«100 ՔԱՅԼ». ԿԱՄՈ ԳՐՅԱԴԵՇԻՅՈ՞ ԵՐԹԱՍ, ՊԱՐՈՆ ԲԱԳՐԱՏՅԱՆ

(շարունակություն)

02-03.03.2010

Եթե չգիտես, թե ո՞ւր ես նավարկում, ոչ մի քամի չի կարող համընթաց լինել:

Լուցիյ Աննեյ Սենեկա

Մինչև «100 քայլ»  ծրագրի վերլուծությանն անդրադառնալը, նշենք մի քանի հարցադրումներ, որոնց պատասխանները նույնպես գտնում ենք շատ կարևոր: Եվ այսպես, ելակետային ինչպիսի՞ մոտեցումներ, չափանիշներ պետք է դրվեն հակաճգնաժամային միջոցառումների հիմքում, որոնք կբացառեն այնպիսի անհեթեթություններ, ինչպիսիք են. Առաջին. որպեսզի հերքվեն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարների պնդումներն առ այն, որ ՀՀ-ում ֆինանսատնտեսական ճգնաժամն ավարտված է, քանի որ 2010 թ. հունվար ամսին նախորդ տարվա հունվարի նկատմամբ, իբր, արձանագրվել է ՀՆԱ-ի 2,4 %-անոց աճ: Եվ դա ասվում է այն պարագայում, երբ 2010 թ. հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ ՀՆԱ-ն կազմել է 39,5%: Իսկ ինչ վերաբերում է այդ նույն ցուցանիշի հարաբերակցությանը 2009թ. հունվարի նկատմամբ, ապա անհրաժեշտ է տալ որոշ պարզաբանումներ: Նախ, նշենք, որ անցումային շրջանում գտնվող Հայաստանի Հանրապետության նման էկոնոմիկա ունեցող երկրների համար, որոնց արտարժույթին ներհատուկ է բարձր ոլոտիլություն (անգլ. volatiler -փոփոխական), ազգային արտարժույթի փոխարժեքի անկայունություն, մեծ տատանումներ համաշխարհային արտարժույթների` ԱՄՆ դոլարի, եվրոյի, շվեյցարական ֆրանկի, բրիտանական ֆունտ-ստերլինգի նկատմամբ, մակրոտնտեսական ցուցանիշներն ընդունված է համեմատել համադրելի գներով:

Նման մոտեցումն առավել պահանջված է մեր պայմաններում. հիշեցնենք, որ 2009թ. հունվար-փետրվար ամիսներին ԱՄՆ մեկ դոլարի միջին փոխարժեքը կազմում էր 305,48 դրամ, մինչդեռ նույն տարվա ապրիլ ամսվա միջինը` 367,7 դրամ էր: Հաշվի առնելով այդ իրողությունը, նշենք, որ 2009թ. հունվարին ՀՀ ՀՆԱ-ն կազմել է 132 մլրդ 7մլն 300 հազար դրամ կամ դոլարային արտահայտությամբ` 432 մլն 130,7 հազար դոլար: Իսկ այս տարվա հունվարին այն կազմել է 149 մլրդ 491,4 մլն դրամ կամ 395 մլն 972,2 հազար դոլար (1 դոլարի միջին փոխարժեքը կազմել է 377,53 դրամ): Այստեղ ակնհայտ է դառնում այն իրողությունը, որ 2010թ. հունվարի ՀՆԱ-ն, անցած տարվա հունվարի նկատմամբ համադրելի գներով, կազմել է 2009թ. հունվարի ՀՆԱ-ի 95,3%-ը, այլ կերպ ասած` 2010-ի հունվարին, նախորդ տարվա հունվարի նկատմամբ համադրելի գներով, գրանցվել է ՀՆԱ-ի 4,7% անկում և ոչ թե 2,4%-ի աճ: Կարելի էր այս հարցին չանդրադառնալ, սակայն երբ, հիմք ընդունելով ելակետային, մեղմ ասած, ոչ կոռեկտ թվերը, կառավարության ֆինանսատնտեսական բլոկի նախարարները վարչապետի գլխավորությամբ թմբկահարում են ՀՆԱ-ի 2,4 %-անոց «տնտեսական աճի», ճգնաժամը հաղթահարելու մասին, ապա չես կարող չտագնապել: Ուստիև, պետք է հակաճգնաժամային միջոցառումների այնպիսի համակարգ մշակվի, որը կբացառի կառավարության կողմից երկրի տնտեսության մեջ ստեղծված ծանր վիճակի ոչ համարժեք գնահատականը: Եվ, ըստ այդմ, բացառվի այնպիսի իրավիճակ, երբ ձեռնարկվող միջոցառումները ՀՀ էկոնոմիկան վերջնականապես կկազմալուծեն, իսկ մեր երկիրն էլ կհասցնեն դեֆոլտի` պետության արտաքին պարտքի գծով ստանձնած պարտավորությունների չկատարման: Նման պարագայում կբացառվի ծիծաղ առաջացնող այնպիսի իրավիճակի առկայությունը, երբ ֆինանսների նախարարությունն իր սեղմագրում դրական երանգներով կներկայացնի կատարած աշխատանքները, մասնավորապես, համեստորեն նշելով. «Ընդ որում, հարկաբյուջետային քաղաքականության արդյունքները մեծապես կախված են եղել նախարարության կողմից իրականացված իր իրավասությունների շրջանակներում տնտեսական քաղաքականությունների նպատակադրումներով և դրանց ձեռքբերման արդյունքներով»: «Տնտեսական քաղաքականությունների նպատակադրումներ»  ձևակերպում անելով` մեր երկրի ֆինանսների նախարարությունը նոր խոսք է ասում ժամանակակից տնտեսագիտության տեսությունների շարքում: Պարզվում է, որ մի առանձին երկրում ճգնաժամից դուրս գալու համար մերոնք մի քանի «տնտեսագիտական քաղաքականությունների նպատակադրումներով»  են պայքարել ճգնաժամի դեմ:

