Շատ մի ատիր, սիրել կա` Արտաշես Մամիկոնիչի մտերմությունը ՀՀԿ-ի հետ հենց այս սկզբունքով է բացատրվում

22.03.2012, mardik.am

ՀՀԿ-ի համամասնական ցուցակն արդեն հայտնի է, որտեղ ՀՀԿ-ն ընդգրկել է նաև «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանին, այն դեպքում, երբ Արտաշես Գեղամյանը տարիներ շարունակ քննադատել  է, իր խոսքերով ասած, քոչարյանասերժական հանցավոր կլանը, իսկ այսօր նա դարձել է այդ կլանին առնչվող ցուցակի մի անդամը: Որպես ասվածի օրինակ` մեջբերենք   2007 թ.փետրվարի 15-ի «Ազգային միաբանության» դիմումը հայ ժողովրդին`«Հայրենակիցներ, Ռ.Քոչարյան-Ս.Սարգսյան զույգի և նրանց սատարող ղարաբաղյան հանցավոր կլանի ջանքերով ջլատվել է մեր ազգային ներուժը, խորացել է ժողովրդի հիասթափությունը, հուսալքությունը և ատելությունը վարչախմբի հանդեպ… Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում քաղաքական այն ուժերին, ովքեր լի են վճռականությամբ պայքարելու Քոչարյան-Սարգսյան զույգի հենարան հանդիսացող և օրենքից դուրս գործող քրեածին-օլիգարխիկ ղարաբաղյան կլանի դեմ…»: Հետաքրքիր է` այսքանից հետո ինչպե՞ս  է Արտաշես Մամիկոնիչն աշխատելու այդ կլանի հետ: Mardik.am-ը այս  թեմայով զրուցեց Արտաշես Գեղամյանի հետ:

Mardik.am- Պրն Գեղամյան,  Դուք Ձեզ իրո՞ք համարում եք «թարմ դեմք» ՀՀԿ-ում, և ո՞րն է լինելու Ձեր  դերը ՀՀԿ-ում:

Արտաշես Գեղամյան- Թարմ լինում են միրգը, պտուղը, բանջարեղենը: Անհատները և թարմ բառը   իրար հետ չեն խոսում: Դա վիրավորական հարցադրում է: Իսկ թե ինչ պետք է անեմ, դա հեռախոսով հարցազրույց տալու առարկա  չէ: Հայրենանվեր շատ ու շատ գործեր պետք է անեմ: Խնդրեմ Ձեր երկրորդ հարցը:

Mardik.am- Ձեզ համար անսպասելի՞ էր  ՀՀԿ ցուցակում Ձեր հայտնվելու հանգամանքը:

-Ոչ: 2008 թ. հարգարժան Սերժ Ազատի Սարգսյանը ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը և երդմնակալության արարողության ժամանակ կոչով դիմեց մեր հանրությանը` ասելով` եկեք միասին բարեփոխենք մեր երկիրը, և մենք բաց ենք բոլոր այն ուժերի համար, որոնք պետության շահը բարձր են գնահատում կուսակցական, անձնական շահերից: 2008 թ. ապրիլի 9-ի այդ ելույթից հետո «Ազգային միաբանությունն»  իր համար որոշում կայացրեց, որ  եթե մենք  իրավամբ հայրենասեր ենք, և  Հայաստանի շահն է գերիշխում մեր բոլոր մտորումներում, ապա մենք պետք է դրականորեն արձագանքեն ՀՀ Նախագահի այդ կոչին և համագործակցենք: Եվ ժամանակը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք, հետևաբար մեզ համար Հանրապետական կուսակցության ընտրացուցակում իմ և կուսակցական գործընկերներիս ներգրավվելը անակնկալ լինել չէր կարող: Ուրիշ բան, որ ներկայումս համագործակցությունը որակապես այլ փուլ է տեղափոխվում, այն է`  եթե Աստված հաջողություն բերի, ապա պատգամավորի պաշտոնին հայտնվելուց հետո նոր, ավելի բարդ, ավելի պատասխանատու փուլ կտեղափովի  մեր համագործակցությունը:

Mardik.am- Դուք Ձեզ վատ չե՞ք զգում, որ հայտնվել եք ցուցակի այնպիսի մի տեղում, որտեղ Ձեզանից առաջ Շուշան Պետրոսյանն է, իսկ հետո` Խոսրով Հարությունյանը:

 

-Ինձ համար մեծ պատիվ է, որ ինձ նախորդում է Շուշան Պետրոսյանը, քանի որ դեռ տարիներ առաջ ասել եմ, որ նա մեր հանրապետության տաղանդավոր, ուսյալ և կիրթ արվեստագետներից մեկն է: Ինչ վերաբերում է հարգարժան Խոսրով Հարությունյանին, ապա նա մեծ ծառայություններ ունի հայոց պետականության կայացման գործում: Այնպես որ Ձեր մոտեցումը ընտրացուցակը առաջինների և վերջինների դասակարգելու,  խոսում է այն մասին, որ,  հավանաբար, Դուք քրիստոնյա չեք և Աստվածաշունչ չեք կարդում, քանի որ հակառակ դեպքում նման հարց չէիք տա: Չկան առաջիններ և վերջիններ, առաջինները կարող են վերջիններ դառնալ, վերջինները` առաջին, եթե իրենք ընտրյալ չեն, այլ կանչված են: «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդն ընտրյալ է, քանի որ ինձ բազմահազարանոց կուսակցությունն առաջնորդ է ընտրել:

(կներեք, պրն Գեղամյան, ինչպես ժողովրդական խոսքն է ասում` Ձեր խոսքը շաքարով կտրեմ: Աստվածաշունչն ու քաղաքականությունը, այն էլ հայաստանյան քաղաքականությունը, իրարից բավականին  տարբեր և գրեթե ընդհանրություններ չունեցող հասկացություններ են, հետևաբար մեր հարցը շատ էլ տեղին էր, քանի որ եթե աստվածաշնչյան պահաջներով դատելու լինենք, ապա ոչ մի կուսակցության ներկայացուցիչ խոսելու իրավունք չի ունենա, առավելևս Աստծո և Աստվածաշնչի անունը տալու- խմբ.):

Mardik.am- Պրն Գեղամյան, Դուք հանրությանը հայտնի էիք և ընկալվում էիք  որպես  թունդ ընդդիմադիր,  ով տարիներ շարունակ քննադատվել է, ձեր իսկ խոսքերով ասած քոչարյանասերժական համակարգը,  իսկ այժմ, ըստ էության, Դուք դարձաք այդ  համակարգի մի մասը…

-Դուք շատ ճիշտ եք, ես թունդ ընդդիմադիր եմ, ես խստագույնս  քննադատել եմ թե´ պրն Քոչարյանին, թե´ պրն Սերժ Սարգսյանին: Նրանք էլ իրենց կողմից բացարձակապես հետ չեն մնացել ինձ քննադատելու հարցում: Եղել է սուր քաղաքական պայքար: Եկավ պահ, որ վտանգված էր հայոց պետականությունը, երկիրը կարող էր մխրճվել քաղաքացիական պատերազմի հորձանուտ և այն ժամանակ` 2008 մարտի 1-ից հետո, ես և մեր կուսակցությունն արեցինք մեր ընտրությունը` հանուն հայոց պետականության:

Mardik.am- Այսինքն` Դուք պարզճակատ կարող եք նայել ձեր ընտրողների և Ձեզ հավատացողների աչքերի՞ն…

-Ոչ միայն պարզճակատ, այլև հպարտորեն կարող եմ նայել ընտրողներիս և հավատացած եմ, որ ընտրողներս կողջունեն մեր կուսակցության որդեգրած քաղաքականությունը, որի վառ ապացույցը մոտ քսան օր առաջ տեղի ունեցած իմ գրքի շնորհանդեսն էր, երբ հազարավոր կուսակից ընկերներիս ու համակիր մարդկանց չկարողացանք հրավիրել դահլիճի սահմանափակության պատճառով:

Mardik.am- Փաստորեն, ընտրություններից հետո չի բացառվում, որ Ձեզ էլ նշանակեն մի պաշտոնի, այնպես, ինչպես Ձեր կուսակցության փոխնախագահին` Ալեքսան Կարապետյանին, նշանակեցին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ։

-Աժ պատգամավորից կարևոր պաշտոն ՀՀ-ում ես մատների վրա կարող եմ հաշվել: Պաշտոնը կարևոր է իր բովանդակությամբ, որը դո´ւ կարող ես հաղորդել պաշտոնին` կրելով այդ պաշտոնը: Պատգամավորը ընտրյալի պաշտոն է, և դու պատասխանատու ես ժողովրդի առաջ:

Mardik.am- Թեև ժամանակ էլ արդեն չկա, բայց Դուք նախընտրեցիք մեծամասնականով չառաջադրվել:

-Իմաստը դրա չեմ տեսնում: Եթե դու հանրապետությունով  մեկ պատրաստ ես քարոզարշավ տանելու,   քո հնարավորությունները, գիտելիքը, պոտենցիալը կենտրոնացնես մի փոքր տարածաշրջանում,  ապա դա պոտենցիալի թերարժեք օգտագործում կլիներ և արդարացված չէր լինի:

Mardik.am- Իսկ միգուցե ֆինանսական ռեսուրսների պակա՞սն է Ձեզ ստիպել նման որոշում կայացնել:

-ԱԺ ընտրությունները, եթե որևէ մեկը փորձի կապել  ֆինասնական ռեսուրսների սակավության հետ, ի սկզբանե կնշանակի, որ նա  չի պայքարելու, տրամադրված չէ ժողովրդի սրտերը շահելու, այլ ուզում է շեշտը դրած  լինի ժողովրդի որոշակի հատվածի ստամոքսային պահանջները բավարարելու վրա:

Mardik.am- Պրն Գեղամյան, ես նկատի ունեմ Ձեր ֆինանսական ռեսուրսների բացակայությունը…

-Ես արդեն  սպառիչ պատասխանեցի, պատասխանն առանց փոփոխության ենթարկելու թղթին տվեք, հասկացողը կհասկանա` ինչի մասին է խոսքը:

Mardik.am- Պրն Գեղամյան, նորից անդրադառնանք Ձեր ընդդիմադիր կեցվածքին: Այսքան տարիներ քննադատելով քոչարյանասերժական այս համակարգը` ինչպե՞ս եք աշխատելու նրանց հետ, շատերի համար դա զարմանալի է:

-Զարմացողներին խորհուրդ կտամ կանգ չառնեն և շարունակեն զարմանալ, մեր կյանքը ստատիկ վիճակի չհանգեցնեն: Երբ դու հայրենիքդ շատ ես սիրում և սիրում ես անկեղծ սրտով, հոգով, երբ դու տեսնում ես, որ քո քաղաքական հակառակորդը նույնպես սիրում է իր հայրենիքը, հայրենասեր է, ապա դու, եթե տրամաբանող մարդ ես, մտածում ես` ինչո՞ւ եմ ես կարծում, որ մենակ ես եմ նվիրված մեր հայրենիքին, մեր ժողովրդին: Չէ՞ որ դիմացիններն էլ կարող է մեծ առաքելություններ ունեն, մեծ  վաստակ ունեն, ուստի,  եթե սիրում ես քո պետությունը, հնարավոր չէ չհամագործակցել: Խոսքս վերաբերում է Սերժ Սարգսյանին և ոչ երբեք Ռ.Քոչարյանին: Սերը հանդեպ մեր ժողովուրդը մտերմացրեց «Ազգային միաբանությանը» ՀՀԿ-ի հետ, մասնավորապես ինձ` երկրի նախագահի և հանրապետական կուսակցության լիդերների հետ: Տարիներ շարունակ միասին աշխատել ենք  ԱԺ-ում, ինչու չէ`նաև  տարիներ շարունակ մեր երկրի պատիվն ենք պահել միջազգային կառույցներում` Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում, ԵԱՀԿ-ում:

Mardik.am- Պրն Գեղամյան, շրջանառվող լուրերի համաձայն` Ձեզ ընդգրկել են ՀՀԿ-ի համամասնական ցուցակում` ՀԱԿ-ին քննադատելու համար: Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ:

-Դրանք տկարամիտ դատողություն ունեցող մարդկանց խոսակցություններ են: Ես անձերի չեմ քննադատում: Ես քննադատում եմ վարվող քաղաքականությունը` ՀԱԿ-ի որդեգրած ներքին քաղաքականությունը: Ի՞նձ համար անձերը նշանակություն չունեն, երևույթներն են կարևոր, որ կարողանաս գնահատես այդ երևույթները, արդյոք դրանք օգտակա՞ր են երկրի համար, թե՞ վնասակար: Եթե վնասակար են, ապա մատնանշում ես, և այն մարդիկ, ովքեր սերմանում են այդ երևույթները,  խստագույնս քննադատվում: Հետո խնդրում եմ մի նեղացրեք իմ հնարավորությունների սահմանը, մի դրեք ինձ այն կաղապարի մեջ, թե պետք է ՀԱԿ-ին քննադատեմ: Հարկ եղած դեպքում, ինչու չէ` ինքնաքննադատությամբ էլ կզբաղվեմ, նաև քննադատությամբ այն ուժերի, որոնք ճիշտ քաղաքականություն չեն վարում:

Mardik.am – Փաստորեն, այս ընթացքում կարող է նաև անգամ ՀՀԿ-ի՞ն քննադատեք:

-Անտարակույս, եթե տեսնեմ ՀՀԿ-ի առանձին մարդիկ (կուսակցութունն ամբողջությամբ չի անի դա երբեք) շեղվում են երկրի նախագահի հրապարակած և ստանձնած ծրագրերից, իհարկե կքննադատեմ: Ինչ, երկերեսանություն անե՞մ, որ բոլորին դուր գամ, ո´չ: Որ պահին նրանք շեղվեցին Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրից, կքննադատեմ, քանի որ ինքս էլ եմ ինձ պատասխանատու զգում այդ ծրագրերի իրականացման համար, քանի որ ես ինքս ընդգրկված եմ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում:

Զրուցեց Սոնա Դավթյանը

Последние видеоматериалы

Новые книги