Հայաստանի ինքնաոչնչացման թափանիվը գործի է դրվել
25.05.2021, Ռեգնում
https://regnum.ru/news/polit/3279159.html
26.05.2021, Իրավունք
https://iravunk.com/?p=204171&l=am
Անոտացիա
ՀՀ իշխանությունները, MI-6-ի և CIA-ի, ինչպես նաև թուրքական հատուկ ծառայությունների իրենց ուղեվարների թելադրանքով, ամեն ինչ անում են Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի տարբեր հատվածներում լարվածությունը պահպանելու համար, ինչը կարող է ցանկացած պահի վերաճել զինված ռազմական հակամարտության։ Այս պայմաններում հատուկ պատասխանատվություն է դրվում հայրենասիրական, Փաշինյանի ռեժիմին իսկապես ընդդիմադիր քաղաքական ուժերի վրա։
Հավաքական Արևմուտքի բնավ ոչ բուլվարային վերլուծական կենտրոնների աննախադեպ ակտիվությունը, որոնք մայիսյան այս օրերին հանդես են գալիս աչք ծակող կատաղի հակառուսական հիստերիայով, չի կարող գոհունակություն չառաջացնել։ Այո, այո, հարգելի ընթերցող, գոհունակություն։ Այսպես, կարդալով սահմանի այն կողմից շռայլորեն ֆինանսավորվող ԶԼՄ-ները, բազմացող ռուսատյաց վերլուծական մտավարժանքները, չի կարելի չհամոզվել դրանց հեղինակների գաղափարաբանական անզորության և մտավոր սնանկության մեջ, ինչը չի կարող գոհունակություն չառաջացնել։ Գոհունակություն է առաջացնում նաև անհերքելի ճշմարտության գիտակցումը, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական ուղեգիծը, որը վարում է Ռուսաստանի նախագահ, մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, լիովին արտացոլում է ռուսական պետության շահերը։ Եվ միանգամայն սպասելի էր, որ սույն փաստը կատաղության մեջ է գցում ամեն տեսակ ռուսատյացներին (ընթերցողներին հիշեցնենք, որ ՌԴ Սահմանադրության 86-րդ հոդվածի համապատասխան՝ «Ռուսաստանի Դաշնության նախագահը՝ ա) իրականացնում է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության ղեկավարումը; բ) բանակցություններ է վարում և ստորագրում է Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերը; գ) ստորագրում է վավերացվող կարգադրագրերը; դ) ընդունում է իր օրոք հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների հավաստագրերն ու հետկանչը»)։
Իմ այս եզրահանգումները, հարգելի ընթերցող, չափազանցություն չեն։ Եթե այդպես չլիներ, մենք կդառնայինք բազմաթիվ հրապարակումների, Արևմուտքի «հեղինակավոր» քաղաքագետների հետ հարցազրույցների վկաները, որոնք միաձայն գովերգում են «խորաթափանցությունը», «խորին հավատարմությունը դեմոկրատիային», «մարդու իրավունքների անդադրում հոգածությունը» և հիացական այլ արձագանքներ ռուսական պետությունը քանդողների հասցեին։ Չէ՞ որ այս ամենը տեղի է ունեցել գորբաչովյան վերակառուցման խառնակ ժամանակներում, ինչը հանգեցրեց ԽՍՀՄ փլուզմանը։ Իսկ մի քանի տարի անց այս ամենը շարունակվեց նոր, մի քիչ ավելի ճկուն ձևով և հասավ գագաթնակետին ХХ դարի 90-ականների վերջին, երբ իշխանությունում գտնվող նեոլիբերալների քաղաքականությունը նախագահի պաշտոնում Բորիս Ելցինի կառավարման 10 տարիներին Ռուսաստանը հասցրեց աղետի եզրին։ Իրադարձությունների այսպիսի զարգացման պարագայում արևմտյան գրչակներին ինչպես թույլ կտրվեր «Ուրախության օդաներ» ձոնել (բայց ոչ ըստ Ֆրիդրիխ Շիլլերի, այլ ըստ Վաշինգտոնյան մարզկոմի ֆունկցիոներների) Ռուսաստանի ոչ այն առաջնորդների պատվին, որոնք, տիրանալով ռուսաց պետության իշխանությանը, սկսեցին ծառայել ոչ թե սեփական ժողովրդին, այլ ամերիկյան հետնաբեմին։ Մի խոսքով՝ հավաքական Արևմուտքի տարատեսակ վերլուծական կենտրոններին շատ ավելի հոգեհարազատ էին Ռուսաստանի այնպիսի առաջնորդները, որոնք XX դարավերջի – XXI դարասկզբի Հերոստրատի ուղղակի մարմնավորումն էին։ Եթե հին հույնը այրեց աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը՝ Արտեմիսի տաճարը, որպեսզի իր անունը հիշեն սերունդները, ապա ռուսական շշալցման հերոստրատներն իրենց առջև շատ ավելի պրագմատիկ խնդիրներ էին դնում, դիցուք՝ իրենց համար ապահովել առատ վարձավճար և անվտանգ, անաղքատ ապրուստ մառախլապատ Ալբիոնի կամ Պոտոմակի ափերին։ Օրինակները շատ են, բայց դրանց մասին չէ սույն շարադրանքը։
Ներկայում հավաքական Արևմուտքի որոշակի շրջանակների չարությունն առաջացել է սեփական անզորության գիտակցումից՝ ժամանակակից Ռուսաստանում մի այնպիսի Հերոստրատ ստեղծելու անհնարինությունից, որը կկործաներ Ռուսաց պետությունը, գոնե Զբիգնև Բժեզինսկու և КО-ի հանձնարարականների համաձայն (Նավալնու հետ կապված հնարքը խայտառակ ձևով տապալվեց)։ Ոչ վերջին հերթին և այդ պատճառով բազմացան տարատեսակ վերլուծական զեկույցները, օրինակ՝ բրիտանական Chatham House վերլուծական կենտրոնի հաշվետվությունը (այսուհետ՝ Հաշվետվություն), որն ընտրել է Ռուսաստանի քաղաքականության վարկաբեկման ինքնատիպ միջոց, որի վերջնանպատակը Ռուսաստանի նախագահ, մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի դեմոնացումն է։ Chatham House-ում հրապարակված մեծ Հաշվետվությունում հետևողականորեն քննադատվում են հավաքական Արևմուտքի որոշակի շրջանակների՝ Ռուսաստանի հետ հարաբերություններ հաստատելու փորձերը։ Կարծում ենք, որ հարգելի ընթերցողին հետաքրքիր կլինի ծանոթանալ առավել տարածված «միֆերին և մոլորություններին» (այսպես են 2021թ. մայիսի 16-ին հրապարակված Հաշվետվության հեղինակները բնութագրում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից արևմտյան քաղաքական գործիչների իբր արատավոր մոլորությունը)։ Հաշվետվության հեղինակների կարծիքով՝ Ռուսաստանի և ԵՄ հարաբերությունների կարգավորման կողմնակիցները ձևավորում են հավաքական Արևմուտքի կողմից բնավ չպահանջված մտայնություն Ռուսաստանի մասին, ինչը կործանարար ազդեցություն է գործում այդ նույն հավաքական Արևմուտքի քաղաքականության մշակման և իրականացման վրա, որն ընթանում է Վաշինգտոնյան մարզկոմի գծած դիրեկտիվների հետագծում։ Ուստի, Chatham House-ի վերլուծաբանների համոզմամբ՝ Արևմուտքի քաղաքականությունը պետք է ապահովի կոշտ և արդյունավետ պատասխաններ Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին։
Չեմ վերլուծի բոլոր 16, այսպես կոչված, միֆերն ու մոլորությունները, դա առանձին հոդվածի թեմա է, այստեղ ընթերցողներին կհիշեցնեմ այլ փաստաթղթի մասին։ Այսպես, Եվրոպական խորհրդարանի Միջազգային հարաբերությունների կոմիտեն 2021թ. մայիսի 16-ին հրապարակեց զեկույցի նախագիծ (այսուհետ՝ Զեկույց), որը սահմանում է գլխավոր սկզբունքները, որոնց համաձայն՝ Եվրամիությունը պետք է հարաբերություններ կառուցի Ռուսաստանի հետ։ Հարգելի ընթերցողը միանգամայն իրավացիորեն կարող է հարց տալ՝ ի՞նչ կապ կա Chatham House-ի Հաշվետվության և ԵՄ Զեկույցի միջև։ Իսկ կապն ամենաանմիջականն է, քանի որ այդ փաստաթղթերի գլխավոր նպատակը անգլոսաքսերի և ԵՄ-ի կողմից Ռուսաստանում քաղաքական կարգը փոխելու միասնական ռազմավարության ստեղծումն է, որի պարտադիր պայմանը իշխանությունից ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին հեռացնելն է։ Այո, այո, հարգելի ընթերցող, ասվածը չափազանցություն չէ, այլ ուղղակի եզրակացություն, օրինակ, Ռուսաստանի հետ ԵՄ հարաբերությունների կառուցման հինգ սկզբունքների վերլուծությունից։ Հիշեցնենք այդ սկզբունքների էությունը։
Առաջին սկզբունքը վերաբերում է «ռուսական սպառնալիքի զսպմանը»։ Փաստաթղթի հեղինակների մտահղացմամբ՝ ԵՄ-ը ՆԱՏՕ-ի հետ միասին պետք է պահպանի կայունությունը «Արևելյան գործընկերության» երկրներում և ճնշում գործադրի Մոսկվայի վրա՝ ինչ-որ «օկուպացված տարածքներ» վերադարձնելու նպատակով։ Եվրամիությունը նաև պետք է ուսումնասիրի Ռուսաստանին SWIFT վճարային համակարգից անջատելու տարբերակը և կրճատի կախվածությունը ռուսական էներգառեսուրսներից, «համենայնդեպս՝ մինչև այն ժամանակ, քանի դեռ նախագահ Պուտինը կլինի իշխանությունում»։
Երկրորդ սկզբունքը նվիրված է «ԵՄ երկրների և «Արևելյան գործընկերության» երկրների գործերին Ռուսաստանի միջամտության դեմ պայքարին»։ Ընդ որում՝ նշվում է տարածաշրջանի երկրների հետ անվտանգության պայմանագրերի կնքման կարևորությունը, որոնք ստորագրել են ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագիրը։ Այնուհետև առաջարկվում է ստեղծել երկրների ինտեգրման նոր ռազմավարություն՝ հիմնված Եվրահանձնաժողովի նախկին ղեկավար Ռոմանո Պրոդիի «ամեն ինչ, բացի ինստիտուտներից» բանաձևի վրա, այսինքն՝ որպեսզի «գրեթե Եվրոպայի» երկրները, չլինելով ԵՄ անդամության թեկնածու, մոտենան միության «չափորոշիչներին» տնտեսական, քաղաքական և իրավական հարցերում։ Եվ բոլորովին էլ դժբախտություն չէ, որ գործնականում Պրոդիի հայեցակարգը կիսագաղութատիրական էր. Արևելյան Եվրոպայի պետությունները, զրկվելով ինքնիշխանությունից, պարտավոր էին իրենց օրենքները հարմարեցնել Բրյուսելին և բացել սպառման շուկաներ՝ փոխարենն ընդամենը ավելի սերտ ինտեգրման խոստումներ և անշահավետ պայմաններով վարկեր ստանալով։
Երրորդ սկզբունքը դեմոկրատիային աջակցումն է պատժամիջոցների, ֆինանսական վերահսկողության և միջազգային հետաքննությունների օգնությամբ՝ այնպիսի անցանկալի կազմակերպությունների ներգրավմամբ, ինչպիսին է Bellingcat-ը։ Այս դեպքում Արևմուտքում վաղուց գործող սխեմայով Բրյուսելին խորհուրդ է տրված անկյան գագաթին դնել «դեմոկրատիա ամեն ինչից առաջ» սկզբունքը և ցանկացած բանակցություն Մոսկվայի հետ շաղկապել «մարդու իրավունքների ու ազատ ընտրությունների» թեմաների հետ։ ԵՄ երկրներին առաջարկվել է նաև վերանայել իրենց տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ և դադարեցնել «Հյուսիսային հոսք – 2» նախագծի իրականացումը։
Չորրորդ սկզբունքը «աջակցությունն է Ռուսաստանի դեմոկրատական հասարակությանը»։ Այստեղ խորհրդարանականները կոչ են անում ԵՄ-ին հակազդել «ռուսալեզու քարոզչությանը»՝ աջակցելով շուրջօրյա հեռարձակմամբ «Свободная Россия» հեռուստաալիքի ստեղծմանը։ Դիտարկվում է նաև Պետդումայի գալիք ընտրությունների լեգիտիմությունը չճանաչելու հարցը, եթե «կեղծարարություններ լինեն»։ Եվ ամենահատկանշականը՝ առաջարկվում է Ռուսաստանին պատմել այն օգուտների մասին, որոնք երկիրը կարող է ստանալ դեմոկրատական վերափոխումների գործադրման պարագայում։ Որպես այս պայմանների կատարման բոնուս ենթադրվում են վիզային ռեժիմի պարզեցում, ներդրումային ծրագրեր ազատ առևտրում և ռազմավարական գործընկերություն։
Հինգերորդ սկզբունքը վերաբերում է «ոգեշնչման աղբյուրների որոնմանը ռուսաստանցիների համար»։ Փաստաթղթի հեղինակների խոսքով՝ «Արևելյան գործընկերության» երկրների հաջողությունը լավ օրինակ կծառայի և «կոգեշնչի Ռուսաստանի ժողովրդին՝ աջակցել դեմոկրատիային»։ Ինչպես կարծում են պատգամավորները, ԵՄ-ը պետք է ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագիր ստորագրած երկրներին եվրոպական ինտեգրման նոր ազդակ հաղորդի՝ բարեփոխումների նրանց մոտիվացիան պահպանելու նպատակով։
Նշենք, որ Հաշվետվության և Զեկույցի հրապարակման նախօրեին առաջատար արևմտյան լրատվամիջոցները հրապարակեցին տասնյակ հոդվածներ և տարատեսակ վերլուծաբանական նյութեր, որոնք (բնավ ոչ դրանց հեղինակների ցանկությամբ) միավորում էր մեկ բան, դիցուք. ժամանակակից Ռուսաստանի պայմաններում նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի օրոք, հավաքական Արևմուտքը ավելի ու ավելի է համոզվում ռուսական պետականության հիմքերը սասանելու իր անզորության մեջ։ Եվ սա չի հաջողվում թաքցնել անգամ արևմտյան վերլուծաբաններին։
Առանձնակի զմայլանք է առաջացնում Զեկույցում պարունակվող հանձնարարականը՝ չճանաչել Պետդումայի նոր կազմի լեգիտիմությունը, եթե 2021թ. ընտրությունները (ԵՄ հայեցողությամբ) կեղծված ճանաչվեն. «ԵՄ-ը պետք է պատրաստ լինի հրաժարվելու ճանաչել ՌԴ խորհրդարանը և պահանջելու հանել Ռոսաստանը խորհրդարանական վեհաժողովներով միջազգային կազմակերպություններից, եթե 2021թ. խորհրդարանական ընտրությունները Ռուսաստանում կեղծված ճանաչվեն»։ Դե ինչ, հարգելի ընթերցող, համաձայնեք, որ երբ Եվրախորհրդարանը, Ռուսաստանի հանդեպ իր «անդուլ հոգատարության» պոռթկման մեջ, հանձն է առնում ԵԱՀԿ գլխավոր գործառույթներից մեկը՝ ընտրությունների մոնիթորինգը, և այդ ամենն արվում է քաղաքական դեմագոգիայի ֆոնին՝ «դեմոկրատիա ամենից առաջ» կարգախոսով, դա չի կարող չմտահոգել։ Իսկ մտահոգում, ավելի շուտ՝ որոշակի տագնապի զգացում է առաջացնում այն իրողությունների գիտակցումը, որոնցում հայտնվել են ոչ միայն Ռուսաստանը, Հայաստանը, ԵՏՄ երկրները, այլև հենց Եվրոպական միության քաղաքացիները։ Այո, այո, հարգելի ընթերցող, անկասկած, տագնապեցնող է, երբ դեմոկրատիայի և այլ բարեհիմարությունների հաստատման մասին դեմոկրատիայի նախանձախնդիրների պահունակից հնչող տարատեսակ դեմագոգիական կարգախոսների քողի ներքո ոտնահարվում են միջազգայնորեն ճանաչված դեմոկրատական ինստիտուտների (օրինակ՝ ԵԱՀԿ) հիմնարար գործառույթները և իրավունքները։
Ընդ որում՝ դա արվում է համառ և ագրեսիվ կերպով. ասվածի ապացույցներից մեկը դարձավ ս.թ. մայիսի 25-ին Եվրոպական խորհրդի կայքում հրապարակված հայտարարությունը, որը պատրաստվել է «Ռուսաստանի վերաբերյալ ռազմավարական բանավեճի» արդյունքներով, ս.թ. մայիսի 24-ին Բրյուսելում կայացած ԵՄ գագաթաժողովի առաջին օրը։ «Եվրոպական խորհուրդը հաստատեց հինգ սկզբունքներին իր հավատարմությունը, որոնցով ԵՄ-ն առաջնորդվում է Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Այն հանձնարարում է Եվրահանձնաժողովին և ԵՄ դիվանագիտության ղեկավարին հունիսի գագաթաժողովում ներկայացնել զեկույց Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին՝ հինգ սկզբունքներին համապատասխան քաղաքականության տարբերակներով»,- ասված է հայտարարությունում։ Կարելի էր այլ մեջբերումներ էլ ներկայացնել այդ հայտարարությունից, որտեղ, մասնավորապես, նշվում է, որ Եվրախորհուրդը քննարկում է Ռուսաստանի «ապօրինի, սադրիչ և կործանարար գործողություններն ընդդեմ ԵՄ-ի, նրա անդամ երկրների և միության սահմաններից դուրս», սակայն, կարծում ենք, որ դրա անհրաժեշտությունը չկա։ Վերոշարադրյալը կասկածներ չի թողնում Ռուսաստանի հետ հարաբերություններում ԵՄ առճակատման ուղեգիծը շարունակելու մասին, ինչը պետք է մանրակրկիտ ուսումնասիրության և իմաստավորման առարկա դառնա ՀՀ ընդդիմադիր պատասխանատու քաղաքական ուժերի կողմից։
Կարծում ենք, որ Chatham House-ում հրապարակված Հաշվետվության և Եվրոպական խորհրդարանի Միջազգային հարաբերությունների կոմիտեի Զեկույցի մանրամասներին ծանոթանալուց հետո ցանկացած անաչառ ընթերցող կհամոզվի այն բանում, որ այդ փաստաթղթերը միավորում է թունդ ռուսատյացությունը՝ հիմնված նրբահյուս ստի վրա։ Միևնույն ժամանակ, Chatham House-ի Հաշվետվությունը որոշ հույսեր է ներշնչում այն առումով, որ ողջ եվրոպական քաղաքական էլիտան չէ, որ վարակված է ռուսատյացության և Ռուսաստանի հանդեպ ատելության վիրուսով։ Դրա ապացույցն է Հաշվետվության հրապարակման փաստն ինքնին։ Միանգամայն հատկանշական է, որ Հաշվետվությունը գրվել է ոչ թե ԵՄ անդամ ինչ-որ երկրում, այլ Մեծ Բրիտանիայում։ Այդ նույն ժամանակամիջոցում ԵՄ Միջազգային գործերի կոմիտեի Զեկույցի հայտնվելը և որոշ այլ ուղեկից փաստեր (ինչն առանձին վերլուծության թեմա է), ըստ իս, վկայում են միասնական կենտրոնի մասին, որը համակարգում է այս ողջ հերթական հակառուսական մտահղացումը։
Այստեղ կասկածելու հարկ չկա. հակառուսական քամիները փչում են Պոտոմակի ափերից, ինչի անուղղակի հաստատումն են Սպիտակ տնից և ԱՄՆ Պետդեպարտամենտից հնչող՝ առաջին հայացքից փոխբացառող նախաձեռնություններն ու առաջարկություններն օնլայն ռեժիմով։ Այս հաշվով մանրամասներ չեմ ներկայացնի, քանզի այս ամբողջ հակառուսական իրարանցումը բարձր պրոֆեսիոնալ մակարդակով վերլուծվել է 2021թ. մայիսի 23-ին РТР-ով, «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային ծրագրում։ Իմ կողմից նշեմ, որ վերլուծելով Ռուսաստանի վերաբերյալ ԱՄՆ ղեկավարության հրապարակային հայտարարությունները՝ մտաբերում եմ հայտնի ասույթը. «Գրեք կարճ և անհասկանալի»։ Ասում են, որ նման խորհուրդ, ավելի ճիշտ՝ հրաման իր իրավաբաններին տվել է Նապոլեոն Բոնապարտը 1799թ. դեկտեմբերին, իր կատարած ռազմական հեղաշրջումից անմիջապես հետո, երբ եկել էր նոր ռեժիմ հաստատելու ժամանակը իրավական տեսանկյունից։
Իսկ այժմ, հարգելի ընթերցող, տանք բավական տեղին, ավելի ճիշտ՝ ակտուալ հարց, դիցուք. իսկ ո՞րն է ՀԱՊԿ և ԵՏՄ գծով Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցների քաղաքական ղեկավարության արձագանքը Ռուսաստանի դեմ հավաքական Արևմուտքի չդադարող հակառուսական հարձակումներին։ Թող ներեն ինձ անհամեստության համար, որ չգրեցի կոնկրետ Հայաստանի Հանրապետության ղեկավարության արձագանքի մասին, այլ հիշատակեցի ՀԱՊԿ անդամ պետություններին (չցանկացա սկզբից ևեթ միայն Հայաստանն առանձնացնել)։ Ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշեմ, որ Նիկոլ Փաշինյան անվանյալ քաղաքական աճպարարը, որին 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջման հետևանքով իշխանության բերեցին Պոտոմակի և մառախլապատ Ալբիոնի գունավոր հեղափոխությունների ստրատեգները, վերջին ամիսներին սիրով է բոցավառվել Ռուսաստանի հանդեպ (բնականաբար, միայն խոսքով, ըստ երևույթին սահմանի այն կողմի տիկնիկավարներն են հանձնարարել)։ Ընդ որում՝ գունավոր հեղափոխությունների տեխնոլոգները, ժողովրդի կողմից քամահրանքով Նիկոլ-դավաճան անվանվող Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելով արդեն ոչ մեկ տասնամյակ (այո, այո, հարգելի ընթերցող, ես չսխալվեցի), իրենց սանից մի տեսակ հասունացած քաղաքական գործչի (որը գիտակցել է Ռուսաստան – Հայաստան ռազմավարական դաշինքի անայլընտրանքայնությունը Հայաստանի Հանրապետության համար) նոր կերպար ձևավորելու իրենց մարտավարության մեջ այս անգամ վրիպել են։ Այսպես, տպավորություն է ստեղծվում, որ վերջին ամիսներին տասնյակ ինտերնետ-հեռուստաալիքներ և ինտերնետ-պարբերականներ, որոնք շռայլորեն ֆինանսավորվում են Սորոսի «Բաց հասարակություն – Հայաստան» հիմնադրամի կողմից, չեն նկատել մինչև բոլորովին վերջերս մոլի ռուսատյացի քաղաքական մետամորֆոզները և վերամարմնավորումը ռուս-հայկական ռազմավարական դաշինքի կողմնակցի։ Սակայն դա բնավ չի ազդել նշված մաս-մեդիաների հրապարակումների՝ քաղաքական շիզոֆրենիա հիշեցնող կլինիկական հակառուսական ուղղվածության վրա։
Ավելին, չի կարելի չնկատել, որ դրանց հակառուսական հիստերիան օրեցօր ավելի ու ավելի լկտի է դառնում, ինչը, ինչպես և պետք է լիներ, ՀՀ-ում գործող օրենքների շրջանակում համարժեք գնահատական չի ստանում իշխանությունների կողմից։ Այնինչ, այստեղ ակնհայտ են Հայաստանի ազգային անվտանգության հիմքերի խափանման տարրերը։ Չէ՞ որ, ըստ էության, իշխանավորների լուռ համաձայնության պայմաններում Հայաստանում ծավալվել է անթաքույց ու նենգ տեղեկատվական պատերազմ մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի դեմ։ Իսկ չհասկացողների կամ այդպիսին ձևացողների համար ասեմ ավելի մատչելի. ծավալվել է տեղեկատվական պատերազմ Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորի, հենց հայոց պետականության գոյության երաշխավորի՝ Ռուսաստանի Դաշնության դեմ։ Ըստ էության, այլ արձագանք սպասելը Նիկոլ-դավաճանից ու նրա հանցակիցներից քաղաքական կարճատեսության դրսևորում կլիներ։ Իզուր չէ, որ սկսած դեռևս 1997 թվականից՝ միայն Սորոսի «Բաց հասարակություն – Հայաստան» հիմնադրամի միջոցով ծախսվել են հարյուր միլիոնավոր դոլարներ՝ ուղղված ՀՀ հանրության աչքում մեր դաշնակից Ռուսաստանի վարկաբեկման գործին։ Չէ՞ որ արդեն անգամ ծույլ ձևացողները (այսպես կոչված անկախ քաղաքագետները)՝ վերջնականապես իրենց դեմքը չկորցնելու համար, չեն ժխտի, որ Հայաստանում իշխանություն խուժած սորոսական հակազգային խառնամբոխը դեմոկրատիայի և այլ բարեհիմարությունների մասին բարեհունչ կարգախոսների ներքո անցած տարիներին ձևավորել է ՀՀ-ում ԱՄՆ շահերն առաջ տանող ճյուղավորված ցանց։ Հատկապես ընդգծենք, որ տարբեր տրամաչափի և տարատեսակ ռուսատյացներին միավորում է համակարգային հիմքով վարվող ագրեսիվ հակառուսական ուղղվածության աշխատանքը։
Կարևոր եմ համարում հատկապես ընդգծել Ռուսաստանի դեմ Հայաստանում վարվող տեղեկատվական պատերազմի բավական բնութագրական մի մանրամասն։ Ղարաբաղյան պատերազմում (2020թ. սեպտեմբեր-նոեմբեր) պարտությունից հետո անցած կես տարվա ընթացքում, պարտություն, որը «Հայաստանի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար» Նիկոլ Փաշինյանի ուղղակի դավաճանության արդյունքն էր (արդյո՞ք այդ դավաճանությունը կատարվեց զբաղեցրած պաշտոնին Փաշինյանի բացարձակ անհամարժեքության, նրա լիակատար անբանիմացության պատճառով, թե՞ դա հետևանքն էր Փաշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղը ափշերոնյան սուլթան Իլհամ Ալիևին պարզապես վաճառելու՝ համոզված եմ, կպարզեն քննությունը և սույն գործով անխուսափելի դատավարությունը), հստակ ուրվագծվում է սորոսական լրատվամիջոցների նոր՝ իրենց մտահղացմամբ ստոր մարտավարությունը։ Բոլոր ցավոտ հարցերը՝ կապված Հայաստանի տարածքում ադրբեջանցի զինվորականների խորանալու հետ, լինի ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի, թե Գեղարքունիքի մարզերում, անպայման կապվում են ոչ թե Հայաստանի զինված ուժերի փաստացի անգործության հետ (որոնք, անկասկած, հենց այդպես էլ վարվում են՝ կատարելով իրենց ղեկավարության հրամանը), այլ, չգիտես ինչու, ավելի լավ կիրառման արժանի համառությամբ արհեստականորեն կապվում են մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ։ Ընդ որում՝ սորոսական լրատվամիջոցները և դրանց նմանները, բերանները ջուր առած, լռության են մատնում ՀՀ ԶՈւ անգործությունը, բայց չեն զլանում հայտարարել, որ Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊԿ) 4-րդ հոդվածի համաձայն, որն ասում է. «Եթե մասնակից պետություններից մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա դա կդիտվի որպես ագրեսիա Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ։ Ցանկացած մասնակից պետության դեմ ագրեսիայի դեպքում մնացած բոլոր մասնակից պետությունները նրան կտրամադրեն անհրաժեշտ օգնություն, ներառյալ ռազմականը, ինչպես նաև աջակցություն կցուցաբերեն իրենց տրամադրության տակ եղած միջոցներով՝ հավաքական պաշտպանության իրավունքի իրականացման կարգով՝ ՄԱԿ Կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան»։
Բնականաբար, այս թեմայի մասին բազմաթիվ հոդվածներից ոչ մեկում, որոնցով վխտում է սորոսական մաս-մեդիան, հարգելի ընթերցողը չի գտնի ոչ մի նախադասություն, որտեղ կտրվեր գնահատական Հայաստանի զինված ուժերի գործողություններին, որոնք, կասկածից վեր է, վերջնարդյունքում կատարում են Փաշինյանի հրամանները։ Արդյունքում՝ ստեղծվում է միանգամայն որոշակի կարծիք առ այն, որ Նիկոլ-դավաճանը պատրաստվում է հերթական հակապետական, հակազգային, դավաճանական քայլին, որը նա կկատարի՝ այժմ արդեն դա կապելով Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հետ։ Այս հերթական հակապետական հանցանքը կկատարվի ափշերոնյան սուլթան Իլհամ Ալիևի հետ Փաշինյանի դավաճանական պայմանավորվածություններին համապատասխան։ Հենց դրա համար էլ սահմանի այն կողմից շռայլորեն ֆինանսավորվող լրատվամիջոցների բոլոր ջանքերը ենթարկված են միայն մեկ նպատակի՝ Հայաստանի բթացված քաղաքացիների, ավաղ, նաև միանգամայն գիտակից մեր համաքաղաքացիների գիտակցության մեջ մտցնել ի սկզբանե կեղծ և ստոր եզրակացությունն այն մասին, որ ՀՀ տարածքային կորուստները ոչ թե Հայաստանի ազգային շահերի հերթական դավաճանության արդյունք են Փաշինյանի հակապետական հանցախմբի կողմից, այլ հետևանք են Ռուսաստանի կողմից իր պարտավորությունների (որոնք ամրագրված են Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածում) չկատարման։ Հետո ավելին է. սկսվում է մանրակրկիտ մտածված համակարգային աշխատանք, որի գլխավոր խնդիրն է՝ ստեղծել համապատասխան տեղեկատվական բազա ՀՀ-ում (Գյումրիում) 102-րդ ռուսական ռազմակայանի հետագա գտնվելու աննպատակահարմարության հարցը բարձրացնելու համար։ Այսպիսին է մառախլապատ Ալբիոնի (MI-6) և Պոտոմակի (CIA) ափերի հատուկ ծառայությունների վերջնանպատակը, էլ չեմ ասում այն մասին, որ Նիկոլ-դավաճանի կողմից ՀՀ ազգային շահերի հենց այսպիսի դավաճանության է բաղձանքով ու տենչանքով արդեն ոչ մեկ տարի սպասում նեոօսմանյան սուլթանը, նույն ինքը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Իզուր չեն թուրքական հատուկ ծառայություններն այդքան ջանադրաբար իրենց գործակալական ցանցը ստեղծել Հայաստանում և, ավաղ, խոստովանենք, ո՛չ անհաջող։ Դրա ապացույցն են այն փաստերը, որոնք վկայում են, որ թուրքական հատուկ ծառայությունների գործակալներից շատերը խմբվել են նիկոլվովաևիչյան դավաճանական իշխանության կառույցներում, ինչի մասին քիչ հոդվածներ չեն գրվել՝ հիմնված կոնկրետ փաստերի վրա, որոնք ցայսօր որևէ համոզիչ հերքում չեն ստացել։
Մեր տարածաշրջանում ստեղծված այսքան տագնապալի իրադրությունում, երբ ՀՀ իշխանությունները MI-6-ի և CIA-ի, ինչպես նաև թուրքական հատուկ ծառայությունների իրենց ուղեվարների թելադրանքով, ամեն ինչ անում են Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի տարբեր հատվածներում լարվածությունը պահպանելու համար, ինչը կարող է ցանկացած պահի վերաճել զինված ռազմական հակամարտության, հատուկ պատասխանատվություն է դրվում հայրենասիրական, Փաշինյանի ռեժիմին իսկապես ընդդիմադիր քաղաքական ուժերի վրա։ Ընդ որում՝ կասկածից վեր է, որ մեր քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակի էական բարելավման հարցերը պետք է լինեն ընդդիմադիր կուսակցությունների և դաշինքների ընտրարշավի ուշադրության կենտրոնում, որոնք հայտարարել են Հայաստանի Հանրապետության VIII գումարման Ազգային ժողովի գալիք արտահերթ ընտրություններին (2021թ. հունիսի 20) իրենց մասնակցության մասին։ Սակայն, դրա հետ մեկտեղ, չպետք է մոռանալ, որ ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման կարևորագույն պայմանն առաջին հերթին խաղաղության և Հայաստանի անվտանգության ապահովումն է նրա պետական սահմանների ողջ պարագծում։ Այս պարզ ճշմարտության գիտակցումը ընդդիմությանը թելադրում է ազգային անվտանգության սպառնալիքների հստակ սահմանման, և որ գլխավորն է՝ կոնկրետ այն երկրները նշելու անհրաժեշտություն, որոնց հատուկ ծառայությունների կողմից են բխում այդ սպառնալիքները։ Ասել, թե ընդդիմության մեր գործընկերները, օրինակ՝ իր հաղթանակի մասին հայտարարած քաղաքական դաշինքը, այս մասին տեղեկացված չեն, նշանակում է՝ ճշմարտության դեմ մեղանչել։ Լռության մատնել՝ կնշանակի դավաճանել հայոց պետականության շահերին։ Իսկ այդ մասին բացահայտ գրելը, սեփական օրինակով կարող եմ պնդել, նշանակում է լինել լսված, ինչպես եղել է վերջին տարիներին, գոնե մեր ռուս բարեկամների կողմից։
Այն, որ նիկոլվովաևիչյան խառնամբոխի տեղեկատվական ռեսուրսները մինչ օրս անհասանելի են ձեր խոնարհ ծառային, հարգելի ընթերցող, տողերիս հեղինակի համար նորություն չէ և միանգամայն սպասելի էր, առավել ևս պետական հեղաշրջումից (2018թ. ապրիլ-մայիս) հետո։ Միաժամանակ ափսոսանք և զմայլանք է առաջացնում այն փաստը, որ ինձ համար փակ է նաև այն մաս-մեդիաների հասանելիությունը, որոնք սպասարկում են ՀՀ երկրորդ նախագահի կողմից ղեկավարվող ընդդիմադիր դաշինքին։ Չեմ թաքցնի, նման մոտեցումն այնքան էլ չի ուրախացնում։
Իսկ զմայլանք առաջացնում է այն հանգամանքը, որ հեռուստատեսությամբ, ինտերնետ-հեռուստատեսությամբ և այլ լրատվամիջոցներով իմ հանրային ելույթների արգելքի հարցում լիովին համերաշխ են իշխանավորներն ու նրանց ընդդիմադիրները, ինչպես ասում են՝ նպատակների ընդհանրություն լինի՝ անգամ տարբեր դրդապատճառների պարագայում։ Իսկ նպատակների ընդհանրությունն այսպիսին է։ Մի դեպքում միանգամայն հասկանալի է, որ փաշինյանական հանցախմբի՝ ազգային շահերի դավաճանության մեղադրանքների տարածմանը (որոնք պարբերաբար հայտարարվել և ապացուցվել են տողերիս հեղինակի կողմից) նիկոլվովաևիչյան քարոզչամեքենան պետք է արգելք դներ։ Այստեղ առարկելու հարկ չկա։ Իսկ մյուս դեպքում Արտաշես Գեղամյանի, Հայկ Բաբուխանյանի («Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ) և ռուս-հայկական ռազմավարական դաշինքի անայլընտրանքայնության մյուս համոզված կողմնակիցների ելույթները լուսաբանելը կնշանակեր կասկածի տակ դնել վերը նշված ընդդիմադիր դաշինքի գիշերուզօր քարոզվող բացառիկությունը, դաշինք, որը քաղաքական դաշտում ներկայանում է որպես Հայաստանում ռուս-հայկական ռազմավարական դաշինքի միակ ջատագով։ Դե ինչ, կարելի է շնորհավորել գալիք ընտրարշավի ֆավորիտներին (ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության), որ ոչ բոլոր հարցերում են նրանց մոտեցումները տարբերվում, քանզի ակնհայտ են նաև ընդհանուր մոտեցումները։ Սակայն մոտեցումների ընդհանրությունը՝ պայմանավորված իմ ելույթների վրա տեղեկատվական էմբարգո դնելով, ավաղ, սրանով չի ավարտվում։ Դրանց միավորում է երկկողմանի նրբին լռությունը հայոց պետականության հիմքերի քայքայման գլխավոր դերակատարների կործանարար դերի վերաբերյալ՝ հանձինս MI-6-ի (Մեծ Բրիտանիա) և CIA-ի (ԱՄՆ), իհարկե՝ այստեղ ևս լռության մատնելու դրդիչ մոտիվները տարբերվում են, ինչի մասին արդեն գրել եմ 2021թ. մայիսի 16-ի հոդվածում՝ հրապարակված REGNUM տեղեկատվական գործակալությունում, «Կլինի՞արդյոք Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի միութենական պետություն» վերնագրով։
Ամփոփելով գրածս՝ նշեմ, որ ինձ չի լքում տագնապի զգացումն այն փաստի գիտակցումից, որ Հայաստանի ինքնաոչնչացման թափանիվը գործի է դրվել և օրեցօր թափ է հավաքում։ Նիկոլ-դավաճանը (իրեն հավատարիմ ուժային կառույցների միջոցով ահա արդեն ոչ մեկ ամիս զբաղված է ընտրողներին վախեցնելով) պատրաստվում է ՀՀ ԱԺ ընտրությունների քվեարկության օրվան՝ ս.թ. հունիսի 20-ին՝ հիանալի հասկանալով, որ ընտրությունների արդյունքներով ինքը հայտնվելու է կամ դատապարտյալների նստարանին, կամ ՀՀ VIII գումարման Ազգային ժողովի պատգամավորի աթոռին։ Աստված մի արասցե՝ նման բան պատահի, ապա դա կունենա ժամանակավոր բնույթ՝ ավելի տխուր վերջաբանով։ Իսկ մեր գործընկերները, հետևելով վաղուց փորձարկված նախընտրական տեխնոլոգիային, ինչպես և հատուկ է ընդդիմությանը, օրեցօր, դատելով տարածվող սոցհարցումներից, բարելավում են իրենց դիրքերը արդեն ընտրարշավի մեկնարկին։
Այնինչ, դատելով բավական բարեխիղճ դիտարկումներով, ընտրողների ուղիղ կեսը իրեն լիովին դուրս է դրել քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցությունից Ազգային ժողովի գալիք ընտրությունների նախօրեին։
Այսպիսին են Հայաստանի Հանրապետության իրողությունները 2021թ. մայիսի 25-ի դրությամբ։
Արտաշես Գեղամյան
ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,
«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