Կեցցե՛ք բարեկամներ, վերջապես ձեզ հաջողվեց մեկտեղել տասնամյակներ շարունակ անհաշտ պայքարի մեջ մտած «Նեոքեյնսիականությունը»  և «Մոնետարիզմը», ինչպես նաև ձեզ հաջողվեց մեր երկրի էկոնոմիկայի օրինակով հաշտեցնել իրարամերժ «Վաշինգտոնյան Կոնսենսուս»-ի կողմնակիցներին «Պեկինյան Կոնսենսուս»-ի գաղափարակիրների հետ: Իսկ այն «չնչին»  հանգամանքը, որ դրա գինն էր` մեր երկրի տնտեսությունը կազմալուծման վտանգավոր շեմին հասցնելը, դա հոգ չէ: «Ոչ միայն հացիվ», – կասեր Արարատյան թեմի հոգևոր խորհրդի անդամ ձեր առաջնորդը: Վերստին անդրադառնանք սեղմագրում հիշատակված «ձեռքբերումների արդյունքներին», որոնք, իրոք, «ակնհայտ»  էին (2010թ. հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ արձանագրվեց ՀՆԱ-ի անկում 60,5 տոկոսով, կրկնում եմ, 60,5 տոկոսով և 2009թ. հունվարի նկատմամբ` 4,7% անկումով): Երկրորդ. որպեսզի մենք ականատեսը չդառնանք մի իրողության, երբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության 2009թ. տարեկան հաշվետվության մեջ հատուկ առանձնացվում է «Գերակա խնդիրների և միջոցառումների ծրագրի իրականացման արդյունքների»  շարադրման մեջ այնպիսի «գործնական քայլեր», ինչպիսիք են` «Շշալցված հանքային ջրերին ներկայացվող պահանջների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի»  հաստատումը կամ` «Հյութերին և հյութամթերքներին ներկայացվող պահանջների կանոնակարգում»-ը, դրանով իսկ տպավորություն ստեղծելով, որ այդ հարցերը երկրի էկոնոմիկայի համար բախտորոշ են և մեր բնակչության կողմից վաղուց ու սրտատրոփ սպասված: Ավելին, այդ փաստաթղթերի ընդունման մասին լուրը թող չմատուցվի հանրությանը իբրև մի մեծ ավետիս, այն էլ ՀՀ էկոնոմիկայի նախարարի կողմից: Հավանաբար, ծանոթանալով այդ լուրին, ինչպես նաև լսելով նախարար Ներսես Երիցյանի` 2010թ. հունվարի արդյունքների մասին հրապարակած տագնապահարույց թվերից հետո արած խրոխտ հայտարարությունը` ՀՀ-ում ֆինանսատնտեսական ճգնաժամն այլևս հաղթահարված է, պատահական չէր, որ Հրանտ Բագրատյանը դա գնահատեց տնտեսագիտական վերլուծություններում հազվադեպ օգտագործվող` «դա հիմարություն է»  որակումով:

Արդարության առաջ չմեղանչելով` նշենք. պարոն Բագրատյանը, կարծում եմ, անկեղծ էր, երբ ափսոսանք հայտնեց, որ Ներսես Երիցյանը չէր մասնակցում փետրվարի 24-ին «Հայելի»  ակումբում իր ասուլիսին: Նա ասաց, որ պատրաստ է սիրով գրատախտակի վրա մատչելի կերպով օգնել էկոնոմիկայի նախարարին դուրս գալ այն մոլորության տիրույթից, թե 2010թ. հունվար ամսվա ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշները, իբր, վկայում են, որ մեր երկրի տնտեսությունը հաղթահարել է ճգնաժամը: Ի դեպ, խորհուրդ կտայի Ներսես Երիցյանին, որ եթե նա որոշի տնտեսագիտության բնագավառում իր գիտելիքների, ավա՜ղ, խորը բացը լրացնել Հրանտ Բագրատյանի կողմից առաջարկվող դասընթացների միջոցով, ապա հընթացս ծանոթանա ընթերցողի դատին հանձնվող մեր այս վերլուծության ամբողջական տեքստի հետ, որպեսզի խուսափի մի նոր մոլորության մեջ հայտնվելու վտանգից: Երրորդ. որպեսզի Պետական եկամուտների կոմիտեն աշխատանքի կարևորությունը չպայմանավորի իր կողմից կատարված ստուգումների թվաբանական հաշվարկով: Եվ որպես կատարված աշխատանքի դրական արդյունք զերծ մնա իր հաշվետվություններում (ինչպես դա արվել է 2009 թ. հաշվետվության մեջ) հիշատակել, որ` «2009 թ. անց են կացվել 23296 ստուգումներ` նախորդ տարվա 15344-ի դիմաց (ավելացել է 7952-ով)»: Փոխանակ այդ թվերը հրապարակեր, կարծում եմ, ճիշտ կլիներ փաստել, որ 2009 թվականին 2008 թ. համեմատ հավաքված հարկերի և տուրքերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ի նկատմամբ 0,5 տոկոսային կետով կրճատվել է: Չորրորդ. որպեսզի մեզանում բացառվեն այնպիսի իրավիճակները, երբ կառավարության գործունեության մեջ, հատկապես ճգնաժամային պայմաններում ֆինանսատնտեսական բլոկի աշխատանքներն կազմակերպվեն այնպես, որ անհնար լինի գնահատել` «դա հիմարություն է»  կամ «անհեթեթություն է»  բնութագրականներով, կամ էլ բացառվի այնպիսի մի իրավիճակ, երբ մեր բարձրաստիճան չինովնիկները, շունչները պահած, չնմանվեն Նիկոլայ Վասիլևիչ Գոգոլի «Ռևիզոր»  կատակերգության հերոսներին, սպասելով, թե նրանց աշխատանքներն ի՞նչ գնահատականի կարժանանան շաբաթը մեկ Հայաստան ժամանող միջազգային ֆինանսական կազմակեպությունների շարքային չինովնիկների կողմից:

Ավելին, որպեսզի բացառվի այնպիսի իրավիճակ, երբ հայրենի կառավարության ոչ կոմպետենտ լինելու հետևանքով մեր հանրությանը որպես ՀՀ-ի համար փրկօղակ չներկայացվի ՀԱԿ-ի քարոզչամեքենայի կողմից շեփորահարվող «100 քայլ»  վերտառությամբ մի փաստաթուղթ, որը տնտեսագիտական լուրջ վերլուծություններին ներհատուկ անհրաժեշտ բաղադրիչների անտեսմամբ է կազմված: ՀԱԿ-ի «100 քայլ»  փաստաթղթին տրված իմ գնահատականը հիմնավորելու համար հարկադրված եմ որոշակի պարզաբանումներ տալ` ի գիտություն թե՛ գործող և թե՛ ՀԱԿ-ի ստվերային կառավարությունների անդամների համար: Եվ այսպես, սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխում առաջարկող «100 քայլ»  ծրագրի ընդունման պահանջվածությունն օբյեկտիվորեն գնահատելու համար նախապես պետք է հստակ պատասխաններ տալ առնվազն երկու հարցի: Հարց առաջին. որո՞նք էին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջացման պատճառները և դրանց հաղթահարմանն ուղղված աշխարհի խոշոր էկոնոմիկաներում իրականացվող գործառույթները, ինչպիսի՞ն էր դրանց ազդեցությունը մեր երկրի տնտեսության վրա: Հարց երկրորդ. ՀՀ-ի տնտեսության խոր անկման պատճառներից որո՞նք էին անմիջապես պայմանավորված մեր երկրի էկոնոմիկային ներհատուկ արատներով: Այս հարցերի մեկնաբանումից հետո պետք է տալ պատասխան, թե տնտեսագիտական ինչպիսի՞ մեխանիզմների ի հայտ գալով տնտեսական ճգնաժամը պաշարեց մեր էկոնոմիկան: Այս հարցերի պարզաբանումը խիստ կարևոր է` հաշվի առնելով այն իրողությունը, որ ճգնաժամի առաջացման մեխանիզմը, նախ, մասնակիորեն բացատրում է, թե ո՞րն է ճգնաժամի բուն էությունն ու ավելին բնութագրում է դրա հատկանիշները, սիմպտոմները, առկա միտումները և այլ բաղադրիչներ: Կրկնում եմ, ՀՀ-ում շարունակվող տնտեսական ճգնաժամի պատճառները վերացնելու, ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է նախևառաջ բացահայտել դրա գոյացման մեխանիզմը, հակառակ պարագայում կարող է ստեղծվի այնպիսի մի իրավիճակ, երբ, փորձելով դուրս գալ ներկայիս ճգնաժամից, մենք մեր էկոնոմիկան ընկղմենք ավելի սուր ճգնաժամի մեջ, որն էլ ավելի կխորացնի տնտեսության անկումը` խիստ դժվարացնելով դա հաղթահարելու հնարավորությունները:

