ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԿԱՆԽԵ՛Լ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ
Ողջ հայության համախմբման հիման վրա, և սա է մեր ու գալիք սերունդների պատմական առաքելությունը
21.03.2019, Shame.am
Անցել է 10 ամսից մի փոքր ավելի Հայաստանում պետական հեղաշրջումից հետո, որը տեղի ունեցավ 2018թ. ապրիլ-մայիսին։ Թերևս, այդ ժամանակը բավական էր, որպեսզի Հայաստանի տասնյակ հազարավոր խաբված քաղաքացիներ հասունանան։ Քաղաքացիներ, ովքեր խաբվեցին Ն.Փաշինյանի ու նրա զինակիցների ամբոխահաճ կարգախոսներից ու գործողություններից, որոնք կատարվում էին Ջին Շարփի հրահանգներին համապատասխան, և որոնք ներկայացվել են տարատեսակ գունավոր հեղափոխությունների կազմակերպիչների համար նախատեսված ոչ անհայտ՝ «Բռնապետությունից մինչև ժողովրդավարություն» ձեռնարկում, ավելի ճիշտ՝ դրա «Ոչ բռնի գործողությունների 198 մեթոդ» հավելվածում։ Այս մասին արդեն գրել եմ՝ նշելով «հեղափոխականների» կողմից Ջին Շարփի 198 հրահանգներից մոտ 50-ի կիրառման կոնկրետ օրինակներ («Արտաշես Գեղամյան. Արևելքում գլոբալ խառնակությունը, Կովկասի և Ասիայի ապակայունացումը Ռուսաստանի մասնատման առաջին փուլն են», REGNUM լրատվական գործակալություն, 2011թ. ապրիլի 18)։ Սակայն պնդել, որ պետական հեղաշրջման (2018թ. ապրիլ-մայիս) հեգեմոնի վարկանիշը Հայաստանում կրիտիկականորեն ցածր է, վաղաժամ կլիներ։ Փակ սոցիոլոգիական հետազոտությունների միանգամայն թարմ տվյալներ վկայակոչեմ, որոնք անցկացվել են 2018թ. փետրվար-մարտին։ Ես հատուկ գրեցի «սոցիոլոգիական հետազոտություններ»՝ դրանով իսկ ընդգծելով, որ մի հետազոտություն չի եղել, ընդ որում՝ առաջին սոցիոլոգիական հարցման արդյունքները, դատելով իշխանությունների հետագա արձագանքից, նրանց համար բնավ մխիթարական չէին։ Դրանք նաև լուրջ տագնապ են առաջացրել պետական հեղաշրջման անդրկուլիսյան ոգեշնչողների ու հովանավորների շրջանում։
Ընթերցողներին անորոշությամբ չհոգնեցնելու համար միայն մեկ վկայություն բերենք սոցիոլոգիական հարցումից, որը հրապարակվել է News.am ինտերնետ պորտալում ս.թ. մարտի 20-ին՝ «Փաստ. Փաշինյանի ռեյթինգը զգալիորեն նվազել է» վերնագրով։ Հոդվածում, մասնավորապես, ասվում է. «Մեր տեղեկությունների համաձայն՝ օրերս Փաշինյանին են ներկայացվել նման սոցհարցման արդյունքները, որոնք ցույց են տվել, որ կառավարության ղեկավարի ռեյթինգը զգալիորեն նվազել է և տատանվում է 52-53%-ի սահմաններում։ Իհարկե, նման ցուցանիշը ցանկացած երկրի համար բավական բարձր է... Չպետք է մոռանալ այն մասին, որ ընդամենը 10 ամիս առաջ Փաշինյանին աջակցում էր բնակչության ավելի քան 90%-ը, իսկ դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա ստացավ ձայների ավելի քան 70%-ը, այսինքն՝ միայն վերջին երեք ամիսներին կառավարության ղեկավարի կողմնակիցների բանակը կրճատվել է 20%-ով, իսկ 10 ամսվա ընթացքում՝ 35-40%-ով»։ Ինչ հետևեց սրան։ Այսպես, դեռևս ս.