Հայաստանն անվտանգության մեջ կլինի միայն Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությունում
10.05.2021, Ռեգնում
https://regnum.ru/news/polit/3264999.html
12.05.2021, Իրավունք
https://iravunk.com/?p=202925&l=am
Անոտացիա
Մանրամասներ չեմ նկարագրի և փաստեր չեմ ներկայացնի, որոնք համոզիչ կերպով վկայում են Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ Հայաստանի մտնելու անայլընտրանքայնությունը՝ չեզոքացնելու համար անկախ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետությանն սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները։ Միանշանակորեն նշեմ, որ միայն այս անհերքելի ճշմարտության գիտակցումն ու այդ մասին բարձրաձայն հայտարարելն է՝ չվախենալով հայտնվել հավաքական Արևմուտքի քննադատության կրակի տակ, ի զորու ՀՀ բնակչության մտածող հատվածի մեջ վերածնելու վաղվա օրվա հանդեպ վստահության զգացումը։
Եվ այսպես, հարգելի ընթերցող, երկրորդ անգամ Ն.Փաշինյանի ՀՀ վարչապետ չընտրվելուց հետո Հայաստանի Հանրապետության VII գումարման Ազգային ժողովը (այսուհետ՝ ՀՀ ԱԺ) կարձակվի, և ենթադրաբար ս.թ. հունիսի 20-ին տեղի կունենան ՀՀ VIII գումարման խորհրդարանի արտահերթ ընտրություններ։
Աստիճանաբար արդեն ավելի հստակ են ուրվագծվում քաղաքական միավորումները և դաշինքները, որոնք մասնակցելու են գալիք ընտրություններին։ Այս հոդվածում ես բնավ մանրամասնորեն չեմ նկարագրելու ընդդիմադիր դաշինքների, առավել ևս՝ նիկոլվովաևիչյան դավաճանական խառնամբոխի քաղաքական հենարանի նախընտրական հռետորաբանության բնութագրական առանձնահատկությունները, խառնամբոխ, որը 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո գիշերուզօր բարբաջում է այն հսկայական գումարների մասին, որոնք իբր ՀՀ-ում թալանվել են վերջին 25 տարիներին։ Ընդ որում՝ սույն քաղաքական արկածախնդիրը ոչ մի կերպ չի ընդունում, որ ինքը՝ Նիկոլ Վովաևիչը, որին ժողովուրդը քամահրանքով Նիկոլ-դավաճան է անվանում, արդեն ավելի քան երեք տարի իշխանությունում է և ունի այն անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու բոլոր լծակները, որոնք, իբր, մասնակցել են, ըստ իր քանիցս կրկնած հոգետանջ կոչերի, գանձագողությանը։ Ոչ, հարգելի ընթերցող, հետագա շարադրանքը բնավ այդ մասին չէ։
Ընթերցողներին չեմ ձանձրացնի թերասացություններով, նշեմ միայն, որ այս տողերը գրելու օրն արդեն փաստորեն մեկնարկած ընտրարշավը լիովին տեղավորվում է այն շրջանակներում, որոնք նախապես պատրաստել էին մառախլապատ Ալբիոնի և Պոտոմակի ափերի գունավոր հեղափոխությունների տեխնոլոգները։ Այո, այո, հարգելի ընթերցող, ասվածը փաստ է։ Փաշինյանական լափակերներին դիմակայող ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնք միավորվել են նախընտրական դաշինքներում, արդեն ամենանրբահյուս մակարդակով անգամ կատարյալ բթամիտների գիտակցությանն են հասցնում այն անվիճելի փաստը, որ Փաշինյանի ռեժիմը էությամբ հակաժողովրդական է, իսկ այդ ռեժիմի պահպանումը սպառնում է հայոց պետականության կորստով։ Ընդ որում՝ ներկայացվում են անհերքելի փաստեր, որոնք վկայում են Հայաստանի իշխանական կառույցներում MI-6-ի և CIA-ի ճյուղավորված գործակալական ցանցի, իսկ որ ավելի նողկալի է՝ թուրքական գործակալական ցանցի առկայության մասին։ Եվ այս փաստերը ընդդիմադիր ուժերը կրկնում են օրեցօր, ընդդիմության տրամադրության տակ գտնվող բոլոր լրատվամիջոցներով։ Բնականաբար, Սորոսի «Բաց հասարակություն – Հայաստան» հիմնադրամի կողմից շռայլորեն ֆինանսավորվող տասնյակ ինտերնետ-հեռուստաալիքները և ինտերնետ-պարբերականները դրա հետ միաժամանակ՝ համակարգային հիմքով, փաշինյանական քաղաքական փոխակերպուկների կողմից ՀՀ ազգային շահերի դավաճանությունը դնում են նոր ձևավորված ընդդիմադիր միավորումների վրա։ Ընդ որում՝ կրկնում եմ, դա արվում է համակարգային հիմքով, Նիկոլ-դավաճանի դեռևս պահպանված (իհարկե, մի քիչ կրճատված տարբերակով) ընտրազանգվածի վրա հստակ հաշվարկով. դիցուք՝ մի քանի տասնյակ տարատեսակ սորոսյան հասարակական կազմակերպություններ, որոնք միավորում են ՀՀ հարյուրավոր քաղաքացիների; արդի Հայաստանում իրենց բավական արտոնյալ զգացող հարյուրավոր ԼԳԲՏ ակտիվիստներ; սորոսյան քարոզչությամբ բթացած մեր հազարավոր քաղաքացիներ։ Արդյունքում՝ միանգամայն սպասելի էր, որ անցած շաբաթ Նիկոլ-դավաճանը ՀՀ ԱԺ ամբիոնից, աչքերում՝ շիզոֆրենիկին բնորոշ փայլով, մեղադրեց ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին՝ հարգարժան Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, այն ամենի մեջ, ինչի համար, համոզված եմ, ամենամոտ ժամանակներս ինքը՝ Նիկոլ-դավաճանը, կդատվի։ Փաշինյանի ուղեվարների հաշվարկը շատ պարզ է՝ նախկին իշխանությունների դեմ նման զրպարտչական ելույթներով շեղել Հայաստանի քաղաքացիների ուշադրությունը փաշինյանական ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության աղետալի ձախողումներից։ Այս առնչությամբ կցանկանայի ներկայացնել մի դիտարկում, այն է. իրենք՝ գունավոր հեղափոխությունների ստրատեգներն այլևս փաշինյանական նեխվածքին կերակրելու այնպիսի բան չունեն, որը կարող էր նախկին իշխանություններին վարկաբեկող նոր փաստ հանդիսանալ։ Իսկ ի՞նչ վատ բան կա դրանում՝ միանգամայն իրավացիորեն կարող է հարց տալ հարգելի ընթերցողը։ Եվ նա, իհարկե, իրավացի կլինի։ Սույն հարցը հարկ է դիտարկել այլ հարթությունում։ Հայաստանի քաղաքացիների առնվազն ուղիղ կեսը, որը չափազանց դժգոհ է Նիկոլ-դավաճանի քաղաքականությունից, սպասում է, որ ընդդիմությունը հնչեցնի միանգամայն այլ հարցերի առարկայական վերլուծությունը։ Եվ բնավ ոչ այն պատճառով, որ Փաշինյանի դավաճանական ռեժիմի հասցրած խոր ու արնածոր վերքերն արդեն հասցրել են սպիանալ։ Ոչ, բնավ ոչ։ Մեր հասարակության մտածող մասը (բարիք է, որ այն մեր քաղաքացիների 50%-ից պակաս չէ) հակազգային դավաճանական իշխանությունների միանշանակ գնահատականն ունի և, անկասկած, նրանք սպասում են արդար հատուցում Ղարաբաղյան (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) պատերազմի արդյունքների, ավելի քան 5000 հայ զինվորների մահվան, Արցախի Հանրապետության ավելի քան 11 հազար քաղաքացիների խեղված ճակատագրերի համար, ովքեր հաշմվեցին պատերազմի ընթացքում, մեր մոտ 35 հազար արցախցի եղբայրների համար, ովքեր անօթևան մնացին։ Էլ չեմ ասում Լեռնային Ղարաբաղի տարածքի 75%-ի մասին, որը, փաշինյանական թափթփուկների և նրանց նշանակած ապաշնորհ գեներալների ուղղակի դավաճանությամբ զավթվեց թուրք-ազերիների և սիրիական վարձկան-ահաբեկիչների կողմից։ Ասվածն իրողություն է, և տասնամյակներ են պետք, որպեսզի այդ վերքերի ցավը մեղմվի։ Սրա կողքին՝ ամենագլխավորն այն է, որպեսզի ամենասեղմ ժամկետներում սկսվի Նիկոլ-դավաճան և КО-ի դատաքննությունը, որպեսզի ինչ-որ կերպ մեղմվի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի խաբված քաղաքացիների ցասումը։
Չեմ հոգնեցնի ընթերցողներին։ Կյանքը շարունակվում է, և մեր հարգելի քաղաքացիները միանգամայն արդարացված ձևով ցանկանում են ընդդիմադիր ուժերից լսել ա՛յս օրվա օրհասական հարցերի ընկալելի պատասխանները։ Իսկ նման հարցեր, ցավոք, բավական շատ են կուտակվել։ Դիցուք՝ այդ հարցերը ընտրարշավի օրակարգում գլխավորը դարձնել կարողանալը, ըստ իս, պետք է դառնա այն առանցքը, որի շուրջ կարող է սկսվել ազգի միավորման, կրկնում եմ՝ ազգի, ոչ թե ընդդիմության, գործընթացը։ Մի խոսքով՝ պետք է սկսել ընտրարշավի օրակարգում որպես գլխավոր թեմա հետևյալ հարցերի ներառումից՝ ո՞ւր է գնում Հայաստանը, ի՞նչ է սպասվում մեր երկրին առաջիկա գոնե հինգ տարիներին։ Ասել, թե այս հարցերը նոր են, նշանակում է՝ մեղք գործել ճշմարտության դեմ։ Այսպես, 2018թ. ապրիլի 4-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մոտ հրավիրվեց խորհրդակցություն, որտեղ քննարկվում էր «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» նախագծի լրամշակված տարբերակը, որի ընթացքում որդեգրվեց Հայաստանի զարգացման հեռանկարային նպատակներին հասնելու ուղիների սահմանման միանգամայն նոր մոտեցում։ «Մասնավորապես, ցանկանում եմ ընդգծել կայուն և բարձր ներառական տնտեսական աճի ապահովումը, որը զգալի պետք է լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, ինչպես նաև մեր համազգային նպատակներին հասնելու համար»,- խորհրդակցությունում ասաց նախագահ Սերժ Սարգսյանը։
Հայտարարված հենց այս՝ ներառական աճի ապահովման նպատակի իրականացման մեջ էր դրված Հայաստանի Հանրապետության անշրջելի առաջանցիկ զարգացման բանալին։ Ավաղ, իրադարձությունների զարգացման նման ընթացքը, ըստ երևույթին, մառախլապատ Ալբիոնի և Պոտոմակի ափերի գունավոր հեղափոխությունների ստրատեգների, ինչպես նաև նրանց թուրք ուղեվարների նպատակների լրիվ հակապատկերն էր։ Բնականաբար, նրանք հիանալի հասկանում էին, որ հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունն ապահովող միակ երաշխավորը, որը թույլ կտար քայլ քայլի հետևից հասնել ՀՀ առաջադրած խնդիրների կատարմանը, կա և կլինի Ռուսաստանը։ Եվ Հայաստանի ճակատագրի համար Ռուսաստանի հատուկ դերի գիտակցման հենց այս հանգամանքը ոչ մի կերպ չէր մտնում գունավոր հեղափոխությունների անդրօվկիանոսյան տեխնոլոգների ծրագրերի մեջ։ Չէ՞ որ նրանց նպատակը, որը նրանք չեն էլ թաքցնում, եղել և մնում է չափազանց հստակ՝ ամեն ինչ անել Հայաստանի Հանրապետությունից, ուրեմն և առհասարակ Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու համար։ Եվ այս նպատակին հասնելու հիվանդագին ցանկությամբ առաջնորդվող՝ համաշխարհային քաղաքականության հայտնի ուժի կենտրոնները սահմանի այն կողմից 2018թ. ապրիլ-մայիսին կազմակերպեցին պետական հեղաշրջումը։ Այդ ժամանակվանից անցել է երեք տարի, բայց Հայաստանի տնտեսության առջև ծառացած օրախնդիր հարցերը ոչ միայն մեղմվել, այլև զգալիորեն վատթարացել են, ուստի մի փոքր ավելի հանգամանալից կանգ առնենք այդ հարցերի վրա։
Ներկայացնենք ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի պաշտոնական տեղեկագրերում հրապարակված որոշ ցուցանիշներ։
Այսպես, տնտեսական ակտիվության ցուցանիշը 2020թ. դեկտեմբերին նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ կրճատվել է 7,5%-ով և կազմել 92,5% (ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտե, «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2020թ. հունվար-դեկտեմբերին», էջ 9)։ Ընդ որում՝ 2020թ. հունվար-դեկտեմբերին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2019թ. համապատասխան ցուցանիշի 96,6%-ը, այն դեպքում, երբ բյուջեի դեֆիցիտը անցած տարի, 2019թ. համեմատ, ավելացել է 5,2 անգամ՝ 63 939,4 մլն դրամից հասնելով 333 947 մլն դրամի (նույն տեղում, էջ 123)։ Այդ նույն ժամանակամիջոցում ՀՀ պետական պարտքը 2020թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, 2019թ. դեկտեմբերի 31-ի համեմատ, ավելացել է $647 մլն 230 հազարով (նույն տեղում, էջ 127)։ Միևնույն ժամանակ, 2020թ. արդյունքներով՝ տեղի է ունեցել ուղղակի օտարերկրյա ներդրումների արտահոսք (մինուս) - $144 մլն 580 հազ. գումարի չափով։ Բնականաբար, այս պայմաններում տեղի է ունեցել ՀՀ բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ կրճատում։ Այսպես, եթե 2019թ. արդյունքներով Հայաստանի բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է $4760, ապա անցած տարվա արդյունքներով, համապատասխանաբար, $4269 (անկումը կազմել է 10,3%)։ Կարծում եմ, որ ներկայացված պաշտոնական վիճակագրությունը վկայում է անցած տարի Հայաստանի բնակչության կենսամակարդակի էական նվազման մասին, ինչն անդրադարձել է երկրի քաղաքացիների ճնշող մեծամասնության վրա։ Իսկ եթե ավելի օբյեկտիվ լինենք, ապա ՀՀ-ն հայտնվել է տնտեսական կոլապսի շեմին։ ՀՀ տնտեսության իրավիճակի այսքան մանրամասն նկարագրությունից հետո առնվազն տարակուսանք է առաջացնում այն, որ ընտրապայքարի մեջ մտած ընդդիմադիր ուժերը, թվում է, հատուկ շրջանցում են հայոց պետականության պահպանման համար կենսականորեն կարևոր այս հարցերը։ Իսկ ընդդիմադիր դաշինքներից մեկի (որն իր նախընտրական ծրագրի մեխը դարձրել է ընտրություններում իր անխուսափելի հաղթանակի մասին կարգախոսը՝ լիովին շրջանցելով խոր սոցիալ-տնտեսական ճգնաժամի հաղթահարման հարցերը) դիրքորոշումը երկրի բնակչության մտածող հատվածի մեջ հուսալքությունից և վհատությունից բացի այլ բան առաջացնել չի կարող։ Սույն պարագայում նկատի ունենք ՀՀ բնակչության կեսից ավելիին, որը, բարեբախտաբար, չի բթացել սորոսյան քարոզչությունից և ընդդիմությունից ակնկալում է խելամիտ ձևակերպված խնդիրներ, ինչը պակաս կարևոր չէ՝ սեփական ուժերի ներդրման ոլորտների կոնկրետ նշումով, իր իսկ սոցիալ-տնտեսական վիճակի էական բարելավման նպատակով։ Կասկածից վեր է, որ ՀՀ ներքաղաքական կյանքի հրատապ հարցերի դիտարկումից կտրված այս իրավիճակը լիովին համապատասխանում է գունավոր հեղափոխությունների ստրատեգների տեխնոլոգիաներին, դրա համար էլ միանգամայն սպասելի էր, որ Նիկոլ-դավաճանն իր հրոսակախմբով անգամ չի էլ մոտենա այդ հարցերի քննարկմանը։
Հարգելի ընթերցողն, անշուշտ, սպասում է ՀՀ տնտեսության ծայրահեղ տագնապալի վիճակի շտկման կոնկրետ առաջարկների, ինչը, եթե օպերատիվ, գործուն միջոցներ չձեռնարկվեն, կարող է հանգեցնել հայոց պետականության կորստի։ Մեկ հոդվածի շրջանակում Հայաստանի տնտեսության առջև ծառացած հրատապ հարցերի ողջ համալիրի վերաբերյալ կոնկրետ, սպառիչ լուծումներ առաջարկելը կնշանակեր ՀՀ անվտանգության սպառնալիքների և մարտահրավերների ողջ բարդությունը չհասկանալու, տեղի ունեցողի էությունը չգիտակցելու դրսևորում։ Բայց կարծում եմ, որ բուն խնդրի էության բացահայտումը թեկուզև առանձին, մասնավոր օրինակներով ոչ միայն իրական, այլև անհրաժեշտ է թվում։ Ուստի, նպատակահարմար եմ համարում որոշակիացնել մեր վերլուծությունը և այսուհետ դիտարկել երկու ցուցանիշների դինամիկան, որոնք, հույս ունեմ, բավական պերճախոս կերպով բնութագրում են իրավիճակը ՀՀ սոցիալական ոլորտում և նշում են այն խնդիրների անհետաձգելիությունը, որոնք շուտափույթ լուծում են պահանջում։ Այսպես, 2019թ. արդյունքներով աղքատության մակարդակը Հայաստանում կազմել է 26,4% (ՀՀ-ում աղքատության մակարդակի գնահատման համար օգտագործվել են սպառման ծախսերը, որոնք ավելի ամբողջական են արտացոլում քաղաքացիների բարեկեցության մակարդակը)։ Նույն ցուցանիշը, Համաշխարհային բանկի գնահատականներով, 2020թ. ավելացել է 7 տոկոսային կետով։ «2020թ. Հայաստանում տեղի է ունեցել տարածաշրջանում ՀՆԱ ամենակտրուկ կրճատումներից մեկը՝ 7,6%։ Արդյունքների վրա անդրադարձել են COVID-19 համավարակը և ռազմական հակամարտությունն Ադրբեջանի հետ տարեվերջին։ Ենթադրվում է, որ 2020թ. աղքատության մակարդակը կավելանա 7 տոկոսային կետով։ Տնտեսության վերականգնումը կլինի աստիճանական»,- ասված է Համաշխարհային բանկի հաշվետվությունում (armenpress.am/rus/news/1047644.html)։
Ընդ որում՝ նշենք, որ եթե 2019թ. արդյունքներով գործազրկության մակարդակը Հայաստանում կազմում էր 18,9%, ապա 2020թ. վերջին, համապատասխանաբար, 22,3%։ Կասկածից վեր է, որ ժամանակակից Հայաստանում հենց գործազրկության և աղքատության դեմ պայքարը պետք է դառնա գերակա հարց ցանկացած ընկալելի ընդդիմադիր ուժի կամ ընդդիմադիր դաշինքի օրակարգում։ Ավաղ, ներկա պահին այս մոտեցումը ընդդիմության հայտնի հատվածի կողմից դեռևս չի դիտարկվում։ Կարծես մի ինչ-որ մղձավանջ լինի, երբ երկրում ստեղծված ծայրահեղ տագնապալի իրավիճակում օրը մի քանի անգամ ընդդիմադիր դաշինքներից մեկի կողմից հմայության, մանտրայի նման կրկնվում է գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում սեփական հաղթանակի մասին կարգախոսը։ Ճիշտ որպես հերքում հայտնի ասացվածքի՝ «Ինչքան էլ «հալվա» ասես, բերանդ չի քաղցրանա», կամ էլ՝ «Որ անընդհատ «փող» ասես, քսակդ, միևնույն է, դատարկ կմնա»։
Կարծում եմ՝ հարգելի ընթերցողը կհամաձայնի, որ ընդդիմադիր ուժերի գործունեության գլխավոր ուղղությունը պարզելուց հետո բնական է ձեռնամուխ լինել ձևակերպված խնդիրների լուծման ֆինանսական և կազմակերպչական մեխանիզմների մանրամասն մշակմանը, դիցուք. աղքատության և գործազրկության մակարդակի իջեցում, որի լուծման համար առաջին պլան են մղվում դրա իրականացմանն ուղղված ֆինանսառեսուրսային ապահովման հարցերը։ Անմիջապես նշենք, որ այս հարցերում անգնահատելի դեր կարող է խաղալ SMART-տեխնոլոգիաների լայն կիրառումը։ Ընթերցողներին հիշեցնենք, որ այդ տեխնոլոգիաների անբաժանելի մասն են կազմում փոխշաղկապված հարցերը, ինչպիսիք են՝ նպատակների առաջադրման սկզբունքները (մեր պարագայում՝ աղքատության և գործազրկության մակարդակի իջեցումը); առաջադրված նպատակի կոնկրետացումը (Specific, մեր պարագայում՝ կոնկրետ ցուցանիշների սահմանումը, որոնց իրականացմանը պետք է ուղղվեն ջանքերը); շատ կարևոր է նպատակներն առաջադրելիս կանխատեսել դրանց պարտադիր չափելիությունը (Meаsurable)՝ կարողանալու համար հետևել այդ ցուցանիշների փոփոխության դինամիկային, ընդ որում՝ անհրաժեշտության դեպքում կոնկրետ շտկումներ մտցնելու հնարավորություն ունենալ; առաջադրված նպատակների անհրաժեշտ պայման պետք է լինի դրանց հասանելիությունը (Achievable), ինչը պետք է հնարավորինս հասկանալի լինի առաջադրված նպատակներն իրականացնողների մեծամասնության համար; չափազանց կարևոր է, որպեսզի առաջադրված նպատակները սերտորեն փոխկապված լինեն, համաձայնեցված նախագծի հիմնական գաղափարների հետ, այսինքն՝ որպեսզի ապահովվի դրանց համաձայնեցվածությունը (Relevant); վերջապես, իրականացման համար առաջադրված նպատակները (մեր պարագայում, կրկնում եմ, աղքատության և գործազրկության մակարդակի իջեցումը) պետք է խիստ սահմանափակված լինեն իրենց ժամկետներով, իրագործման ժամանակով (The bound)։ Այսպիսով, միայն ՀՀ տնտեսության առջև կանգնած ակտուալ խնդիրների մանրակրկիտ վերլուծմամբ, SMART-տեխնոլոգիաների մեթոդաբանությանը խիստ համապատասխանությամբ ավարտվում է աշխատանքի նախնական փուլը։ Եվ այստեղ առաջին պլան է մղվում գլխավոր խնդիրը, այն է՝ առաջադրված խնդիրների իրագործման ֆինանսառեսուրսային ապահովումը։ Չեմ ձանձրացնի ընթերցողներին հավաքական Արևմուտքի երկրների տնտեսությունում ստեղծված ծայրահեղ բարդ տնտեսական դրության նկարագրությամբ։ Այդ մասին տառացիորեն online ռեժիմով օրուգիշեր տեղեկացնում են համաշխարհային բազմաթիվ լրատվամիջոցներ։ Այս մասին գրում եմ միայն նրա համար, որ ՀՀ-ում այսպես կոչված արևմտականներից ոչ մեկը պատրանքներ չտածի սահմանի այն կողմից ՀՀ տնտեսությունում ներդրումների հետ կապված՝ երկրի համար վճռորոշ խնդիրների լուծման և հայոց պետականության անվտանգության սպառնալիքների չեզոքացման նպատակով, որոնք, եթե օպերատիվ միջոցներ չընդունվեն, կարող են վերաճել, կրկնում եմ, հայոց պետականության կորստի։ Ավաղ, սա չափազանցություն չէ։ Գրել այս մասին և ոչինչ չառաջարկել դրությունը շտկելու համար՝ կնշանակեր անսահման հոգնածություն պայքարից, քաղաքական ուժերի՝ կամային որոշումներ կայացնելու լիակատար կորուստ (խոսքն, իհարկե, իր անխուսափելի հաղթանակի մասին ընդդիմության մի հատվածի հմայությունների մասին չէ)։ Կա՞ արդյոք ելք ստեղծված իրավիճակից։ Անշուշտ, կա։ Մանրամասներ չեմ նկարագրի և փաստեր չեմ ներկայացնի, որոնք համոզիչ կերպով վկայում են Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ Հայաստանի մտնելու անայլընտրանքայնությունը՝ չեզոքացնելու համար անկախ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետությանն սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները։ Միանշանակորեն նշեմ, որ միայն այս անհերքելի ճշմարտության գիտակցումն ու այդ մասին բարձրաձայն հայտարարելն է՝ չվախենալով հայտնվել հավաքական Արևմուտքի քննադատության կրակի տակ, ի զորու ՀՀ բնակչության մտածող հատվածի մեջ վերածնելու վաղվա օրվա հանդեպ վստահության զգացումը։ Ընդ որում՝ հնարավոր ամեն տեսակ պատժամիջոցների կիրառման սպառնալիքները, հավաքական Արևմուտքի երկրներ մուտքի արգելքները (էլ չեմ ասում ընդդիմության որոշակի մասի մոտ անհասկանալի երկչոտության լիակատար արհամարհումը՝ հայտնվելու տարատեսակ «մերկացումների» «հերոսների» դերում՝ կապված իբր կոռուպցիոն գործարքներին նրանց մասնակցության, փողերի լվացման հետ) բանի տեղ չդնելու պատրաստակամությունն ու վճռականությունն էլ հենց մառախլապատ Ալբիոնի MI-6 և ԱՄՆ CIA հատուկ ծառայությունների, ինչպես նաև նրանց թուրք ուղեվարների շանտաժը չեղարկելու անհրաժեշտ պայմանն են։ Մի խոսքով՝ ընդդիմության ամենագլխավոր խնդիրը շանտաժի և զրպարտչության բոլոր գործիքների քամահրումն է, որից գունավոր հեղափոխությունների տեխնոլոգները երբեմն բավական արդյունավետորեն օգտվում են, ինչն, ավաղ, տեսանելի է նաև Հայաստանի օրինակով։
Դե ինչ, հարգելի ընթերցող, այս մասին տողերիս հեղինակը մեկ անգամ չէ, որ գրել է, ուստի կսահմանափակվեմ միայն նախազգուշացնելով այն մասին, որ խաղաքարտին դրված է հայոց պետականության ճակատագիրը, և այդ պատճառով ոչ մի «մերկացում» կամ շանտաժ (հատկապես նիկոլվովաևիչյան հակաժողովրդական ռեժիմի ակտիվ ընդդիմախոսների) որևէ կերպ չպետք է արգելակի Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ Հայաստանի մտնելու անհետաձգելի միջոցների ընդունումը։ Սա չհասկանալը բնավ չի նշանակում ընդունել, որ անհամարժեք ես որպես քաղաքական գործիչ, այլ նշանակում է՝ քո գործերով հավասարվել հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ազգային շահերի բանալ դավաճաններին։ Սա՛ է ճշմարտությունը։
Արտաշես Գեղամյան
ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,
«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