Հայաստանի հասունության հերթական փորձությունը. թասի՞բ, թե՞ պետականություն

08.02.2017, 1in.am

Հայաստանի Ազգային ժողովում հանպատրաստից քննարկում է ծավալվել ՌԴ և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Լապշինի գործի վերաբերյալ, որին Ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար, ձերբակալեց Բելառուսի իշխանությունը Մինսկի օդանավակայանում և արտահանձնեց Ադրբեջանին:

Խորհրդարանում հնչել են Բելառուսին պատասխանելու ամենատարբեր առաջարկներ՝ Հայաստանի դեսպանին հետ կանչելուց, մինչև ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարց դնելը, եթե ՀԱՊԿ անդամը կարող է անել այդպիսի, մեղմ ասած, ոչ բարեկամական քայլ:

Բավական անսպասելի պետք է համարել ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունը, որ պետք է դնել ՀԱՊԿ-ում ոչ թե Հայաստանի, այլ Բելառուսի անդամակցության նպատակահարմարության հարցը: Հետաքրքրական է, իհարկե, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի հայտարարությունը, որը փաստորեն առաջարկել էր պատասխանատվության սլաքը հեռացնել ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից՝ հայտարարելով, որ հարցը պետք է դնել ԵԱՀԿ-ի առաջ: Գեղամյանն, իհարկե, այս առումով իր դերակատարման մեջ է:

Այս ամենով հանդերձ՝ ինքնին փաստը, որ Հայաստանի խորհրդարանում ծավալվում է նման՝ թեկուզ հանպատրաստից քննարկում, արդեն իսկ ողջունելի է, թեև, իհարկե, այստեղ կա երկու հանգամանք. կլինե՞ր նման քննարկում, եթե խոսքը չվերաբերեր Բելառուսին, և ներկայումս լարված չլինեին Ռուսաստանի և Բելառուսի հարաբերությունները, ինչը Հայաստանի խորհրդարանականների համար կարող է կանաչ լույս լինել Ռուսաստանից Բելառուսի դեմ գրոհների համար, քանի որ խորհրդարանական մեծամասնության համար Ռուսաստանի հանգամանքը, իհարկե, հույժ կարևոր է:

Մյուսը նախընտրական շրջանն է, և խորհրդարանական մեծամասնության համար սա լավ առիթ է՝ հատկապես կանաչ լույսի առկայության պարագայում, «հերոսանալու» ընտրողների առաջ՝ ցույց տալով, թե ինչպիսի քաջարի կամքով են պաշտպանում Հայաստանի շահերը: Մինչդեռ այդ կամքը հավաստի կարող էր լինել, եթե խորհրդարանական մեծամասնությունը այդ շահերը պաշտպաներ նույն կերպ այն բոլոր դեպքերում, երբ այդ շահերը ոտնահարում են Ռուսաստանի գործողությունները:

Ահա այս տեսանկյունից խորհրդարանում ծավալված քննարկումը զգալի մասով դեռևս, մեղմ ասած, հավաստի չէ, քանի դեռ թե՛ խորհրդարանը, թե՛ պաշտոնական Երևանն ընդհանրապես չեն ձևակերպել առավել կոնկրետ քաղաքական մոտեցումներ և չեն կատարել կոնկրետ քայլեր կամ չեն նախանշել դրանց մոտավոր ուղղություններ: Միայն դրանից հետո պարզ կլինի, թե ինչքանով է Երևանի քաղաքական արձագանքը ստեղծված իրավիճակին ադեկվատ: Այդ դեպքում պարզ կլինի՝ գործ ունենք պարզապես նախընտրական ցուցադրական ելույթների հե՞տ, թե՞ իսկապես բովանդակալից քաղաքական արձագանքի և պետական ինքնիշխանության ու արժանապատվության դրսևորման հետ:

Մյուս կողմից՝ ակնհայտ է մի բան, որ անգամ այդ արժանապատվության և ինքնիշխանության դրսևորումը չպետք է լինի «թասիբի հարց»: Վերջին հաշվով՝ մեղմ ասած, հավանական է և այն, որ ինչ-որ մեկը կարող է նաև «թասիբի գցել» Հայաստանին ու այդպիսով մղել գործողությունների և քայլերի, որոնք Հայաստանին կբերեն ընդամենը հերթական բարոյական հաղթանակը՝ ուժի մեջ թողնելով քաղաքական անհաջողությունը կամ պարզապես բերելով քաղաքական պարտության:

Հետևաբար Հայաստանի առաջնային խնդիրը պետք է լինի «թասիբի չընկնելը», այլ քաղաքական արձագանք պատրաստելը, որը իր բովանդակությամբ, թիրախներով և հեռանկարներով հասկանալի կլինի թե՛ Հայաստանի հասարակությանը, թե՛ միջազգային հանրությանը, քանի որ ակնհայտ է՝ խնդիրը ունի շատ ավելի լան ընդգրկում, քան ԵՏՄ կամ ՀԱՊԿ շրջանակներն են, և Հայաստանը տվյալ պարագայում ունի հենց այդ լայն շրջանակ ներառող մեսիջների անհրաժեշտություն:

Խոշոր հաշվով՝ ստեղծված իրավիճակը Հայաստանի համար ամենևին ողբերգություն կամ ճակատագրական տապալում չէ, այլ խնդիր, որն իսկապես կարող է ունենալ լուրջ հետևանքներ, սակայն ոչ թե ինքնին լինելով այդպիսին, ոչ թե հենց ինքն իր բովանդակությամբ, այլ ավելի շատ նրանով, որ Հայաստանի պետական հասունության հերթական փորձությունն է, և Հայաստանի համար խնդիրը կարող է լինել հենց պետական հասունության այդ փորձությունը կամ քննությունը հերթական անգամ տապալելը:

Ըստ այդմ՝ Հայաստանը ներկայումս ունի հասուն արձագանքի, աշխարհին հասունության վկայական ներկայացնելու անհրաժեշտություն:

Последние видеоматериалы

Новые книги