ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐԸ 2010Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ.
ԱՐԴՅՈ՞Ք ԿԱՆԳՆԱԾ ԿԴԻՄԱՆԱՆՔ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՀԵՂԵՂԻ ՀԱՐՎԱԾՆԵՐԻՆ
01.08.2010
Ամառային այս տապին մակրոտնտեսական վերլուծություն կատարելը բնավ էլ ամենահաճելի զբաղմունքներից չէ: Սակայն դրա անհրաժեշտությունը ծագեց, երբ ս.թ. օգոստոսի 2-ին և 5-ին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն (ԱՎԾ) ու Կենտրոնական բանկը (ԿԲ) հրապարակեցին 2010թ. առաջին կիսամյակում հանրապետության սոցիալ-տնտեսական և ֆինանսական վիճակը բնութագրող տեղեկագրերը: Երկրի տնտեսությունում ստեղծված իրավիճակի վերլուծությունը դարձավ էլ ավելի արդիական, քանի որ հանրապետության գործադիր և ֆինանսական իշխանություններն այդ հրապարակումներից հետո, լուրջ մեկնաբանություններ անելու փոխարեն, հանդես եկան ելույթներով, ուր ՀՆԱ-ի 6,7% աճի կապակցությամբ հիացական գնահատականներ հնչեցրին, թե` «Մենք արձանագրում ենք, որ, իսկապես, լրջագույն փոփոխություններ են տեղի ունենում տնտեսական համակարգում: Դա սպասվածից մի քանի անգամ բարձր ցուցանիշ է, որը լավատեսություն է մեզ հաղորդում…» (մեջբերում` հուլիսի 24-ին հայաստանյան հինգ հեռուստաընկերություններին ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանի հարցազրույցից):
Իհարկե, կարելի էր այս և նույն բովանդակությամբ մյուս գնահատականներին, որոնց պակասը վերջերս չի զգացվում, վերաբերվել ցանկալին որպես իրականություն ներկայացնելու ձգտում, սակայն առկա զարգացումները, որոնք կարող են ազդեցություն թողնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա, հրամայաբար պահանջում են երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական դրությանը մոտենալ ազգային անվտանգության ապահովության տեսանկյունից: Եվ սա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ վերջերս` հուլիսի 22-ին, Հաագայում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց իր խորհրդակցական եզրակացությունը, թե 2008-ին Սերբիայից Կոսովոյի անկախացման միակողմանի ինքնահռչակումը չի հակասում միջազգային իրավունքին: Դրան հաջորդեցին ուժի միջազգային կենտրոնների` ԱՄՆ-ի և Եվրամիության հայտարարություններն առ այն, որ ընդունված բանաձևը բնավ չի կարելի նախադեպ ճանաչել չկարգավորված այլ հակամարտությունների համար: Անշուշտ, դա չէր կարող անհետևանք մնալ ադրբեջանական իշխանությունների համար, որոնք ավելի ու ավելի բացահայտ են հայտարարում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու իրենց վճռականության մասին:
Հաշվի առնելով այս ամենը` անհրաժեշտ ենք համարում, որպեսզի երկրի ճակատագրով մտահոգ քաղաքական յուրաքանչյուր ուժ իր սրբազան պարտքը համարի մեր հանրապետության տնտեսությունում, ֆինանսական, սոցիալական ոլորտներում առկա այն բոլոր խնդիրների վերհանումը, որոնց լուծումների ձգձգումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի անվտանգության ապահովման վրա: Ըստ որում, կարևոր է, որ ստեղծված սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակի վերլուծումը դիտարկվի դրա շարժընթացի մեջ` անհրաժեշտ պարզաբանումներ տալով վերջին երկուսուկես տարում երկրի տնտեսական, ֆինանսատնտեսական և սոցիալական ոլորտների վիճակը բնութագրող հիմնական ցուցանիշների փոփոխությունների կապակցությամբ:
Подробнее...ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ
ՀԱՄԵՆԱՅՆԴԵՊՍ, ԱՅԴ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԼՈԲԱԼ ՇԱՀԵՐԸ
01.07.2010
Կանադական Մոսքոկ առողջարանային քաղաքում 2010թ. հունիսի 26-ին կայացած G-8 գագաթաժողովի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները հանդես եկան հայտարարությամբ: Չլինեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների երեք նախագահների հայտարարությունում հայոց պետության համար անցանկալի ներքին և արտաքին քաղաքական հետևանքներով հղի խիստ տագնապալի գնահատականները և եզրահանգումները, գուցեև չանդրադառնայինք այս թեմային: Մանավանդ, որ այդ հայտարարության տեքստը գրեթե կրկնում է նույնատիպ այն փաստաթղթի բովանդակությունը, որն ընդունվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների նախագահների կողմից 2009թ. հուլիսի 10- ին Աքվիլայում (Իտալիա): Սակայն ներկայիս իրողություններն այնպիսին են, որ պետությունները, անգամ գերտերությունները, ի վիճակի չեն ինքնուրույն լուծել տարիներ շարունակ ձգձգվող հակամարտությունները իրենց հարևանների հետ, նույնիսկ եթե ակտիվում ունեն սեփական ուժերի կողմից մարտադաշտում տարած ռազմական հաղթանակներ: Պահանջվում է այդ հաղթանակների լեգիտիմացում, որն ի զորու են անել միայն մեծ տերությունները միջազգային իրավունքին համապատասխան, որն, իր հերթին, իրավունք է տալիս հայկական կողմին պնդել. Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումը և ճանաչումը որևէ կերպ չեն հակասում միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին:
Ղարաբաղյան հակամարտությունը ներկա պահին գտնվում է լուծման երկրորդ փուլում: Առաջին փուլը պատերազմն էր, որտեղ հաղթանակը հայկական կողմինն էր: Ներկա փուլը պակաս նշանակալի չէ, քանի որ մենք այսօր փորձում ենք հասնել հաղթանակի լեգիտիմացման և դրա արդյունքների իրավաբանական ամրագրման: 16 տարի շարունակվող բանակցային գործընթացը, հավանաբար, առայժմ հեռու է ավարտված լինելուց, սակայն, այնուամենայնիվ, երեք մեծ տերությունների առաջնորդների` Կանադայում արված հայտարարությունն առանձնանում է այդ երկարատև գործընթացում, ուստի և հարկավոր է ավելի հանգամանալի անդրադառնալ դրան:
Ուզում եմ սկսել նրանից, որ Հայաստանի համար տագնապալի այս ժամանակներում անհրաժեշտ է դադարեցնել անիմաստ զրույցները հանրապետության արտգործնախարարին անվստահություն հայտնելու թեմայով, տեղի-անտեղի, օրումեջ կազմակերպվող, աչք ու ականջ ցավեցրած մամուլի ասուլիսները: Եվ բավ է զբաղվել միջկուսակցական գզվռտոցով` իրական ընդդիմադիր լինելը ցույց տալու նպատակով: Էլ չեմ խոսում առանձին իշխանավորների մասին, որոնք հովանավորում են քաղաքական զանազան շրջմոլիկների և կուսակցություններ փոխած շառլատանների, օգնում նրանց, որոնք իրենց դասալիք ազգականների հանդեպ ընդունելի դատավճռի և աշխատանքի տեղավորվելու դիմաց փորձում են զրպարտել իրենց թայֆայից դուրս, այժմ ՀՀ Նախագահին աջակցող քաղաքական գործիչներին… Հայաստանի քաղաքական դասը պարտավոր է համախմբել իր ինտելեկտուալ և կազմակերպական ողջ ներուժը` դիմակայելու մեր պետականության համար վտանգավոր մարտահրավերներին ու սպառնալիքներին: Մարտահրավերներ ու սպառնալիքներ, որոնցով, ավա՜ղ, ներծծված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների ընդունած հայտարարությունը:
Подробнее...