Հայաստանը կլինի՛ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությունում

25.06.2021, Ռեգնում

https://regnum.ru/news/polit/3304038.html

 

Անոտացիա

Հայաստանի Հանրապետության VIII գումարման Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքները, որոնք դժվար է բնութագրել այլ կերպ, քան ձախողում և ուժեղ հարված ընդհանուր առմամբ ՀՀ ընդդիմությանը, բնականաբար, նաև «Ազգային միաբանություն» կուսակցությանը, որի ղեկավարն է տողերիս հեղինակը, լուրջ մտորումների տեղիք են տալիս։

Անտառը սրընթաց նոսրանում էր,

բայց ծառերը շարունակում էին քվեարկել կացնի օգտին,

որովհետև նրա կոթը սարքված էր փայտից,

և նրանք մտածում էին, որ նա իրենցից մեկն է։

 

Կարդացի REGNUM տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Ալեքսեևիչ Կոլերովի հարցազրույցը 168.am ինտերնետ-պարբերականի թղթակից Արմինե Վարդանյանի հետ՝ հրապարակված ս.թ. հունիսի 22-ին, ժամը 21։51-ին, այդ պարբերականի էջերում, «Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, կարելի է անվանել պետության ինքնասպանություն, նրա վերջին փուլ» վերնագրով։ Հեռու եմ Մոդեստ Ալեքսեևիչի (համենայնդեպս՝ իմ հոդվածների բարյացակամ դատավորի) եզրահանգումները դատելու մտքից, բայց անկեղծ չեմ լինի նրա և ինքս իմ առջև, եթե ափսոսանք չհայտնեմ մի առանձին եզրակացության մասին, որը կա նրա հարցազրույցում։ Այսպես, «...անգամ եթե Հայաստանը ցանկանա լինել Ռուսաստանի հետ միութենական պետության կարգավիճակով [(ի դեպ, չեմ կարծում, թե Հայաստանում այս գաղափարի կողմնակիցներ կան) – ընդգծումն իմն է՝ Ա.Գ.], ապա ես պետք է անկեղծորեն ասեմ, որ բնավ չի նշանակում, որ դա ցանկանում է Ռուսաստանը»,- ասվում է Մոդեստ Ալեքսեևիչի հարցազրույցում, ով ավելի լավ, քան որևէ մեկը հիանալի գիտի, որ տողերիս հեղինակն ահա արդեն ոչ առաջին տարին բոլոր հասանելի միջոցներով հանդես է գալիս Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ Հայաստանի մուտքի օգտին։

Այլ բան է, որ այս գաղափարը վիժեցվում է ոչ միայն սորոսա-փաշինյանական հակազգային քարոզչությամբ, այլև այն մաս-մեդիաների կողմից, որոնք վերահսկվում են իրենց գլխավոր ընդդիմադիր ուժ հռչակած քաղաքական գործիչների կողմից։ Այդ «գլխավոր» ընդդիմադիր ուժի ղեկավարների գործողությունները թույլ են տալիս եզրակացնել, որ նրանց գլխավոր նպատակն է, դիցուք՝ մեր ռազմավարական դաշնակցի, հայոց պետականության պահպանման երաշխավորի՝ Ռուսաստանի Դաշնության աչքում սխալ կարծիք ձևավորել, որ իրենք և միայն իրենք են Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական դաշինքի միակ ջատագովը։ Այնինչ, նրանց այս արարքը բնավ չի ուղեկցվում Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջման սցենարիստների, ասել է թե՝ մառախլապատ Ալբիոնի և Պոտոմակի ափերի հատուկ ծառայությունների հակապետական դավերի առարկայական մերկացմամբ։ «Գլխավոր» ընդդիմադիր ուժի նման քաղաքականության անհեռատեսության և վնասակարության մանրամասն բացատրությունն ավելի վաղ նպատակահարմար չէր թվում, քանի որ դա կարող էր դառնալ հաղթաթուղթ փաշինյանական հակապետական քարոզչության ձեռքին։

Չեմ թաքցնի, հարգելի ընթերցող, որ ընդդիմության գծով մեր գործընկերների այդ մոտեցմանը «Ազգային միաբանություն» կուսակցության և ձեր խոնարհ ծառայի գնահատականների զսպվածությունը զգալիորեն պայմանավորված էր բարձր գնահատականներով, որոնք հնչեցրել էր մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի կազմակերպիչ Ռ.Քոչարյանի հասցեին, քանի որ քննադատությունն ընդդիմության այդ հատվածի հասցեին դեմագոգիկ կերպով կխեղաթյուրվեր և կենթարկեցվեր առասպելի ստեղծմանը եղբայրական Ռուսաստանի առաջնորդի՝ մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի քողարկված քննադատության մասին՝ հայ-ռուսական ռազմավարական դաշինքի անայլընտրանքայնության ջատագովների կողմից։ Ավելին, այն կմատուցվեր որպես արդիականության ականավոր առաջնորդներից մեկի՝ Վլադիմիր Պուտինի քննադատություն մեր կողմից, որի գործողությունների վճռականությունը 2020թ. նոյեմբերին փրկեց Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչությանը ցեղասպանությունից։