թ. փետրվարի 3-ին ամերիկացի հայտնի միլիարդատեր և խառնակիչ, կեղծ մարդասեր, միաժամանակ՝ Բաց հասարակության ֆոնդերի (Open Society Foundations) հիմնադիր Ջորջ Սորոսը Twitter-ի իր միկրոբլոգում կատարել էր գրառում, որում արտահայտել էր Հայաստանում դեմոկրատիայի զարգացման իր տեսլականը, դիցուք. «Հայաստանում քաղաքացիական հասարակության հզոր աջակցությունն անհրաժեշտ է երկրի դեմոկրատական ներկայի և ապագայի համար»։ Ընդ որում՝ իր երկրպագուների, այսինքն՝ քաղաքականությունից չհասկացող Հայաստանի քաղաքացիների համար, ավելի ճիշտ՝ նրանց ուշադրությունը շեղելու նպատակով, Սորոսը Twitter-ի նույն գրառման մեջ հղում է թողել «Ինչպես ԱՄՆ-ը կարող է աջակցել Հայաստանում երիտասարդ դեմոկրատիային» վերնագրով հոդվածին, որը հրապարակվել է ս.թ. հունվարի 16-ին Open Society Foundation կայքում, լրագրող Տ.Խաչատրյանի կողմից։ Այստեղ տեղին ենք համարում նկատել, որ Ավստրիան, Հունգարիան, Ռուսաստանը և Իսրայելը արգելել են Սորոսի հիմնադրամի գործունեությունն իրենց երկրներում՝ համարելով, որ այն միջամտում է իրենց երկրների ներքին գործերին։ Նշենք նաև, որ 2017թ. նոյեմբերին Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը տեղեկացրեց Ջորջ Սորոսին, որ նրա «Բաց հասարակություն» հիմնադրամին փակվելու համար 28 օր է տրվում։ Այլապես, ինչպես տեղեկացվեց կեղծ մարդասերին, հիմնադրամին սպասվում են դատական տույժեր «ազգի դեմոկրատիան խափանելու փորձի համար...,- այնուհետև Ավստրիայի կանցլերն ասել է,- Սորոսի ուրվականը մեծագույն խնդիր է, որի հետ մարդկությունը բախվում է աշխարհում 2017 թվականին։ Նա հիանալի կաղամար-վամպիր է, որ փաթաթվել է մարդկության դեմքին, անդադար արյան շրջապտույտի մեջ վերցնելով այն ամենը, ինչից փողի հոտ է գալիս, այդ փողերն օգտագործելով կոռումպացված քաղաքական գործիչների, լրագրողների, հասարակական սեկտորի համար, և փորձում է ստեղծել աշխարհ իր կերպարով» (новости-сша.ru-an.info/новости/австрия-выгоняет-фонд-сороса-из-страны-с-позором, «Ավստրիան խայտառակությամբ քշում է Սորոսի հիմնադրամը երկրից»)։ Հատկանշական է, որ Հայաստանում հայտնի քաղաքական ստորաքարշը, որն այժմ Արցախի ազգային-ազատագրական պատերազմի հերոսներից մեկի դամքաշն է, օրերս հարցազրույց էր տվել էլեկտրոնային պորտալներից մեկին, որը առատաձեռն ֆինանսավորվում է ԱՄՆ-ից (չէ՞ որ հենց այնպես այս ինտերնետ պորտալը ԱՄՆ ազգային դրոշը չէր ցցի իր գրասենյակի առջև), կոչ է արել Հայաստանի «համաժողովրդական ճանապարհով ընտրված» իշխանություններին սկսել համեստ անձիս քրեական հետապնդումն այն բանի համար, որ ս.թ. մարտի 13-ին REGNUM լրատվական գործակալության իմ հոդվածում՝ «Հայե՛ր, զգոն եղեք», ես ուղղակի հայտարարել եմ Սորոսի հիմնադրամի կողմից Հայաստանում պետական հեղաշրջման (2018թ.) ֆինանսավորման մասին, ինչը, գործ տվողի կարծիքով, չէր կարող չվիրավորել «համաժողովրդական ճանապարհով ընտրված վարչապետին», առավել ևս՝ ստվեր չնետել «թավշյա հեղափոխության» վրա։ Տարօրինակ է, թե ինչու սույն գրչակը հղում էր կատարել միայն վերջին հոդվածիս, քանի որ այդ թեմայով ես տասնյակ հոդվածներ եմ գրել, որոնք հրապարակվել են տարբեր լրատվամիջոցներում։ Դատելով ըստ ամենայնի՝ այդ զրպարտիչը, մի կողմից, շատ է ցանկացել դուր գալ «ժողվարչապետին», մյուս կողմից՝ անուղղակիորեն ցանկացել է հասկացնել, որ իրեն վարձողը (թե ով է նա՝ Հայաստանում շատերին է հայտնի) նույնպես Ն.Փաշինյանի կողմնակիցն է։ Սակայն սա այլ վերլուծության թեմա է։ Վերադառնալով Սորոսի գրառմանը՝ նշենք, որ «Հայաստանում երիտասարդ դեմոկրատիային աջակցել» ԱՄՆ-ը բնավ չի պատրաստվում Տ.Խաչատրյանի հոդվածում ներկայացված երաշխավորություններով։ Շատ ավելի լուրջ խնդիր է դրված, քան «Հայաստանում երիտասարդ դեմոկրատիային աջակցելը»։ Այսպես, 2018թ. փետրվարի 14-ին Քարնեգի հիմնադրամի կայքում տեղադրվել էր հոդված՝ «Հայաստանում հետհեղափոխական բարեփոխումների ԱՄՆ աջակցության արդիականացումը» («Upgrading A.S. Support for Armenias Postrevolution Reforms») վերնագրով։ Հոդվածի հեղինակը՝ Ռեյ Սալվատորե Ջենինգսը, անկախ գիտնական է և զարգացման գծով մասնագետ, որն ավելի քան 25 տարի աշխատել է դեմոկրատական վերափոխումների ենթարկվող հասարակություններում, մի խոսքով՝ նրա հոդվածը բնավ Տ.Խաչատրյանի հոդվածից բանագողություն չէ։ Հատկանշական է, որ իր հոդվածի ամփոփագրում միստր Ջենինգսը գրել է. «Հայաստանում հաջող անցումը մոդել (օրինակ) կծառայի բազմաբևեռ գիծ նշած ուրիշ երկրների համար, որոնք ձգտում են դեմոկրատիայի։ Չկա ավելի լավ ժամանակ, որպեսզի դիվանագիտությունը եւ օտարերկրյա օգնությունն օգտագործվեն նրա աջակցության համար (Summary: A successful transition in Armenia will offer a model for other aspiring democracies to chart a multipolar course. There is no letter time to use diplomacy and foreign aid to support it)։ Հարկ է նշել, որ այդ հոդվածում հեղինակը բացահայտ հայտարարում է. «Ցայժմ Վաշինգտոնը չի շտապել ցուցադրել, որ Փաշինյանի կողմից է (այսինքն՝ այն, որ Փաշինյանի կողմից է՝ կասկածի տակ չի դրվում - Ա.Գ.)։ Միացյալ Նահանգները էական փոփոխություններ չի մտցրել Հայաստանին դիվանագիտական և տնտեսական աջակցության իր քաղաքականության մեջ, բացի ընտրություններին ժամանակին աջակցելուց (օրինակ, «Ազատություն» ռադիոյի հայկական ծառայության շուրջօրյա ուղիղ եթերը 2018թ. ապրիլ-մայիսին, որն ուղեկցվում էր նախապես պատրաստված և հորինված հակապետական սյուժեներով՝ ուղղված ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի ու նրա թիմի անդամների դեմ, ԱՄՆ չափանիշներով բնավ պետական հեղաշրջման կազմակերպիչներին էական տնտեսական ու տեղեկատվական աջակցության վկայություն չէ - Ա.Գ.)։ Ավելին, դոնորների միջազգային հանրույթում շատ քիչ են ճկուն մեխանիզմները, որոնք հնարավոր են դարձնում հաջորդ տասներկու ամիսների համար նոր կառավարությանը պահանջվող կարճաժամկետ ներդրումները։ Նպատակային տեխնիկական օգնությունը և օտարերկրյա օգնության տրամադրման համեմատաբար համեստ նախաձեռնությունները հսկայական նշանակություն կունենան Հայաստանի համար։ Դա նաև կնպաստի ռազմավարական գործընկերոջ հետ (ուշադրություն դարձրեք՝ «ռազմավարական գործընկերոջ» հետ, նկատի ունեն ԱՄՆ-ը - Ա.