագահի, այլ ԱՄՆ-ում Հայ Դատի գրասենյակի, Հայկական համագումարի կամ էլ Հայ բարեգործական ընդհանուր միության ղեկավարների հետ: Վերջիններս էլ, կարծես թե, հանդուրժել են, որ Էրդողանը ԱՄՆ-ում հայտարարեր. «Հայաստանի և Թուրքիայի միջև նախապայմաններ չկան: Սակայն արձանագրությունները (հայ-թուրքական. - Ա.Գ.) գտնվում են պառլամենտում: Մենք չենք կարող որոշել, երբ և ինչպես դրանք պառլամենտը կվավերացնի: Դա պառլամենտականների գործն է: Կան մի քանի օրինագծեր, որոնք առաջ հրատապ էին, իսկ հետագայում հանվեցին օրակարգից: Դա ժողովրդավարական պառլամենտի յուրահատկությունն է:

Մենք ներկայումս հետևում ենք պառլամենտում ընթացող գործընթացներին: Հենց որ լուծվի հայ-ադրբեջանական պրոբլեմը, այդ հարցը նույնպես կգտնի իր լուծումը: Դրանք փոխկապակցված հարցեր են: Առանց մի խնդրի լուծման, մյուս խնդրի կարգավորումը խնդրահարույց է երևում»: Թուրքիայի վարչապետի այս հայտարարությանը պաշտոնական Երևանի պատասխանը երկար սպասեցնել չտվեց: Դեկտեմբերի 10-ին Լատվիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Էրդողանի առաջ քաշած այդ նախապայմանին, հայտարարել էր. «Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է պատշաճորեն կատարելու իր միջազգային պարտավորությունները, այն է` վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները: Նույնը ակնկալում ենք Թուրքիայից: Բայց, ինչպես հիշում եք, ես նաև հայտարարել եմ, որ եթե Թուրքիան ձգձգի արձանագրությունների վավերացումը, Հայաստանը անհապաղ կօգտվի միջազգային իրավունքից բխող իրավունքներից»: Հայտնի է նաև, որ այս հայտարարությունից մեկ օր իսկ չանցած` Միացյալ Նահանգների պետքարտուղարի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել հեռախոսազրույց Սերժ Սարգսյանի հետ, որի ժամանակ Հիլարի Քլինթոնը ՀՀ նախագահին տեղեկացրել է Բարաք Օբամայի և Ռեջեփ Էրդողանի` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման մանրամասների մասին: Հեռախոսազրույցի ընթացքում Քլինթոնը մեկ անգամ ևս շեշտել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է իր հետևողական աջակցությունը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների` առանց նախապայմանների և շուտափույթ կարգավորման ուղղությամբ: ԱՄՆ-ի պետքարտուղարը վերահաստատել է իր երկրի օժանդակությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ու երկարաժամկետ լուծմանը` միաժամանակ նշելով, որ ամերիկյան վարչակազմը Լեռնային Ղարաբաղի խնդրի հանգուցալուծումն ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը դիտում է որպես իրարից անջատ գործընթացներ:

Ես գիտակցաբար անդրադարձա Օբամա-Էրդողան հանդիպմանը, դրա առանձին արձագանքներին, որովհետև ակնհայտ է, որ առաջիկա ամիսներին դրանք են ձևավորելու Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգը և շատ կարևոր է, որ մեր հանրությունը հնարավորինս իրազեկված լինի Հարավային Կովկասում ընթացող գործընթացների մասին: Հակառակ պարագայում շատ հեշտ կարելի է հայտնվել թուրք-ադրբեջանական կողմի և նրանց թիկունքում կանգնած միջազգային ուժերի լարած թակարդներում: Հարավային Կովկասի տարածաշրջանում սկիզբ առնող աշխարհաքաղաքական զարգացումներում հնարավոր գործընթացների մակերեսային ընկալումը կարող է մեր երկրին կանգնեցնել անդառնալի կորուստների առաջ, առավել ևս, երբ վերջին շրջանում ականատեսն ենք դրսի ուժերի կողմից ֆինանսավորվող ՀԱԿ-ի որոշակի հատվածի աննախադեպ ակտիվացմանը: Ակտիվացում, որը նպատակամղված է մեր ազգի հավաքական կամքի ամլացմանը, ժողովրդական լայն շրջանակներում հուսահատության և պարտվողական տրամադրությունների արմատավորմանը: Ըստ ՀԱԿ-ի, իբր, «ԼՂ խնդրի կարգավորման պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանը համաձայնել է, որ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը իրականացվելու է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության շրջանակներում` դրանով իսկ բացառելով ԼՂ անկախությունը»: Ստահոդ նման անհիմն հայտարարությունները խիստ մտահոգիչ են, որովհետև ջուր են լցնում մեր հակառակորդի հակահայկական քարոզչության ջրաղացին: Փորձենք անկողմնակալ վերլուծել, թե ներկա ժամանակաշրջանում ինչպիսին են Հարավային Կովկասում ընթացող զարգացումները: Դա մեզ հնարավորություն կընձեռի տարածաշրջանային այդ գործընթացներում ճիշտ դիրքավորվել և կարողանալ իրականացնել մեր երկրի շահերին համահունչ քաղաքականություն: Եվ, այսպես, եզրակացությունն այն է, որ կարելի է առանց չափազանցության ասել. Հարավային Կովկասում ընթացող զարգացումները բխում են ուժի միջազգային կենտրոնների հեռահար նպատակներից: Այդ օբյեկտիվ իրողությունը մեծապես առնչվում է Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի էներգակիրներով հարուստ պաշարները ապագայում տնօրինելու հնարավորությունների ձեռքբերման հետ:

