«100 ՔԱՅԼ». ԿԱՄՈ ԳՐՅԱԴԵՇԻ- ՅՈ՞ ԵՐԹԱՍ, ՊԱՐՈՆ ԲԱԳՐԱՏՅԱՆ
27.02.2010
Առանձին դեղերը ավելի վտանգավոր են, քան բուն հիվանդությունը:
ԼՈՒՑԻՅ ԱՆՆԵՅ ՍԵՆԵԿԱ
Ուշադրությամբ ընթերցեցի Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի (Հրանտ Բագրատյանի գիտական ղեկավարությամբ) մեր ժողովրդի դատին ներկայացված սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման «100 քայլ» վերտառությամբ ծրագրի նախագիծը: Ըստ որում, հանրության քննարկմանը ներկայացված են, համաձայն փաստաթղթի հեղինակների, «սոցիալ-տնտեսական և կառուցվածքային քաղաքականության ընդհանուր մոտեցումները: Դրանք ներառում են ՀԱԿ-ի մոտեցումները ֆիսկալ, դրամավարկային, ֆինանսական քաղաքականության, գործարարության խրախուսման, սոցիալական քաղաքականության հիմնախնդիրների մասով»: Ծրագրի հրապարակ գալը մեր երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական խիստ մտահոգիչ պայմաններում ես գնահատում են դրական. պարզաբանեմ, թե ի՞նչ նկատի ունեմ: 2010-ի տարեսկզբին կառավարությունը քննարկեց նախարարությունների, կառավարությանն առընթեր վարչությունների, կոմիտեների 2009 թվականի գործունեության հաշվետվությունները: Թվում է, այդ քննարկումների ընթացքում քննադատորեն կվերլուծվեր ճգնաժամի հաղթահարմանն ուղղված աշխատանքների արդյունավետությունը, կմատնանշվեին ներկա փուլի արդիական, հրատապ լուծումներ պահանջող խնդիրները: Ավա՜ղ, հաշվետվություններն այդ հարցերի հետ որևէ աղերս չունեին: Ասվածը մերկապարանոց չլինելու համար մի քանի անդրադարձ կատարենք դրանց: Այսպես, ֆինանսների նախարարության հաշվետվությունը, որը համեստորեն վերնագրել էին «Սեղմագիր Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2009 թվականի ընթացքում կատարված աշխատանքների և դրանց արդյունքների մասին», կարծես թե խնդիր ուներ տպավորություն ստեղծել առ այն, որ այդ երկուսուկես էջանոց փաստաթղթում զետեղված ցանկացած նախադասության տակ թաքնված են վիթխարի բազում մտքեր, տիեզերական հնչեղություն ունեցող գիտական մոտեցումներ, դարակազմիկ ամփոփումներ: Հարկավ այդ գերատեսչության նախարարը հետևել է XIX դարավերջի ռուս դասականի խոսքին` «Հակիրճությունը տաղանդի քույրն է»:
Սակայն հաշվի չի առել, որ դրա հեղինակը ռուս անվանի գրող է, այլ ոչ թե էկոնոմիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր, XX դարասկզբի ռուս մեծ տնտեսագետ Նիկոլայ Դմիտրիևիչ Կոնդրատևը, որ հեղինակել է «Երկար ցիկլերի տեսությունը»: Տեսություն, որը մեր օրերում, երբ աշխարհը ընկղմված է ֆինանսատնտեսական խոր ճգնաժամի մեջ, շատ արդիական է: Չնայած հասկանալի է, որ առանձին նախարարությունների աշխատաոճը հոգեհարազատ է Անտոն Պավլովիչ Չեխովի հերոս Ունտեր Պրիշիբեևի կերպարին: Որպես կատարված աշխատանքի ապացույց` ֆիննախի հաշվետվության մեջ հիշատակվում է, որ «...հարկային եկամուտների նվազման պարագայում ծախսերը չեն կրճատվել, ավելին` աճել են (հատկապես կապիտալ ծախսերը): Հետևաբար իրականացվել է համախառն պահանջարկը խթանող հարկաբյուջետային քաղաքականություն թե՛ եկամտային, թե՛ ծախսային առումով: Բյուջեի կապիտալ ծախսերի իրականացումը 2009թ. ունեցավ երկու էֆեկտ, կարճ ժամկետում նպաստեց աշխատատեղերի պահպանմանը, իսկ երկար ժամկետում հանդես է գալու որպես տնտեսական աճին նպաստող կարևոր լծակ»: Հրաշալի է: Ֆինանսների նախարարը ձեռքբերում է համարում այն, որ շնորհիվ արտաքին պետական պարտքի շեշտակի ավելացման, որը 2009թ. արդյունքում կազմել է ՀՆԱ-ի շուրջ 36 %-ը` 2008 թվականի 13,2 %-ի դիմաց, հաջողվել է «ծախսերը չկրճատել»: Նախ նշենք, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ՀՀ-ին տրամադրված վարկերը վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության հեղինակության բարձրացման արդյունք են:
Դա պայմանավորված է հանրապետության նախագահի և Արտաքին գործերի նախարարության վարած հաշվենկատ քաղաքականությամբ, և կառավարության գործունեության հետ ոչ մի աղերս չունի: Այսպես, 2009թ. պետական բյուջեի ընդամենը ծախսերը (առանց արտաքին աղբյուրներից ստացած վարկային և դրամաշնորհային ծրագրերով կատարված հատկացումների) կազմել էին 824,7 մլրդ դրամ կամ նախատեսված ծրագրի ընդամենը 91,8 %-ը: Ասել կուզի, որ երկրի ֆինանսական ոլորտի պատասխանատուները մեկ տարվա ընթացքում ավելացնելով մեր հանրապետության արտաքին պետական պարտքը ավելի քան 2,7 անգամ, չեն կարողացել ապահովել անգամ իսկ նախատեսված ծրագրային ծախսերը: Ինչ վերաբերում է «համախառն պահանջարկը խթանող հարկաբյուջետային քաղաքականության» խրախուսմանը, ինչի մասին ասված է սեղմագրում, ապա պարոն նախարարին հուշենք, որ համախառն պահանջարկը խթանելու անհրաժեշտություն չկա, դրա պակասը մեր ժողովուրդը չունի և նա ոչ շատ վաղ անցյալում կարողացել է դա բավարարել: Հավանաբար Տիգրան Դավթյանը նկատի ունի վճարունակ համախառն պահանջարկի խթանումը, կրկնում ենք, վճարունակ պահանջարկի: Կարծում եմ, այստեղ էլ անհրաժեշտ է ճշտում կատարել: ՀՀ-ում, որտեղ ներմուծման ծավալը 2009թ. արդյունքում ավելի քան 4,7 անգամ գերազանցել է արտահանման ծավալները, վճարունակ համախառն ներքին պահանջարկի խթանմանը, ցավոք, անհրաժեշտ ազդեցություն չի թողնում: Այսպես, 2009 թվականի արդյունքում բնակչության սպառման կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ ունեցող 25 ապրանքատեսակներից զուտ ներմուծվող ապրանքների արժեքը կազմել է շուրջ 342 մլրդ 880 մլն 98 հազար դրամ (կամ դրանց ընդհանուր ծավալի 38,2%-ը):
Այլ կերպ ասած` խորը ճգնաժամի մեջ հայտնված ՀՀ-ի քաղաքացիները մոտ 1 մլրդ դոլարի չափով խրախուսել են արտերկրների համախառն ներքին առաջարկը (այն էլ միայն բնակչության սպառման կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ ունեցող 25 ապրանքատեսակների գծով): Ընդհանուր առմամբ, ՀՀ-ի կողմից արտերկրներում աշխատատեղերի պահպանմանն ուղղված ծախսերը կազմել են 3 մլրդ 304 մլն դոլար, այդ թվում հարևան Թուրքիայում` 179 մլն 150 հազար դոլարի չափով: Հաշվետվությունը կազմողների բացարձակ անիրազեկության մասին է վկայում այն, որ ֆինանսատնտեսական խորը ճգնաժամում հայտնված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը մեր երկիրը ճգնաժամից հանելը պայմանավորում է հետևյալ «Բարեփոխումների ապահովում»-ով. պարզվում է, որ բախտորոշ է «Եվրահանձնաժողովի բյուջետային դեպարտամենտի և ՀԲ-ի համապատասխան առաջարկությունների հիման վրա» լրամշակված «ՀՀ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդգրկված «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի նախագիծը»: Կրկնում եմ, սա ըստ ՀՀ ֆինանսների նախարարության առաջնահերթ, թիվ 1 խնդիրն է «բարեփոխումների ապահովման գործում»: Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ Եվրահանձնաժողովն ու Համաշխարհային բանկը, «չլրամշակեին» այդ փաստաթուղթը, մերոնք ո՞նց էին էս անտեր ճգնաժամի տակից դուրս գալու: Երկրորդ կարևորագույն խնդիրներից ֆիննախը համարում է «Կուտակային կենսաթոշակի մասին», «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և դրանցից բխող մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծերը: Բա, սիրելի ընթերցող, հիմա իմացա՞ք, թե ըստ ֆինանսների նախարարության, որոնք են առաջնային նշանակություն ունեցող հարցերը: Մի կողմից` նման զավեշտալի, մյուս կողմից` իր անհեթեթությամբ տագնապահարույց հաշվետվությունից չօգտվելը, կառավարության որդեգրած սիրողական հակաճգնաժամային ծրագիրը բմբլահան չանելը ՀԱԿ-ի համար աններելի բարեհոգություն կլիներ:
Նման շռայլություն ՀԱԿ-ը, բնավ, իրեն թույլ տալ չէր կարող: Իսկ ինչ վերաբերում է էկոնոմիկայի նախարարության «Գերակա խնդիրների և միջոցառումների ծրագրի իրականացման արդյունքների» 2009թ. տարեկան հաշվետվությանը, ապա դա նույնպես չի դիմանում որևէ քննադատության: Այսպես, 14 էջից բաղկացած վերլուծության մեջ, անգամ իսկ բուռն ցանկության դեպքում, գեթ մեկ տնտեսագիտական վերլուծություն չեք գտնի: Հիշատակվում է բազմաթիվ տարբեր լուսավորչական ծրագրերի ընդունման մասին և ոչ մի խոսք, թե որո՞նք են ստեղծված իրավիճակում պետության կողմից ձևակերպված խնդիրները, դրանց կատարմանն ուղղված ինչպիսի՞ ինստիտուցիոնալ, կառուցվածքային, ներդրումային, դրամավարկային, հարկաբյուջետային, սոցիալական քաղաքականություն է իրականացվելու երկիրը այս վտանգավոր հորձանուտից դուրս բերելու համար: Ցավոք, ոչ մի լավատեսություն չի ներշնչում նաև կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2009 թվականի գործունեության հաշվետվության համառոտագիրը: Այս գերատեսչությունն իր աշխատանքներում հավատարիմ է մնացել Մատթեոս առաքյալի (այն էլ մինչև Տիրոջ հետ հանդիպելը) գործելաոճին, երբ նա միմիայն հետաքրքրված էր ամեն գնով հարկեր ու տուրքեր հավաքելու գործընթացին: Իսկ այնպիսի գործառույթները, որոնց նշանակությունն առավել է կարևորվում ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, անտեսվել էին: Մասնավորապես հարկային և մաքսային արդիական քաղաքականության մշակումն ու իրականացումն է, որն ուղղված կլինի տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցության, դրա հետևանքների հակադրմանը, դրա հետ մեկտեղ նպաստավոր պայմաններ կստեղծի տնտեսական աճի վերականգնման համար: Ավելին` սպառիչ պատասխան էր ակնկալվում այն հարցից, արդյոք ճգնաժամային 2009թ. վարվող հարկային և մաքսային քաղաքականության արդյունքում ստեղծվեցի՞ն նախադրյալներ ճգնաժամը հաղթահարելու:
Արդյո՞ք արդարացված կլինի հարկային բեռի թեթևացումը տնտեսական աճի ապահովման տեսակետից էկոնոմիկայի առանձին ճյուղերում, թե՞ ավելի գերակա և նախընտրելի են տնտեսության առանձին ոլորտների բյուջետային աջակցության քաղաքականության կիրառումը, իսկ հարկման տոկոսադրույքները նպատակահարմա՞ր է թողնել անփոփոխ: Այս կարևորագույն հարցերի մասին անգամ իսկ հիշատակում չկա ՊԵԿ տարեկան հաշվետվության մեջ: Ահա համառոտ մեր երկրի կառավարության ֆինանսատնտեսական բլոկի «հակաճգնաժամային» նման գործունեության պայմաններում ծնվեց ՀԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի մշակած «100 քայլ» սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման ծրագրի նախագիծը: Տնտեսագիտական առումով այն ուշագրավ է նախ նրանով, որ առաջարկվող 100 քայլերը վկայում են, որ դրանց հեղինակը վերջնականապես հրաժարվել է իր վարչապետության տարիներին որդեգրած և կուրորեն իրականացվող, այսպես կոչված, «Վաշինգտոնյան Կոնսենսուսի» քաղաքականությունից: Քաղաքականություն, որի հիմնադրույթների խեղաթյուրված և թալանչիական կիրառումը անդառնալի կորուստներ հասցրեց մեր երկրին: Արդարության առաջ չմեղանչելու համար նշենք, որ այդ տարիների փոխվարչապետ, այնուհետև վարչապետ Հրանտ Բագրատյանի բոլոր ձեռնարկների օրենսդրական ապահովությանը Հայաստանի Գերագույն խորհրդում 1990-1995թթ. իրականացնում էր ԳԽ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանը: Մեր ընթերցողին հիշեցնենք, որ, ըստ էության, Բագրատյանի կառավարության, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից օրենսդրական ապահովման պարագայում ՀՀ-ում այդ տարիներին բուռն թափով իրականացվում և դեռ մինչև վերջին մի քանի տարիները շարունակվում էր, ըստ էության, «Վաշինգտոնյան Կոնսենսուսի» ծրագրային դրույթների կենսագործումը: «Վաշինգտոնյան Կոնսենսուսի» պահանջների կիրառման խիստ բացասական արդյունքները մեր տնտեսության վրա կարելի է երկար թվարկել:
Սակայն մեր խնդիրն է ստանալ գեթ մեկ հարցի պատասխանը` արդյոք Հրանտ Բագրատյանը մեր հանրության դատին ներկայացնելով «100 քայլ» ծրագիրը հրաժարվո՞ւմ է նախկինում իր իսկ կողմից լայնորեն գովազդվող և անմիջականորեն իրականացվող «Վաշինգտոնյան Կոնսենսուսի» քաղաքականությունից, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա հակառակ պարագայում ՀՀ գործող կառավարությանը նա անհարկի է քննադատում իր ծրագրում, որովհետև նրանք հետբագրատյանական շրջանում նույնպես իրենց գործունեության մեջ հիմնականում առաջնորդվել են այդ չարաբաստիկ «Կոնսենսուսի» հիմնադրույթներով: Իսկ եթե այո, հրաժարվում է, ապա ազնիվ կլիներ նախ մեր ժողովրդից ներողամտություն հայցել, որ Առաջավոր Ասիայի երբեմնի բարգավաճող Հայաստանի տնտեսությունը 1990-1996թթ.` ՀՀՇ-ական կառավարման տարիներին, հասցրեցին կործանման եզրին, որի ծանրագույն հետևանքները մինչ օրս չեն հաղթահարվում: Այստեղ հարկ է նշել, որ նման իրավիճակը մեծապես պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մինչ օրս կառավարությունը այդպես էլ չի հրաժարվել «Վաշինգտոնյան Կոնսենսուսի» արատավոր դրույթների կիրառումից: Վերցնենք թեկուզև այն հայտնի պահանջը, ըստ որի` ֆինանսական շուկաների ազատականացման արդյունքում մեր իրականության մեջ արմատավորվեց վարկավորման աննախադեպ բարձր տոկոսադրույքերի առկայությունը, հակառակ նրան, որ այդ պահանջի կատարումը պետք է նպաստեր ցածր տոկոսադրույքների հաստատմանը: Դրա հետևանքն էր նյութական ոլորտի արտադրության սեղմումը, տնտեսագիտորեն չհիմնավորված դրամի արհեստական արժևորումը դոլարի և եվրոյի նկատմամբ, տեղական արտադրանքի մրցունակության անկումը, արտահանման ծավալների աննախադեպ կրճատումը: Այնպես որ այնքան էլ արդարացված չէ պարոն Բագրատյանի կողմից նման սուր քննադատությունը մեր կառավարության հասցեին, որը գործում է տնտեսագիտության նույն տեսության շրջանակներում: Այստեղ հարկ ենք համարում շեշտել, որ ճանաչված միջազգային տնտեսագետ փորձագետների համոզմամբ ընթացող համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը դե ֆակտո վերացրեց «Վաշինգտոնյան Կոնսենսուսի» գաղափարը:
Մինչդեռ արդարացի կլիներ նշել, որ ՀԱԿ-ի «100 քայլ» ծրագիրը, անշուշտ, զուրկ չլինելով տրամաբանական հարցադրումներից, հիմնավորված առաջարկություններից, ունի շատ լուրջ մեթոդաբանական թերություն, որը, ավա՜ղ, դատապարտում է հեղինակների բարեխիղճ աշխատանքը արժանանալու բարի ցանկությունների ոլորտին: Ավելին` դա հիշեցնում է մի իրավիճակ, որը շուրջ երկու հազարամյակ առաջ պատկերավոր նկարագրել է ՀԱԿ-ի մեծ բարեկամ, կայսեր Ներոնի ուսուցիչ և խորհրդատու Լուցիյ Աննեյ Սենեկան` ասելով. «Առանձին դեղերը ավելի վտանգավոր են, քան բուն հիվանդությունը»: Իսկ թե ինչո՞ւ են մեծ փիլիսոփայի խոսքերը խիստ բնութագրական ՀԱԿ-ի կողմից ներկայացված «100 քայլ» ծրագրին, կհիմնավորենք մեր հոդվածի շարունակության մեջ:
Արտաշես Գեղամյան
«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