Գ.) հարաբերությունների խորացմանը և հավատի վերականգնմանը նրանց աջակցելու հավատարմության մեջ, ովքեր բավականաչափ համարձակ են, որպեսզի ձգտեն դեմոկրատիայի»։ Այսինքն՝ պետք է կարծել, որ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի և Սերժ Ազատի Սարգսյանի նախագահության տարիներին Հայաստանում խափանվել էր «հավատը դեմոկրատիայի ձգտողներին աջակցության ԱՄՆ հավատարմության հարցում»։ Պարզվում է՝ բազմամիլիոնանոց ֆինանսական ներարկումները հարյուր հազարավոր դոլարներով այնպիսի կազմակերպություններում, ինչպիսին են, օրինակ, «Transparency International»-ը, «Factor TV»-ն, «Union of informed Citizens»-ը, «Asparez Jurnalists’ club»-ը, «Institute of Public Policy»-ն և այլն, բնավ հենց այդ նպատակի իրականացմանը չեն ձգտել։ Այնինչ, եզրակացությունն ինքնին է արվում, որ «դեմոկրատիայի ձգտողների աջակցության» գլխավոր գործիքը, դատելով ըստ ամենայնի, պետական հեղաշրջումն էր Հայաստանում։ Այնուհետև Ռեյ Սալվատորեն գրում է. «Ապրիլյան հանրահավաքների ժամանակ և դեկտեմբերի խոհրդարանական ընտրություններին ընդառաջ Փաշինյանը հաստատեց իր պարտավորությունը՝ վերացնել դեմոկրատիայի դեֆիցիտը երկրում՝ շնորհիվ օրենքի գերակայության, անցումային շրջանի արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացման և հաշվետվողականության ու թափանցիկության բարձրացման»։ Հանգստացնենք պրն Ջենինգսին նրանով, որ ս.թ. մարտի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ Ն.Փաշինյանը հաստատեց իր հավատարմությունը նրա դրույթների կատարմանը՝ ասելով, որ ունեցվածքի առգրավման մեխանիզմի ներդրումը՝ առանց դատարանի մեղադրական դատավճռի, Հայաստանի միջազգային պարտավորությունն է, ինչի մասին ես առավոտյան տեղեկանք եմ ստացել» (ուզում ենք հուսալ, որ տեղեկանքը նա ստացել է ոչ Ռեյ Սալվատորեից - Ա.Գ.)։ Ի հավաստումն իր խոսքերի՝ նա հետո ասաց. «ՄԻԵԴ-ը ունի դատավճիռներ, որոնցում հստակ ամրագրել է իր կարծիքը ունեցվածքի առգրավման մեխանիզմի վերաբերյալ՝ առանց մեղադրական դատավճռի։ Այնտեղ նշված է, որ դա լիովին համապատասխանում է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։ Այնպես որ, այստեղ հարց չի կարող լինել այդ մեխանիզմին համապատասխանության մասով։ Դա աշխարհում ընդունված պրակտիկա է (մարդն ասաց, չէ՞, որ իրեն տեղեկանք են տվել այս հաշվով, որտեղ համաշխարհային պրակտիկան ընդհանրացված է, հավանաբար, ՄԻԵԴ մեկ-երկու նախադեպային դատավճիռների հիման վրա - Ա.Գ.), գործիք, որն ընդունված է ՄԻԵԴ մակարդակով, որը կարող է կիրառվել»։ Ընթերցողը միանգամայն իրավացիորեն կարող է հարց տալ. իսկ ի՞նչ դատապարտելի բան կա այստեղ, եթե ապօրինի կուտակած ունեցվածքը վերադարձվի պետությանը։ Այստեղ, հարգելի ընթերցող, խնդրում եմ զինվեք համբերությամբ, այս ամենի մասին կասվի հետագա շարադրանքում։ Այնուհետև Ռեյ Սալվատորեն շարունակում է. «Այսօրվա դրությամբ ԱՄՆ արտաքին օգնությունը Հայաստանին լրիվ չի դիֆերենցվել