Փաշինյանի սադրանքը Ստեփանակերտում սպառնում է Հայաստանի և Արցախի դեմ պատերազմով
17.08.2019, Ռեգնում
https://regnum.ru/news/polit/2692788.html
Անոտացիա
Ստեփանակերտում Փաշինյանի բացահայտ սադրիչ ելույթը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հնարավոր ագրեսիայի համար նպաստավոր տեղեկատվական ֆոն է ստեղծել։ Եվ իր այդ բարեհիմարությունը նա մտադիր է կրկնել Լոս Անջելեսում։ Իսկական մտադրությունը մեկն է. ձեռք բերել իբր ողջ հայության աջակցությունը Հայաստանի և Արցախի վերամիավորման գործում։ Իսկ արկածախնդրության արյունալի հետևանքները և դրա պատասխանատվությունը նա կջանա դնել ողջ հայ ժողովրդի ուսերին։ Ավաղ, Փաշինյանը սրանով զրոյի հավասարեցրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը։
Մինչ հոդվածը սկսելը՝ ինձ համար կարևոր էր, որ ինքս մանրազնին և անաչառ կերպով հասկանայի, թե ինչ է իրականում կատարվում մեր օրերում Հայաստանում։ Ուշադիր վերլուծելով ինտերնետ պարբերականների հրապարակումների, Faacebook-յան ուղիղ եթերների, դրանց արձագանքների և քաղաքական թեմատիկային անդրադարձող հանրածանոթ հեռուստահաղորդումների որքան հնարավոր է լայն ընդգրկում, ես ամենահակասական զգացողություններ ունեցա։ Գերակշռողը ինչ-որ վիրտուալ աշխարհի զգացողությունն էր, որում ահա արդեն 16 ամիս գտնվում է Հայաստանը։ Այդ աշխարհը ներառում է թե՛ ափսոսանք, թե՛ ցասում այն փաստի գիտակցումից, որ հնագույն հայկական քրիստոնեական քաղաքակրթությունը, հայ ժողովուրդն այսքան անպաշտպան են և հայտնվել են ազգի այլասերման, նրա քրիստոնեական ընտանեկան ավանդույթների սասանման որքան պրիմիտիվ, նույնքան էլ նենգ տեխնոլոգիաների ազդեցության ներքո։
Արդյունքում՝ մեր քաղաքացիներից շատերը դարձել են այն հայեցակարգի զոհերը, որն ամբողջովին ջնջում է հանրային ելույթներում կարծիքների թույլատրելի շրջանակի առկայությունը, արհամարհում հանրային բարոյականության նորմերը, հայեցակարգ, որը հայտնի է որպես «Օվերթոնի պատուհան»։ Երբ, օրինակ, հայկական ընտանիքի ավանդույթների տեսակետից անընդունելի բաները, որոնք ժամանակակից տերմինաբանությամբ կազմում են ԼԳԲՏ հանրույթի էությունը, արդեն դադարում են արմատական լինել և մատուցվում են հայ հանրությանը որպես միանգամայն ընդունելի իրողություններ։ Ավելին, Հայաստանի գործող իշխանությունները ցանկանում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջոցով օրինականացնել պետականությունը խափանող այդ սոդոմական դրսևորումները՝ դրանով իսկ դրանց հաղորդելով մի ինչ-որ խելամտություն՝ իրենց իսկ սեփական «թավշեհեղափոխական բարոյականության» տեսակետից, որոնց հետևում են Հայաստանում 2018-ի ապրիլ-մայիսի պետական հեղաշրջման (այսուհետ՝ պետական հեղաշրջում) գլխավոր իրականացնողները։ Այո, այո, հարգելի ընթերցող, իմ այս պնդումը հիմնված է արդեն ս.թ. աշնանը ՀՀ Ազգային ժողովի նիստում այսպես կոչված «Ստամբուլյան կոնվենցիան» վավերացնելու ցանկության վրա, որը հմտորեն ազդարարվում է որպես կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխման և դրա դեմ պայքարի կոնվենցիա։ Ընդ որում՝ բավական խորհրդանշական է, որ այդ կոնվենցիայի «ամենալուսավորյալ» կողմնակիցները ԼԳԲՏ հանրույթի, ասել է թե՝ պետական հեղաշրջման հիմնական շարժիչ ուժերից մեկի ներկայացուցիչներն են, որոնք այժմ իրենց միանգամայն արտոնյալ են զգում ՀՀ իշխանական կառույցներում։ Այն, որ Ստամբուլյան կոնվենցիան երկհատակ ճամպրուկ է, կասկածից վեր է, որտեղ, ինչպես դիպուկ նկատել է բուլղար հոգեբույժ եւ աստվածաբան Նիկոլայ Միխայլովը, երրորդ սեռի և գլոբալ սեռական հեղափոխության գաղափարաբանության հետ ասոցիացիաները գտնվում են ոչ թե ընթերցողների, այլ գրողների ուղեղներում։ Եվ միանգամայն սպասելի էր, որ Հայ Առաքելական եկեղեցին վճռականորեն դատապարտեց Ստամբուլյան կոնվենցիայի փաստացի էությունը։ «Բռնության, ինչպես և ցանկացած չարիքի կանխարգելումը և դրա դեմ պայքարը պետք է իրագործվեն այնպիսի միջոցառումներով, որոնք պատճառ չեն հանդիսանա նոր մեղքի ու նոր չարիքի: Այս առումով խիստ մտահոգիչ ու անընդունելի են կոնվենցիայում առկա որոշ գաղափարներ ու հասկացություններ... Հիշյալ սահմանումները (կոնվենցիայի 4-րդ հոդված, 3-րդ բաժին – Ա.Գ.), փաստորեն, ճանաչում են անձի՝ անգամ սեփական «սեռը ընտրելու ազատության» իրավունքը: Մարդու իրավունքների և ազատությունների քրիստոնեական ուղղափառ ընկալումը բացառում է մարդու աստվածաստեղծ ինքնության աղճատումը կամ փոփոխությունը: Նկատի առնելով, որ ազգային-հոգևոր մեր ինքնության և անվտանգության շահերի տեսանկյունից կոնվենցիայում առկա են խիստ մտահոգիչ դրույթներ ու հասկացություններ` հորդորում ենք հայրենի իշխանության պատասխանատու մարմիններին զերծ մնալ փաստաթղթի վավերացումից»,– ասվում է Հայ Առաքելական եկեղեցու (այսուհետ՝ ՀԱԵ) եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների 2019թ. հուլիսի 26-ի հայտարարությունում։ ՀԱԵ այսքան սկզբունքային և իմաստուն գնահատականն այսօրվա Հայաստանում շատ թանկ արժե։ Ընթերցողներին հիշեցնենք, որ, թերևս, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ամենաակտիվ ջատագովը Հայաստանում՝ տխրահռչակ Լարա Ահարոնյանը, Ն.Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Զգոնությունը չկորցնելով՝ գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ պետական հեղաշրջումից հետո ՀԱԵ-ն և անձամբ Նորին Սուրբ Օծություն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին հեղինակազրկելու բոլոր ստոր փորձերը, ավելի պարզ ասած, «գրողի ծոցն» անցան։ Այս պարագայում «գրող» ասելով նկատի ունեմ Նիկոլ Վովաևիչի կողմից քնքշորեն փայփայվող «Կյանքի խոսք» տոտալիտար կրոնական աղանդը, ԼԳԲՏ հանրույթը և, մեղմ ասած՝ սատանայական խառնամբոխի ներկայացուցիչներին։ Խառնամբոխ, որն իր նսեմ և ուխտադրուժ հարձակմամբ 2018-ի հուլիսին ներխուժեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարան՝ վերջնագրեր ներկայացնելով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, որը մեծ հարգանք է վայելում ՀԱԵ իսկական հետևորդների, աշխարհի ամբողջ հայության շրջանում։ Նիկոլ Փաշինյանի թիմի նորահայտ անաստվածները, ավելի շուտ հենց ինքը՝ Փաշինյանը, հավանաբար, սթափ ծանրութեթև անելով պառակտումը (որը նրանց հաջողվել էր մտցնել հայ հասարակությունում) Հայ Առաքելական եկեղեցու վրա տարածելու ողջ վտանգը, ժամանակավորապես հրաժարվեցին իրենց սատանայական մտահղացումն իրականացնելուց։ Դե ինչ, այնուամենայնիվ խոստովանենք, որ պարգևը գտավ իր հակահերոսին։ Այսպես, «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության ղեկավարներից մեկը՝ Կարեն Պետրոսյանը, իր հակաեկեղեցական նկրտումներից ընդամենը մի քանի օր հետո՝ 2018թ. հուլիսի12-ին, նշանակվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, որը, պատասխանելով իր հետագա հասարակական գործունեության վերաբերյալ հարցին, հպարտորեն ասաց. «Իհարկե, կշարունակեմ պարտականություններիս կատարումը (նկատի ունի ՀԱԵ և նրա հայրապետի հեղինակազրկման գծով անպատկառ պարտականությունները – Ա.Գ.)։ Ես դրա համար բավական ժամանակ ունեմ (ի դեպ, մեր հակահերոսին՝ սատանայապաշտին, այս պատասխանի անկեղծության մեջ դժվար է կշտամբել. եթե «ժողվարչապետը» ժամանակ ունի մեկ ու քառորդ ժամվա ընթացքում Երևանի քաղաքապետի հետ ջուր ծեծել Հայաստանի՝ աղբի մեջ կորած մայրաքաղաքում մաքրություն մտցնելու հարցերի շուրջ, կամ էլ հասարակական հիմունքներով աշխատանքային ժամին զբոսաշրջիկների ուղեվարի դեր ստանձնել Երևանում ավտոբուսով շրջագայող զբոսաշրջիկների համար, ապա, բնականաբար, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքից ազատ ժամանակ կունենա՛ ու կունենա՛)։ Գյումրիից Երևան ճանապարհն այնքան էլ երկար չէ (մանավանդ եթե ձրի ես երթևեկում, պետական մեքենայով – Ա.Գ.), ազատ ժամանակ ես Երևանում կշարունակեմ աշխատանքս «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության շրջանակում»։
Թող ների ինձ հարգելի ընթերցողը մերօրյա հայկական իրականության անհեթեթության դրսևորումներից մեկի այսքան մանրամասն պարզաբանման համար։ «Ժողվարչապետի» բացարձակ, ընդ որում՝ վտանգավոր անպատասխանատվության հերթական դրսևորումը դարձավ նրա ելույթը ս.թ. օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում։ Ն.Փաշինյանի այս ելույթն այլ կերպ, քան հմուտ սադրանք չես անվանի։ Որպեսզի ընթերցողները տպավորություն չստանան, թե գնահատականս կանխակալ է, որոշ «մտքեր» մեջբերեմ հանրահավաքում նրա այդ ելույթից։ Այսպես, խոսելով այն մասին, որ Հայաստանը հանդես է գալու որպես Արցախի Հանրապետությունում ազատ ընտրությունների անցկացման երաշխավոր, Նիկոլ Վովաևիչը նախազգուշացրեց միայն իրեն հայտնի այն բոլոր խմբերին, որոնք կփորձեն «ներգրավել արտաքին ուժերին ներհայկական խնդիրների լուծման համար, դրանք կարժանանան կոշտ դիմակայության հայ ժողովրդի և նրա լեգիտիմ կառավարության կողմից»։ Սրանով իսկ Ն.Փաշինյանն, ըստ էության, ուղիղ տեքստով հայտարարում է այն մասին, որ մինչ այժմ Արցախի Հանրապետությունում (նախկինում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում) տեղի ունեցած բոլոր ընտրություններն ազատ չեն եղել։ Դե ինչ, կարելի է շնորհավորել հակաղարաբաղյան ադրբեջանական քարոզչության գաղափարախոսներին, քարոզչություն, որն արդեն գրեթե երեսուն տարի հայտարարում է «Արցախի Հանրապետության իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու» մասին, ընդ որում՝ միջազգային հանրության համար այնքան էլ էական չէ, թե ում և ինչ նկատի ունեն այդ ձևակերպմամբ։ Երկրորդ նվերն ադրբեջանական քարոզչությանը թեզիսն է «արտաքին ուժերին ներհայկական խնդիրների լուծմանը ներգրավելու» մասին, որը նորից կասկածի տակ է դնում Արցախի ինքնորոշված ժողովրդի այժմ արդեն ազատ կամարտահայտումը։ Այսպես, հանրահավաքի ժամանակ Փաշինյանի խոսքում որպես երկրորդ նշված կոնսենսուսում ասվում է. «Բոլոր այն ուժերը, ովքեր կփորձեն օտար ուժերի ներգրավել ներհայկական, ներհայաստանյան հարցեր լուծելու համար, բոլոր այն ուժերը, ովքեր մեր երկրում հանդես կգան որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ, պիտի արժանանան և կարժանանան հայ ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ Հայաստանի կառավարության հակազդեցությանը»։ Խորանալով Ստեփանակերտի հանրահավաքում Նիկոլ Վովաևիչի արտահայտած այս տողերի մեջ՝ ոչ առանց հիացմունքի, բայց հարկադրված փաստում ես, որ դեմագոգիա էլ կա, դեմագոգիա էլ, որ պոպուլիզմի գոհարները, որոնք օրգանապես բնորոշ են պետական հեղաշրջման առաջմղիչներին, իրենց տեսակի մեջ ունիկալ են։ Մտածեք միայն, հարգելի ընթերցող, որ ներքին գործերին օտարերկրյա միջամտության կոշտ հակազդեցության մասին բարբառում է մեկը, որին իշխանության են բերել, հիմնականում, հենց այդ օտարերկրյա շահերի ֆիգուրանտները (Սորոսի ֆոնդի և ամեն տեսակ դեմոկրատական ինստիտուտների տարատեսակ լափակեր հասարակական կազմակերպությունները, որոնք արտահայտում են անդրօվկիանոսյան գերտերության առաջատար կուսակցությունների՝ գունավոր հեղափոխությունների գլխավոր սերմանողների շահերը, ինչպիսիք են «Կյանքի խոսք» տոտալիտար կրոնական աղանդը, ԼԳԲՏ հանրույթը և դիվերսիոն այլ թափթփուկներ), որոնք շռայլորեն ֆինանսավորվում են արտասահմանից։ Ակամա մտաբերում եմ հայ նշանավոր գրող Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» էսսեի տողերը. «Ինչպե՞ս ճանաչես նրան, ինչպե՞ս չափես։ Իր չափը չափազանցն է. զարմանալի՜ հավասարակշռություն, որ ծայրահեղության մեջ է»։ Ինչ վերաբերում է «ֆավորիտին», չէ՛, հարգելի ընթերցող, Գրիգորի Պոտյոմկինի՝ Եկատերինա II-ի ֆավորիտի մասին չէ խոսքը, այլ մեր Նիկոլ Վովայի Փաշինյանի՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի (և ոչ միայն), «Կյանքի խոսք» տոտալիտար կրոնական աղանդի, ԼԳԲՏ հանրույթի և Հայաստանի նախկին իշխանություններից հուսահատվածների, կարիքից ու չիրականացած հույսերից կամազրկված քաղաքացիների ֆավորիտի։ Հարգելի ընթերցող, տեսեք, թե 2001թ. մայիսի 22-ին իր «Հողը սիրելով են պահում, իմացե՛ք» հոդվածում ՝ «Եվ ուրեմն, ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք՝ ազատագրված, եթե կուզեք՝ օկուպացված տարածքների վերաբերյալ։ Եկեք նրբանկատորեն շրջանցենք հարցի ամենացավոտ կողմը և հարցը դիտարկենք խաղի կանոնների տեսակետից։ Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ տարածքները չվերադարձնենք Ադրբեջանին... Ախր, էս երկիրը (նկատի ունի Հայաստանի Հանրապետությունը – Ա.Գ.) տեր չունի, և մենք, որ պետք է լինենք այս երկրի տերը, մերը թողած ուզում ենք տեր լինել ուրիշին», այսպիսի տողեր գրողը ինչ է ասում 18 տարի անց, ս.թ. օգոստոսի 5-ին ելույթ ունենալով Ստեփանակերտի հանրահավաքում. «Շատերը հարցնում են՝ իսկ ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասված չէ։ Պատասխանը շատ պարզ է, որովհետև Արցախը Հայաստան է, և վերջ»։
Ի դեպ, «ժողվարչապետը» այսպիսի ծայրահեղությունների մեջ էր ընկնում նաև այն ժամանակ, երբ խոսում էր Եվրասիական տնտեսական միութայնը (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցության թեմայի մասին։ Այսպես, դեռևս ՀՀ ԱԺ պատգամավոր եղած ժամանակ՝ 2017-ին, «Ելք» խմբակցությունը Ն.Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ ԱԺ-ում նախաձեռնեց Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի Հանրապետության դուրս գալու հարցի քննարկումը։ Այն ժամանակ Նիկոլ Վովաևիչն ասաց, որ Հայաստանը ԵԱՏՄ է մտել «ոչ թե կամովին, այլ հարկադրաբար»։ Այնուհետև, «հավասարակշռություն պահպանելով ծայրահեղություններում», Ն.Փաշինյանը ՀՀ վարչապետ լինելուց արդեն մոտ մեկ տարի անց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մոսկովյան կենտրոնատեղիում ասաց. «Եթե մենք կարծում ենք, որ դա սխալ որոշում է, դա չի նշանակում, որ սխալի շտկման համար պետք է ուղիղ հակառակ քայլեր կատարենք»։ Ահա այսպիսի բաներ, ինչպես ասում են՝ «իմացի՛ր մերոնց» (մերոնց ասելով նկատի ունեմ ներկայիս հայկական «Օլիմպոսի» երկդիմի նորահայտ Յանուսներին)։ Իհարկե, «ժողվարչապետի» քաղաքական նախաձեռնությունների գագաթնակետը պետք է համարել ս.թ. օգոստոսի 12-ի կոչը, որը հնչել է նրա Facebook-յան էջի ուղիղ եթերից. «Վաղուց էի ուզում հանդիպել Լոս Անջելեսում ապրող մեր հայրենակիցների հետ ամենահայկական (Միացյալ Նահանգների) քաղաքում։ Մեր շատ հայրենակիցներ սպասում էին և սպասում են (ավելին, իրենց տեղը չեն գտնում քաղաքական կեղծ մեսիային սպասելիս – Ա.Գ.)։ Անցած տարի այդ հանդիպումը կազմակերպել, երբ ես Նյու Յորքում էի, չստացվեց իմ (աշխատանքային) գրաֆիկի և այլ հանգամանքների պատճառով,– ասել է Նիկոլ Վովաևիչը և շարունակել,– հույս ունեմ, որ մենք կքննարկենք նաև այն օրակարգը, որի մասին խոսեցինք Ստեփանակերտում։ Կարծում եմ, կկազմակերպենք հզոր և շատ ջերմ հայկական հավաք, մի քաղաքում, որը շատերն իրավացիորեն անվանում են սփյուռքի (հայկական) «մայրաքաղաք»։ Այդ քաղաքը «թավշյա հեղափոխության» (իմա՝ պետական հեղաշրջման – Ա.Գ.) կարևորագույն կենտրոններից մեկն է դարձել»։
Բացառապես բարի մղումներով՝ ԱՄՆ իշխանություններին իրենց երկիր Նիկոլ Վովաևիչի կողմից «թավշյա հեղափոխության» արտահանման հնարավոր փորձերից զգուշացնելն իմաստ չունի, թեկուզև այն պարզ պատճառով, որ այնտեղ չկա... ամերիկյան դեսպանություն։ Դե ինչ, մի բանում Նիկոլ Վովաևիչն իրավացի է, դիցուք՝ խոսելով այն մասին, որ «այդ քաղաքը դարձել է «թավշյա հեղափոխության» կարևորագույն կենտրոններից մեկը»։ Բավական է հիշել, թե ինչպես իրական ժամանակի ռեժիմում, շուրջօրյա, «Ազատություն» ռադիոյի հայկական բաժինը, որը գոյությունը պահում է ամերիկյան հարկատուների փողերով, ուղիղ տեսակամուրջներ կազմակերպեց Երևանի և Լոս Անջելեսի միջև, որոնց ընթացքում «հայ հեղափոխականներին» իրենց կրքոտ ելույթներով ոգևորում էին լոսանջելեսահայերը, որոնք, հավանաբար, վստահ էին, որ իրենց գործողություններն արժանանալու են ԱՄՆ իշխանությունների հավանությանը։ Այս առնչությամբ նշենք, որ Նիկոլ Վովաևիչի կոչի հենց հաջորդ օրն իր ծանրակշիռ խոսքը՝ հաջակցություն լոսանջելեսահայերի հրավերի՝ ս.թ. սեպտեմբերի 22-ին ելույթ ունենալ Լոս Անջելեսի Գրանդ պարկում, ասաց «անհաշտ» խորհրդարանական ընդդիմության ոչ անհայտ ներկայացուցիչ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը, որը Facebook-ի իր էջում ուղիղ եթերով հայտարարեց. «Լոս Անջելեսի իմ հայրենակիցներ, կոչ եմ անում ձեզ մի կողմ դնել ձեր բոլոր տարաձայնությունները Հայաստանի իշխանությունների հետ (թե ինչում է Ա.Բաբաջանյանը տեսել այդ տարաձայնությունները, ինչպես Վինի Թուխի համար՝ մեծ, մեծ գաղտնիք է, հավանաբար՝ տեղեկություն ունենալով պետական փողերով ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հաճախակի ուղևորությունների արդյունքների մասին – Ա.Գ.) և անհամաձայնությունը, և մեկ մարդու պես մասնակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, որը տեղի կունենա 2019թ. սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսի Grand Park-ում»։
Հասկանալու համար, թե այդ որ «սկզբունքային» հարցերում է «Լուսավոր Հայաստանը» ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» խմբակցությանը, հիվանդ երևակայություն պետք է ունենալ։ Մի խոսքով՝ ուզում ես բացականչել Նաիրա Սարգսյանի անկեղծ խոսքերը. «Դիմակները պատռված են, պարոնայք։ Ինչ-որ մեկի խիղճն, ավաղ, մաքուր չէ։ Կեղծավորությունն է պարահանդեսի տերը...», իհարկե, այս սրտահույզ խոսքերը գրվել են շատ ավելի ողբերգական օրվա առիթով՝ հայ ժողովրդի ցավի օրը, երբ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը Թուրքիայում նշում էին Չանաքկալեի ճակատամարտի (որը հայտնի է որպես Գալիպոլիի ճակատամարտ) 100-ամյակը։
Հայաստանի ներքաղաքական կյանքում ստեղծված իրավիճակն ավելի ամբողջական պատկերացնելու համար, ըստ իս, հարկ է անպայման ուշադրություն դարձնել չդադարող տեղեկատվական պատերազմին, որը Հայաստանի իշխանությունները, ոչ առանց դրսից արվող հուշման, պետական հեղաշրջման առաջին օրվանից հայտարարեցին սեփական ժողովրդին։ Ոչ, հարգելի ընթերցող, խոսքը Հայաստանի բնակչությանը գալիք սերունդների համար «թավշյա հեղափոխության» «բախտորոշ» նշանակության մշտական հիշեցմամբ հիմարացնելու մասին չէ, խոսքը նաև Ստեփանակերտում օգոստոսի 5-ին Ն.Փաշինյանի հնչեցրած ֆանտաստիկ հաջողությունների մասին չէ, որոնք Հայաստանը դատապարտված է իրականացնել մինչև 2050 թվականը։ Խոսքն այլ բանի մասին է։ Ծանոթանալով տասնյակ ինտերնետ պարբերականների քաղաքական թեմաներով հրապարակումներին և վերլուծելով հեռուստահաղորդումները, գալիս ենք այն եզրահանգման, որ Հայաստանի իշխանությունների համար գոյություն ունեն միայն մի քանի խնդիրներ, որոնց մեջ գերական, անկասկած, մեր քաղաքացիների գիտակցության մեջ ի սկզբանե ոչ ճիշտ ինֆորմացիա ներարկելն է այն մասին, որ 2008թ. մարտի 1-ի (այդ օրը ՀՀ-ում նախագահական ընտրություններից հետո, ոստիկանության և առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի կողմնակիցների միջև, որոնք համաձայն չէին ընտրությունների արդյունքների հետ, տեղի ունեցած բախումների հետևանքով Երևանի կենտրոնում զոհվեցին մեր 10 համաքաղաքացիներ, որոնցից 8-ը հանրահավաքի մասնակիցներ էին, 2-ը՝ ոստիկաններ, իսկ մոտ 300 հոգի տարբեր մարմնական վնասվածքներով հասցվեց հիվանդանոցներ) ողբերգության 10 զոհերի արյունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահ, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խղճին է։ Ընդ որում՝ վերջին ամիսների բնութագրական միտումը մեր քաղաքացիների գիտակցության մեջ մեկ այլ վտանգավոր ապատեղեկատվության սերմանումն է այն մասին, որ հեղված արյունը Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկու) և Արցախի Հանրապետության զինված ուժերի մոտ 200 սպաների խղճին է, որոնք Լեռնային Ղարաբաղից ուղարկվել էին Երևան՝ ցուցարարների հետ հաշվեհարդար տեսնելու համար։ Նշենք, որ այս վարկածն այնքան ցանկալի էր Ադրբեջանի և ոչ միայն ու ոչ այնքան, համաշխարհային քաղաքականության ուժի հայտնի կենտրոնի համար, որ դրա արծարծմանը, այդ ողբերգական իրադարձություններից 11 տարի հետո, միացավ նաև բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիայի ռուսական ծառայությունը, որը 2019թ. օգոստոսի 7-ի եթերից հետո հրապարակեց իր բացառիկ «հետաքննությունը»՝ «Ո՞վ գնդակահարեց ցուցարարներին Երևանում 2008 թվականին. քննությունը մատնանշել է Ղարաբաղից եկած ջոկատը» վերնագրով։ Այսպես, կարդալով այդ վտանգավոր հրապարակումը՝ առաջին բանը, ինչի մասին մտածում ես, այն է, որ Հայաստանի թշնամիները, հայտնվելով ցեյթնոտում, անզուսպ շտապում են։ Այսպես, մի կողմ նետելով թվում է, թե քրեական դատավարության հիմնարար սկզբունքներից մեկը, որն է անմեղության կանխավարկածը (ընթերցողներին հիշեցնենք, որ այս սկզբունքի էությունն այն է, որ անձն անմեղ է համարվում, քանի դեռ հանցագործություն կատարելու նրա մեղքը չի ապացուցվել դատարանի օրենքի ուժ ստացած դատավճռով), BBC-ն բազմանշանակ և անվերապահորեն հայտարարում է (մի ոմն Գրիգոր Աթանեսյանի միջոցով). «Նյութերից մենք իմացանք, որ քննիչները կարծում են. ցուցարարների դեմ կրակ բացեցին ղարաբաղյան ուժայինները, որոնց հրամանատարն էր գեներալ Կարապետյանը (գործով անցնում է որպես վկա); նրա ջոկատը տեղակայվել էր նախագահի աշխատակազմի նկուղում; ջոկատ այցելում էին երկու նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը»։
Իսկ հիմա համեմատենք Ն.Փաշինյանի ս.թ. օգոստոսի 5-ի Ստեփանակերտի ելույթի՝ մինչ այս բերված հատվածը ս.թ. մայիսի 21-ին իր իսկ հնչեցրած ելույթի մտքերի հետ, որն իբր նվիրված էր դատական համակարգի բարեփոխումներին։ Սակայն ընդարձակ մեջբերումներ չենք կատարի Նիկոլ Վովաևիչի խոսելացավի ու մերձդատական մտավարժանքից, նշենք միայն, որ նրա ելույթի մեխը հայտարարությունն էր այն մասին, որ Հայաստանում կան կոնկրետ ուժեր, որոնք փորձում են պառակտում մտցնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակիչների միջև։ Նրա խոսքով՝ «կոռումպացված համակարգի որոշ ներկայացուցիչներ օգտագործում են իրենց անձնական կապերն Արցախում կառավարության և վարչապետի դեմ քարոզչության համար»։ Հետո ավելի հետաքրքիր է։
«Ուսումնասիրելով բոլոր փաստերը՝ ես այս ամենի հետևում տեսնում եմ դավադրություն նոր պատերազմ սանձազերծելու նպատակով և, գուցե, անգամ որոշ տարածքներ հանձնել (իսկապես, տեղին կլինի ասել՝ «գող, սիրտը դող» – Ա.Գ.)՝ պատասխանատվությունը դնելով երկրի կառավարության վրա։ Այս գործունեության մեջ պետական դավաճանության նշաններ եմ տեսնում։ Որպես Հայաստանի վարչապետ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար կդիմեմ ամենակոշտ միջոցների՝ նման դավադրությունները կանխելու համար»,– ահեղ հայտարարել է Ն.Փաշինյանը։
Կարելի է այլ մեջբերումներ էլ կատարել Նիկոլ Վովաևիչի ու նրա թավշեհեղափոխական տրուբադուրների ելույթներից, բայց դրանց ինտեգրալ էությունը նույնն է՝ մասնատել հայ ժողովրդի անսասան եռամիասնությունը՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Հայկական սփյուռքի։ Այ սրանում է Նիկոլ Փաշինյան և Ко-ի ուղեվարների դավադրության բովանդակությունը, իսկ նրանց վերջնանպատակը կառավարվող (բնականաբար՝ իրենց կողմից) քաոսի ստեղծումն է Ռուսաստանի հարավային մատույցներում հեռահար նպատակներով, որոնց մասին քանիցս արդեն գրել եմ (տե՛ս REGNUM, «Հայաստան. մի տրտնջացեք ձեր կառավարությունից, պարզապես փոխեք այն», «Հապաղումը բռնապետությունը վերացնելու հարցում սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը» և այլն)։ Նշեմ, որ այս թեմայի վերաբերյալ հրապարակումներին ընթերցողը կարող է ծանոթանալ REGNUM տեղեկատվական գործակալությունում՝ Արտաշես Գեղամյանի հեղինակային էջում։
Թող ների ինձ հարգելի ընթերցողը այսքան ընդարձակ տեղեկության համար՝ ի հաստատումն տեղեկատվական պատերազմի միայն մեկ ուղղության, որը սանձազերծել են Հայաստանի ներկայիս իշխանությունների արևմտյան տիկնիկավար-ստրատեգները հայոց պետականության և հայ ժողովրդի դեմ։
Տեղեկատվական պատերազմի երկրորդ ուղղությունը մեր քաղաքացիների գիտակցության մեջ այն կեղծ պնդման հետևողական սերմանումն է, թե Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքում որևէ շոշափելի դրական փոփոխության բացակայությունը նախկին իշխանությունների չարամիտ նկրտումների և դավերի, ինչպես նաև «ժողովրդի վստահությունը չվայելող դատական համակարգի» հետևանքն է։ Ընդ որում՝ նմանատիպ հրապարակումների ողջ ուղղվածությունը ծառայում է միայն մեկ նպատակի՝ հիմնավորել «ժողվարչապետի» որքան պրիմիտիվ, նույնքան էլ վտանգավոր ձևակերպումը, որի համաձայն՝ հայ հասարակությունը բաժանված է «սպիտակների», այսինքն՝ հեղափոխականների, հանձինս Նիկոլ Վովաևիչի, նրա կողմնակիցների՝ մի կողմից, և «սևերի»՝ ռևանշ տենչացող ՀՀ նախկին իշխանությունների։ Հավանաբար, իրականում գոյություն ունեցող երկնագույններին, որոնք քիչ չեն իշխանական կառույցներում, Նիկոլ Վովաևիչը՝ իրենց թույլտվությամբ, դասել է «սպիտակների» շարքում։ Խոստովանենք, որ որքան հմտորեն, նույնքան էլ նպատակասլաց փորձում են հայ հասարակությանը ստիպել Փաշինյանի («Իմ քայլի» իր թիմով) և մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության միջև (Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Ռոբերտ Քոչարյանի հետ միասին) ընտրություն կատարելուն։ Այնպես որ, «կոնսենսուս մինուս մեկ» բանաձևը, որը ճիշտ ժամանակին հնչեցրեց Հայաստանի երկրորդ նախագահն իր երրորդ ձերբակալությունից մեկ օր առաջ, ըստ էության, ՀՀ-ին և Արցախի Հանրապետությանը ներկայում Հայաստանում իշխանությունը զավթած հինգերորդ շարասյան կողմից հայտարարված տեղեկատվական պատերազմին դիմակայելու համարժեք բանաձևն է։ Ընդ որում՝ տխուր մտորումների տեղիք է տալիս նաև Ռոբերտ Քոչարյանին աջակցող և Սերժ Սարգսյանին լոյալ տեղեկատվական ռեսուրսների տերերի քաղաքականությունը, որոնք, իրենց ինտերնետ պարբերականները և հեռուստաեթերը տրամադրելով միևնույն քաղաքական գործիչներին, որոնց հանդեպ ոչ մի պահանջ չկա, ջուր են լցնում տեղեկատվական պատերազմի՝ հասարակությունը «հեղափոխականների» և «ռևանշիստների» բաժանման գծով համակարգողների ջրաղացը։ Բայց սա այլ վերլուծության թեմա է։
Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական առօրյայի վերոնշյալ փաստերը բավական համոզիչ կերպով ի ցույց են դնում Հայաստանի և Արցախի Հանրապետության խոցելիությունը տեղեկատվական, ուրեմն և ազգային անվտանգության տեսակետից։ Ընդ որում՝ հակահայկական հիստերիայի սանձազերծման գործում էական օգնություն են ցուցաբերում նաև արևմտյան ստրատեգներին ենթակա, իրենց ռուսատյաց ուղղվածությամբ ոչ անհայտ հայկական մաս-մեդիաները։ Այսպես, 1in. am ինտերնետ պարբերականը, որի գլխավոր խմբագիրն է վերոնշյալ տխրահռչակ (օրերս իրեն որպես Նիկոլ Վովաևիչի դաշնակից բացահայտած մոլի ռուսատյաց) Արման Բաբաջանյանը, որը ս.թ. օգոստոսի 11-ին 1in. am ինտերնետ պարբերականի կայքում տեղադրել է հոդված «Պատրուշևը գալիս է Ստեփանակերտի ելույթի հետքերով» վերնագրով, որում, մասնավորապես, ասվում է. «Համենայն դեպս, ակնառու է, որ օգոստոսի 5-ի ելույթում (խոսքը Ստեփանակերտում Փաշինյանի ելույթի մասին է – Ա.Գ.) հնչել են շրջադարձային արտահայտություններ, որոնք առերևույթ առնչվելով արցախյան հարցին, համահայկական օրակարգին, խորքային առումով վերաբերել են անվտանգության ռեգիոնալ համակարգին՝ դրա լայն իմաստով ու շրջանակով: Իսկ դա արդեն միջազգային ընդգրկման հարց է, և այդ իմաստով Ռուսաստանի հետաքրքրությունը հատկանշական է մի քանի առումով։ Նախ՝ ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական հարաբերությունների կառուցվածքի և Կովկասի անվտանգության համակարգի ռուս-թուրքական «դաշնակցության» առումով: Գործնականում, Նիկոլ Փաշինյանի ելույթում արվող շեշտադրումները ուղղակիորեն դնում են այդ դաշնակցության ապագայի հարցը՝ Ռուսաստանը կա՛մ Հայաստանի հետ է հայկական անվտանգության համակարգի պաշտպանության շրջանակում, կա՛մ ռուս-թուրք-ադրբեջանական շրջանակում է՝ Հայաստանի դեմ»։
Հոդվածի հեղինակը ծանրամիտների համար անկեղծացել է և բացել Նիկոլ Վովաևիչի սադրիչ ելույթի իսկական էությունը։ Իսկ որ Ստեփանակերտում նրա ելույթի գլխավոր շեշտադրումները պատրաստվել էին անդրօվկիանոսյան տիկնիկավարների կողմից, սրանում կասկածելու հարկ չկա, քանի որ, չնայած իր ողջ տնայնագործ արտիստիզմով հանդերձ, զգացվում էր, որ Փաշինյանը նյարդայնանում է և հնչեցնում ոչ իր մտքերը։ Այդ սկզբից ևեթ անհեթեթ եզրահանգումներով, որոնք անտեսում են ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության փաստն իսկ, ինչպես նաև «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին 2013թ. հունիսի 25-ի պայմանագրի» առկայությունը, էլ չեմ ասում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև 2015թ. դեկտեմբերի 23-ի «Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին» համաձայնագրի մասին, բացահայտվում է այդ հոդվածի ողջ կողմնակալությունը։ Բնական է, որ 1in. am-ի խմբագրությունում հիանալի գիտեին այդ միջպետական փաստաթղթերի մասին, բայց, նրանց համար, ըստ երևույթին, շատ կարևոր էր արծարծել հերթական սուտ տեղեկատվությունը Հայաստանի՝ իր ռազմավարական դաշնակցի հանդեպ Ռուսաստանի հնարավոր գործողությունների մասին։ Այնուհետև հոդվածում ասվում է. «Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել է, որ Հայաստանի դեմ պատերազմի (նկատի ունի Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմը 2016թ. ապրիլին – Ա.Գ.) պատասխանատուն կլինի Ռուսաստանը, որն ի զորու էր կանխարգելել այդ պատերազմը: Ի զորու էր թե ոչ՝ սա կարող է անգամ վիճելի լինել (տեսեք, թե ինչ մեծահոգություն է ռուսատյաց ինտերնետ պարբերականի կողմից, որը Ռուսաստանի համար «արդարանալու» սողանցք է թողնում – Ա.Գ.), սակայն հարցն այն է, թե Հայաստանը ինչ նշաձող է դնում Մոսկվայի առաջ: Միաժամանակ, օգոստոսի 5-ին էլ Հայաստանն իր առաջ է դնում բարձրագույն նշաձող, և այդ իմաստով Կրեմլը, անշուշտ, պետք է պատասխանի լուրջ հարցադրումների (բնավ զարմանալի չէ, որ այս ռուսատյաց պարբերականի կուրատորների պատկերացմամբ՝ քաղաքական արկածախնդրությունը որակվում է որպես «բարձրագույն նշաձող» - Ա.Գ.): Պատրուշևի այցը թերևս այդ համատեքստում է: Նա գալիս է Երևանում Ստեփանակերտի ելույթից դժգոհություն հայտնելո՞ւ, թե՞ գալիս է ելույթի վերաբերյալ հետագա քննարկումների, իրավիճակը հասկանալու, գնահատելու, Հայաստանի նշաձողերը շոշափելու համար, որի հիման վրա Կրեմլը կդիտարկի Մոսկվայի հետագա անելիքները»։
Թող ների ինձ հարգելի ընթերցողը, որ այսքան մանրամասն եմ մեջբերում այս քաղաքականամերձ բարբաջանքը։ Հավատացեք, որ սա հարկադրյալ միջոց է՝ հասկանալու համար հոդվածի հեղինակների, ավելի շուտ՝ նրանց անդրօվկիանոսյան պատվիրատու-ուղեվարների իսկական մտադրությունը։ Իսկ մտահղացումը հստակ երևում է այս հոդվածի ամփոփիչ մասում, որտեղ ասվում է. «Իսկ այստեղ (Հայաստանում և նրա շուրջ – Ա.Գ.) իրավիճակը, իհարկե, բոլորովին միարժեք չէ, որովհետև, ի վերջո, ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ պատերազմով, թե առանց դրա, ռուս-թուրք-ադրբեջանական գործակցության տիրույթում Ռուսաստանն այլևս անդառնալի ծուղակում է, և դրանից դուրս գալու ռեգիոնալ հնարավորությունը Հայաստանի անվտանգության նշաձողերի բարձրացումն է: Բանն այն է, որ Թուրքիան ու Ադրբեջանը Մոսկվային գործնականում վաղուց են դրել «կամ-կամ»-ի առաջ, և այստեղ, որքան էլ տարօրինակ հնչի, նահանջի ճանապարհ կարող է ապահովել Հայաստանը, եթե Մոսկվային իր հերթին դնի «կամ-կամ»-ի առաջ: Մոսկվայում ավելի ու ավելի բորբոքվող ներհամակարգային պայքարում, որտեղ հանգուցալուծվելու է Պուտինի երկրորդ ժամկետի դիլեման, որոշակի շրջանակներն ունեն Հայաստանի այդ «կամ-կամ»-ի կարիքը»։
Թվում էր, թե այս տողերից հետո սույն հոդվածի հեղինակները որպես Հ.Գ. կարող էին գրել միակ պահանջվող նախադասությունն այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պլատոնովիչ Պատրուշևը գալիս է Հայաստան իր հայ գործընկեր Արմեն Գրիգորյանին շնորհակալություն հայտնելու նպատակով, որն ավելի վաղ աչքի էր ընկել Ռուսաստանի Դաշնության պետական դրոշը Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության շենքի առջև այրելով և, իհարկե, Նիկոլ Վովաևիչին, որը բացահայտ ռուսատյաց մամուլի միջոցով «նախազգուշացնում» է Ռուսաստանին գալիք փորձանքների մասին։ Ես արդեն քանիցս գրել եմ իրենց զբաղեցրած պաշտոններին Ն.Փաշինյան և Ко-ի բացարձակ անհամապատասխանության մասին։ Ավելին, ս.թ. օգոստոսի 4-ին REGNUM տեղեկատվական գործակալությունը հրապարակեց իմ հոդվածը՝ «Հապաղումը բռնապետությունը վերացնելու հարցում սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը» վերնագրով, որը, ավաղ, համարժեք հակահարված չէ, քանի որ պետք է ընդունել որպես պարզ լինելություն. ՀՀ-ի հանդեպ համակարգային տեղեկատվական դիվերսիային դիմակայելու հարցում հաջողության հասնելու համար հարկ է այդ համակարգին հակադրել էլ ավելի կատարյալ, անդրօվկիանոսյան ուղեվարների մտահղացումների ողջ վտանգավորությունը պսակազերծող համակարգ, ուղեվարներ, որոնք մանիպուլացնում են ՀՀ-ում իշխանության հասած իրենց խամաճիկներին։ Մանավանդ այնպիսի պայմաններում, երբ մենք գործ ունենք ԱՊՀ տարածքում գունավոր հեղափոխությունների բեմադրիչների մանրակրկիտ մտածված գործողությունների հետ։ Այս եզրահանգման օբյեկտիվության մեջ համոզվելու համար բավական է ծանոթանալ այն գնահատականներին, որոնք այս հաշվով տրվել են բավական լուրջ ինտերնետ պարբերականներում։ Ընդ որում՝ հատկանշական է, որ որոշ հրապարակումներ օգնում են Հայաստանում հրաշքով պահպանված՝ առողջ բանականությունը չկորցրած քաղաքական գործիչներին, որոնց համար թանկ է հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ճակատագիրը, ծանոթանալով դրանց, օբյեկտիվ վերլուծել Նիկոլ Վովաևիչի և նրա քաղաքական «մերձավորների» արտաքին քաղաքականության կոպիտ ձախողումները։ Այսպես, ս.թ. օգոստոսի 13-ին REGNUM տեղեկատվական գործակալությունը հրապարակել է Միրա Հասանովայի հարցազրույցը «Հանուն Ադրբեջանի» հասարակական ֆորումի նախագահ, քաղաքագետ Էլդար Նամազովի հետ՝ «Ինչո՞վ է սպառնում Հայաստանին «աշխարհաքաղաքական կողմնորոշման» փոփոխությունը» վերնագրով։ Այսպես, պատասխանելով REGNUM-ի թղթակցի հարցին Մոսկվայի և Բաքվի միջև երկկողմ քննարկում սկսելու հնարավորության մասին՝ երկխոսությանը Լեռնային Ղարաբաղի հնարավոր ներգրավմամբ, ադրբեջանցի քաղաքագետն ասել է. «Շատ փորձագետներ նախկինում էլ նման գաղափար արտահայտել են. ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերն ավելի ճիշտ է լուծել Բաքու-Մոսկվա բանակցությունների ձևաչափով։ Ինձ թվում է, որ այս գաղափարի առաջմղման ամենալուրջ ազդակը տվել է Հայաստանի նոր ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Խոսքը նրա հայտնի հայտարարության մասին է, որ Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմի վերսկսվելու պարագայում դրա պատասխանատվությունը կկրի Մոսկվան (ուշադրություն դարձրեք, թե ինչպես է այդ եզրահանգումը առնչակցվում ավելի վաղ 1in. am-ի հոդվածներում հրապարակված գնահատականներին – Ա.Գ.), քանի որ միայն նա է ի զորու զսպելու Ադրբեջանին ուժի կիրառումից, ուղերձի շատ հետաքրքիր տրամաբանություն է, այդպես չէ՞։ Տարածքները զավթում է Հայաստանը, դրանք ազատելուց հրաժարվում է Հայաստանը, բայց եթե Ադրբեջանն ազատագրի այդ հողերը ուժի կիրառմամբ, մեղավոր լինելու է Ռուսաստա՞նը»։
Կարդալով այս տողերը՝ հայ կեղծ-հեղափոխականների ուղեվարները գոհունակության զգացողությամբ կարող են թեթևացած շունչ քաշել. հայկական 1in. am ինտերնետ պարբերականում տրված ազդանշանը ճիշտ ժամանակին որսացել է ադրբեջանցի քաղաքագետը։ Այնուհետև ադրբեջանցի քաղաքագետը շարունակում է. «Իսկ ո՞րը կլինի Փաշինյանի հաջորդ քայլը, եթե Ադրբեջանն ազատագրի օկուպացված տարածքները և դրա մեղավոր հայտարարվի Ռուսաստանը։ Հայաստանը կշարունակի՞ դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Թե՞, մեղավոր հայտարարելով Ռուսաստանին, Փաշինյանը կանի այն, ինչը նա և իր թիմը հայտարարել են իրենց առաջնահերթությունը դեռ ընդդիմադիր եղած ժամանակ՝ կխզի դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ ու կշրջվի դեպի ինտեգրում եվրատլանտյան ընկերակցությանը, ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցությանը»։
Ծանոթանալով սրան՝ առաջին բանը, որ ուզում ես անել, Միրա Հասանովային և Էլդար Նամազովին շնորհակալություն հայտնելն է իրենց անկեղծության և նախօրոք արված նախազգուշացման համար, չէ՛, ոչ թե Նիկոլ Փաշինյանին ու նրա սխրակիցներին, այլ Հայաստանի հայրենասերներին Արցախի Հանապետությունում և նրա շուրջ իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարներից մեկի մասին։ Սցենար, որի կենսագործումը ադրբեջանա-թուրքական քաղաքական իսթեբլիշմենթի բաղձալի երազանքն է, էլ չեմ ասում արևմտյան ստրատեգների մասին, որոնք անպայման կօգտվեն հնարավորությունից՝ իրենց վերահսկողության տակ վերցնելու Արցախի Հանրապետության անվտանգության և Իրանի Իսլամական Հանրապետության 105 կիլոմետրանոց սահմանը, ինչի մասին արդեն բազմիցս գրել եմ։ Կարելի է տասնյակ այլ հրապարակումներ բերել ամենատարբեր ինտերնետ պորտալներից (ռուսական և ոչ միայն), որոնցում օբյեկտիվ գնահատական է տրվում Հայաստանի «ժողվարչապետի» բացահայտ անհամարժեք գործողություններին, որոնք ուղղված են Հայաստանի և Արցախի Հանրապետության միջև հարաբերությունների լարվածության թեժացմանը, ինչը հղի է նրանով, որ կարող է գայթակղել Ափշերոնի սուլթանությանը լայնամասշտաբ պատերազմ սկսելու Արցախի Հանրապետության դեմ։ Ավաղ, Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական ագրեսիայի արդարացման համար նպաստավոր տեղեկատվական ֆոն ստեղծվել է Ստեփանակերտում ս.թ. օգոստոսի 5-ին Ն.Փաշինյանի բացահայտ սադրիչ ելույթով։ Եվ իր այդ իսկապես բարեհիմարությունը նա մտադիր է կրկնել ս.թ. սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսի Grand Park-ում։ Սույն արարքի իսկական մտահղացումը հետևյալն է՝ ձեռք բերել իբր ողջ հայության աջակցությունը Հայաստանի և Արցախի վերամիավորման գործում։ Կարելի է մտածել, որ այս ակտը տասնմեկ միլիոնանոց հայերից որևէ մեկի սրտով չի լինի։ Իսկ այս քաղաքական արկածախնդրության արյունալի հետևանքները և դրա պատասխանատվությունը Նիկոլ Վովաևիչը կփորձի իր ուսերից նետել ողջ հայ ժողովրդի վրա։ Ես գիտեմ, թե որքան ստոր կարող է հետագայում մեկնաբանվել այն, ինչի մասին գրում եմ։ Ավաղ, սա է ճշմարտությունը, քանզի իր այդ կարգախոսով Ն.Փաշինյանը փաստորեն զրոյացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը, ավելին՝ արհամարհել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների կոչերը, որոնք վերջին տասը տարիների ընթացքում հինգ անգամ հանդես են եկել համատեղ հայտարարություններով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։ Եթե 2008թ. մարտի 1-ին Ն.Փաշինյանը և նրա ընկերներն իրենց սադրիչ կոչերով պատճառ դարձան Հայաստանի 10 քաղաքացիների մահվան, իսկ հիմա այդ հանցագործության մեղավորներ փնտրում են իրենցից դուրս, ապա նրա ներկայիս սադրիչ ելույթը կարող է ունենալ շատ ավելի արյունալի հետևանքներ։ Ուստի ես հակված եմ այն մտքին, որ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի այցը հետապնդել է միայն մեկ նպատակ՝ զգուշացնել Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությանը զերծ մնալ հետագա սադրանքներից, որոնք կարող են Անդրկովկասի տարածաշրջանը ներքաշել լայնամասշտաբ արյունահեղ պատերազմի մեջ։ Եվ այս մասին Նիկոլ Վովաևիչը չպետք է մոռանա, քանի որ, Աստված մի արասցե, եթե նման բան պատահի, նա ոչ այնքան հեռավոր վայրերում մի թեթև «նստելով» կամ էլ պայմանական ժամանակից շուտ ազատ արձակվելով գլուխը չի ազատի (հավանաբար, արդեն համաշխարհային քաղաքականության ուժի հայտնի կենտրոնի (և ոչ միայն) առջև արդեն այն ժամանակ ծրագրված ապագա «արժանիքների» համար, որն էլ, ըստ էության, նրան բերեց իշխանության)...
Հետգրության փոխարեն. Չէի ցանկանա հոդվածս ավարտել տխուր նոտայով, բարեբախտաբար, մտաբերեցի լուսավոր տոնական համերգը՝ նվիրված հայկական պարի ռահվիրայի՝ Armenian Europe Music Awards երաժշտական մրցանակի դափնեկիր, Փարիզում «Պարի աստվածուհի» ճանաչված Սոֆի Դևոյանի 70-ամյա հոբելյանին։ Սոֆի Արկադևնային շնորհավորելու էին եկել հարազատները, գործընկերները և նրա տաղանդի երկրպագուները, բազմաթիվ երիտասարդ հանդիսատեսներ։ Կ.Ս. Դեմիրճյանի անվան համերգասրահում, որը լեփլեցուն էր հանդիսատեսներով, յուպիտերներից բացի շողարձակում էին նաև հարյուրավոր երիտասարդ աղջիկների ու պատանիների՝ Սոֆի Դևոյանի «Պարի և հոգու թատրոնի» սաների աչքերը։ Պետք է արժանին մատուցել Հայաստանի իշխանությունների խորաթափանցությանը, որոնցից ոչ մեկը ժամանակ չէր գտել ներկա գտնվելու հոբելյանական այս համերգին։ Ինչո՞ւ օգտագործեցի խորաթափանցություն բառը, ընդ որում՝ առանց չակերտների, դե, պարզապես որովհետև Հայաստանի ներկայիս իշխանություններին խորապես խորթ են ազգային մշակույթը, նրա անձնուրաց կրողները, ինչն աննկատ չի մնում նրանց կողմից։ Չէ՞ որ հոբելյանական համերգը կազմակերպվել էր բացառապես «Պարի և հոգու թատրոնի» կոլեկտիվի ուժերով։ Ի դեպ, ՀՀ իշխանությունների կողմից այդպես էլ մոռացված մնաց խորապես ազգային կոլորիտ ունեցող հայ ականավոր կոմպոզիտոր, «Հայ Բեթհովեն» անունն ստացած Ավետ Տերտերյանի 90-ամյա հոբելյանը։ Այս մասին վերջերս ցավով ու ափսոսանքով նշեց օպերային աշխարհահռչակ երգչուհի Հասմիկ Պապյանը։ Նիկոլ Վովաևիչը հոբելյաններից շատ ավելի կարևոր գործեր ունի, օրինակ, կրկնում եմ, Երևանի քաղաքապետի հետ Երևան քաղաքի աղբահանությանը նվիրված «խոսքուզրույցները»։ Այս առնչությամբ չեմ կարող չհիշել երկու տարի առաջ տեղի ունեցած հոբելյանական հանդիսությունները, որոնք նվիրված էին արդիականության անզուգական կինոգործիչ Արտավազդ Փելեշյանի 80-ամյակին, Հայաստանի Պետական ազգային ակադեմիական երգչախմբի անգերազանցելի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի 90-ամյակին։ Այս հոբելյաններին նվիրված հանդիսությունները կազմակերպվել էին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի հովանու ներքո, և մշակույթի նշանավոր գործիչների մեծարման այդ ավանդույթը խորապես բնորոշ էր «հակահեղափոխական», «ռևանշիստական» ուժերի առաջնորդներին, քանզի նրանք Արցախի ազգային-ազատագրական պատերազմի տարիներին, ամեն օր ուղիղ նայելով մահվան աչքերին, հիանալի հասկանում էին, որ պաշտպանելով Արցախը՝ նրանք պահպանում են ամենասրբազանը՝ հայկական ոգին, որը ձևավորվել է մեր ժողովրդի բազմադարյա մշակութային ավանդույթներով, քրիստոնեական արժեքներին հայերի անմնացորդ նվիրվածությամբ։ Երբ գրում էի այս տողերը, մտաբերեցի Սոֆի Դևոյանի խոսքերը հարցազրույցից. «Հիշում եմ մի դեպք, ես հինգ տարեկան էի, մտա սենյակ, որտեղ հայրս նստած էր ընկերների հետ, բոլոր տղամարդիկ ոտքի կանգնեցին մեկից բացի, հայրս այն ժամանակ ասաց. աղջիկս, այ, նրան կարող ես չբարևել»։ Կարծում եմ, որ օգտակար կլինի, եթե այս խոսքերի իմաստի շուրջ մտածեն Նիկոլ Փաշինյանի տրուբադուրները, որոնք Հայաստանում յուրաքանչյուր իշխանափոխության ժամանակ, «Հարսանիք Մալինովկայում» ֆիլմի հերոս Պոպանդոպուլոյի նման փոխում են իրենց «սպիտագվարդիականի» գլխարկը «կարմիրգվարդիականի» գլխարկով։ Եվ այդպես էր անընդհատ, Պոպանդոպուլոն, ախր, շատ անհանգիստ ժամանակներում էր ապրում։
Որպեսզի ընթերցողները տպավորություն չստանան, որ այսօրվա հայ մտավորականության դեմքը ներկայացնում են միայն հարմարվողականները, նշեմ, որ բնավ այդպես չէ։ Թարմ օրինակ բերեմ։ Այսպես, ս.թ. հուլիսի 27-ին «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շենքում հավաքվել էին մտավորականության ներկայացուցիչներ, այդ թվում աշխարհահռչակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը և օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը։ Նրանք բոլորը մտահոգ էին մի խնդրով, այն է՝ այսօր հայ հանրահայտ գրող Հրանտ Մաթևոսյանի անվան մշակութային կենտրոն-թանգարանը, ինչպես այդ օրը նշեց գրողի որդին՝ «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը, անխնամ վիճակում է։ Հայաստանի գործադիր իշխանությանը, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանին, դա չի հուզում, քանի որ շատ ավելի կարևոր գործեր կան, օրինակ՝ Երևանում շրջել զբոսաշրջային ավտոբուսով և իր «հզոր» ուսերին վերցնել (Հայաստանի քաղաքներով ու գյուղերով Չալո շան հետ մեկ ամիս, ուսապարկն ուսին, շրջելուց հետո, բնականաբար, լավ ուժ կհավաքեր) զբոսաշրջիկների ուղեվարի պարտականությունները, ընդ որում՝ այդ աշխատանքը կատարելով անվարձահատույց։ Ի՜նչ վեհանձնություն՝ կմտածի ընթերցողը։ Լավ է, որ ՀՀ նախագահ Արմեն Վարդանի Սարգսյանը Լոռու մարզ կատարած իր աշխատանքային այցելության ընթացքում իր պարտքը համարեց այցելել մեծագույն արձակագիր Հրանտ Մաթևոսյանի հայրենի գյուղ՝ Ահնիձոր։ Դրանով իսկ նա նրբանկատորեն ցույց տվեց գործադիր իշխանության ողջ մտավոր ողորմելիությունը, որին հետաքրքիր չէ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանը։
Չարժե կասկածել, որ Հայաստանի և Արցախի՝ իրեն հարգող յուրաքանչյուր քաղաքացի, որն ի զորու է անաչառ գնահատել այժմ Հայաստանում տեղի ունեցողը, Նիկոլ Փաշինյանին հանդիպելիս մաքուր խղճով կարող է չբարևել նրան։ Իսկ եթե ավելի խոր մտածենք, ապա խաչակնքելն էլ չէր խանգարի։
Արտաշես Գեղամյան