Ռուսաստանի արտաքին քաղաքական նախաձեռնությունների հաջողությունը խաղաղության պահպանման երաշխիքն է

21.12.2021, Ռեգնում

https://regnum.ru/news/polit/3458005.html

22.12.2021, Livenews.am

https://livenews.am/press/2021/148663/22/12/02/

22.12.2021, Իրավունք

https://iravunk.com/?p=220944&l=am

Անոտացիա

Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև անվտանգության երաշխիքների մասին Պայմանագրի և Ռուսաստանի Դաշնության և Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների անվտանգության ապահովման միջոցների մասին Համաձայնագրի նախագծերի հրապարակումից հետո անցել է արդեն հինգ օր։

Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև անվտանգության երաշխիքների մասին Պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) և Ռուսաստանի Դաշնության և Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների անվտանգության ապահովման միջոցների մասին Համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) նախագծերի  հրապարակումից հետո անցել է արդեն հինգ օր։ Անցած օրերին մենք դարձանք հավաքական Արևմուտքի տարբեր առաջնորդների բավական նյարդային հակառուսական հարձակումների վկաները։ Կարդալով և վերլուծելով ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության ամենատարբեր տրամաչափի պաշտոնատար անձանց բազմաթիվ հոդվածներն ու հարցազրույցները՝ եկա միանշանակ եզրահանգման. Ռուսաստանը, հասկանալու համար բավական մատչելի լեզվով, բացատրեց հավաքական Արևմուտքին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի վարած գծի վտանգավորությունը, որը հղի է Երկիր մոլորակը գլոբալ աղետի մատնելու սպառնալիքով։ Այս պայմաններում լավատեսություն է ներշնչում ՉԺՀ նախագահ Սի Ձինփինի հստակ դիրքորոշումը, որը սատարեց ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համար սահմանափակումների ռուսաստանյան նախագծերին՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ։

Մանրամասն չեմ ներկայացնի նկատառումներս այս բախտորոշ նախագծերի վերաբերյալ, բնավ ո՛չ մտքերի բացակայության պատճառով, որոնք համոզչորեն կվկայեին դրանց չափազանց պահանջված լինելու մասին։  Ոչ, իհարկե ոչ։ Ես լիովին գիտակցում եմ Պայմանագրի 8 և Համաձայնագրի 9 հոդվածներից յուրաքանչյուրի ողջ խորությունը, միջուկային աղետը կանխելու դրանց ուղղվածությունը՝ հավակնելու համար այդ փաստաթղթերի բազմապլան, պրոֆեսիոնալ վերլուծությանը, փաստաթղթեր, որոնք հավաքական Արևմուտքի կողմից լիովին հասկացվելու և ընդունվելու պարագայում հիրավի կարող են գնահատվել որպես պատմական։ Առանց ավելորդ պաթոսի կարող եմ ասել, որ 2021թ. դեկտեմբերի 17-ին, կարդալով Պայմանագիրը և Համաձայնագիրը, համակվեցի հպարտության զգացումով Մեծ Ռուսաստանի, նրա արժանապատիվ առաջնորդի՝ մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության համար։ Միևնույն ժամանակ, Պայմանագրի և Համաձայնագրի հրապարակումից հետո ես անհամբերությամբ սպասում էի ՀԱՊԿ անդամ պետությունների գագաթաժողովի շտապ գումարմանը, էլ չեմ ասում՝ Հայաստանի Հանրապետության (որին 2022թ. անցնելու է ՀԱՊԿ նախագահությունը) ղեկավարության։ Ավաղ, ես հաշվի չէի առել, որ եթե նման բան պատահեր, ծերուկ Սորոսն ու Էրդողանի բարեկամ, Թուրքիայում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան, այժմ՝ MI6-ի շեֆ Ռիչարդ Մուրը կհանեին Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնից Պոտոմակի ափերի և մառախլապատ Ալբիոնի ափերի հատուկ ծառայություններից ունեցած ստրկական կախվածությունից ազատվելու թույլ ճիգերի պատճառով։

Վերջաբանի փոխարեն. Ստեղծված ավանդույթի համաձայն՝ հոդվածներս (նամակներս) փորձում եմ ավարտել լավատեսական նոտայով։ Ցավոք, լավատեսության համար հիմա հիմքեր չկան։ Ի դեպ, չեմ շտապի եզրակացություններ անել։ Այսպես, երեկ՝ 2021թ. դեկտեմբերի 21-ին, «Ազգային անվտանգություն» կուսակցության քաղխորհուրդն իր արտահերթ նիստում հաստատեց հայտարարության տեքստ, որում հստակ գրված է. «Անհրաժեշտ ենք համարում ստեղծել համապատասխան նախապայմաններ Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությանը Հայաստանի անդամակցության համար»։

Ինձ՝ որպես Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությանը Հայաստանի անդամակցության անայլընտրանքայնության համոզված կողմնակցի, ավելին՝ վերջերս հայերեն և ռուսերեն հրապարակված «Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությանը Հայաստանի անդամակցության այլընտրանքը պատերազմն է» հազար էջանոց գրքի հեղինակի, չափազանց ուրախացրեց այդ լուրը։ Չէ՞ որ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Սամվելի Իսագուլյանը Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների համակողմանի խորացման և զարգացման համոզված կողմնակիցն է։

«Ազգային անվտանգություն» կուսակցության հայտարարությունը չէր կարող չտագնապեցնել Հայաստանում իշխանության ղեկին գտնվողներին՝ հավաքական Արևմուտքի դրածոներին, որոնք գիշերուզօր հող են նախապատրաստում Հայաստանի Հանրապետություն ՆԱՏՕ անդամ Թուրքիայի ավելի մասշտաբային ներխուժման համար։ Եվ բնավ պատահական չէր, որ Թուրքիայի հետ Հայաստանի «ախպերության» գլխավոր բանակցող է նշանակվել Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, սորոսյան թոշակառու Ռուբեն Ռուբինյանը, որը հասցրեց մեկ տարի սովորել Ստամբուլի համալսարանում, և որին խորհրդարանական ընդդիմությունը, ոչ անհիմն, բնորոշել է որպես թուրքերի գործակալ։ Հիշեցնենք ընթերցողներին, որ թուրքական կողմից թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման բանակցող է նշանակված ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։

Հարգելի ընթերցող, ահա Գառնիկ Իսագուլյանը 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո LiveNews.am ինտերնետ-հեռուստատեսությունում պարբերաբար, ապացույցներով պսակազերծում էր Փաշինյանի ու նրա թիմի՝ Արևմուտքի և Թուրքիայի հատուկ ծառայությունների դրածոների հակազգային էությունը։ Մեր օրերում փաշինյանական ռեժիմը հոգեվարքի փուլ է մտել, քանի որ հստակ հասկանում է, որ դատապարտված է հայ ժողովրդի դեմ կատարած չարագործությունների համար՝ Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությանը Հայաստանի անդամակցության համոզված ջատագովների դիրքերի ամրապնդման պայմաններում... Այսօր ցերեկը Գառնիկ Իսագուլյանը ձերբակալվել է։ Ինչպես այս աղաղակող անօրինության առնչությամբ պատկերավոր արտահայտվել է Իսագուլյանի կողմնակիցներից Արմեն Գրիգորյանը, Իսագուլյանի ձերբակալման գլխավոր պատճառը նրա անթաքույց հայրենասիրությունն է, ասել է թե՝ նրա հավատը Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությանը Հայաստանի անդամակցության անայլընտրանքայնության հանդեպ։

Արտաշես Գեղամյան    

Последние видеоматериалы

Новые книги