Ֆրանսիան անզոր է Էրդողանի առջև. Հայաստանում պատասխանել են Ղարաբաղի ճանաչմանը

 

26.11.2020, Национальная служба новостей

https://nsn.fm/policy/politicheskaya-impotentsiya-v-armenii-otreagirovali-na-priznanie-nagornogo-karabaha-vo-frantsii

27.11.2020, Իրավունք

https://iravunk.com/?p=188863&l=am

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Սենատի բանաձևը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին անվանել է «պատմական»։ Facebook-ի իր էջում Փաշինյանը հայտարարել է, որ տարածաշրջանի ճանաչման հարցը մտցվել է միջազգային օրակարգ։

Ավելի վաղ փաստաթղթին հավանություն էր տվել 305 սենատոր, մեկը դեմ էր քվեարկել։ Բանաձևը կրում է խորհրդատվական բնույթ։

Բաքուն, սակայն, Ֆրանսիայի Սենատի բանաձևը չի համարում կառավարությանը ԼՂՀ-ն ճանաչելու կոչի փաստաթուղթ, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նա բանաձևն անվանել է «սովորական թղթի կտոր Ադրբեջանի համար», որն ընդունվել է «հանուն նեղ քաղաքական նկրտումների, միջազգային իրավունքի, ՄԱԿ Կանոնադրության և ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձևերի կոպիտ խախտումներից զատ»։

Երևանի նախկին քաղաքապետ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանը НСН-ի (Ռուսաստանի Դաշնության Նորությունների Ազգային ծառայություն) եթերում մեղադրել է հանրապետության գործող ղեկավարությանը ազգային աղետի համար։

«Առկա է անմիջական սպառնալիք ոչ միայն Արցախի ժողովրդի և բանակի համար, այլ նաև սպառնալիք քրիստոնեական քաղաքակրթությանը։ Դուք չեք պատկերացնում, թե լարվածության ինչ շիկացում է Հայաստանի յուրաքանչյուր հայրենասեր մարդու մտքում և գիտակցության մեջ, որը հիմա էլ ցնցված է Հայաստանի հանրապետության ղեկավարության բթամտությունից, որը հիմա էլ ինչ-որ հիմար ու անպետք քայլեր է անում իր գոյությունն արդարացնելու համար։ Եվ հիմա, Կրեմլի կաբինետներից ու Սմոլենսկյան հրապարակի շենքից դուրս չգալու փոխարեն, մեր այս ոչ մի բանի պետք չեկող նախագահ Արմեն Սարգսյանը այցելություն է կատարում Հորդանան, հայտնի չէ, թե ինչ հարցերի շուրջ պայմանավորվում Աբդալա II-ի հետ, ինչն, իհարկե, ոչ մի լավ բան չի խոստանում Հայաստանին ու Արցախին։ Սա շատ դաժան դաս է, թե ինչ ազգային աղետի կարող է հանգեցնել «դեմոկրատիայի հայրերի» ու ամեն տեսակ քաղաքական անպետքությունների ցուցումներին հետևելը»,- վրդովվել է նա։

НСН-ի զրուցակիցը հայտարարել է, որ ֆրանսիացի քաղաքական գործիչներն ընդունել են իրենց անզորությունն ու անկարողությունը հայ ժողովրդին իրական աջակցություն ցուցաբերելու հարցում։

«Անձամբ ինձ համար Ֆրանսիայի Սենատում երեկվա քննարկումների միակ պլյուսն այն էր, որ ելույթ ունեցողները, որոնք ներկայացնում էին հինգ հիմնական խմբակցությունները, ըստ էության, ընդունեցին սեփական անզորությունը։ Այն ժամանակ, երբ ադրբեջանա-թուրքական բարբարոսները սիրիական գրոհայինների անմիջական մասնակցությամբ սպանում էին խաղաղ քաղաքացիներին, Եվրոպան, մասնավորապես՝ Ֆրանսիան, սահմանափակվում էր զայրույթի հոգոցներով, որոնք իրենց աշխատասենյակներից այն կողմ չէին տարածվում։ Երեկ նրանք հայտարարեցին, որ իրենց երկիրը, ինչպես և ողջ Եվրամիությունը, տառապում է քաղաքական անկարությամբ։ Նրանք անզոր գտնվեցին Էրդողանի շանտաժի առջև՝ անգլոսաքսերի, այսինքն՝ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների անմիջական դիրիժորության ու ղեկավարության ներքո։ Ֆրանսիացիներն ընդունեցին, որ տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, եթե ոչ ապտակ իրենց ազգային ինքնասիրությանը»,- նշեց նա։

Գեղամյանը հավելեց նաև, որ Արցախի միակ բարեկամը Ռուսաստանն է։

«Այդ ողջ քննարկման ամփոփիչ ակորդը հնչեց Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից պետական քարտուղար Ժան-Բատիստ Լեմուանի ելույթի ժամանակ։ Նա ասաց, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը պետք չէ ոչ Հայաստանին, ոչ Արցախին, ոչ Ֆրանսիային, որովհետև դա փաստացի կզրկի Ֆրանսիային միջնորդ լինելու հնարավորությունից։ Իսկ ի՞նչ արեց Ֆրանսիան որպես միջնորդ։ Նա կողքից դիտում էր, թե ինչպես էր Ադրբեջանը երիցս կոպտորեն խախտում մարտական գործողությունները դադարեցնելու համաձայնությունները»,- ընդգծեց նա։

Սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղում սկսվեց զինված հակամարտություն, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը մեղադրում էին միմյանց։ Մեկուկես ամսվա ընթացքում կողմերը երեք անգամ հրադադարի անհաջող փորձ ձեռնարկեցին։ Նոյեմբերի 10-ի գիշերը Մոսկվան, Երևանը և Բաքուն ստորագրեցին չորրորդ փաստաթուղթը։

Ըստ դրա՝ ադրբեջանցի և հայ զինվորականները դադարեցնում են մարտական գործողությունները, կանգնում զբաղեցրած դիրքերում և փոխանակում գերիներին։ Երևանը պետք է Բաքվին վերադարձնի Քելբաջարի, Լաչինի և Աղդամի շրջանները։ Պայմանավորվածության համաձայն՝ Ղարաբաղում կտեղակայվեն ռուս խաղաղապահներ, որոնք կհետևեն հրադադարի պահպանմանը։    

Последние видеоматериалы

Новые книги