իշխանությունների հետ աշխատանքի բազմաթիվ պահանջների բավարարման համար՝ հեղափոխությունից հետո ընկած շրջանում»։ Անկեղծ է ասված։ Պետական հեղաշրջում իրականացնել օգնեցին, իսկ հետո տպավորություն ստեղծվեց, որ մի կողմ քաշվեցին։ Այնպես որ, հարկ է ավելի ակտիվ աջակցել «հայ հեղափոխականներին»։ Չէ՞ որ այլ դեպքում մեկ-երկու ամիս հետո նրանց վարկանիշը կիջնի շրիշակի աստիճանի՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով. դիցուք՝ հարյուր միլիոնավոր դոլարներ՝ ծախսված Սորոսի հիմնադրամի, Դեմոկրատիայի եվրոպական հիմնադրամի (EED), Դեմոկրատիայի աջակցման ազգային հիմնադրամի (NED), Դեմոկրատիայի ազգային ինստիտուտի (NDI) և Հայաստանում քաղաքացիական հասարակության ու դեմոկրատիայի այլ ջատագովների կողմից, իզուր կկորչեն։ Բնականաբար, հաշվի չեն առնվում այն գումարները, որոնք հաջողությամբ նստում են Հայաստանում դեմոկրատիայի շարժիչ ուժերի ու նրանց կապավորների գրպաններում։ Այս տողերը գրում եմ և ակամա մտածում, որ սա ինձ չեն ների հատկապես ԼԳԲՏ հանրույթի ներկայացուցիչները, որոնց մատուցում են, դատելով նրանց հեղափոխական ժրաջանությունից, ոչ քիչ ֆինանսական միջոցներ։
Հայկական իշխանություններին իր երկրորդ հանձնարարականում Ռեյ Սալվատորեն գրում է. «Երկրորդ՝ Հայաստանի կառավարությունը կշահի շոշափելի արագ հաղթանակներից, որոնք կազդարարեն ոչ մեծ առաջընթացի մասին։ Խոսքը, մասնավորապես, աղբահավաքման, շուկայի զարգացման, կանաչ տարածքների ընդլայնման, լրագրողական հետաքննությունների... բարելավման մասին է։ Վերը թվարկվածի հաջող իրականացումը կօգնի կառավարությանը ժամանակ շահել ավելի մասշտաբային և բարդ բարեփոխումների համար»։ Այս հանձնարարականներին հետևելով էլ հենց կազմակերպվեց Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի ազգային թատրոնի շենքի շուրջ սրճարանների քանդման շոուն Երևանում։ Ես չեմ քննարկում այս գործողության իրավաչափությունը քաղաքային իշխանությունների կողմից, այլ ցանկանում են նշել, որ սրճարանների ապամոնտաժումը թատերականացված ներկայացմանը չէր զիջում։ Չէ՞ որ կարելի էր այդ կառույցները քանդել ոչ թե էքսկավատորների շերեփներով, այլ համապատասխան գործիքներով, որպեսզի օգտագործման ենթակա այդ շինանյութերը նորից օգտագործվեին անհրաժեշտության դեպքում, օրինակ՝ գյուղի բնակիչների կողմից պարարտանյութերը, կերը ծածկի տակ պահելու, ինչու չէ՝ նաև փարախներ կառուցելու համար, և այլն, և այլն։ Կարծում եմ, որ այդ քանդվող շինությունների տերերը կհամաձայնեին դրան։ Չէ, պետք էր տեսարան սարքել, չէ՞ որ իշխանությունների խոստացած հանապազօր հացը չկա։
Միստր Ռեյի չորրորդ հանձնարարականը վերաբերում է «անցումային շրջանի արդարադատության մեխանիզմների ներդրմանը». հանուն արդարության մեկ անգամ ևս նշենք, որ Ն.Փաշինյանն այս հարցում էլ կարգապահորեն հետևում է համապատասխան հանձնարարականներին։ «Դրանք հաճախ վճռական դեր են խաղում քաղաքացիների պահանջների բավարարման գործում՝ անհաշվետու էլիտաների հանդեպ արդարության բավարարման և հովանավորչության վերացման առումով (ցանկանում ենք հուսալ, որ Ն.Փաշինյանն անպայման կօգտվի այդ հանձնարարականից և իր համարձակ, «դուխով» գործողություններով կնպաստի կոռուպցիոն սկանդալի օպերատիվ դատական լուծմանը՝ կապված Պետական վերահսկողական ծառայության ղեկավարության հետ- Ա.Գ.)»։
Կարելի է շարունակել Քարնեգիի հիմնադրամի հեղինակի չորրորդ, հինգերորդ և վեցերորդ հանձնարարականների մասին պատմությունը հետևյալի վերաբերյալ. ապացուցողական բազայի ընդլայնում արդարադատության և հարկային բարեփոխումների իրականացման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի համար, ապատեղեկատվության հոսքերի սրացման կասեցում առաջիկա ամիսներին՝ ուղղված առանցքային պետական գործիչների վարկաբեկմանը, սոցիալ-քաղաքական կայունության և բարեփոխումների գործընթացի խափանմանը (նշենք, որ հազվագյուտ բացառությամբ Հայաստանի լրատվամիջոցների մեծ մասը ֆինանսավորվում և վերահսկվում է վերը նշված արտասահմանյան հիմնադրամների կողմից, իսկ թե ինչ նկատի ունի միստր Ռեյը, ինչպես հանրահայտ մուլտում է՝ մեծ, մեծ գաղտնիք է - Ա.Գ.)։
Քարնեգիի հիմնադրամի կայքում հայտնված հոդվածի այսքան մանրամասն նկարագրութունից և ՀՀ կառավարության գործունեության վերլուծությունից հետո ակամա մտաբերում եմ, մասնավորապես, Աբրահամ Նոամ Խոմսկու «Զանգվածների կառավարման 10 միջոց» հոդվածը։ Նշենք, որ ամերիկացի հայտնի քաղաքագետը և հասարակական գործիչը, «մեր Սոկրատը», ինչպես նրան անվանում են ամերիկացիները, ուսուցիչ չի գրվել, ինչպես Ռեյ Սալվատորեն, Հայաստանի իշխանություններին, բայց դա չի խանգարում Հայաստանի իշխանություններին խստորեն հետևել զանգվածների կառավարման նրա երաշխավորություններին։ Որպեսզի մերկապարանոց չհնչի ասածս, հղում կատարեմ կոնկրետ օրինակների։ Եվ այսպես, զանգվածների կառավարման Միջոց թիվ 1-ը, համաձայն Ն.Խոմսկու, ուշադրության շեղումն է։ Ընդ որում՝ գիտնականը հստակ մատնանշում է. «...մշտապես շեղել քաղաքացիների ուշադրությունը ներկա սոցիալական խնդիրներից՝ նրան շեղելով դեպի այն թեմաները, որոնք իրական նշանակություն չունեն։ Հասնել այն բանին, որպեսզի քաղաքացիները մշտապես ինչ-որ բանով զբաղված լինեն և ժամանակ չունենան մտածելու, դաշտից՝ փարախ, ինչպես և մնացած բոլոր կենդանիները» (Ն.Խոմսկի, մեջբերում նրա «Խաղաղ զենք հանգիստ պատերազմի համար» գրքից)։ Ի հաստատումն այն բանի, որ անշեղորեն հետևել են Միջոց թիվ 1-ի հանձնարարականին, բավական է հիշել ամբողջ տեղեկատվական դատարկաբանությունը, որը կանոնավորապես նետվում էր Հայաստանի մաս-մեդիաներ, մասնավորապես՝ այս կամ այն գյուղապետի՝ մինչև անգամ 200-300 դոլարի հասած թալանի մասին, առանձին պաշտոնյաների չարաշահումների մասին, որպես կանոն, մարզային մասշտաբի, և իշխանությունների բազմաթիվ այլ տեղեկատվական դատարկաբանություններ։ Միջոց թիվ 2-ն կոչվում է «խնդիր-ռեակցիա-լուծում» և նախատեսում է խնդրի ստեղծում, մի ինչ-որ «իրավիճակ», որը հաշվարկված է, որպեսզի առաջ բերի որոշակի արձագանք բնակչության շրջանում, որպեսզի հենց ինքն էլ պահանջի միջոցներ ձեռնարկել, որոնք անհրաժեշտ են կառավարող շրջանակներին (գոնե ուշադրությունը շեղելու համար ոչ մի կերպ չլուծվող հրատապ սոցիալական խնդիրներից)։ Բավական է հիշել գրավատների և փոխանակման կետերի պետտուրքերի կտրուկ բարձրացման՝ կառավարության նախաձեռնած միջոցները կամ գազավորված ըմպելիքի ակցիզային հարկ մտցնելը։ Խոսքն այն մասին է, որ ՀՀ Ազգային ժողովը, որտեղ Ն.