Ահա հարցերի նվազագույն այն ցանկը, որոնց համակողմանի և սպառիչ պատասխաններ տալը պարտադիր է ցանկացած հակաճգնաժամային ծրագիր կազմելուց առաջ: Կրկնում եմ, միայն դրանց առկայության դեպքում հնարավոր կլինի ձեռնամուխ լինել նախ հակաճգնաժամային հայեցակարգի մշակմանը, այնուհետև դրանից բխող հակաճգնաժամային ծրագրի կազմմանն ու ընդունմանը: Միայն այս անհրաժեշտ գործողությունները կատարելուց հետո կարելի է հստակեցնել, թե հակաճգնաժամային ծրագրում որո՞նք են առաջնահերթ քայլերը` ֆիսկալ, դրամավարկային, ֆինանսական քաղաքականության, գործարարության խրախուսման, սոցիալական քաղաքականության հիմնախնդիրները: Միայն այդ պարագայում է հնարավոր ակնկալել, որ առաջարկվող ծրագրի կենսագործումը դատապարտված կլինի տնտեսությունում դրական արդյունքներ գրանցելուն: Բնական է, որ ծրագրի հիմքում պետք է պարզորոշ ձևակերպված լինեն, թե առաջարկվող միջոցառումներն իրենց ամբողջության մեջ տնտեսագիտական ո՞ր տեսությանն են առավել համահունչ և, վերջապես, դրա արդյունքում ինչպիսի՞ խնդիրների լուծումներն են լինելու մեզ համար ուղեցուցային, ինչպիսի՞ն ենք պատկերացնում մեր երկրի հետճգնաժամային էկոնոմիկան: Միայն այս ամենն ի նկատի ունենալով կարելի է գնահատել հակաճգնաժամային ցանկացած ծրագրի արդիականությունն ու արդյունավետությունը: Մինչդեռ ՀԱԿ-ի կողմից ներկայացված «100 քայլ»  ծրագրում վերը նշված հարցերին` դրանց ամբողջականության մեջ, և ոչ մի անդրադարձ չկա, ուստի դրանց միաժամանակյա կենսագործման գործընթացում կանխագուշակել թե ինչպիսի՞ արդյունքներ կարձանագրվեն Հայաստանի էկոնոմիկայում, մեղմ ասած, լուրջ չէ: Իսկ հիմա շատ համառոտ պարզաբանենք, թե որո՞նք էին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջացման պատճառները և դրանք ինչպիսի՞ ազդեցություն ունեցան մեր երկրի էկոնոմիկայի վրա: Գ

աղտնիք չէ, որ ազատական տնտեսվարության պայմաններում ապրանքարտադրողներին առավել հետաքրքրում է սպառողների վճարունակ պահանջարկի, կրկնում եմ, վճարունակ պահանջարկի առկայությունը, ըստ որում այնպիսի, որը կարող է իրենց շահույթ ապահովել: Այստեղից առաջնահերթ է գտնել շատ պարզ հարցի պատասխան` որտեղի՞ց են սպառողների մոտ գոյանում փողերը: Մեր վերլուծությունը պարզեցնելու նպատակով հետևենք մեծն Ջոն Մեյնարդ Քեյնսին և դիտարկենք պետության ներքին շուկան որպես կապիտալիստական փակ համակարգ, հետագայում հաշվի առնելով արտաքին շուկաների ազդեցությամբ պայմանավորված ճշգրտումները: Եվ, այսպես, այդ շուկայում հիմնական սպառողներն են` մասնավոր արտադրության, առևտրի, սպասարկման ոլորտների մեջ ներգրավված աշխատողները, պետական ծառայողները, թոշակառուները: Այդ կատեգորիաների աշխատողները ստացած եկամուտները ծախսում են հիմնականում լայն սպառման ապրանքների ձեռքբերման վրա և այդ գումարները նրանք, վերջին հաշվով, ստանում են մասնավոր ձեռնարկատերերից: Իրենց ծագումով այդ գումարները մտնում են արտադրված ապրանքների արտադրական ծախքերի մեջ: Աշխատողների մոտ դրանք գոյանում են աշխատավարձի տեսքով, որը ստանում են գործատուներից: Պետական ծառայողների ու թոշակառուների մոտ էլ եկամուտները աշխատավարձի և թոշակների, նպաստների տեսքով են, որը նրանց տալիս է պետությունը: Ըստ էության և՛ պետական ծառայողները, և՛ թոշակառուները գումարներ են ստանում հիմնականում այն հարկերից, որ պետությանը վճարում են գործատուներն ու նրանց աշխատողները: Այդ հարկերն ուղղակի և անուղղակիորեն մտնում են ապրանքների արտադրական ծախքերի մեջ: Այստեղից կարելի է եզրակացնել, որ սպառման ներքին շուկայում ազգաբնակչության վճարունակ պահանջարկը հավասար է սպառողական ապրանքների արտադրական ծախքերին, այսինքն` բնակչության վճարունակ պահանջարկը (ԲՎՊ) հավասար է արտադրական ծախքերին (ԱԾ):

Իսկ իրականում բնակչության վճարունակ պահանջարկը (ԲՎՊ) ավելի փոքր է, քանի որ նրանք ստացված եկամուտների ողջ պաշարը չէ, որ ծախսում են, այլև որոշակի գումարներ պահում են, որոնք հաշվարկվում են որպես «բնակչության խնայողություններ»: Ստացվում է, որ ներքին շուկայում բնակչության վճարունակ պահանջարկը (ԲՎՊ) հավասար է արտադրական ծախքեր (ԱԾ) հանած բնակչության խնայողություններ (ԲԽ) (1): Շահույթ ստանալու համար ձեռնարկատերերը պետք է արտադրված ապրանքները բնակչությանը վաճառեն արտադրական ծախքերը գերազանցող գնով: Սակայն դա սկզբունքորեն հնարավոր չէ իրականացնել, եթե սպառողների վճարունակ պահանջարկը ճիշտ հավասար է արտադրության ծախքերին, առավել ևս դրանից պակաս լինելու պայմաններում: Հասկանալի է, որ բնակչության վճարունակ պահանջարկի նման բանաձևման պարագայում ձեռնարկատերերի կողմից շահույթ ստանալու մասին խոսք լինել չի կարող: Այստեղ հարկ է նշել, որ ներքին շուկայում սպառողական վճարունակ պահանջարկի ավելացմանն իրենց ավանդն են բերում նաև ձեռնարկատերերը, սակայն նրանց սպառողական պահանջարկը մշտապես ավելի ցածր է, քան ստացած շահույթը: Դա այդպես է, քանի որ կապիտալիստական համակարգի պայմաններում ձեռնարկատերերի հիմնական ֆունկցիան է շահույթ ստանալը` նպաստելով փողի և կապիտալի կուտակմանը: Նկատի ունենալով այս ամենը, կարելի է հետևություն անել, որ ձեռնարկատերերի ստացած հնարավոր շահույթը որոշվում է բնակչության կողմից ապրանքների վճարունակ պահանջարկով, այդ թվում` հաշվի առնելով նաև ձեռնարկատերերի անձնական սպառումը հանած ապրանքների արտադրական ծախքերը: Դա կարելի է ներկայացնել հետևյալ բանաձևով. ձեռնարկատերերի շահույթը (ՁՇ) հավասար է բնակչության վճարունակ պահանջարկին (ԲՎՊ) գումարած ձեռնարկատերերի սպառողական պահանջարկը (ՁՍՊ) հանած արտադրական ծախքերը (2): Երբ բանաձև 2-ում տեղադրում ենք բանաձև 1-ից բնակչության վճարունակ պահանջարկի բացվածքը, այն է` ԱԾ հանած ԲԽ, ապա ստանում ենք հետևյալ բանաձևը. ՁՇ հավասար է ԱԾ - ԲԽ + ՁՍՊ - ԱԾ, ինչն էլ հավասար է ՁՍՊ - ԲԽ:

Այս բանաձևից կարելի է եզրակացնել, որ ձեռնարկատերերի շահույթը հավասար է ձեռնարկատերերի սպառողական պահանջարկից հանած բնակչության խնայողությունների գումարը: Փորձենք վերլուծել այս բանաձևը: Ենթադրենք` ձեռնարկատերերը ստացած ամբողջ շահույթն ուղղում են կապիտալի կուտակմանն ու բազմապատկմանը (իդեալական ձեռնարկատերեր են), իսկ սպառողները չեն անում խնայողություններ (իդեալական սպառողներ են): Այդ դեպքում ձեռնարկատերերի սպառողական պահանջարկը հավասար է զրոյի, բնակչության խնայողությունները նույնպես հավասար են զրոյի: Ձեռնարկատերերի հնարավոր շահույթը նույնպես զրոյական է: Ենթադրենք` ձեռնարկատերերը իդեալական են և նրանց սպառողական պահանջարկը հավասար է զրոյի (ՁՍՊ = 0), իսկ սպառողները` բնակչությունը, կատարել է խնայողություններ: Այդ դեպքում ձեռնարկատերերը ոչ միայն շահույթ չեն ստանա, այլև կաշխատեն վնասով: Ենթադրենք` ձեռնարկատերերն իդեալական չեն և կատարում են սպառողական ծախսեր, իսկ սպառողները, բնակչությունը խնայողություններ չի անում` ԲԽ հավասար է 0: Այս դեպքում ձեռնարկատերերը շահույթներ կստանան ճիշտ այն չափով, որքան իրենք են ծախսել սեփական արտադրության ապրանքների գնման վրա: Բանաձև 2-ի համաձայն` ձեռնարկատերերի շահույթը կհավասարվի ձեռնարկատերերի սպառողական պահանջարկին: Այս համառոտ պարզաբանումից երևում է, որ ձեռնարկատերերը կամ չեն ստանում շահույթ, կամ աշխատում են վնասով, կամ էլ ստանում են ճիշտ այնքան շահույթ, որքան իրենք են ծախսել սպառման վրա: Առաջին երկու դեպքերում նրանք փակում են բիզնեսը, երրորդ դեպքում ձեռնարկատերերը լավագույնս կարող են պահպանել բիզնեսը, բայց ի զորու չեն լինի կուտակել փողեր ու ավելացնել իրենց կապիտալը և դրա միջոցով կազմակերպել հանրային արտադրության զարգացում: Ստեղծված իրավիճակում կա հնարավոր երկու ելք. առաջին` շահույթի ստացում արտաքին շուկաների հաշվին և երկրորդ` համոզել, գայթակղել բնակչությանը (սպառողներին) վարկեր վերցնել ապրանքներ ձեռք բերելու նպատակով: Գլոբալացված շուկաներում ահա այս երկու գործոնների միաժամանակյա կիրառման արդյունքում համաշխարհային ֆինանսական շուկաներում, խոշոր բանկերում կուտակվեցին, այսպես կոչված, «տոքսիկ»` նյութական ոչ մի արժեքով չապահովված ակտիվներ: Խոշոր բանկերում էլ զգացնել տվեց լիկվիդային միջոցների խիստ պակասը: Դա պայմանավորված էր նրանով, որ հասունացավ պահը, երբ սպառողները ոչ միայն չէին կարողանում նոր վարկեր վերցնել, այլև ի վիճակի չէին փակել նախկինում վերցված պարտքերը:

Արդյունքում` շեշտակի ընկավ բնակչության վճարունակ պահանջարկը: Արդյունքում` վերացավ ձեռնարկատերերի շահույթը, քանի որ վճարունակ պահանջարկի անդունդային անկման պայմաններում ձեռնարկատերերին «քյար»  մնացին ապրանքների արտադրական ծախքերը, արտադրված ապրանքի որոշակի մասը մնաց չիրացված: Ձեռնարկատերերը հարկադրված եղան գնալ արտադրական ծախքերի կրճատման ճանապարհով` արդյունքում մեծ քանակությամբ աշխատուժ մնաց առանց աշխատանքի, զգալիորեն կրճատվեցին աշխատավարձերը, դա էլ իր հերթին էլ ավելի սեղմեց բնակչության համախառն վճարունակ պահանջարկը: Ավելին` գործազուրկ դարձած աշխատողներն ի վիճակի չեղան մարել նախկինում ստացած պարտքերի տոկոսները, էլ չասենք` բուն պարտքերը: Բանկերի ֆինանսական ռեսուրսները սկսեցին սրընթաց նվազել, քանի որ դրանք որոշակիորեն համալրվում էին բանկային հաշիվներում տեղադրված ձեռնարկատերերի շահույթների կուտակումների հաշվին, փոխառուների և վարկառուների կողմից տոկոսների վճարումներից: Համաշխարհային բանկային համակարգը հայտնվեց սնանկության շեմին: Շատ օրինաչափ էր, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը սկիզբ առավ առավել զարգացած երկրներում` ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Եվրամիության այլ երկրներ: Որովհետև ճիշտ այդ երկրներում էր, որ տնտեսական զարգացման մեխանիզմը հիմնականում պայմանավորված էր երկու գործոնով` արտաքին շուկաների հաշվին շահույթ ստանալով և սեփական երկրների բնակչությանը անհաշվենկատ վարկավորումով: Մասնավորապես, 2009թ. սկզբին ԱՄՆ-ի պետական պարտքը գրեթե հավասարվեց այդ երկրի ՀՆԱ-ին` կազմելով 13 տրլն դոլար, տնային տնտեսությունների (հիմնական վարկառուներ) պարտքը կազմել էր 32 տրլն դոլար: Այս պարագայում ԱՄՆ-ի Դաշնային Պահուստային Համակարգը լրացուցիչ թողարկեց 8 տրլն դոլար: Այս պարզաբանումներից, կարծում եմ, պարզից էլ պարզ է դառնում, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջացման մեխանիզմը ոչ մի աղերս չունի մեր երկրում մոլեգնող ճգնաժամի դրդապատճառների հետ, ուստիև չէր կարող ուղղակի ազդեցություն ունենալ ՀՀ-ի էկոնոմիկայի վրա, քանի որ մեր բանկային համակարգը սպառողական վճարունակ պահանջարկի բարձրացման վրա որևէ շոշափելի ազդեցություն չունի: Այսպես, 2009թ. տնային տնտեսություններին տրված վարկերը մեզանում կազմել են 308 մլրդ 111 մլն դրամ կամ ընդամենը վարկերի 41,9% -ը, որը կազմում է 2009թ. ՀՀ-ի ՀՆԱ-ի ընդամենը 9,7%-ը:

Սակայն մեր երկրի տնտեսության վրա համաշխարհային ճգնաժամը, անշուշտ, ունեցել է միջնորդավորված ազդեցություն և դա պայմանավորված էր մի քանի գործոններով: Առաջին. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում շեշտակիորեն նվազեց սպառողական համախառն վճարունակ պահանջարկը, աշխարհով մեկ սեղմվեց լայն սպառման ապրանքների (այդ թվում` միջնաժամկետ և երկարաժամկետ օգտագործման) արտադրությունը: Դա բացասական անդրադարձ ունեցավ Հայաստանի հատկապես հանքագործական արդյունաբերության վրա: Քանի որ միջազգային շուկաներում ճգնաժամի պիկին նկատվեցին մեր երկրից արտահանվող հանքարդյունաբերության հիմնական արտադրանքի (պղնձի, մոլիբդենի խտանյութերի) գների նվազում: Մասնավորապես, եթե 2008թ. համեմատ հանքահումքային արտադրանքի ծավալը կազմել էր 172 մլն 516 հազար դոլար, ապա 2009թ. արտահանումը 2008-ի նկատմամբ նվազել է 23,4%-ով` կազմելով 132 մլն 112,7 հազար դոլար: Ընդհանուր առմամբ, աշխարհում սպառողական վճարունակ պահանջարկի անկումը բացասական հետևանքներ ունեցավ մեր երկրից արտահանվող ապրանքների ծավալների վրա. 2009թ. ՀՀ-ից արտահանումը կրճատվեց (նախորդ տարվա համեմատ) 34%-ով: Այստեղ ուշագրավ է, որ նույն ժամանակաշրջանում ՀՀ ներմուծվող ապրանքների ծավալները կրճատվեցին 25,3%-ով: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում շոշափելիորեն պակասեցին արտերկրներից մեր հայրենակիցներին ուղարկվող տրանսֆերտները: Այսպես, եթե 2008թ. ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց ոչ առևտրային նպատակով կատարված փոխանցումների զուտ մուտքերը կազմել էին 1 մլրդ 393 մլն 67 հազար դոլար, ապա 2009թ. արդյունքում այդ նույն ցուցանիշը կազմել էր 929 մլն 235 հազար դոլար` կազմելով նախորդ տարվա 66,7%-ը կամ տրանսֆերտները կրճատվել էին մեկ երրորդով: Խոսելով մեր տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի միջնորդավորված բացասական ազդեցության մասին` կարելի է, մասնավորապես, նշել նաև հանրապետության շինարարական ոլորտի վրա ունեցած ծանր ազդեցությունը` պայմանավորված արտերկրներում աշխատող մեր հայրենակիցների կողմից ՀՀ-ում, հատկապես Երևանում, ձեռք բերվող անշարժ գույքի (բնակարաններ) ծավալների կրճատումով: Կարծում եմ, որ վերը թվարկածն արտացոլում է մեր երկրի էկոնոմիկայի վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ուղղակի և միջնորդավորված բացասական դրսևորումները: Սակայն այդ գործոններով պայմանավորված ՀՆԱ-ի անկման մեջ դրանց տեսակարար կշիռը երբեք ու երբեք չէր կարող 2009թ. հանգեցնել ՀՆԱ-ի ծավալների 14,4%-ի անկմանը 2008թ. նկատմամբ, իսկ համադրելի գներով (դոլարով և եվրոյով)` համապատասխանաբար 28,9%-ով և 23%-ով:

Փորձենք համառոտ ներկայացնել, թե որո՞նք են ՀՀ-ում տնտեսության խորը անկման առավել ցայտուն ներքին պատճառները: Հիմնական պատճառն այն է, որ սկսած 2004 թվականից ՀՀ կառավարության և ՀՀ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող քաղաքականությունը վնասակար էր նյութական արտադրության, փոքր և միջին բիզնեսի համար և նպատակամղված էր ֆինանսական (բանկային) կապիտալի շահերի սպասարկմանը: Այդ նպատակին հասնելու միջոց էր ընտրված «թանկ փողերի»  քաղաքականության իրականացումը` վարկավորման բարձր տոկոսադրույքների սահմանումը (սղաճի մակարդակից շուրջ երեք անգամ գերազանցող), մոնետիզացիայի մակարդակի (դրամական զանգվածի և համախառն ներքին արդյունքի հարաբերակցություն) տնտեսագիտորեն չհիմնավորված, պահանջվածից ավելի քան երկուսուկես անգամ պակաս լինելու իրողությունը: Արդյունքում` բանկային համակարգն անցած յոթ տարիների ընթացքում գրանցեց աննախադեպ աճի բարձր տեմպ: Հանգամանք, որն ինքնին կարող էր շատ դրական ազդեցություն ունենալ մեր երկրի տնտեսության զարգացման համար, եթե, կրկնում եմ, բանկային գործունեությունը նպատակաուղղվեր ոչ թե արտաքին առևտրում մենաշնորհային դիրքեր ունեցող գործարարների վարկավորմանը, դրամ-դոլար փոխարժեքի կարճ ժամանակահատվածում շատ դեպքերում արհեստական (այն է` ԿԲ-ի կողմից խիստ կարգավորվող) տատանումների հաշվին բարձր շահույթներ ստանալու նպատակին, այլ իրականացներ նյութական արտադրության (լինի դա արդյունաբերություն, գյուղատնտեսություն, թե շինարարություն), ինչպես նաև սպասարկման ոլորտների մատչելի տոկոսադրույքներով վարկավորում: Ահա նման քաղաքականություն վարելու պարագայում մեր էկոնոմիկայում այսօր պատկերը բոլորովին այլ կլիներ: ՀՀ Կառավարության և ԿԲ-ի կողմից վարվող քաղաքականության արդյունքում` առևտրային բանկերի հիմնական կապիտալը, եթե 2004թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում էր 50 մլրդ 113մլն 313 հազար դրամ (կամ 86 մլն 582,5 հազար դոլար), իսկ զուտ շահույթը` 1մլրդ 732 մլն 706 հազար դրամ (կամ 2 մլն 999 հազար դոլար), ապա 2008թ. առևտրային բանկերի ընդհանուր կապիտալը կազմել էր 235 մլրդ 421 մլն 844 հազար դրամ (կամ 769 մլն 428 հազար դոլար), զուտ շահույթը` 27 մլրդ 743,2 մլն դրամ (կամ 90 մլն 673 հազար դոլար): Իսկ 2009թ. առևտրային բանկերի հիմնական կապիտալը արդեն իսկ կազմեց 261 մլրդ 587 մլն դրամ (կամ 720 մլն 70 հազար դոլար) և չնայած խորը ճգնաժամին բանկային համակարգում գրանցվեց, ճիշտ է ավելի համեստ, սակայն դրական զուտ շահույթ:

Պատկերավոր ասած` 2003–2009թթ., անցած յոթ տարիների ընթացքում, բանկիրները հիմնական կապիտալի կտրվածքով դրամական արտահայտությամբ հարստացան ավելի քան 5,2 անգամ, իսկ դոլարային արտահայտությամբ` ավելի քան 8,3 անգամ: Ճիշտ այդ նույն ժամանակաշրջանում ՀՀ տնտեսությունում արձանագրվել է հետ?յալ շարժընթացը: Այսպես, եթե 2003թ. ՀՆԱ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել էր 423 մլրդ 717,4 մլն դրամ (ՀՆԱ-ի 26,2%-ը), իսկ ներմուծում-արտահանում հարաբերակցությունը` 1,87 անգամ, ապա 2009թ. արդյունքում ՀՆԱ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 663 մլրդ 921,1 մլն դրամ կամ ՀՆԱ-ի` 20,97%-ը: Ապրանքների ներմուծման ծավալն էլ գերազանցել է ապրանքների արտահանման ծավալն ավելի քան 4,7 անգամ: Այս վերլուծությունը հրամայական պահանջ է դարձնում ընդունել այն իրողությունը, որ մեր տնտեսությունը պաշարած տնտեսական ճգնաժամը հնարավոր կլինի հաղթահարել միայն և միայն այն պայմաններում, եթե ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի կողմից վարվող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունը նպատակամղվեն ոչ թե ֆինանսական կապիտալի, արտաքին առևտրում մենաշնորհային դիրքեր ունեցողների շահերի խրախուսմանը ու պաշտպանությանը, այլ նպաստեն նյութական արտադրության, ծառայությունների, փոքր և միջին բիզնեսի շահերի պաշտպանությանը, մրցակցային հավասար դաշտի ապահովմանը: Այս տեսանկյունից հարկ է նշել, որ ՀԱԿ-ի «100 քայլ»  ծրագրում ներառված հարցադրումները, ընդհանուր առմամբ, արդարացված և պահանջված են: Իհարկե, ճգնաժամի հաղթահարումը նաև մեծապես պայմանավորված է մեր երկրում ներդրումների համար բարենպաստ պայմանների ապահովումով, պետության կողմից սեփականատերերի պաշտպանվածության բարձրացմամբ, կապիտալ շինարարության ոլորտում մենաշնորհային իրավիճակի կազմաքանդմամբ: Ըստ որում, դա, բացի զուտ տնտեսական նշանակությունից, իր մեջ ներառում է ավելի կարևոր երանգ` սոցիալական արդարության հաստատման տեսանկյունից:

Մեր երկրին հարիր չէ, երբ աղետի գոտում ավելի քան չորս հազար ընտանիք սպասում է բնակարանամուտի, այն դեպքում, երբ դրա կրկնակիի չափով, այսպես կոչված, էլիտար շենքեր տարիներ շարունակ չեն բնակեցվում: Անշուշտ, կարելի էր էլ ավելի խորանալ տնտեսական ճգնաժամի ներքին պատճառների մեջ: Սակայն նման խնդիր ես իմ առաջ չէի դրել: Պարզապես կարդալով կառավարության ֆինանսատնտեսական բլոկի գերատեսչությունների տարեկան հաշվետվություններն ուղղված ճգնաժամի հաղթահարմանը խորը հիասթափություն ապրեցի: Իսկ երբ ականատեսը դարձա այն ոգևորվածությանը, որը բացարձակապես անհիմն կերպով ժայթքեց կառավարական ճամբարում 2010թ. հունվարի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշների հրապարակման պահից, մոտս դրանց դեմ ընդվզելու ցանկությունն անգամ մարեց: Սակայն երբ ՀԱԿ-ը որպես երկիրը տնտեսական փլուզումից փրկելու եզակի միջոց հրապարակեց «100 քայլ»  ծրագիրը, ապա դրան արձագանքելը դարձավ անհրաժեշտություն: Այստեղ կարող է մեկ այլ վտանգ դարանակալած լինել, վտանգ, որի մասին շուրջ 2000 տարի առաջ մեկ այլ առիթով ասել էր նույն ինքը` Լուցիյ Աննեյ Սենեկան. «Երբ չգիտես, ո՞ւր ես նավարկում, ոչ մի քամի չի կարող համընթաց լինել»: Իսկ թե ինչպե՞ս անել, որ համաշխարհային փոթորկահույզ տնտեսական օվկիանոսում Հայաստանի Հանրապետության տնտեսական նավակի համար քամիները համընթաց լինեն, թող խորհեն ավելի քան 3000 բարձր վճարվող Ֆինանսների, Էկոնոմիկայի նախարարությունների և Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները: Խորհեն, ուշադիր ընթերցելով, թե՛ Հրանտ Բագրատյանի ղեկավարությամբ մշակված «100 քայլ»  ծրագիրը, և թե՛ ընթերցողի դատին հանձնվող մեր այս հոդվածը: Եվ թող սա չընկալվի որպես բաց դասընթացներ կառավարության և ՀԱԿ-ի ֆինանսատնտեսական հանձնաժողովի անդամների համար: Քավ լիցի, ոչ, սա պարզապես մի փորձ է կտրել ՀՀ էկոնոմիկայի հին ու նոր կառավարողներին տարիներով դասախոսություններ կարդալու հոբբիից: Եվ, վերջապես, զբաղվել ամենօրյա քրտնաջան աշխատանքով (կառավարության դեպքում) կամ էլ` անաչառ վերլուծել սեփական պատասխանատվության աստիճանն իրենց իշխանավարության տարիներին մեր երկրին հասցված անդառնալի կորուստների, հանրային հարստության ալան-թալանի համար:

Արտաշես Գեղամյան

«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր