ԺԱՄԱՆԱԿԸ ԱՄԵՆ ԻՆՉ, Ի ՎԵՐՋՈ, ԿԴՆԻ ԻՐ ՏԵՂԸ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ» ԱՌԱՋՆՈՐԴ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ՀԵՏ

«Հայոց Աշխարհ», 27-28. I. 2009:

- Պարոն Գեղամյան, արտաքին քաղաքական ի՞նչ իրավիճակում է մեր երկիրն այսօր, երբ ԵԽԽՎ-ն քննարկելու է Հայաստանին վերաբերող բանաձևերը կատարելու արդյունքները:

- Եթե նպատակ ունենք անկողմնակալ վերլուծության արդյունքում պարզել, թե առաջիկայում ի՞նչ է սպասում մեր երկրին արտաքին քաղաքական ասպարեզում, ապա պետք է անդրադառնանք այս հարթությունում անցած մեկ տարում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին: 2008 թվականին շրջադարձային մի շարք իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք պայմանավորված էին Հայաստանի նորընտիր Նախագահի արտաքին քաղաքական աննախադեպ և երբեմն ոչ ստանդարտ դիրքորոշումներով:

Մասնավորապես, ցանկանում եմ հիշեցնել, որ 2008 թ. հունիսի 23-25-ին Մոսկվա կատարած առաջին պաշտոնական այցի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ելույթ ունենալով ուղղակիորեն հրավիրել էր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Երևան` միասին դիտելու երկու երկրների ֆուտբոլի հավաքականների մրցախաղը: Բնականաբար, հանդիպման առաջարկ անելիս բնավ սպորտային որևէ նպատակ չէր հետապնդվում, պարզապես մենք ականատեսը դարձանք, երբ մեր երկրի Նախագահը առանց որևէ միջնորդի Թուրքիայի նախագահին հրավիրեց Հայաստան: Այդ նախաձեռնությունը արտաքին քաղաքական ոլորտում թողեց երկրաշարժին համարժեք ազդեցություն: Քաղաքական այս քայլի ունեցած տպավորությունն առավել մեծ եղավ, քանի որ այն հնչեց ՀՀ ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում: Ինչո՞ւ եմ սա հատուկ ընդգծում, որովհետև հիշենք` վերանկախացած Հայաստանի տասնյոթամյա նորագույն պատմության ընթացքում և՛ ԱՄՆ-ը, և՛ Եվրամիությունը քանիցս պատրաստակամություն էին հայտնել հանդես գալ որպես միջնորդ Հայաստան - Թուրքիա բարձր մակարդակի որևէ հանդիպում կազմակերպելու առաքելությամբ: Ինքնին հասկանալի է, որ դրանով իսկ շեշտակի կբարձրանար նրանց դերակատարությունը մեր տարածաշրջանում` մեր երկրի համար անորոշությանը զուգընթաց:

2008-ի հաջորդ արտաքին քաղաքական կարևորագույն իրադարձությունը մոսկվայամերձ Մայենդորֆյան ամրոցում տեղի ունեցած եռակողմ հանդիպումն էր, որի արդյունքը Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կողմից Հռչակագրի ընդունումն էր: Հռչակագիրը, անշուշտ, աննախադեպ արձանագրում է հենց այն առումով, որ Արցախում պատերազմական գործողությունների դադարից 14 տարի անց առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրեցին մի փաստաթղթի տակ, որի հենց առաջին իսկ հոդվածը կողմերին պարտավորեցնում է ապահովել տարածաշրջանում կայունություն և անվտանգություն` հակամարտությունը քաղաքական ճանապարհով, միջազգային իրավունքի շրջանակում կարգավորելու համար: Որշագրավ է, որ այս խնդրի լուծման երաշխավորն է Ռուսաստանի Դաշնությունը` ի դեմս նախագահ Դմիտրի Մեդվեդևի, որը նույնպես ստորագրել էր Հռչակագրի տակ:

 

Նկատենք, որ Մայենդորֆյան հռչակագիրը առավել կարևորում եմ այն առումով, քանզի դրան նախորդել էր 2008 թ. սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 63-րդ նստաշրջանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթը: Ելույթ, որտեղ միջազգային այդ հեղինակավոր կազմակերպության ամբիոնից ի լուր աշխարհի հայտարարվել էին անքննելի այն սկզբունքները, որոնց շրջանակում հնարավոր է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը: Մեկ անգամ ևս ամրագրվեցին ու հռչակվեցին այն երեք հիմնարար դրույթները, որոնցով Հայաստանի Հանրապետությունը առաջնորդվում է՝ հակամարտությունը խաղաղ լուծելու բանակցային գործընթացում: Աշխարհին վերստին հայտարարվեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ինքնորոշվի և բացառվում է Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակով նրա ներկայությունը, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունները պետք է ունենան ցամաքային ընդհանուր սահման, և որ պետք է ապահովվեն Լեռնային Ղարաբաղի ու նրա ժողովրդի անվտանգությունը միջազգային երաշխիքներով:

Հատուկ ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ նշածս բոլոր իրադարձությունների ժամանակ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Նախագահ Սերժ Սարգսյանի, դրսևորել է բացառիկ ինքնուրույնություն: Ասել կուզի, որ նրա որևէ գործողություն արտաքին ուժերի թելադրանքով կամ ազդեցությամբ պայմանավորված չի եղել, այլ գտնում եմ, որ բխել է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գերխնդրից: Իսկ երբ պետությունն ինքնուրույն է գործում, և, ինչպես ասացի, առաջնորդվում է սեփական երկրի ու ժողովրդի շահերով, ապա դրանք, ավա՜ղ, միշտ չէ, որ համընկնում են մեր տարածաշրջանում ուժի միջազգային կենտրոնների, հզոր պետությունների, անգամ բարեկամ երկրների աշխարհաքաղաքական շահերին: Արտաքին քաղաքական լրջագույն ձեռքբերումների արդյունքն էր նաև Իրան - Հայաստան գազատարը շահագործման հանձնելու կայացած իրողությունը, ինչը վերահաստատեց Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետությունների փոխշահավետ համագործակցության շարունակականությունը, և որը մեր ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների խորացման նոր դրսևորում էր:

Ավա՜ղ, այս համապատկերում մենք նաև ականատեսը եղանք, թե ինչպես «Հազարամյակի մարտահրավերներ» ԱՄՆ-ի կորպորացիան սառեցրեց Հայաստանի մարզերում ու գյուղական համայքներում իրագործվող գյուղատնտեսական ծրագրերի իրականացումը: Մինչդեռ այս ծրագրերը վաղօրոք մանրակրկտորեն փոխհամաձայնեցված էին և նպատակ էին հետապնդում թեթևացնելու մեր երկրի գյուղական բնակչության սոցիալական հոգսերը ու բարելավելու նրա տնտեսական վիճակը:

Ահա, այս ամենը համադրելով կարող ենք հասկանալ մի պարզ ճշմարտություն: Աշխարհաքաղաքական առկա բարդագույն իրավիճակում մեր երկրի որդեգրած ինքնուրույն արտաքին քաղաքական գործելաձևը ոչ բոլորի սրտով է: Բնականաբար, նրանք, ովքեր դժգոհ են Հայաստանի այս կեցվածքից, պետք է նաև միջոցներ որոնեին մեր երկրի իշխանությունների նման հպարտ ինքնուրույնությունը իրենց աշխարհաքաղաքական շահերին ենթարկեցնելու համար: Եվ այսօր, եթե այս դիտանկյունից փորձենք վերլուծել Հայաստանի շուրջ ստեղծված արտաքին քաղաքական իրավիճակը, ապա պարտավոր ենք փաստել, որ Հայաստանի նկատմամբ Եվրոպայի ու ԱՄՆ-ի ազդեցությունը, նաև նրանց դերակատարությունը մեր երկրում նվազելու միտում է արձանագրում:

Բնավ, նման պայմանները չէին կարող գոհացնել թե՛ ԱՄՆ-ին և թե՛

ԵՄ-ին, որոնք, ինչ խոսք, ունեն սեփական հետաքրքրություններն ու շահերը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Ուստի, մենք պետք է ակնկալեինք նրանց կողմից որոշակի քայլեր և դրանք իրենց երկար սպասեցնել չտվեցին: Այսպես, նախ Եվրամիությունը 2008 թ. դեկտեմբերի 12-ին Լեհաստանի և Շվեդիայի նախաձեռնությամբ ընդունեց «Արևելյան գործընկերություն» ծրագիրը, համաձայն որի ԱՊՀ մի շարք երկրներ` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան և Բելոռուսը ընդգրկվեցին այդ ծրագրի մեջ, որի առանցքն է հիշատակածս երկրների` լինի դա օրենսդրություն, լինի արժեհամակարգի համապատասխանեցումը ԵՄ երկրներին, սակայն առանց Եվրամիությանը անդամակցության պայմանի: Ըստ որոշ փորձագետների` հիմք դրվեց «բարեկամության»` ուղղված ՌԴ-ի դեմ: Սա բլիթն է: Իսկ Հայաստանի Հանրապետությունը «դարձի բերելու» մտրակը գործի դնելու առաջադրանքը հանձնարարվեց այս քաղաքականության ջատագով հանդիսացող այն ուժերին, որոնք առավել կակտիվանան (ինչպես նախկինում դրա ականատեսն էինք) ԵԽԽՎ-ի հունվարի 27-ին, այսօր, կայանալիք նստաշրջանում:

- Դուք ակնարկում եք, որ իրենց սեփական շահերը հետապնդող աշխարհաքաղաքական ուժերի համար Հայաստանի ժողովրդավարացումը միայն մեր ներքին գործերին միջամտելու առի՞թ է:

- Աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումները պետք է ակնկալել ներկայացված համապատկերի շրջանակներում: Վերջերս Ուկրաինայի կողմից սանձազերծված «գազային պատերազմի» պայմաններում ԵՄ-ի համար խիստ արդիականացավ Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի գազային պաշարների արտահանումը այլընտրանքային «ՆԱԲՈՒԿԿՈ» գազատարով, որը, շրջանցելով Ռուսաստանի Դաշնությունը, ծրագրում են անցկացնել Հարավային Կովկասով: Իսկ այն, որ այդ «գազային պատերազմը» սկսվեց Ուկրաինայի վերնախավի որոշակի թևի կողմից, փաստ է, որն այլևս կասկած չի հարուցում և ոչ մի ողջամիտ մարդու մոտ, ինչպես նաև կասկած չի հարուցում այն իրողությունը, որ այդ երկրի իշխանության հիշատակած հատվածի թիկունքում ամենևին էլ Ուկրաինայի ժողովուրդն ու քաղաքական ընտրանու մեծամասնությունը չէ, որ կանգնած էր, այլ բացառապես քաղաքական այն ուժերն էին, որոնք ցուցումներ էին ստանում հեռու հեռուներից:

Այս իսկ պատճառով, կրկնեմ, գերկարևոր աշխարհաքաղաքական գործոն դարձավ դեպի Արևմուտք նոր գազատար կառուցելու խնդիրը: Սկսվեցին «ՆԱԲՈՒԿԿՈ» գազատարի նախագծման ու կառուցման համար հիմքեր ստեղծելու աշխատանքները: Վերստին հիշեցնեմ, որ այս գազատարը պետք է անցնի մեր տարածաշրջանով և Կենտրոնական Ասիայի ու Ադրբեջանի գազը տեղափոխի Եվրոպա: Այստեղ է, որ աշխարհաքաղաքական հզոր ուժերի համար առավել կարևոր է դառնում մեր տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հրամայականը, որը շուրջ 8 մլրդ եվրո արժողությամբ այդ գազատարի կառուցման նախապայմանն է: Հանգամանք, որն էլ Ադրբեջանի «մատուցմամբ» հնարավոր է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ադրբեջանանպաստ լուծման պայմաններում: Եվ ամենևին էլ պատահական չէր, որ 2008 թ. նոյեմբերին Բաքվում կայացավ արևելաեվրոպական, Վրաստանի, Ադրբեջանի` 15 երկրների ղեկավարների գագաթաժողովը խնդրո առարկայի շուրջ: Ինքնին հասկանալի է, թե այդ գագաթաժողովի արդյունքում հռչակագիր ստորագրած Եվրախորհրդի անդամ երկրների դիրքորոշումներն ինչպիսին կլինեն, երբ ԵԽԽՎ-ում նժարի վրա դրվեն Հայաստանի և Ադրբեջանի համար կենսահույզ հարցեր... Այստեղ կրկին ու կրկին նշենք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մեզ բավարարող լուծումները խարսխված պետք է լինեն վերը հիշատակված երեք հիմնարար սկզբունքների անվերապահ կատարման վրա:

ԵԽԽՎ-ում Հայաստանին վերաբերող օրակարգային հարցի քննարկումների արդյունքները նախևառաջ պայմանավորված կլինեն այն հանգամանքով, թե քննարկմանը մասնակից աշխարհաքաղաքական շահագրգիռ ուժերը ի՞նչ չափով տուրք կտան Ադրբեջանին հաճոյանալու ցանկությանը: Եթե գերիշխի ողջամտությունը, ապա հենց Ադրբեջանի հովանավոր երկրները չպետք է հաստատեն մոնիտորինգի խմբի համազեկուցողների ներկայացրած բանաձևի նախագիծը: Այլապես պատժամիջոցներ կիրառելու պարագայում Հայաստանը էլ ավելի կօտարեն իրենցից: Հանձինս այդ երկրների մենք չենք տեսնի անկողմնակալ ու անշահախնդիր գործող պետություններ: Այլ նրանց կընկալենք աշխարհաքաղաքական որոշակի ուժերի դրածոներ, որոնք իրենց նավթագազային շահերը գերադասում են իրական ժողովրդավարական զարգացումներին աջակցելուց: Հակառակ պարագայում մենք ականատեսը կլինենք այն իրավիճակի, որը բնութագրվում է ձգտմամբ` երևալ ավելի կաթոլիկ, քան Հռոմի պապը կամ էլ այս դեպքում կստացվի, որ Եվրոպան ուզում է ավելի հայամետ ու հայանպաստ երևալ, քան մենք` հայերս: Եվրոպայի այսպիսի դրսևորումը, եթե դա տեղի ունենա, առնվազն համոզիչ չի լինի և Եվրախորհրդի պառլամենտականներին պատիվ չի բերի: Ավա՜ղ, հնարավոր նման դրսևորման դեպքում նրանց հետապնդած իրական շահերը մեր երկրում ժողովրդավարություն հաստատելու ցանկության հետ որևէ կապ չեն ունենա: Իսկ եթե նրանց համար կարևորն ու առաջնայինը իրապես ժողովրդավարությունն է, ապա նրանք քանիցս պարտավոր էին արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարությունը կրկնակի բարձր մակարդակում է, քան Ադրբեջանում, և, ինչու ոչ, ավելի բարձր է, քան Հայաստանի Հանրապետությունում` դրանից բխող համապատասխան եզրակացությունների արձանագրմամբ:

- Ինչպիսի՞ հնարավորություններ ունեն մեր պատվիրակության անդամները իրավիճակի վրա ազդելու համար: Արդա՞ր է նրանց համարել քավության նոխազ, եթե շահախնդիր Եվրոպան պատժամիջոց կիրառելու որոշում կայացնի:

