ԱԼՄ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐՈՒՄ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀՅՈՒՐԸ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆՆ Է

17.02.2005

Տ.Կ.- Բարի երեկո, հարգելի հեռուստադիտողներ, եթերում «Դիրքորոշում» հաղորդաշարն է: Մեզ այսօր հյուրընկալվել է «Ազգային Միաբանություն կուսակցության» ղեկավար պրն Արտաշես Գեղամյանը, և մենք նրան ողջունում ենք մեր տաղավարում:

Ա.Գ.- Շնորհակալություն, Տիգրան Կարապետովիչ հրավերի համար: Սիրելի՜ հեռուստադիտողներ, օգտվելով առիթից իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ԱԼՄհեռուստաընկերությանը, անձամբ Տիգրան Կարապետովիչին, որ, երկու տարվա ընդմիջումից հետո, երբ արգելք է դրված ուղիղ եթերով իմ բոլոր ելույթների վրա, քաղաքացիական համարձակություն, հայրենասիրություն դրսևորեց, որ, իրոք, ԱԼՄ-ում հնչի նաև այլակարծություն, մասնավորապես իմ կողմից:

Տ.Կ- Շնորհակալություն: Դե, պրն Գեղամյան, ես ձեզ տեսել եմ «Կենտրոն» հեռուստաընկերությամբ, կարծեմ մի քանի ամիս առաջ: Գիտեք ինչ, Ձեր գալը մեր եթեր պատիվ է մեզ համար:

Հարգելի հեռուստադիտողներ, պրն Գեղամյանը եղել է Եվրախորհրդում, ելույթներ է ունեցել այնտեղ, որովհետև մեր զրույցում լինելու է հարցերի երկու, երեք բլոկ` հայրենասիրական, ինչու չէ տնտեսական և սոցիալ խնդիրներ, դուք կարող եք մեզ հարցեր ուղղել: Բայց այժմ դիտենք մի տեսանյութ, որը բերել է պրն Գեղամյանը և որը, իրոք, ցույց է տալիս այն աշխատանքը, որը տարվել է Եվրախորհրդում:

Տ.Կ.- Պրն Գեղամյան այսպիսի հարց. Թուրքիայի մուտքը Եվրախորհուրդ ինչպե՞ս եք ընդունում:

Ա.Գ.- Տիգրան Կարապետովիչ, Դուք հավանաբար, ի նկատի ունեք Եվրամիությունը, ոչ թե Եվրախորհուրդը, որովհետև Թուրքիան արդեն մի քանի տասնամյակ Եվրախորհրդի անդամ է: Ես անպայմանորեն այդ հարցին կանդրադառնայի մի փոքր ուշ, բայց, քանի որ հարցը տրված է, պատասխանեմ: Մենք այսօր փորձում ենք Եվրամիության անդամ- երկրներին, որոնք այսօր թվով 25-ն են, հուշել, խորհուրդներ տալ` ում իրենց օջախն ընդունեն, իսկ ում` չընդունեն: Հապա վերցրեք Ձեզ, եթե որևէ մեկը փորձի Ձեզ թելադրել` ում հրավիրեք այս ստուդիա, ում` չհրավիրեք: Դուք, Ձեր բնավորության համաձայն, կընդվզեք, որովհետև հրավիրում եք այն մարդկանց, ում նպատակահարմար եք գտնում: Ուստի, այս պարագայում Հայաստանի Հանրապետությունը պետք է գիտակցի` որն է իր քաղաքական շահը, հաշվի առնելով այն հանգամանքները, որ, մասնավորապես, վերջերս Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում անցկացված հարցախույզի ժամանակ ազգաբնակչության 56 %-ը դեմ է արտահայտվել Թուրքիային Եվրամիության անդամ դարձնելուն: Ֆրանսիացիներն իրենց հերթին նույնպես ասել են, որ դա իրենց երկրի համար այնքան բախտորոշ հարց է, որ այդ հարցը անպայմանորեն, մինչև այս կամ այն պատասխանը տալը, դնելու են հանրաքվեի: Իմ տեսակետը հետևյալն է. եթե որևէ երկիր մտնում է Եվրամիություն, բնականաբար, նա իր կանոնադրությամբ, իր բարքերով չէ, որ պետք է մտնի այդ կառույցի մեջ, այսինքն` տվյալ երկիրը պետք է ենթարկվի ճիշտ այն օրենքներին, բարոյական և արժեքային այն մեծություններին, որով առաջնորդվում է Եվրոպան: Իսկ որո՞նք են բարոյական այդ նորմերը: Դրանք, թերևս, հետևյալներն են. տարիներ առաջ երբ Դաշնային Գերմանիայի կանցլեր Հելմուդ Կոլը պաշտոնական այցով եղավ Երուսաղեմում, ողբի, վշտի պատի առջև խոնարհեց իր գլուխը, ծնկաչոք ներողություն աղերսեց այն գազանությունների, բարբարոսությունների համար, որոնք իրականացրել էին նացիստները հրեաների հանդեպ: Եվ քաղաքակիրթ աշխարհը չափազանց դրական արձագանքեց այդ ամենին. գերմանիայի կանցլերը, որը ոչ մի առնչություն չունի նացիստական այդ ռեժիմի հետ, ներողություն է հայցում հրեաներից և համայն մարդկությունից: Կամ` վերցնենք Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի ներողամտության կոչը, որով դիմեց իր հույն գործընկերոջը` Հունաստանի ուղղափառ եկեղեցու առաջնորդին: Նա հունական եկեղեցու ներողամտությունը հայցեց, որ սրանից ութ հարյուր երկու տարի առաջ` 1203թ., Խաչակրաց չորրորդ արշավանքի ժամանակ խաչակիրները հրի ու սրի էին մատնել Կոստանդուպոլիսը: Եվ, ահա, ութ հարյուր տարի անց Հռոմի պապը` կաթոլիկի եկեղեցու առաջնորդը, Պորտիֆիկը, հայցում է իր հույն գործընկերոջից ներողամտություն: Սա է ցույց տալիս քաղաքակիրթ Եվրոպան, որպես օրինակ, Թուրքիային և, բնականաբար, այդ պարագայում անվերապահորեն կառաջանա երկու խնդիր: Թիվ մեկ խնդիրը, ցավով եմ ասում, որ թիվ մեկը հիմա հիշատակածս կլինի, այն է` 1974 թ., Գյուլեն Էջևիթի վարչապետության օրոք թուրքերը գրավեցին սուվերեն, ինքնիշխան Կիպրոսի հյուսիսային հատվածի 40 % տարածքները, միչդեռ հույները, հայերը, մարոնիտները կազմում էին այդ կղզու, այդ Հանրապետության, ինքնիշխան Հանրապետության ազգաբնակչության 82%-ը: Բնականաբար, Եվրոպան կպարտադրի Թուրքիային, որ Կիպրոսի միավորման հարցը դառնա օրակարգային խնդիր, առավել ևս, ինչպես գիտեք 2004 թ. մայիս ամսին Կիպրոսի Հանրապետությունը արևելաեվրոպական ինը երկրների հետ անդամագրվեց Եվրամիությանը:

Երկրորդ հարցը, տրամաբանական է, որ կլինի Հայոց ցեղասպանության հարցը և դա, ամենևին էլ մեր բարի ցանկությունների խնդիր չէ, որովհետև նույն Եվրամիության առանցքը կազմող պետություններից մի քանիսն արդեն պետականորեն ընդունել են Հայոց ցեղասպանության փաստը, մասնավորապես հենց նույն Ֆրանսիան, այնպես որ ...

Տ.Կ.- Պրն Գեղամյան, կներեք, Դուք դե՞մ եք, ասենք, Ձեր կուսակցական որոշմամբ:

Ա.Գ.- Մեր կուսակցությունը, լինելով լրջախոհ կուսակցություն, երբեք որոշումներ չի կայացնում այն հարցերի վերաբերյալ, որոնց լուծումը մեզանից կախված չէ: Ես գտնում եմ, այո՜, Թուրքիան պետք է անդամակցի Եվրամիությանը: Անդամակցելով Եվրամիությանը` համոզված եմ, որ Հայաստանը շատ ավելի անվտանգ կզգա իրեն, որովհետև Եվրամիությունը երբեք ու երբեք թույլ չի տա, որ իր անդամ-երկրներից որևէ մեկը ագրեսիա սանձազերծի հարևանների հանդեպ: Դա իմ և իմ կուսակիցների կարծիքն է, առավել ևս պետք չէ, որ Հայաստանը գերտերությունների ներքին խաղերի մեջ հերթական անգամ դառնա կռվախնձոր: Եվրոպացիները թող իրենք մտածեն` ինչ կնշանակի, եթե հանկարծ 80 միլիոն ազգաբնակչություն (այդ ժամանակ, երբ անդամակցի), ունեցող Թուրքիան, իսլամ դավանող Թուրքիան անդամակցի հիմնականում քրիստոնյա Եվրամիությանը: Առավել ևս այսօր հին մայրցամաքում, հին աշխարհում` Եվրոպայում, շատ վտանգավոր միտումներ կան. գիտեք, որ Ֆրանսիայում արդեն իսկ 5 միլիոն մահմեդական կան, Գերմանիայի Դաշնությունում պաշտոնապես գրանցված է 3,5 միլիոն, Մեծ Բրիտանիայում` 1,5 միլիոն, Իտալիայում` 800 հազար, և Եվրոպայի իսլամացման խնդիրը այսօր չափազանց լուրջ է դրված: Եվ այդ վտանգը, բնականաբար, եվրոպական երկրների ղեկավարները և ժողովուրդները, անտարակույս, գիտակցում են և նրանց որոշումը, անշուշտ, կբխի քաղաքական, ժողովրդագրական այդ իրողություններից ելնելով:

 

Տ.Կ.- Պրն Գեղամյան, ըստ մեզ Թուրքիան ասիական պետություն է և, իրոք, այսօր այն մակարդակի չէ, ոչ մի, ասենք, մակարդակով, որ մտնի Եվրամիություն, էդ ի՞նչ անենք, բա էդ սուկոնի ռիլա, դա պահե՞նք, ինչ անենք, մտնի...

Ա.Գ.- Տիգրան Կարապետովիչ, ուրեմն, Թուրքիայի տարածքի 1,8 %-ը, Ստամբուլի մյուս ափը համարվում է եվրոպական մայրցամաք: Բայց նորից ուզում եմ ասել, մեր դարդը եկեք լացենք, էլի, Թուրքիայի դարդը եվրոպացիները կլացեն, կորոշեն իրենք, իրենց համար վատ որոշում երբեք ու երբեք չեն կայացնի, նրանք հազարամյակների դիվանագիտության փորձ ունեն, այն էլ այնպիսի երկրներ, ինչպիսիք են` Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Դաշնային Գերմանիան: Վերջինս այս վտանգն առանձնահատուկ է զգում, որովհետև իր ազգաբնակչության թվով, եթե Թուրքիան անդամակցում է Եվրամիությանը, գրեթե հավասարվում է Գերմանիային` դրանից բխող այն բոլոր առավելություններով, որոնք առկա են: Այսինքն` Եվրապառլամենտում իրենք ավելի մեծ թվով պատգամավորներ կունենան, իրենց ձայնն ավելի որոշիչ կլինի...

Տ.Կ.- Որը կաշխատի մեր դեմ ...

Ա.Գ.- Ես չեմ կարծում, որ դա կարող է մեր դեմ աշխատել, որովհետև այսօր Եվրամիությունը լուծում է տրամագծորեն այլ խնդիրներ, այսօրվա միաբևեռ աշխարհում հնարավորինս ուզում է դառնալ երկրորդ բևեռը: Եվրամիությունն ուզում է դառնալ երկրորդ բևեռը, այսինքն` եվրոպական մարդկային բոլոր ռեսուրսները համախմբելով կարողանա դառնալ ինքնուրույն գործոն, որպեսզի Եվրոպայի ժողովուրդների բարեկեցությունը պայմանավորված չլինի, մասնավորապես, նույն ամերիկյան դոլարի վայրիվերումներով, տատանումներով: Եվ սխալված չեմ լինի ասելու, որ 2001 թ. սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո, աշխարհը փոխվել է, արմատապես փոխվել է:

Տ.Կ.- Պրն Գեղամյան, այսօր արդեն խոսում են այն խնդիրների շուրջ, որ պետք է լինի եվրոպական դիպլոմ, փաստորեն, կրթությունը և յուրաքանչյուր եվրոպացի պետք է երկու, երեք լեզու իմանա ... Փաստորեն, անձնագիրը լինելու է եվրոպական, դիպլոմը եվրոպական, ինչպե՞ս են տարբերվելու ազգերը, ազգային այդ խնդիրը Ձեզ չի՞ մտահոգում...

Ա.Գ.- Տիգրան Կարապետովիչ, Դուք հավանաբար, ի նկատի ունեք այն գործընթացները, որոնք Եվրոպայում հայտնի են որպես Բոլոնական պրոցես, որովհետև Իտալիայի Բոլոնյա քաղաքում Եվրամիության երկրները քվեարկեցին այդ մոտեցումների օգտին, և հիմա այդ գործընթացները, միանգամայն ճիշտ եք, գնալով զարգացում են ապրում: Ինչ վերաբերում է ազգերի ինքնատիպության խնդրին, ապա, անշուշտ, այդ հարցը մտահոգիչ է և այդ հարցի մասին, կարծում եմ, որ արդեն իսկ արևմտաեվրոպական երկրները լուրջ խորհում են: Մասնավորապես, վերցնենք հենց Ֆրանսիայի ազգային ասամբլեայի կողմից մի չորս ամիս առաջ ընդունած այն հայտնի օրենքը, համաձայն որի ոչ միայն մուսուլմաններին, այլև այլ կրոն դավանողներին արգելվեց կրոնական համապատասխան հանդերձանքով և հագուկապով այցելել հանրային վայրեր, մասնավորապես, դպրոցներ, քոլեջներ, ուսումնարաններ: Եվ եթե հիշում եք, այդ փարաջաները, հանդերձանքը հանեցին, դժգոհում էին, բայց հանեցին: Ավելին` այդ խնդրի լուծումը, կարծում եմ, գնալով կմեղմվի, որովհետև յուրաքանչյուր ազգ, երբ գլոբալիզացիային ներհատուկ գործընթացների է ենթարկվում, ապա նրա ազգային ինքնապաշտպանության բնազդն անպայմանորեն առաջին պլան է մղվում: Ամենևին պատահական չէ, որ անցյալ և նախանցյալ տարի Ֆրանսիայում ամենաշատ հաճախվող ներկայացումը Հյուգոյի հայտնի աշխատության հիման վրա գրված մյուզիքլն էր, համապատասխանաբար Փարիզի Աստվածամոր տաճարի թեմաներով, ինչու չէ նաև այն «Մեզերաբլը»: Այսինքն` իրենք գնում են դեպի խորքը, դեպի իրենց սեփական արվեստի ակունքները. եվրոպացիները կհոգան այս հարցի մասին, եկեք մենք մեր խնդրի շուրջ մտածենք...

Տ.Կ.- Ճիշտ է, նրանք պետք է գնան ակունքները, որովհետև ունեն խնդիրներ, որոնք, իրոք, այսօր երիտասարդության խնդիրներն են, որ այլասերվածությունը ու տարբեր նորամուծություններն այդ երիտասարդներին քայքայել են...

Ա.Գ.- Հիշում եք, Հին կտակարանից հայտնի պատմությունը Սոդոմի և Գոմորայի մասին, երբ այլասերվածությունն արդեն խեղդում էր դրանց բնակիչներին` Աստված մեծագույն պատիժ բերեց նրանց գլխին: Կարծում եմ, եթե մենք Ձեզ հետ գիտենք այս պատմությունը և մենք հիշատակում ենք, եվրոպացիներն էլ են հիշատակում, առավել ևս գնալով այդ գործընթացներին զուգընթաց ակտիվանում է նաև, դրական առումով եմ ասում, մասնավորապես Իսպանիայում, Ֆրանսիայում կաթոլիկ եկեղեցու դերը, Անգլիայում` անգլիական եկեղեցու, ինչպես նաև բողոքական եկեղեցիների դերը: Դա բնականոն գործընթաց է և, կարծում եմ, որ դա կամրագրի նրանց կենցաղում բարոյական այն նորմերը, որոնք այսօր արծարծված են Վալերի Ժիսկար Դեստենի` կոորդինացիայի շրջանակում գրված համաեվրոպական սահմանադրության մեջ, որն այսօր իսկ դրվում է արդեն 25 անդամ- երկրների ժողովուրդների դատին:

Տ.Կ.- Պրն Գեղամյան, գուցե իրենք և շտկվեն, բայց կվարակեն բոլորին, նոր կսկսեն շտկվել: Բայց չէ, որ նույն Աստվածաշնչում Աստված ասաց` էլ չեմ ուղարկի ջրերը, էլ չեմ պատժի ժողովուրդներին: Փաստորեն, նրանք դա էլ գիտեն, որ անպատժելի են: Հա, դատաստանը պարզ է, բայց այստեղ նրանք անպատժելի են: Եթե այսօր մենք տեսնում ենք, որ ընդունվում են ամուսնությունները, ասենք, սեռամոլների միջև և այլ տարբեր բաներ ու պարտադրվում է դա մեզ, որոշակիորեն: Մի խոսքով, մտավախությունը Դուք հասկացաք, դա ազգային դաշտում է ...

Ա.Գ.- Ձեր մտավախությունը իզուր չէ, տեղին է ...

Տ.Կ.- Այո, ազգային դաշտում է և նույնը Թուրքիայի հետ. Միացյալ Նահանգները, ենթադրենք, այսօր եթե հարձակվում է մի որևէ պետության վրա, այն առումով, որ այնտեղ չկա ժողովրդավարություն և այլն, և այլն, բայց մենք տեսնում ենք, որ կա տնտեսական շահ, և ոչ թե միայն մտահոգություն: Հիմա, խնդրեմ, վերադառնանք մեր հարցերին. ի՞նչ հարց եք ուզում, որ ես ուղղեմ Ձեզ...

Ա.Գ.- Տիգրան Կարապետովիչ, քանի որ մենք սկսեցինք Եվրախորհրդի իմ ելույթից, ապա Դուք որպես քաղաքագետ գիտեք, որ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության դրսևորումն է: Ներքին քաղաքականությունը ...

Տ.Կ.- Որոշակի առումով, այո:

Ա.Գ.- Այո՜, ուստի, ամեն ինչ, ինչ կատարվում է դրսում` օրգանապես կապված է մեր ներսի իրողությունների հետ: Եթե մենք մեր ներսի առկա իրավիճակը չկարողացանք ծանրակշիռ կերպով, առանց կրքերի վերլուծել, չտեսնել խոցելի թույլ տեղերը, չգիտակցել նաև մեր ուժեղ կողմերը, ապա չենք կարողանա ճիշտ արտաքին քաղաքականություն վարել: Ուստի, կարճ անդրադառնամ մեր ներքին քաղաքականությանը. խոսքս ամենևին էլ իշխանության, ընդդիմության մասին չէ, խոսքս մեր առօրյա խնդիրներին է վերաբերում, և ինչու եմ այս ուղղությամբ խոսակցությունն ուզում շարունակվի, որովհետև հետո ինչ հարց կծագի` կպատասխանեմ:

Տ.Կ.- Համեցեք...

Ա.Գ.- Երեկ եղավ այս գրքի շնորհանդեսը, այն է` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2004-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին». պաշտոնական տեղեկագիրը, որը մասնագիտորեն բավականաչափ լավ տրամաբանված ձեռնարկ է: Անշուշտ, անքուն գիշեր անցկացրեցի, որովհետև ինձ հետաքրքիր էին, թե զարգացումներն ինչպիսին են եղել և որոնք արտացոլում են գտել այս ժողովածուի մեջ: Եվ, ցավոք սրտի, չափազանց տխրեցի, տխրեցի, և չեմ կարող իմ մտահոգությունը Ձեզ հետ, մեր հեռուստադիտողների հետ չբաժանել: Մի քանի թվեր բերեմ` չծանրաբեռնելով հարգելի հեռուստադիտող Ձեզ: 2004 թ. ընթացքում, համաձայն այս պաշտոնական տեղեկագրի, զբաղվածների թիվը, աշխատանքով ապահովվածների թիվը Հայաստանի Հանրապետությունում պակասել է 700 տեղով. թվում է, թե մեծ թիվ չի: Այսինքն` 2003 թ. զբաղված եղել է 1 մլն 111600 մարդ, նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ` 1 մլն 110900 մարդ: Այս պարագայում, եթե զբաղվածների թվից հանում ենք 220 հազար բյուջետային աշխատողներին, որոնք նյութական բարիք չեն ստեղծում, այլ ընդհակառակը` նյութական բարիք ստեղծողների հարկերից են աշխատավարձ ստանում, ապա ստացվում է հետևյալ պատկերը. 890 հազար 900 նյութական ոլորտում, սպասարկման ոլորտում աշխատողներ պետք է կերակրեն 2 մլն 300 հազար մարդկանց, որովհետև ըստ այս վիճակագրության Հայաստանում բնակվում է 3 մլն 214 հազար մարդ: Այսինքն` յուրաքանչյուր 2 աշխատող պետք է կերակրի հինգ մարդու` անչափահասների, ուսանողների, թոշակառուների, բյուջետային աշխատողների: Ոչ բյուջետային հիմնարկների աշխատողների միջին աշխատավարձը, այս ժողովածուի համաձայն, կազմում է ամսական կտրվածքով 54 հազար 600 դրամ. համապատասխանաբար ստացվում է այնպես, որ եթե դա հավասարաչափ բաժանենք մեր ազգաբնակչության յուրաքանչյուր անդամի վրա, ապա մեկ մարդուն ամսական կտրվածքով բաժին է հասնում 21000 դրամ: Իսկ մենք գիտենք չէ՞, որ կա մեծահարուստների խավ, որը 5-7 % է, և մնացած ժողովուրդը նույն են, այսինքն` անգամ իսկ հավասար բաժանելու պարագայում ստացվում է ընդամենը 21000 դրամ: Նվազագույն սպառողական զամբյուղը, այս գրքի համաձայն, կազմում է 28000 դրամ, պարենայինը` 18000 է, այսինքն` ամբողջ ժողովուրդը, եթե անգամ իսկ այս բարիքները հավասարաչափ բաժանվեն յուրաքանչյուր անձի վրա, կիսաքաղց կյանքով է ապրելու, որովհետև ստացված գումարը 7000 դրամով պակաս է նվազագույն սպառողական զամբյուղից: Ինչո՞ւ է այդպես, այդ գումարները չկա՞ն Հայաստանում: Ախր, ցավն այն է, որ կան, գողացվում են: Այսօր մեծ ոգևորությամբ կարդացի պրն Քոչարյանի և Ֆելիքս Ցոլակյանի երեկվա հանդիպման մասին: Մեր հարկային ծառայության պետը, ի պատիվ իրեն, այս տարվա հունվար ամսին ավել է մուտքագրել բյուջե 2 միլիարդ դրամ, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Սոցիալական ապահովության հիմնադրամ է մուտքագրել 1 միլիարդ 100 միլիոն դրամ ավել, այսինքն` ընդհանուր առմամբ անցյալ տարվա համեմատ ավել է հավաքել 3 միլիարդ 100 միլիոն դրամ. տարեկան կտրվածքով դա անում է շուրջ 70 միլիոն դոլար: Բա, լավ, անցյալ տարի այդ գումարները ովքե՞ր գրպանեցին: Ես պրն Ցոլակյանին չեմ ճանաչում, հիմա չստացվի որ նրա մասին դրվատանքի խոսք ասեմ, վաղը մյուս օրն ասեն, ըհը, Գեղամյանը Ցոլակյանին կապելա, գովումա. չէ, նրան չեմ ճանաչում: Բայց փաստը մնում փաստ. էդ մարդն արդեն ազնիվ աշխատանքի շնորհիվ բյուջեն համալրելու է լրացուցիչ, հավելյալ 70 մլն դոլարով: Բա որ նայում ենք` հլա ինչքան չօգտագործված գումարներ կան: Դա ստիպեց ինձ ուշադիր նայել, թե ինչպիսի բալանս կա ներդրման հետ կապված: Սիրելի ժողովուրդ, 2003 թ. Հայաստանի Հանրապետության ցորենի ռեսուրսները, այսինքն` տեղում արտադրված և ներմուծված` 150 հազար տոննայով ավելի պակաս են, քան 2004 թ.: Էս ի՞նչ` մեր ժողովուրդը 40%-ով ավել հաց սկսեց ուտել: Իհարկե, ոչ. 2003 թ. էդ բոլորը շրջանցել է մաքսային հարկումը: Պրն Քոչարյանին ես սրտանց ուզում եմ օգնած լինել. այ, թերթերն ասում են, որ ընդդիմությունը բոլորին քննադատում է, բայց կոռուպցիայի աղբյուրների մասին չի խոսում: Հիմա ես էլ ուզում եմ խոսել և ասել այդ մարդուն` սա էլ կոռուպցիայի աղբյուրը: 150 հազար տոննա ցորեն անցյալ տարի ավել է մաքսային կետում արձանագրվել, քան 2003 թ.: Է, նայում եմ օղու արտադրությանը, չէ շեշտակի աճ չկա, որ ասենք օղի է արտադրվել, կնշանակի 150 հազար տոննա մինիմում շրջանցել է մաքսային ծառայությունը: Դե հիմա, սիրելի ժողովուրդ, ամեն տոննային պետք է 22% ավելացրած արժեքի հարկ մուծեն, 10% էլ` մաքսային տուրք, եղավ 32%, 140 դոլար էլ տոննայի արժեքն է, ուրեմն կնշանակի 42 դոլար` 1 տոննային. դե բազմապատկեք 150 հազար տոննայով, այսինքն` մի 10 միլիոն դոլար էլ ընդեղ են տղեքը ուտում: Հիմա ես էլ Քոչարյան Ռոբերտ Սեդրակիչին սատարող ռուսալեզու թերթին ու խմբագրին ուզում եմ ասել, ցույց եմ տալիս տեղը` մաքսային ծառայությունից հարցրեք` ո՞վ է հիմնականում ցորենը Հայաստան ներկրում, այնտեղ էլ կոռուպցիան ման եկեք: Իսկ պրն Ցոլակյանին էլ հուշում եմ` մի հատ հլա մաքսային ծառայության ձեր գործընկերներին հարցրեք, է՞ս ոնցա ստացվում, որ մի տարվա ընթացքում ռեսուրսը 150 հազարի տարբերությունա տալիս, դա էլ այն դեպքում, երբ 2002 թ. էլի մոտավորապես նույն ցուցանիշնա եղել: Տղերքը թալան են անում, Տիգրան Կարապետովիչ, իսկ մենք օգնենք էլի պարոն Քոչարյանին էդ գողերի ձեռքից բռնի, խնդրենք, որ դատախազին էլ հուշի, քանի դեռ Արագած լեռան շուրջը շուրջպարը չեն սկսել, մի հատ դրանցով զբաղվի, հլա դեռ ժամանակ կա մինչև մայիսի 28-ը:

Տ. Կ.- Դուք ասեիք, որ ես Ձեզ պետք չեմ, ես Ձեզ եթերաժամ տայի, Դուք մենակ խոսեիք:

Ա.Գ.- Ես ձեզ հասկանում եմ, բայց դե երկու տարի է չեմ խոսել, իշխանություններն էլ տարածել են, թե Գեղամյանն ասելիք չունի կամ ավելի վատ` լեզու է գտել իշխանությունների հետ, սուս է մնում:

Տ. Կ.- Խնդիրն ինչ է, դուք ճիշտ բաներ եք ասում, թվերը ես չգիտեմ, թե որքանով, բայց տխուր իրավիճակը ճիշտ է նկարագրված: Բայց դա հետևանք է պրն Գեղամյան:

Ա. Գ.- Ճիշտ եք...

Տ.Կ.- Այ, հիմա, ինչպես անենք, որ մենք փոքր բիծն էլ տեսնենք, այ, օրինակ, մի քանի բան, ընդդիմությունը համախմբված չի, իսկ իշխանությունը համախմբված է կոալիցիայով: Ընդդիմությունը դեմ է խորհրդարանի լուծարմանը, չնայած համարում է, որ այդ խորհրդարանը ոչ լեգիտիմ է: Հիմա ես Ձեզ հարց եմ ուղղում` Դուք դեմ եք, թե կողմ խորհրդարանի լուծարմանը:

Ա.Գ.- Նախ, Տիգրան Կարապետովիչ, հայցում եմ Ձեր ներողամտությունը, որ մի քիչ երկար խոսեցի: Դուք ավելի շատ հնարավորություն ունեք եթերով հանդես գալու, էն ծարավ մարդը ոնց է գալիս աղբյուրի մոտ, հիմա ես եմ ...

Տ.Կ.- Ժողովրդին հետաքրքիր է, որ մենք մտքեր փոխանակենք...

Ա.Գ.- Շատ սուր հարց տվեցիք` ինչ վերաբերում է իշխանության համախմբվածությանը և ընդդիմության պառակտված վիճակին: Ի դեպ, այդ հարցը նոր հարց չի և այդ հարցը, Դուք հաստատ հիշում եք, արծարծված է Լև Նիկոլայևիչ Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն»  հայտնի պատմավեպում: Երբ Տոլստոյը Անդրեյ Վալկոնսկու մտորումների ժամանակ, ուզում է հասկանալ` որոնք են պատերազմը սկսելու մայր պատճառները: Եզրակացությունը մեկն է` վատ մարդիկ, անազնիվ մարդիկ համախմբվելու ներքին մեծագույն պահանջ ունեն, որովհետև գիտակցում են` ինչքան վատություն են արել և դրա փոխհատուցման ժամը գալու է ու համախմբվում են: Իսկ լավ մարդիկ, համաձայն Տոլստոյի, անհատականություններ են լինում և յուրաքանչյուրը, ցավոք սրտի, ստեղծում է իր երևակայական արևի աշխարհը և այդ աշխարհում է տապակվում, իսկ, ցավոք սրտի, վատը սկսում է գերիշխել: Ես ամենևին էլ ինձ թույլ չեմ տա ...

Տ. Կ.- Պրն Գեղամյան, կներեք, այստեղ հետաքրքիր է ստացվում. կոալիցիայի մեջ երեք կուսակցություններ են, ուրեմն, եթե վերցնենք իրենց հաշվարկներով, «Օրինաց երկիր» կուսակցությունը միշտ ասում է, որ 30-35 հազար անդամ ունի, Դաշնակցությունը, ասենք, 10 կամ 6 հազար, Հանրապետականն ասում է գնա` գալիս եմ: ՈՒրեմն, դուրս է գալիս, որ վատ մարդիկ ասելը տեղին չէ, որովհետև նրանց հետևից կանգնած են հազարավոր մարդիկ: Վատի և լավի բաժանելը...

Ա.Գ.- Ես հենց դա էի ուզում ասել, հայցում եմ ներողամտություն, դա, իհարկե, չի վերաբերում այն հազարավոր ազնիվ, լավ մարդկանց, ովքեր անդամագրված են Ձեր հիշատակած կուսակցություններում, այլ խոսքը վերաբերում է այն մարդկանց, ովքեր թալանի են ենթարկում մեր ժողովրդին: Ձեր բարձրացրած երկրորդ հարցը. ինչո՞ւ ընդդիմությունը միակարծիք չի այս Ազգային ժողովը լուծարելու հարցում: Նախ, ասեմ, «Ազգային Միաբանություն կուսակցությունը»  դեռ ամռանը` հունիսի 30-ին հայտարարեց, որ ինքը պատրաստ է, և ոչ միայն պատրաստ է, այլև կոչ է անում իշխանություններին լուծարել այս ապիկար Ազգային ժողովը, և պրն Քոչարյանին հուշեց ու առաջարկեց դառնալ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու երաշխավորը: Խոսքս Ազգային Ժողովի ընտրությունների մասին է, որի ժամանակ ԱԺ-ն կհամալրեն այն պատգամավորները, այն անհատները, մարդիկ, ովքեր այսօր իրական հեղինակություն են վայելում ժողովրդական ամենալայն շրջանակներում: Մենք այդ առաջարկն արել ենք: Ինչո՞ւ ենք արել, որովհետև ստեղծված իրավիճակում չարյաց փոքրագույնը դա է: Եթե դրան գնանք, հաջողություն կունենանք, և դա արել ենք այն պարզ պատճառով, որ մեր պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված անձիք` բոլորը մեկ մարդու նման, պարտավորել են ինձ, այսօրվա պատգամավորներիս լիազորել են, ասելով, որ եթե մեր պատգամավորներից որևէ մեկը զրկվի մանդատից, իրենցից և ոչ մեկը չի համալրի թափուր մնացած այդ տեղը, այսինքն` դրանով իսկ հայտնել ենք մեր համերաշխության մասին: Հիմա` ինչո՞ւ մենք մեր մանդատները վայր չենք դնում, Տիգրան Կարապետովիչ: Թողնենք իմ անձը մի կողմ. Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում, եթե ես մանդատը վայր դրած լինեի, ապա ոնց պետք է խոսեի, ով պետք է խոսեր այն հարցերի մասին, որոնց մասին եվրոպական այդ բարձր ամբիոնից մինչ օրս դեռ ոչ ոք բացարձակապես նման հարցադրումներով հանդես չի եկել: ԵԱՀԿ-ի վեհաժողովում էլ`անցյալ տարի հունվար ամսին, և ճիշտ այն նույն օրերն էր, երբ Բուդապեշտում սպանվեց մեր քաջարի երիտասարդ սպա Գուրգեն Մարգարյանն ազերիի կողմից, ելույթ ունեցա, այսինքն` մենք եղած հնարավորությունները փորձում ենք օգտագործել, որ կարողանանք այն հարցերը, որոնք հանգամանքի բերումով, այդպես ասեմ, չեն արծարծվել` արծարծվեն: Եվ ինձ համար ցավ էր և միաժամանակ ուրախություն: Ցավ էր, որ ոչ մի հեռուստատեսություն բացարձակապես չէր անդրադարձել իմ այս ելույթներին, և ոչ մի հեռուստակայան, միայն «Արմենիայով»  էր մեկնաբանը բարձր գնահատական տվել: Ելույթները եթեր չէին արձակվել, առաջին անգամ է, որ եթեր են հեռարձակվում, այն էլ` 20 օր հետո:

Տ.Կ.- Պրն Գեղամյան, Դուք ասացիք, որ Ձեր կուսակիցները համերաշխություն են հայտնել մանդատների հարցում. ձեր կուսակցության միջի ապարանցիներն էլ են այդպիսի կարծիքի, ուղղակի հարցնում եմ:

Ա.Գ.- Ես Ձեզ ասեմ, որ, ի սկզբանե, կործանարար եմ համարում, երբ հայ ժողովրդին, հայ մարդուն ըստ բնակության վայրի փորձում են մեկը մյուսին հակադրել: Միգուցե որ ասացի` Արագածի շուրջ պարելու են, դրա՞ համար: Է, հիմա էլ սյունեցիներն էլ ասում են` Սերժ Սարգսյանին ուզում են «Սյունիք»  հայրենակցական միության ղեկավար դարձնել, իրենք էլ ուզում են պարել Խուստուփ սարի չորս կողմը, ծաղկաձորցիները, հրազդանցիները` Քաչալ սարի չորս կողմը, լոռեցիները` Լալվարի շուրջը, էսա հայ ժողովուրդը, էսա ...

Տ.Կ.- Չէ, բայց բոլորը տեղեկացված են, որ կա ապարանցիների հայրենակցական միություն:

Ա.Գ.- Է, կա, է, ի՞նչ պակաս թասիբով տղերք են...

Տ.Գ.- Ով է ասում, իսկ Ձեր թասիբով տղերքը, էն թասիբով տղերքի հետ համակարծի՞ք չեն կամ չեն հարաբերվո՞ւմ...

Ա.Գ.- Օրը կգա, Դուք ի նկատի ունեք Նապոլեոն Ազիզյանին ու Աղասի Արշակյանին, ի դեմս նրանց ես իմ թիկունքը պաշտպանված եմ զգում, նրանք մեջքից խփող տղերք չեն, որովհետև երեսից լավ էլ խփում են...

Տ.Կ.- Պրն Գեղամյան, օրինակ, Դուք ասում եք, որ ընդդիմության մեջ ազնիվ մարդիկ են: Ի սեր աստծո, ես չեմ էլ ասում, որ անազնիվ են, բայց, իրոք, ազնիվ մարդիկ չեն կարո՞ղ համախմբվել:

Ա.Գ.- Ինչո՞ւ չեն կարող ...

Տ.Կ.- Իսկ ինչո՞ւ լիդեր չենք տեսնում, որ տեսնենք այն ներուժը, այն պոտենցիալը, որ աշխատում է` հավաքական:

Ա.Գ.- Է, հայերս գեներալների ազգ ենք, հլը ես չեմ տեսել, որ մեկը գանգատվի իր խելքից, իր գիտելիքներից, բոլորն ուրիշինից են գանգատվում, ոչ իրենց խելքից, ոչ իրենց գիտելիքներից, գեներալների ազգ ենք: Եվ, ցավոք սրտի, հիվանդագին է ընդունվում ամեն ինչը, երբ տեսնում են, որ փոքր ինչ տարբերվում է, ուրեմն, մեր շաբլոն մոտեցումներից: Մեզ արդեն, կներեք, հիասթափություն, զզվանք է պատճառում էդ շաբլոն ելույթները, էդ շաբլոն քննադատությունը, երբ հեռուստաէկրանի առաջ քննադատում են, միջանցքում էլ ում քննդատել են` համբուրում-ողջագուրվում են, ասելով, որ, դե, ախպեր, հասկանում էս, պետք էր էլի, էսա: Եվ սրա մասին, որ ասում եմ, քյարս էլ մնում է էն, ժողովուրդ ջան, որ մի տարի էլի կզրկեն ուղիղ եթերից, Դուք էլ կկարծեք, որ Գեղամյանին լռեցրեցին, Գեղամյանին վախեցրեցին կամ Գեղամյանը լեզու գտավ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ: Ցավոք սրտի, սա է:

Հ. Դ. (հեռուստադիտող)- Բարև Ձեզ, Տիգրան Կարապետովիչ, ողջունում եմ Ձեր հյուրին` պրն Գեղամյանին, և հաղորդաշարին: Հաղորդման սկզբում իմ հարցի պատասխանը մի թեթև շոշափվեց, պրն Գեղամյան, էս մեր իշխանավորները չեն ամաչում, որ ձեզ ենթարկում են ինֆորմացիոն բլոկադայի: Իրոք, թերթից տեղեկացա, որ դուք Եվրոպայում հայանպաստ հզոր ելույթ եք ունեցել, բայց, ցավոք սրտի, ելույթը Հայաստանում ոչ մի հեռուստաալիքով ցույց չտրվեց. երևի, վախը նրանց ստիպում է հանրությունից Ձեզ մեկուսացնել: Էլի շնորհակալություն Տիգրան Կարապետովիչ Ձեզ` եթեր տրամադրելու համար: Ի միջի այլոց, ասեմ, ստացվում է, որ ԱԼՄ-ն է ամենահամարձակ հեռուստաալիքը, ողջունում եմ Ձեզ, շնորհակալություն:

Տ.Կ.- Շնորհակալություն, մենք ուղղակի ազատ ենք:

Ա.Գ.- Շնորհակալություն հարցի համար: Ի դեպ, որ անպատասխան չմնա Տիգրան Կարապետովիչի հիշատակումն այն մասին, որ ես մի քանի ամիս առաջ «Կենտրոն» -ով ելույթ եմ ունեցել, ասեմ` միանգամայն ճիշտ եք: Եվրոպայի խորհրդի մոնիտորինգի հանձնախումբը, երբ, իրոք, մոնիտորինգի էր ենթարկել հեռուստաալիքներով ընդդիմադիր գործիչների ելույթների հաճախականությունը և տևողությունը, ապա նրա համար հայտնություն էր եղել, որ երկու տարվա ընթացքում Ձեր խոնարհ ծառան` Արտաշես Գեղամյանը, ուղիղ եթերից ընդհանրապես զրկված է եղել: Բացառությամբ «Խորհրդարանական շաբաթի»  այն երեք րոպեները, որը, ըստ օրենքի, ըստ ԱԺ կանոնակարգի պարտավոր են տրամադրել ԱԺ խմբակցություններին, այդ թվում և ընդդիմադիր: Ինչ վերաբերում է Եվրոպայի խորհրդի ելույթներին, այստեղ ես, Տիգրան Կարապետովիչ ուզում եմ Ձեզ հետ տեսնենք` ի՞նչ վտանգներ ենք մենք սպասում Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման հետ կապված, որովհետև, ավա՛ղ, դրանք շատ են: Ուղիղ երեք օր առաջ` երկուշաբթի օրը, Իլհամ Ալիևը պաշտոնական այցով Մոսկվա մեկնելուց առաջ «Նեզավիսիմայա գազետա»  թերթի լրագրողին հարցազրույց տվեց: Այնտեղ, մասնավորապես, ասված է, որ Հայաստանի Հանրապետությունը դատապարտված է պարտության այն պատճառով, որ Ադրբեջանի տնտեսությունը առաջիկայում ակնկալում է թռիչքաձև աճ, մասնավորապես գալիք տարի ունենալու են համախառն ներքին արդյունքի 15%-ի աճ, իսկ սպառազինությանը տրամադրող գումարները գրեթե 2 անգամ գերազանցում են Հայաստանի Հանրապետության նմանատիպ ծախսերը այնտեղ կազմելով 245 միլիոն դոլար: Դա չափազանց մտահոգիչ է: Չափազանց մտահոգիչ է նաև այն առումով, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի շահագործումից, հետո, որը սպասվում է այս տարվա մայիսին, Ադրբեջանի Հանրապետության բյուջեն միլիարդավոր հավելյալ գումարներ է ստանալու` դոլարային կտրվածքով: Վրաստանի Հանրապետությունը, որը մեր հարևան երկիրն է, դառնալու է Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի ամենասերտ բարեկամը որովհետև իրար հետ արդեն կապված են խոշորածավալ ընդհանուր տնտեսական շահով: Եթե սրան էլ ավելացնենք այն, որ հենց վերջերս Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կնքվեց երկաթուղային հաղորդակցություն հիմնելու ուղղությամբ պայմանագիր, եթե դրան գումարենք նաև Ղարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը, որը նույնպես ծրագրվել է, որ պետք է կառուցվի, ապա, ցավոք սրտի, պետք է արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունը հայտնվելու է մեկուսացման մեջ, որովհետև դուրս է մնալու տարածաշրջանում իրականացվող խոշորածավալ այդ բոլոր տնտեսական ծրագրերից, որոնց հիմքերը դրվում են այս օրերին. սա չափազանց մտահոգիչ փաստ է:

Տ.Կ.- Գիտեք, պրն Գեղամյան, եթե մենք իրար հետ ենք վերլուծում, Դուք այդպես ասացիք:

Ա.Գ.- Այո՜:

Տ.Կ.- Ուրեմն, թույլ տվեք Ձեզ հետ չհամաձայնվեմ կամ մասամբ համաձայնվեմ: Ադրբեջանում նավթի պաշարներն այդքան էլ շատ չեն, այդ պատճառով Միացյալ Նահանգներն աչք դրեցին Իրաքի վրա: Եթե հիշում եք, առաջ նրանք ուզում էին այլ ճանապարհով գնալ և Կասպից ծովի պաշարները ձեռք բերել: Երկրորդ, եթե նրանք նավթ ունեն, մենք էլ ունենք, այդ արդեն ազգային դաշտում եմ ասում, մենք էլ ունենք միլիարդ, միլիարդից ավել օգնություններ բարեկամներից, որն աշխուժացնում է մասնավոր շուկան, ու այնքան էլ վատ չեն լինի ցուցանիշները: Ճիշտ է, ի՞նչ գնով, այդ արդեն այլ խնդիր է, բայց այսօր ասել որ մենք որոշակիորեն զիջում ենք... Բացի դա, գիտեք, ի վերջո, ես համոզված եմ, որ եթե մենք լինենք ավելի ազգային վճռական, ոչ Թուրքիան որևէ մի անգամ կփորձի հարձակվել մեզ վրա, ոչ էլ Ադրբեջանը: Գիտեք ինչ, այն ազգը, որը շրջափակված է չորս կողմից` նրա վրա չեն հարձակվում, որովհետև ինքը կարող է գնալ ծայրահեղ քայլերի` իմանալով, որ ունենք ատոմակայան: Ես այդ առումով համարում եմ, որ թող ինչքան ուզում է Ալիևը խոսի, մենք ոչ վախեցող ենք իրենից, ոչ էլ: Ճիշտ է, պետք է որոշակիորեն մտածենք մեր տնտեսությունը զարգացնելու համար, որն այսօր չի արվում. դա այլ խնդիր է:

Ա.Գ.- Ձեր նկատառումները միանգամայն տեղին են. խոսքը վախի մասին չի, վախ սերմանելու մասին չի, այլ մտահոգության մասին է: Ձեր հիշատակած օգնությունները, նախ մեկ միլիարդ չեն կազմում, այլ, համաձայն Տիգրան Սարգսյանի վերջերս արած հայտարարության, պաշտոնապես ես թվեր եմ ասում, որովհետև վրաս հետո շառ կանեն, անցյալ տարի մասնավոր օգնությունները տրանսֆերտների միջոցով կազմել է 740 միլիոն դոլար: Ցավոք սրտի, այդ գումարը ևս Հայաստանի Հանրապետությունում չի մնացել, որովհետև համաձայն այս գրքի 2004 թ. ՀՀ-ի առևտրային կշիռը, տարգովի բալանսը, բացասական սալդո է ունեցել` 601 մլն դոլարի համարժեք, այսինքն` մենք աշխատատեղեր ենք ստեղծել այն երկրներում, որոնցից այդքան խոշորածավալ ներկրումներ ենք արել: Ըստ որում, հետաքրքրականն այն է, որ հայրենասիրությունից են ոմանք խոսում, մինչդեռ դրանից խոսող մարդիկ չգիտես ինչու չեն վերլուծում այն, որ Թուրքիայի հետ մեր առևտրային հաշվեկշիռը նույնպես բացասական է` հօգուտ Թուրքիայի, և կազմում է, ոչ ավել, ոչ պակաս 35 միլիոն դոլարի աշխատանք: Այսինքն` դրսից մեր հարազատները չարչարվում են, փողն ուղարկում են, որ այստեղ իրենց բարեկամները յոլա գնան, նրանք էլ թուրքական ապրանք են ներմուծում, փողը տալիս ենք, որը գնում է Թուրքիա և այնտեղ աշխատատեղեր ստեղծում:

Ինչ վերաբերում է նավթի գործոնին. Կասպից ծովի նավթային պաշարների վերլուծությամբ զբաղվել են աշխարհահռչակ «Բրիտիշ Պետրոլիումի»  փորձագետները: Նրանք իրենց երկրներին երբեք ու երբեք խորհուրդ չէին տա 3,8 միլիարդ դոլարի ներդրումներ կատարել այնտեղ, որտեղ սպասվելիք պաշարը չկա: Ուրիշ բան, որ այս նավթատարը քաղաքական գործոն ունի, իսկ դա, ցավոք սրտի, էլ ավելի վտանգավոր զարգացումներով է հղի: Պարզեցնեմ միտքս: Դեռ անցյալ տարի գարնանը Եվրոպայում տեղակայված ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարի տեղակալ` Չարլզ Ուոլդը ամերիկյան սենատի շենքում, հանդես եկավ հայտարարությամբ, որ առաջիկա տարիներն Միացյալ Նահանգների կենսական շահերի ու հետաքրքրությունների կիզակետը լինելու է Հարավային Կովկասը և հստակ հիշատակեց` Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, այնտեղ մատնանշելով «ուգլիվադառոդների սիրիոյի», այսինքն` նավթի պաշարների առկայությունը: Ներկայումս, ի դեպ, Չարլզ Ուոլդը նշանակվել է Պաղեստինի անվտանգության ուժերի համակարգող Ամերիկայի կողմից, որն օժանդակելու է Պաղեստինին: Սա շատ կարևոր է: Իսկ ինչո՞վ է այդ հարցը զարգացում ունենալու, գաղտնիք չի. Կոնդոլիզա Ռայսը սրանից մեկ շաբաթ առաջ, գրեթե մեկ շաբաթվա ընթացքում այցելեց Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և հետո մեկնեց Մերձավոր Արևելք: Այս բոլոր երկրներում, պարտադիր կարգով, նա հիշատակել է Իրանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը` ասելով, որ վերջինս հանդիսանում է ահաբեկչության սպոնսորներից մեկը և, բնականաբար, ԱՄՆ-ն ադեկվատ գործողություններ է կիրառելու Իրանի Իսլամական հանրապետության նկատմամբ: Հիմա եկեք վերհիշենք Իրանի աշխարհագրական դիրքը: Մի կողմից նա հարևան է Իրաքի, Թուրքիայի հետ, Պակիստանի, Աֆղանստանի, Կասպից ծովով համապատասխան երկրների և Հայաստանի հետ: Այսինքն` Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցն է, Իրաքում վերահսկողությունը 28 երկրների հակաահաբեկչական զինված ուժերի ձեռքում է գտնվում, Աֆղանստանում կրկին ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներն են, ամերիկացիներն են, Պակիստանի կառավարությունը չափազանց լավ է տրամադրված ԱՄՆ-ի հանդեպ: Այստեղ մնում է հայ-իրանական սահմանի խնդիրը: Հայ-իրանական սահմանը ոչ միայն Մեղրու հատվածի այն 46 կմ է, ինչպես Դուք դա շատ լավ գիտեք, դա նաև ազատագրված հողերն են, մասնավորապես, Ֆիզուլիի, Կուբաթլիի, Ջեբրայիլի, մյուս շրջանները: Եվ այսօր անթաքույց ասում են, որ քանի որ սահմանի այդ հատվածը մտահոգություն է պատճառում ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներին, այլ նաև այդ նավթատարը շահագործող երկրներին, ուստի դրա անվտանգությունն ապահովելու համար այնտեղ տեղակայվելու են արագ արձագանքման ուժեր, որովհետև ռազմակայաններ հիմնելու իրավունք չունեն: Դա է պատճառը, որ չափազանց վտանգավոր զարգացումներ են լինելու տարածաշրջանում, իսկ եթե այդ ռազմական ստորաբաժանումները մուտք գործեցին այնտեղ անվտանգությունն ապահովելու նպատակով, ապա չափազանց լրջանում է հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հետ առնչվող հարցերի հնարավոր զարգացումները միջազգային ասպարեզում, ուստի Հայաստանի Հանրապետության համար, կարծում եմ, չափազանց բախտորոշ էր, երբ Ազգային ժողովը որոշում ընդունեց սատարել, աջակցել հակաահաբեկչական երկրներին` Իրաքում համապատասխան գործողություններ իրականացնելու գործում…

 

Տ.Կ.- Կարելի է, ես էլ իմ կարծիքն ասեմ, պրն Գեղամյան: Այսօր Միացյալ Նահանգները պրոբլեմ ունեն Իրաքում, Իրանն այսօր դաշինք է կազմել Սիրիայի հետ և պատրաստ է հակադրվելու: Մենք շատ ու շատ գերտերություններ ենք տեսել, որոնք եկել ու գնացել են: Ժամանակին խորհրդային համակարգը համարում էինք հսկա, գերմանացիներն էլ այն ժամանակ ասում էին` “Это бумажный тигр”: Գիտեք ինչ, ես հասկանում եմ, որ մենք կարող ենք շատ ու շատ բացասական կողմեր մատնանշել մեր հանրապետության մեջ, բայց պետք է և դրականներն ասենք` մեր ներուժը, մեր սփյուռքը, մեր համախմբվածությունը: Մենք ունենք բացասական կողմեր, մենք չենք կարողանում լիարժեք անցկացնել ընտրություններ, մենք չենք կարողանում տեր կանգնել ինքներս մեզ, դա ես հստակ գիտեմ: Բայց որ ասեն` գիտեք ինչ, որ հարևանը մեզնից վաղը կարող է հզորանա, թող փորձեն: Գիտեք ինչ, ի վերջո, կա Ռուսաստանի Դաշնությունը, այո, կան խնդիրներ, այսօր շատերը, էս մոտ անցյալում, որ ռուսամետ էին, միանգամից դարձան արևմտամետ. դա չի նշանակում, որ ամեն ինչ այդքան տխուր է, ես, օրինակ, չեմ համարում: Համաձայնվելով Ձեզ հետ, որ, այո, պետք է մտահոգվենք, համաձայնվելով հանդերձ, պետք է մտածենք` ինչպես անենք, որ կարողանանք օգտագործել ժողովրդի ողջ պոտենցիալը, համախմբվենք, համակարծիք լինենք, դա է կարևորը:

Ա.Գ.- Միանգամայն ճիշտ եք. շատ լուրջ հարցեր բարձրացրեց Տիգրան Կարապետովիչն իր մեկնաբանություններով: Փորձեմ ներկայացնել իմ տեսակետը` երբեք ու երբեք չհակադրվելով, որովհետև մեր երկուսի ընդհանուր հենքը նույնն է, երկուսիս սիրտն էլ ցավում է մեր երկրի համար և այսօր այս քննարկումների ժամանակ տարբեր տեսանկյուններից ենք փորձում ճշմարտությունը գտնել: Ինչ վերաբերում է ռուսամետությանը, երբեք ու երբեք, քաղաքական և ոչ մի գործիչ, որն ընդգծված օտարերկրամետություն ունի` սեփական երկրում հաջողության հասնել չի կարող: Մասնավորապես «Ազգային Միաբանություն կուսակցությունը»  հավատարիմ է իր անվանմանը` ազգային միաբանություն, խոսքս հայերի և մեր երկրում ապրող եզդի, քուրդ, ասորի, հույն եղբայրների միաբանության մասին է, ուստի պետք է լինել հայամետ: Լինելով հայամետ` մենք, բնականաբար, պարտավոր ենք խորությամբ վերլուծել տարածաշրջանում և աշխարհում ընթացող աշխարհաքաղաքական զարգացումները: Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, մեր ռազմաքաղաքական դաշնակցին, ապա այսօր Ռուսաստանի Դաշնությունն ինքը` իմ կողմից շատ հարգված, պրեզիդենտ Վլադիմիր Պուտինի շուրթերով սրանից մի քանի ամիս առաջ աշխարհով մեկ հայտարարեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական դաշնակիցն են, հատկապես հակաահաբեկչական պայքարի շրջանակներում: Ավելին, նա հանդես եկավ աննախադեպ ելույթով` հորդորելով ամերիկացի ընտրողներին, թե եթե նախագահական ընտրությունների ժամանակ իրենք չընտրեն Ջորջ Բուշին, այլ ձայնը տան Ջոն Քերիին, կնշանակի ամերիկացի ազգը, ժողովուրդը տակտիկական պարտություն է կրել ահաբեկիչների սպառնալիքներից: Ամերիկայի Միացյալ Նահանգների ավանդական դաշնակիցներից և ոչ մի երկրի նախագահը` առաջին դեմքը, նման հզոր սատարման ելույթով հանդես չեկավ, այսինքն` ասածս այն է, որ պետք չի մենք` հայերս, լինենք ավելի կաթոլիկ, քան Հռոմի պապը: Եթե մեր ռազմաքաղաքական դաշնակիցն այդ աստիճանի կարևորում է ԱՄՆ-ի հետ ռազմաքաղաքական սերտ դաշնակցությունը, ապա մենք` հայերս, պարտավոր ենք կարևորել ու կարևորելու ենք ոչ թե նրա համար, որ ստրուկի հոգեբանություն ունենք, այլ նրա համար, որ մեկ շնչին ընկնող նյութական օգնությամբ Հայաստանը Իսրայելից հետո զբաղեցնում է երկրորդ տեղը, խոսքս ամերիկյան օգնության մասին է: Մենք իրավունք չունենք ուրանալ այն միլիարդավոր դոլարների հասնող օգնությունը, թե՜ ֆինանսական, թե՜ հումանիտար, որը մենք ակնկալել և ստացել ենք Միացյալ Նահանգներից: Մենք իրավունք չունենք հաշվի չնստել այն ճշմարտության հետ, որ այսօր 2,5 միլիոն հայազգի մարդիկ ապրում են Ռուսաստանում, շուրջ 1 միլիոն 500 հազար հայեր բնակվում են ԱՄՆ-ում և եթե քաղաքական այս կամ այն գործիչն իրեն համարում է ռուսամետ կամ արևմտամետ նա արջի ծառայություն է մատուցում նախևառաջ սեփական երկրին, սեփական ժողովրդին, հետո պետությանը: Մենք այսօր իրավունք չունենք խաղալ այն հակասությունների վրա, որոնք տրամաբանական են և կան Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև, այլ մենք պետք է նրանց ընդհանուր շահերի շրջանակում գտնենք մեր դերն ու դերակատարությունը:

Տ.Կ.- Ունենք հեռախոսազանգ, պրն Գեղամյան:

Հ.Դ.- Բարև Ձեզ պրն Կարապետյան, բարև Ձեզ պրն Գեղամյան, ես ողջունում եմ ձեզ և ձեր հաղորդաշարը: Իսկապես, բավականին հետաքրքիր հաղորդում է:

Տ.Կ.- Դե, պրն Գեղամյանի հետ միշտ էլ հետաքրքիր է:

Հ.Դ.- Մեր բոլորի համար լուրջ խնդիր եք քննարկում, բայց ես կուզեի մի փոքր ձեզ շեղել ձեր թեմայից. պրն Գեղամյան, շատերը խոսում են ԱԼՄ հեռուստաընկերության բռնած ուղու մասին: Դուք ինչպե՞ս եք գնահատում ԱԼՄ հեռուստաընկերության որդեգրած ուղին, խոսքս հատկապես «Նոր անուններ» հաղորդաշարի մասին է, որը հասանելի է ողջ հանրապետությանը: Թեպետ շատերի, օրինակ, Շուշան Պետրոսյանի մոտ այն բավականին մեծ խանդ է առաջացնում, և այսօր էլ Հանրային ռադիոյով իր ելույթում Շուշան Պետրոսյանը չկարողացավ զսպել իր խանդը և վիրավորեց հազարավոր երեխաների նրանց անվանելով թափթփուկներ: Խնդրում եմ հայտնել ձեր տեսակետը:

Ա.Գ.- Հարցը շատ ավելի կարևոր է, քան կարող է ոմանց թվալ: Նախ, ասեմ, ես Շուշան Պետրոսյանի երգեցողական արվեստի, տաղանդի մեծ երկրպագուն եմ, բայց դա չի նշանակում, որ պետք է բաժանեմ նրա այս տեսակետը: Ախր, իմ հիշողության ձեռը ես կրակն եմ ընկել: Սրանից մի երեք տարի առաջ Շուշան Պետրոսյանի հորաքույրը` իմ կողմից շատ սիրված և հարգված Ալվարդ Պետրոսյանը, հեռուստատեսությամբ, երբ ասացին` դաշնակները մինչև հիմա ասում են ծովից ծով Հայաստան և առաջացնում են ոչ միայն Թուրքիայի, այլ նաև վերջինիս դաշնակից երկրների զայրույթը, շատ իմաստուն պատասխան տվեց տիկին Ալվարդը. նա ասաց` լավ, ինչի՞ եք ուզում մեզ երազից զրկել, դա մեր երազն է և Աստված կտա` էդ երազն իրականություն դառնա: Հարգելի Շուշանին ասեմ. մի՞թե դուք չեք տեսնում այն հարյուրավոր, հազարավոր երեխաների աչքերը, երբ ուրախության արցունքներ են թափվում, երբ հազարավոր երեխաներ ինքնադրսևորման պահանջ ունեն, որը չի բավարարվում պետականորեն այն մարմինների կողմից, որոնք կոչված են դա անել: Ոչ մի գյուղական մշակույթի օջախ չի գործում, մարզային մշակույթի և ոչ մի օջախ չի գործում, երգի, երգեցողության դասերը, որպես այդպիսին, վերացել են դպրոցներից: Ավելին էլ ասեմ, առիթ է եղել լինել գյուղերում, որտեղից երեխաները եկել են և, հավանաբար, հենց այս բեմից ելույթ են ունեցել, իսկ դուք գիտե՞ք, թե դա ինչ երևույթ է գյուղի համար, երբ համատարած թշվառության պայմաններում, ասես, լույս են տեսել իրենք` աշխարհի, Հայաստանի առջև հանդես գալու հնարավորություն են ստացել: Ամբողջ գյուղով իրենց մանչուկներին և աղջնակներին ճանապարհ են գցում, հարևաններից ով ինչ սիրուն զգեստ ունի տալիս է այդ երեխաներին, սա նրանց համար անասելի շրջադարձ է ամբողջ կյանքում և, իհարկե, Աստված ոչ անի, կարող է եզակի լուսավոր օրը լինի: Ինչի՞ ենք մենք այդ օրը փորձում նսեմացնել, անգամ իսկ պղծել` ավելի լավը չառաջարկելով: Այ, եթե ավելի լավն առաջարկեր մասնավորապես մշակույթի նախարարը, որն իշխանություններին դուր գալու համար սրանից մի տարի առաջ ասաց` ընդդիմությունը վիտամին D-ի պակաս ունի, չմոռանամ ասեմ ինքն ընդհանրապես ուղղակի տեղով մեկ պակասություն է: Ինչու կրթության նախարարը չի մտածում երգ-երգեցողության դասերն այն հիմքի վրա դնել, որ երեխաները, որոնք լավ ձայնային տվյալներ ունեն, բայց բեմի վրա իրենց պահել չգիտեն, է չեն սովորել, չեն տեսե... Այնպես որ, եթե մենք մի բանը քննադատում ենք, պետք է ավելի լավն առաջարկենք և կյանքի կոչենք: Ես այդ տեսակետին եմ, ավելին էլ ասեմ, հլա մի հատ մտածեք էլի իշխանավորներ, բա մեր երեխաները պետք է միայն և միայն, թող ինձ ների Տիգրան Կարապետովիչը, ԱԼՄ-ով ինքնաարտահայտման ձևը գտնեն, ուր են էն ճանապարհները, որտեղ են էն միջոցառումները, որոնք ժամանակին կազմակերպվում էին, այ դա արեք, դրա հետ մրցակիցը դառեք ԱԼՄ-ի, որ էդ երեխաները մտածեն` գնան ուրիշ տեղ երգեն ու երգեցողությամբ զբաղվեն: Կարծում եմ, որ հարգարժան Շուշան Պետրոսյանը, ինչու չէ նաև մեր տաղանդաշատ ու նրան սերնդակից երգիչները, երաժիշտները Տիգրան Կարապետյանի հետ կգնան գյուղեգյուղ և երեխաներին մինչև այս սրահը բերելը, հետները անվճար կպարապեն: Եվ, ինչպես Ալվարդ Պետրոսյանն էր ասում, մի զրկեք մեզ երազելու հնարավորությունից. եկեք մենք էլ չզրկենք այդ երեխաներին իրենց երազն ունենալու, իրենց երազը փայփայելու հնարավորությունից:

Տ.Կ.- Շնորհակալություն պրն Գեղամյան, լավ խոսքերի համար, ջերմ խոսքերի համար, բայց իրականությունը միայն երազ չէ, միայն երազանք չէ, արդեն կա ռեալ: Ուրեմն, Շուշան Պետրոսյանը գուցե շատ խելացի է և շատ լավ պատկերացնում է, տեսնում է մեր եթերի արդյունքը, որ մեր եթերն ի հայտ է բերում այնպիսի սուպերադամանդներ, ինչպիսին է Աննա Սահրադյանը կամ Մոնիկան, Տաթևիկը` Ջանֆիդայի թոռը, և դա վտանգ է իրենց համար, որովհետև ոչ տեսքով, ոչ կենդանի կատարմամբ նրանք չեն կարող հավասարվել, չեն զիջում, կամ մի բան էլ առավել են: Չեմ ուզում ասել, բայց այդպիսի միտված նախանձ ես դեռ չեմ տեսել, որովհետև Շուշան Պետրոսյանն երգելով ազգային երգեր, իրեն թույլ է տալիս խոսել յուրաքանչյուր եթերում և երեխաներին ասել թափթփուկներ կամ բաղաձայն զռռացողներ: Ես չեմ հասկանում կամ գոնե մի հատ հայելու մեջ նայեքԱմեն դեպքում երեխաների թասիբին ես դեռ կարող եմ կանգնել:

Ա.Գ.- Եվ ոչ միայն Դուք, ես էլ Ձեր կողքին եմ: Համոզված կարող եմ ասել` բարությունն ու սերը կփրկի բոլորիս: Որովհետև անկախ մեր կամքից, ինքներս երբեմն չենք գիտակցում, որ մի քիչ չարացել ենք, այս ընչազրկությունը փոխանակ մեր մեջ իմաստություն արթնացնի, շատ հաճախ, երբեմն ընդվզում է արթնացնում, դա շատ լուրջ է: Բնականաբար, այս բոլոր ծրագրերը կյանքի կոչելու համար գումարներ են պետք: Ես այնտեղ հիշատակեցի` ելույթիս սկզբում, այդ գումարները կան, գիտեք, Տիգրան Կարապետովիչ, երկրում կան, և ես խնդիր եմ դրել այսօր, իրոք, օգնության ձեռք մեկնել պրն Քոչարյանին: Մի ռեզերվի մասին էլ ասեմ. պրն Քոչարյան, անցյալ տարի հունվար-փետրվար ամիսներին, երբ ճշտվում էին էլեկտրաէներգիայի, գազի, հեռախոսավարձի, ջրի գները, մեկ դոլարի փոխարժեքը հաշվարկել էին 565-570 դրամ, դրանից ելնելով գին էին սահմանել: Հետո դոլարը անդունդային ընկավ, բայց էդ փոխարժեքը մնաց, ամբողջ տարի գործեց և հիշատակածս կազմակերպությունների գերշահույթները ամենամեղմ տվյալներով տասնյակ միլիոնավոր դոլարներ են կազմում: Դրա հետ մեկտեղ ևս մեկ ուրիշ ռեզերվ կա: Երևանը բոլորիս համար հոգեհարազատ է, դա մեր տունն է, մեր սիրտն է, այսօր, ցավոք սրտի, երևանյան հողերն աճուրդի են հանում և, ինչ եք կարծում, սիրելի երևանցիներ, աճուրդները տեղի չեն ունենում, իբր, գնողներ չլինելու պատճառով: Երեք անգամ, երբ աճուրդը տեղի չի ունենում, այդ հողերը շան մսի գնով իրենք են գնում` հենց աճուրդ կազմակերպողները. ռեզերվ է, ռեզերվ: Հիշատակածս կազմակերպությունները գերշահույթներից բյուջե մուտքեր արե՞ցին, իհարկե, չարեցին և, կարծում եմ, նախ պրն Ցոլակյանի աշխատանքի արդյունքում ակնհայտ է դարձել, որ անցյալում տարեկան կտրվածքով 70 միլիոն հարկային մարմիններում յուրացվել է, մի հատ տեսնեն, թե էն ժամանակ ով էր ղեկավարը, որ սրիկան էր: Կամ նույնը երևանյան հողերի մասին. փոխանակ քաղաքապետըէս հարցերի մասին մտածի` «Ազգային Միաբանությանը»  արգելում է իր ընտրողների հետ Նորքի զանգվածում հանդիպում կազմակերպել... Եվ հարյուրավոր միլիոն դոլարների գումարներ կհամալրվեն մեր բյուջեյում: Այդ գումարների համալրվելուն պես մենք կկարողանանք մեր երեխաների համար նաև ստեղծել այնպիսի պայմաններ, երբ նրանք ըստ բնակության վայրի կկարողանան անվճար երգեցողության, երաժշտության դասեր ստանալ: Եվ, կարծում եմ, այս հարցերը նույնպես կլինեն մեր իշխանությունների ուշադրության կենտրոնում: Մի գաղտնիք բացեմ հարգելի հեռուստադիտողներ…

Տ.Կ.- Պրն Գեղամյան, մեր հաղորդումը մոտենում է ավարտին

Ա.Գ.- Դուք ասել եք, ինչքան խոսենք խոսելու ենք, Տիգրան Կարապետովիչ…

Տ.Կ.- Մենք էլի ունենք հաղորդումներ, բայց մի հարցել եմ ուզում ուղղել. գուցե հարցը կոռեկտ չի , ուղղակի գյուղացիները խնդրել են ուղղել ձեզ այդ հարցը: Այդ հարցը վերաբերում է ձեզ և Ստեփան Դեմիրճյանին: Խոսքն աղետի գոտու , այդ կարկտահարված գյուղերի` Ջանֆիդայինի, Շենավանի , Փշատավանի և այլնի մասին է: Մարդիկ, իրոք, պայքարել են Ձեզ համար, ձայներ են տվել Ձեզ և Ստեփան Դեմիրճյանին ու զարմանում են, որ այդ ժամանակ ոչ Դուք, ոչ Ստեփան Դեմիրճյանը չեք այցելել այդ գյուղերը:

Ա. Գ.- Սիրելի ջանֆիդայցիներ, Արմավիրի մարզի իմ սիրելի ժողովուրդ, Դուք ինքներդ չափազանց լավ գիտեք, թե մարզպետարանից ձեզ ինչ են ասել: Ասել են` ընտրությունների ժամանակ Դուք ձեր ձայնը տվել եք Գեղամյանին, գնացեք Գեղամյանն էլ թող դրամական փոխհատուցում անի: Եթե ես այդ օրերին գայի ձեր կողքին լինեի , իսկ ես հոգով-սրտով, անշուշտ, ձեզ հետ եմ եղել, էն խղճուկ 100.000 դրամը, որ տվեցին ձեզ, փորձելով դրանով ձեր բերանները փակել, դա էլ չէին տա: Հիմա, ցավոք սրտի, որտեղ ժողովուրդն ինձ լավ է ընդունում, հենց հաջորդ օրվանից սկսած ձեռներից ինչ գալիս է` հետապնդումներ են անում: Սա է պատճառը: Բայց դա ամենևին չի նշանակում, որ դադարեցնելու ենք ձեզ հետ հանդիպումները: Ոչ, ուղղակի շատ ավելի մտածված, շատ ավելի հավասարակշռված այնպիսի քաղաքականություն մենք կդրսևորենք, որ իշխանությունները գան մեր դռանը չոքեն ու ասեն` խնդրում եմ ելույթ ունեցիր, ժողովրդին հանգստացրու: Զարգացումներն այնպիսին են լինելու, որ, այո, դուք, բոլորս սելաֆի պես քշելու ենք այս իշխանություններին, եթե վերջիններս լրջագույն հետևություններ չանեն այն դեպքերից, որոնք տեղի ունեցան հարևան Վրաստանում և Ուկրաինայում: Մի բան հիշատակեմ. ես ամենևին էլ չեմ ուզում հարևանի հարսին ավելի սիրունի տեղ դնել, քան մերն է, ոչ, բայց մի թիվ ասեմ: Ստրասբուրգում հունվարի 26-ին Միխայիլ Սահակաշվիլին ելույթով հանդես եկավ, սիրելի ժողովուրդ, «վարդերի հեղափոխությունից»  հետո մեկ տարվա ընթացքում Վրաստանի բյուջեի եկամուտները 380 միլիոն դոլարից հասել են 1 միլիարդ 800 միլիոն դոլարի, 5 անգամ աճել են: Հարց տվեցին Եվրախորհրդի պատգամավորները, լավ, էտ ի՞նչ հրաշք էր, ինչի՞ հաշվին, ասաց` գողությունն ենք պակասեցրել: Ուրեմն, անկախ փորձագետների վերլուծությունների արդյունքում, եթե մինչև «վարդերի հեղափոխությունը»  Վրաստանի իշխանություններին և ոստիկանությանը համապատասխանաբար վստահել է ազգաբնակչության 5-ից 7%ը, ներկայումս վստահում է 95%-ը:

Последние видеоматериалы

Новые книги