Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը եղել և մնում է Հայաստանի անվտանգության երաշխիքը

21.09.2020, Ռեգնում

 https://regnum.ru/news/polit/3069478.html

22.09.2020, Shame.am

http://www.shame.am/news/view/68579.html

22.09.2020, Իրավունք

https://iravunk.com/?p=181700&l=am 

Անոտացիա

Մեր տագնապահույզ ժամանակներում պահանջվում է միանգամայն այլ մոտեցում, որի հիմքում պետք է դրված լինի ժամանակակից միջազգային դրության մանրակրկիտ վերլուծությունը, դրա գերակա հարցը, հիմքը պետք է լինի Հայաստանի դերի և տեղի որոշումը իրականացվող հոծախումբ հիբրիդային պատերազմում, որը հավաքական Արևմուտքը սանձազերծել է մեր ռազմավարական դաշնակցի՝ եղբայրական Ռուսաստանի Դաշնության դեմ։ Մնացածը սատանայից է։

Եվ այսպես, 2020թ. սեպտեմբերի 17-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում պատգամավորներն ընդունեցին «Ռուսաստանի դրության մասին. Ալեքսեյ Նավալնու թունավորումը» բանաձևը, ընդ որում՝ 532 եվրապատգամավոր կողմ քվեարկեց բանաձևի ընդունմանը, 84 պատգամավոր դեմ էր, 72-ը՝ ձեռնպահ։ Ուշադիր վերլուծելով Եվրախորհրդարանի բանաձևը և, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 79-րդ հոդվածի փոփոխությունները, որը բանաձևում դարձել է սուր քննադատության առարկա, գալիս ես բավական միանշանակ եզրակացության, դիցուք. Եվրախորհրդարանը խիստ վրդովված է այն առնչությամբ, որ Ռուսաստանը պաշտպանում է ինքնիշխանության իր անօտարելի իրավաբանական հատկությունը, որը բնորոշում է նրա պատասխանատվությունն ու արժեքավորությունը որպես միջազգային իրավունքի առաջնային սուբյեկտ; որն անհրաժեշտ է որպես պետական իշխանության բացառիկ գերակայություն մեկ այլ պետության (կամ պետությունների) ենթադրյալ իշխանությանը չենթարկվելու համար; պայմանավորված է անկախ պետությունների իրավահավասարությամբ և ընկած է ժամանակակից միջազգային իրավունքի հիմքում։

Հենց այս դրույթներն են սահմանում պետության ինքնիշխանությունը։ Սրանից ելնելով, ինչպես կռահեց հարգելի ընթերցողը, Եվրախորհրդարանը, ըստ էության, դեմ է հանդես գալիս Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության ճանաչմանը։ Բավական տարօրինակ է, որ բանաձևի (որում անօրինական են ճանաչվում ՌԴ Սահմանադրության փոփոխությունները) ընդունմանը կողմ քվեարկած եվրախորհրդարանականները փաստորեն վկայում են այն մասին, որ չգիտեն ինքնիշխանությո՛ւն (ֆր.՝ Souverainete – գերագույն իշխանություն) հասկացության սահմանումը, որը շրջանառության մեջ է մտցվել դեռևս XVI դարում ֆրանսիացի նշանավոր քաղաքական մտածող Ժան Բոդենի կողմից (1530 – 1596թթ.) և ներկայացված է նրա գլխավոր՝ «Վեց գիրք հանրապետության մասին» աշխատությունում (1576թ.)։ Չեմ կարող չտրվել գայթակղությանը և կներկայացնեմ ինքնիշխանության հիմնարար սահմանումներն ըստ Ժան Բոդենի, որը խոշոր ավանդ է ներդրել պետության ինքնիշխանության խնդրի մշակման գործում։ Եվ այսպես, համաձայն Ժ.Բոդենի՝ ինքնիշխանության բացարձակությունը գոյություն ունի այն ժամանակ, երբ սուվերեն իշխանությունը որևէ սահմանափակում չունի իր հզորությունը դրսևորելու համար («հուրախություն» Ռուսաստանի ոսոխների)։ Ինքնիշխանությունը մշտական է այն ժամանակ, երբ սուվերեն իշխանությունը գոյություն ունի անփոփոխ՝ անորոշ երկար ժամկետի ընթացքում; ժամանակավոր իշխանությունը չի կարող պահպանվել որպես գերագույն ուժ։ Ժ.Բոդենն առանձնացնում է ինքնիշխանության հինգ տարբերակիչ հատկանիշ։ Հատկապես ցանկանում եմ ընդգծել, որ Ժան Բոդենն ինքնիշխանության առաջին հատկանիշ է համարում օրենքների հրապարակումը՝ հասցեագրված առանց բացառության  պետության բոլոր հպատակներին և հաստատություններին (ընդգծումն իմն է – Ա.Գ.)։ Այսինքն՝ մեր պարագայում Եվրախորհրդարանը չի ընդունում, որ Ռուսաստանն իրավունք ունի «հրապարակելու (ընդունելու) օրենքներ (այդ թվում և Հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը – Ա.Գ.)՝ հասցեագրված առանց բացառության պետության բոլոր հպատակ (քաղաքացիներին) և հաստատություններին»։  Իսկ այդ ի՞նչ «դավադիր» բան է գրված ՌԴ Սահմանադրության 79-րդ հոդվածում, որում ասվում է. «Ռուսաստանի Դաշնությունը կարող է մասնակցել միջպետական միավորումներին և նրանց փոխանցել իր լիազորությունների մի մասը՝ Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանավորվածություններին համապատասխան, եթե դա չի հանգեցնի մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների սահմանափակման և չի հակասի Ռուսաստանի Դաշնության սահմանադրական կարգի դրույթներին։ Միջպետական մարմինների որոշումները՝ ընդունված Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերի դրույթների հիման վրա՝ իրենց մեկնություններով, որոնք կհակասեն Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությանը, կատարման ենթակա չեն Ռուսաստանի Դաշնությունում»։ Թվում է՝ ավելի պարզ ու համոզիչ չես ասի. նախ՝ լիազորությունների փոխանցումը անթույլատրելի է, եթե դա որպես հետևանք ունենա ՌԴ քաղաքացիների իրավունքների և ազատությունների սահմանափակումը; երկրորդ՝ մասնակցությունը միջազգային միավորմանը չպետք է որևէ կերպ հակասի ՌԴ սահմանադրական կարգի հիմքերին։ Իսկ այժմ համեմատենք սա Եվրախորհրդարանի պահանջների հետ, որոնք ներկայացվում են ՌԴ Սահմանադրության փոփոխություններին։ «Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին Ռուսաստանից պահանջել չեղարկել կամ վերանայել բոլոր օրենքների փոփոխությունները, որոնք հակասում են միջազգային չափորոշիչներին, այդ թվում չեղարկել կամ վերանայել Սահմանադրության ապօրինի ընդունված փոփոխությունները, ընտրությունների մասին օրենսդրության փոփոխությունները, օտարերկրյա գործակալների և անցանկալի կազմակերպությունների մասին օրենքները, որպեսզի խթանվեն բազմակարծությունը, ազատ և ազնիվ ընտրությունները, ինչպես նաև ընդդիմության թեկնածուների համար հավասար պայմանների ստեղծումը»,- գրված է Եվրախորհրդարանի ս.թ. սեպտեմբերի 17-ի «Ռուսաստանի դրության մասին. Ալեքսեյ Նավալնու թունավորումը» բանաձևում։ Չեմ խորանա Եվրախորհրդարանի կողմից իր ընդունած բանաձևի դրույթների պարզաբանման մանրամասների մեջ՝ Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ-ի անդամակցության հետ կապված ՌԴ պարտավորությունների ներկայացված հղումներով։ Պատճառը պարզ է. դրանց ավելի խոր մեկնաբանման պարագայում ավելի ու ավելի ես համոզվում, որ սահմանադրական փոփոխությունները ճիշտ ժամանակին ընդունվեցին, որոնք իրավական պատնեշ դրեցին Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության և անկախության դեմ տարատեսակ ոտնձգությունների առջև։ Միևնույն ժամանակ, ներկայացնեմ, ըստ իս, բավական հետաքրքիր մեջբերում, դիցուք. «Եվրախորհրդարանի (ԵԽ) արտաքին գործերի կոմիտեում տեղեկացրին, որ ԵՄ օրենսդրական մարմինը չի մեկնաբանի Սահմանադրությունում փոփոխությունների կատարման ռուսաստանյան քվեարկության ոչ գործընթացը, ոչ արդյունքները, քանի որ ռուսական կողմը չի հրավիրել եվրոպացի պատգամավորներին մասնակցելու քվեարկության ընթացքի դիտարկմանը։ Այս առնչությամբ, հավաստիացրել են կոմիտեում, իրենք «չեն մեկնաբանի քվեարկության ոչ գործընթացը, ոչ արդյունքները», որոնք Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի ավելի ուշ։ Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Դևիդ Մաքալիսթերի խոսքով՝ Եվրախորհրդարանի անդամները, որոնք ինքնուրույն էին որոշել հետևել քվեարկությանը Ռուսաստանում «կամ անօրինական ձևով անեքսիայի ենթարկված Ղրիմում», չպետք է իրենց հայտարարություններում իրենց գործունեությունը կապեն Եվրոպական խորհրդարանի հետ» (https://www.mk.ru/politics/2020/07/02)։ Այսպիսով, կարող ենք փաստել, որ ՌԴ Սահմանադրության փոփոխությունների քվեարկության հենց հաջորդ օրը՝ ս.թ. հուլիսի 2-ին, Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեն ոչ մի պահանջ չուներ փոփոխությունների բովանդակային մասի հետ կապված, այդպես շարունակվեց նաև հաջորդ օրերին։ Սակայն, քվեարկության արդյունքների ամփոփումից հաշված ժամեր անց տեղի ունեցավ մի բան, որն արմատապես փոխեց եվրապատգամավորների դիրքորոշումը։ Այսպես, ԱՄՆ Սենատի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Ջեյմս Էլռոյ Ռիշը գրառում կատարեց Twitter-ում, որը երկուսուկես ամիս անց «սկզբնաղբյուր» դարձավ Եվրախորհրդարանի նրա գործընկերների համար. «Սահմանադրության իր փոփոխություններին հավանություն տալու պուտինյան «պլեբիսցիտի» վերջին օրը արդյունքի հարցում ոչ մի կասկած չկա։ Կեղծ քվեարկություն՝ քողարկված հանրաքվեի անվան տակ, որը ջնջեց Պուտինի և ռուսաստանյան «դեմոկրատիայի» լեգիտիմության մնացորդները։ Ռուսներն ավելի լավին են արժանի»,- ահա այսպիսին են Այդահոյից ԱՄՆ Կոնգրեսի սենատոր Ջեյմս Էլռոյ Ռիշի, որն ուղիղ մեկ շաբաթ (ս.թ. հունիսի 25-ից մինչև հուլիսի 1-ը) հետևել էր Սահմանադրության փոփոխությունների բաց, թափանցիկ քվեարկությանը հեռավոր Վաշինգտոնից և Հռենոսի ափերից նրա գործընկերոջ՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Դևիդ Մաքալիսթերի գնահատականները։ Այստեղ կցանկանայի ընթերցողների ուշադրությունը հրավիրել գնահատականների բավական խորհրդանշական զուգադիպության վրա, որը բնութագրում է ամերիկյան կոնգրեսականի և եվրոպական խորհրդարանի սրտացավ վերաբերմունքը «ռուսների ճակատագրի հանդեպ, որոնք ավելի լավին են արժանի»։ Եվ որպես իրենց ընկալման ապացույց, որ ավելի լավ ապագա կա ռուսների համար, Եվրախորհրդարանի բանաձևում գրված է. «Համառորեն կոչ ենք անում ԵՄ ինստիտուտներին և բոլոր անդամ պետություններին դադարեցնել «Հյուսիսային հոսք – 2» գազատարի շինարարության ավարտը՝ ռուսական էներգակիրների մատակարարումներից Եվրոպայի կախվածության ուժեղացումից խուսափելու համար և թույլ չտալու Ռուսաստանին շահ կորզել և ֆինանսավորել իրենց ագրեսիվ արտաքին քաղաքականությունն ու ռազմական ինտերվենցիաները ԵՄ էներգակիրների նման արտահանման եկամուտներից»։ Կարդալով նախապես պատրաստված (ոչ առանց օվկիանոսի այն կողմի հուշման) այս ձևակերպումները՝ գալիս ես այն եզրակացության, որ նախապես ծրագրված և պատրաստված այս ամբողջ տրագիկոմեդիան Ալեքսեյ Նավալնու թունավորման հետ կապված՝ անխուսափելի էր։ Իսկ հարցի գինը հետևյալն է՝ լինե՞լ, թե՞ չլինել ԱՄՆ-Եվրամիություն ռազմավարական դաշինքին։ Իսկ կախված այդ դիմակայության ելքից՝ անխուսափելիորեն կակտուալացվի նաև մյուս հարցը՝ լինե՞լ, թե՞ չլինել Եվրամիությանը։ Այո, Եվրախորհրդարանի որոշումը իմպերատիվ ուժ չունի։ Իրավաբանորեն արժեք ունեցող որոշումներ ընդունում է ԵՄ գործադիր մարմինը՝ Եվրահանձնաժողովը, սակայն ԵՄ անդամների՝ Եվրախորհրդարանի բանաձևում նշված մի շարք հարցերի վերաբերյալ կոնսենսուսի դեպքում այդ մեխանիզմները կարող են գործի դրվել։ Միաժամանակ նշենք, որ Կրեմլը պաշտոնապես քանիցս հերքել է ցանկացած մեղադրանք հատուկ ծառայությունների կողմից «Նովիչոկ» մարտական թունավոր նյութի օգտագործման վերաբերյալ, ավելին՝ ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Վիկտորովիչ Լավրովը իր գերմանացի պաշտոնակից Հայկո Մաասին կոչ էր արել հրաժարվել Նավալնու գործի շուրջ իրավիճակի հետագա քաղաքականացումից։ Ռուսական կողմը բազմիցս համագործակցության պատրաստակամություն է հայտնել, ինչպես նաև դիմել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմիններին՝ ներկայացնելու թունավորման բացահայտված փաստերը։ Միանգամայն սպասելի էր, որ Ռուսաստանի հարցումները չեն բավարարվելու, քանի որ դրանց առկայությունը կմոտեցներ Արևմուտքի հատուկ ծառայությունների համատեղ մշակված արկածախնդրության անփառունակ վերջաբանը։

Հարգելի ընթերցող, հատուկ այսքան հանգամանալից կանգ առա Եվրախորհրդարանի «Ռուսաստանի դրության մասին. Ալեքսեյ Նավալնու թունավորումը» բանաձևի մանրամասների վրա, որպեսզի ցույց տամ դրա ողջ քաղաքական կանխակալությունը և, միևնույն ժամանակ, արտահայտեմ վրդովմունքս համարժեք, ի՜նչ համարժեք, առհասարակ արձագանքի բացակայության առիթով ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների կողմից։ Այս ի՜նչ անհասկանալի զգուշավորություն, եթե չասենք՝ վախ է մարդու իրավունքների ինքնահայտ մեկնաբանների, դեմոկրատիայի, քաղաքացիական հասարակության և այլ՝ սին դարձած, բայց հիրավի պահանջված հասկացությունների մասին իրենց պատկերացումների պարտադրման գործիքների նախանձախնդիր պահապանների առջև, եթե դրանց  բովանդակությունը չի ամլանում և չի դառնում տնտեսական ու քաղաքական գերիշխանության միջոց։ Գրում եմ այս տողերը և ակամա մտովի վերադառնում 2015 թվական։ Իսկ ավելի կոնկրետ՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) լիագումար նստաշրջան՝ Հելսինկյան Եզրափակիչ ակտի 40-ամյակի առիթով, որը ստորագրվել էր ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Եվրոպայի ղեկավարների կողմից 1975թ., սառը պատերազմի թեժ պահին։ Ընթերցողներին հիշեցնենք, որ ռուսաստանյան պատվիրակությունը բոյկոտել էր այս միջոցառումը, քանի որ ֆիննական իշխանությունները հրաժարվել էին մուտքի իրավունք տալ Պետդումայի խոսնակ Սերգեյ Եվգենևիչ Նառիշկինին և ՌԴ էլի հինգ քաղաքացու, որոնք պետք է Հելսինկիում Ռուսաստանը ներկայացնեին ԵԱՀԿ ԽՎ-ում։ Ֆիննական ԱԳՆ-ն այս որոշումը բացատրեց նրանով, որ ռուսաստանցիները ներառված են Եվրամիության պատժացուցակում՝ ավելացնելով, որ գերատեսչությունն այդ առիթով հանգամանալից խորհրդակցություններ է անցկացրել Եվրամիության երկրների, ԵՄ և ԵԱՀԿ ղեկավարության հետ։

Այսպես, 2015թ. հուլիսի 5-ին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, իմ կողմից շատ հարգված Իլկա Կաներվան, քվեարկության չդնելով ԵԱՀԿ ԽՎ Հելսինկյան ամփոփիչ Հռչակագրի նախագիծը (որտեղ տեղ էր գտել նաև «Ռուսաստանի Դաշնության կողմից ԵԱՀԿ շրջանակում պարտավորությունների և միջազգային նորմերի ակնհայտ, կոպիտ և չշտկված խախտումների շարունակման մասին» բանաձևը), ասաց, որ քանի որ պատվիրակներից ոչ ոք դեմ չի արտահայտվել ամփոփիչ Հռչակագրի (պարունակում էր մի շարք բանաձևեր, որոնց ընդունման դեմ ես քանիցս ելույթ էի ունեցել) ընդունմանը, այն ընդունվում է միաձայն, ընդ որում՝ ի նշան այս հարցի հաստատման և քննարկումն ավարտելու՝ ԵԱՀԿ ԽՎ խոսնակը նիստավարի մուրճիկով հարվածեց սեղանին։ Բնական էր, որ ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի Ազգային ժողովի մշտական պատվիրակության ղեկավար, ձեր խոնարհ ծառա Արտաշես Գեղամյանը բարձրացրեց «Armenia» նշումով ցուցանակը և խոսք խնդրեց՝ դիտողություն անելով ԵԱՀԿ ԽՎ նախագահ Իլկա Կաներվային ԵԱՀԿ ԽՎ Ընթացակարգի կանոնները խախտելու համար, որոնցով նախատեսվում է յուրաքանչյուր բանաձևի պարտադիր քվեարկություն, էլ չեմ ասում ամփոփիչ Հռչակագրի ընդունման մասին, ինչի հետևանքով այդպես էլ հայտնի չդարձավ, թե ով է «կողմ» քվեարկել, ով՝ «դեմ», ով՝ «ձեռնպահ» և ով առհասարակ չի մասնակցել քվեարկությանը։ Ես այս մասին նորից եմ հիշատակում, որպեսզի ընդգծեմ հետևյալը, որ ամփոփիչ Հռչակագրի ընդունման քվեարկության արդյունքներով «դեմ» տրվել էր միայն մեկ՝ իմ ձայնը, «ձեռնպահներ» չէին եղել, իսկ քվեարկությանը մասնակցած բոլոր պատվիրակները «կողմ» էին քվեարկել այդ փաստաթղթին։ Այս մասին գրում եմ բնավ ոչ սեփական անձս հերոսացնելու նպատակով, այլ որպեսզի ընդգծեմ, որ իմ քվեարկությունը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի անսասան դիրքորոշման արտացոլումն էր, ով, երաշխավորելով ինձ՝ «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահիս, ԵԱՀԿ ԽՎ-ում ներկայացնել Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցությունը, հաստատակամորեն խորհուրդ էր տվել ինձ միշտ հիշել մի պարտադիր ճշմարտության մասին և գործել դրան համապատասխան, այն է. Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, միջազգային ասպարեզում ցանկացած գործողություն՝ ուղղված Ռուսաստանի դեմ, պետք է ընկալել որպես գործողություն ընդդեմ Հայաստանի։ Չեմ թաքցնի, որ հարցի նման առաջադրումը լիովին ներդաշնակ էր իմ համոզմունքներին և ինձ ուժ ու վճռականություն էր հաղորդում ԵԱՀԿ ԽՎ-ում իմ գործողությունների համար։ Ցավոք, այդ քվեարկության ժամանակ այդպես էլ չերևաց ու չլսվեց ԵԱՀԿ ԽՎ-ում ՀԱՊԿ անդամ պետությունների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի խորհրդարանները ներկայացնող պատվիրակների արձագանքը։ Ավաղ, պատմությունը կրկնվում է նաև մեր օրերում։ Այսօր, երբ մենք Եվրախորհրդարանի կողմից մեր ռազմավարական դաշնակցի, նրա հիրավի ականավոր առաջնորդ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի դեմ հիբրիդային պատերազմի վկաներն ենք, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, ՀՀ ԱԺ խմբակցությունները, որոնք ժամանակ առ ժամանակ տեղի-անտեղի ճամարտակում են Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային միությանն իրենց հավատարմության մասին, պոլիտկոռեկտ արտահայտվելով՝ բերանները ջուր են առել և համր լռություն են պահպանում։ Նման անատամ դիրքորոշումը   պարարտ հող է ստեղծում մեզ առանձին-առանձին խփելու համար։ Այժմ միավորված Արևմուտքի օրակարգում դրված է միանգամայն կոնկրետ հարց. սասանել Բելառուսի Հանրապետության պետականության հիմքերը, շարունակել Ռուսաստանի և նրա առաջնորդի դեմոնացման նենգաբարո ուղեգիծը։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ գունավոր հեղափոխությունների տեխնոլոգների որդեգրած մարտավարությունն այլ է, դիցուք՝ հայ ժողովրդի գենետիկ կոդը հետևողականորեն փոխելու ուղեգծի անցկացում մեր պետականության քաղաքակրթական հիմքերի խարխլմամբ, որոնց հիմքում քրիստոնեական, մարդասիրական հատկանիշներն են, հատուկ ակնածանքը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հանդեպ, ազատության և արդարության գաղափարները, ավագների, կանանց հանդեպ հարգանքը, ինչն արտացոլվում է տղամարդու և կնոջ հարաբերություններում խտրականության իսպառ բացակայությամբ։ Ընդ որում՝ պետք է ընդունել, որ արևմտյան տիկնիկավարների ու նրանց տեղական մանկլավիկների իրականացրած ուղեգծի կործանարարությունը աղետալի հետևանքներ կունենա հայոց պետականության համար։ Այս իմաստով Հայաստանի «ժողվարչապետ» Նիկոլ Վովաևիչը՝ իր իսկ սիրեցյալը, լիովին արդարացնում է իրեն իշխանության բերած սորոսյան վարձկանների ու նրանց հետևում կանգնած՝ գունավոր հեղափոխությունների նենգ սցենարիստների ու ռեժիսորների հույսերը։ Իսկ Նիկոլ Վովաևիչի չարաճճիություններին, դրանց սանձման նպատակով, անմիջապես հակադրվում են հայոց պետականության ճակատագրի համար ոչ պակաս վտանգավոր քաղաքական նենգադավները «Սասնա ծռեր» ահաբեկչական կազմակերպության առաջնորդների շարքից, էլ չեմ ասում ընդդիմադիր կամ անկախ (բնականաբար, ԱՄՆ դեսպանությունից կախվածությունը ՀՀ-ում հաշիվ չէ) պատգամավորների հայտնի պերսոնաժների մասին։ Չենք խոսում նաև իրենց քաղաքական գործիչ երևակայողների մասին, որոնց ելույթներն ու խոսքերը լսելով վհատվում ես։ Այստեղ այլ բան է կարևոր. իսկ ո՞վ է ֆինանսավորում սույն նորահայտ քաղաքական բոմոնդը։ Որքան էլ անսպասելի ու տարօրինակ հնչի՝ դրանց ֆինանսավորման աղբյուրը միշտ չէ, որ գտնվում է մեր սահմանից դեպի Արևմուտք, էլ չեմ ասում օվկիանոսի այն կողմում։ Նրանք շատ ավելի մո՞տ են։ Եթե գործ ունենք պարզունակ երկքայլ կոմբինացիայի հետ, որը հանգեցնում է այն բանին, որ՝ ընտրեք չարյաց փոքրագույնին՝ Նիկոլ Վովաևիչի և ՀՀ ժամանակակից քաղաքական կյանքի գործող անձանց վերոնշյալ կարգի ներկայացուցիչների միջև, ապա դա իրականության չափից ավելի պարզեցված ընկալում է։ Սակայն, գուցե հաշվարկն այն է, որ դրանց ճնշիչ ֆոնին միանգամայն այլ կերպ կընկալվեն «մերժված» ուժերը։ Համենայն դեպս, սորոսյան տիկնիկավարներից ուղղորդվող զանգվածի կամ էլ «Կյանքի խոսքը» տոտալիտար կրոնական աղանդի հետևորդների ու հետն էլ՝ ԼԳԲՏ հանրույթի ակտիվիստների կողմի՞ց։ Դե ինչ, այս վարկածը նույնպես հիմնազուրկ չէ, բայց, ավաղ, մեր տագնապահույզ օրերում պահանջված է միանգամայն այլ մոտեցում, որի հիմքում պետք է դրված լինի ժամանակակից միջազգային դրության մանրակրկիտ վերլուծությունը, գերակա հարցը, դրա հիմքը պետք է լինի Հայաստանի դերի և տեղի որոշումը իրականացվող հոծախումբ հիբրիդային պատերազմում, որը սանձազերծել է հավաքական Արևմուտքն ընդդեմ մեր ռազմավարական դաշնակցի, եղբայրական Ռուսաստանի Դաշնության։ Մնացածը սատանայից է։ Կարելի է այսուհետ ևս մանրամասնել հայկական քաղաքական խոհանոցի առանձնահատկությունները, բայց եզրակացությունը մեկն է. Հայաստանի անվտանգության երաշխավորը եղել և մնում է ինքնիշխան, եղբայրական Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական դաշինքը։ Ինքնիշխան, անկախ Հայաստանի Հանրապետության գոյության այլընտրանք բնության մեջ գոյություն չունի։

Վերջաբանի փոխարեն. Օրերս ինտերնետ-պորտալը (dossier.center/azerb/) հրապարակեց հոդված «Ինչպես է Կրեմլը միջամտում հարևան երկրների ներքին քաղաքականությանը։ Մաս չորրորդ. «Մորուքը» Երևանից և փափուկ ուժը Բաքվում» վերնագրով։ Չեմ ներկայացնի իմ փաստարկներն այս տխրահռչակ «Դոսյե» կենտրոնի ֆինանսավորման աղբյուրի (ների) մասին։ Մի բան պարզ է, որ սույն Կենտրոնի տերերը վատ որակավորում ունեցող քաղտեխնոլոգներ են կամ ցանկանում են այդպիսին երևալ։ Այս հրապարակման մեջ հիշատակված ֆիգուրների թվում հայտնվել եմ նաև ես՝ Արտաշես Գեղամյանս, որի մասին, դիցուք, հիշատակված է. «Հետախուզության գեներալ Չեռնովի գերատեսչության հետ սերտ կապի մեջ Հայաստանի գծով ակտիվորեն աշխատում է «Լազարյան ակումբը» (ԼԱ)՝ «Միասնական Ռուսաստանից» Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հովանու ներքո։ Ակումբը ստեղծվել է 2018թ., այնտեղ ընդգրկված են կրեմլամետ տրամադրված հայ պատգամավորներ, հասարակական գործիչներ և լրագրողներ, մասնավորապես՝ Երևանի նախկին քաղաքապետ Արտաշես Գեղամյանը, գրող Զորի Բալայանը, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը, Երևանում ԱՊՀ երկրների ինստիտուտի մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը, փորձագետ Վազգեն Մանուկյանը և «Ռուսաստանի այլ բարեկամներ»։ Նշված անձանցից մեծ ակտիվությամբ աչքի է ընկնում Արտաշես Գեղամյանը, որը գրեթե ամեն շաբաթ ԼԱ կայքում հրապարակում է քարոզչական հոդվածներ խորհրդային «ստրաշիլկաների» ոգով. «Ռուսաստանի դեմ վարվում է հոծախումբ հիբրիդային պատերազմ», «Գլոբալիստների «Նիկոլ Փաշինյան» նախագիծը ձախողվեց. իսկ ի՞նչ կլինի հետո», «Կծափահարի՞ արդյոք Փաշինյանը Նավալնուն»։ Դե ինչ, հարգելի ընթերցող, խոստովանում եմ, որ գոհունակության զգացողություն եմ ապրում Հայաստանում հարգված մարդկանց (ոչ նիկոլվովաևիչյան) կողքին իմ ազգանվան հիշատակումից։ Միայն թե չեմ հասկանում, թե այդ ինչ սաստիկ վախից ելնելով է Ռուսաստանի բարեկամները չակերտների մեջ առնված։ Անգամ անհասկացող ու գլխի չընկնող «քաղտեխնոլոգները» արժե, որ նայեն «Ազգային Միաբանություն» կուսակցության Ծրագիրը, որը հաստատվել է դեռևս 1997թ., հետագայում իր զարգացումն է ապրել կուսակցության այլ ծրագրային փաստաթղթերում, համոզվելու համար, որ «Ազգային Միաբանություն» կուսակցության արտաքին քաղաքական առաջնահերթություններն անփոփոխ են և անայլընտրանքային. «Արտաքին քաղաքականությունում առաջնահերթ կարգով պետք է կատարել քայլեր նախկին տնտեսական կապերի, հումքի և սպառման շուկաների վերականգնման ուղղությամբ, Ռուսաստանի հետ բարեկամական կապերի և փոխօգնության էլ ավելի ամրապնդման հիման վրա, անկախ նրա պետական կարգից»։ Կցանկանայի նաև զուսպ գոհունակություն արտահայտել իմ վերջին հոդվածների հանրահռչակման առնչությամբ, ի գիտություն «Դոսյե» կենտրոնի՝ հրապարակված REGNUM տեղեկատվական գործակալությունում և մեկ-երկու օր անց տեղադրված «Լազարյան ակումբ» կայքում։ Իսկ ձևակերպումը, թե իմ հոդվածներն ընկալվում են որպես «քարոզչական հոդվածներ խորհրդային ստրաշիլկաների ոգով», ինձ մղում են հակասական մտքերի, դիցուք. կամ «Դոսյե» կենտրոնի հեղինակները ծանոթացել են միայն հոդվածներիս վերնագրերին՝ չկարդալով դրանք մինչև վերջ, կամ կարդալով՝ այդպես էլ չեն հասկացել դրանց բովանդակությունը, կամ էլ նրանք բավական ինքնատիպ պատկերացում ունեն խորհրդային «ստրաշիլկաների» մասին։ Դե ինչ, կտրուկ չեմ լինի, ավելի շուտ՝ այդ բոլոր գործոնները գոյություն ունեն միաժամանակ։ Բայց մտահոգում է այլ բան։ Կարդալով «Ինչպես է Կրեմլը միջամտում հարևան երկրների ներքին քաղաքականությանը» վերնագրով հրապարակման բոլոր վեց մասերը՝ նկատում ես, որ դրանց հեղինակները լիովին անտեսում են գլխավոր հարցը։ Այստեղ չեմ փորձի վերլուծել հետխորհրդային տարածքում Կրեմլի համապատասխան կառույցի կողմից միջոցների նպատակային կիրառման աստիճանի մանրամասները, միայն կնշեմ, որ «Դոսյե» կենտրոնի հրապարակումները պետք է հայրենասեր քաղաքական գործիչներին ուղղորդեն շուտափույթ մշակելու հակազդման ամբողջական ծրագիր, իսկ այնուհետև նաև ստեղծել Դյորդ Շորոշի (նույն ինքը՝ Ջորջ Սորոսի) անվան «Բաց հասարակություն» հիմնադրամի և նրա հետ միասնաբար գործող տարատեսակ արևմտյան դեմոկրատական ինստիտուտների կործանարար ոտնձգությունների չեզոքացման համակարգեր։ Հենց այս նպատակին պետք է ծառայեր «Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպությունը՝ գրանցված 2011թ.։ Հիշատակեմ, որ այդ կազմակերպության բոլոր ծրագրային փաստաթղթերը պատրաստ էին և դրական են ընկալվել շահագրգիռ բոլոր կազմակերպությունների կողմից դեռևս 2011թ., այդ թվում և արտասահմանյան երկրների հետ Ռուսաստանի նախագահի միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության կողմից, սակայն նախագիծը չկենսագործվեց (ոչ իմ մեղքով)։ Այս մասին արդեն գրել եմ, ուստի չեմ կրկնի։ Սակայն այսօր ևս կարելի է համարձակորեն պնդել, որ «Հյուսիսային հեռանկարի» բոլոր ծրագրային փաստաթղթերը ներկայում էլ ավելի են պահանջված, հատկապես այն հարցերի համատեքստում, որոնք բարձրացվել են «Դոսյե» կենտրոնի հրապարակումներում։ Դրա հետ մեկտեղ, նորից կցանկանայի հաստատել, որ հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության և բարգավաճման երաշխավորը ինքնիշխան, հզոր, եղբայրական Ռուսաստանի Դաշնությունն է։

Հ.Գ. Չէի ցանկանա հոդվածս ավարտել տխուր նոտայով, ուստի ընթերցողներին առաջարկում եմ ուշադիր ծանոթանալ ստորև ներկայացվող հայտնություններին։ Թե ում հայտնություններին՝ թող կռահի ընթերցողը։ «Անկախությունը Հայաստանում կրում է ձևական բնույթ։ Այդ ի՞նչ անկախ երկիր է, որ չի կարողանում ինքը որոշումներ կայացնել։ Այդ ի՞նչ անկախ երկիր է, եթե այն կառավարում է Սորոսը։ Փաշինյանը Սորոսի ռեժիմի արտադրանքն է։ Այսօր Հայաստանում ձայնի իրավունքը պատկանում է Սորոսին։ Նայեք Փաշինյանի իշխանական թիմի անդամների կենսագրությանը։ Նրանք բոլորը կամ Սորոսի կազմակերպություններից են դուրս եկել, կամ Transpаrensy-ից, կամ իրավապաշտպան այլ կազմակերպություններից։ Նրանք աչք են փակում այսօր Հայաստանում տեղի ունեցող բռնապետական գործողությունների վրա։ Լրագրողներից մեկը Հայաստանում հացադուլ էր հայտարարել և մահացավ բանտում, ոչ մի կազմակերպություն հարցը չբարձրացրեց։ Ներկայում Հայաստանում երկու նախագահ պատասխանատվության է կանչված, քրեական գործ է հարուցված։ Երկու նախկին նախագահ, բացառապես իրենց քաղաքական գործունեության պատճառով։ Դա գիտեն բոլորը, բայց աչք են փակում։ Հիմնական ընդդիմադիր կուսակցության առաջնորդը զրկված է պատգամավորական անձեռնմխելիությունից, բայց ոչ ոք դրան չի արձագանքում։ Ինչո՞ւ է լռում Եվրոպայի խորհուրդը։ Ինչո՞ւ են լռում Հայաստանի գծով զեկուցողները։ Ինչո՞ւ են լռում Freedom House-ը, Human Rights Watch-ը, Amnesty International-ը։ Սորոսի պատճառով։ Սորոսը Հայաստանի ղեկավարն է, Սորոսը այդ «իրավապաշտպան կազմակերպությունների» հովանավորն է։ Նրանք մեկ հովանավոր ունեն»,- ասել է ոչ անհայտ քաղաքական գործիչներից մեկը (https://moscow-baku.ru/news/politics/ilkham_aliev_zayavil_o_vykhode_armenii_iz_peregovorov_po_karabakhu/)։ Կարդալով այս տողերը՝ առաջին բանը, ինչի մասին կմտածեր ընթերցողը, այն կլիներ, որ դրանք գրվել են հայ ընդդիմադիր քաղաքական գործչի կողմից, որն արդարացիորեն զայրանում է նրանից, որ ներկայում Հայաստանում «երկու նախագահ կանչված է պատասխանատվության, քրեական գործ է հարուցվել» (նկատի են առնված Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը – Ա.Գ.)։ Էլ չեմ ասում սորոսյան կառույցների կործանարար գործունեության բավական կոշտ, բայց արդարացի գնահատականի մասին։ Ոչ, հարգելի ընթերցող, այս մտքերի հեղինակը ոչ այլ ոք է, քան ինքը՝ մուալիմ Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանի նախագահը։ Ադրբեջանական հեռուստաալիքներին ս.թ. սեպտեմբերի 19-ի նրա հարցազրույցի այլ գոհարներին ընթերցողը կարող է ծանոթանալ ս.թ. սեպտեմբերի 20-ին հրապարակված «Իլհամ Ալիև. Հայաստանը դուրս է եկել բանակցություններից, մենք չէ, այլ Հայաստանը։ Մենք չպետք է խաբենք ինքներս մեզ ու մեր ժողովրդին, բանակցություններ չեն վարվում, և դա համավարակի պատճառով չէ» հոդվածում (https://moscow-baku.ru/news/politics/ilkham_aliev_zayavil_o_vykhode_armenii_iz_peregovorov_po_karabakhu/)։ Մուալիմ Իլհամի այս «հայտնություններն» առաջին հայացքից որքան էլ առեղծվածային թվան, հետապնդում են միանգամայն որոշակի նպատակներ, եթե դրանք դիտարկենք այդ նույն հարցազրույցի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերի վերաբերյալ այլ արտահայտությունների հետ միասին։ Իսկ նպատակը պարզ է. մեղադրելով «ժողվարչապետ» Ն.Փաշինյանին փոխզիջումների պատրաստ չլինելու մեջ, ավելին՝ արտահայտվելով այս հարցում ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ավելի կառուցողական մոտեցման մասին՝ Իլհամ Ալիևը տեղեկատվական ֆոն է ստեղծում՝ արդարացնելու համար այն, թե Ադրբեջանը ստիպված է ռազմական ճանապարհով լուծելու այդ հարցը։ Մյուս կողմից՝ Ի.Ալիևը նման արտահայտություններով փորձում է գոնե ինչ-որ կերպ բարձրացնել Նիկոլ Վովաևիչի՝ իր իսկ սիրեցյալի ընկած վարկանիշը։ Չէ՞ որ Ի.Ալիևի քննադատությունը Ն.Փաշինյանի հասցեին՝ Ռոբերտ Սեդրակովիչի և Սերժ Ազատովիչի հանդեպ միաժամանակյա «ներողամիտ» վերաբերմունքով հանդերձ, «ժողվարչապետի» երկրպագուների մեջ կարող է հիացմունքի զգացողություն առաջացնել, չէ՞ որ իրենց կուռքին քննադատում է թշնամական պետության նախագահը... Միևնույն ժամանակ, Ի.Ալիևի հարցազրույցում կա նաև հայտնի հիասթափություն այն բանից, որ Նիկոլ Վովաևիչը չարդարացրեց այն հույսերը, որոնք կապում էին նրա հետ Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո նրան իշխանության բերած ուժերը։ Այսպես, թղթակցի «Պարոն նախագահ, իմ հարցը կապված է հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության խնդրի հետ։ Ինչպե՞ս եք գնահատում բանակցությունների ներկա վիճակը» հարցին Ի.Ալիևը մասնավորապես պատասխանել է. «...եթե հաշվի առնենք, որ նոր իշխանությունը, իշխանության գալով, սկսել է հանդես գալ շատ հուսադրող հայտարարություններով այն մասին, որ իրենք ցանկանում են լուծել այդ հարցը, քննադատում էին նախկին իշխանությանը, ոչ պաշտոնական ուղիներով մեզ դրական ազդանշաններ էին ուղարկում, ժամանակ էին խնդրում։ Եվ մենք ապրում էինք հույսով, որ, այո, նոր իշխանությունը նորարարություններ կբերի այս և մյուս բոլոր ոլորտներում, կշտկի նախկին սխալ քաղաքականությունը։ Այս միտքը էլ ավելի ամրապնդվեց հատկապես Դուշանբեում Հայաստանի վարչապետի հետ իմ հայտնի հանդիպումից հետո։ Այն ժամանակ ինձ խնդրեցին իրենց ժամանակ տալ, իբր, ներքին իրավիճակը Հայաստանում ծանր է, բարդ, նախկին իշխանության ներկայացուցիչները ցանկանում են ռևանշ վերցնել, ինչը բացասաբար կանդրադառնա բանակցային գործընթացի վրա։ Իբր, նրանք հակված են բանակցությունների, ցանկանում են հարցը լուծել և խնդրեցին ամրացնել հրադադադրի ռեժիմը։ Իսկ ես ասում էի, թե մենք պետք է լուրջ բանակցություններ վարենք, և այդ դեպքում, իհարկե, հրադադարի ռեժիմը էլ ավելի ամուր կլինի։ Այդ հանդիպումից հետո երկու կողմերը պայմանավորվածության հիման վրա հանդես եկան առանձին հայտարարություններով։ Հայտարարությունների հիմնական բովանդակությունն այն էր, որ մենք հանդիպեցինք, այսինքն՝ ոչ ֆորմալ, ոչ պաշտոնական հանդիպում անցկացրինք, պայմանավորվեցինք արագացնել բանակցային գործընթացը և ամրացնել հրադադարի ռեժիմը, քանի որ այդ երկու դիրքերը պետք է մշտապես միասնություն կազմեն։ Հակառակ դեպքում դա կնշանակի ստատուս-քվոյի ամրապնդում, ինչին մենք երբեք չենք կարող համաձայնել։ Որոշակի ժամանակ Մինսկի խմբի համանախագահները նույնպես հույսով էին ապրում և, գալով այստեղ, հանդիպումների ընթացքում առաջադրում էին հույսով լի վարկածներ» (https://1news.az/news/prezident-il-ham-aliev-prinyal-uchastie-v-ceremonii-zakladki-fundamenta-morskih-operaciy-na-mestorozhdenii-absheron---foto

Կարդալով Իլհամ Ալիևի այս հայտնությունները՝ ակամա ինքդ քեզ խոստովանում ես մեր քաղաքական մատնոց խաղացողի, որն անձամբ հայտնի է որպես Նիկոլ Վովայի Փաշինյան, արտասովոր ընդունակությունների մասին։ Մտածեք միայն, հարգելի ընթերցող, որ «ժողվարչապետը» բնակիչների ականջը շոյող իր՝ կանխավ անիրագործելի խոստումներով բթացրել է Հայաստանի բնակչության ոչ փոքր մասին, այդ թվում և գիտակից քաղաքացիներին, որոնք իրենց կյանքում փոփոխություններ էին տենչում, բազմաթիվ հասարակական կազմակերպությունների աջակցությամբ, որոնք շռայլորեն ֆինանսավորվում են Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամի, ինչպես նաև «Կյանքի խոսքը» տոտալիտար կրոնական աղանդի հետևորդների և ԼԳԲՏ հանրույթի ակտիվիստների կողմից, պետական հեղաշրջում իրականացնելով այդպես էլ չկատարեց իր տված բազմաթիվ խոստումներից և ոչ մեկը, չարդարացրեց նաև սորոսյան տիկնիկավարների հույսերը և, երևանյան սլենգով ասած՝ Նիկոլը քցեց, շպրտեց Սորոսին, ընդ որում՝ Ի.Ալիևին էլ հետը փեշքեշ։ Այ քեզ Նիկոլ, այ քեզ կտրիճ։ Փորձանքը, սակայն, այն է, որ իր լիակատար անհամարժեքությամբ և արկածախնդրական քաղաքականությամբ Նիկոլ Փաշինյանը լուրջ սպառնալիք է դարձել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար։ Թույլ տալ նրա հետագա գտնվելը ՀՀ վարչապետի պաշտոնում՝ նշանակում է ստանձնել պատասխանատվության սեփական բաժին չգոյության անդունդ Հայաստանի Հանրապետության գլորվելը չկասեցնելու համար։

Հարգելի ընթերցող, համոզված եմ, որ մեկ տարի հետո ողջ աշխարհի հայերը 2021թ. սեպտեմբերի 21-ին կտոնեն Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակը միանգամայն այլ, հիրավի տոնական իրադրությունում։ Բայց դա չի նշանակում, թե այսօր՝ 2020թ. սեպտեմբերի 21-ին, մենք պետք է վհատվենք և չշնորհավորենք Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության, Հայ սփյուռքի քաղաքացիներին Անկախության օրվա 29-ամյակի առիթով։

Շնորհավոր մեր տոնը, բարեկամներ։

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ        

Последние видеоматериалы

Новые книги