Փաշինյանի պողպատյա մանդատը՝ հայոց պետականության կործանման գործիք

06.09.2021, Իրավունք

https://iravunk.com/?p=212241&l=am

Անոտացիա

Գարեգին Երկրորդի հորդորն առ այն, որ՝ «Մեզ համար կենսականորեն կարևոր են միասնությունը և հանգստությունը, կարևոր է հաղթահարել հասարակությունը փոթորկող հուզումները։ Պետք է հրաժարվել քենից, վրեժխնդրությունից և անմիաբանությունից։ Այլ ընտրություն չկա, և մենք բոլորս պետք է հասկանանք դա»,- նորից ու նորից հրատապ է դարձնում քաղաքական ուժի ձևավորման սուր անհրաժեշտությունը, որը կկարողանա համակողմանիորեն վերլուծել հայոց պետականության գոյության անվտանգության սպառնալիքները։

Գարեգին Երկրորդի այս հորդորը նորից ու նորից հրատապ է դարձնում քաղաքական ուժի ձևավորման սուր անհրաժեշտությունը, որը կկարողանա համակողմանիորեն վերլուծել հայոց պետականության գոյության անվտանգության սպառնալիքները, հաղթահարել «թալանչի-հողատու» պարադիգմում գործելու հիվանդագին, կործանարար հակումը, և որ գլխավորն է՝ ի զորու կլինի չտրվել իր անսխալականության և բացառիկության մեջ վստահ լինելու գայթակղությանը, ինչը Հայաստանում նոր ընդդիմադիր քաղաքական ուժի կազմավորման գլխավոր պայմանն է։ Հերթական սխալ վերլուծությունը Հայաստանը անգլոսաքսերի և թուրքերի հատուկ ծառայությունների կողմից ղեկավարվող հակազգային իշխանություններից ազատելու ռազմավարության և մարտավարության ընտրության հարցում, ինչպես տեղի ունեցավ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշման ընդունման պարագայում, կարող է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար վերածվել համազգային աղետի և հանգեցնել հայոց պետականության վերջնական կորստի։ 

 

2021 թվականի օգոստոսը չտեսնված բուռն էր Հայաստանի Հանրապետության (ՀՀ) քաղաքական կյանքում. տեղի ունեցավ ՀՀ VIII գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը, ընտրվեցին ՀՀ ԱԺ նախագահն ու երեք փոխնախագահները, կազմավորվեցին մշտական հանձնաժողովներն ու ընտրվեցին դրանց ղեկավարները, հավանության արժանացավ ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագիրը։ Ընթերցողներին հիշեցնենք, որ VIII գումարման Ազգային ժողովը կազմված է 107 պատգամավորից, 71 պատգամավոր ներկայացնում է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 29 պատգամավոր՝ «Հայաստան» և 7 պատգամավոր՝ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքները։ Ինչո՞վ հիշվեց Հայաստանի խորհրդարանի առաջին նստաշրջանը, որն ընթացավ երկրի ճակատագրի համար բավական տագնապալի ժամանակաշրջանում։ Ընթերցողներին հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ առաջին նստաշրջանը տեղի էր ունենում այն օրերին, երբ Հայաստանի պետական սահմանին չէին դադարում Ադրբեջանի ռազմական սադրանքները, որի զինված կազմավորումները սահմանի առանձին հատվածներում 3 կմ առաջացել են Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այսպիսի պայմաններում ցանկացած սթափ մտածող մարդ իրավունք ուներ սպասելու, որ ժողովրդի ընտրյալներն իրենց բոլոր քննարկումների, բանակռիվների հիմքում կձևավորեն VIII գումարման խորհրդարանականների գլխավոր խնդիրն առաջիկա 5 տարիների համար՝ իրենց օրինաստեղծ գործունեությունը ենթարկեցնելով ՀՀ և Սփյուռքի բոլոր քաղաքական ուժերի համախմբմանը՝ Ղարաբաղյան պատերազմի (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) հետևանքների շուտափույթ հաղթահարման և առաջիկա հինգ տարիներին Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման ու դինամիկ զարգացման պայմանների ստեղծման նպատակով։ Առաջին հայացքից՝ իրադարձությունների զարգացման նման սպասելի միակ ճիշտ քայլին անհնար կլիներ չհանգել նախընտրական քարոզչության գլխավոր դերակատարներին, նրանց բանավեճերի բովանդակության առանձնահատկությունները, գլխավոր կարգախոսները չիմանալու պարագայում։ ՀՀ VIII գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների բովանդակությունը կանխորոշված էր դեռևս Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խորհրդանշական «պողպատյա մանդատ» հանձնելու արարողության ժամանակ, որն ինքը՝ Փաշինյանը, ընկալեց ոչ այլ կերպ, քան՝ «Այս մանդատի մեջ կան մուրճ, սուր, բահ՝ այն ամենը, ինչ անհրաժեշտ է ազատ, երջանիկ և ուժեղ Հայաստան կառուցելու համար։ Այդ մանդատը մենք կդնենք մեր ժողովրդին անմնացորդ ծառայելու»։ Փաշինյանի մտքի նախընտրական գոհարներից անտեղյակներին հուշենք, որ «պողպատյա մանդատի» նրա վերոնշյալ բնութագրությունը ՀՀ «ժողվարչապետի» մտածողության մեջ մարդասիրության էվոլյուցիայի դրսևորումն է։ Այո, այո, հարգելի ընթերցող, այս եզրահանգման ճշմարտացիության մեջ համոզվելու համար մեջբերում կատարեմ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ Արարատի մարզի Ավշար համայնքում 2021թ. հունիսի 14-ին ունեցած ելույթից. «Եվ որևէ մեկը չփորձի թփրտալ, պատերով կտանք, ասֆալտին կփռենք, այդ թվում և Ավշարի հրապարակի ասֆալտին, անձամբ պառկեցնելու եմ բոլոր նրանց, ովքեր փորձում են ժողովրդի կամքի վրա բռնանալ»։ Հետո ավելին է։ Մեկ օր անց արդեն ՀՀ քաջարի վարչապետը, ելույթ ունենալով Սյունիքի մարզի Գորայք համայնքում, հայտարարեց, որ կան որոշ հակապետական պաշտոնյաներ, որոնք կփռվեն ասֆալտին, ընդ որում՝ Փաշինյանը նաև բարի կամք դրսևորեց. «Որպես բարի կամքի դրսևորում ես խորհուրդ եմ տալիս այդ պաշտոնատար անձանց կամավոր փռվել ասֆալտի իմ նշած հատվածներում, սելֆիներ անել և հրապարակել Facebook-ի իրենց էջերում, որպեսզի լուծվի խնդիրն ազգային համաձայնության մթնոլորտում»։ Սյունիքի մարզի հպարտ համայնքապետերը չտրվեցին Փաշինյանի շանտաժին, և Սյունիքի չորս համայնքապետերը դարձան Փաշինյանի ռեժիմի քաղբանտարկյալներ, նրանց թվում՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, նորընտիր ընդդիմադիր պատգամավորներ՝ Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը և Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։ Կարելի է Փաշինյանի ցինիկ սպառնալիքների տասնյակ այլ աղաղակող օրինակներ բերել նրան քննադատող՝ նրա իշխանությանն ընդդիմադիր ՀՀ քաղաքացիների հասցեին՝ լինեն նրանք քաղաքական գործիչներ կամ պետծառայողներ, որոնք բավական համոզիչ կերպով են բնութագրում ժամանակակից Հայաստանում Նիկոլ Վովաևիչի սերմանած հակաիրավական կամայականության գինարբուքը։ Այս ամենի մասին բավական համոզիչ ներկայացված է «168 ժամ» (գլխավոր խմբագիր՝ Սաթիկ Սեյրանյան – Ա.Գ.) ազդեցիկ ինտերնետ-պարբերականի խմբագրական հոդվածում՝ «Նիկոլ Փաշինյանի պողպատյա մանդատն արժեցավ 5000 կյանք ու Արցախի 75 տոկոսը» վերնագրով, որը հրապարակվել է Հայաստանի շատ ինտերնետ-պարբերականներում։