Շատ արդիական են նաև մեր տարածաշրջանը Արևելքի, Արևմուտքի, Հարավի երկրների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության հետ կապող երկաթուղային ու ավտոմոբիլային ճանապարհների ուղղությունների ճշգրտումը, դրանց կառուցմանը վերաբերող խնդիրների լուծումը: Վերջիններիս կարևորությունն ընդգծելու համար, կարծում եմ, բավական է հիշատակել փորձագետների գնահատականները, ըստ որի` միայն Հյուսիս-Հարավ և Արևմուտք-Արևելք երկաթուղային գծերի շահագործումից երկու-երեք տարվա ընթացքում բեռնափոխադրումների ծավալը կհասնի տարեկան շուրջ 20 մլն տոննայի: Դրանց փոխադրման ժամկետներն էլ ծովային փոխադրումների համեմատ կկրճատվեն շուրջ 20 օրով` այստեղից բխող բեռնափոխադրումների ծախսերի նվազեցման փաստով: Կանխատեսելով և վերլուծելով տարածաշրջանային զարգացումների հնարավոր հիմնական սցենարները, երբեք չի կարելի թերագնահատել դրանցում մեր հարևան երկրի` Իրանի Իսլամական Հանրապետության գործոնը: Չմոռանանք նշել, որ բնական գազի հետախուզված պաշարներով Իրանն աշխարհում գրավում է երկրորդ տեղը, և իրանական գազի արտահանումը համաշխարհային էներգետիկ շուկաներ` դրանք լինեն եվրոպական, թե Չինաստանի ու Հնդկաստանի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի շուկաները, կարող են էլ ավելի կարևորել Իրանի դերակատարությունը ոչ միայն Հարավային Կովկասում, այլև այդ տարածաշրջանից դուրս: Մեր թե՛ գրավոր և թե՛ բանավոր խոսքում բազմիցս շեշտել ենք, որ տնտեսական խոշորածավալ այս նախագծերի իրականացումը մեծապես և անմիջականորեն պայմանավորվում է մեր տարածաշրջանում կատարվող զարգացումներով:

Վերջին գործընթացների լույսի ներքո համառոտ անդրադառնանք դրանց: Խոսքը, առաջին հերթին, Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ հակամարտության կարգավորման, Վրաստանի շուրջ ծավալվող զարգացումների, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող գործընթացների մասին է: Անկասկած շատ կարևոր է նաև Թուրքիայի իշխանությունների կողմից վերջերս դրսևորած աննախադեպ ակտիվ արտաքին քաղաքականության և դրա շնորհիվ աշխարհում նորովի դիրքավորման շուրջ վերլուծություն անելը: Ինքնին հասկանալի է, որ մեր տարածաշրջանում սկիզբ առած վերադասավորումների մասնակիցները (բացահայտ կամ միջնորդավորված) ուժի միջազգային կենտրոններն են` ԱՄՆ-ը, ՌԴ-ը, Եվրամիությունը և Չինաստանը: Արտաքին քաղաքական նման բարդ իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը, շնորհիվ ՀՀ նախագահի հայանպաստ հեռահար նպատակներ հետապնդող քաղաքականության, արդեն շուրջ մեկուկես տարի է, ինչ միջազգային ասպարեզում հանդես է գալիս որպես ինքնուրույն արտաքին քաղաքականություն իրականացնող և կշիռ ունեցող գործոն: Ավելին` մեր տարածաշրջանային զարգացումների վրա անմիջական ազդեցություն ունեցող լուրջ խաղացող: Ըստ որում, հաշվի առնելով Թուրքիա-Իրան հարաբերություններում առկա մերձեցման միտումները, Թուրքիա-Սիրիա-Պաղեստին-Իսրայել փոխհարբերությունների թնջուկը, ինչպես նաև Վրաստանի էլ ավելի մերձեցումը ՆԱՏՕ-ին, կարելի է համոզված ասել, որ տարածաշրջանում հաշվենկատ արտաքին քաղաքականություն իրականացնելու դեպքում մեր երկրի դերակատարությունն աննախադեպ կմեծանա:

Վերլուծությունը սկսենք մեր մերձավոր հարևան երկրից` Վրաստանից: Հանգամանք առաջին. ս.թ. դեկտեմբերի 7-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Եվրոպայում Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի հրամանատար Ռոջեր Բրեդի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ առաջիկայում Վրաստանը Աֆղանստան է ուղարկելու ավելի քան 900 զինվորական: Զրույցի ընթացքում Վրաստանի նախագահն ասել էր, որ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի խոսքերից ինքը հասկացել էր, որ վրացական ռազմական ուժերն իրենց թվաքանակով Աֆղանստանում ISAF օպերացիան իրականացնող ամենախոշոր ստորաբաժանումներից են: Ի պատասխան, գեներալ Ռ.Բրեդը, շնորհակալություն հայտնելով Վրաստանի նախագահին վրաց զինվորականների կողմից Աֆղանստանում խաղաղություն հաստատելու գործում ունեցած ներդրման համար, միաժամանակ ասել էր. «Վրացիները լավ զինվորներ են, որն ապացուցեց իրաքյան օպերացիան, որտեղ 2000 վրաց զինվորներ խիզախ և համարձակ են գործել...»  Մի քանի օր անց` դեկտեմբերի 9-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Վոգ Ռասմուսենը, մասնակցելով BBC World News հեռուստաալիքի «Դժվար զրույց»  հեղինակային հաղորդմանը և պատասխանելով Վրաստանի` Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հեռանկարների մասին հարցին, ասել էր, որ ստեղծվել է ՆԱՏՕ-Վրաստան խորհրդատվական մարմին, որի շրջանակում քննարկվելու են այդ երկրում իրականացվող ռեֆորմները և այլ պայմաններ` դաշինքին Վրաստանի անդամակցելու նպատակով:

Նկատենք, որ հարցազրույցի նախօրեին` դեկտեմբերի 3-ին, Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո տեղի էր ունեցել Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստ, որից առաջ դաշինքի գլխավոր քարտուղար Ռասմուսենը հայտարարել էր. «Վրաստանը և Ուկրաինան անպայման կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ»: Այս հանգամանքը, անշուշտ, Ռուսաստանի հարավային ուղղությամբ վարվող արտաքին քաղաքականության վեկտորում որոշակի ճշգրտումներ է ենթադրում: Դրանք, կարծում եմ, էլ ավելի են կարևորելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամերկրի, Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմաքաղաքական միակ դաշնակցի` Հայաստանի դերակատարությունը: Դա մեծապես պայմանավորված է նաև նրանով, որ մեր տարածաշրջանում Ռուսաստանի եզակի ռազմակայանը տեղակայված է Հայաստանի Հանրապետության տարածքում: Հանգամանք երկրորդ. 2008թ. օգոստոսի սկզբին բռնկված հնգօրյա վրաց-հարավօսական պատերազմից հետո մեր տարածաշրջանում ձևավորվեց ռազմաքաղաքական բոլորովին նոր իրավիճակ. հռչակվեցին երկու նորանկախ պետություններ` Աբխազիան և Հարավային Օսիան: Պատերազմից օրեր անց ականատես եղանք արտաքին քաղաքական ոլորտում Թուրքիայի աննախադեպ ակտիվացմանը: Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդես եկավ «Անվտանգության և համագործակցության պլատֆորմ»  անվանումն ունեցող նախաձեռնությամբ, որի մասնակիցները պետք է դառնային տարածաշրջանային հինգ երկրները` Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Թուրքիան և Վրաստանը:

Թուրքիան հռչակել էր, որ անվտանգության ու համագործակցության Պլատֆորմի նպատակը Հարավային Կովկասում նոր, բարիդրացիական հարաբերությունների հաստատումն է: Հարկ է նշել, որ այդ Պլատֆորմն ուղղակիորեն բխում է Թուրքիայի արտաքին քաղաքականության նպատակային դրույթ հռչակած` «զրո խնդիրներ (պրոբլեմներ) հարևանների հետ»  կարգախոսից: Ուշագրավ է, որ Թուրքիայի առաջարկած և Պլատֆորմում ընդգրկված երկրների կազմում ներառված չէ Իրանի Իսլամական Հանրապետությունը: Այստեղ կարևոր է հիշատակել նաև այն, որ մինչ վրաց-հարավօսական պատերազմի սկիզբը` 2008թ. հունիսին, պաշտոնական այցով Մոսկվայում գտնվելիս նախագահ Սերժ Սարգսյանը հրավեր էր հղել իր թուրք պաշտոնակցին` Աբդուլլահ Գյուլին, ժամանել Երևան` դիտելու երկու երկրների ֆուտբոլի հավաքականների խաղը: Այդ հրավերով էլ մեկնարկեց, այսպես կոչված, ֆուտբոլային դիվանագիտությունը, որը մեր օրերում թևակոխել է եզրափակիչ փուլ: Այս կապակցությամբ ավելորդ չեմ համարում կրկին անել հետևյալ դիտարկումը: Բոլորին հայտնի է, որ Հայաստանի Հանրապետությունը իր միջպետական հարաբերություններում, հատկապես դաշնակից երկրների հետ, ունի հուսալի գործընկերոջ համարում: Ինքնին հասկանալի է, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն ուղղված առաջին ազդակը, որը ՀՀ նախագահի կողմից հնչեցվեց Ռուսաստանում պաշտոնական այցով գտնվելիս, գալիս է հուշելու, որ դա առնվազն չէր հակասում մեր երկրի ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանի շահերին: Մեկ տարի անց դրան հաջորդած զարգացումները հաստատում են այս եզրակացությունը և առավել քան խոսուն են: Հիշենք ս.թ. օգոստոսի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած Էրդողան-Պուտին բանակցություններից հետո ստորագրված համաձայնագրերը: Դրանց արդյունքում հոկտեմբերի 19-ին Թուրքիայի կառավարությունն իր համաձայնությունը տվեց Ռուսաստանին` սևծովյան իր տարածքային ջրերում երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու համար, որի նպատակն է այդ տարածքով «Հարավային հոսք»  գազատարի անցկացումը: Ասվածին ավելացնենք, որ նոյեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնությունը և Սլովենիան ստորագրեցին «Հարավային հոսք»  նախագծին վերջինիս միանալու մասին համաձայնագիրը:

Հաշվի առնելով նաև այն, որ դեռևս 2008թ. փետրվարի 28-ին Ռուսաստանը և Հունգարիան արդեն իսկ ստորագրել էին համանման համաձայնագիր, ապա այդ ամենի խճանկարում Թուրքիայի դերակատարությունն առավել կարևորվում է «Հարավային հոսքին»  միանալու առնչությամբ: Չէ՞ որ նույն Թուրքիան առանցքային դերակատարություն ունի նաև ՆԱԲՈՒԿԿՈ նախագծի ճակատագրում, որը, ըստ էության, լինելով «Հարավային հոսքին»  այլընտրանքային, հետաքրքրական նոր զարգացումներ է խոստանում դրանցով խիստ շահագրգռված երկրների դիվանագիտական ծավալվող հակամարտության տիրույթում: Ինչպես հայտնի է, ՆԱԲՈՒԿԿՈ ծրագրի իրագործումը, ըստ Եվրամիության մի շարք երկրների և ԱՄՆ-ի, կդիվերսիֆիկացնի Եվրամիության անդամերկրների գազամատակարարումը, դրանով իսկ որոշակիորեն կթուլացնի այդ երկրների կախվածությունը Ռուսաստանի կողմից իրականացվող գազամատակարարումից: Գիտակցելով սեփական երկրի կարևոր դերակատարությունը Հարավային Կովկասում ծավալվող տնտեսական խոշոր ծրագրերում, Թուրքիան սկսել է բացահայտորեն դրսևորել արտաքին ինքնուրույն քաղաքականություն վարելու միտումներ` զգալիորեն ակտիվացնելով հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության, Սիրիայի, Պաղեստինի, Իրաքի հետ: Եվրամիության և հատկապես ԱՄՆ-ի համար առավել մտահոգիչ է Թուրքիա-Իրան հարաբերություններում նկատվող մերձեցումը, որի վկայությունն էին այդ երկու երկրների ղեկավարների իրար հաջորդած պաշտոնական այցերը, ինչպես նաև վերջերս Սիրիայի նախագահ Բաշար Ասադի Թուրքիա կատարած պաշտոնական այցը: Եվ այս ամենը տեղի է ունենում Թուրքիա-Իսրայել հարաբերություններում նկատվող սառնության համապատկերում: Արդեն իսկ ակնհայտ է դառնում այն իրողությունը, որ Էրդողանի կառավարման շրջանում Թուրքիան վերանայում է աշխարհաքաղաքական իր դերակատարությունը ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Մերձավոր Արևելքում, Բալկաններում և, ընդհանրապես, համաշխարհային քաղաքականության մեջ:

Ժամանակակից Թուրքիան փորձում է այլևս չսահմանափակվել զուտ «Ադրբեջանի հետ բարեկամական, ազգակցական պարտավորություններով»: Իսկ դա բնավ դուր չի գալիս Ապշերոնի նրա գործընկերներին: Ուշադրության է արժանի այն իրողությունը, որ Թուրքիան, լինելով մահմեդական առաջին երկիրը, որը հրեական պետությունը ճանաչել է 1949թ.` վերջինիս ստեղծումից քիչ անց, այս տարի պաշտոնապես մերժեց Իսրայելի` նրա ռազմաօդային ուժերը Միջերկրական ծովի արևելյան գոտում` Թուրքիայի տարածքում ընթացող զորավարժություններին մասնակցելու խնդրանքը, զորավարժություններ, որոնք անցկացվում էին ՆԱՏՕ-ի զինված ուժերի մասնակցությամբ: Իր մերժումը Թուրքիան պայմանավորել էր հետևյալ հանգամանքով. նա չի բացառում, որ այդ զորավարժություններին մասնակցելու հայտ ներկայացրած Իսրայելի օդուժը 2008-2009թթ. ձմռանը «Ձուլված արճիճ»  օպերացիայի ընթացքում ռմբակոծած լիներ Պաղեստինի Գազայի սեկտորը, որի հետևանքով զոհվել էին հազարից ավելի պաղեստինցիներ: Այդ օրերին իր վրա ուշադրություն հրավիրեց Սիրիայի պաշտպանության նախարար Ալի Հաբիբի հայտարարությունը` Թուրքիայի զինված ուժերի հետ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ, որոնք, ըստ նախարարի հայտարարության, լինելու են «Ավելի հիմնավոր, քան այս տարվա գարնանն անցկացված խորհրդանշական ռազմական հավաքույթները»  (նկատի է ունեցել Միջերկրական ծովի արևելյան գոտում Թուրքիայի անցկացրած զորավարժությունները): Հետաքրքրական է նաև Թուրքիայի իրականացրած քաղաքականությունը Բալկաններում: Թուրքիան, որոշակի դերակատարություն ունենալով Կոսովոյի ճակատագրում, որն ուղղված էր վերջինիս անկախության կայացմանը, ակտիվորեն պաշտպանում է իր ազգակիցների շահերը Բոսնիայում ու Հերցեգովինայում: Դրա հետ մեկտեղ հիշատակման է արժանի Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից վերջերս սկսված գործառույթը` «Օսմանյան Կայսրությունում հուշարձանների վերականգման ուղղությամբ»: Այս ամենը վերլուծաբաններին հիմք է տալիս եզրակացնելու, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունները որդեգրել են նեոօսմանական սկզբունքների վրա հիմնված արտաքին քաղաքականություն:

Դա նշանակում է` առաջին. Թուրքիան այլևս ծայրերկիր (պերիֆերիա) կամ կրտսեր գործընկեր չէ ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ Եվրամիության համար: Այդ երկիրը իրեն դիրքավորում է որպես տարածաշրջանային անվտանգության կարևորագույն գործոններից մեկը, միաժամանակ աշխարհին ներկայանում է որպես եվրասիական կենտրոն: Թուրքական պաշտոնական քարոզչամեքենան փորձում է նեոօսմանականությունը ներկայացնել որպես քաղաքականություն, որն ուղղված է, առաջին հերթին, Եվրամիության, ՌԴ-ի և ԱՄՆ-ի հետ երկխոսությանը: Իսկ երկրի ներսում նեոօսմանականությունը ներկայացվում է ոչ թե որպես վերադարձ «օտոմանական անցյալին», այլ ճշգրիտ հաշվարկված քաղաքականություն, որը չի մերժում քեմալականությունը, այլ լրացնում և համահունչ է դարձնում այն ներկայիս իրողություններին: Ահա այստեղից էին բխում «Անվտանգության և համագործակցության պլատֆորմի»  հռչակումը, որը մեր տարածաշրջանում յուրահատուկ «Կովկասյան ԵԱՀԿ»  ստեղծելու գաղափար է, ինչպես նաև Մերձավոր Արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող միջնորդական լայն առաքելությունների իրականացումը: Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ ընթացող գործընթացների մասին մտահոգիչ հայտարարություններ արեց այդ երկրի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն` հանդես գալով «Արդարություն և զարգացում»  իշխող կուսակցության ընտրանու առաջ: Ինչպես գրում է թուրքական «Տակվիմ»  թերթը, Դավութօղլուն ընդունել էր, որ իր երկիրն իրականացնում է նեոօսմանական քաղաքականություն. «Մենք նեոօսմաններ ենք: Մենք ստիպված ենք զբաղվել հարևան երկրներով: Եվ անգամ իսկ Աֆրիկա ենք գնում: Գոյություն ունի ժառանգություն, որը մեզ թողել է Օսմանյան կայսրությունը: Մեզ նեոօսմաններ են անվանում: Այո, մենք «նոր օսմաններ»  ենք: Մեծ տերությունները ամենին հետևում են շվարածությամբ: Նախևառաջ Ֆրանսիան է փորձում հասկանալ` ինչո՞ւ ենք մենք աշխատում Աֆրիկայում: Ես արդեն հանձնարարական են տվել` աֆրիկյան որ երկիր էլ գնա Սարկոզին, անհրաժեշտ է, որ ամեն անգամ բարձրացնելով իր աչքերը տեսնի թուրքական դեսպանատունը և Թուրքիայի ծածանվող դրոշը»: Կարծում եմ, Թուրքիայի որդեգրած նոր արտաքին քաղաքականության մասին ավելի պատկերավոր դժվար թե ասվեր: Դրանով, սակայն, թուրք արտգործնախարարը չէր բավարարվել, նա պատմել էր նաև իր և ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի զրույցի մանրամասները: Զրույցի ընթացքում Քլինթոնը հետաքրքրվել է, թե ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում արձանագրված պաշտոնական Անկարայի կտրուկ աճող արտաքին քաղաքականությունը:

Այդ հարցին Դավութօղլուն պատասխանել էր. «Քարտեզի վրա Թուրքիայի շուրջ շրջանագիծ գծեք 1000 կիլոմետր տրամագծով դրանից ներս կընկնեն 20 երկրներ, շրջանագիծ գծեք 3000 կիլոմետր տրամագծով - այդ դեպքում դրա մեջ կներառվեն 70 երկրներ: Իսկ որքա՞ն երկրներ կլինեն, եթե նման շրջանագիծ գծվի ԱՄՆ-ի շուրջ: Թուրքիան հետաքրքրվելու է իր շրջապատով»: Հանդիպման վերջում Դավութօղլուն խոստովանել էր, որ Իսրայելի և «Համասի»  միջև կրակի դադարեցումը Դամասկոսում իր ունեցած գաղտնի բանակցությունների պտուղն է: Հարկ է նկատել, որ Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունը մեծապես ուղղված է նաև ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Եվրամիության անդամ երկրների հետ հարաբերությունների խորացմանը: Դրա խոսուն վկայությունն են վերջին շրջանում պաշտոնական բարձր մակարդակով ընթացող Ռուսաստան-Թուրքիա երկկողմանի բանակցությունները: Դրա ընդգծված դրսևորումն էր և այն, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնական իր առաջին այցը Եվրոպա կատարեց ապրիլի 3-ին Թուրքիա ժամանելով (մինչ այդ Օբամայի այցերը Ֆրանսիա, Դաշնային Գերմանիա և Չեխիա պայմանավորված էին Հյուսիսատլանտյան դաշինքի, Պրահայում ԱՄՆ-Եվրամիություն գագաթաժողովին մասնակցելու հանգամանքով): Ուշագրավ է, որ Ստամբուլ կատարած այցից մի քանի շաբաթ առաջ Օբամայի հարազատ եղբայր Ջորջը նույնպես եղել էր Թուրքիայի այդ քաղաքում, որտեղ Սուլթան Ահմեդի մզկիթում աղոթել է, ինչը լայնորեն լուսաբանել էին տեղական թերթերը և ոչ միայն դրանք (“Radio Free Europe/Radio Liberty”, USA): Արևմտյան երկրների հետ հարաբերությունների խորացման առումով պետք է հիշատակել նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի պաշտոնական այցը Փարիզ, որը տեղի ունեցավ ս.թ. հոկտեմբերի առաջին տասնօրյակում: Պաշտոնական Անկարան բավական ակտիվ գործունեություն է ծավալել նաև թուրքալեզու երկրների հետ իր հարաբերություններում:

Այսպես, Թուրքիայի նախագահը հոկտեմբերի 2-ին մասնակցեց Նախիջևանում տեղի ունեցած թուրքալեզու երկրների գագաթաժողովին (Ղազախստանի,Ադրբեջանի, Ղըրղզստանի նախագահների մասնակցությամբ): Ըստ որում` թուրքալեզու ժողովուրդներով բնակեցված երկրների միջև քաղաքական դաշնության ստեղծումը, ինչպես բազմիցս մատնանշվել է փորձագետների վերլուծություններում, վարչապետ Էրդողանի երազանքն է: Այս ամենը հաշվի առնելով` ամենևին էլ պատահական չէ, որ խիստ կարևորելով Թուրքիայի դերակատարությունը ժամանակակից աշխարհում, այդքան մեծ ուշադրության արժանացավ ս.թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունների ստորագրումը: Արարողությանը մասնակցում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, Շվեյցարիայի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև Եվրամիության գլխավոր քարտուղարը, Եվրախորհրդի և ԵԱՀԿ-ում նախագահող երկրների ղեկավարները: Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո առավել կարևորվեցին Թուրքիայի վարչապետ Էրդողանի դեկտեմբերի 6-8-ը ԱՄՆ կատարած պաշտոնական այցը և այնտեղ արված հայտարարությունները: Մասնավորապես Թուրքիայի վարչապետը, ըստ էության, քննադատել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների գործունեությունը: Նա նշել էր, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբից անցել է 20 տարի, սակայն այդ բանակցությունները ոչ մի բան չեն տալիս: Կան ՄԱԿ-ի համապատասխան բանաձևեր և դրանք պետք է կատարվեն ...Ես տեսնում եմ, որ առաջնորդները ունեն քաղաքական կամք և նրանք անում են ամենը, որպեսզի արդյունքներ լինեն: Հիմա Մինսկի խումբն էլ պետք է ցույց տա իր կամքը: Բացի Լեռնային Ղարաբաղից, Ադրբեջանը կորցրել է շատ տարածքներ: Հիմա հինգ շրջանները` գումարած Լաչինը ու Քելբաջարը, պետք է վերադարձվեն: Այդ մասին ես ասել եմ թե՛ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին մեր վերջին հանդիպման ժամանակ, դրա մասին ես այսօր ասել եմ նախագահ Բարաք Օբամային»:

Անկողմնակալ վերլուծելով հայ-թուրքական հարաբերությունների ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Թուրքիայի վարչապետի և այդ երկրի մյուս ղեկավարների հայտարարությունները, կարելի է գալ հետևյալ եզրակացության: Թուրքական իշխանությունները քաջ գիտակցում են, որ առանց Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների նորմալացման չեն կարող հաջողության հասնել «զրո խնդիրներ (պրոբլեմներ) հարևանների հետ»  քաղաքականության կենսագործման հարցում: Միաժամանակ թուրքերը հասկանում են նաև, որ այդ ճանապարհին և ոչ մի դեպքում չպետք է նոր պրոբլեմ ստեղծեն Ադրբեջանի հետ հարաբերություններում: Եվ Էրդողանը ԱՄՆ-ում պաշտոնական այցի ժամանակ նման հայտարարություններ անելով` ազգակից ադրբեջանցիներին տեղեկացնում էր, որ թուրքական իշխանությունները, քափուքրտինքի մեջ, աշխարհիս հզորների հետ կռիվ տալով, պաշտպանում են եղբայրական Ադրբեջանի շահերը: Նրանք ցանկացած պատեհ առիթ օգտագործում են հորդորելու ԱՄՆ-ին, Ռուսաստանի Դաշնությանը, Ֆրանսիային` ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի վերջինս զիջումների գնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Արդյունքում` խնդրո առարկայի շուրջ ստեղծվել է աշխարհաքաղաքական շատ բարդ իրավիճակ: Ամերիկյան կառավարությունը, անտարակույս, հաշվարկած կլինի, որ ինչքան էլ Թուրքիայի իշխանությունները երդվեն ամերիկացիներին հավատարիմ լինելու մեջ, միևնույն է, նրանց մինչև վերջ վստահելը մեծ ռիսկայնության հետ է կապված (ԱՄՆ-ի իրաքյան ռազմական օպերացիայի ժամանակ Թուրքիայի Ազգային մեծ ժողովն արգելք դրեց իր երկրի տարածքով ամերիկյան զորքերի փոխադրումը Իրաք` դրանով լուրջ դժվարություններ հարուցելով ամերիկացիների համար): Ավելին` Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության ադրբեջանանպաստ ցանկացած լուծման հասնելուն նպաստելը չափազանց կուժեղացնի պաշտոնական Անկարայի դերակատարությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում և, ի վերջո, զգալիորեն կթուլացնի Թուրքիայի հանդեպ Միացյալ Նահանգների և Եվրամիության ազդեցության հնարավորությունները: Համոզված եմ, որ Ռուսաստանի Դաշնության կառավարական շրջանակներում էլ հաշվարկած կլինեն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում Հայաստանին ադրբեջանանպաստ լուծումներ պարտադրելու պարագայում (այն էլ Թուրքիայի միջամտությամբ) Ադրբեջանն ամբողջությամբ կլծվի Թուրքիայի կայսերական հավակնությունների իրականացման գործընթացին: Ավելին, չունենալով տարածքային որևէ խնդիր, Ադրբեջանը կարճ ժամանակում կանդամակցի Հյուսիսատլանտյան դաշինքին` վերջնականապես հեռանալով Ռուսաստանի Դաշնության օրըստօրե թուլացող ազդեցության տիրույթից: Հասկանալի է, որ նման հեռանկարը, ինչ խոսք, չի բխում Ռուսաստանի շահերից, ուստի շատ կարևոր է, որ տարածաշրջանային նման զարգացումների արգելափակումը վերջինիս կողմից իրեն երկար սպասեցնել չտա:

Իսկ դրա ամենաարդյունավետ ճանապարհը մեկն է. Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցություններում հնարավորինս սատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի լուծմանը, որը հավասարազոր է հայկական կողմի դիրքերի պաշտպանությանը: Հակառակ պարագայում, Հայաստանում ծվարած հակառուսական տրամադրվածություն ունեցող ուժերը արագորեն ակտիվանալու լուրջ ազդակներ կստանան դրսից: Ակնհայտ է նաև, որ Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի էներգետիկ հարուստ պաշարների, Ռուսաստանի, ինչպես նաև Իրանի գազի տեղափոխումը Եվրոպա Թուրքիայի տարածքով խիստ կարևորում և ուժեղացնում է վերջինիս դիրքերը Եվրոպայի գազամատակարարումը դիվերսիֆիկացիայի ենթարկելու տեսանկյունից: Այդ հանգամանքը պաշտոնական Անկարային հնարավորություն է ընձեռում Եվրամիությանը անդամակցելու ուղղությամբ տարվող բանակցություններում հանդես գալ շատ ավելի ուժեղ դիրքերից: Իսկ դա վերջին հաշվով որոշակիորեն կթուլացնի Եվրամիության ներկայությունը մեր տարածաշրջանում: Հանգամանք, որը, անշուշտ, նկատի ունեն Եվրամիությունում: Կարծում եմ, որ դա ու մի շարք այլ գործոններ հաշվի առնելով է, որ վերջերս զգալիորեն ակտիվացրել են «Արևելյան գործընկերություն»  ծրագրի շրջանակում իրականացվող գործընթացները: Հենց վերջերս` դեկտեմբերի 8-9-ին, Բրյուսելում տեղի ունեցած Եվրամիության 27 անդամ երկրների արտգործնախարարների խորհուրդն ընդունել է «Հարավային Կովկասի մասին»  հայտարարություն, որում ի մի է բերվել ս.թ. մարտի 19-20-ի նիստում ընդունված հայտարարության շրջանակում, ինչպես նաև մայիսի 7-ին Եվրամիության գագաթաժողովում «Եվրոպական գործընկերություն»  ծրագրի պաշտոնական մեկնարկից հետո կատարված աշխատանքները և Եվրամիության կողմից հայտնվել է պատրաստակամություն` նպաստել Հարավային Կովկասում կայունության, համագործակցության, բարգավաճման և արդյունավետ կառավարման գործին: Ուշագրավ է, որ ներկայումս Եվրամիության արտգործնախարարների խորհուրդն ուսումնասիրում է Հայաստանի հետ ասոցացված համաձայնագրի կնքման համար մանդատի ընդունման հարցը (Вопрос о принятии мандата для заключения Ассоциативного соглашения с Арменией): Ենթադրվում է, որ այդ մանդատը կլինի արդեն իսկ 2010թ. առաջին կիսամյակում: Այսպիսով, Եվրամիությունն իր հերթին շարունակում է հետևողականորեն վարել այնպիսի արտաքին քաղաքականություն, որը կնպաստի նրա ներկայությանը Հարավային Կովկասում: Եվ այդ քաղաքականությունը «Եվրոպական գործընկերություն»  ծրագրի ընդունմամբ առավել ակտիվացել է այս տարվա ընթացքում: Ամփոփելով վերը շարադրվածը` կարելի է արձանագրել, որ մեր տարածաշրջանում ընթացող զարգացումները թևակոխել են կարևորագույն մի փուլ: Թուրքիան այլևս անթաքույց որդեգրել և հետևողականորեն իրականացնում է բացառապես սեփական շահերից բխող ինքնուրույն քաղաքականություն: Այդ քաղաքականության գաղափարական հենքը նեոօսմանականությունն է, որի իրականացման գլխավոր նշանաբանն է` «զրո խնդիրներ (պրոբլեմներ) հարևանների հետ»:

Այդ ծրագրի իրագործմամբ Թուրքիան հավակնում է Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Բալկաններում ստանձնել տարածաշրջանային հեգեմոն երկրի դերակատարություն: Դրա հետ մեկտեղ հարկ է նշել, որ ս.թ. նոյեմբերի 11-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա»  իշխող կուսակցության համագումարի ամբիոնից կուսակցության նախագահ, ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ «Եդինայա Ռոսիան»  այսուհետ որպես գաղափարախոսություն ընդունում է «Ռուսաստանյան պահպանողականությունը»: Գաղափարախոսություն, որը զարգացման և համերաշխության, երկրի ինքնիշխանությունը հզորացնող ուժեղ ազդակ է դառնալու: Մեր ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանում և հարևան Թուրքիայում այս երկու իրողությունների առկայությունն առավել քան հրատապ է դարձնում համարժեք քայլերի ձեռնարկումը Հայաստանի Հանրապետությունում, ուստի մենք ևս օր առաջ պետք է սկսենք պետական գաղափարախոսության մշակումն ու ընդունումը: Դրա հիմքում, մի կողմից, պետք է ներառված լինեն հայոց պետականության ամրապնդմանն ուղղված դրույթներ, որոնք հաշվի առնելով Հարավային Կովկասում ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Եվրամիության կողմից իրականացվող քաղաքականության հիմնական նպատակները` դրանք կհամադրեն Հայաստանի պետական շահերի հետ: Մյուս կողմից էլ կներառեն անհրաժեշտ միջոցների գործադրում, որոնք ի զորու կլինեն չեզոքացնել Թուրքիայի կողմից իրականացվող նեոօսմանական քաղաքականության հնարավոր հակահայկական դրսևորումները: Պետական գաղափարախոսության կարևորագույն նպատակներից պետք է լինի ներքին մարտահրավերները դիմագրավելու ներուժի հավաքագրումը, մեր ժողովրդին պետական գաղափարախոսության շուրջ համախմբելու կարողությունը: Պետական գաղափարախոսության մշակումը ենթադրում է 2006թ. ընդունված Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարության արդիականացում:

Նեոօսմանական քաղաքականության ծուղակներից զերծ պահելու նպատակով, կարծում եմ, Հայաստանը պետք է արագորեն օրենքի ուժ տա ս.թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից մի քանի ժամ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի «ուղերձ Հայաստանի ժողովրդին և համայն հայությանը»  փաստաթղթին: Այդ փաստաթղթում նշված չորս դրույթների արդիականությունը օրըստօրե ստանում է նորանոր հաստատումներ: Հայաստանի Հանրապետությունն իր նորագույն պատմության մեջ հայտնվել է աշխարհաքաղաքական շատ բարդ և հակասական զարգացումների հորձանուտում: Մեր տարածաշրջանում խաչվել են ուժի միջազգային կենտրոնների շատ դեպքերում հակասական, երբեմն էլ իրարամերժ շահերը: Դրանց դիմագրավել կարող է միայն մեր ազգի հավաքական ներուժը: Շախմատային Մեծ Պարտիա. պետական գաղափարախոսությունն ընդդեմ նեոօսմանական կայսերական հավակնությունների. ահա օրվա հրամայականը:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր