Կլինի՞արդյոք Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի միութենական պետություն

16.05.2021, Ռեգնում

https://regnum.ru/news/polit/3270338.html

17.05.2021, Իրավունք

https://iravunk.com/?p=203374&l=am

 

 

Անոտացիա

Մեր օրերում Հայաստանում և Հարավկովկասյան տարածաշրջանում ընթանում է լարվածության ծայրահեղ վտանգավոր թեժացում մի կողմից՝ հավաքական Արևմուտքի, և մյուս կողմից՝ Ռուսաստանի միջև։ Ընդ որում՝ Թուրքիան՝ իր համար սովորական զազրելի մարդասպանի դերում, աչքը պահելով ապագա զոհի վրա, որի ով լինելը սուլթան Էրդողանի համար այնքան էլ կարևոր չէ, սպասում է հարմար առիթի՝ թիկունքից հարված հասցնելու համար։

Իմ նախորդ հոդվածում (REGNUM, 2021թ. մայիսի 10, «Հայաստանն անվտանգության մեջ կլինի միայն Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությունում»), հարգելի ընթերցող, ես արդեն գրել եմ Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) բնակչության զանգվածային արտահոսքի հետ կապված իմ տագնապների և երկյուղների մասին, եթե ընդդիմադիր դաշինքներն ու կուսակցությունները (որոնք որոշում են կայացրել մասնակցել ՀՀ VIII գումարման Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին) նախընտրական պլատֆորմի ակտուալացման օպերատիվ միջոցներ չձեռնարկեն։ Բնականաբար, ենթադրվում էր, որ միգրացիան ճնշող մեծամասնությամբ կվերաբերի Հայաստանի բնակչության այն հատվածին, որը դեռևս չի բթացվել սորոսյան քարոզչությամբ։ Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, որին ժողովուրդը քամահրանքով Նիկոլ-դավաճան է անվանում, ինտելեկտուալ (ավելի քան կես հարյուրյակ սորոսական կազմակերպությունների հարյուրավոր և հազարավոր ակտիվ անդամներ, որոնք ահա արդեն ավելի քան 25 տարի քայքայում են ՀՀ ավանդական ընտանեկան, հայոց պետականության քրիստոնեական քաղաքակրթական հիմքերը, կամ էլ «Կյանքի խոսք» տոտալիտար կրոնական աղանդի և ԼԳԲՏ հանրույթի հարյուրավոր անդամներ) աջակցությանը, ապա այն փոքր-ինչ նվազել է, բայց դեռևս շոշափելի զանգված է կազմում, որին արհամարհելը չափազանց անշրջահայաց կլիներ։ Եվ ահա, ի հաստատումն իմ կանխատեսումների՝ ՀՀ Կենտրոնական բանկն օրերս թողարկել է 2021թ. մարտի «ՀՀ ԿԲ տեղեկագիրը» (այսուհետ՝ Տեղեկագիր)։ Տեղեկագրի համաձայն, եթե 2020թ. հունվար-մարտին ՀՀ ֆիզիկական անձանց բանկային համակարգով արտասահմանից փոխանցվող դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է $87 մլն 378 հազ. (այդ թվում՝ Ռուսաստանից դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է $87 մլն 714 հազ., ԱՄՆ-ից՝ համապատասխանաբար, $28 մլն 401 հազ.), ապա 2021թ. հունվար-մարտին ՀՀ ֆիզիկական անձանց բանկային համակարգով արտասահմանից փոխանցվող դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է $129 մլն 84 հազ. (աճը 2020թ. նույն ժամանակամիջոցի համեմատ՝ 147,7%), ընդ որում՝ Ռուսաստանից ՀՀ փոխանցվող դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է $67 մլն 981 հազ., ԱՄՆ-ից, համապատասխանաբար, $74 մլն 46 հազ. (տե՛ս «ՀՀ ԿԲ տեղեկագիր, մարտ 2021թ.», էջ 21)։

 

Ներկայացնենք որոշ տվյալներ, որոնք բնութագրում են 2020թ. և 2021թ. 4 ամիսների միգրացիոն գործընթացները։ Այսպես, 2020թ. Հայաստան մուտք է գործել ընդամենը 415871 մարդ  (այդ թվում ԱՊՀ մասնակից պետություններից՝ 217698)։ Մեկնել է 446564 օտարերկրյա քաղաքացի (այդ թվում ԱՊՀ մասնակից պետություններից՝ 235818), այսինքն՝ 2020թ. երկրից մեկնել է 30693 մարդ ավելի, քան մուտք է գործել (ընդ որում՝ 18120 մարդ բաժին է ընկնում ԱՊՀ մասնակից պետություններին)։ Կարծում ենք, որ վերը նշված վիճակագրության համեմատությունն անուղղակիորեն վկայում է այն մասին, որ Ռուսաստանի Դաշնություն մեկնած մեր շատ հայրենակիցներ, ավելի շուտ, նպատակադրված են մշտական բնակություն հաստատել դաշնակցային Ռուսաստանում։ Որպես տեղեկատվություն նշենք, որ 2021թ. առաջին 4 ամիսներին Հայաստանի երկու օդանավակայանների («Զվարթնոց» և «Շիրակ») ուղևորահոսքը, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանի տեղեկացմամբ, կազմել է 405105 մարդ։ Ընդ որում՝ ժամանած քաղաքացիների թիվը կազմել է 164214 մարդ, մեկնածներինը՝ 240891։ Այսինքն՝ 2021թ. 4 ամիսներին (միայն օդային ճանապարհով) Հայաստանից մեկնած քաղաքացիների թիվը 76677-ով ավելին է եղել, քան ժամանածներինը։ Համաձայնեք, հարգելի ընթերցող, որ այս վիճակագրությունը բավական տագնապալի մտորումների տեղիք է տալիս։ Սակայն ՀՀ-ին սպառնացող ժողովրդագրական աղետը Հայաստանի՝ Ադրբեջանին սահմանակից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերից բնակչության զանգվածային արտագաղթի շատ ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խնդրի իրագործման ընդամենը մեկ օղակն է։ Հակահայկական, հակազգային այդ աշխարհաքաղաքական ռազմավարության հեղինակները մառախլապատ Ալբիոնի (MI-6) և Պոտոմակի ափերի (CIA) տեխնոլոգներն են, իսկ անմիջական կատարողները՝ Ադրբեջանն ու փաշինյանական հակազգային նեխվածքը՝ թուրքական հատուկ ծառայությունների հրահանգավորմամբ, որոնք on line ռեժիմով ղեկավարվում են հենց սուլթան Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։

Ընթերցողներին չեմ հոգնեցնի թերասացություններով։ Միայն որոշ մանրամասներ կներկայացնեմ Ադրբեջանի ու Թուրքիայի, սույն պարագայում՝ նաև նրանց գաղափարախոսական խրատատուի (հանձին British Petroleum-ի) բաղձալի մտադրությունների, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ, Թուրքիայի և նրանց բենզա-, գազապահեստարան Ադրբեջանի փայփայած խոշոր աշխարհաքաղաքական, ասել է թե՝ նաև աշխարհառազմավարական ծրագրերի մասին։

Եվ այսպես, հարգելի ընթերցող, արձանագրենք, որ Հրադադարի մասին եռակողմ հայտարարության (այսուհետ՝ Հայտարարություն) ընդունումը, որն ստորագրել են Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը (2021թ. նոյեմբերի 10, Երևանի ժամանակով), նշանավորվեց մի ինչ-որ հրաշալի, բավական հատկանշական նորությամբ. այն է՝ 2020թ. նոյեմբերի 15-ին հայտարարվեց Տրանսադրիատիկ գազատարի (անգլ.՝ Trans Adriatic Pipeline; TAP) ավարտի մասին, որը նախատեսված է խողովակաշարային գազը Մերձկասպիայով և Մերձավոր Արևելքով Արևմտյան Եվրոպա տեղափոխելու համար։ Նշենք, որ 878 կմ երկարություն ունեցող գազատարի երթուղին անցնում է Հունաստանով (550 կմ), Ալբանիայով (215 կմ), Ադրիատիկ ծովի հատակով (105 կմ, օֆշորային հատված), Իտալիայով (8 կմ)։ Գազային նախագծի 20-ական տոկոսը պատկանում է ադրբեջանական SOCAR-ին, British Petroleum-ին (BP) և իտալական Snam-ին, 19%՝ բելգիական Fluxys-ին, 16%՝ իսպանական Enagas-ին և 5%՝ շվեյցարական Axpo-ին։ Ընթերցողներին հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Տրանսադրիատիկ գազատարի (TAP) շինարարությանը 2016թ. մարտի 3-ին, դրա կառուցման համար հատկացվել է 3.9 մլրդ եվրո։ TAP-ը դիտարկվում է որպես Հարավային գազային միջանցքի մաս (ներառում է TANAP Հարավկովկասյան գազատարը, որը շահագործման է հանձնվել 2018թ. հունիսի 12-ին և անցնում է Ադրբեջանից Վրաստան ու Թուրքիա՝ դեպի հունական սահման, որի շինարարությունն ավարտվեց 2019թ. հուլիսին, և վերոնշյալ TAP-ը)։ Բնավ պատահական չէ, որ այսքան հանգամանալից նկարագրեցի այն գազատարների երթուղիները, որոնցով Ադրբեջանը (հետագայում՝ Հարավային գազային միջանցքին Թուրքմենստանի միացմամբ), Ռուսաստանին շրջանցելով, կիրականացնի Եվրոպային ադրբեջանական գազի կոմերցիոն մատակարարումներ։ Որպեսզի ընթերցողների համար շատ ավելի հասկանալի լինի, թե ինչով է սա հղի, մեջբերումներ կատարեմ Արիել Քոհենի (Ariel Cohen) «Վատ նորություններ Ռուսաստանի համար. գազն Ադրբեջանից այժմ հոսում է դեպի Արևմտյան Եվրոպա» հոդվածից՝ հրապարակված 2021թ. հունվարի 8-ին Forbes (ԱՄՆ) պարբերականում։ «2020թ. դեկտեմբերի 31-ին երկար սպասված Հարավային գազային միջանցքը պաշտոնապես սկսեց աշխատանքը, և ադրբեջանական SOCAR նավթագազային ընկերությունը տեղեկացրեց ադրբեջանական Շահ Դենիզ հանքավայրից Ադրիատիկ ծովի ափին գտնվող իտալական Մելենդենյո բնական գազի առաջին խմբաքանակի կոմերցիոն մատակարարման մասին... Տարեկան այդ միջանցքով կմատակարարվի 16 մլրդ խորանարդ մետր գազ։ Թուրքիան այդ ծավալից տարեկան կստանա 6 մլրդ խորանարդ մետր գազ, իսկ Եվրոպան՝ 10 մլրդ... Խողովակաշարերի համընդգրկուն ցանցի շնորհիվ բալկանյան երկրները կկարողանան կրճատել ռուսական գազի իրենց գնումների ծավալները, ինչը նրանց նաև թույլ կտա հասնել նրան, որ «Գազպրոմն» իջեցնի գազի գինը» (https://inosmi.ru/economic/20210108/248875604.html)։ Այս ֆոնին նշենք, որ 2020թ. օգոստոսին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց. «Ֆաթիհ» հորատանավի անձնակազմը գտել է երկրի պատմության մեջ բնական գազի ամենամեծ հանքավայրը, որի ապացուցված ծավալները կազմում են 320 մլրդ խոր. մետր։ Հայտարարվեց նաև, որ հանքավայրի ընդհանուր ծավալը կազմում է 405 մլրդ խոր. մետր, որի արդյունահանումը նախատեսում են սկսել 2023թ.։ Բնականաբար, սա Ռուսաստանի համար, մեղմ ասած, չափազանց տհաճ անակնկալ էր։ Բավական է ընթերցողներին հիշեցնել, որ Թուրքիան դեռևս 2020թ. մայիսի կեսին արդեն անորոշ ժամկետով դադարեցրել էր տարեկան 16 մլրդ խոր. մետր թողունակությամբ «Երկնագույն հոսք» գազատարի շահագործումը։ Գործերը լավ չեն նաև ռուսական գազով «Թուրքական հոսքի» բեռնման հարցում։ Ընթերցողներին հիշեցնենք, որ տարեկան 15,75 մլրդ խոր. մետր թողունակությամբ այդ խողովակաշարի առաջին ճյուղի շինարարությունն ավարտվել էր 2018թ. ապրիլի 30-ին, իսկ երկրորդը՝ տարեկան 15,75 մլրդ խոր. մետր թողունակությամբ, 2020թ. հունվարի 1-ին։ Նշենք, որ ՌԴ էներգետիկայի նախարարության տվյալներով՝ «Թուրքական հոսքը» 7 մլրդ դոլար էր նստել։ Բայց սա ընդամենը Սև ծովի հատակով խողովակների անցկացման արժեքն է։ Եվ ահա, ինչպես տեղեկացնում է Ինտերֆաքսը «2020թ. Թուրքական հոսքը» բեռնվել է 43%-ով, «Երկնագույն հոսքը»՝ 55%-ով» հոդվածում՝ հրապարակված 2021թ. ապրիլի 29-ին. «Հաշվետու տարում գազատարով տեղափոխվել է 13,51 մլրդ խոր. մետր բնական գազ։ Բացի առաջին ճյուղով գազ ստացող թուրք սպառողներից՝ 2020թ. ընթացքում գազատարի երկրորդ ճյուղով սկսել են ռուսական գազ ստանալ նաև Բուլղարիայի, Հունաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի և Ռումինիայի սպառողները։ Թուրքիային գազի մատակարարումները «Երկնագույն հոսք» մայրուղով (գազատար Ռուսաստանի և Թուրքիայի միջև ՝ տարեկան 16 մլրդ խոր. մետր թողունակությամբ) 2020թ. կրճատվել են մինչև 8,76 մլրդ խոր. մետրի՝ 2019թ. 11,1 մլրդ խոր. մետրի դիմաց» (https://www.interfax.ru/business/763881)։ Արդյունքում՝ 2020թ. ՌԴ-ն Թուրքիային գազի մատակարարումների գծով առաջին տեղից իջել է հինգերորդ տեղ. նրանից առաջ են անցել Ադրբեջանը, Իրանը, Կատարը և Ալժիրը։ Այս մասին տեղեկացվում է թուրքական EPDK էներգետիկ կարգավորողի զեկույցում։

Միանգամայն ակնհայտ է, որ առաջիկա, առնվազն, երկու տասնամյակում թուրք-ադրբեջանական ստրատեգների գլխավոր խնդիրը հետագա ամրապնդվելն է Հարավային Եվրոպայի գազի շուկայում, բնականաբար՝ Ռուսաստանը շրջանցող խողովակաշարի անցկացմամբ, այսինքն՝ Ռուսաստանին էներգետիկ այդ շուկայից փաստացի դուրսմղմամբ, և հանկարծ այս պայմաններում սուլթան Իլհամ Ալիևը նախաձեռնում է ափշերոնյան սուլթանության, այժմ՝ Ադրբեջան անվանյալի զինված ուժերի բացահայտ ագրեսիա ՀԱՊԿ անդամի՝ անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դեմ։ Եվ սա տեղի է ունենում այն Հայտարարությունն ընդունելուց կես տարի հետո, որի համապատասխան՝ նիկոլվովաևիչյան դավաճանական խառնամբոխի դավաճանության հետևանքով (ինչն արդեն անգամ բթամիտների կասկածը չի հարուցում) Արցախի Հանրապետության տարածքի 75%-ն անցավ Ադրբեջանին, էլ չեմ ասում առանց որևէ կրակոցի այսպես կոչված անվտանգության գոտու հանցավոր հանձնման մասին, որը Արցախի Հանրապետությունը կապում էր Հայաստանի Հանրապետության հետ։ Միանգամայն արդարացված կլինի տարակուսանքը սուլթան Իլհամի նման ագրեսիվ գործողությունների հետ կապված, որն արդեն հավակնում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի տարածքին։ Ի՞նչ կարող է նշանակել այս ամենը։ Որպեսզի ընթերցողներին հասկանալի լինի, թե ինչ նկատի ունենք, երբ խոսում ենք Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի մասին, մեջբերումներ կատարեմ 2021թ. մայիսի 12-ին ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանի ելույթից։ Իր ելույթում Նիկոլ-դավաճանը, մասնավորապես, նշեց. «Այսօրվա Անվտանգության խորհրդի նիստը նվիրված է Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում (ՀՀ տարածք – խմբ.) տեղի ունեցող իրադարձություններին: Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերն այդ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր, ըստ էության, փորձ են անում պարփակել Սև լիճը: Իհարկե, այս գործողություններն անհանդուրժելի են Հայաստանի Հանրապետության համար, որովհետև դա ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, և, իհարկե, առանձին քննարկման առարկա է, թե ինչու և ինչպես է հնարավոր դարձել նման գործողությունը (ընդգծենք, որ Նիկոլ-դավաճանը, ինչպես վկայում են բազմաթիվ փաստերը, վաճառելով Արցախի Հանրապետության տարածքի 75%-ը և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող հարակից երկու շրջանները, էլ չեմ ասում 2020թ. սեպտեմբերին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հրահրման ուղղությամբ իր հստակ ծրագրված գործողությունների մասին, այդպես էլ երբեք հարց չտվեց, թե ինչպես հնարավոր եղավ այդ ամենը – Ա.Գ.), բայց պետք է արձանագրել, որ սա իր բնույթով, ըստ էության, դիվերսիոն անցում է (հիրավի, Նիկոլ-դավաճանը ելույթ է ունենում որպես նորմալ մարդկանց համար անհասկանալի մի ինչ-որ գթասրտության մարմնավորում՝ ի հաշիվ ինքնիշխան Հայաստանի տարածքների հանձնման): Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակն անընդունելի է, Հայաստանի Հանրապետությունը չի կարող ուղղակի համակերպվել ստեղծված իրավիճակի հետ» (հրապարակվել է ս.թ. մայիսի 12-ին https://www.primeminister.am/ru կայքում)։ Այնուհետև, ս.թ. մայիսի 14-ին, ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ռազմական օգնության համար՝ կապված Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածքը լքելու անհրաժեշտության մասին պայմանավորվածությունները լրիվ չկատարելու հետ։ Նշենք, որ այս դիմումը կատարվել է 1997թ. Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրին և Հայ-ռուսական զորախմբի մասին պայմանագրին համապատասխան։ Նիկոլ-դավաճանը նաև հայտարարեց, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է. «Նա դիտարկում է հարցի (ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման – Ա.Գ.) ներառման հնարավորությունը ՄԱԿ Անվտանգության խորհրդի օրակարգում։ Նա նաև ասաց, որ ՄԱԿ մանդատի հիման վրա, անհրաժեշտության դեպքում, Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական օժանդակություն ցուցաբերել հարցի լուծման միջազգային ջանքերին»։ Հատկանշական է, որ ԱՄՆ իշխանությունները նույնպես սադրիչ են համարում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի հետ սահմանին և կոչ են անում դադարեցնել դրանք։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Փորտերը։ «Մենք ուշադիր հետևում ենք (ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տեղամասում Հայաստանի տարածք Ադրբեջանի զինված ուժերի 3.5 կմ խորությամբ ներխուժման շրջանում – խմբ.) իրավիճակին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով: Վիճելի տարածքներում զորքերի տեղաշարժը (նկատի ունի Ադրբեջանի զինված ուժերը – Ա.Գ.) այս շրջաններում անպատասխանատու և անհիմն սադրիչ քայլ է։ Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանն անմիջապես դուրս կբերի բոլոր զորքերը և կհրաժարվի հետագա սադրանքներից»,- ճեպազրույցի ժամանակ նշել է Ջալինա Փորտերը։ Այս պայմաններում մտածելու տեղիք է տալիս այն փաստը, որ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանը ս.թ. մայիսի 14-ին պաշտոնապես դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի հետ կապված՝ հղում կատարելով «Հավաքական անվտանգության պայմանագրի» 2-րդ հոդվածին, որում գրված է. «Մասնակից պետությունները կխորհրդակցեն միմյանց հետ միջազգային անվտանգության՝ իրենց շահերին առնչվող բոլոր կարևոր հարցերի վերաբերյալ և կհամաձայնեցնեն դիրքորոշումներն այդ հարցերի վերաբերյալ»։ Կարծում ենք, որ Հայաստանի ցանկացած առողջ դատող քաղաքացի, որի հիշողության մեջ դեռ թարմ է թուրք-ազերիների կողմից Ղարաբաղյան (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) պատերազմի ուխտադրուժ սադրումը՝ սիրիական վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ, անգամ դույզն-ինչ չպետք է կասկածեր առ այն, որ ՀԱՊԿ խորհրդի նախագահին պետք էր դիմել՝ հղում կատարելով «Հավաքական անվտանգության պայմանագրի» 4-րդ հոդվածին, որտեղ սևով սպիտակի վրա գրված է. «Հոդված 4. Եթե մասնակից պետություններից մեկը ենթարկվի ագրեսիայի, անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակման (այս բոլոր գործոնները մեր պարագայում առկա են – Ա.Գ.), ապա դա մասնակից պետությունների կողմից կդիտարկվի որպես ագրեսիա (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանն սպառնացող զինված հարձակում) սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ։ Ցանկացած մասնակից պետության դեմ ագրեսիայի (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանն սպառնացող զինված հարձակման) կատարման դեպքում մնացած բոլոր մասնակից պետություններն անհապաղ այդ մասնակից պետության խնդրանքով նրան կցուցաբերեն անհրաժեշտ օգնություն, ներառյալ ռազմականը, ինչպես նաև աջակցություն կցուցաբերեն իրենց տրամադրության տակ եղած միջոցներով՝ հավաքական պաշտպանության իրավունքի իրականացման կարգով, ՄԱԿ Կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան։ Սույն հոդվածի հիման վրա ընդունված միջոցների մասին մասնակից պետություններն անհապաղ կտեղեկացնեն Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհրդին» (https://odkb-csto.org/documents/documents/dogovor_o_kollektivnoy_bezopasnosti/

Վերլուծելով Ադրբեջանի գործողությունները որակելու հարցում Նիկոլ-դավաճանի այսքան խաղաղասեր կեցվածքի պատճառները՝ ակամա հասկանում ես, որ բանից անտեղյակ ընթերցողը կարող է ոչ ճիշտ, իրականությունից հեռու կարծիք կազմել, դիցուք. ԱՄՆ-ը ցասումով դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին, բարեկամական Ֆրանսիան՝ հանձին նախագահ Էմանուել Մակրոնի, համոզված եմ, որ անկեղծ, սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ իր տագնապն է արտահայտում՝ միաժամանակ չբացառելով հարցը ՄԱԿ ԱԽ քննարկմանը ներկայացնելը, իսկ ահա ՀԱՊԿ խորհուրդը հարցը կդիտարկի «միմյանց հետ միջազգային անվտանգության՝ իրենց շահերին առնչվող կարևոր հարցերի վերաբերյալ խորհրդակցությունների մակարդակով»։ Ի՞նչ է սա։ Նիկոլ-դավաճանին այդքան բնորոշ բացարձակ քաղաքական անգրագիտության հերթական դրսևորո՞ւմ։ Բնավ, և այս դեպքում մենք գործ ունենք գունավոր հեղափոխությունների ստրատեգների մանրակրկիտ ձևով մշակված տեխնոլոգիաների հետ, որոնք այս կոնկրետ դեպքում հետապնդում են միանգամայն որոշակի նպատակ, դիցուք. սորոսական քարոզչությամբ բթացած նիկոլվովաևիչյան ընտրազանգվածային հենարանի գիտակցության մեջ մտցնել այն կեղծ հղումը, թե ՀՀ անվտանգությանն սպառնացող կրիտիկական իրավիճակներում արտաքին սպառնալիքներից պաշտպանության միակ հույսը պետք է փնտրել Արևմուտքում, քանզի Ռուսաստանը (ՀՀ բնակչության զգալի մասի գիտակցության մեջ ՀԱՊԿ-ը ասոցիացվում է Ռուսաստանի հետ) առայժմ խորհրդակցելու է, և այլն, և այլն։ Որպես ասվածի ապացույց կարելի է տասնյակ մեջբերումներ կատարել նախապես պատրաստված տարատեսակ հարցազրույցներից, որոնք տարածվեցին Սորոսի «Բաց հասարակություն – Հայաստան» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող գրեթե բոլոր ինտերնետ-հեռուստաալիքների և ինտերնետ-պարբերականների կողմից։ Ընդ որում՝ իրենց ռեպորտաժներում նրանք անշեղորեն հետևում են ֆաշիստ հանցագործ Պաուլ Յոզեֆ Գեբելսի՝ նացիզմի անամոթ ու լպիրշ պրոպագանդիստի հանձնարարականներին, որի «փիլիսոփայական ժառանգությամբ» են առաջնորդվում փաշինյանական հակազգային քաղաքական թայֆայի ղեկավարները։ Ընդ որում՝ չենք թաքցնում, որ նրանք այնքան են հմտացել, որ անգամ Արցախի Հանրապետության նողկալի դավաճանությունից հետո դեռ պատրանքներ են տածում ՀՀ VIII գումարման Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներով հայտնվել ոչ թե դատապարտյալների նստարանին, այլ ՀՀ ԱԺ-ում։ Ահա Գեբելսին պատկանող մի քանի աֆորիզմ, որոնք Նիկոլ-դավաճանի համար շատ բանով ինքնակենսագրական են. «Փոքր մարդուն դուր է գալիս թաքցնել իր ոչնչությունը բարդ բաների հետևում (Նիկոլ-դավաճանի ցանկացած ելույթի վերլուծություն անխուսափելիորեն կբերի այս եզրահանգման – Ա.Գ.)... Որքան ավելի հրեշավոր է սուտը, այնքան ավելի շուտ քեզ կհավատան։ Շարքային մարդիկ ավելի շուտ հավատում են մեծ ստին, քան թե փոքրին։ Դա համապատասխանում է նրանց պրիմիտիվ հոգուն։ Նրանք գիտեն, որ փոքր հարցերում իրենք էլ կարող են ստել, բայց կամաչեն շատ մեծ ստել։ Մեծ սուտը նրանց մտքով անգամ չի էլ անցնի։ Ահա թե ինչու մասսայի մտքով չի էլ անցնի, որ ուրիշներն ի վիճակի կլինեն չափից ավելի հրեշավոր ստի»։

Ահա հիմա էլ Նիկոլ-դավաճանի դավաճանական դանդաղկոտությունն ու գործողությունների անհամարժեքությունը դրդիչ մոտիվ են դարձել ՀՀ Սյունիքի մարզում ադրբեջանական զինվորականների ագրեսիվ գործողություններում Ռուսաստանի դերի վերաբերյալ հակառուսական, նողկալի ռուսատյաց ստի տարածման համար։ Այսպես, օրերս, փորձնական քարոզչական վարկած եթեր թողեցին ինտերնետ-հեռուստատեսության ալիքներից մեկով, այն մասին, թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցողը նախապես ծրագրված ռուս-թուրքական գործողություն է, որի նպատակը Ռուսաստանի և Թուրքիայի ամրապնդումն է ՀՀ համապատասխան տարածքներում, իսկ այնուհետև շարունակվում է իրական դրության հետ ոչ մի ընդհանուր բան չունեցող հակառուսական ոգով։

Հարգելի ընթերցող, իհարկե, կարելի է բազմաթիվ մեջբերումներ կատարել ամենատարբեր լրատվամիջոցների այլ հրապարակումներից, բայց դրա հետ մեկտեղ վերջնարդյունքում անխուսափելիորեն կհայտնվես հենց այն դերում, որը պատրաստել են սահմանի այն կողմի տեխնոլոգները դիտորդների համար։ Այն է՝ մի տեսակ ստատիստի դերում, որը կզայրանա մեր ռազմավարական դաշնակցի, Հայաստանի Հանրապետության անկախության և ինքնիշխանության, Արցախի Հանրապետության բնակչության անվտանգության երաշխավորի՝ Ռուսաստանի Դաշնության հանդեպ ստոր ստի տարածումից, Ռուսաստանի Դաշնության, որն իբր ի հաշիվ հայկական երկու պետությունների ազգային շահերի գործարքի է գնում սուլթան Ռեջեփի հետ։ Գունավոր հեղափոխությունների տեխնոլոգների հաշվարկը որքան նենգ, նույնքան էլ պարզունակ է և հետապնդում է միանգամայն որոշակի նպատակ, դիցուք. շեղել Հայաստանի քաղաքական դասի, բնականաբար՝ ոչ պակաս չափով նաև հենց Ռուսաստանի քաղաքական դասի ուշադրությունը գլխավորից, այն է՝ հավաքական Արևմուտքը Թուրքիայի ու նրա քաղաքական ենթավարպետ Ադրբեջանի հետ սերտ միությամբ ցանկանում է շեղել ուշադրությունը լայնածավալ աշխարհատնտեսական նախագծերի իրականացումից, որոնք ուղղված են Մերձկասպիայի, Թուրքմենստանի, իսկ հետագայում նաև Ղազախստանի գազային ռեսուրսների տեղափոխմանը Եվրոպա՝ Ռուսաստանի շրջանցմամբ։ Այս աշխարհատնտեսական նախագիծը լիովին համապատասխանում է ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի սրբազան բաղձանքին, նաև զգալի չափով համապատասխանում է Արևելյան Եվրոպայի պետությունների անուրջների ոգուն։ Բնականաբար, այս նախագծի իրականացումը, առաջին հերթին, շոշափում է հենց Ադրբեջանի կենսական շահերը, և ափշերոնյան սուլթանի ագրեսիվ շատ քայլեր, ըստ իս, հարկադրված են։ Չէ՞ որ ափշերոնյան սուլթանը չի կարող չհասկանալ, որ ադրբեջանական զինված ուժերի ագրեսիվ գործողությունները ՀՀ Սյունիքի մարզում չեն կարող չանհանգստացնել Հայաստանի ռազմավարական դաշնակցին՝ հանձին Ռուսաստանի։ Ավելին, Ալիևը չի կարող չհասկանալ, որ ադրբեջանական հրոսակների այդ նույն ագրեսիվ գործողությունները լիովին համահունչ են ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և հավաքական Արևմուտքի մյուս ուժերի մտադրություններին, որոնք չափից ավելի են շահագրգռված, որ թուլանա Եվրամիության երկրների կախվածությունը Ռուսաստանի էներգառեսուրսների մատակարարումներից, նրանց այս եռանդը, անկասկած, աննկատ չի մնա Ռուսաստանի կողմից։ Ուստի, եթե բավականաչափ ուշադիր վերլուծենք ափշերոնյան սուլթան Իլհամի ս.թ. մայիսի 10-ի ելույթը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ, կարելի է հերթական անգամ համոզվել ափշերոնյան սուլթանի ծայրահեղ անհուսալիության և երկերեսանիության մեջ։ Ես հասկանում եմ, հարգելի ընթերցող, որ սա բնավ իմ հայտնագործությունը չէ։ Բայց որպեսզի ասվածը համոզիչ լինի, մեջբերում կատարեմ Ի.Ալիևի ելույթից. «Ռազմական ասպեկտի տեսանկյունից մենք կարող ենք իրավիճակն արդեն կարգավորված համարել, բայց ապագա փոխգործակցության քաղաքական, տնտեսական, տրանսպորտային և այլ ասպեկտների տեսանկյունից, իհարկե, շատ անելիք կա։ Մենք, բնականաբար, ակնկալում ենք, որ Ռուսաստանը՝ որպես մեր բարեկամ, ռազմավարական գործընկեր, հարևան, որպես երկիր, որի խաղաղապահներն այսօր գտնվում են Ադրբեջանի տարածքում, այսուհետ ևս կնպաստի լարվածության թուլացմանը»։ Կուզենայի ավարտել սուլթան Իլհամի նախադասությունը հետևյալ ասույթով՝ Արևելքը նուրբ բան է, բայց միտքս փոխեցի, քանի որ ոչ մի նրբություն ալիևյան ելույթներում չի նկատվում։ Միայն անթաքույց, երկակի հատակ։ Ասում ենք զրուցակցի ականջին հաճելի բաներ, բայց ամեն բան անում ենք՝ Հայաստանից Ռուսաստանին դուրս մղելու նպատակով, սադրանք սադրանքի հետևից իրականացնելով ինքնիշխան Հայաստանի՝ Ռուսաստանի դաշնակցային երկրի հանդեպ՝ որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր ՌԴ հուսալիության վերաբերյալ ՀՀ բնակչության ամենալայն շերտերում հիասթափություն առաջացնելու հաշվարկով։ Իսկ անգլոամերիկյան ստրատեգների և բոլորի ու ամեն ինչի դեմ ագրեսիվ տրամադրված նրանց թուրք աշխարհաքաղաքական սպասյակի՝ հանձին սուլթան Ռեջեփի, վերջնանպատակն այն է, որ ափշերոնյան սուլթան Իլհամի լավ մտածված ագրեսիվ գործողությունների միջոցով խուճապ սերմանվի ՀՀ Սյունիքի մարզի քաղաքացիական բնակչության շրջանում, ինչը վերջնարդյունքում կհանգեցնի իրենց բնակավայրից նրանց զանգվածային հեռանալուն։ Իսկ այնուհետև գործի կդրվեն սուլթան Էրդողանի կողմից այդ տարածքների խաղաղ զավթման քանիցս փորձարկված սցենարները, ինչպես տեղի ունեցավ Աջարիայում, որը ձևականորեն դեռևս Վրաստանի մաս է հանդիսանում։

Հարգելի ընթերցողը չէր կարող չնկատել, որ վերը ներկայացված ողջ շարադրանքում բնավ չերևաց Նիկոլ-դավաճանի դերը։ Լավագույն դեպքում նա հիշատակվեց որպես Ադրբեջանի հետ Սյունիքի մարզի սահմանին տեղի ունեցած այս կամ այն փաստը հնչեցնող մունետիկ, կամ էլ՝ որպես «Հավաքական անվտանգության պայմանագրի» հոդվածների մեկնաբանող։ Հենց այս նպատակով էլ հավաքական Արևմուտքի որոշակի ուժեր՝ MI-6-ի և CIA-ի ղեկավարությամբ, 2018թ. ապրիլ-մայիսին Հայաստանում իշխանության բերեցին Նիկոլ-դավաճանին։ Այո, այո, հենց Ղարաբաղյան (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) պատերազմը սադրելու նպատակով էլ հնարավոր դարձրին իշխանության զավթումը Հայաստանում նիկոլփաշինյանական հակազգային, դավաճանական, հանցավոր թայֆայի կողմից։ Կասկածից վեր է, հարգելի ընթերցող, որ եթե իշխանությունում գտնվեր ՀՀ երրորդ նախագահ, մեծարգո Սերժ Ազատի Սարգսյանը, անգամ մղձավանջային քնի մեջ չէր կարելի պատկերացնել, որ արդեն երեք տարի Հայաստանում տեղի ունեցողն իրականություն է։ Կարծում եմ, որ հարգելի ընթերցողը Հայաստանում և Հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների խորազնին վերլուծությունից հետո միանգամայն նորովի կիմաստավորի ՀՀ նախկին նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի խոսքերը 2018թ. ապրիլին իր հրաժարականի մասին՝ ասված կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանին 2021թ. ապրիլի 30-ին տված հարցազրույցում։ Ընթերցողներին հիշեցնենք Սերժ Սարգսյանի խոսքերը. «Այո, ես կրկնում եմ, որ չեմ պարտվել սրանց (նկատի ունի նիկոլփաշինյանական հակազգային հանցախմբին – Ա.Գ.). ես պարտվել եմ շատ ավելի ուժեղ մարդկանց, շատ ավելի մեծ ուժերի» (https://ru.168.am/2021/05/01/27859.html)։ Իսկ թե ովքեր են այդ ուժերը, հուսամ՝ միանգամայն ակնհայտ է վերոշարադրյալից։

Հոդվածն ավարտելով՝ կցանկանայի հարգելի ընթերցողների ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մեր օրերում Հայաստանում և Հարավկովկասյան տարածաշրջանում լարվածության ծայրահեղ վտանգավոր թեժացում է ընթանում մի կողմից՝ հավաքական Արևմուտքի և մյուս կողմից՝ Ռուսաստանի միջև։ Ընդ որում՝ Թուրքիան՝ իր համար սովորական զազրելի մարդասպանի դերում, աչքը պահելով ապագա զոհի վրա, որի ով լինելը սուլթան Էրդողանի համար այնքան էլ կարևոր չէ, սպասում է հարմար առիթի՝ թիկունքից հարված հասցնելու համար։ Գլխավորն այն է, որպեսզի պաշտոնական Անկարայի ցանկացած հանցագործություն Թուրքիային մոտեցնի նոր նեոօսմանյան կայսրության ստեղծմանը, իհարկե՝ այժմ փոքր-ինչ կրճատված տարբերակով, որը կներառի Մերձավոր Արևելքն ու Ադրբեջանը, բնականաբար՝ Հայաստանից Մեղրիի 45 կիլոմետրանոց գոտու անջատմամբ, Նախիջևանի իքնավարության և Ադրբեջանի Զանգելանի շրջանի միջև ուղղակի կապի ապահովման նպատակով։  

Հարգելի ընթերցողը միանգամայն իրավացիորեն կարող է հարց տալ. իսկ ինչո՞ւ չեմ հիշատակում Միջին Ասիայի թյուրքալեզու հանրապետությունները։ Եվ նա իրավացի կլինի, եթե դեռ չի ծանոթացել ՉԺՀ Պետխորհրդի անդամ, այդ երկրի արտաքին գործերի նախարար Վան Իի՝ Չինաստանի արտաքին քաղաքականությանը և միջազգային հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսում (2021թ. մարտի 7) հնչած հարցերին և պատասխաններին։ Այսպես, ՏԱՍՍ-ի թղթակցի «Չինաստանն ու Ռուսաստանը լավ հարևաններ են և համակողմանի ռազմավարական փոխգործակցության գործընկերներ։ Ինչպե՞ս է համավարակն անդրադառնում չին-ռուսական հարաբերությունների վրա» հարցին պատասխանելով՝ ՉԺՀ արտաքին գործերի նախարարը, մասնավորապես, ասաց. «Այս տարի նշվում է Չինաստանի և Ռուսաստանի միջև բարիդրացիության, բարեկամության և համագործակցության պայմանագրի ստորագրման 20-ամյակը։ Մենք ռուս բարեկամների հետ պայմանավորվել ենք երկարացնել Պայմանագիրը և այն հագեցնել նոր բովադակությամբ։ Չին-ռուսական հարաբերությունների համար դա կլինի հերթական պատմական փուլ և նոր մեկնարկ։ Ղեկավարվելով Պայմանագրի ոգով՝ դարավոր բարեկամությամբ և փոխշահավետ համագործակցությամբ, կողմերը կաշխատեն եռանդուն և նախաձեռնողաբար, որպեսզի հետագայում ընդլայնվեն և խորացվեն համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության չին-ռուսական հարաբերությունները նոր դարաշրջանի համար։ Մենք պատրաստ ենք հանդես գալ որպես ռազմավարական փոխվստահության չափանիշ, հաստատուն աջակցել միմյանց ջանքերին՝ ուղղված արմատական շահերի պաշտպանությանը, միասին հակազդել գունավոր հեղափոխությունների սադրանքի փորձերին, դիմակայել տարբեր ֆեյքերին, պաշտպանել պետական ինքնիշխանությունը և իշխանության անվտանգությունը։ Մենք պատրաստ ենք փոխշահավետ համագործակցության օրինակ հանդիսանալ, խորացնել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և ԵՏՄ նախաձեռնությունների կապակցումը, բարձրացնել առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության մակարդակն ու որակը այնպիսի նոր ոլորտներում, ինչպիսին են գիտատեխնիկական նորարարությունը, թվային տնտեսությունը և այլն։ Մենք պատրաստ ենք ժողովրդական սերտացման օրինակ ցույց տալ, զարգացնել ավանդական բարեկամությունը, օժանդակել մշակութային-հումանիտար փոխանակումներին, որպեսզի չին-ռուսական բարեկամությունը փոխանցվի սերնդեսերունդ։ Մենք պատրաստ ենք հավասարության և արդարության չափորոշիչ սահմանել, միասին աջակցել բազմակողմանիությանը, պաշտպանել ՄԱԿ հեղինակությունը, միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների հիմնական նորմերը, ապահովել գլոբալ ռազմավարական կայունություն»։ Ես հատուկ այսքան հանգամանալից ներկայացրի հարգելի Վան Իի պատասխանները։ Համոզված եմ, որ թուրք սուլթան Էրդողանը տեղեկացված է այս հարցազրույցի մասին, որը, ճիշտ իմաստավորելու պարագայում, Էրդողանին հաջողության շանսեր չի թողնում իր պանթուրանական նկրտումների հարցում՝ ուղղված Միջին Ասիայի թյուրքալեզու պետությունների միավորմանը, ուժի նոր աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական կենտրոնի ստեղծման հեռանկարով, որի նպատակը կլինի Չինաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ապակայունացունը, և որի գլխավոր խնդիրն է Էրդողանի տենչալի երազանքի՝ նոր Մեծ Թուրանի ստեղծման իրականացումը։

Այսքան բարդ իրավիճակում, որն ստեղծվել է համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների միջև, չափազանց կարևոր է աշխարհաքաղաքական կողմնորոշման հայտարարումը տարածաշրջանի երկրներից յուրաքանչյուրի, առավել ևս՝ Հայաստանի Հանրապետության համար։ Դժբախտաբար, Հայաստանի համար, որն ապրում է մառախլապատ Ալբիոնի և Պոտոմակի ափերի հատուկ ծառայությունների և նրանց թուրք ենթավարպետների կողմից վերահսկվող խամաճիկային ռեժիմի պայմաններում, սույն պարագան անլուծելի խնդիր է։

Մտորելով ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիների մասին՝ սևեռուն գաղափարի պես մտաբերում եմ Հին Հռոմում տարածված թևավոր արտահայտությունը։ Պատմում են, որ Մարկոս Պորկիոս Կատոնը (Կատոն Ավագ) իր յուրաքանչյուր ելույթ Հռոմի սենատում ավարտում էր հետևյալ բառերով. «Բացի այդ, ես կարծում եմ, որ Կարթագենը պետք է կործանվի»։ Ի վերջո, Պունիկյան երրորդ պատերազմի հետևանքով կես միլիոնանոց Կարթագեն քաղաքն ամբողջովին ոչնչացվեց, իսկ ողջ մնացած բնակիչները ստրկության վաճառվեցին։ Վայրը, որտեղ գտնվում էր քաղաքը, ավելի ուշ լեգենդի համաձայն, պատվեց աղի հաստ շերտով, որպեսզի ոչ մի բուսականություն այնտեղ չաճի։ Դե ինչ, հարգելի ընթերցող, Կարթագենի հետ կապված այս պատմությունը միանգամայն այլ զգացողություններ է առաջացնում իմ մեջ, այն է՝ իմ յուրաքանչյուր հոդված և հրապարակային ելույթ ավարտել հետևյալ բառերով. Հայաստանը լինելու է Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ։ Եվ հենց միութենական պետության մեջ է Հայաստանը բարգավաճելու։

Հ.Գ. Ընթերցելով և վերընթերցելով մեր հայրենակիցների հիացական մեկնաբանությունները և արձագանքները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի) կողմից Ադրբեջանի զինված ուժերի (որոնք 3,5 կմ խորացել են ՀՀ Սյունիքի մարզի տարածքում) ապօրինի ագրեսիվ գործողությունների մասին հարցը ՄԱԿ Անվտանգության խորհրդի դիտարկմանը ներկայացնելու հնարավորության վերաբերյալ, միաժամանակ երկու զգացողություն եմ ունենում՝ դառնության և ափսոսանքի։ Դառնության՝ այն փաստի գիտակցումից, որ մեր շատ հայրենակիցներ, հատկապես նրանք, ովքեր ներկայանում են որպես արևմտամետներ, բնավ ի վիճակի չեն տրամաբանորեն մտածելու։ Չէ՞ որ վաղուց արդեն գաղտնիք չէ, որ հենց Մեծ Բրիտանիան է արգելափակել ՄԱԿ ԱԽ բանաձևի ընդունումը, որի համաձայն՝ անհրաժեշտ էր անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները ղարաբաղա-ադրբեջանական ռազմական դիմակայության ողջ պարագծով հենց Ղարաբաղյան (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) պատերազմի ամենաթեժ պահին։ Ավելին, հստակ հայտարարվեց, որ անհրաժեշտ է թույլ չտալ երրորդ երկրների միջամտությունը հակամարտությանը և լիովին բացառել ռազմական գործողությունների թատերաբեմ վարձկան-ահաբեկիչներին տեղափոխելը։ Մի խոսքով՝ համատեղ բանաձևը, որը նախապես համաձայնեցված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ) կողմից, որոնք նաև ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ են, արդյունքում արգելափակեց ՄԱԿ ԱԽ անդամ Մեծ Բրիտանիան։ Ավաղ, Նիկոլ-դավաճանի երկրպագուներից շատերը մոռացել են այս աղաղակող փաստի մասին, որի պայմաններում ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ Մեծ Բրիտանիայի կողմից կանաչ լույս վառվեց արյունալի սպանդի շարունակման առջև։ Սա, իհարկե, չի կարող դառնություն չառաջացնել։

Իսկ ափսոսանք առաջացնում է այն փաստը, որ դեռևս քիչ չեն մարդիկ, ովքեր այնքան են բթացած հակազգային, հակահայկական սորոսական քարոզչությամբ, որ դեռ շարունակում են ապավինել մեր քաղաքացիների ականջն ու ինքնասիրությունը շոյող զառանցանքներին, թե իբր ադրբեջանական ագրեսիվ գործողությունները ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ կկասեցվեն ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձևի ընդունմամբ։ Ընդ որում՝ չհասկանալով, որ ափշերոնյան սուլթանի այսքան ագրեսիվ պահվածքը անհնար կլիներ առանց, առնվազն, Լոնդոնի և Վաշինգտոնի պաշտոնական ներկայացուցիչների հավանության, էլ չեմ ասում Թուրքիայի հավանության մասին։ Դե, ինչպե՛ս չափսոսես այս պարագայում։ 

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ

Последние видеоматериалы

Новые книги