Միութենական պետությանը Հայաստանի անդամակցությանը հակառակվելը սրիկաների վերջին ապաստանն է

12.01.2021, Ռեգնում

https://regnum.ru/news/polit/3161216.html

13․01․2021, Իրավունք

https://iravunk.com/?p=193156&l=am

 

Անոտացիա

Միութենական պետության մասին Պայմանագրի դրույթների, ՌԴ Ազգային անվտանգության ռազմավարության և Հայաստանի Հանրապետության պայմանների առումով՝ մինչև 2030թ. ՌԴ զարգացման ազգային նպատակների լայն բացատրական աշխատանքը նախադրյալ կդառնա Հայաստանի և Արցախի իսկական հայրենասերների, այն մարդկանց միավորելու գաղափարախոսական հենքի համար, ովքեր խորապես հասկանում են Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ Հայաստանի մտնելու դրոշի ներքո անկախության պահպանման անայլընտրանքայնությունը։

2021թ. հունվարի 10-ի կիրակի օրը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման նախօրեին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն անցկացրեց, որտեղ քննարկվեցին ղարաբաղյան կարգավորման հարցերը և իրավիճակը Հարավային Կովկասում։ Խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նառիշկինը։ Կիրակի օրն անցկացված խորհրդակցության մասնակիցների կազմը, կարծում եմ, ամենայն համոզչությամբ վկայում է Ռուսաստանի համար Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության պահպանման բացառիկ կարևորությունը։ Եվ դա միանգամայն օրինաչափ է, քանի որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին հայտարարության ստորագրումից երկու ամիս հետո էլ ավելի ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի կողմից թուրք-ադրբեջանական բազեներին՝ սուլթան Էրդողանին և սուլթան Ալիևին խաղաղություն պարտադրելը զերծ պահեց Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ցեղասպանությունից, ինչպես նաև էապես զսպեց նեոօսմանյան սուլթանի՝ Թուրքմենստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում և Ղրղզստանում ռազմական ծավալապաշտական ներկայության հետագա առաջմղման տենդը։

Իսկ այդ հանգամանքը, իր հերթին, փոքր-ինչ արգելակեց սուլթան Ռեջեփի «Մեկ ազգ՝ վեց պետություն» կարգախոսի ներքո Մեծ Թուրանի վերստեղծման բաղձալի երազանքի իրականացումը։ Աստված մի արասցե, որ նման բան պատահի, թե չէ կասկածից վեր է, որ Էրդողանն այդքանով չէր բավարարվելու և, անշուշտ, աչքը կտնկեր նաև այլ երկրների տարածքներում և առաջին հերթին Ռուսաստանում գտնվող ինքնավար կազմավորումների վրա։ Սրա վերաբերյալ հրապարակվեց Ալեքսեյ Տուրչինովի բավական հետաքրքիր հոդվածը «Мировое политическое шоу» տեղեկատվա-վերլուծաբանական պարբերականի ինտերնետ-պորտալում՝ «Էրդողանը ձեռնարկել է «Մեծ Թուրան» նախագիծը» վերնագրով։ Որոշ մեջբերումներ կատարեմ այդ հոդվածից. «2009թ. հոկտեմբերի 3-ին չորս պետություններ (Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան) ստորագրեցին Նախիջևանի (Նախիջևանը բուն հայկական տարածք է, որը 1921թ. մարտի 16-ին Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված Մոսկվայի պայմանագրով անցավ Խորհրդային Ադրբեջանին – Ա.Գ.) համաձայնագիրը Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդ ստեղծելու մասին»։ Այնուհետև կարդում ենք. «2018թ. ապրիլի 30-ին Ուզբեկստանը պաշտոնապես մտավ Թյուրքական խորհրդի կազմի մեջ։ 2019թ. սեպտեմբերի 14-ին Թուրքմենստանը մտավ Թյուրքական խորհուրդ... Եթե որևէ մեկը մտածում է, թե ոչ մի ահավոր բան չկա սրա մեջ, թե, իբր, հոգեհարազատ ժողովուրդները համագործակցում են, կրկնեմ՝ Ուկրաինայի օրինակն աչքներիս առջև է, երբ կարճ ժամկետում նրանց մեջ ատելություն սերմանեցին Ռուսաստանի հանդեպ։ Սա՝ մեկ։ Եվ երկրորդ՝ ոչ ոք չի ասում, թե թուրքերն այսքանով կբավարարվեն։ Ահա այն տարածքների ցանկը, որտեղ թյուրքալեզու ժողովուրդներ են ապրում։ Այսինքն՝ ըստ թուրքերի, դա իրենց վոտչինան է՝ Ադրբեջան, Աֆղանստան, Հյուսիսային Կիպրոս, Ղազախստան, Ղրղզստան, Թուրքիա, Թուրքմենստան, Ուզբեկստան։ Իսկ հիմա՝ ամենահետաքրքիրը. ինքնավար կազմավորումներն այլ երկրների տարածքներում՝ Արևելյան Թուրքեստան (ՉԺՀ-ի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջան), Իլի-ղազախական ինքնավար շրջան (ՉԺՀ), Բարքյոլ-ղազախական ինքնավար շրջան (ՉԺՀ), Մորի-ղազախական ինքնավար գավառ (ՉԺՀ), Կըզըլսու-ղրղզական ինքնավար շրջան (ՉԺՀ), Աքսայ-ղազախական ինքնավար գավառ (ՉԺՀ), Սյունհուա-սալարյան ինքնավար գավառ (ՉԺՀ), Ցզիշիշան-Բաոան-Դունսյան-սալարյան ինքնավար գավառ (ՉԺՀ), Ալթայի Հանրապետություն (Ռուսաստան), Բաշկորտոստանի Հանրապետություն (Ռուսաստան), Չուվաշիայի Հանրապետություն (Ռուսաստան), Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետություն (Ռուսաստան), Կարաչաևո-Չերքեզիայի Հանրապետություն (Ռուսաստան), Ղրիմի Հանրապետություն (Ռուսաստան), Խակասիայի Հանրապետություն (Ռուսաստան), Սախայի Հանրապետություն (Ռուսաստան), Թաթարստանի Հանրապետություն (Ռուսաստան), Տիվայի Հանրապետություն (Ռուսաստան), Գագաուզիա (Մոլդովա)։

Ահա այսպիսի ցուցակ, որն ըստ Թուրքիայի ազգայնականների՝ պետք է թուրքացվի։ Ինչպես հասկանում եք, նրանց ծրագրերում Ռուսաստանը տեղ չունի, և այստեղ նրանք հիանալիորեն համակարծիք են արևմտյան դեմոկրատների հետ։ Գիտե՞ք ինչ կարգախոսներ են պտտվում սոցցանցերում։ Մեջբերում եմ. «Vatan Ne TURKIYE Bize Ne TURKISTAN.Vatan Bizim Ayak Bastığımız Her Yerdir....TURAN!!!» (թարգմ.՝ Հայրենիքը միայն Թուրքիան, միայն Թուրքեստանը չէ։ Հայրենիքն ամենուր է, որտեղ դնում ենք մեր ոտքը... Թուրա՛նը)։ Հե՛նց այսպես...» (https://mpsh.ru/27265-jerdogan-vzjalsja-za-proekt-velikij-turan.html).

Հույս ունեմ, որ հարգելի ընթերցողը ըմբռնումով կմոտենա իմ կատարած մեջբերումներին։ Համոզված եմ, որ դրանք կասկածներ չեն թողնում սուլթան Էրդողանի անթաքույց պանթուրանական նկրտումների մասին, որոնց իրագործման ճանապարհին Մեղրիի քրիստոնեական սեպը Հայաստանի Հանրապետության տարածքում, որը բաժանում է Նախիջևանը Զանգելանից, Ջեբրաիլից, Ֆիզուլիից Ադրբեջանի տարածքում, ոսկոր է սուլթանի կոկորդին։ Այս առնչությամբ միանգամայն օրինաչափ են հետևյալ հարցերը. իսկ ինչո՞վ է սա հղի, և ի՞նչ պետք է հակադրել դրան։ Չեմ հոգնեցնի ընթերցողներին ոչ միայն Հայաստանի ազգային, այլև առհասարակ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության սպառնալիքների մանրամասն նկարագրությամբ, այլ կներկայացնեմ միայն իմ հոդվածների անոտացիաները՝ հրապարակված REGNUM հայրենասիրական տեղեկատվական գործակալության կողմից, դիցուք. «Ուժեղ Ռուսաստանը խաղաղության երաշխավորն է Երկիր մոլորակի վրա» (17.12.2020), «Բարի երթ Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի միութենական պետությանը» (04.01.2021), «Պարտվեցին Նիկոլն ու նրա հանցակիցները, բայց մեղավոր է Ռուսաստանը» (07.01.2021)։ Եվ այսպես, ի՞նչ էր գրված նշյալ հոդվածների անոտացիաներում. «Կամ լրիվ ապուշ, կամ բացահայտ դավաճան (Հայաստանի պարագայում ապուշության «ազգականն» է) պետք է լինել՝ հայոց պետականության արդի փուլում չհասկանալու համար, որ մեր ժողովրդի և հայկական երկու պետությունների՝ Հայաստանի և Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն – խմբ.) անվտանգ գոյությունն ու բարգավաճումը հնարավոր են լոկ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ Հայաստանի մտնելու պայմաններում։ Ուժեղ Ռուսաստանը խաղաղության երաշխավորն է ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանում, այլև Երկիր մոլորակի վրա» (17. 12. 2020, REGNUM), «Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի միութենական պետությունն ի չիք կդարձնի նեոօսմանյան սուլթան Ռեջեփի՝ Մեղրիի քրիստոնեական սեպը զավթելու պանթուրանական զառանցանքները, սեպ, որը կտրում է հայկական պատմական Նախիջևանը Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղից թուրք-ադրբեջանական հրոսակների և սիրիական վարձկան-ահաբեկիչների զավթած Զանգելանից, Ջեբրաիլից և Ֆիզուլիից» (04.01.2021, REGNUM) և «Կցանկանայի, որպեսզի այս հոդվածն ընկալվեր որպես խնդրանք ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին, ռուս եղբայրներին՝ աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի, ասել է թե՝ նաև Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմին հակադրվելու համակարգի մշակման և կազմակերպման գործում, հակահամակարգ, որը կպսակազերծեր Պոտոմակի և մառախլապատ Ալբիոնի ափերից գունավոր հեղափոխությունների ստրատեգների հակահայկական և հակառուսական նպատակները։ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ Հայաստանի մտնելու շարժումն աջակցության դեպքում կվերաճի համաժողովրդականի» (07. 01. 2021, REGNUM)։

Կարծում եմ, որ այսքան հանգամանալից ներածականից հետո կարելի կլինի ներկայացնել իմ պատկերացումը «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» հասարակական-քաղաքական շարժման գլխավոր ուղղությունների մասին։

Իմ կարծիքով, մեր շարժման առաջին գլխավոր ուղղությունը պետք է դառնա Հայաստանի բնակչության լայն շերտերին «Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի» այն գլուխների և հոդվածների բովանդակությունն ու էությունը բացատրելը, որոնք արդեն այժմ բավական խեղաթյուրված ձևով են մատուցում Սորոսի «Բաց հասարակություն - Հայաստան» հիմնադրամի կողմից վճարված մեկուկես տասնյակ ինտերնետ-պարբերականներն ու ինտերնետ-հեռուստատեսությունը։ Հայաստանի ինքնիշխանության և անկախության «պահպանման» սույն սրտցավ ջատագովները, որոնք չգիտես ինչու լեզուները կուլ էին տվել և խոր ընդհատակ էին անցել այն օրերին, երբ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները սիրիական վարձկան-ահաբեկիչների հետ միասին արյունալի սպանդ էին ծավալել Լեռնային Ղարաբաղում, Հայաստանի երկնքում ռուսական ռազմատիեզերական ուժերի ուղղաթիռ էին խփում։ Իրենց այս պահվածքով նրանք մարմնավորում էին հայտնի կապիկների տրիոն, որոնք փակում էին աչքերը, բերաններն ու ականջներն այն ժամանակ, երբ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից չարտոնված (ի՜նչ իմանաս) արյունալի գործողությունները խստորեն դատապարտելու փոխարեն, ավելորդ հույզերի պատճառով իր վրա ուժ գործադրելով, սաստիկ ափսոսում էր ԱՄՆ-ի կողմից թուրք սուլթան Էրդողանի շրջապատից ինչ-որ երեք պաշտոնյաների հանդեպ պատժամիջոցներ մտցնելու համար՝ այդ երկրի վրա դրված պատժամիջոցների շրջանակում։ Իսկ հիմա մի շարք քաղաքական կուսակցությունների՝ «Ազգային Միաբանություն», «Սահմանադրական իրավունք» միություն», «Ռեֆորմիստներ», «Արդարություն և բարգավաճում», և հետագայում շարժմանը միացած «Ալյանս» կուսակցության ու «Ղրիմի կամավորականների միություն» կազմակերպության և «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի լոկ հիշատակումը հայկական շշալցման այս բոլոր լռակյաց ու հեզաբարո սորոսականներին ջղակծկումների է մատնել։ Եվ բազմաձայն աղմուկ բարձրացրին նրանք առ այն, որ հայ ժողովրդի թիկունքի հետևում նյութվում են դավեր, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանության ու անկախության կորստով, որ Հայաստանի Հանրապետության վրա կախվում է «ռուսական սապոգը» և այլն, մի խոսքով՝ հորդեց հակառուսական ռուսատյաց քարոզչակեղտը։ Եվ սա՝ այն պայմաններում, երբ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ Հայաստանի մտնելու շարժման կազմակերպիչների համար չափազանց սահմանափակ էին հեռուստաեթեր դուրս գալու հնարավորությունները իշխանական և ոչ իշխանական հեռուստաալիքներով, և նրանք բավական համեստ էին (տեղեկատվական առումով) տեղեկացնում ՀՀ բնակչությանն իրենց ծրագրերի մասին։ Այնինչ, բավական էր TV-ով հնչեցնել Պայմանագրի 1-ին Գլխի 3-րդ հոդվածի՝ «Միութենական պետության նպատակները և սկզբունքները, կամ՝ Պայմանագրի նույն Գլխի 6-րդ հոդվածի բովանդակությունը, էլ չեմ ասում 7-րդ հոդվածի մասին, որպեսզի սորոսյան տեղեկատվական թափթփուկները հերթական անգամ մերկացվեին ստի, միութենական պետության ստեղծման մասին Պայմանագրի միտումնավոր խեղաթյուրման մեջ։ Համոզված եմ, որ շատ ավելի համոզիչ կլինեն իմ խոսքերը, եթե հարգելի ընթերցողների դատին ներկայացնեմ այդ հոդվածների բովանդակությունը։

Եվ այսպես, 1-ին Գլխի 3-րդ հոդվածը՝ «Միութենական պետության նպատակները և սկզբունքները», ասում է. «1. Միութենական պետությունը հենվում է մասնակից պետությունների ինքնիշխան հավասարության, կամավորության, նրանց կողմից փոխադարձ պարտավորությունների բարեխիղճ կատարման վրա։ 2. Միութենական պետությունը հիմնված է միութենական պետության և մասնակից պետությունների միջև կառավարման առարկաների և լիազորությունների սահմանազատման վրա»։ Իսկ ահա թե ինչ է գրված 6-րդ հոդվածում. «Յուրաքանչյուր մասնակից պետություն պահպանում է՝ միութենական պետությանը կամավոր փոխանցված լիազորությունները՝ ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը, պետական կարգը։ Սահմանադրությունը, պետական դրոշը, զինանշանը և պետականության այլ խորհրդանշանները։ 2. Մասնակից պետությունները պահպանում են իրենց անդամակցությունը ՄԱԿ-ին և միջազգային այլ կազմակերպություններին։ Միջազգային կազմակերպություններում, միջազգային այլ միավորումներում միասնական անդամակցության հնարավորությունը մասնակից պետությունները որոշում են փոխադարձ պայմանավորվածությամբ»։ Մեր տագնապահույզ ժամանակներում հատկապես ակտուալ են 7-րդ հոդվածի դրույթները. «1. Միութենական պետության տարածքը կազմված է մասնակից պետությունների պետական տարածքներից։ 2. Մասնակից պետությունները ապահովում են միութենական պետության տարածքի ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը։ 3. Միութենական պետության արտաքին սահման են հանդիսանում մասնակից պետությունների սահմաններն այլ պետությունների հետ կամ մասնակից պետությունների պետական ինքնիշխանությունների գործողության տարածական սահմանը»։

Կարծում եմ, որ Պայմանագրի վերոնշյալ հոդվածները բավական համոզիչ կերպով խոսում են հօգուտ իրենց անայլընտրանքայնության՝ Հայաստանի Հանրապետության համար։ Չեմ կասկածում, որ միութենական պետության մեջ ՀՀ-ի մտնելու գաղափարը վատաբանող գրչակներից շատերը չեն էլ կարդացել Պայմանագրի տեքստը, իսկ եթե կարդացել են, ապա ակամա ցանկանում եմ դիմել կոմիսար Ժյուվի ցիտատին ХХ դարի 60-ականների «Ֆանտոմասը մոլեգնում է» հանրահայտ կոմեդիայից (ռեժիսորներ՝ Անդրե Յունեբել և Հարուն Թազիեֆ)։ Երբ կոմիսար Ժյուվի, որի դերը կատարում է տաղանդավոր դերասան Լուի դը Ֆյունեսը, ստորադասները չէին հասկանում ակնհայտ բաները, նա անկեղծորեն վշտանում էր՝ բացականչելով. նորից կրկնում եմ բթամիտների համար։ Եվ ահա, սորոսյան տեղեկատվական թափթփուկների համար, որոնք կամ բնավ չեն հասկանում Միութենական պետության մասին պայմանագրի բովանդակությունը, կամ ձևացնում են, թե այդպիսին են, որոնց տարբեր ռակուրսներով կարելի է դասել բթամիտների (եթե ոչ՝ Հայաստանի ազգային դավաճանների) կարգին, ես ստիպված եղա նորից մեջբերումներ կատարել այդ փաստաթղթից։

Բնականաբար, միութենական պետության մեջ Հայաստանի մտնելու շարժման Կազմկոմիտեի ծրագրի կարևոր բաղադրիչը պետք է դառնա ազգային անվտանգության այնպիսի հայեցակարգի մշակումը, որը լիովին համահունչ պետք է լինի ՌԴ համանման հայեցակարգի գլխավոր դրույթներին, դիցուք. 1) սպառնալիքների կանխում դրանց ողջ ընդգրկումով; 2) երկրի տարածքային ամբողջականություն; 3) քաղաքացիական խաղաղության, ազատության և իրավունքների պահպանում; 4) Ռուսաստանի շահերը քաղաքական և աշխարհաքաղաքական ոլորտում; 5) տնտեսական շահեր։

Ես իմ «Բարի երթ Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի միութենական պետությանը» հոդվածում՝ հրապարակված 2021թ. հունվարի 4-ին REGNUM տեղեկատվական գործակալությունում, արդեն մի փոքր ավելի մանրամասն անդրադարձել եմ ՀՀ ազգային անվտանգության նոր հայեցակարգի (հաշվի առնելով 2020թ. սեպտեմբեր-հոկտեմբերին Ղարաբաղյան պատերազմում կրած դաժան պարտությունը) և համապատասխան փաստաթղթի՝ «Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության հայեցակարգի» (հաստատված Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի կողմից 2015թ. դեկտեմբերի 31-ին, N 683) դրույթների սերտ շաղկապման բացառիկ անհրաժեշտությանը։

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ տնտեսական շահերի մշակմանը արդի պայմաններում, ապա այս հարցում ևս մենք պետք է մանրակրկիտ ուսումնասիրենք «Մինչև 2030թ. Ռուսաստանի Դաշնության զարգացման ազգային նպատակների մասին» հրամանագրի (ստորագրված 2020թ. հուլիսի 21-ին) դրույթները։ Կարծում եմ, որ մինչև 2030թ. ՌԴ զարգացման ազգային նպատակները, որոնք են՝ ա) բնակչության պահպանում, մարդկանց առողջություն և բարեկեցություն; բ) ինքնակայացման և տաղանդների զարգացման հնարավորություններ; գ) կյանքի հարմարավետ և անվտանգ միջավայր; դ) արժանապատիվ, արդյունավետ աշխատանք և հաջող ձեռներեցություն; ե) թվային տրանսֆորմացիա, Հայաստանի քաղաքացիների կյանքի սոցիալ-տնտեսական պայմաններում կիրառության պրոֆեսիոնալ ներկայացման դեպքում, հավանության կարժանանան Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնության կողմից։ Համոզված եմ, որ միութենական պետության մասին Պայմանագրի դրույթների, ՌԴ Ազգային անվտանգության ռազմավարության և Հայաստանի Հանրապետության պայմանների առումով՝ մինչև 2030թ. ՌԴ զարգացման ազգային նպատակների լայն բացատրական աշխատանքը նախադրյալ կդառնա Հայաստանի և Արցախի իսկական հայրենասերների, այն մարդկանց միավորելու գաղափարախոսական հենքի համար, ովքեր խորապես հասկանում են Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ Հայաստանի մտնելու դրոշի ներքո անկախության պահպանման անայլընտրանքայնությունը։ Ցանկացած այլ գործողություն, անկախության և ինքնիշխանության կորստի թեմայով «իմաստակություն» լոկ «Հայրենասիրությունը սրիկաների վերջին ապաստանն է» աֆորիզմի ժամանակակից արտահայտությունն է, որն արել է դոկտոր Սեմուել Ջոնսոնը 1774թ. (THE PATRIOT by Samuel Johnson. Adressed the Electors of Great Britain. 1774 samueljohnson.com/thepatriot.html)։ Դե ինչ, ներկայում այս աֆորիզմը հայկական շարադրմամբ, թերևս, հնչում է այսպես. «Միութենական պետությանը Հայաստանի անդամակցությանը հակառակվելը սրիկաների վերջին ապաստանն է»։

Վերջաբանի փոխարեն. Երբ գրվում էին այս տողերը, Հայաստանի քաղաքական դասն, իհարկե, փոքր-ինչ հատյալ կազմով (նկատի ունեմ նիկոլվովաևիչյան սորոսյան խառնամբոխի հաստիքային հռետորներին և ընդդիմադիր հեռուստաալիքների տարատեսակ հեռուստահաղորդումների մշտական մասնակիցներին) non stop ռեժիմով հնչեցնում էին փոխբացառող գնահատականներ 2021թ. հունվարի 11-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի ընդունած Հայտարարության վերաբերյալ՝ 2020թ. նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման Հայտարարության իրականացման հետ կապված։

Մանրամասն չեմ վերլուծի երեկ Կրեմլում ընդունված Հայտարարության վերաբերյալ հնչեցված գնահատականները։ Կրթությամբ արտադրական պրոցեսների ավտոմատացման և կառավարման ինժեներ լինելով՝ փոքր-ինչ այլ մոտեցում ունեմ կատարվածին։ Նախ՝ ի՞նչ ունենք այսօր և ո՞վ է ներկայացնում ՀՀ շահերը միջազգային ասպարեզում։ Դա տխրահռչակ պարտվողական վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանն է, որին ժողովուրդը քնքշաբար Նիկոլ-դավաճան է անվանում, որին 2018թ. ապրիլ-մայիսին Պոտոմակի և մառախլապատ Ալբիոնի ափերից գունավոր հեղափոխությունների ստրատեգները պետական հեղաշրջման արդյունքում նստեցրին Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռին։ Այս հայտնի ռուսատյացն ու ՀԱՊԿ-ին և ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության անզուսպ քննադատը, Նիկոլ-դավաճանը, բախվելով կյանքի իրողություններին, դիցուք՝ «բարեկամասեր» ու «խաղաղ տրամադրված Թուրքիայի» հարևանությանը, որը մշտապես հայերի, և ոչ միայն, ինչպես և քրիստոնյաների արյունն է տենչում, էլ չեմ ասում ափշերոնյան սուլթան Ալիևի ռազմատենչ նկրտումների մասին, որը վերջին 7-8 տարիներին ավելի քան $11 մլրդ է ծախսել ամենաարդիական սպառազինություններ գնելու համար, ինքն իրեն ժխտելով, սկսեց ձոներ երգել Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի ու ԵՏՄ-ի հանդեպ իր բարեհաճ վերաբերմունքի մասին։ Մի խոսքով՝ նա իրեն պահեց այնպես, ինչպես հոլիվուդյան ֆիլմերում է, որոնցում հնագույն մասնագիտության արդեն ոչ երիտասարդ ներկայացուցչուհիները (ընթերցողը թող չշփոթի նիկոլվովաևիչյան ընտանեկան թերթի՝ «Հայկական ժամանակի» հայտնի լրագրողների հետ, որոնք զբաղված են նույն բանով՝ մարմնավաճառությամբ, բայց քաղաքականության ոլորտում) պոտենցիալ վճարողի հետ հանդիպելիս սիրահարվածություն են խաղում։ Բայց, հավանաբար, այդ դեպքում ծանր էր Նիկոլ Վովաևիչի վիճակը։ Ցանկանում էր նա, թե ոչ, բայց ստիպված էր երկատվել։ Չէ՞ որ դեռ չէր «հիասթափվել» արտասահմանցի իր ուղեվարների սիրուց, որոնք շարունակում էին նրան շռայլորեն վճարել։ Ընթերցողը միանգամայն իրավացիորեն կարող է մտածել, թե իմ պատմություններով ես հեռանում եմ կոնկրետ հարցի պատասխանից, թե ինչ վերաբերմունք ունեմ 2021թ. հունվարի 11-ին Կրեմլում ստորագրված Հայտարարության հարցին։ Հայտարարությունն արդեն ստորագրված է, և իր պետության շահերի մասին մտածող քաղաքական գործիչն, ըստ իս, պետք է հարց տա. ի՞նչ պայմաններում այդ Հայտարարությունն առավելագույնս կծառայի հայ ժողովրդի, հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերին։ Հարցի պատասխանը պարզ է։ Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի հայտարարությունը առավել բարերար դեր կխաղա Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ Հայաստանի մտնելու, ընդ որում՝ հնարավորինս կարճ ժամկետում մտնելու պայմաններում։ Չէ՞ որ այդ դեպքում, կրկնում եմ, ՌԴ-ի և ՀՀ-ի ազգային անվտանգության ապահովումը, ազգային շահերը, հետագայում ՌԴ զարգացման ազգային նպատակները առավելագույնս համահունչ կլինեն հայոց պետականության, Հայաստանի Հանրապետության շահերին։ Ըստ էության, այս հոդվածը նվիրված է հենց այս հարցերի փոխադարձ պայմանավորվածության դիտարկմանը։ Իսկ Ռուսաստանը, Ռուսաստանի նախագահ, մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը ոչինչ չեն անի ի վնաս իրենց երկրի՝ Մեծ Ռուսաստանի։ Եվ փառք Աստծո, որ դա անսասան փաստ է։

 Հ.Գ. Գրելով վերջին նախադասությունը՝ չկարողացա զերծ մնալ գայթակղությունից և երախտագիտության խոսքեր չասել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վերընտրված խոսնակ Նենսի Փելոսիին, որը 2021թ. հունվարի 6-ի մամուլի ասուլիսի ժամանակ իր 50 վայրկյանանոց ելույթի ընթացքում արտաբերեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի անունը վեց (!) անգամ։ Նա ասաց, որ Դոնալդ Թրամփի գործողությունները «նվեր են Պուտինին», որը «ցանկանում է խափանել դեմոկրատիան, նա դա անում է երկրի ներսում և միջազգային ասպարեզում... Նախագահը (նկատի ունի Դոնալդ Թրամփին – Ա.Գ.) երեկ Պուտինին արած իր շատ նվերներից ամենամեծն արեց»։ Իսկ Նենսի Փելոսիին շնորհակալություն հայտնել ցանկանում եմ Ռուսաստանի անուղղակի հզորությունը ճանաչելու համար, նրա այն համոզման (ոչինչ, որ կեղծ) համար, որ մեծ երկրի, ինչպիսին Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, հնարավոր բոլոր փորձանքները ուրվականի նման ընկալվում են որպես Ռուսաստանից բխող։ Շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ ամերիկյան կողմը, ըստ երևույթին, հետևելով Կոնգրեսի ստորին պալատի խոսնակի ոչ ակնհայտ արված՝ անուղղակի խորհուրդներին (չէ՞ որ տարիքի, առավել ևս՝ պատկառելի տարիքի հետ է գալիս իմաստնությունը), ԱՄՆ-ը հրավիրել է Ռուսաստանին ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենի երդմնակալությանը։ Երկիրը (Ռուսաստանը) ներկայիս միջազգային բարդ իրադրությունում այդքան կարևոր միջոցառմանը կներկայացնի ԱՄՆ-ում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Անատոլի Իվանովիչ Անտոնովը։

Հարգելի ընթերցող, եթե ողջ լիներ ռուս մեծ մտածող, բանաստեղծ և դիվանագետ Ֆյոդոր Իվանովիչ Տյուտչևը, գուցե ԱՄՆ-ի մասին էլ կգրեր քառատող, այնպես, ինչպես Ռուսաստանի մասին հայտնի քառատողը՝ բնականաբար, թեթևակի շտկելով վերջին տողը. Ամերիկային խելքով չես հասկանա... Ամերիկային չի կարելի միայն հավատալ։ Կարծում եմ, որ Իրաքի և Սիրիայի միլիոնավոր քրդերը, և ոչ միայն նրանք, այլև ԱՄՆ-ի հարցում հիասթափված շատ ու շատ ժողովուրդներ չէին առարկի ինձ այս խռովիչ մտքերի համար։  

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ

Последние видеоматериалы

Новые книги