Առանց սարսուռի ու դառնության, որ պատում են մեզ ՀՀ ԱԺ VIII գումարման արտահերթ ընտրություններում Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար քվեարկած մեր հազարավոր համերկրացիների գիտակցության մթագնման պատճառով, անհնար է կարդալ խմբագրական այդ հոդվածի հուզիչ տողերը. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ի թիվս բազմաթիվ այլ սարսափելի իրողությունների, արձանագրեցին նաև, որ 5000 հայորդիներ զոհվեցին հանուն Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման։ Նրանցից յուրաքանչյուրն իր կյանքը զոհել է հայրենիքին՝ այդպես էլ չիմանալով, որ հայրենիքի առնվազն մի մասն այլևս չկա։ Փոխարենը՝ կա իշխանությունը, որն անգամ քաղաքական պատասխանատվություն չկրեց այդ տղաների հավատամքը՝ հանուն հայրենիքի զոհվելու պատրաստակամությունը, իմաստից զրկելու համար։ Անմարդկային է հնչում ու դաժան, բայց փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանի պողպատյա մանդատն արժեցավ 5000 կյանք ու Արցախի 75 տոկոսը։ Այսինքն՝ պողպատի մեջ կա արյուն, հազարավորների արյուն, որը 600 հազարից ավելի քաղաքացիներ (որոնք իրենց ձայնը ընտրություններում տվեցին Փաշինյանի կուսակցությանը – Ա.Գ.) ուրացան հանուն իրենց խոստացվող ապագայի» tert.am/ru/news/2021/06/26/168-zham/3650766։ Եվ դատավճռի պես են հչում Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի գլխավորած ինտերնետ-պարբերականում հրապարակված այդ նույն խմբագրական հոդվածի վերջին տողերը. «Մենք ապրում և ապրելու ենք դավաճանական հասարակությունում, որը լայն իմաստով պատրաստ է ամեն ինչի, որովհետև ամենաանթույլատրելի ուրացողությունն արդեն տեղի է ունեցել։ Իսկ դա նշանակում է, որ մենք պետք է պատրաստ լինենք ավելի նոր դավաճանությունների, որոնց վերջնարդյունքը կլինի հրաժարումը պետությունից և Հայրենիքից, քանի որ արդեն հրաժարվել են բանականությունից, ինտելեկտից, հոգուց։ Հանրային գիտակցությունում չի ծագել հարցը, թե քանի հայ՝ թաղված Եռաբլուրում, ողջ կմնար, եթե պատերազմը կանգնեցվեր ավելի վաղ (բայց չէ՞ որ Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ռազմական գործողությունների սկսվելու հինգերորդ օրն արդեն առաջարկում էր դա, ավելին՝ Ռուսաստանի նախագահը՝ մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, դեռևս 2020թ. հոկտեմբերի 19-ին համառորեն կոչ էր անում Փաշինյանին և Ալիևին կանգնեցնել պատերազմը։ Վ.Վ. Պուտինի կոչը մերժվեց Փաշինյանի կողմից – Ա.Գ.)։ ...Այդ պողպատյա իշխանությունը լայն իմաստով հանրային հոգեբանության և բարոյականության խեղաթյուրման հետևանքն է (ընդգծումն իմն է – Ա.Գ.), և վերջին ընտրությունների միջոցով այդ խեղաթյուրումը էլ ավելի խորացավ, ինչն, անշուշտ, ունի բազմաթիվ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շահառուներ։ Աշխարհաքաղաքական առևտուրը՝ կապված Հայաստանի և Արցախի հետ, դեռ չի ավարտվել, և այդ առևտրի մասնակիցների համար չափազանց կարևոր և անհրաժեշտ է հայ հասարակությունը, որը պատրաստ է հրաժարվել։ Ավելին, գուցե դրա վրա էլ արված էր հիմնական հաշվարկը։ Հանրային հոգեբանության և բարոյականության վերականգնման հույսերը, համենայնդեպս՝ ներկա պահին, թվում են ծայրահեղ անմարմին»։

2021թ. օգոստոսի 24-25-ին նախաձեռնված հետագա տուրուդմփոցը կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների կողմից ՀՀ ԱԺ նիստի ընթացքում, ընդ որում՝ ՀՀ վարչապետ Փաշինյանի ներկայությամբ (որն իր բազմաթիվ թիկնապահների թիկունքից գոհունակությամբ նայում էր «ժողովրդի իշխանությամբ օժտված» իր ագրեսիվ կողմնակիցների սույն խայտառակ արարքին), ամենայն համոզչությամբ հաստատեց մարգարեական եզրահանգումն այն մասին, որ «Աշխարհաքաղաքական առևտուրը՝ կապված Հայաստանի և Արցախի հետ, դեռ չի ավարտվել, և այդ առևտրի մասնակիցների համար չափազանց կարևոր և անհրաժեշտ է հայ հասարակությունը, որը պատրաստ է հրաժարվել»։ Դե ինչ, նիկոլականների կողմից ընդդիմադիր պատգամավորներին ծեծելը նրանց ծայրահեղ ալարկոտ դիմակայության պայմաններում վկայում է նիկոլականների կողմից «բոլոր հաճույքների» իրականացում սկսելու մասին, ինչն ապահովվում է «պողպատյա մանդատ» ունենալու փաստով, ուրեմն և՝ իրենց նախընտրական խոստումների կատարման պայմանների առկայությամբ (փռել ասֆալտին, ծեփել պատերին և այլն)։

Հարգելի ընթերցող, սույն հոդվածում չեմ վերլուծի խորհրդարանական ընդդիմության գործողությունները։ Այս որոշումս շատ բանով պայմանավորված է նրանով, որ խորհրդարանական ընդդիմության աշխատանքի քննադատական իմաստավորումը ՀՀ ԱԺ VIII գումարման գործունեության առաջին ամսում, ամենայն հավանականությամբ, մանրակրկիտ վերլուծության առարկա կդառնա խորհրդարանական կառավարող «Քաղաքացիական պայմանագրի» խմբակցության Պոտոմակի ափերի (CIA) և մառախլապատ Ալբիոնի (МI-6) տիկնիկավարների ու նրանց օժանդակող թուրքական հատուկ ծառայությունների կողմից։ Գաղտնիք չէ, որ Փաշինյան  և К0-ի որոշ ելույթները, նրանց գործնական արարքներն ավելի ու ավելի համոզչորեն են վկայում գործողությունների այն գլխավոր բաղադրիչների մասին, որոնք կանխագծվել են սահմանի այն կողմում գտնվող ստրատեգների կողմից հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ապագայի համար գալիք աշխարհաքաղաքական առևտրում։ Ընդ որում՝ նիկոլվովաևիչյան խառնամբոխի որոշ խորհրդարանականների ոչ հազվադեպ անտաղանդ ելույթները անհապաղ սրբագրվում են տարատեսակ հարցազրույցների, մամուլի ասուլիսների և քաղաքական այլ թամաշաների միջոցով, որոնք արդարացնում են իշխող խմբակցության խորհրդարանականների բռի վարքը, որը ցուցադրվում է ինտերնետ-հեռուստատեսության սորոսական կառույցների կողմից շռայլորեն սնուցվող տասնյակ ալիքներով։ Ավաղ, պետք է խոստովանել, որ ինտերնետ-հեռուստատեսության այդ ալիքների լսարանը երբեմն բազում տասնյակ, երբեմն էլ մեկ-երկու հարյուր հազար ունկնդիրներով ու ակնդիրներով է հաշվվում։ Ընդ որում՝ աչքի է զարնում հաղորդումների հստակ քաղաքական ուղղվածությունն այդ հեռուստաեթերներում, դիցուք. խորհրդարանական ընդդիմության առավել ակտիվ ներկայացուցիչներին ներկայացնել ոչ այլ կերպ, քան սովորական նախկին գանձագողերի կամ քաղաքական փոխակերպուկների։ Ի պատասխան այդ վիրավորանքների (դրանց զրպարտչական բնույթի դեպքում, անկասկած, այդ մեղադրանքները պետք է բողոքարկվեին դատական ատյաններում, ինչը դեռևս տեղի չի ունեցել) ընդդիմությունն, իր հերթին, հնչեցնում է նիկոլվովաևիչյան հանցախմբի կողմից Հայաստանի ազգային շահերը վաճառելու, հայ ժողովրդի ավելի քան 5000 արժանավորագույն զավակների զոհվելու, տասնյակ հազարավոր խեղված ճակատագրերի, Արցախի Հանրապետության ավելի քան 40 հազար քաղաքացիների օթևան կորցնելու միանգամայն օբյեկտիվ մեղադրանքներ։

Թերևս, ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի բավական ճշմարտացի գնահատական է տրված «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանի հոդվածում՝ հրապարակված ս.թ. օգոստոսի 14-ին, «Ո՞վ ավելի բարձր կբղավի՝ «հողատու» կամ «թալանչի» վերնագրով (https://www.aravot.am/2021/08/14/1210034/)։ Եվ այսպես, հեղինակի կարծիքով, «Այժմ մեր երկրում առավել լայն տարածում են գտել երկու տիպի պատմություններ, որոնք իրենց արտացոլումն են գտել ներկայիս Ազգային ժողովի կազմում: Առաջինը ձևավորվել է 2018 թվականի հեղափոխության (նկատի է առնվում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումը – Ա.Գ.) ժամանակ (և, բնականաբար, նախապատրաստվել է դրանից առաջ) և կոչվում է «դուք թալանչի եք»: Դա «նիկոլական» խոսույթն է, որի հետևից գնում է ավելի քան 600 հազար քաղաքացի (որոնք իրենց ձայնը ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում տվեցին Փաշինյանի օգտին – Ա.Գ.): Երկրորդ պատմությունը ձևավորվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո (նկատի է առնվում Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից Լեռնային Ղարաբաղում նոյեմբերի 10-ի ժամը 1։00-ից պատերազմի դադարեցման մասին հայտարարության ստորագրման օրը – Ա.Գ.) և կոչվում է՝ «դու հողատու ես». դա «սերժառոբական» օրակարգն է, որով ապրում է մոտ 250 հազար քաղաքացի: Ազգային ժողովում պատգամավորները պայքարում են նրա համար, որ առավել բարձր հնչեցնեն իրենց այդ խոսույթները. մեծամասնությունն ուզում է ամրապնդել իր հաղթանակը՝ վստահ լինելով, որ ոչ միայն ընտրողների, այլև հայ ժողովրդի մեծամասնությունն է ուզում լսել ի՛ր խոսույթը: Փոքրամասնությունն էլ (նկատի է առնվում խորհրդարանական փոքրամասնությունը – Ա.Գ.) հնչեցնում է ի՛ր թեզը՝ ենթադրելով, որ դրա շուրջ կարելի է հավաքագրել ավելի շատ, քան 250 հազար մարդ, և/կամ՝ որ 600 հազարից ոմանք կփոշմանեն (նկատի է առնվում ընտրությունը հօգուտ Փաշինյանի ՀՀ ԱԺ ընտրություններում – Ա.Գ.) և կանցնեն իրենց կողմը: Այս խոսույթները մանր են, որովհետև արտացոլում են այդ երկու խմբերի նեղ շահերը... Դրանք մակերեսային են, քանի որ արտահայտում են իրականության մի մասը միայն և փորձ չեն անում մեր երկրի պատմությանը ու նաև վերջին իրադարձություններին նայել մի փոքր հեռավորությունից: Վերջապես, դրանք վնասակար են, որովհետև ակնհայտորեն միտված են մեր հասարակության պառակտմանը: Ցավոք, այդ հակադրությունից դուրս ձայներն առայժմ չեն լսվում: Պատճառները կարող են երկուսը լինել. կա՛մ այլընտրանքային գաղափարներն առայժմ չեն ձևավորվել, կա՛մ մեր քաղաքացիների մնացած 1,5 միլիոնը (նրանք, ովքեր չեն մոտեցել քվեատուփերին և նրանք, ովքեր ձայն չեն տվել այդ երեք քաղաքական ուժերին) նույնպես գտնվում են «թալանչի-հողատու» պարադիգմի մեջ: Երկրորդը շատ տխուր կլիներ»: Թերևս, դժվար է առարկել այս գնահատականները տված հեղինակի այսքան տագնապալի ընդհանրացումներին։

Կարծում եմ, որ պրոֆեսիոնալ և բազմափորձ լրագրողների (հանձինս Սաթիկ Սեյրանյանի և Արամ Աբրահամյանի) վերը ներկայացված խմբագրական հոդվածներում պարունակվող եզրահանգումները բավական պերճախոս և համոզիչ կերպով ակտուալացնում են ժամանակակից Հայաստանի քաղաքական դասի օրակարգի գլխավոր խնդիրը, որն, առաջին հերթին, պետք է ուղղված լինի քրիստոնեական ավանդույթների վրա հիմնված հայկական քաղաքակրթության, հանրային հոգեբանության և բարոյականության վրա և ենթադրի լիակատար հրաժարում իշխանական և ընդդիմադիր խորհրդարանական ուժերի կործանարար քաղաքականությունից, որոնք գործում են երկրի ազգային շահերին խորթ «թալանչի-հողատու» քաղաքական պարադիգմում, որը խորացնում է հայ հասարակության պառակտումը, նրա բաժանումը «յուրայինների» և «դավաճանների»։ Ընդ որում՝ ես բնավ կոչ չեմ անում հրաժարվել Ղարաբաղյան երկրորդ պատերազմում (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) դավաճանական պարտության մեղավորներին պատասխանատվության ենթարկելուց։ Բնա՛վ, բնավ ոչ։ Կա խնդիրների լուծման հերթականություն՝ պայմանավորված Հայաստանի ազգային անվտանգության, հենց հայոց պետականության գոյության մահացու սպառնալիքներով։ Այս հանգամանքը հաշվի չառնելը հավասարազոր է ակամա CIA-ի և MI-6-ի ու դրանց թուրքական ենթավարպետների՝ Հայաստանում նրանց իսկ սադրած կառավարելի քաոսի ստեղծման սցենարի իրականացման մասնակիցը դառնալուն, ինչը չափազանց բացասականորեն կանդադառնա ամբողջ պարագծով ՀՀ պետական սահմանի անվտանգության ապահովման վրա։ Ընդ որում՝ անպայման պետք է նկատի ունենալ, որ հայոց պետականության քայքայման այսքան հավանական նենգ սցենարի իրականացումը անխուսափելիորեն կհանգեցնի համարժեք արձագանքի մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության կողմից։ Ընդ որում՝ կասկածից վեր է, որ նրանց ծրագրած կառավարելի քաոսի սցենարիստների վերջնանպատակը այնպիսի պայմանների ստեղծումն է, որոնք անհնար կդարձնեն Հայաստանում 102-րդ ռուսական ռազմակայանի, ինչպես նաև ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության անձնակազմի գտնվելը։ Այդ նպատակին հասնելու համար անգլոսաքսոնական ստրատեգները և նրանց թուրք ենթավարպետները կօգտվեն տեղեկատվական պատերազմի ամբողջ զինանոցից, որն ահա արդեն ավելի քան երկու տասնամյակ Հայաստանում օգտագործում են ավելի քան երեք տասնյակ տարատեսակ հասարակական կազմակերպությունները, որոնք շռայլորեն ֆինանսավորվում են հակահայկական, հակաժողովրդական սորոսական «Բաց հասարակություն – Հայաստան» հիմնադրամի կողմից։ Այս կազմակերպության և նրա բազմաթիվ ճյուղավորումների խափանարար աշխատանքն է հենց դարձել Հայաստանի ազգաբնակչության բավական զգալի մասի բթացման, իրենց բազմադարյա քրիստոնեական քաղաքակրթական արժեքներից օտարելու գլխավոր գործիքը։ Ընդ որում՝ այս հակազգային գաղափարախոսությունը բավական խորն է արմատավորվել այդ կարգի քաղաքացիների մեջ, որոնք իշխանության ղեկին թողեցին մեկին, որի խղճին են հայ ժողովրդի զոհված հազարավոր զավակների մահը, տասնյակ հազարավոր մարդկանց խեղված ճակատագրերը, Արցախի Հանրապետության՝ աշխարհասփյուռ հայության միավորման խորհրդանիշի տարածքի 75 տոկոսի կորուստը։

Հարգելի ընթերցող, այսքան տագնապահույզ եզրահանգումը խոր արմատներ ունի։ Չնայած Փաշինյանի ռազմաշունչ հայտարարություններին և նրա քաղաքական հենարանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» իշխանական խմբակցության պատգամավորների ագրեսիվ-խուլիգանական գործողություններին՝ ժամանակակից Հայաստանը գտնվում է պետական իշխանության կաթվածահարության պայմաններում։ Ասվածի համոզիչ հաստատումը տեսնում ենք իշխանությունների անգործության մեջ, ինչը քողարկվում է պոպուլիստական կարգախոսներով և դեմագոգիայով ՀՀ զինվորական ստորաբաժանումների վճռական գործողությունների մասին այն դեպքում, եթե ադրբեջանական կողմը խախտի Հայաստանի պետական սահմանները։ ՀՀ պաշտպանության նախարարի այս խիզախ կարգախոսները հնչեցնելուց հետո հայ-ադրբեջանական սահմանի խախտումները ոչ միայն չդադարեցին, այլև ադրբեջանցի զինվորականների կողմից արգելափակվեց Գորիս-Կապան մայրուղու 21 կիլոմետրանոց հատվածը, ինչպես նաև Գորիս-Որոտան ճանապարհի մի հատվածը ՀՀ Սյունիքի մարզում։ Նշենք նաև, որ ՀՀ պետական իշխանության անհամարժեքության և կաթվածահարության նշանները դրսևորվում են նաև, մեղմ ասած, Փաշինյանի զգայացունց և գորովագութ արձագանքներում՝ արված ս.թ. օգոստոսի 27-ին ՀՀ կառավարության նիստում, նեոօսմանյան Թուրքիայի հասցեին. «Վերադառնալով տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգին՝ ես պետք է ասեմ, որ մենք ստացել ենք որոշ դրական ազդանշաններ Թուրքիայից։ Մենք կգնահատենք այդ ազդանշանները։ Մենք կպատասխանենք դրական ազդանշաններին դրական ազդանշաններով»։ Ահա այսպիսի բաներ, հարգելի ընթերցող։

Թուրքիայից ստացվող դրական ազդանշանների մասին Փաշինյանի այս հայտարարությունների առնչությամբ բազմաթիվ հրապարակումներ են արվել ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան մաս-մեդիաներում։ Ընթերցողների ուշադրությունը չեմ սևեռի ինչպես պաշտոնական քաղաքական գործիչների, այնպես էլ միջազգայնագետ-վերլուծաբանների ամենահաճախ կրկնվող գնահատականների վրա, հատկապես այն անձանց կողմից, ովքեր, ուզում եմ հավատալ, անկեղծորեն բարիք և խաղաղություն են ցանկանում Հայաստանին և հայ ժողովրդին։ Հրապարակումների, արձագանքների մեծամասնության ինտեգրալ գնահատականը հավանություն է տալիս հայկական և թուրքական կողմերի գործողություններին՝ ուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ինչը, դրանց հեղինակների կարծիքով, նախադրյալներ կստեղծի լարվածության լիցքաթափման և Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար։ Միևնույն ժամանակ, հանգամանքների տարօրինակ բերումով ոչ ոք չի տալիս թվում է թե անխուսափելի հարցերը, առանց որոնց հստակ պատասխանների հնչեցման մեր տարածաշրջանում խաղաղության ամրապնդման հույս ունենալը լավագույն դեպքում քաղաքական միամտության, եթե չասենք՝ անհամարժեքության դրսևորում է հենց հայոց պետականության գոյության անվտանգության պահպանվող մարտահրավերների ընկալման հարցում։ Դատեք ինքներդ, հարգելի ընթերցող։ Քաղաքական գործիչներից, քաղաքագետներից, միջազգային հարաբերությունների ոլորտի վերլուծաբաններից ոչ ոք, ընդ որում, այդպես էլ չտվեց հետևյալ հարցերը. ի՞նչ եղան ավելի քան երկու հազար սիրիական վարձկան ահաբեկիչները, որոնք (թուրք սպաների անմիջական ղեկավարությամբ) ուղղակի մասնակցություն են ունեցել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) մարտական գործողություններին; ի՞նչ խնդիրներ և նպատակներ էին դրվել Ադրբեջանի Նախիջևանի մարզում տեղակայված թուրքական զինված ուժերի հարյուրավոր սպաների առջև այս փուլում, և ո՞րն է նրանց դերը Հայաստանի՝ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածին սահմանակից շրջաններում ապրող բնակչության դեմ կրկնվող սադրանքներում; ի՞նչ սադրանքներ պետք է սպասել ավելի քան հազար իսլամիստ ջիհադականներից, որոնք ներկայանում են իբրև աֆղանստանցի փախստականներ, որոնք թուրք բոսերի օգնությամբ հիմնավորվել են Ղարաբաղյան երկրորդ պատերազմի (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) ժամանակ օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներում; ինչպիսի՞ն է թուրքական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությունը Արցախի Հանրապետության տարածքում, Շուշի քաղաքին սահմանակից տեղամասերում ռազմական սադրանքների կազմակերպման գործում, որոնց անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները։ Համաձայնեք, հարգելի ընթերցող, որ առանց այս և դեռևս իմ կողմից չհնչեցված, բայց առկա հարցերի խելամիտ պատասխանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին խոսելը հավասարազոր կլիներ դյուրահավատ հայերի համար ՆԱՏՕ ստրատեգների պատրաստած՝ լավ մտածված որքան ճարտար, նույնքան էլ նենգ ծուղակում ինքնակամ հայտնվելուն։ Հատկապես մեր այն համերկրացիների համար, որոնք չափից ավելի հուզական են ընկալում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության լսողությունը շոյող դատապարտումները, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչման հավաստիացումները և չսպիացող այլ վերքերին անդրադարձները, որոնք արմատավորվել են հայ ժողովրդի ինքնագիտակցության մեջ, և որոնք ավելի ու ավելի հաճախ են հնչեցվում հավաքական Արևմուտքի ստրատեգների կողմից։ Դժբախտությունն այն է, որ չի աշխատում նաև մեր ժողովրդի այն հատվածի ինքնապահպանման բնազդը, որը, չգիտես ինչու, չի տալիս հիշողության մեջ դեռևս թարմ հարցերը, դիցուք. ո՞ւր էին նայում հայ ժողովրդի՝ սահմանից այն կողմ գտնվող բարյացակամները, երբ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) ադրբեջանական հրոսակախմբերն օգտագործում էին ՄԱԿ ամեն տեսակ կոնվենցիաներով արգելված ֆոսֆորային ռումբեր, ինչո՞ւ էին նրանք բոլորը բերանները ջուր առել, երբ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն, հարգարժան Սերգեյ Եվգենևիչ Նարիշկինը պատերազմի առաջին իսկ օրերին հայտարարեց ղարաբաղյան ճակատում մարտական գործողություններին ավելի քան երկու հազար սիրիական վարձկան ահաբեկիչների մասնակցության մասին, իսկ ռուսական մաս-մեդիաներն, ի ապացույց այդ պնդումների, ցուցադրում էին վավերագրական կադրեր Թուրքիայի տարածքից Ադրբեջան ահաբեկիչներ նետելու, հետագայում նրանց մարտական գործողությունների գոտի ուղարկելու մասին։

Հարգելի ընթերցողը միանգամայն արդարացիորեն կարող է հարցնել. իսկ ինչո՞ւ է այս տողերի հեղինակը հիմնականում վկայակոչում արտաքին դերակատարներին՝ լռության մատնելով Հայաստանի կառավարության դերը։ Եվ ընթերցողն իրավացի կլինի, բայց մասամբ։ Այս հոդվածում ես հատուկ եմ այսպես վարվում՝ հիանալի իմանալով, որ հանձինս Փաշինյանի և հակապետական խառնամբոխի մենք ունենք ընդամենը բութ ու հնազանդ գործիք անգլոսաքսոնական ստրատեգների ձեռքում, որոնք իրենց նպատակն են համարում իրավիճակի ապակայունացումը Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի ողջ պարագծում։ Որպես այս զազրելի նպատակի իրականացման գործիք Հարավկովկասյան տարածաշրջանում հանդես է գալիս Փաշինյանի կառավարությունը, ընդ որում՝ անգամ ծույլին է հասկանալի, որ ինչքան էլ այն ներկայանա որպես հայ-ռուսական հարաբերությունների խորացման կողմնակից, այդ հարաբերությունների հիմքում դրված ական է։ Անգամ եթե Հայաստանի և Ռուսաստանի դաշինքի անայլընտրանքայնությունը հասել էլ է նրա գիտակցությանը, միևնույն է՝ Փաշինյանը դրանից չի դադարում պատանդ լինել Արևմուտքի հատուկ ծառայությունների ձեռքում, որոնք կանգնած էին 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջման հետևում և նրան իշխանության բերեցին՝ կոտրելու համար հայ-ռուսական ռազմավարական դաշինքը՝ ՀՀ-ից 102-րդ ռուսական ռազմակայանի և Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության սահմանապահ ջոկատների զորակազմերի հետագա դուրսբերմամբ։

Վերջաբանի փոխարեն. Չեմ ցանկանում հանդես գալ մարգարեի դերում, բայց չեմ կարող որոշ մտքեր չարտահայտել մոտ ապագայի մասին, որն, ըստ իս, սպասում է ՀՀ-ին։ Կասկածից վեր է, որ Հայաստանի և հայ ժողովրդի վրա դրված անեծքը սատանայապաշտների կողմից՝ հանձինս ՀՀ գործող իշխանությունների և նրանց անդրսահմանային հովանավորների, կհաղթահարվի։ Հայկական հասարակությունում սատանայական նորմերի սերմանման բոլոր մեղավորները կբանադրվեն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից և կկրեն արժանի քրեական պատիժ։ Կրթությամբ իրավաբան չլինելով՝ այնուամենայնիվ, կարող եմ հաստատ ասել, որ բավական դաժան և արդարացի մեղադրանքներից բացի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանին կներկայացվի նաև մեղադրանք Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն (ընդունվել է 2003թ. ապրիլի 18-ին), որն ասում է.

«Հոդված 34. Հանցափորձ։

Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն (մեր դիտարկած պարագայում՝ սպանության – Ա.Գ.), եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով»:

Եվ ահա, հարգելի ընթերցող, 2021թ. հունիսի 24-ին, ժամը 02.22-ին (այսինքն՝ գիշերվա ժամը 2-ին) ափշերոնյան սուլթան Իլհամ Ալիևի ոչ անհայտ խոսափողը, որը հանդես է գալիս որպես ընդդիմադիր ներկայացող Haqqin. az ինտերնետ-պարբերական, հրապարակեց հոդված՝ «Հայաստանում կալանավորել են ընդդիմության պատգամավորի թեկնածուին» վերնագրով, որում, մասնավորապես, նշվում է. «Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է մեկ ամսով ձերբակալել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին, որը արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի ընտրացուցակում էր։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը... Ավելի վաղ սոցիալական ցանցերում էր հայտնվել խոսակցության ձայնագրություն, որտեղ Չարչյանը «Իզմիրլյանի» բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ խոսում էր ընտրություններին գնալու անհրաժեշտության մասին։ Քննիչները համարել են, որ նա այդ կերպ օգտագործել է իր ծառայողական դիրքը և ճնշում գործադրել հիվանդանոցի աշխատակիցների վրա»։ Որո՞նք էին գիշերվա կեսին այս նորության այսքան շտապ հրապարակման հիմնական դրդապատճառները ոչ անհայտ ադրբեջանական ինտերնետ-պարբերականում՝ չեմ դատի՝ վախենալով սխալվելուց։ Սակայն կասկածից վեր է, որ այդ հրապարակման ենթատեքստը հօգուտ ափշերոնյան սուլթան Իլհամ Ալիևի է, որին ընդդիմադիր ադրբեջանական մամուլը մեղադրում է բռնակալության մեջ։ Իսկ ահա այստեղ՝ փաշինյանական Հայաստանում, որը գունավոր հեղափոխությունների ջատագովները ներկայացնում են որպես դեմոկրատիայի, մարդու իրավունքների պաշտպանության և քարոզչական այլ կլիշեների փարոս, որոնք հաճախ օգտագործվում են պետական հեղաշրջումների (որոնք, չգիտես ինչու, անվանվում են ռոմանտիկ գունավոր հեղափոխություններ) իրականացման ժամանակ, ազատությունից զրկում են վաստակավոր պրոֆեսորին ընդամենը ընտրությունների գնալու կոչի համար։ Ընդ որում՝ սույն ինքնիրավչությունն իրականացվում է դեմոկրատիայի արևմտյան ջատագովների՝ փաշինյանական իշխանության ընդդիմությանը, օրինակ, բողոքի ակցիաների իրականացման ժամանակ իրավական նորմերը պահպանելու անհրաժեշտությունը սովորեցնելու սիրահարների լիակատար լուռումունջության պայմաններում։ Նշենք, որ ս.թ. սեպտեմբերի 2-ին Ամենայն Հայոց կաթողիկոս, Ծայրագույն պատրիարք Գարեգին Երկրորդը այցելեց խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին, որն այդ օրը դեռևս գտնվում էր «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում, և նրա հետ մեկ ժամ զրույց ունեցավ։ Ընթերցողներին հիշեցնենք, որ կալանքի մեջ գտնվելով՝ հարգարժան Արմեն Գերասիմի Չարչյանը միոկարդի սուր ինֆարկտ է տարել, ինչից հետո տեղափոխվել է հիվանդանոց։ Արմեն Չարչյանին ախտորոշել են 3-րդ աստիճանի հիպերտոնիա, 2-րդ տեսակի շաքարային դիաբետ (կախվածություն ինսուլինից), ինչպես նաև երիկամային անբավարարություն։ Կարծում ենք, որ այս փաստերը  կդրվեն 34-րդ հոդվածով քրեական գործի հիմքում, որը, կրկնում եմ, անխուսափելիորեն կհարուցվի Հայաստանի և Արցախի հարյուրավոր և հազարավոր քաղաքացիների, այդ թվում և 1992-1994թթ. Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի վետերանների կյանքեր փրկած անվանի պրոֆեսորի դահիճների դեմ։ Համոզված եմ, որ Նորին Սուրբ օծություն Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունները Բարձրյալը կլսի, իսկ Արմեն Չարչյանը կապաքինվի և կշարունակի իր վեհանձն գործը՝ ի փրկություն մարդկանց կյանքերի։ Բայց դա տեղի կունենա այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը, մեր ավելի քան 600 հազար մոլորված քաղաքացիները, որոնք իրենց ձայնը ՀՀ VIII գումարման ԱԺ ընտրություններում տվել են Փաշինյանի օգտին, կհասկանան Գարեգին Երկրորդի ս.թ. օգոստոսի 2-ին ՀՀ խորհրդարանի առաջին նստաշրջանում հնչեցրած մաղթանքների էությունը։ Ոչ մեծ մեջբերում կատարեմ ՀՀ խորհրդարանականներին Հայրապետի ողջերթի խոսքից. «Այսօր մեր Հայրենիքը՝ Հայաստանը և Արցախը, դիմակայում են արտաքին և ներքին լուրջ մարտահրավերների՝ հանդիման Ադրբեջանի կողմից ծավալվող ագրեսիայի ու ծավալապաշտական նկրտումների, իսկ հայրենական կյանքում ծառացած հիմնախնդիրները հաղթահարելու համար հրամայական է պետական քաղաքական գործիչների և ողջ հասարակության համախմբումը, քաղաքացիական պատասխանատվության բարձր գիտակցությունը, համընդհանուր զգաստությունն ու բարեխղճությունը... Մեզ համար կենսականորեն կարևոր են միասնությունը և հանգստությունը, կարևոր է հաղթահարել հասարակությունը փոթորկող հուզումները։ Պետք է հրաժարվել քենից, վրեժխնդրությունից և անմիաբանությունից։ Այլ ընտրություն չկա, և մենք բոլորս պետք է հասկանանք դա»։

Գարեգին Երկրորդի այս կոչը նորից ու նորից հրատապ է դարձնում քաղաքական ուժի ձևավորման սուր անհրաժեշտությունը, որը կկարողանա համակողմանիորեն վերլուծել հայոց պետականության գոյության անվտանգության սպառնալիքները, հաղթահարել «թալանչի-հողատու» պարադիգմում գործելու հիվանդագին, կործանարար հակումը, և որ գլխավորն է՝ ի զորու կլինի չտրվել իր անսխալականության և բացառիկության մեջ վստահ լինելու գայթակղությանը, ինչը Հայաստանում նոր ընդդիմադիր քաղաքական ուժի կազմավորման գլխավոր պայմանն է։ Հերթական սխալ վերլուծությունը Հայաստանը անգլոսաքսերի և թուրքերի հատուկ ծառայությունների կողմից ղեկավարվող հակազգային իշխանություններից ազատելու ռազմավարության և մարտավարության ըտրության հարցում, ինչպես տեղի ունեցավ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշման ընդունման պարագայում, կարող է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար վերածվել համազգային աղետի և հանգեցնել հայոց պետականության վերջնական կորստի։ Այսպիսին են այսօրվա իրողությունները, և սրա մեջ չափազանցություն չկա։ Այս տագնապալի եզրահանգման անսխալ լինելը հասկանալու համար անհրաժեշտ է անաչառ վերլուծել նիկոլփաշինյանական հակաժողովրդական թայֆայի գոծողությունները 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո։  Իսկ վերջին ամիսների իրադարձություններն ամենայն համոզչությամբ ցույց տվեցին, որ Փաշինյանի պողպատյա մանդատը հայոց պետականության կործանման գործիքն է։ Սա անհերքելի իրողություն է, որը կա թուրքական հատուկ ծառայությունների զինանոցում և ՀՀ-ում նրբահյուս ուղղորդվում և իրականացվում է CIA-ի և MI-6-ի կողմից։ 

 

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ,

«Լազարյան ակումբի» խորհրդի անդամ

Последние видеоматериалы

Новые книги