- Երբեք ու երբեք ստեղծված իրավիճակի հիմնական պատասխանատվությունը չի կարելի բարդել խորհրդարանական մեր պատվիրակության անդամների վրա: Պարզապես պետք է գնահատել, թե նրանք կարողացե՞լ են արդյոք համոզիչ ու մատչելիորեն մեր երկրում 2008 թ. նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը անկողմնակալ ներկայացնել ԵԽԽՎ պատգամավորներին՝ նրանց, ովքեր պետք է քվեարկեն: Չէ՞ որ այնտեղ միայն նավթային լոբբինգի ազդեցությամբ ու նավթային շահեր սպասարկող պատգամավորներ չեն ներկայացված: Նրանցից շատ-շատերն ազնիվ, անկախ և խորաթափանց քաղաքական գործիչներ են: Եթե նրանց ճշգրտորեն մատուցվեն խնդրո առարկայի շուրջ պատճառահետևանքային կապերը, դրանց թիկունքում կանգնած ճիշտ այդ նույն նավթագազային և դրանից բխող աշխարհաքաղաքական նպատակներ հետապնդող ուժերի նկրտումները, ապա Եվրախորհրդի պատվիրակները, կարծում եմ, իրենց ճիշտ հետևությունները կանեն:

- Պարոն Գեղամյան, ինչպե՞ս եք գնահատում մեր պատվիրակության վիճակը, երբ իր պարտականությունները կատարելուց հրաժարվել է խորհրդարանական միակ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչը, իսկ նրան հակառակ Ստրասբուրգ է մեկնել արմատական ընդդիմադիրների ոչ պաշտոնական պատվիրակությունը:

- Բնականաբար, ինձ հետաքրքիր էլ չէ ստեղծված այդ իրողությունը, առավել ևս, թե դա ի՞նչ արձագանք կգտնի եվրոպական երկրների պատվիրակությունների մոտ: Կարևորն այն է, որ մեր երկրի ժողովուրդը տեսնի ու հասկանա, թե ի՞նչ է տեղի ունենում: Ցարական Ռուսաստանի անվանի գեներալ-լեյտենատ Անտոն Դենիկինը, որը հրաշքով մազապուրծ էր եղել և 1920 թ. գտնվում էր վտարանդության մեջ, երբ տեղեկացավ, որ ֆաշիստական Գերմանիայի զորքերն ընդհուպ մոտեցել են Մոսկվային, գրավոր դիմեց սովետական իշխանություններին՝ պատրաստակամություն հայտնելով իր ռազմական հմտություններն ու փորձը ծառայեցնել հայրենիքի փրկության գործին, թեկուզև շարքային զինվորի կարգավիճակով...

Կարծում եմ, սա է հայրենասիրությունը: Մինչդեռ ոմանք իրենց գործողություններով, ըստ էության, թուլացնելով իշխանություններին, կամա թե ակամա նպաստում են, պարարտ հող են ստեղծում դրսի ուժերի համար` մեր երկրի վզով ամենաանբարենպաստ որոշումներ փաթաթել: Դրանով իսկ մեր երկիրը խոցելի դարձնելով ուժի միջազգային կենտրոնների առջև, որոնք ժողովրդավարության հաստատման, մարդու իրավունքների պաշտպանության և նմանատիպ այլնի քողի ներքո շատ հաճախ մեր տարածաշրջանում հետապնդում են ոչ հայանպաստ շահեր: Եթե այս պարզ ճշմարտությունը ոմանք չեն հասկանում կամ իրենց պատվիրատու ուժերի հանձնարարությամբ միտումնավոր նեղացածի կեցվածք են ընդունում, ապա նրանց վարքագիծը թող ժողովուրդը գնահատի: Ժամանակն ամեն ինչ, ի վերջո, կդնի իր տեղը:

ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր