«ԵՐԿԻՐ-ՄԵԴԻԱ»  ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ  «ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ +»  ՀԱՂՈՐԴԱՇԱՐՈՒՄ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀՅՈՒՐԸ  ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆՆ Է

17 հոկտեմբերի 2006

Ա.Աբրահամյան- Հաղորդման նպատակն է ներկայացնել կուսակցությունների մոտեցումները մեր ներքին և արտաքին քաղաքականության հրատապ խնդիրների շուրջ: Այսօր մեր հաղորդման հյուրն է «Ազգային Միաբանություն կուսակցության»  նախագահ Արտաշես Գեղամյանը: Նրա հետ բանավիճում են քաղաքագետ Աղասի Ենոքյանը և «168 ժամ»  թերթի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը: Հաղորդմանը մասնակցում են նաև Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական պետական համալսարանի ու Երևանի պետական համալսարանի ուսանողները, ինչպեսև «Ժողովուրդն է տերը երկրի»  միավորման ներկայացուցիչները:

Եվ այսպես, պարոն Գեղամյան, ես չեմ կարող չհիշեցնել, որ 2003 թ. բանավիճելով Սերժ Սարգսյանի հետ Դուք առաջարկեցիք, որ Հայաստանը մտնի ռուբլու գոտու մեջ և հանրահավաքներից մեկի ժամանակ դիմեցիք անձամբ Վ.Պուտինին: Ձեր վերաբերմունքն այս երեք տարվա ընթացքում փոխվե՞լ է, սառե՞լ է ռուսների նկատմամբ, թե մնացել է նույնը:

Ա.Գեղամյան- Նախ, շնորհակալություն հայտնեմ Ձեր տված հարցում թաքնված գովազդի համար: Կնշանակի, 2003 թ. իմ բանավեճը Սերժ Սարգսյանի հետ այնքան տպավորիչ է եղել, որ երեքուկես տարի անց Դուք այդ բանավեճից դրվագներ եք մեջբերում: Հիշում եք նաև, որ ես հանրահավաքներից մեկի ժամանակ ռուսերեն լեզվով դիմեցի Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին, դիմեցի ռուսերենով, որովհետև իմ տեղեկություններով նա հայերենին չի տիրապետում և, բնական է, որ իր համար հասկանալի, մայրենի լեզվով դիմեցի: Ինչ վերաբերում է` մոտեցումներս փոխվել են, թե չէ, փորձեմ հարցին փոքր-ինչ ընդարձակ պատասխանել: Այս կամ այն երկրների միջև առկա հարաբերությունները բնութագրելիս մենք նախևառաջ պետք է հարց տանք, արդյոք այդ հարաբերությունները բխո՞ւմ են Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության հայեցակարգից և շահերից, տեղավորվո՞ւմ են դրանք հայեցակարգային սկզբունքներում ու ձևակերպումներում, թե ոչ: Ցավոք, 8 տարիների ընթացքում, խոսքս իշխանափոխությունից հետո ընկած ժամանակահատվածի մասին է, մեր երկիրն այդպես էլ չունեցավ Ազգային անվտանգության հայեցակարգ: Հիմա խոստանում են, որ մոտ ժամանակներս կունենանք դա, քանզի արդեն փորձագիտական քննություն է բռնել: Չունենալով նման հայեցակարգ, ասել, թե հայ-ռուսական հարաբերությունները դրական միտում և դրական հեռանկար են խոստանում, թե ոչ, կլինի ոչ պրոֆեսիոնալ: Բայց, բնականաբար, իմ վերաբերմունքը ես պարտավոր եմ ներկայացնել: Մտովի վերհիշենք Հայաստանի աշխարհագրական դիրքը. մենք հարևան ենք Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի հետ: Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, մեղմ ասած, Հայաստանի հարաբերությունները բարեկամական չեն: Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ունենալով հաստատված բարիդրացիական հարաբերություններ, չմոռանանք ասել, որ 2005 թ. սկզբներին Մուհամմադ Խաթամին, այն ժամանակ դեռ այդ երկրի պրեզիդենտը, իր հրապարակային ելույթներից մեկում հերթական անգամ հայտարարեց, որ Իրանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ներառյալ ազատագրված տարածքներն ու Ղարաբաղը: Սահմանակից երկրներից մնում է Վրաստանը, ում հետ նույնպես հաստատված են բարիդրացիական հարաբերություններ: Սակայն այսօր, ցավոք, Վրաստանը լուրջ խնդիրներ ունի Ռուսաստանի հետ: Նշենք, որ մեր հարևան Վրաստանը հավակնում է անդամակցել Հյուսիս-ատլանտյան դաշինքին` ՆԱՏՕ-ին, հանգամանք, որն ամենևին էլ չի ողջունում Ռուսաստանը: Ահա այս տարածքային արտաքին քաղաքական խճանկարում, երբ հայտնվել ենք Ադրբեջանի հետ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն»  հարաբերությունների մեջ, չի կարող մտահոգիչ չլինել ստեղծված իրավիճակը: Առավել ևս, երբ Ձեզ հետ միասին ականատեսն ենք դառնում, թե Թուրքիայում ինչ բուռն և թշնամական արձագանք ունեցավ վերջերս Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունված հայերի ցեղասպանությունը չճանաչելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրինագիծը: Այս պարագայում Հայաստանը, տրամաբանական է, որ պետք է ձգտի դաշնակից ունենալ…

Ա.Աբրահամյան - Որը` Ռուսաստա՞նն է:

Ա.Գեղամյան - Որը, ելնելով մեր դարավոր հարաբերություններից և, ինչու չէ, թե դրանց դրական, թե բացասական խորքից, այո, Ռուսաստանն է, որը, իրոք, առավել հարմար դաշնակից է: Ըստ որում, հետաքրքրականն այն է, որ այսօրվա եթերում հիշատակված հայ-ռուսական պայմանագրերը կնքվել են հիմնականում նախորդ իշխանությունների օրոք և իրենց զարգացումն են ստացել նոր իշխանությունների կառավարման տարիներին: Այսինքն, նոր իշխանությունները, որոնք շատ ու շատ հարցերում, հատկապես արտաքին քաղաքականության բնագավառում, դեմ են նախորդներին և քննադատում են նրանց, այս հարցում, կարծես թե, համամիտ են վերջիններիս հետ: Ինչ վերաբերում է եթերում հնչած այն հարցին, թե Ռուսաստանում շարունակում են հայերին սպանել, անդրադառնամ նաև այդ ցավոտ խնդրին: Ցանկացած սպանություն, անտարակույս, խստագույնս դատապարտելի է և պետք է դատապարտվի: Նման մոտեցումը կասկած չպետք է հարուցի: Սակայն ես ուզում եմ անդրադառնալ հետևյալին. ինչո՞ւ նույն լրատվամիջոցները լռության են մատնում մեզանում առկա խիստ մտահոգիչ փաստերը: Այսպես, 2002 թ. Հայաստանում եղել է 69-ը դիտավորյալ սպանություն, 30 սպանության փորձ, 2003 թ.` 76 դիտավորյալ սպանություն, 34 սպանության փորձ, 2004 թ. 75 սպանություն և 39 սպանության փորձ, 2005 թ. 55 սպանություն, 24 սպանության փորձ: 2006 թ. հունվար-օգոստոսին էլ գրանցվել է 54 սպանության դեպք և 21 սպանության փորձ: Փաստեր, որոնք զգալիորեն գերազանցում են անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշները:

Ա.Աբրահամյան - Պարոն Գեղամյան, Ձեզնից ակնկալում եմ կարճ պատասխան հարցին` ռուբլու գոտի պիտի մտնենք, թե՞ չէ, ասացեք` այո կամ ոչ:

Ա.Գեղամյան - Հարցն այդպես դնել տնտեսագիտորեն կոռեկտ չէ, որովհետև այսօր արդեն իսկ ակնհայտ են հետաքրքիր զարգացումներ, որոնք կարող են լուրջ ազդեցություն ունենալ խնդրո առարկայի վրա: Այսպես, վերջերս Սոչիում կայացած Եվրամիություն-Ռուսաստան գագաթաժողովի ժամանակ Եվրահանձնաժողովի առևտրի գծով կոմիսարը` Մենդելսոնը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ հարց բարձրացրեց, որ Ռուսաստանը և Եվրամիությունը համատեղ զբաղվեն միասնական տնտեսական գոտի ստեղծելու ուղղությամբ: Մենդելսոնը, խոսքս երգահան Ֆելիքս Մենդելսոնի մասին չէ, կոմպոզիտորի մասին չէ, այլ Եվրամիության առևտրի հարցերով կոմիսարի մասին է, ով կարևորեց Եվրամիություն-Ռուսաստան միասնական տնտեսական գոտու ստեղծման հարցը: Այսինքն` անգամ Եվրամիությունը Ռուսաստանի հետ ուզում է ստեղծել ընդհանուր, ազատ տնտեսական գոտի և, բնականաբար, սպասվելիք զարգացումների նման պարագայում Հայաստանը, այո, պետք է ձգտի անպայման անդամակցել տնտեսական այդ գոտուն` Ռուսաստանի միջոցով:

Ա.Աբրահամյան - Պարզ է: Երկու հարցի վերաբերյալ էլ մեր փորձագետները, երևի, կունենան կարծիքներ: Սկսենք սպանություններից:

Աղասի Ենոքյան- Չէ, իմ հարցը պարոն Աբրահամյանին էր ուղղված: Խոսքը ռուսակա՞ն, թե՞ բելոռուսական ռուբլու մասին էր: Եվ պարոն Գեղամյան, դուք նշեցիք, որ Պուտինը չգիտի հայերեն, բայց, ինձ թվում է, այն ամենից հետո, ինչ որ նա արել է Հայաստանի հետ, արդեն պետք է իմանար հայերեն, բայց, այնուամենայնիվ, Ռուսաստանն ունի Ազգային անվտանգության դոկտրին, մենք չունենք Ազգային անվտանգության դոկտրին: Եվ, ծանոթանալով Ռուսաստանի Ազգային անվտանգության դոկտրինին, մենք տեսնում ենք, թե ինչ դեր ունեն ռուսական ռազմաբազաները Ռուսաստանի անվտանգության համար: Դրանց խնդիրը, իհարկե, Հայաստանի անվտանգությունն ապահովելը չի: Դրանց խնդիրը, ասենք, Ռուսաստանի վրա հավանական հարձարկման դեպքում մի քանի ժամով այդ հարձակումը հապաղեցնելն է: Միաժամանակ, միջազգային ռազմական փորձագետները պնդում են, որ ռուսական դրոշակի առկայությունը թուրքական սահմանի մոտ ստիպում է Թուրքիային մի քանի դիվիզիա ավել պահել հայ-թուրքական սահմանի վրա: Այդ դեպքում կարելի՞ է արդյոք միարժեքորեն դրական գնահատել ռուսական ռազմաբազայի առկայությունը Հայաստանում:

Ա.Գեղամյան - Ռուսական ռազմաբազայի առկայության մասին ես դեռևս ոչ մի գնահատական` թե՜ դրական, թե՜ բացասական առումով չեմ տվել: Ուղղակի ուրիշ բան, որ այդ հարցին կանդրադառնամ, դուք դա՞ ի նկատի ունեք: Չմոռանանք, որ Թուրքիան Հյուսիս-ատլանտյան դաշինքի անդամներից մեկն է և ռազմական բնագավառում ինքնուրույն ոչ մի որոշում չի կայացնում: Ուստիև Ռուսաստանի հետ հնարավոր լարումը ընդհանրապես, և մասնավորապես Թուրքիայի, պայմանավորված կլինի ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների սրմամբ: Այսօրվա իրավիճակում, երբ ՆԱՏՕ-ի հենասյուն կազմող երկրներից Գերմանիան և Ֆրանսիան Ռուսաստանի հետ հաստատել են ռազմավարական կապեր, ավելին` փորձագետները դա որակում են որպես Բեռլին-Փարիզ-Մոսկվա առանցք, խոսել ՆԱՏՕ-ից սպառնացող վտանգի մասին և դա պայմանավորել Հայաստանում տեղաբաշխված Ռուսաստանի ռազմակայանով, կարծում եմ, արդարացված չէ: Դրա հետ մեկտեղ, օրակարգային հարց է 2007 թ. Եվրամիություն-Ռուսաստան համագործակցության հեռանկարային պայմանագրի ընդունումը: Չմոռանանք նշել, որ նմանատիպ գործող պայմանագրի ժամկետը լրանում է հենց այդ տարի: Ի դեպ, գործող պայմանագրում սևը սպիտակի վրա ընդգծված է առանցքային երկու հարց` Եվրամիություն-Ռուսաստան ներքին ու արտաքին անվտանգություն ապահովելու խնդրում համագործակցության մասին, ինչպես նաև համագործակցություն հումանիտար (առողջապահության, կրթության, գիտության) ու տնտեսական ոլորտներում: Այսինքն, երբ Ռուսաստանը և Եվրամիությունը մի կողմից, Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն մյուս կողմից ծավալել են գործնական հարաբերություններ, ավելին, երբ ի դեմս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և Եվրամիության հանձնաժողովի նախագահի ու դրանց համապատասխան կառույցների կողմից տարվում է երկարաժամկետ պայմանագիր կնքելու աշխատանք, այդ պարագայում թուրքական տասը, թե քսան դիվիզիա կլինի մեր սահմանի մոտ, դա և ոչ մի հարց չի լուծի: Առավել ևս, դուք շատ լավ գիտեք, որ աշխարհում սպառազինության այսօրվա մակարդակն այնպիսին է, որ դիվիզիաները չէ, որ տարածաշրջանում կարող են հարցեր լուծել:

Ա.Ենոքյան - Ռուսական մի դիվիզիան հարց լուծո՞ւմ է:

Ա.Գեղամյան - Ռուսական մեկ դիվիզիան բարոյական շատ մեծ խթան է մեզ համար, ըստ որում, որպեսզի հեռուստադիտողի մոտ ակամա չստեղծվի այն տպավորությունը, թե ես Ռուսաստանի դեսպանությունն եմ ներկայացնում, ասեմ, որ պարզապես հնչած հարցերի պատասխաններն եմ տալիս…

Ա.Աբրահամյան - Դուք ներկայացնում եք Հայաստանի քաղաքական ուժերից մեկը, որը պետք է դեմ կամ կողմ խոսի:

Ա.Գեղամյան - Ռուսաստանի դրոշի առկայությունը մեր սահմանում, այո, հավասարազոր է թուրքական 10-ը դիվիզիայի, որովհետև այդ երկրի դրոշը չի պղծվի Թուրքիայի կողմից, իսկ դա արդեն իսկ երաշխիք է, որ այդ դրոշը և մեր սահմանները կմնան անառիկ: Ցավոք, մենք տեսանք, թե ինչ լարված իրավիճակ ստեղծվեց հարևան Վրաստանում, երբ այնտեղ ձերբակալել էին ռուսաստանցի չորս սպաների: Ծայրաստիճան լարված դրությունը հնարավոր եղավ լիցքաթափել միայն այն բանից հետո, երբ պարոն Դե Գուխտը` Բելգիայի արտաքին գործերի նախարարը, երկիր, որն այսօր ԵԱՀԿ-ի նախագահողն է, անձամբ ժամանեց տարածաշրջան ու ձերբակալված ռուս զինվորականներին ազատեց:

Ա.Գալոյան- Ես կուզենայի նշել հետևյալը: Պարոն Գեղամյան, Դուք ասացիք, որ Ռուսաստանը մեր տնտեսական ամենախոշոր գործընկերն է, դա այդպես չի:

Ա.Գեղամյան - Ես չեմ ասել, որ մեր տնտեսական ամենախոշոր գործընկերն է: Մենք տնտեսության մասին դեռ ընդհանրապես չենք խոսել: Ես ինչ ասել եմ, ասածիս տերն եմ:

Ա.Գալոյան- Համաձայնվեք, որ Ռուսաստանը մեր ամենախոշոր գործընկերը չի տնտեսական առումով: Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ տնտեսական շատ կոշտ քաղաքականություն է վարում: Բոլորս գիտենք, որ նույնիսկ Թուրքմենբաշին, վարկատու բոլոր կազմակերպությունները, Հայաստանի տնտեսական պրոբլեմները հաշվի առնելով, պարբերաբար վերակառուցում են մեր պարտքը` ժամանակ տալով, հետաձգելով: Ռուսաստանը մեր միակ տնտեսական գործընկերն է, որը երբեք չի վերակառուցել պարտքը, տոկոս է հաշվել, տուգանք է նշանակել ուշացրած տոկոսների համար և մինչև վերջին կոպեկը տարել է իր փողը, անգամ վերահաշվարկ անելով: Անցած տարվա հոկտեմբերին տարավ վերջին 3 միլիոն դոլարը: Ռուսաստան-Հայաստան տնտեսական հարաբերությունները թվեր ունեն զուտ այն պատճառով, որ ռուսները մեր մոտ վերցնում են էլեկտրացանցեր, կայաններ և վաղը, մյուս օրը տեսնում ենք դինամիկան, որը հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում անընդհատ նվազում է գրանցում: ԱՊՀ երկրները մեր արտաքին տնտեսական բալանսում պարբերաբար փոքրացնում են իրենց մասնաբաժինը: Եվ Ռուսաստանի ներկայությունը մեր երկրում, իմ կարծիքով, տնտեսական կլինի միայն հետևյալ տեսքով. Հայաստանից կգնան էն ֆինանսական միջոցները, որոնք ռուսական ընկերություններն աշխատում են Հայաստանի տարածքում` մեր իշխանությունների թեթև ձեռքով 25 դրամ գանձելով ամեն կիլովատ հոսանքի դիմաց:

Ա.Աբրահամյան - Հարց տվեք, հարցը ո՞րն է:

Ա.Գալոյան- Ես ուզում եմ ասել, որ Ռուսաստանը Հայաստանում տնտեսական շահ որպես պարտնյոր հայ մարդու համար օր օրի ավելի քիչ է ներկայացնում… Իմ խոսքն էլ ոչ մի կերպ հնարավոր չէր նույնացնել Ռուսաստանի դեսպանատան աշխատակցի խոսքի հետ: Այ, այդ էի ուզում ասել:

Ա.Գեղամյան - Նախ շնորհակալություն եմ ուզում հայտնել պարոն Գալոյանին: Հարգելի հեռուստադիտողներ, հարգելի լսարան, մենք ականատեսը եղանք, որ «168 ժամ»  թերթի տնտեսական մեկնաբանն իր այս օրինակով, փաստորեն, ոչ թե երկու, այլ մեկ գնահատական նշանակեց հայ-ռուսական տնտեսական համագործակցության պետական հանձնաժողովի աշխատանքներին, որովհետև միջտնտեսական կապերի ընդլայնումը և զարգացումը կոորդինացնում է այդ հանձնաժողովը, որն էլ Հայաստանի կողմից գլխավորում է պարոն Սերժ Սարգսյանը: Ես լիովին համաձայն եմ, որ այդ աշխատանքները ձախողված են, որ այդ աշխատանքների հիմքում ստրուկի հոգեբանություն է դրված, որն անհապաղ պետք է փոփոխության ենթարկվի:

Ա.Գալոյան- Ստրուկի հոգեբանությունը բազաներից է գալիս, երբ որ մենք վճարում ենք, որ ինչ-որ մեկի զինվորը գտնվի մեր երկրում, մենք արդեն տալիս ենք ամեն ինչ այդ երկրին և այդ երկիրը մեր հետ ընդհանրապես հաշվի չի նստում:

Ա.Գեղամյան - Մենք դարձյալ անդրադառնում ենք մայր հարցին, այն է` երկիր, որն անկախության 15 տարիների ընթացքում այդպես էլ, Գյումրվա բարբառով ասած, չղմշեց Ազգային անվտանգության հայեցակարգ մշակել, այդ երկրից, այդ իշխանություններից ավելին սպասել, քան կա` միամտություն կլինի: Ինչ վերաբերում է ռազմական բազաներին, ապա դրանց դերը անիմաստ է բացասական առումով բնութագրել և գերագնահատել էլ պետք չէ, ու Հայաստանում իշխանությունների կողմից վարվող տնտեսական արատավոր քաղաքականությունը պետք չէ երբեք ու երբեք պատճառաբանել ռազմական բազաների առկայությամբ:

Ա.Գալոյան - Պարոն Գեղամյան, Դուք որպես քաղաքական գործիչ, երևի, ստիպված եք մի քիչ ավելի զուսպ լինել, ես որպես լրագրող մի քիչ ավելի ազատ կասեմ, որ այդ անվտանգության հայեցակարգը ես գիտեմ ինչու է ձգձգվում, դուք էլ գիտեք, ես կհրապարակեմ. չի կարելի մի հայեցակարգ ուղարկել Ռուսաստանի հետ համաձայնեցնելու, հետո վերցնել նույնը ուղարկել ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցնելու…

Ա.Գեղամյան - Այսինքն, Դուք Սերժ Սարգսյանին որպես պաշտպանության նախարար էլ երկուս նշանակեցիք:

Ա.Գալոյան - Ես Սերժ Սարգսյանի անձի հետ որևէ պրոբլեմ չունեմ, ես խոսում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքականության մասին, իսկ արտաքին քաղաքականության պատասխանատուն մեր սահմանադրական կարգի համաձայն երկրի նախագահն է: Էստեղ խնդիրը սա է, որ չի կարելի ռազմական իրարամերժ շահեր ունեցող կառույցների տալ փորձաքննության: Դա կձգվի, կձգձգվի, էն որ ասում են` էս տարի կլինի, էկող տարի կլինի, մինչև չհասցվի փիլիսոփայական աբսոլյուտ անիմաստ տեսքի դա չի ընդունվի, որովհետև չի կարելի Ռուսաստանի շահերը պաշտպանել ՆԱՏՕ-ում:

Ա.Ենոքյան - Ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հայ-ռուսական հարաբերությունները, և ոչ միայն տնտեսական, հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների կոորդինատորն այսօր պաշտպանության նախարարն է և ոչ թե արտաքին գործերի նախարարը: Այսինքն` հայ-ռուսական հարաբերությունները չեն կազմում մեր արտաքին քաղաքականության մաս, այլ կազմում են ինչ-որ մի առանձին խողովակ մեր արտաքին քաղաքականության: Եվ, բնականաբար, այդ պայմաններում ի՞նչ անվտանգության դոկտրինի մասին կարող է խոսք լինել: Մենք բոլորս կարող ենք պատկերացնել, թե այդ անվտանգության դոկտրինը ինչպես և ինչ իմաստ կունենա:

Ա.Աբրահամյան - Պարոն Գեղամյան, բա՞ն եք ուզում ավելացնել դրան, հակադրվեք կամ համաձայնվեք…

Ա.Գեղամյան - Ինձ ոգևորում են իմ գործընկերների մեկնաբանությունները: Փաստորեն, ի մի բերելով ասվածը, ակնհայտ է դառնում, որ մեր իշխանությունների կողմից ձախողված են թե՜ հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները և թե՜, ինչու չէ, ազգային անվտանգության առանցքը կազմող հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները: Ըստ որում, այդ ամենի մեղավորը, ինչպես ես հասկացա Ձեր մեկնաբանություններից, պաշտպանության նախարարն է: Այս հարցում Դուք ճիշտ եք. նախագահն այնքան հեռատեսություն է ունեցել, որ հայ-ռուսական հարաբերությունների կոորդինացումը հանձնել է պաշտպանության նախարարին և վերջինիս նկատվող ձախողումների համար կպահի որպես «мальчик для битья»: Ձեզ ասեմ, հայ-ռուսական հարաբերությունները կարելի էր բովանդակային նոր մակարդակի վրա բարձրացնել, եթե, շատ ճիշտ են ասում, իրոք, գործընկերային հարաբերություններ հաստատվեին և ոչ թե հանգեցնեին գույք` պարտքի դիմաց գործառույթների, երբ, կարծեմ, 110 մլն դոլարի դիմաց տալիս են առաջավոր տեխնիկայով զինված ռոբոտների գործարանը, հետամուտ չլինելով, որ դա չկանգնի երեք տարի շարունակ, այլ միջոցներ ձեռնարկեն, որ դա աշխատի: Իշխանությունների անգործությունն այս հարցում շատ լուրջ հարված է հայ-ռուսական հարաբերություններին:

Ա.Աբրահամյան - Գուցե երիտասարդներն ուզում են հարցե՞ր տալ կամ դատողություննե՞ր անել:

Սահակ Սարգսյան- Իմ հարցը պրն Գեղամյանին հետևյալն է. պրն Գեղամյան, դուք, այ, իրավացիորեն նշում եք, որ այս կամ այն հարցում իշխանավորները մեղավոր են: Տեղի ունեցավ հանրաքվե, որի մասին մենք բոլորս գիտենք, այդ խայտառակ կոչված միջոցառումը ԱՊՀ-ի դիտորդները, մասնավորապես, Կրեմլից ուղարկված, գնահատեցին, որ դա համապատասխանում էր շատ նորմալ ընտրությունների չափանիշներին: Այստեղ մեր իշխանությունների մեղավորությունը ինչո՞ւմն է:

Ա.Գեղամյան - Նախ, շնորհակալություն Ձեր այդ դիտարկման համար, Դուք շատ ճիշտ եք. 21-րդ դարում չի կարելի առաջնորդվել այն հոգեբանությամբ, որ մեր երկրի ճակատագիրը պետք է տնօրինի օտարը` լինի դա բարեկամ, թե բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկիր: Իսկ ինչ վերաբերում է հանրաքվեի արդյունքների ճանաչմանը, գիտեք, այստեղ մենք ձեզ հետ միասին ականատեսը դարձանք մի մեծ խաբկանքի: Եթե ԱՊՀ երկրներից ժամանած դիտորդական առաքելությունը առանց այլևայլության ճանաչեց, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցավ նորմալ, ապա արևմտյան երկրների ներկայացուցիչները, որոնք ներգրավված էին Եվրախորհրդի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության դիտորդական պատվիրակություններում, ըստ էության, մի կողմից ասացին, որ, այո, ընտրական տեղամասերում իսկապես աշխուժություն չկար, սակայն մյուս կողմից ակնարկեցին` քանի որ այս Սահմանադրությունը նախորդից մեկ քայլ առաջ է, ապա եկեք սվաղենք, եկեք մոռանանք կատարվածը: Այսինքն, մի դեպքում անօրինականությունը բացահայտ են փորձում հաստատել, մյուս դեպքում` քողարկված: Ըստ իս, տվյալ մոտեցումների հեղինակներն արժեն մեկը մյուսին:

Ա.Աբրահամյան - Էլի հարց, եթե հարց չկա, ես մի հարց ունեմ, պարոն Գեղամյան: Եթե դուք ասում եք, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ այնքան ընկերացել են, ապա ինչո՞ւ է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հավակնություն ունեցող Վրաստանը քշում ռուսական զորքերին իր տարածքից: Այսինքն` այստեղ հաստատ, առանց ՆԱՏՕ-ի, առանց Ամերիկային հարցնելու նրանք հակառուսական քայլերի չէին գնա:

Ա.Գեղամյան - Թե ինչո՞ւ է քշում ռուսական զորքին, դա պետք է հարցնել Միխայիլ Նիկոլայևիչ Սահակաշվիլուն: Ուրիշ բան, որ մենք մեզ հարց տանք, իսկ դրանից Վրաստանը շահեց, թե՞ տուժեց: Իմ դիտարկմամբ, Վրաստանը առայժմ, ավա՛ղ, կորուստներ է կրում: Ինչու եմ ասում` ավա՛ղ, որովհետև Հայաստանի Հանրապետությանը շատ և շատ ձեռնտու է, որ մենք ունենանք կայուն տնտեսություն, իր հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ունեցող գործընկեր Վրաստանի Հանրապետություն: Գաղտնիք չէ, որ Վրաստան-Ռուսաստան այսօրվա հարաբերությունների սրվածությունը հավասարաչափ կորուստների է բերում Հայաստանի տնտեսությանը, որովհետև դուք գիտեք, որ դրա հետևանքով Հայաստանը Ռուսաստանին կապող Վերին Լարսը փակված է: Ստեղծված վիճակից դուրս գալու երկուստեք ընդունելի առաջարկներ ներկայացնելու փոխարեն մերոնք հիմա ինչ-որ անհեթեթ բաներից են խոսում, հայտարարություններ անում, թե լաստանավերով Նովոռոսիյսկից կամ Կովկասից բեռներ են ուզում փոխադրել: Խոսում են 50 վագոնանոց լաստանավերով բեռնափոխադրման մասին, մոռանալով դրանից բխող հավելյալ ծախսերի մասին, մոռանալով, որ առանց այդ էլ անցած 8 ամիսների ընթացքում Հայաստանից արտահանման ծավալը կազմել է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի 96%-ը: Հիմա այդ ցուցանիշն էլ ավելի կկրճատվի, որովհետև բեռնափոխադրման ճանապարհածախսը կթանգանա, դա կմտնի ինքնարժեքի մեջ, ինքնարժեքը կբարձրանա, արտահանվող ապրանքի մրցունակությունը դրսի շուկաներում կընկնի: Այլ կերպ ասած` տվյալ պայմաններում մեզ համար օդի պես ձեռնտու է, որ Վրաստանը կարգավորի իր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ:

Ա.Աբրահամյան - Ձեր հիշատակած Միխայիլ Նիկոլայևիչն առանց Ամերիկային հարցնելու, արդյո՞ք կգնար կտրուկ քայլերի:

Ա.Գեղամյան - Դուք, շատ ճիշտ դիտարկում արեցիք: Դրա մասին վերլուծական մի շարք հոդվածներ կային, մասնավորապես, հանրահայտ «Կրեմլ.օրգ քաղաքական փորձագիտական ցանց»-ի ինտերնետային կայքում: Վերջերս խնդրո առարկայի շուրջ իր տեսակետն էր հայտնել Ռուսաստանի Դաշնության սոցիոլոգիական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, քաղաքագիտության դոկտոր Ալեքսանդր Չաչիան: Ըստ որում, նա ուղղակիորեն գրել էր, որ, այո, առանց Միացյալ Նահանգների Վրաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման քայլին չէր դիմի: Բայց ես ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ այդ հարաբերությունների սրացումից հետո ԱՄՆ-ի պրեզիդենտ Ջորջ Բուշի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է եղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը, ինչպես վկայում են ԶԼՄ-ները, տևել է 17 րոպե: Այդ ընթացքում, ի թիվս Լիբանանի, Պաղեստինի հետ կապված հարցերի, քննարկվել են նաև ռուս-վրացական հարաբերությունները: Մենք Ձեզ հետ ականատեսը դարձանք, որ Բուշ-Պուտին հեռախոսազրույցից հետո վրացական իշխանություններն արդեն իսկ հրաժարվեցին իրենց մարտնչող ճարտասանությունից, միևնույն ժամանակ Ռուսաստանի պաշտոնյաների հրապարակային ելույթներում արձանագրվեց փոքր-ինչ մեղմացում Վրաստանի հասցեին տրվող գնահատականներում: Դուք ճիշտ եք, այո, կարելի է ենթադրել, որ Վրաստանը տվյալ պարագայում ունեցել է Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությունը: Եվ դա, ամենայն հավանականությամբ, ստացել է այն ժամանակ, երբ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում Միխայիլ Սահակաշվիլին ելույթ ունեցավ, որն արժանացավ Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Բոլտոնի հավանությանը: Թերևս, դա են վկայում մամուլում եղած հրապարակումները:

Ա.Աբրահամյան - Ես ուզում եմ ասել, որ Դուք, երբ ասում եք, որ Ռուսաստանը միանալու է Եվրամիությանը…

Ա.Գեղամյան - Ես չեմ ասում, Մենդելսոնն է ասում, խոսքը միասնական ազատ տնտեսական գոտու մասին է:

Ա.Աբրահամյան - Դա ռեա՞լ եք համարում մոտակա ժամանակներում:

Ա.Գեղամյան - Դա պետք է հարցնել Եվրամիության առևտրի գծով կոմիսար Մենդելսոնին: Ի դեպ, ասեմ, որ Մենդելսոնը բնավ պատահական մարդ չի, նա, հասկանալի լեզվով ասած, Եվրամիության «կառավարության»  առևտրի նախարարն է, այդ ոլորտի կոմիսարն է: Եվ նախաձեռնությունը, այդ առաջարկը եղել է կոմիսարի, այլ ոչ թե Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից: Կարծում եմ, Եվրամիությունը, որին անդամակցում են եվրոպական ամենազարգացած 25 երկրներ, լուրջ է մոտենում, թե ի՞նչ մարդու, ի՞նչ գիտելիքներ ունեցող անձի է նշանակում կոմիսար և, կարծում եմ, նախարարը, Եվրամիության «կառավարության»  նախարարը բավականին գիտակ ու պատասխանատու անձնավորություն է, ում ասածները ես իրավունք չունեմ կասկածանքով ընդունել:

Ա.Աբրահամյան - Շատ լավ, Արայիկը թող ասի, և մենք այդ թեման կավարտենք:

Ա.Գալոյան - Ես ուղղակի ուզում էի հիշեցնել, որ նման խնդիրները մեկ տասնամյակի խնդիրներ չեն: Ռուսաստանը և Բելոռուսն արդեն 10 տարի է փորձում են նույն ռուբլին արտադրել ու չի ստացվում և չի ստացվելու` գոնե տեսանելի ժամանակահատվածում: Եվ հեռուստադիտողի մոտ կարող է թյուր պատկերացում ստեղծվել, որ եթե էսօր չէ, ապա առաջիկա 3 տարում Ռուսաստանն ու Եվրոպան տնտեսական միացյալ գոտի կունենան: Ցավում եմ, էդպիսի բան չի լինի:

Ա.Գեղամյան - Միացյալ տնտեսական գոտին ամենևին չի պարտադրում, որ միասնական տարադրամ լինի: Ասածիս ամենավառ ապացույցն այն է, որ Եվրամիության 25 երկրներից Մեծ Բրիտանիան ունի իր տարադրամը` ֆունտ ստեռլինգը, Շվեդիան` իր կռոնը, Դանիան էլ` իր տարադրամը: Բայց բոլորն էլ գործում են միասնական տնտեսական գոտում: Հայաստանի դեպքում խոսքը բացառապես գնում է ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին, ինչը երբեք ու երբեք չի հակասում, որ յուրաքանչյուր երկիր ունենա իր տարադրամը, առհավատչյան` հիշատակածս Մեծ Բրիտանիան, Շվեդիան և Դանիան: Հեռուստադիտողին էլ ուղղակի ինֆորմացիայի կարգով ասեմ, որ Ռուսաստանի հետ միասնական ազատ տնտեսական գոտու նախաձեռնողներից է նաև Ղազախստանը: Երկիր, որի էկոնոմիկան առաջիկա 10 տարիների ընթացքում, ինչպես համոզված նշում են հեղինակավոր փորձագետները, կարող ենք ասել, որ աշխարհի 10 ամենազարգացած էկոնոմիկա ունեցող երկրների շարքին է դասվելու:

Ա.Ենոքյան - Մեկնաբանություն. Եվրամիությունն իր բոլոր հարևանների հետ մշակում է տնտեսական քաղաքականություն, ասենք` Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և այլնի հետ այդ քաղաքականությունը կոչվում է եվրոպական հարևանների քաղաքականություն, Թուրքիայի հետ հարաբերությունները կոչվում են ընդգրկման քաղաքականություն, Ռուսաստանի հետ քաղաքականությունն էլ կոչվում է միասնական տնտեսական քաղաքականություն:

Ա.Աբրահամյան - Շատ լավ, ձեր դիրքորոշումը հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված հասկանալի է:

Ա.Գեղամյան- Հայ-ռուսական հարաբերություններն այսօր, այս իշխանությունների պարագայում լուրջ ճգնաժամ են ապրում, որովհետև հանրության, հասարակության սպասելիքներն այդ հարաբերություններից շատ ու շատ ավելի մեծ են, քան կան: Դա են վկայում պարբերաբար անցկացվող հարցումները, մասնավորապես, վերջերս հանրահայտ Գելլապի կազմակերպության կողմից Հայաստանում կատարված ուսումնասիրությունները: Բայց քանի որ Հայաստանի իշխանությունների կողմից այս գործում չկա մշակված ոչ ռազմավարություն, ոչ էլ մարտավարություն, ուստի մենք ունենք այն, ինչ այսօր ունենք, այն է` անսպառ հնարավորությունների նվազագույն օգտագործում: Սա իմ գնահատականն է:

Այնուհետև քննարկվեցին դոլար-դրամ փոխարժեքի շուրջ հրատապ հնչեղություն ունեցող հարցեր ու պատասխաններ, ինչին չենք անդրադառնում, քանի որ Արտաշես Գեղամյանը «Իրավունք» թերթի հոկտեմբերի 31-ի համարում արդեն իսկ դրան անդրադարձել է:

Ա.Աբրահամյան - Եկեք դահլիճին էլ լսենք: Խնդրեմ:

Գոհար Բեզիրյան - Այստեղ շատ գրավիչ ձևակերպումներ հնչեցին, ի՞նչ լուծում եք առաջարկում: Բայց, կարծում եմ, որ ոչ մենք, ոչ դուք, ոչ էլ պարոն Գեղամյանը պետք է լուծումներ չառաջարկեն: Դրա համար մենք ունենք կառավարություն, դրա համար մենք ունենք պատկան մարմիններ, որոնց վարձել ենք, որոնց աշխատավարձ ենք տալիս: Մեր` հարկատուներիս հաշվին, այդ մարդիկ ապրում են, գործունեություն են ծավալում, ուստի, իրենք էլ թող որոշեն այս ստեղծված իրավիճակից ինչպես դուրս գան: Ես պարզապես ուզում եմ Ֆրանսիայի օրինակը հիշեցնել, երբ որ նավթի գները բարձրացան, այնտեղ կառավարությունը սկսեց ժողովրդին բացատրել, որ սա օրինաչափ է, որ սա տնտեսագիտական գործընթացների առանցքում է և այլն, և այլն: Ժողովուրդն ասաց. ինձ դա չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է այն, որ դուք կարգավորեք և նավթի գինը մնա այնքան, որ ինձ ձեռք տա: Շատ լավ է, շատ ողջունելի է, որ մենք նմանատիպ կոչեր ենք անում, ասում ենք` մի թալանեք, ստվերից դուրս եկեք, մտեք հարկային դաշտ: Բայց մենք էլի մի հատ շատ պարզ հարցի չպատասխանեցինք, ոչ թե չպատասխանեցինք, այլ չփորձեցինք ուղղակի այդ տեսանկյունից նայել հարցին: Ի՞նչ պետք է անի հասարակ քաղաքացին: Ո՞նց պետք է ապրի, ո՞նց պետք է կողմնորոշվի:

Ա. Գեղամյան - Հասարակ քաղաքացին իր ցասումն ու զայրույթը պետք չէ, որ տանը` խոհանոցում կամ բակում նարդի, էլ չեմ ասում դոմինո խաղալուց արտահայտի: Հասարակ քաղաքացին, երբ տեսնում է, որ իշխանությունների ապաշնորհ քաղաքականության հետևանքով արդեն իսկ անելանելի վիճակում է հայտնվել, երբ ընդդիմադիր քաղաքական ուժերը, ինչու չէ, նաև հասարակական կազմակերպությունները կոչ են անում ժողովրդին ոտքի ելնել, պետք է ինքը տեր կանգնի իր շահերին, ինքն իր իրավունքների տերը դառնա: Ցավոք, մեր երկրում ստեղծվել է շատ և շատ ծանր իրավիճակ: Այսօր Հայաստանի քաղաքացիները, որոնք, ավա՛ղ, շատ վատ կացության մեջ են հայտնվել, իրենց գոյությունը պահպանում են շնորհիվ արտասահմանում աշխատող իրենց հարազատներից ստացած դրամական օգնությունների: Այլ կերպ ասած, այո, դրսի օգնությամբ կարողանում են իրենց գոյությունը պահպանել, և այն վիճակի չեն հասցվել, որ հարկադրված լինեն ոտքի կանգնել, փողոց դուրս գալ: Նրանք, անշուշտ, հոգու խորքում շատ են ուզում, որ փոփոխություններ լինեն: Բայց որքան ես եմ շփվում մարդկանց հետ, կարող եմ եզրակացնել, որ եթե ոտքի չեն կանգնում, կնշանակի դեռ դանակը ոսկորին չի հասել: Առավել ևս, մեզանում, ասես թե, դարձել է արդեն սովորություն, որ մեր քաղաքացին փորձում է իր ծանր վիճակի համար մեղավորին միշտ դրսում փնտրել և ոչ թե իր մեջ: Իր մեջ ասելով, նկատի ունեմ այն, որ եթե յուրաքանչյուրն իր իրավունքները պաշտպանի և, ինչպես Գոհարն ասաց, ֆրանսիացու հոգեբանությամբ առաջնորդվի, հավատացնում եմ Ձեզ, իրավիճակն այլ կլինի: Ահա հենց նրա համար են կոչված քաղաքական կուսակցությունները, որ մեր քաղաքացիների մեջ հնարավորինս հավատ ու հույս ներշնչեն սեփական ուժերի նկատմամբ: Խնդիրը մեկն է. երբ ժողովուրդն արդեն իսկ վճռական լինի համախմբվելու, կոնսոլիդացիայի ենթարկվելու, սեփական իրավունքներին տեր կանգնելու համար, ապա հենց այդ գաղափարների շուրջ կարելի կլինի երկրում ստեղծված ծանր իրավիճակը շտկել` կարևորություն չտալով այս կամ այն կուսակցության դրոշի գույնին:

Последние видеоматериалы

Новые книги