Ավաղ, հարգելի ընթերցող, Հայաստանի Հանրապետության VIII գումարման Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքները, որոնք դժվար է բնութագրել այլ կերպ, քան ձախողում և ուժեղ հարված ընդհանուր առմամբ ՀՀ ընդդիմությանը, բնականաբար՝ նաև «Ազգային միաբանություն» կուսակցությանը, որի ղեկավարն է տողերիս հեղինակը, լուրջ մտորումների տեղիք են տալիս։ Ընտրությունների արդյունքները, ընտրողների ցածր մասնակցությունը ցույց տվեցին ահա արդեն երեք տարի «գլխավոր» ընդդիմադիրների վարած քաղաքականության լիակատար չկայացածությունը՝ ցանկացած ընդդիմադիր քաղաքական ուժի մեկուսացման առումով, քաղաքական ուժ, որը չի կանգնել իրենց դրոշի ներքո, ավելին՝ հայտարարել է Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական դաշինքի խորացման գործին իր անսասան հավատարմության մասին։ Ընդ որում՝ էլ չեմ ասում Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ Հայաստանի մտնելու կողմնակիցների տոտալ տեղեկատվական մեկուսացման մասին («գլխավոր» ընդդիմությանը ենթակա ավելի քան տասնյակ մեդիա-ռեսուրսներից ոչ մեկը հասանելի չէ քաղաքական գործիչների և քաղաքական ուժերի համար, կրկնում եմ, որոնք չեն կանգնել նրանց դրոշի ներքո, որոնք պակաս ընդդիմադիր չեն Փաշինյանի ռեժիմին և շատ ավելի անխոցելի են նրա գրչակների համար)։

Միևնույն ժամանակ, հարգելի ընթերցող, չեմ կարող չհամաձայնել Մոդեստ Ալեքսեևիչ Կոլերովի հարցազրույցի գլխավոր եզրահանգման հետ։ Այո, իրականում Հայաստանում ս.թ. հունիսի 20-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրությունները  պետության ինքնասպանության սկիզբն են։ Ավաղ, այն կդառնա անշրջելի, եթե Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի, առավել ևս՝ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ ՀՀ-ի մտնելու համոզված կողմնակիցների մեկուսացումը շարունակվի։ Ընդ որում՝ մեկուսացում ինչպես Նիկոլի, որին ՀՀ քաղաքացիների որոշակի մասն անվանում է Նիկոլ-դավաճան, այնպես էլ «գլխավոր» ընդդիմության կողմից։ Թող հարգելի ընթերցողը սա որպես բողոք չընկալի։ Բնավ ոչ, սա ընդամենը Հայաստանի այօրվա իրողությունների փաստում է։ Ավաղ, ի տարբերություն քաղաքական ուժի, որն իրեն հռչակել է որպես «գլխավոր» ընդդիմություն Փաշինյանի ռեժիմին, մենք չենք տիրապետում ֆինանսական, ուրեմն և տեղեկատվական ռեսուրսների՝ բացատրական աշխատանքի համար Հայաստանի բնակչության լայն շերտերի մեջ «պետական ինքնասպանության» մասին, որն իրականացնում են Հայաստանի Հանրապետության իշխանավորները Փաշինյանի արտասահմանյան տիկնիկավարների սցենարով։ Ստիպված եմ խոստովանել, որ, ցավոք, ռուսական հեղինակավոր REGNUM մեդիա-հոլդինգի տեղեկատվական ռեսուրսը, որի էջերում ներկայացվում է Հայաստանում և Հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների ճշմարտացի պատկերը, հայոց պետականության անվտանգության մարտահրավերների դեմ (պայմանավորված Հայաստանի, ասել է թե՝ Ռուսաստանի դեմ Արևմուտքի տեղեկատվական պատերազմով) համարժեք պայքար վարելու համար բավարար չէ։ Ընդ որում՝ կարևոր եմ համարում նշել, որ բնավ ՀՀ հայրենասիրական ընդդիմության ֆինանսավորման կողմնակիցը չեմ հակառուսական, ոռւսատյաց փաշինյանական խաժամուժի մաս-մեդիաների ֆինանսավորման օրինակով, որոնք սնվում են ասես առատության եղջյուրից։ Մենք արդեն առաջին տարին չէ, որ վկաներն ենք այն բանի, թե ինչպես են տասնյակ սորոսական մաս-մեդիաներ, որոնք քայքայում են հայոց պետականության հիմքերը, շռայլորեն ֆինանսավորվում Սորոսի «Բաց հասարակություն – Հայաստան» հիմնադրամից ու դրա նմաններից։ Միևնույն ժամանակ, Հայաստանը ինքնակործանումից փրկելու համար պետք է հայոց պետականության համար կործանարար այդ համակարգային գործողություններին հակադրել էլ ավելի արդյունավետ համակարգային աշխատանք, որի գլխավոր խնդիրն է լինելու հայոց պետականության դեմ սանձազերծված տեղեկատվական պատերազմի մերկացումը։ Պատերազմ, որի հիմքում հակառուսական, ռուսատյաց տրամադրությունների բորբոքումն է, ինչը տեղեկատվական ֆոն է ստեղծում Հայաստանի Հանրապետությունից ռուսական 102-րդ ռազմակայանի հետագա դուրսբերման համար։

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում քաղաքական ուժերի բացակայությանը, որոնք միութենական պետության մեջ ՀՀ մուտքի կողմնակիցներն են, ապա կցանկանայի հարգելի Մոդեստ Ալեքսեևիչի և ընթերցողների ուշադրությունը հրավիրել «Արտաշես Գեղամյան. Ռուսաստանի հետ միութենական պետության այլընտրանք չկա» (https://ru.armeniasputnik.am/radio/20210607/27839429/Artashes-Gegamyan-soyuznomu-gosudarstvu-s-Rossiey-alternativy-net.html) հարցազրուցին։ Հատկանշական է, որ այդ հարցազրույցը «Sputnik Армения» ինտերնետ-հեռուստաալիքով դիտած 3245 հանդիսատեսից, որոնք բոլորովին անտարբեր չեն միութենական պետության մեջ Հայաստանի մուտքին, 110 քվեարկածներից 47-ն արտահայտվել էր «կողմ», 63-ը՝ «դեմ»։

 

Последние видеоматериалы

Новые книги