Հայաստանը քաղաքական դիակի զոհ չի լինի

 

30.10.2021, Ռեգնում

https://regnum.ru/news/polit/3411846.html

31.10.2021, Livenews

https://livenews.am/press/2021/139597/31/18/18/ 

01.11.2021, Իրավունք

https://iravunk.com/?p=216652&l=am

Անոտացիա

Հայաստանի իշխանությունները, իրագործելով Պոտոմակի ափերի (CIA) և մառախլապատ Ալբիոնի (MI6) հատուկ ծառայությունների հրահանգները, ապակայունացնում են իրավիճակը Հայաստանի և Իրանի սահմանամերձ շրջաններում։ Նրանց մտադրությունը Ադրբեջանի կողմից ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի հրահրումն է՝ վեհանձն խաղաղարարի դերում Թուրքիայի հետագա ներգրավմամբ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման բանակցային գալիք գործընթացում, որը ենթադրվում է անցկացնել Ռուսաստանի Դաշնության հովանու ներքո՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի գլխավորությամբ։

Անցած շաբաթվա իրադարձությունները Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ), չնայած թվացյալ առօրեականությանը, իմ ընկալմամբ, պահանջում են համակողմանի, խոր իմաստավորում, այն վտանգավոր վիճակի գիտակցում, որում հայտնվել է Հայաստանը մեր օրերում։ Հոդվածը նման խուճապային գնահատականներով սկսելը բնավ հեղինակի պարզունակ հնարքը չէ, որի նպատակն է ընթերցողներին դրդել մինչև վերջ կարդալ այն։ Բոլորովին սա չի դրդել ինձ խոհերս և տագնապներս կիսել ընթերցողների հետ՝ կապված Հայաստանի իշխանավորների՝ հայոց պետականության հիմքերի խափանմանն ուղղված սցենարի (որը մանրակրկիտ մշակվել է Պոտոմակի ափերի (CIA) և մառախլապատ Ալբիոնի (MI6) հատուկ ծառայությունների կողմից) իրականացման ավարտական ակտերի հետ։ Եթե, Աստված մի արասցե, նման բան պատահի, կստեղծվեն բարենպաստ պայմաններ Հայաստանի հանդեպ թուրքական պրոտեկտորատի հաստատման և փուլ առ փուլ Թուրքիային ենթարկման պայմանները։

Որպեսզի հարգելի ընթերցողին հասկանալի լինի, թե ինչի վրա է հիմնված իմ այսքան տագնապալի եզրահանգումը, վկայակոչեմ կոնկրետ փաստեր։

2021թ. հոկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության Վիճակագրական կոմիտեն (Վիճկոմ) հրապարակեց «Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2021թ. հունվար-սեպտեմբերին» ժողովածուն։ Վերլուծելով Վիճկոմի ժողովածուում ներկայացված ցուցանիշները՝ ակամա մեր աչքերի առջև գծագրվում է աղքատության, տագնապի և անելանելիության ճնշող պատկերը, որում հայտնվել է Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության զգալի մասը։ Խորհեք, հարգելի ընթերցող, Վիճկոմի ստորև ներկայացվող պաշտոնական տվյալների շուրջ։ 2021թ. սեպտեմբերին ՀՀ-ում տեղի է ունեցել առաջին անհրաժեշտության մթերքների սպառողական գների էական աճ, դիցուք. սննդամթերքի (ընդհանուր առմամբ) թանկացումը կազմել է 15,4%, խոզի մսինը՝ 40,2%, թռչնամսինը՝ 18,3%, ձվինը՝ 27,4%, կարագինը՝ 14,2%, այլ յուղատեսակներինը՝ 49,6%, բանջարեղենինը՝ 64,5%, կարտոֆիլինը՝ 66,7%, շաքարինը՝ 31,1%։ Ընդ որում՝ նշենք, որ ընթացիկ տարվա անցած ութ ամսում տեղի է ունեցել ՀՀ պետական պարտքի էական աճ։ Այսպես, եթե 2021թ. հունվարի 1-ին ՀՀ պետական պարտքը կազմում էր $7 մլրդ 968 մլն 486 հազ., ապա արդեն ս.թ. սեպտեմբերի 1-ին ՀՀ պետպարտքը կազմում էր $8 մլրդ 952 մլն 656 հազ.։ Արժանահավատ փորձագետների գնահատականներով՝ ընթացիկ տարվա վերջին գների նման աճի դեպքում Հայաստանի յուրաքանչյուր երկրորդ բնակիչ կհայտնվի աղքատության գծի մակարդակին։

Նշեմ, հարգելի ընթերցող, որ այս հակառեկորդը Նիկոլ Փաշինյան և Ко-ի լիարժեք անհամարժեքության համոզիչ վկայությունն է, և, ի դեպ, նման ելքը ի սկզբանե հստակ հաշվարկել էին 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջման ռեժիսորները։ Սույն մտահղացումը որքան ցինիկ ու նենգ, նույնքան էլ գործուն էր։ Չէ՞ որ այսքան ճնշող պատկերը ՀՀ-ում, երկրում, որը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ է, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ, երկրում, որը Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական դաշնակիցն է, պարարտ հող է ստեղծել հատուկ ծառայությունների (CIA և MI6) վարձկանների համար՝ օգտագործելու այս փաստերը իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը Ռուսաստանի վրա դնելու համար։ Նրանց փաստարկները կեղծ են և գռեհիկ, բայց և ոչ պակաս վտանգավոր։ Նրանք մեղադրում են Ռուսաստանին, որն, իբր, վասալական կախվածության մեջ պահելով Հայաստանի ղեկավարությանը, մեկուսացնում է նրան, ինչով ասես չեզոքացնում է հավաքական Արևմուտքի (իմա՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և Եվրամիություն) սրտցավ ու անզուսպ ցանկությունը՝ օգնության ձեռք մեկնել Հայաստանին։ Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, ընթերցողներին կխնդրեմ ծանոթանալ հավաքական Արևմուտքի քարոզիչներից մեկի հոգեցունց, «իմպրովիզացված» հանդիպման տեսանյութին (բնականաբար, տարածվում է սորոսական մաս-մեդիաներով), որը երկու օր առաջ տեղի է ունեցել Երևանի կենտրոնում (տե՛ս https://youtube.com/watch?v=moDeyi31PA&feature=share

Հատկանշական է, որ տխուր սոցիալական վիճակի մասին, որում հայտնվել է ՀՀ-ն, նշվել է նաև Համաշխարհային բանկի հրապարակած «Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսական զարգացումը, Գարուն, 2021» զեկույցում (Europe and Central Asia Economic Update, Spring 2021)։ Զեկույցը հայտնի պատճառներով ՀՀ «հաղթանակած» իշխանությունների կողմից (նկատի ունեմ փաշինյանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում 2021թ. հունիսի 20-ին) մնաց աննկատ, առավել ևս՝ չդարձավ ծայրահեղ տագնապալի վիճակի, որում հայտնվել է ՀՀ-ն, մանրակրկիտ իմաստավորման առարկա։ Հանուն արդարության նշենք, որ 2021թ. մարտի 31-ին ՀԲ այդ զեկույցի մասին հիշատակում եղավ ARKA NEWS Agency ինտերնետ-պարբերականում, որը հրապարակել էր հոդված՝ «Աղքատության մակարդակը Հայաստանում գերազանցել է 51%-ը 2020թ. - ՀԲ» վերնագրով (arka.am/ru/news/ society/uroven_bednosti_v_armenii_prevysil_51_v_2020_godu_vb)։

Կարևոր եմ համարում նշել, որ ՀՀ տագնապալի սոցիալ-տնտեսական վիճակն առկա է Հայաստանի քաղաքացիներին Ղարաբաղյան պատերազմի (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) հասցրած չսպիացող վերքերի պայմաններում։ Ընդ որում՝ հարկ է արձանագրել այն փաստը, որ տագնապի, խոր բարոյական անբավարարության զգացողությունը շարունակում է պահպանվել մինչ այժմ, Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարից մեկ տարի անց։ Հրադադար, որը հաստատվեց բացառապես Ռուսաստանի Դաշնության նախագահ, մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի ջանքերի շնորհիվ, որը կանխեց Արցախի Հանրապետության հայերի ցեղասպանությունը։ Եվ ահա, հարգելի ընթերցող, մեր տագնապալի օրերում, 2021թ. հոկտեմբերի 21-ին, «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի XVIII նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում, որի աշխատանքին մասնակցում էր Վլադիմիր Պուտինը, նիստի մասնակիցներից մեկը նրան Հարավային Կովկասի վերաբերյալ հարց տվեց, որում, մասնավորապես, ասվում էր. «...Մտածվել է ձևաչափ, որը ստացել է նաև Ռուսաստանի աջակցությունը՝ «երեք գումարած երեք»։ Բայց այն առայժմ չի գործում։ Իրանը, Ադրբեջանը և Ռուսաստանն ունեին ձևաչափ «Հյուսիս-Հարավ» միջանցքի վերաբերյալ։ Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան ունեին եռակողմ ձևաչափ, պայքար ահաբեկչության դեմ... Չե՞ք կարծում, որ անհրաժեշտ են ավելի արագացված նախաձեռնություններ, որպեսզի ստեղծվի ինչ-որ ձևաչափ»։ Չեմ թաքցնում, հարգելի ընթերցող, որ ամենայն մանրամասնությամբ դիտել եմ տեսանյութը և քանիցս կարդացել մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչի պատասխանը և, ընդ որում, խորհել այն մասին, թե ինչպիսին պետք է լինեն հայկական պետության գործողությունները, այո, այո, ես չսխալվեցի, պետության՝ Հայաստանի իշխանության և ընդդիմության, քաղաքացիական հասարակության, հնարավորինս կառուցողական կերպով օգտվելու համար Ռուսաստանի նախագահի տեսլականից «ընդհանուր առմամբ տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման պայմանների» ստեղծման մասին։ Մինչ թեմայի վերաբերյալ մտքերս արտահայտելը՝ ներկայացնեմ մեջբերում Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի պատասխանից. «...ավելի կարևոր բան, քան մարդկային կյանքերը պահպանելը, լինել չի կարող։ Այնուամենայնիվ, կան էլի կարևոր ասպեկտներ, դիցուք. պետք է ստեղծել ընդհանուր առմամբ տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման պայմաններ։ Այդ պայմանները կարող են ստեղծվել միայն այն դեպքում, եթե երկու կողմերը ընդունեն ձեռք բերված պայմանավորվածությունները որպես երկարաժամկետ, և երկու կողմում էլ գնահատեն, ուզում եմ ընդգծել սա, խաղաղ գոյակցության առավելությունները, իսկ դրանով շահագրգռված են բոլորը։ Ադրբեջանը շահագրգռված է, որպեսզի նորմալ իրականացվի կապը Նախիջևանի հետ, նաև շահագրգռված է, որպեսզի ապասառեցնի հաղորդակցությունները։ Առաջին խնդիրներից մեկը, որը կանգնած է Հայաստանի առջև, արդյունավետ տնտեսական կյանք հաստատելն է, արդյունավետ փոխգործակցությունը տարածաշրջանում, այդ թվում անգամ Ադրբեջանի հետ ապագայում։ Ըստ էության, Հայաստանը սրանով շահագրգռված է։ Ապասառեցնել իր հարաբերությունները Թուրքիայի հետ, դրանց արդիական բնույթ հաղորդել։ Եվ սա թե՛ մեկ, թե՛ մյուս դեպքում պետք է հանգեցնի գլխավոր նպատակին հասնելուն՝ երկու պետությունների անվտանգ գոյության ապահովմանը և տնտեսական զարգացման պայմանների ստեղծմանը։ Հնարավո՞ր է սա անել, թե՞ ոչ։ Հնարավոր է, և մենք արել ենք մեզանից կախված ամեն բան, որպեսզի արյունահեղությունը դադարեցվի (Աստված օրհնի Ռուսաստանը և Ձեզ, պարոն նախագահ – Ա.Գ.), և ոչ միայն։ Մեր խաղաղապահները արժանապատվորեն կատարում են իրենց պարտքը, արդեն ավելի քան 50 հազար փախստական վերադարձել է հայրենի վայրեր... Ամենագլխավորն այժմ սահմանին իրավիճակի վերջնական կարգավորումն է, և այստեղ, իհարկե, առանց Ռուսաստանի մասնակցության անհնար է որևէ բան անել։ Բայց այստեղ անգամ մեզ, թերևս, ոչ ոք այլևս պետք էլ չէ, երկու կողմերից և Ռուսաստանից բացի (ընդգծումն իմն է – Ա.Գ.)։ Ինչո՞ւ։ Կան շատ պարզ, պրագմատիկ բաներ, որովհետև ռուսական բանակի Գլխավոր շտաբում գտնվում են քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է անցել սահմանը միութենական հանրապետությունների միջև խորհրդային շրջանում... Գլխավորը՝ հասնել գլխավոր նպատակին՝ անվտանգության իրավիճակի ստեղծման և դրական հունով հարաբերությունների ապագա կառուցման։ Առայժմ նրանց, ինչ մենք դնում ենք մեր առջև որպես նպատակներ, ընդհանուր առմամբ մեզ հաջողվում է հասնել։ Իհարկե, պետք է նայել ապագային, տեսնել, թե ինչ կլինի հետո։ Բայց չէ՞ որ բանն այն չէ, որ մեր հայտարարության (նկատի է առնվում Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը – Ա.Գ.) համապատասխան հոդվածով նախատեսված է ռուսական զորակազմի մնալու ժամկետի հնարավոր երկարացում (նկատի է առնվում ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախի Հանրապետությունում – Ա.Գ.)։ Մի՞թե բանը դա է։ Բանն այն է, որպեսզի հարաբերություններ կառուցվեն երկու երկրների միջև։ Ահա թե ինչն է ամենագլխավորը։ Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի անել դա» (kremlin.ru/events/president/deliberations/66975)։

Շատ կցանկանայի հուսալ, հարգելի ընթերցող, որ վերոնշյալ իրադարձությունը և փաստերը, որոնք վկայում են ՀՀ ծանր սոցիալ-տնտեսական վիճակի մասին, դառնային հանգամանալից ուսումնասիրման և իմաստավորման առարկա ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության կողմից, բնականաբար, գործընթացին գիտնականների, քաղաքագետների, ստեղծագործ մտավորականության ներկայացուցիչների, ինչու չէ՝ նաև հավաքական Արևմուտքի կողմից շռայլորեն ֆինանսավորվող սորոսյան լափակերների, ինչպես նաև ազդեցության ամենատարբեր գործակալների լայն ներգրավմամբ։ Ես չսխալվեցի, հարգելի ընթերցող, երբ հիշատակեցի հայ հասարակությունում ՀՀ-ի հանդեպ բացահայտորեն թշնամական տրամադրված վերջին երկու կարգի մարդկանց։ Բարիք է, որ նրանք այնքան պրոֆեսիոնալ չեն, որպեսզի բանավեճերի ընթացքում կարողանան կոծկել իրենց գործատուների, իսկ ավելի պարզ՝ տերերի իսկական մտադրությունները, ինչը հետագայում կօգնի մշակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման սկզբունքային մոտեցումներ։ Մոտեցումներ, որոնք հասկանալի կլինեն Հայաստանի քաղաքացիներին, անգամ ընտրողների (նրանց ընդհանուր թվի) այն 25%-ին, որոնք Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրություններում քվեարկել են հօգուտ Փաշինյանի՝ Արևմուտքի հատուկ ծառայությունների կողմից ՀՀ-ի համար կործանարար մտահղացումներն իրականացնողի։

Կասկած չի հարուցում այն բացարձակ անհրաժեշտությունը, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ սկզբունքային դիրքորոշման մշակման ժամանակ պետք է հաշվի առնել աշխարհում ստեղծված ծայրահեղ բարդ աշխարհաքաղաքական իրադրությունը, որում գտնվում են միջազգային հարաբերությունների առաջատարները։ Խոսքը հավաքական Արևմուտքի երկրների մասին է, որոնք իրենց ձախողումները արտաքին և ներքին քաղաքականությունում կապում են Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի, որի կշռադատված, փաստարկված, համոզիչ արտաքին քաղաքականությունը, որը վարում է նրա նախագահը՝ մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, աստիճանաբար դառնում է հիրավի տեկտոնական տեղաշարժերի պատճառ Արևմուտքի առաջատար երկրների առաջնորդների գիտակցության մեջ։ Անգամ հյուսիսային դաժան Բորեաս քամին (անուն, որով իրեն հորջորջել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը), որն իր գործողություններով ավելի շատ է սկսում նմանվել եղբորը՝ ամենափափուկ քամուն, քնքուշ, թեթև Զեփիրոսին (հին հռոմեացիների պատկերացումներում), որը համարվում է գարնան ավետաբերը (մեր դեպքում՝ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը, որը, Գաբրիել Գարսիա Մարկեսի պատկերավոր արտահայտությամբ, «Պատրիարքի աշնան» տարիքում է), գիտակցել է Ռուսաստանի և նրա արժանավորագույն նախագահի գերազանցությունը և մեծությունը, իսկ այդ ճշմարտության գիտակցումը պատճառ է հանդիսացել, որպեսզի վերջերս, ղեկավարվելով մառախլապատ Ալբիոնի քաղաքական գործիչների գոյատևելու բացառիկ բնազդով, Բորեասը զանգահարի Վլադիմիր Պուտինին։ Թող ներեն ինձ հարգելի ընթերցողները նման քնարական շեղման համար, ապաշխարում եմ և այլևս չեմ չարաշահի ձեր համբերությունը, այլ ընդամենը հակիրճ կներկայացնեմ քաղաքական դասի արձագանքը Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի մոտեցումներին ընդամենը ՀՀ օրինակով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։

Եվ այսպես, 2021թ. հոկտեմբերի 27-ին խորհրդարանական մեծամասնությունը՝ հանձին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, մերժեց ՀՀ VIII գումարման ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների առաջարկած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծը, որը վերնագրված էր «Իրավիճակը շփման գծում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև և սահմանագծման խնդիրները» (այսուհետ՝ Փաստաթուղթ)։ Ուղղակի ասեմ, հարգելի ընթերցող, որ ծանոթանալով Փաստաթղթի տեքստին՝ ես համոզված էի, որ այն կարող է դրվել Հայաստանի քաղաքական դասի (իշխանությունների և ընդդիմության) և ընդհանրապես ողջ հայ հանրության համատեղ գործողությունների հիմքում՝ համախմբելու համար Ղարաբաղյան պատերազմի (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) աղետալի հետևանքների հաղթահարմանն ուղղված ջանքերը։ Ավելին, Փաստաթուղթը կարող էր դառնալ բոլոր առողջ քաղաքական ուժերի և ժողովրդի միասնական ճակատի ստեղծման հիմքը՝ չեզոքացնելու համար Հայաստանի պետականության գոյության սպառնալիքները, որոնք բխում են նեոօսմանյան և ափշերոնյան սուլթաններ Էրդողանից և Ալիևից։ Նման արձագանքի հույսերս և լավատեսական սպասումներս հիմնված էին Փաստաթղթում պարունակվող գնահատականների և եզրակացությունների վրա։ Փաստաթղթի արժեքավորությունը, իմ համոզմամբ, միջազգային իրավունքին և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթներին նրա լիակատար համապատասխանությունն է։ Ավելին, Փաստաթուղթը, որը ներկայացվել էր ՀՀ ԱԺ հաստատմանը, չի պարունակում ոչ մի հարձակում ՀՀ կառավարության, վարչապետ Ն.Փաշինյանի հասցեին, այսինքն՝ համակված է կառուցողականության ոգով, որը ներառում է դրանում առաջադրված գնահատականների սահմանադրականության մանրամասն հիմնավորումը (ինչը, իմ կարծիքով, տեղին էր ժամանակակից Հայաստանի բախտը որոշողներից ոմանց անգրագիտության պատճառով)։ Ամբողջովին չեմ ներկայացնի ընդդիմության առաջարկած Փաստաթղթի տեքստը, միայն մեջբերումներ կկատարեմ դրա տեքստից՝ «Հայաստանի Հանրապետության կառավարությունից պահանջում ենք» խորագրով. ա) ձեռնպահ մնալ որևէ բանակցությունից, բանավոր, թե գրավոր պայմանավորվածություններից, որոնք կխախտեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջները և հայ ժողովրդի հավաքական կամքը՝ արտահայտված Անկախության հռչակագրում (Հայաստանի Անկախության հռչակագիր – իրավական փաստաթուղթ, որում հռչակվում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը, և շարադրվել են հայկական պետականության հիմնարար սկզբունքները, ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում – խմբ.); բ) խորհրդարանի տարբեր ձևաչափերում ընթացող գործընթացների մասին, ապահովել Ազգային ժողովին հավաստի տեղեկատվությամբ Զինված ուժերում բարեփոխումների անցկացման հարցերում և ընդհանրապես անվտանգության համակարգի վերաբերյալ հնարավորության դեպքում դրսևորել հրապարակայնություն, անցկացնել ինչպես պրոֆեսիոնալ քննարկումներ, այնպես էլ քննարկումներ խորհրդարանական տարբեր ձևաչափերում; գ) առաջնագծում ապահովել անհրաժեշտ ինժեներական ամրացնող աշխատանքները և տեխնիկական համակարգերի տեղադրումը։ Արագացնել անվտանգության համակարգերի վերափոխումն ու արդիականացումը՝ դրանք դարձնելով չափակցված հետպատերազմյան շրջանի սպառնալիքներին և մարտահրավերներին»։     

Եվ ահա, հարգելի ընթերցող, ընդդիմության անգամ այսքան հակիրճ պահանջները ՀՀ կառավարությանը ձևական պատճառ դարձան, որպեսզի Փաստաթուղթը ՀՀ ԱԺ-ում արգելափակվի և չհաստատվի։ ՀՀ ԱԺ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հ.Կոնջորյանը հարցի վերաբերյալ իր ելույթում ասաց, որ Փաստաթղթի տեքստը խորհրդարանական մեծամասնությունը ստացել է երեկ, այսինքն՝ հոկտեմբերի 26-ին, օրվա երկրորդ կեսին (ըստ էության խոստովանելով, որ Փաստաթուղթը կուրատորների՝ նրանց արտասահմանյան ուղեվարների կամ ՀՀ-ում նրանց ներկայացուցիչների հետ համաձայնեցնելու ժամանակ չի եղել)։ «Քաղաքական մեծամասնությունը չի մասնակցել հայտարարության կազմման գործընթացին»,- նշել է նա։ Նրա խոսքով՝ հայտարարությունում կան նաև ձևակերպումներ, որոնք ներքաղաքական համատեքստ ունեն (ընդդիմությունը հաշվի չէր առել, որ Փաշինյան և Ко-ի համար չափազանց կարևոր է ոչ թե ներքաղաքական համատեքստը, այլ այն, թե ինչպիսին կլինի նրա արտաքին քաղաքական համատեքստը, և արդյո՞ք այն տեղավորվում է արտասահմանից հստակ կանոնակարգվող պրոկրուստյան մահճում, որը պատրաստել են հավաքական Արևմուտքի հատուկ ծառայությունները փաշինյանական Հայաստանի համար, որը դարձել է բանակցային գործընթացի առարկա), ինչպես նաև «մոտեցումներ, որոնք ընդդիմության քաղաքական նարատիվն են և չեն կարող լինել նման հայտարարության մեջ»։ Նման բարբաջանք լսելով խորհրդարանական մեծամասնության խմբակցության ղեկավարից՝ առաջինն, ինչի մասին մտածեցի, այն էր, որ նա բոլորովին չի հասկացել խորհրդարանի հաստատմանը ընդդիմության ներկայացրած Փաստաթղթի բովանդակությունը։ Եթե ընդունենք, թե հասկացել է, թե ինչի մասին է խոսվում հայտարարությունում, ուրեմն նա չի հասկանում «քաղաքական նարատիվ» սահմանման իմաստը։ Բայց այս հնարավոր փաստարկն էլ ես մի կողմ դրեցի՝ իմանալով այն մասին, որ Կոնջորյանը, ի տարբերություն Նիկոլ Վովաևիչի, ավարտել է Երևանի պետական համալսարանը, անգամ ասպիրանտուրան։ Ավելին, նրա անդրօվկիանոսյան կուրատորները (նախապես իմանալով, որ իրենց հովանավորությունը վայելող երբեմնի «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը իրենց իսկ սցենարով չի մտնելու ՀՀ VIII գումարման ԱԺ, այս գործչին մտցրին քաղաքական ուժ, որը գլխավորում էր իրենց դրածոն՝ իր իսկ սիրեցյալ Նիկոլ Վովաևիչը) չէին երաշխավորի նրան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում, եթե համոզված չլինեին, որ նա հլու-հնազանդ կկատարի իր քաղաքական կուրատորների առաջադրանքները։ Չեմ թաքցնի, հարգելի ընթերցող, որ 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո, երբ ՀՀ-ում իշխանության բերեցին Փաշինյանին, իմ երևակայությունը նոր շունչ ստացավ, իսկ այս թեման քննարկելիս իմ մեջ արթնացավ մի հետաքրքիր միտք, դիցուք. իսկ գուցե Փաշինյան և Ко-ն հատո՞ւկ ձախողեցին այդքան հրատապ Փաստաթղթի ընդունումը Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Ն.Փաշինյանի հետ ՌԴ նախագահ Վ.Վ. Պուտինի հնարավոր հանդիպման նախօրեին՝ հիանալի հասկանալով, որ Փաստաթուղթը չհաստատելը հետագա իրադարձությունների բնական զարգացման դեպքում լի է լուրջ բարդություններով Հայաստանի ներքաղաքական իրադրությունում։ Իսկ այդ դեպքում Փաշինյանը, վկայակոչելով ՀՀ-ում բարդացած ներքին իրավիճակը, կկարողանա հրաժարվել Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան գագաթաժողովից։ Ընթերցողը միանգամայն իրավացիորեն կարող է հարց տալ, դիցուք. իսկ ի՞նչ կտա դա Փաշինյանին։ Արևմտյան ստրատեգները, էլ չեմ ասում նեոօսմանյան սուլթան Էրդողանի մասին, շատ ցավագին ընդունեցին Ռուսաստանի նախագահի՝ մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հստակ սահմանումն այն մասին, որ «ամենագլխավորն այժմ սահմանին իրավիճակի կարգավորումն է, և այստեղ, իհարկե, առանց Ռուսաստանի մասնակցության անհնար է որևէ բան անել։ Բայց այստեղ անգամ մեզ, թերևս, ոչ ոք այլևս պետք էլ չէ, բացի երկու կողմերից և Ռուսաստանից»։ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան գագաթաժողովի խափանման դեպքում չարժե կասկածել, որ կնախաձեռնվեն բոլոր փորձերը՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում ներգրավելու համար գլխավորապես Թուրքիային։ Չէ՞ որ բնավ պատահական չէր Թուրքիայի և Ադրբեջանի առաջադրած «3+3» բանակցային նոր ձևաչափի ստեղծման գաղափարը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի մասնակցությամբ։ Մյուս կողմից՝ Փաշինյանն ու նրա Ко-ն, ձախողելով ՀՀ խորհրդարանում «Իրավիճակը շփման գծում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև և սահմանագծման խնդիրները» հայտարարության ընդունումը, կարող են հաշիվ տալ Պոտոմակի ափերի (CIA) և մառախլապատ Ալբիոնի (MI6) իրենց կուրատորներին, ինչպես նաև նրանց հարավկովկասյան քաղաքական աշխղեկ, նեոօսմանյան սուլթան Էրդողանին ու նրա քաղաքական տասնապետին՝ հանձին ափշերոնյան սուլթան Ալիևի, իրենց անձնուրաց նիկոլփաշինյանական գործողությունների մասին որպես պատասխան ծառայություն, մեղմ ասած, իրենց բարեհաճության համար, ասենք՝ թուրք և ադրբեջանցի բազեների կողմից «չծախսված» $5 մլրդ-ի համար՝ որպես Արցախի Հանրապետության տարածքի 75%-ի հանձնման վճար հինգ հազար զոհվածների կյանքի, ավելի քան 10 հազար վիրավորվածների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանում և Շուշի քաղաքում 35-40 հազար անօթևան մնացած ընտանիքների զոհողության գնով։ Կան փաշինյանական թափթփուկների, ուղղակի ասենք, դավաճանական գործողությունների այլ դրդիչ մոտիվներ նույնպես, որոնք, անկասկած, գալիք անաչառ դատավարության ժամանակ անպայման որակվելու են որպես Հայրենիքի դավաճանություն։ Կարծում եմ, հարգելի ընթերցողը կհամաձայնի, որ իշխանությունների վերջին գործողություններն ուշադիր վերլուծելիս տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանը գտնվում է պատասխանատվությունից խուսափելու ամենաանվտանգ ուղիների փնտրտուքի մեջ, այսինքն՝ փորձում է ստեղծել ՀՀ վարչապետի պաշտոնից իր հրաժարականի պատշաճ նախադրյալներ։ Օրինակ, բնավ պատահական չէր, որ ՀՀ-ի համար այսքան տագնապալի ժամանակ Փաշինյան և Ко-ն ձեռնարկեցին Նույնականացման քարտերի մասին օրենքում և Անձնագրերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ մտցնելու մասին օրինագծերի քննարկումը։ Որպեսզի հոդվածը չծանրաբեռնեմ մանրամասներով, որոնք վկայում են ՀՀ նշյալ օրենքներում առաջին հայացքից ժամանակավրեպ թվացող փոփոխությունների ընդունման դրդապատճառների մասին, ընթերցողներին հիշեցնեմ, որ ՀՀ-ում մինչև հիմա չեն հանդարտվում լուրերը Ղարաբաղյան պատերազմի (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) նախօրեին ադրբեջանցիներին (ենթադրաբար՝ դիվերսանտներ) 1400 անձնագրեր տրամադրելու մասին։ Համոզված եմ, որ Փաշինյանի հրաժարականից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը մանրակրկիտ կհետաքննի այս հարցը, որը դեռևս 2020թ. դեկտեմբերին բարձրացվել էր իրավաբանների և իրավապաշտպանների կողմից, որոնք ցույց էին անցկացնում ՀՀ Գլխավոր դատախազության շենքի առջև։ Ի պատասխան ցույցի մասնակցի՝ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հարցի, թե. «Հիմա ես կոնկրետ հարց ունեմ. ասում են, թե ադրբեջանցիներին տրվել է 1400 հայկական անձնագիր, արդյո՞ք հարուցվել է քրեական գործ այս առիթով», ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, որը հանդիպել էր ցույցի մասնակիցների հետ, ասաց. «Այո, այդ հարցը ենթակա է հետաքննության»։

Համարձակվում եմ մտածել, որ հարգելի ընթերցողը միանգամայն իրավացիորեն կարող է հարց տալ, դիցուք. ինչո՞ւ այս հոդվածում ես չեմ հիշատակում երկրի համար այսքան բախտորոշ ժամանակաշրջանում ՀՀ նախագահ Արմեն Վարդանի Սարգսյանի գործունեության մասին։ Հավատացեք, հարգելի ընթերցող, որ դա այնքան էլ հեշտ գործ չէ, քանզի մեծ է այդ բավականին ոչ հասարակ անձնավորության կերպարը միայն կիսատ-պռատ բացահայտելու հավանականությունը, որին ավելի ու ավելի հաճախ են վերագրվում ստվերային ղեկավարությունը, հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի (որին ՀՀ հայրենասիրական ուժերն անվանում են ոչ այլ կերպ, քան Նիկոլ-դավաճան)՝ ընդդիմության կողմից դավաճանական որակվող գործողությունների ուղղորդումը։ Ն.Փաշինյանի հանդեպ ՀՀ նախագահի՝ որպես ուղղորդչի փաստի առկայությունը պնդելուց ես ձեռնպահ կմնայի։ Ես հակված եմ կարծել, որ Արմեն Սարգսյանը կարող է լիովին «յուրային» լինել ինչպես Մեծ Բրիտանիայի (MI6), ԱՄՆ (ԿՀՎ) հատուկ ծառայությունների, այնպես էլ, ի դեպ, որևէ երրորդ երկրի հատուկ ծառայությունների համար։ Սակայն ենթադրելու համար, թե նա եռակի գործակալ է, պետք է հավելյալ ուսումնասիրել և համադրել ամենատարբեր փաստեր նրա «աշխատանքային» ծառայություններից, «հոգնատանջ» ուղևորություններից Երկիր մոլորակի ամենաանկանխատեսելի երթուղիներով։ Բայց, կրկնում եմ, սա առանձին վերլուծության թեմա է, սակայն սահմանափակվել այդ ենթադրություններով կնշանակեր նվազեցնել նրա մտավոր պոռթկումները խաղաղության հաստատման որոնման նպատակներով Ղարաբաղյան պատերազմից (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) հետո։ Ոչ, ոչ, հարգելի ընթերցող, մանրամասն չեմ նկարագրի նրա բավական ինքնատիպ հետպատերազմյան այցելությունները (հիմնականում աշխատանքային այցեր) Երկիր մոլորակի ամենատարբեր երկրներ, միայն կնշեմ, որ 2018թ. մայիսից մինչև 2020թ. դեկտեմբեր Արմեն Սարգսյանը հասցրել է 38 անգամ այցելության մեկնել արտասահման։ Ընդ որում՝ 33 այց աշխատանքային էր, 3-ը՝ պաշտոնական և 2-ը՝ պետական։ (Արմեն Սարգսյանի միջազգային նախագահական ուղոևորությունների ցուցակը՝ Վիքիպեդիա - List of international presidential trips made by Armen Sarkissian https://wiki2.wiki/wiki/List_of_international_presidential_trips_made_by_Armen_Sarkissian)։ Բավական հետաքրքիր է նաև ուղևորությունների աշխարհագրությունը՝ Ֆրանսիա (6 անգամ), Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Շվեյցարիա, Իտալիա, Գերմանիա, Պորտուգալիա, Ճապոնիա, Իսպանիա, Իսրայել, Բելգիա, Սերբիա (պետական այց), Կատար (պետական այց), ԱՄԷ, Հորդանան։ Ուշադրությունից զուրկ չի թողել ՀՀ նախագահը նաև Ռուսաստանը՝ 2020թ. նոյեմբերի 28-ին լինելով Մոսկվայում մասնավոր այցելությամբ, ի դեպ, 2018-2020թթ. նա երկու անգամ աշխատանքային այցով եղել է Վրաստանում և Բելառուսում, ինչպես նաև 2019թ. աշխատանքային այցով եղել է Ղազախստանում։ 2021թ. անցած 10 ամսում ՀՀ նախագահ Ա.Վ. Սարգսյանը աշխատանքային այցերով եղել է Ճապոնիայում, Ռուսաստանում, Ղազախստանում, Ֆրանսիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, պաշտոնական այցերով՝ Վրաստանում և Վատիկանում, պետական այցով՝ Իտալիայում։ Այս շարքում հատուկ կցանկանայի առանձնացնել 2021թ. հոկտեմբերի 26-ի աշխատանքային այցը Սաուդյան Արաբիա, որը ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը բնորոշել է որպես. «Այս աննախադեպ իրադարձությունը միանշանակ շրջադարձային է Հայաստանի միջազգային հարաբերություններում (պետք է ենթադրել, որ այնտեղ որոշվում էր ՕՊԵԿ-ում նավթային ռեսուրսներ չունեցող Հայաստանի անդամակցության հարցը – Ա.Գ.) Հայաստանի անկախության ձեռքբերման ժամանակներից, ՀՀ-ի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, երբ Հայաստանից ոչ մի պաշտոնյա երբեք չի այցելել այս երկիր, Հայաստանի նախագահը պատմական քայլ արեց՝ առաջին անգամ այցելելով արաբական այս պետություն, որը բացառիկ դեր և նշանակություն ունի իսլամական աշխարհում»։ Սաուդյան Արաբիա կատարած այցի առիթով կասկածից վեր է պաշտոնական Թեհրանի համապատասխան, բնավ ոչ հիացական արձագանքը, մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Արմեն Սարգսյանի ազնվագույն ծնողների երկրորդ հայրենիքն է, որոնք մեծ հարգանք են վայելել Իրանի հայ համայնքում։

Այժմ՝ մի քանի խոսք մեր նախագահի երկրային գործերից։ Եվ ահա, հարգելի ընթերցող, 2021թ. հոկտեմբերի 28-ին ռուսական РБК հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իլյա Դորոնովին հաջողվել է հարցազրույց վերցնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից արդեն Դիլիջանում (հիշեք, հարգելի ընթերցող, որ այս քաղաքի անվանումը հիշատակվում է տաղանդավոր ռեժիսոր Գեորգի Դանելիայի հիասքանչ «Միմինո» ֆիլմում, որտեղ ֆիլմի հերոսը, Ռուբիկ Խաչիկյանի փայլուն դերակատար Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանը ներկայացնում է ֆիլմի գլխավոր հերոս Վալիկո Միզանդարիին (Միմինո)՝ МИ2 ուղղաթիռի օդաչուին (նրա դերը փայլուն կատարել է Վախթանգ Կիկաբիձեն) Դիլիջանը, որը, նրա խոսքով, «Սան Ֆրանցիսկոյից հետո աշխարհում համային որակներով երկրորդ ջուրն ունի»)։ Ուշադիր դիտելով հարցազրույցի տեսանյութը՝ մտովի տեղափոխվեցի ХХ դարասկիզբ, երբ 1920թ. հոկտեմբերի 6-ին անգլիացի նշանավոր գրող և հրապարակախոս Հերբերտ Ջորջ Ուելսը Մոսկվայում հարցազրույց էր անցկացնում հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինի հետ։ Մանրամասներ չեմ ներկայացնի այդ հարցազրույցից, ընդամենը ընթերցողներին կհիշեցնեմ, որ Լենինի խոսքերը երկրի վերափոխման պլանների մասին, այդ թվում Ռուսաստանի էլեկտրիֆիկացիայի, բնակչության կարիքների համար խոշոր էլեկտրակայաններ կառուցելու մտադրությունների, տրանսպորտի և արդյունաբերության, լույսով Ռուսաստանի գուբերնիաներն ապահովելու, քանդված երկաթուղիները վերականգնելու և այլ վիթխարի ծրագրերի մասին, Վլադիմիր Լենինի լավատեսությունն ու եռանդը երկրի ավերածության ֆոնին Հերբերտ Ուելսին դրդեցին Լենինին անվանել «կրեմլյան երազող», բնորոշում, որը հետագայում թևավոր արտահայտություն դարձավ։ Կարծում եմ, որ հարգելի Իլյա Դորոնովը և Արմեն Սարգսյանը շատ չեն նեղանա ինձնից, որ հարցազրույցը Դիլիջանում իմ մեջ նման ասոցիացիաներ է առաջացրել։ Ավաղ, իր նախագահության տարիներին Ա.Վ. Սարգսյանը այդպես էլ չի ցանկանում ընդունել, որ փաշինյանական իշխանության գործունեության դրդապատճառները ենթարկված են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի դուրսմղման իրականացմանը, անգամ հայոց պետականության քանդման գնով, և ՀՀ-ի լիակատար ենթարկեցմանը ՆԱՏՕ անդամ, Մեծ Բրիտանիայի մերձավոր դաշնակից էրդողանյան Թուրքիային։ Ընդ որում՝ Հայաստանի պետական իշխանության բոլոր ճյուղերի՝ այս նպատակին հասնելուն ուղղված աշխատանքը հստակ երևում է անգամ ՀՀ պետական արձանագրության ստորաքարշ խախտումներում։ Օրինակների համար հեռու գնալ պետք չէ։ 2021թ. հոկտեմբերի 21-ին այցելությամբ Երևանում էր ՆԱՏՕ դաշինքի միջին կարգի պաշտոնյաներից մեկը՝ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը։ Պաշտոնական Երևանը ՆԱՏՕ դաշինքի հանդեպ իր քծնանքի պոռթկման մեջ (պետք է ենթադրել, որ ի նշան երախտագիտության ՆԱՏՕ անդամ Թուրքիայի գործողությունների համար Ղարաբաղյան պատերազմում (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր), որի ռազմական բազեները ադրբեջանցի գլխակերների, բառի բուն իմաստով, ինչպես նաև սիրիական վարձկան ահաբեկիչների հետ միասին այս անգամ ցեղասպանություն չգործեցին Արցախի Հանրապետությունում) պարոն Խավիեր Կոլոմինա Պիրիսին ընդունեց բարձր մակարդակով։ Ահա իշխանամետ ինտերնետ-պարբերականների հոդվածների միայն մի քանի վերնագրեր. «Փաշինյանն ընդունեց ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին», «Արմեն Սարգսյանն ընդունեց ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին» (տեսանյութ), «Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդունեց ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին»։ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի ՀՀ կատարած այցի մասին նշված և բազմաթիվ այլ հրապարակումներում նշմարվում էին ինչ-որ գավառական հպարտության անհասկանալի երանգներ՝ առաջացնելով թե՛ ցասում, թե՛ վիրավորվածություն, որ սուբյեկտությունը կորցրած և միջազգային հարաբերությունների օբյեկտի մակարդակի գլորված նիկոլփաշինյանական-արմենսարգսյանական Հայաստանը, հանրությունից չթաքցնելով, առանձնակի ստորաքարշություն է դրսևորում ՆԱՏՕ-ական քոմիվոյաժորների հետ շփվելիս։ Եվ միայն մեկ հրապարակում «Sputnik Армения» ինտերնետ-պարբերականի կայքում հրապարակվեց «Թուրքիայի դերը Ղարաբաղի պատերազմում նվազեցրել է վստահությունը ՆԱՏՕ-ի հանդեպ – Կարապետյան» վերնագրով։ Ներկայացնեմ այդ հրապարակման տեքստն ամբողջությամբ, այդպես վարվելու համար, իմ կարծիքով, ծանրակշիռ պատճառներ կան. «Երևան, 21 հոկտեմբերի – Sputnik. ՆԱՏՕ անդամ Թուրքիայի դերը Ղարաբաղում 44-օրյա պատերազմում նվազեցրել է ՆԱՏՕ-ի հանդեպ վստահությունը տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանման առումով։ Այս մասին ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսի հետ հանդիպման ժամանակ (թե ինչով էր պայմանավորված նախկինում Արշակ Կարապետյանի բարձր վստահությունը ՆԱՏՕ-ի հանդեպ՝ լրջորեն մտածելու հարկ կա – Ա.Գ.)։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, Կարապետյանը ներկայացրել է անվտանգության հետ կապված իրավիճակը, ինչպես նաև Ղարաբաղում առկա սպառնալիքները մարտական գործողությունների դադարից հետո»։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության՝ ՀԱՊԿ անդամ երկրի պաշտպանության նախարարը, դատելով նրա ղեկավարած նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունից, ըստ էության, հաշիվ է տվել և բողոքել ՆԱՏՕ միջին կարգի պաշտոնյային ՆԱՏՕ անդամ Թուրքիայի չարաճճիությունների մասին։ Ահա այսպիսի ժամանակներ, ահա այսպիսի բարքեր։ Կամ, արտահայտվելով Երևան քաղաքի «Նաիրի» կինոթատրոնի շրջակայքի տղերքի սլենգով, որոնք սիրում են մեջբերումներ կատարել հին հռոմեական քաղաքական և պետական գործիչ, մտածող, հռետոր, իրավաբան և գրող, մի խոսքով՝ իրենց հարազատ հոգի Մարկուս Տուլիուս Ցիցերոնից, O tempora! O mores!։

Ամփոփելով վերոշարադրյալը՝ կարելի է անել միանգամայն որոշակի հետևություններ. Հայաստանի իշխանությունները, իրագործելով Պոտոմակի ափերի (CIA) և մառախլապատ Ալբիոնի (MI6) հատուկ ծառայությունների հրահանգները, սատարելով նեոօսմանյան սուլթան Էրդողանի կողմից խրախուսվող ափշերոնյան սուլթան Ալիևի անթաքույց սադրանքներին, ապակայունացնում են իրավիճակը Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանամերձ շրջաններում։ Նրանց մտադրությունը Ադրբեջանի կողմից ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի հրահրումն է՝ վեհանձն խաղաղարարի դերում Թուրքիայի հետագա ներգրավմամբ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման բանակցային գալիք գործընթացում, որը ենթադրվում է անցկացնել Ռուսաստանի Դաշնության հովանու ներքո՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի գլխավորությամբ։ Կասկած չի հարուցում նաև այն, որ ՆԱՏՕ-ական քոմիվոյաժոր Խավիեր Կոլոմինա Պիրիսի այցը Ադրբեջան, Հայաստան և Վրաստան ոչ այլ ինչ էր, եթե ոչ հետախուզություն Ռուսաստանի հետ Թուրքիայի գալիք դիվանագիտական մարտից առաջ (ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի օրհնությամբ)՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում, այդ թվում և Հայաստանում, իր ավելի ծանրակշիռ ներկայության համար, ինչի մասին, մասնավորապես, վկայում են նաև Փաշինյանի ծառայամիտ ու ստորաքարշ ուղերձները Վրաստանի վարչապետի միջոցով՝ նեոօսմանյան սուլթան Էրդողանի հետ հանդիպման աղաչանքով։ 2021թ. հոկտեմբերի 27-ին անգլոսաքսերի և նրանց թուրք աշխարհաքաղաքական կամակատարների հնազանդ գործիքը դարձած խորհրդարանական մեծամասնության կողմից խորհրդարանական ընդդիմության «Իրավիճակը շփման գծում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև և սահմանագծման խնդիրները» հայտարարության մերժումը պետք է դիտարկել բացառապես անգլոսաքսերի և նրանց նորահայտ ձեռնասուն նեոօսմանների վերոնշյալ նպատակի համատեքստում։

Վերջաբանի փոխարեն. Ստեղծված ավանդույթի համաձայն՝ չէի ցանկանա հոդվածս ավարտել տագնապալի նոտայով։ Ի գոհունակություն ինձ՝ այս անգամ ևս բարի լուր ստացանք. հայտարարվել է հայ հնագույն քրիստոնյա ժողովրդի, քրիստոնեական քաղաքակրթության դեռևս չկոտրված ոգու հանդիսության գալիք լուսավոր տոնի մասին, դիցուք. Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ հիմնադրված մ.թ.ա. 782 թվականին, արդեն հայտնվել են ազդագրերն այն մասին, որ 2021թ. նոյեմբերի 11-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի է ունենալու տասներեքամյա տաղանդավոր ջութակահար Ալեքսանդր Խաչատրյանի մենահամերգը։ Միայն համերգի ծրագրին ծանոթանալը, որում նախատեսված են աշխարհահռչակ կոմպոզիտորներ Լյուդվիգ վան Բեթհովենի (Սոնատ №7), Էռնեստ Շոսոնի (Պոեմ ջութակի համար նվագախմբի հետ), Նիկոլո Պագանինիի (Ինտրոդուկցիա և վարիացիաներ Ջ.Պաիզիելոյի «Հիասքանչ ջրաղացպանուհին» օպերայի թեմաներով), դասական երաժշտության սիրահարների համար շատ բան է նշանակում։ Չէ՞ որ այս ստեղծագործությունները, որոնք մեր տաղանդաշատ պատանին կկատարի ս.թ. նոյեմբերի 11-ին, կարող են հավուր պատշաճի ներկայացվել հանդիսատեսի դատին միայն դրանց կատարման բացառիկ վիրտուոզության դեպքում։ Երկու տարի առաջ ինձ բախտ վիճակվեց ներկա գտնվել Ալեքսանդր Խաչատրյանի մինչ օրս հիշողությանս մեջ մնացած համերգին այդ նույն Կամերային երաժշտության տանը։ Ալիկին լսելով՝ դահլիճը քարանում էր ու պայթում ծափերից կատարման ավարտին, իսկ շատ հանդիսատեսների աչքերին արցունքներ էին, ուրախության և հպարտության արցունքներ Հայաստանի համար, որն անգամ այսքան խառնակ ժամանակներում իր ընդերքում աճեցնում է նման տաղանդներ։ Այստեղ կցանկանայի երախտագիտության խոսքեր ասել նաև Ալեքսանդր Խաչատրյանի, անշուշտ, իմաստուն մանկավարժ, պրոֆեսոր Արտաշես Մկրտչյանի, Ալիկի ծնողների՝ Արտյոմ և Զառա Խաչատրյանների հասցեին, որոնք իրենց սանի և որդու միջոցով պատերազմից և Հայաստանի անհամարժեք իշխանություններից ընկճված մարդկանց վստահություն են հաղորդում, որ, ինչպես փորագրված է Սողոմոն թագավորի մատանու վրա, «Ամեն բան անցողիկ է, դա էլ կանցնի»։ Համոզված եմ, որ հեռու չէ այն օրը, երբ տեղի կունենա վերջին երկու տասնամյակում սորոսյան քարոզչությամբ խաբված, հիպնոսացված մեր ժողովրդի մի զգալի շերտի մեծ զարթոնքը։ Ժողովուրդ, որի ոչ փոքր մասը երեքուկես տարում դաժանաբար խաբվել ու ենթարկել է դաժան փորձության Ղարաբաղյան պատերազմում (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր), որը դավաճանաբար տանուլ տրվեց Հայաստանի իշխանական կառույցներում հայտնված տմարդիների կողմից։

Մեր մեղսավոր աշխարհում պատահականություններ չեն լինում։ Մեր օրերում համաշխարհային մոնոթեիստական կրոնները՝ քրիստոնեությունը, իսլամը, հուդայականությունը, ենթարկվում են դաժան փորձությունների Խավարի իշխանի լեգեոնականների կողմից, հատկապես ագրեսիվ են հարձակումներն ընդդեմ հնագույն քրիստոնեական քաղաքակրթության, ինչպիսին է հայկականը։ Կասկածից վեր է, որ մոտ ապագայում սատանայի կամակատարները անդունդ կգահավիժեն։ Եվ այդ գործընթացն սկսվելու է Հայաստանից, որը 301թ. առաջինն ընդունեց Քրիստոնեությունը որպես պետական կրոն։

Հոդվածը կցանկանայի ավարտել աստվածաշնչյան խոսքերով (Ղուկաս, Գործք 38, VIII, 26−29, Գադարացի դիվահարի բժշկությունը). «...Որովհետև նա պիղծ ոգուն հրամայում էր, որ այն մարդուց դուրս գա, որովհետև շատ ժամանակ էր, որ հափշտակել էր նրան, և շղթաներով և ոտնակապերով կապված պահվում էր, բայց կապանքները կտրում էին, և դևից անապատ տեղեր էր տարվում։ Հիսուսը հարցրեց նրան. անունդ ի՞նչ է, նա էլ ասաց՝ Լեգեոն, որովհետև շատ դևեր էին մտած նրա մեջ։ Եվ աղաչում էին նրան, որ չհրամայի նրանց գնալ անդունդը։ Եվ այնտեղ խոզերի մի երամակ կար, որ այն սարի վրա արածում էր, և նրանք աղաչում էին նրան, որ հրաման տա մտնել նրանց մեջ։ Եվ նա հրաման տվեց։ Դևերն էլ այն մարդից դուրս եկան, խոզերի մեջ մտան, և երամակն այն վազեց ծովակի մեջ և խեղդվեց...»։

Հ.Գ. Ս.թ.հոկտեմբերի 27-ին World Crisis ինտերնետ-պարբերականը հրապարակեց ռուս հայտնի քաղաքական գործիչ և հրապարակախոս, տնտեսագիտության դոկտոր, ՌԴ VIII գումարման ԴԺ Պետական դումայի Տնտեսական քաղաքականության կոմիտեի փոխնախագահ Միխայիլ Գենադևիչ Դելյագինի հոդվածը՝ «Հավերժ Սորոսը. Գլոբալ սպեկուլյանտների գրոհայինը» վերնագրով։ Մանրամասն չեմ ներկայացնի Միխայիլ Դելյագինի ուշագրավ և մեր օրերում էլ բավական հրատապ հոդվածը։ Ընդամենը որոշ մեջբերումներ կկատարեմ այդ հոդվածից. «Իշխանափոխություններին ուղղված նրա (նկատի ունի Սորոսին – Ա.Գ.) գործունեությունը վառ արտահայտում է նոր իրողությունները. քայքայված տնտեսությամբ թույլ երկրներում պարզապես փող չկա, որով կարելի լինի աճեցնել ինքնուրույն քաղաքական շերտ, ինչը կհարկադրի տեղի քաղաքական գործիչներին փնտրել արտաքին տերերի, որպեսզի վաճառվի նրանց։ Գրեթե կատարյալ խորհրդանիշ և այդպիսի տերերի ներկայացուցիչ է Սորոսը, և նա հաղթում է տեղի հայրենասերներին պարզապես այն պատճառով, որ նրանց երկրներում (այդ նույն Հայաստանում, օրինակ) տնտեսական քայքայվածության ու փոքր մասշտաբների պատճառով գռեհիկ ձևով ռեսուրսներ չկան, որոնց վրա կարելի էր հենվել արտաքին ագրեսիայի դեմ։ Դեմոկրատիան այդպիսի երկրներում դառնում է գաղութային կառավարման գործիք, քանի որ ըստ իր բնույթի՝ իշխանությունը տալիս է հասարակության առավել նշանակալի ուժին, իսկ այդպիսին քայքայված փոքր հասարակություններում, որպես կանոն, արտաքին ուժն է»։ Դե ինչ, հարգելի ընթերցող, Միխայիլ Դելյագինը օբյեկտիվ գնահատական է տվել Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձություններին։ Միևնույն ժամանակ, Սորոսի նիկոլվովաևիչյան դրածոները պետք է խորհեն Մ.Դելյագինի հոդվածի վերջին պարբերության իմաստի շուրջ. «Նա (Սորոսը – Ա.Գ.) դեռևս պահպանում է իր ազդեցությունը, նա դեռ կարող է վիթխարի վնաս հասցնել, նա դեռ կոչնչացնի մի քանի երկրներ, դրա համար ռեսուրսները կբավականացնեն, բայց նա արդեն պատկանում է անցյալին։ Եվ, գիտակցելով սա, նա կլինի խիստ ագրեսիվ՝ ցանկանալով պատմության մեջ մտնել որպես հաղթող, այլ ոչ թե Ռուսաստանի վրա ատամները կոտրած ու նրա վրա հարձակվելիս քանիցս վրիպած Աքելա։ Եվ մենք պետք է անհավանականորեն զգոն լինենք, նախաձեռնող, որպեսզի չդառնանք նրա վերջին զոհը։ Չէ՞ որ դա վիրավորական է կրկնակի՝ դառնալ դիակի զոհը»։

Եվ իսկապես, չափից ավելի վիրավորական և աններելի կլինի, եթե թույլ տանք Փաշինյան և Ко-ին Հայաստանը դարձնել դիակի զոհ...

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ,

«Լազարյան ակումբի» խորհրդի անդամ

Последние видеоматериалы

Новые книги