ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ՛ ԱՆՑՆԻ

 

26.06.2020, Ռեգնում

https://regnum.ru/news/polit/2994479.html

27.06.2020, Shame.am

http://www.shame.am/news/view/68435.html

27.06.2020, իրավունք

https://iravunk.com/news/115205

 

Անոտացիա

Արդարացի կլիներ, եթե ՀՀ VI գումարման ԱԺ-ում ներկայացված բոլոր խմբակցությունների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները ստեղծեին հայ հասարակության առողջ հատվածի համախմբման համակարգող խորհուրդ կամ հանձնաժողով, էությունն է կարևոր՝ Նիկոլ Փաշինյանի և КО-ի հակազգային և արդեն հանցագործությունների մեջ խրված հակաժողովրդական հանցախմբին իշխանությունից հեռացնելու պայքարի համար։ Այս աշխատանքը հապաղման ենթակա չէ, քանզի մեր Հայրենիքը վտանգի մեջ է։

 

Հարգելի ընթերցող, հոդվածը ցանկանում եմ սկսել Մոսկվայի Կարմիր հրապարակում Հայրենական Մեծ պատերազմում Խորհրդային ժողովրդի տարած Հաղթանակի 75-ամյա հոբելյանի պատվին կազմակերպված վիթխարի զինվորական շքերթը դիտելիս ունեցած ապրումներիս մասին անկեղծ խոստովանությունից։ Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) քաղաքացիները կարող էին դիտել շքերթի հեռարձակումն ուղիղ եթերով գուցե թե միայն ռուսական առաջատար հեռուստաալիքներով։ ՀՀ հեռուստաալիքներից ոչ մեկը՝ լինի մասնավոր, թե պետական, այդպես էլ անհրաժեշտ չէր համարել դիմել Ռուսաստանի Դաշնության (այսուհետ՝ ՌԴ) իր գործընկերներին՝ խնդրանքով, որպեսզի ամբողջ հանրապետությունում հեռարձակվող հայկական հեռուստաալիքները հնարավորություն ունենային ցուցադրելու հայկական ընտանիքների մեծ մասի համար սրբազան այդ տոնը՝ Հաղթանակի հոբելյանը։ Համոզված եմ, որ մեր ռուսաստանցի բարեկամներն ու դաշնակիցները, եթե նման առաջարկ ստանային, միանշանակ դրական լուծում կտային հարցին։ Այս մասին գրում եմ ցավով, որովհետև ՀՀ մարզերում մեր շատ ու շատ հայրենակիցներին միշտ չէ, որ հասանելի են ռուսական հեռուստաալիքների հաղորդումները։ Ուղիղ եթերով դիտելով Հաղթանակի շքերթը՝ չեմ թաքցնի, աչքերիս առջև հառնեց հորս՝ Խորհրդային Հայաստանի հայտնի կուսակցական և պետական գործիչ Մամիկոն Արտաշեսի Գեղամյանի կերպարը։ 1941թ. հայրս, լինելով ՀամԿ(բ)Կ Կենտկոմին առընթեր Բարձրագույն կուսակցական դպրոցի ունկնդիր, համակուրսեցիների (ԽՍՀՄ միութենական բոլոր հանրապետություններից) և հարյուրավոր կամավորական մոսկվացիների հետ մարում էին հրդեհները Մոսկվայի մատույցներում և նրա արվարձաններում։ Եվ ահա, 44 տարի անց՝ 1985թ. մայիսի 9-ին, Երևանում ես և հայրս ԽՍՀՄ Կենտրոնական հեռուստատեսությամբ դիտում էինք Հաղթանակի զինվորական շքերթը Հայրենական Մեծ պատերազմում Խորհրդային ժողովրդի տարած Հաղթանակի 40-ամյակի կապակցությամբ։

Հիշողությանս մեջ տպավորվել են հորս արցունքով լի աչքերը։ Այն ժամանակ ես հարցուփորձ չարեցի նրան այն մասին, թե ինչ զգացումներ էր ապրում այդ պահին, հարազատներից ու ընկերներից ում էր հիշել, ինչ իրադարձություններ էին դարձել արցունքների պատճառը նրա աչքերում։ Ինձ այնպես էր թվում, թե խոսքերն ու հարցերն այդ օրն ավելորդ էին։ Այդ ժամանակվանից անցել է 35 տարի, և ս.թ. հունիսի 24-ին ես ինձ հանկարծ բռնեցի այն մտքի վրա, որ հետևելով տարբեր զորատեսակների զինվորների հատու քայլքին, ԱՊՀ երկրների, Չինաստանի, Հնդկաստանի, Սերբիայի, Մոնղոլիայի զինվորական պատվիրակությունների զորասյուներին, ինչպես նաև տեսնելով աշխարհում նմանը չունեցող ժամանակակից ռազմական տեխնիկայի և ավիացիայի երթն ու թռիչքը (հատուկ եմ առանձնապես նշում)՝ իմ աչքերը նույնպես լցվել էին արցունքով... Չէի ցանկանա այսուհետ ևս փիլիսոփայել այս թեմայի շուրջ։ Որպեսզի զգացումներս ավելի ամբողջական արտահայտեմ, հարգելի ընթերցող, ընդամենը մեջբերեմ Ռոբերտ Իվանովիչ Ռոժդեստվենսկու «Ռեքվիեմ» պոեմի՝ համամարդկային վշտի և հիշողության այդ սիմֆոնիայի վերջին տողերը. «Սպանե՛ք պատերազմը, անիծե՛ք պատերազմը, Երկրի մարդիկ։ Երազը տարեք տարիների միջով և կյանքով լցրեք... Բայց նրանց մասին, ովքեր էլ չեն գա երբեք, աղերսում եմ՝ հիշեցե՛ք»։

                Կարծում եմ, որ նման զգացողություններն իմ մեջ միանգամայն սպասելիորեն արթնացան հենց այժմ և ահա թե ինչի առիթով։ Եվ այսպես, 2020թ. հունիսի 15-ին թուրքական վերլուծական լրատվական Nordic Monitor ինտերնետ-պորտալը, որը վերահսկվում է Nordic research Monitoring Network ոչ առևտրային շվեդական կազմակերպության կողմից և գործում է Շվեդիայում, տեղադրեց Աբդուլա Բոզթուրքի հոդվածը, որում հրապարակված էր Թուրքիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի տեղեկատվությունը։ Դրանում ասվում էր այն մասին, որ Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը մշակել է Հունաստան և Հայաստան ներխուժելու պլան (https://www.nordicmonitor.com/2020/06/turkey-planned-to-invade-greece-secret-document-reveals/ («Turkey has a plan for the invasion of Greece, secret documents reveal»)։ Այդ փաստաթուղթը Microsoft Power Point-ով (պրեզենտացիաների պատրաստման և դրանց դիտման ծրագիր, որը Microsoft Offise-ի մի մասն է) պրեզենտացիա էր՝ կազմված երկու սլայդից, որոնցից առաջինը կրում էր Harek ât Planlama Direktifi («Գործողությունների պլանավորման դիրեկտիվ») խորագիրը և 2014թ. հունիսի 13 ամսաթիվը։ Երկրորդ սլայդում նշված էր գործողությունների մի քանի պլանների ցանկը, ընդ որում՝ դրանց մեծ մասը ջնջված էր։ Ջնջված չէին միայն երկուսը՝ Հայաստան (կազմված էր 2000թ. օգոստոսի 15-ին) և Հունաստան (2014թ. հունիսի 13) ներխուժման պլանները։ Ինչպես ճշտում է Nordic Monitor-ը, փաստաթուղթը քննիչների կողմից ներկայացվել է դատարան Թուրքիայում 2016թ. օգոստոսին պետական հեղաշրջման փորձի մասին գործի շրջանակում և հայտնվել է գործի նյութերում՝ թուրք զինվորականների էլեկտրոնային նամակների պատճենների բազմության մեջ, ովքեր հանձնել էին գրագրությունը, այդ թվում և գաղտնագրված, քննության պահանջով։ Ընթերցողներին հիշեցնենք, որ դեռևս 2019թ. դեկտեմբերի սկզբին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայ պատգամավոր Կարո Փայլանը գրավոր հարցապնդում էր ուղարկել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին «Nordic Monitor» թուրքական վերլուծական կենտրոնի (որը, կրկնում եմ, գործում է Շվեդիայում)՝ իրեն արդեն հայտնի այդ հրապարակման առիթով։ Կարո Փայլանը, մասնավորապես, նախարարին հարցրել էր, թե իրականում գոյություն ունի արդյոք Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբում Հայաստանի վրա հարձակման ծրագիր՝ «Altay» կոդային անվանմամբ։ «Այդ ծրագիրը դեռևս ակտուա՞լ է։ Ի՞նչ նպատակով և ինչի՞ համար է այն մշակվել։ Մտադի՞ր եք արդյոք ցրելու Հայաստանի ժողովրդի անհանգստությունը՝ պայմանավորված այդ հավաստիացումների հրապարակմամբ»,- իր հարցապնդման մեջ գրել էր քրդամետ Դեմոկրատական կուսակցությունից Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը։ Ընթերցողներին հիշեցնենք մեկ այլ փաստ ևս։ Այսպես, ս.թ. մայիսի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ կտրուկ էր արտահայտվել Հունաստանի և Հայաստանի համագործակցության մասին՝ նրանց հավասարեցնելով ահաբեկիչների և սատանայական ուժերի հետ։ Այսպես, ելույթ ունենալով թուրքական ազգային հեռուստատեսությամբ՝ Թուրքիայի 37-րդ սուլթանը, որը հավակնում է նոր նեոօսմանյան առաջնորդի, XXI դարում Մեծ Թուրանի գաղափարը մարմնավորող ճարտարապետի դերին, մասնավորապես, ասել էր. «Թուրքիան կշարունակի պայքարը ահաբեկչության և արտաքին թշնամիների դեմ՝ սկսած հայկական և հունական լոբբիի սատանայական ուժերից մինչև Պարսից ծոցի թշնամիները, ինչպես նաև նրանց դեմ, ովքեր, օգտագործելով արտասահմանյան ֆինանսական ինստիտուտները, փորձում են մեզ համար ստեղծել սահմանափակումներ»։ Իշխանությունում թուրք բազեների այս ռազմաշունչ գործողությունների ֆոնին միանգամայն այլ իմաստ են ձեռք բերում Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հայտարարությունները։ Այսպես, ս.թ. հունիսի 23-ին ռուսաստանյան Versia.ru ինտերնետ-պորտալը հրապարակեց հոդված «Փիառ հրանոթների փոխարեն» վերնագրով, որում մեջբերված է մի հատված գեներալ-գնդապետ Զ.Հասանովի հարցազրույցից CBC Azerbaycan հեռուստաալիքին։ Հղում կատարելով Haqqin. az ինտերնետ-պորտալին՝ Versia.ru-ն (https://versia.ru/zacem-ministr-oborony-azerbaydzana-reshil-podstavit-rossijscogo-kollegu) հրապարակել է հոդված, որում տրվում է «բացատրությունն» այն բանի, թե ինչպես է, ըստ Հասանովի, Ադրբեջանի և Արցախի Հանրապետության միջև Ապրիլյան (2016թ.) պատերազմի հաջող ելքին խոչընդոտել անձամբ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն. «Սերգեյ Կուժուգեթովիչը շատ լավ է վերաբերվում Ադրբեջանին, մենք նրա հետ շատ լավ և վստահելի հարաբերություններ ունենք։ 2016թ. մարտական գործողությունների ժամանակ, հայկական բանակի մի մասի ջախջախումից, Լելեթեփե բարձունքի գրավումից հետո մենք սկսեցինք առաջ շարժվել Թալիշ գյուղի ուղղությամբ։ Այդ ժամանակ հայերը սկսեցին զանգահարել Սերգեյ Շոյգուին՝ աղերսելով նրան զանգահարել ինձ և խնդրել կանգնեցնել ադրբեջանական բանակի հարձակումը»։ Չեմ ներկայացնի ադրբեջանական և ադրբեջանամետ լրատվամիջոցների արձագանքը քաջարի նախարարի սույն «հայտնություններին» այս թեմայի վերաբերյալ, այլ ընդամենը մի մեջբերում կկատարեմ ադրբեջանամետ հայտնի ինտերնետ-պարբերականից։ Այսպես, ս.թ. հունիսի 24-ին Pravda.ru ինտերնետ-պարբերականում հրապարակվեց հոդված «Զաքիր Հասանովի հեռախոսային ճակատը. ո՞ւմ շահերից ելնելով է Ադրբեջանի պաշտպանության նախարարը բացել «ռազմական գաղտնիքներ» հանրապետության Զինված ուժերի օրվա նախօրեին» վերնագրով, որում հեղինակ Իրինա Գուսակովան, մասնավորապես, գրում է. «Նաև միանգամայն արդարացի է ենթադրել, որ հղումը Սերգեյ Շոյգուին ընդամենը հնարք է, քողարկվելու գործողություն։ Միանգամայն հնարավոր է, որ հարձակումից հրաժարվելը տեղի է ունեցել այլ ուժերի «խնդրանքով»... Դժվար է պատմության մեջ գտնել, եթե առհասարակ հնարավոր է գտնել, ռազմական գերատեսչության կողմից ղեկավարության և մարտական գործողությունների վարման հանդեպ նման վերաբերմունքի անալոգներ»։ Կարծում եմ, որ Զաքիր օղլիի տեղեկատվական այս արտահոսքի դրդապատճառները շուտով կբացահայտվեն, իսկ մինչ այդ նշենք, որ Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, խոսելով Ապրիլյան (2016թ.) պատերազմի մասին, ներկայացրել է այն օրերի իրադարձությունների օբյեկտիվ պատկերը։ Նա ասել է, որ Ադրբեջանը, կենդանի ուժի (տասնապատիկ գերազանցել են հայկական կողմի կորուստները) և տեխնիկայի զգալի կորուստներ կրելով, ստիպված էր խնդրել դադարեցնել մարտական գործողությունները Ռուսաստանի Դաշնության Գլխավոր շտաբի միջնորդությամբ։ Այսպես, 2016թ. ապրիլի 5-ին Ադրբեջանի և Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբների պետերի միջև ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն հրադադարի մասին։ Սակայն Զաքիր Հասանովը այսքանով չի սահմանափակվում։ Հաջակցություն թուրքական 37-րդ սուլթանի ռազմաշունչ հարձակումների՝ նրա ադրբեջանական ռազմական ենթավարպետը, ինչպես գրում է ինտերնետ-պարբերականը (https://irevanz.com/rus/index.php?newsid=6329), «Զաքիր Հասանով. «Ոչ մի բուֆերային գոտի չի փրկի թշնամուն արդար հատուցումից» վերնագրով հոդվածում, հանձին Հասանովի հայտարարել է. «Մենք ունենք հակառակորդին ջախջախելու բոլոր հնարավորությունները, և թշնամին դա լավ գիտի»։ Այնուհետև մուալիմ Զաքիրը անհեթեթ է անվանում հայկական կողմի հայտարարություններն այն մասին, թե «Լեռնային Ղարաբաղին հարակից՝ օկուպացիայի մեջ գտնվող ադրբեջանական շրջանները կարող են համարվել բուֆերային գոտի (խոսքն Արցախի Հանրապետության շուրջ անվտանգության գոտու մասին է, որը վերահսկվում է նրա զինված ուժերի կողմից – Ա.Գ.)։ Նախ՝ սա լրիվ անհեթեթություն է։ Երկրորդ՝ մենք չպետք է մոռանանք Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մասին։ Ադրբեջանի նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կարգադրությամբ Նախիջևանում կազմավորվել է հզոր բանակային միավորում՝ Առանձին համազորային բանակ։ Այն իր զինանոցում ունի համազարկային կրակի հրթիռային համակարգեր։ Ադրբեջանական բանակի մարտական պատրաստվածությունը և ռազմավարական դիրքերը մեր մեջ վստահություն են տեղծում առ այն, որ ոչ մի բուֆերային գոտի չի փրկի թշնամուն արդար հատուցումից»,- ասել է Հասանովը։ Տարօրինակ է, որ «հայտնությունների» սիրահար քաջարի Զաքիր օղլին չի շարունակել միտքը՝ պատվելի աշխարհին տեղեկացնելով այն մասին, որ Նախիջևանում գտնվող զինված ուժերի զինվորական ղեկավարությունն ամբողջովին գտնվում է Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի իրավասության ներքո, ինչը ոչ այլ ինչ է, եթե ոչ Պոլիշինելի գաղտնիք Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի համար։ Նշենք, որ նրա հասցեին բավական հատկանշական արձագանքներ են արվում նաև վերոնշյալ «Փիառ հրանոթների փոխարեն» հոդվածում՝ վերցված այդ նույն Haqqin.az ինտերնետ-պարբերականից։ Չեմ կարող զսպել գայթակղությունս, ի դեպ՝ նաև որպեսզի տեղեկատվությունն ամբողջական լինի, և չներկայացնել միայն ադրբեջանցի բլոգերների որոշ գրառումներ՝ հրապարակված Haqqin.az-ում և վերցված Facebook-ի աքաունթներից։ «...Ստացվում է այնպես, որ ադրբեջանական բանակը ենթարկվում է Շոյգուի՞ն։ Առանց նրա հրամանի չի՞ կարելի հարձակվել։ Խայտառակություն», կամ էլ՝ «30 տարվա մեջ մի գյուղ թե մի բարձունք են ազատագրել»... «Շոյգուն զանգահարեց», «ջախջախեցինք բանակը», իսկ ֆելդմարշալ Պաուլյուսն այնտեղ չէ՞ր»։ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ Facebook-ի ադրբեջանցի այսքան բծախնդիր օգտատերերը համառորեն չեն նկատում բազմիցս ստուգված մի իրողություն, դիցուք. սկսած 2010թ. դեկտեմբերի 21-ից՝ Ադրբեջանի Միլի մեջլիսի կողմից «Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության և փոխգործակցության մասին պայմանագիր» անունը կրող փաստաթղթի վավերացումից հետո, որն ստորագրվել է 2010թ. օգոստոսի 16-ին այդ երկրների նախագահների կողմից, ափշերոնյան սուլթանության, ասել է թե՝ Ադրբեջանի զինված ուժերի փաստացի ղեկավարությունն ամբողջովին գտնվում է Թուրքիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի տիրույթում։ Եվ  Զաքիր օղլիի կողմից որքան պարզունակ, նույնքան էլ խորամանկ հիշատակումն իբր Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Կուժուգեթովիչ Շոյգուի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին, որից հետո դադարել է ադրբեջանական բանակի հարձակումը, հետապնդում է միայն մի նպատակ, այն է՝ Հայաստանի և Արցախի Հանրապետության քաղաքացիների ենթագիտակցության մեջ մտցնել միտքն այն մասին, որ եթե Ադրբեջանը նոր ռազմական ագրեսիա սանձազերծի Արցախի Հանրապետության դեմ (իսկ ադրբեջանա-թուրքական բազեների վերջին բոլոր գործողությունները համոզիչ կերպով վկայում են նրանց կողմից ռազմական գործողություններ սկսելու հնարավորության մասին), դա կձեռնարկվի միայն Ռուսաստանի պաշտպանության նախարարի գիտությամբ և օրհնությամբ։ Դե ինչ, նեոօսմանյան նենգ, բազմադեմ, զզվելի քաղաքականության բնորոշ փոքրիկ նմուշ։ Ընդ որում՝ Զ.Հասանովը բնավ պատահական չէ, որ խոսում է Նախիջևանում տեղակայված բավական լուրջ զինված ուժերի (թուրքական) մասին։ Նրանց ապագա գործողությունների մարտավարությունը պարզ է. սադրել ռազմական բախումներ հայ-ադրբեջանական պետական սահմանին Նախիջևանի շրջանում՝ նպատակ ունենալով գնդակոծության տակ առնել Արարատի մարզը Զանգեզուրի, ասել է թե՝ Արցախի հետ կապող ռազմավարական ճանապարհը՝ դրանով իսկ զրկելով հայկական կողմին Արցախի զինված ուժերին մատակարարելու հնարավորությունից, միաժամանակ լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սկսելով Արցախի Հանրապետության դեմ։ Սպասվող նման ռազմական արկածախնդրությունից հետո բանից անտեղյակ ընթերցողներին կհիշեցնեն «Կրեմլի բանսարկությունների», Մոսկվայի կողմից ադրբեջանական զինվորականությանը հավանություն տալու մասին՝ առնվազն ՌԴ պաշտպանության նախարարի մակարդակով։ Նման հնարավոր գործողության տեղեկատվական նախապատրաստմանն էր նվիրված նաև ափշերոնյան սուլթան Իլհամ Ալիևի ելույթը Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհուրդ) VII գագաթաժողովում, որը տեղի է ունեցել 2019թ. հոկտեմբերին Բաքվում։ Հիշեցնենք ընթերցողներին, որ հանդես գալով այս միջոցառման ժամանակ՝ Ի.Ալիևը, մասնավորապես, ասել էր. «Ինչպես գիտեք, Նախիջևանն անջատված է Ադրբեջանի մայրցամաքային մասից։ Նրանց միջև ադրբեջանական հինավուրց հող Զանգեզուրն է։ Նրա հանձնումը Հայաստանին աշխարհագրորեն կիսել է Թյուրքական աշխարհը»։ Ավելին, Զանգեզուրի հարցին հենց այդ ժամանակ՝ 2019թ. հոկտեմբերին նվիրվեց մի ամբողջ հոդված Minval.az-ում (minval.az/news/123928372)՝ «Ադրբեջանը վերադարձնում է Զանգեզուրի հարցը օրակարգ» վերնագրով, որում ափշերոնյան սուլթանի ոչ անտաղանդ խոսափող Թոֆիգա խանումը, նույն ինքը՝ քաղաքական մեկնաբան Նուրանին, ամենայն անկեղծությամբ բացում է տեղեկությունն Ադրբեջանի իսկական ռազմավարական դաշնակիցների մասին։ Միայն մեկ մեջբերում կատարենք այդ հոդվածից. «Վերջապես, կա նաև հարցի այնպիսի կողմ, ինչպիսին Հայաստանի քնքուշ բարեկամությունն է Իրանի հետ, որը ներառում է և՛ զենքի ապօրինի տարանցումը իրանամետ արմատական խմբավորումներին, և՛ հատուկ ծառայությունների համագործակցությունը, այդ թվում և ԱՄՆ-ի դեմ «աշխատանքում», և՛ զենքի համատեղ արտադրությունը։ Այս համապատկերում և՛ զավթված, նշանակում է՝ Իրանի հետ Ադրբեջանի պետական սահմանի՝ ոչ մեկի հսկողությանը չենթարկվող հատվածը, և՛ այն, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնին՝ Հարավային Կովկաս կատարած այցելության ժամանակ, չհաջողվեց պայմանավորվել հենց Հայաստանի հետ պատժամիջոցների ռեժիմի պահպանման մասին, այսպես ասենք՝ «Զանգեզուրի հարցին» նոր ակտուալություն են հաղորդում։ Եվ եթե անգամ ինքը՝ Բոլթոնը, հրաժարական է տվել, ապա ԱՄՆ անհանգստությունը Իրանում և նրա շուրջ կատարվող իրադարձություններից ոչ մի տեղ չի անհետացել։ Եվ սա նույնպես միանգամայն այլ «ընթերցում» է հաղորդում Զանգեզուրի այդ նույն հարցին։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանն իր ագրեսիվ նկրտումների համար, միանգամայն հնարավոր է, ստիպված կլինի վճարել նաև «տարածքային» գին։ Մանավանդ որ ուժերի թե՛ ռազմական, թե՛ քաղաքական դասավորությունն այժմ փոխվում է ոչ հօգուտ նրա»։ Այսինքն՝ Թոֆիգա խանումը ոչ երկիմաստորեն հայտարարում է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի ապագա ռազմական ագրեսիայի աջակցության մասին։

Կարծում եմ, որ հետագա մեկնաբանություններն ավելորդ են։ Ես այսքան մանրամասն ներկայացրի ադրբեջանա-թուրքական բազեների վերջին հայտարարություններն ու գործողությունները, որպեսզի այս համատեքստում հարգելի ընթերցողին ցույց տամ ՀՀ «ժողվարչապետ» Նիկոլ Վովայի Փաշինյանի ողջ անգրագիտությունը, իսկ գուցե պարզապես դավաճանական էությունը, որը Հարավային Կովկասի, Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ստեղծվող այսքան բարդ աշխարհաքաղաքական իրադրությունում զբաղված է միանգամայն այլ գործերով։ Նրա գործողությունների բովանդակությունը հանգեցվում է հայ հասարակության պառակտման խորացմանը։ Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, փորձեմ հակիրճ նշել նիկոլվովաևիչյան խառնամբոխի՝ էությամբ դավաճանական գործունեության հիմնական կետերը։

Հարգելի ընթերցող, 2018թ. ապրիլ-մայիսից, ՀՀ-ում պետական հեղաշրջման իրականացումից հետո ես քանիցս գրել եմ այն մասին, որ Հայաստանում պետական հեղաշրջման հետևում կանգնած է ԱՄՆ-ը, իսկ նրա շարժիչ ուժը դարձան բազմաթիվ, այսպես կոչված, հասարակական կազմակերպությունները, որոնք արդեն ավելի քան տասը տարի շռայլորեն սնվում են Ջորջ Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամից, «Կյանքի խոսք» տոտալիտար կրոնական աղանդի հետևորդներն ու օրեցօր լկտիացող ԼԳԲՏ հանրույթի ակտիվիստները, ինչպես նաև ԱՄՆ և Արևմտյան Եվրոպայի տարատեսակ դեմոկրատական ինստիտուտներն ու հիմնադրամները։ Նրանց հիմնական խնդիրը հանգեցվում էր հայկական քրիստոնեական ընտանեկան ավանդույթների խարխլմանը, իսկ վերջնանպատակը՝ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների խզմանը։ Խորին երախտագիտությամբ պետք է նշեմ, որ իմ երկյուղները առանձին հոդվածների ձևով հրապարակվել են ռուսաստանյան հայրենասիրական հեղինակավոր REGNUM տեղեկատվական գործակալության ինտերնետ-պարբերականում, ինչպիսիք են. «Քոչարյանն իմ ընկերը չէ, բայց ճշմարտությունն ավելի թանկ է» (2018թ. օգոստոսի 2), «Ռուսաստանի և Հայաստանի ռազմաքաղաքական դաշինքի այլընտրանքը պատերազմն է» (2018թ. հոկտեմբերի 5), «Օրակարգում Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշինքի խզումն է» (2018թ. հոկտեմբերի 28), «Լեռնային Ղարաբաղում պատերազմ սանձազերծելով՝ կխփեն Ռուսաստանին» (2018թ. նոյեմբերի 3), «Հայաստանը և հայերը հուսալիորեն պաշտպանված են Ռուսաստանի կողքին»  (2019թ. հուլիսի 9)։ Եվ այս թեմայով հրապարակումների ցուցակը կարելի է շարունակել։ Արձանագրելով փաստը, այլ ոչ թե զբաղվելով ինքնափիառով, ինչպես Զաքիր օղլին, նշեմ, որ այն ժամանակ ՀՀ քաղաքական գործիչներից շատ քչերն էին համաձայն այս հաշվով իմ ունեցած տագնապների հետ։ Ուստի, ինձ համար շատ կարևոր և, չեմ թաքցնի, ուրախալի էր, որ մեր օրերում Հայաստանի կրթված երիտասարդ հասարակական-քաղաքական գործիչներն ավելի ու ավելի են համոզվում Հայաստանի Հանրապետության հանդեպ հավաքական Արևմուտքի երկերեսանիության մեջ։ Այսպես, ս.թ. հունիսի 14-ին «Ադեկվադ» միաբանության անդամները ամերիկյան դեսպանատուն տարան շնորհակալագիր՝ երախտագիտություն հայտնելով, որ անտեսվում են ՀՀ ընդդիմադիր ուժերի բողոքների մասնակիցների հանդեպ Հայաստանի իշխանությունների (իրենց սրտին մոտ ու սիրելի) կազմակերպած ճնշումները։ Այդ ակցիայի մասնակիցների պաստառների վրա գրված էր. «Շնորհակալություն լռության համար»։ «Ադեկվադ» միաբանության առաջնորդներից մեկը՝ Արթուր Դանիելյանը, այդ օրը շատ դիպուկ նկատեց. «Չնայած կորոնավիրուսի հետ կապված ծանր իրավիճակին՝ մենք ստիպված ենք նշել այս օրը որպես տոն, կեղծ բարեպաշտության տոն... Վերջապես «դեմոկրատիա» անունը կրող ֆուֆլոն, որը մեզ կերցնում էին այս բոլոր տասնամյակներին, թե, իբր, պետությունը չպետք է ճնշումներ կիրառի, թե, իբր, «խոսքի ազատություն» է և այլն, աշխատում է միայն այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է իրենց գործակալական ցանց չհանդիսացող մարդկանց... Մենք եկել ենք ԱՄՆ դեսպանատուն, որպեսզի հայտնենք մեր համերաշխությունն ամերիկացիներին ու նրանց կառավարությանը լռության համար... Մենք փորձելու ենք մեր շնորհակալագիրը հանձնել դեսպանության աշխատողներին, քանի որ մենք նույնպես կարծում ենք, որ օտարերկրյա դեսպանությունները չպետք է միջամտեն Հայաստանի ներքին գործերին, այնպես, ինչպես հիմա անում է ԱՄՆ դեսպանությունը։ 30 տարի դեսպանությունը դա չի արել և մշտապես միջամտել է, իսկ հիմա չի միջամտում»։ Ավելի հասկանալի չես ասի, հաճելի է նմանություններ անցկացնել անցյալի հետ։ Ի՞նչ նկատի ունեմ։ Արդեն թևավոր է դարձել ԱՄՆ 32-րդ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտին վերագրվող արտահայտությունը, որը, խոսելով Նիկարագուայի դիկտատոր Անաստասիո Սոմոսայի (ավագի) մասին, ասել է. «Նա շանորդի է, բայց մեր շանորդին է»։ Այժմ «Մեր շանորդին» կարգախոսը ինքնատիպ ռազմավարություն է դարձել, որի համաձայն՝ ԱՄՆ-ը աջակցում է ավտորիտար առաջնորդներին և բացահայտ հանցագործներին (Նիկոլ Վովաևիչի՝ իր իսկ սիրեցյալի հավաքական կերպարը, ինչպիսին նա ընկալվում է ՀՀ բազմաթիվ ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից) այնքան ժամանակ, քանի դեռ նրանց ռեժիմները լոյալ են ԱՄՆ-ին։ Ավելին, ԱՄՆ-ը արդարացնում է այդ միջամտությունը պետությունների ներքին գործերին՝ քողարկվելով «մարդու իրավունքների համար պայքարի», «քաղաքացիական հասարակության զարգացման» կարգախոսներով ու այլ բարեհիմարություններով (այդ հասկացությունների բուն էության խեղաթյուրման հետևանքով), ընդ որում՝ հիանալի գիտակցելով, որ իրենց արարքները հանգեցնում են փորձարկվող երկրների պետականության քայքայմանը։ Հատկանշական է, որ ս.թ. հունիսի 7-ին 168.am ինտերնետ-պարբերականը հրապարակեց ՀՀ հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի Բաց նամակը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին և ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին։ Նամակում VI գումարման խորհրդարանի նախկին պատգամավորն արդարացիորեն նշում է. «Արդեն մեկ տարուց ավելի հետևում եմ ձեր ինստիտուտների գործունեությանը Հայաստանում։ Հիշում եմ` տարիներ առաջ ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված նույնիսկ ամենաչնչին խնդիրների դեպքում ձեր կամ ձեզ աֆիլիացված կառույցների արձագանքը չէր ուշանում, և դա իրոք սթափեցնող դեր էր կատարում իշխանական այրերի համար, որ չգայթակղվեն և իշխանություն կիրառելը չչարաշահեն»: Այնուհետև Մ.Հակոբյանը արդարացիորեն կշտամբում է դիվանագետներին «կուրության» համար, որ չեն նկատում  օրենքի և քաղաքական մոտիվներով հետապնդումների ենթարկվող ՀՀ քաղաքացիների իրավունքների աղաղակող խախտումները, միևնույն ժամանակ, նա հատկապես ընդգծում է, որ ԱՄՆ և ԵՄ սույն՝ երկակի չափորոշիչների վրա հիմնված քաղաքականությունը «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանի հպարտության առարկան է։ Ի՞նչն է հատկապես արժեքավոր խորհրդարանի նախկին պատգամավորի նամակում, այն, որ դա ուղղակի նախազգուշացում է բարձրաստիճան դեսպաններին, որ իրենց կարծիքը լիովին կարհամարհվի ՀՀ-ում իշխանափոխությունից հետո։ Այս առնչությամբ կցանկանայի նշել, որ այսօրվա Հայաստանում հավաքական Արևմուտքի գործունեության նման օբյեկտիվ կոշտ գնահատականը, հազվադեպ բացառություններով, գերակշռող է քաղաքական դաշտում։ Դե ինչ, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք։

Կարդալով այս տողերը՝ ընթերցողը միանգամայն արդարացիորեն կարող է հարց տալ՝ իսկ ինչո՞վ է Նիկոլ Վովաևիչն այդքան գերել ԱՄՆ և Եվրամիության դեսպաններին։ Իր ճերմակող մորուքո՞վ՝ հազիվ թե, իսկ գուցե ուսյալությա՞մբ, նույնպես ոչ, ի վերջո ոչ Օքսֆորդում, ոչ էլ Քեմբրիջում, կամ էլ ՄՊՀ-ում է նա ստացել իր անավարտ բարձրագույն կրթությունը։ Սովորական պոպուլիստ Նիկոլ Վովաևիչի անձի հանդեպ հավաքական Արևմուտքի այսքան անթաքույց համակրանքի դրդապատճառները միանգամայն բացատրելի են, քանի որ նրա վրա է դրված շատ որոշակի առաքելություն, դիցուք. հայոց պետականության հիմքերի թուլացման, հայ ժողովրդի քրիստոնեական քաղաքակրթական կոդի քայքայման ճանապարհով հասնել հայ հասարակության պառակտման խորացմանը՝ այն արհեստականորեն «հեղափոխականների» և «ռևանշիստների» բաժանելու, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքական էլիտաների միջև աստիճանաբար թշնամանքի իրադրություն ստեղծելու հիման վրա, ինչը վերջնարդյունքում պարարտ հող կստեղծի  Ադրբեջանի և Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի Հանրապետության միջև ադրբեջանա-թուրքական զինվորականության կողմից նոր պատերազմ սանձազերծելու համար։ Այդ անխուսափելի ռազմական ագրեսիայի սկսվելու մեղավորն արդեն նշանակված է՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, հայրենասեր-դերժավնիկ Սերգեյ Կուժուգեթովիչ Շոյգուն։ Աստված մի արասցե,  բայց այս մինիմում-ծրագրի իրականացմամբ Թուրքիայի 37-րդ սուլթան Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր կրտսեր պաշտոնակցի՝ ափշերոնյան սուլթան Իլհամ Ալիևի հետ միասին, կանխավայելելով իրենց բաղձալի երազանքի իրականացման՝ Ջիբրալթարից մինչև Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար օկրուգ իսլամական աղեղի ստեղծման մոտ լինելը, ձեռնամուխ կլինի «Բ» պլանի իրագործմանը, որի էությունը Հայաստանում այնպիսի պայմանների ստեղծումն է, երբ ՀՀ իշխանությունները կփորձեն հանել 102-րդ ռուսական ռազմակայանը Գյումրիից, Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության չորս սահմանապահ ջոկատները և ռուսական «Էրեբունի» ռազմաօդային բազան Երևանից։ Այս մասին քանիցս գրել եմ իմ հոդվածներում, որոնք հրապարակվել են REGNUM տեղեկատվական գործակալությունում, և որոնք այնուհետև վերահրապարակվել են ՀՀ մեկ-երկու ինտերնետ-պարբերականներում։ Իսկ ի հակակշիռ՝ շուրջօրյա հեռարձակվող տասնյակ ինտերնետ-հեռուստատեսություններ և լրատվամիջոցներ, որոնք շռայլորեն ֆինանսավորվում են Ջորջ Սորոսի այդ նույն չարաբաստիկ «Բաց հասարակություն» հիմնադրամի և հավաքական Արևմուտքի տարատեսակ դեմոկրատական ինստիտուտների ու հիմնադրամների կողմից, բավական հետևողականորեն թունավորում են Հայաստանի՝ քաղաքականությանը ոչ քաջատեղյակ քաղաքացիների գիտակցությունը ՀՀ տարածքում այդ ռազմական կառույցների գտնվելու վտանգի մասին։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ հատկապես նշել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի կողմնակիցների մարդասիրությունն ու մեծահոգությունը, որոնք, ըստ երևույթին, խնայելով Նիկոլ Վովաևիչին, զրկել են ինձ իրենց ենթակա հեռուստաալիքների էկրաններից և այլ լրատվամիջոցներով այս հաշվով ունեցածս տագնապները պատմելու հնարավորությունից։ Հարգելի ընթերցողը կարող է մտածել, օրինակ, որ ինձ հնարավորություն չեն տալիս հանդես գալ հեռուստաալիքներով գուցե այն պատճառով, որ նիկոլվովաևիչյան հանցախմբի հակաժողովրդական գործունեության իմ գնահատականներն այնքան էլ ակտուալ չեն։ Առանց կեղծ համեստության չեմ համաձայնի այս կարծիքին այն պարզ պատճառով, որ իմ հոդվածները, որոնք հրապարակվում են հայկական ինտերնետ-պարբերականներում, մասնավորապես՝ Shame.am կայքում, դիտում է առնվազն 35 հազար ընթերցող, և ավելին, օրինակ՝ տեսահոլովակը, որը նկարահանվել է REGNUM տեղեկատվական գործակալությունում հրապարակված իմ «Պատերազմը Հայաստանի և Արցախի շեմին է» հոդվածի հիման վրա, անցած ամիս դիտել է 120 689 մարդ, ընդ որում՝ գնահատողների թվի 68,4%-ը տեսահոլովակը հավանել է (տե՛ս https://youtu.be/tvwpHECHARQ)։ Այս տվյալները ներկայացնում եմ բնավ ոչ ինքնագովազդի համար, այլ որպեսզի ցույց տամ, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծվող իրավիճակի իմ գնահատականները պահանջված են, և որ պակաս կարևոր չէ՝ դրանք միանգամայն համահունչ են Հայաստանի իսկական ընդդիմադիր ուժերի մոտեցումներին, այդ թվում և Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների ճամբարից։

Հարգելի ընթերցող, կարելի էր բոլորովին թարմ օրինակներ ներկայացնել հիմա արդեն սահմանադրական հեղաշրջման ոլորտից, որը կատարեցին Նիկոլ Վովաևիչն ու նրա 88 սխրակիցները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում։ Հարգելի ընթերցողին հիշեցնեմ, որ ս.թ. հունիսի 22-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում կառավարող «Իմ քայլը» խմբակցությունը «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանի ուղղակի ճնշմամբ և ղեկավարությամբ կատարեց հանցագործություն, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով (Պետական իշխանության յուրացում)՝ սահմանադրական լիազորություն ստացավ Հայաստանի Սահմանադրությունում ՀՀ Սահմանադրական դատարանի մասին փոփոխություններ մտցնելու մասով։ Նշենք նաև, որ ս.թ. հունիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը էլեկտրոնային փոստով Հայաստանի Սահմանադրական դատարան ուղարկեց հայց, որով վիճարկվում են Հիմնական օրենքում ՀՀ ԱԺ-ի կողմից ս.թ. հունիսի 22-ին մտցված փոփոխությունները, իսկ արդեն ս.թ. հունիսի 26-ին ընդդիմադիր խորհրդարանականները Հայաստանի Սահմանադրական դատարանին հանձնեցին այդ փաստաթղթի թղթային տարբերակը։ ՀՀ գործող օրենքին համապատասխան՝ 15 օրվա ընթացքում Սահմանադրական դատարանը պետք է ընդունի որոշում այն մասին, թե վարույթ կընդունվի արդյոք  այդ դիմումը։

Վերջին օրերի քաղաքական առօրյայի այսքան մանրամասն նկարագրությունը հետապնդում էր միայն մեկ նպատակ՝ ցույց տալ ՀՀ իշխանավորների լիակատար անհամարժեքությունը Հայաստանի ազգային անվտանգության ահեղ մարտահրավերներին։ Այս անվիճելի փաստը վկայում է կամ զբաղեցրած պաշտոններին նրանց բացարձակ անձեռնհասության, կամ իրենց անդրօվկիանոսյան ուղեվարների հանցավոր հրահանգներին կուրորեն հետևելու մասին։ Ի դեպ, մեր պարագայում այդ երկու հանգամանքն էլ փոխկապակցված են և տեղի են ունենում միաժամանակ։ Իսկ այդ ընթացքում մեծ ճանապարհների բոցաշունչ տրիբուն Նիկոլ Վովաևիչը՝ իր իսկ սիրեցյալը, ս.թ. հունիսի 25-ին, ելույթ ունենալով Ազգային ժողովում, ամենաստոր մակդիրներով պիտակավորեց «Բարգավաճ Հայաստանի»՝ այսօրվա դրությամբ ՀՀ ԱԺ միակ ընդդիմադիր խմբակցության պատգամավորներին՝ տեղեկատվական դաշտ նետելով նոր «մերկացումներ» ինչպես «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորների, այնպես էլ նախկին իշխանությունների իբր հանցավոր գործունեության մասին։ Նշենք, որ 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո անցած երկու տարի երկու ամսվա ընթացքում հայ քաղաքացիներն այդպես էլ չդարձան Նիկոլ Վովաևիչին ենթակա դատարանների կայացրած՝ նախկին «կոռուպցիոն» իշխանությունների հանցավոր արարքները դատապարտող գոնե մեկ դատավճռի ականատեսները։ Մի խոսքով՝ հացի, այսինքն՝ մեր պարագայում օտարերկրյա և ներքին ներդրումների բացակայության պայմաններում մեր անգերազանցելի պոպուլիստը հերթական թամաշայի շռայլությունն արեց, որի սիրահարն են շարունակում մնալ, ավաղ, Հայաստանի բնակչության՝ կարիքից կամազուրկ դարձած որոշակի շերտերը։ Դե ինչ, ամփոփելով վերոշարադրյալը՝ խոստովանենք, որ ժամանակն աշխատում է Թուրքիայի և Ադրբեջանի, Նիկոլ Վովաևիչի անդրօվկիանոսյան տիկնիկավարների օգտին։ Խոստովանենք նաև, որ ընդդիմադիր ուժերի դեռևս տարանջատ գործողությունները (որոնց հետևելով՝ տպավորություն ես ստանում, թե նրանք ավելի շատ մտահոգ են իրենց երևակայական առաջնորդին պարզելով, այլ ոչ թե հայոց պետականության կորստի մահացու սպառնալիքի չեզոքացման գործնական քայլերով, որի իրագործման ճանապարհով անշեղորեն ընթանում է ազգային արհավիրքը՝ Նիկոլ Փաշինյան անունով) պարարտ հող են ստեղծում հայոց պետականության հիմքերի խարխլման համար։ Ընթերցողը կարող է իրավացիորեն նախատել ինձ, քանի որ նկարագրում եմ ՀՀ տագնապալի իրավիճակը՝ առանց երկիրն այդ վտանգավոր վիճակից դուրս բերելու կոնկրետ առաջարկություններ անելու։ Դե ինչ, հայտնեմ նաև իմ կարծիքը երկիրը ստեղծված չափազանց վտանգավոր իրադրությունից հանելու ճանապարհների մասին։ Կարծում եմ, որ Հայաստանի օբյեկտիվ մտածող քաղաքական գործիչները կհամաձայնեն, որ ՀՀ VI գումարման Ազգային ժողովի ցրումը անօրինական գործողություն էր, որն իրականացվեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ապագա դիկտատոր Նիկոլ Փաշինյանի գործարքի արդյունքում, իհարկե՝ ոչ առանց օվկիանոսի այն կողմից և մառախլապատ Ալբիոնի ափերից հնչող հուշումների։ Հիշեցնեմ, որ ՀՀ նախագահը 20 օր մահուդի տակ պահեց ՀՀ VI գումարման ԱԺ «ԱԺ կանոնակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումը և միայն սահմանված ժամկետի վերջին օրը դիմեց ՀՀ Սահմանադրական դատարան՝ Հայաստանի Սահմանադրությանն այդ օրենքի համապատասխանությունը որոշելու համար։ Արդյունքում՝ ՀՀ VI գումարման ԱԺ-ը փողոցի ուղղակի ճնշման ներքո ցրվեց։ Այսինքն՝ արդարացի կլիներ, եթե ՀՀ VI գումարման ԱԺ-ում ներկայացված բոլոր խմբակցությունների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները ստեղծեին հայ հասարակության առողջ հատվածի համախմբման համակարգող խորհուրդ կամ հանձնաժողով, էությունն է կարևոր՝ Նիկոլ Փաշինյանի և КО-ի հակազգային և արդեն հանցագործությունների մեջ խրված հակաժողովրդական հանցախմբին իշխանությունից հեռացնելու պայքարի համար։ Բնական է, որ այդ խորհրդի (հանձնաժողովի) կազմի մեջ պետք է մտնի ՀՀ երրորդ նախագահ, ՀՀ VI գումարման խորհրդարանում մեծամասնություն ունեցած Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը, ինչպես նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը, ՀՀ Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը, Հայաստանի Հանրապետության հայտնի պետական գործիչ Դավիթ Շահնազարյանը, հայտնի քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը և այլք։ Անվիճելի է, որ Խորհրդի աշխատանքում պետք է ներգրավված լինեն կրթված և հայրենասեր ուժեր, որոնց մասին նշվեց սույն հոդվածում, և նրանց դաշնակիցները նոր ստեղծված քաղաքական կուսակցություններից։ Ընդ որում՝ այս աշխատանքը հապաղման ենթակա չէ, քանզի մեր Հայրենիքը վտանգի մեջ է։ Համոզված եմ, որ հարցի նման առաջադրմանը կհամաձայնի քաղաքական ուժերի ղեկավարների մեծ մասը, որոնց համար առաջին տեղում հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունն է։ Իսկ հայրենասիրական ուժերի նշանաբանը պետք է լինեն «Հայաստանի ազգային շահերի դավաճանությունը չի՛ անցնի» բառերը։      

 

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ

Последние видеоматериалы

Новые книги