Փաշինյանի «Իմ քայլը» խմբակցությունը ճնշող մեծամասնություն ունի, ՀՀ Կենտրոնական բանկի միջոցով նախաձեռել է ՀՀ ԱԺ-ում «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ մտցնելու մասին» օրինագծի քննարկում։ Փոփոխությունները նախատեսում են պետտուրքերի բարձրացում վարկային կազմակերպությունների համար՝ տարեկան կտրվածքով 6 անգամ, վարկահաշվարկային համակարգերի համար՝ 4 անգամ, վարկային գրասենյակների համար՝ 2 անգամ, գրավատների համար պետտուրքն ավելանում է 60 անգամ (100 հազար դրամից՝ 6 միլիոն), փոխանակման կետերի համար՝ նույնպես 60 անգամ (50 հազար դրամից, որը կազմում է մոտ $100, մինչև 3 մլն դրամ)։ Մասնագետների կարծիքով, եթե տուրքը բարձրանա 60 անգամ, ապա փոխանակման կետերի 80%-ը, ամենայն հավանականությամբ, կփակվի, գրավատների պարագայում՝ կփակվի 20-30%-ը։ Ինչպես տեսնում ենք, «ժողվարչապետի» հռչակած տնտեսական հեղափոխությունը համոզիչ կերպով մեկնարկել է, հետն էլ՝ դրա իրագործման ընթացքում ի կատարումն ընդունվել է Ն.Խոմսկու նկարագրած Միջոց թիվ 2-ն։
Կարելի է հերթով մանրամասն դիմել զանգվածների կառավարման մնացած 8 միջոցներին։ Բայց, կարծում եմ, բավական է հիշատակել դրանց մի մասի բնորոշումները, որպեսզի Հայաստանի ցանկացած առողջ դատող քաղաքացի կամա-ակամա դեժավյու ունենա, այսինքն՝ հայտնվի հոգեկան այնպիսի վիճակում, երբ այնպիսի զգացողություն ունենա, ասես արդեն երբևէ եղել է նման իրավիճակում, ինչպես պետական հեղաշրջման նախօրեին, այնպես էլ ընդհուպ մինչև ներկա ժամանակը։ Օրինակ, Միջոց թիվ 5-ը, որը վերնագրված է՝ «Ժողովրդին դիմել ինչպես փոքր երեխաներին» (դրա օրինակն են Ն.Փաշինյանի բազմակի դիմումները հանրահավաքների ժամանակ բարձրդասարանցիներին՝ նախապես պատրաստված միամիտ դատողությունների ու այբբենական ճշմարտությունների հնչեցմամբ, որոնք դրվում էին նրա բոցավառ ելույթների հիմքում և որոնք նախատեսված էին լայն լսարանի ընկալման համար, որոնք նկարագրված են քաղաքացիների գիտակցության մանիպուլացման հետագա մեթոդներում - Ա.Գ.)։ Միջոց թիվ 6-ն ասում է. շեշտն ավելի շատ դնել հույզերի վրա, քան մտորումների։ Ն.Փաշինյանի չորսուկես ժամանոց մամուլի ասուլիսը ս.թ. մարտի 19-ին Միջոց թիվ 6-ի կիրառման դասական օրինակ է գործնականում։ Ն.Փաշինյանի մամուլի ասուլիսի մտադրությունը հստակ երևում էր և ուղղված էր այն բանին, որպեսզի արգելակվի հեռուստադիտողների կամ ինտերնետ լսարանի ռացիոնալ վերլուծության, տեղի ունեցողի քննադատական իմաստավորման կարողությունը։ Հայաստանի իշխանավորների համար պակաս պահանջված չեն նաև 7 և 8 Միջոցները՝ «Մարդկանց պահել տգիտության մեջ՝ սերմանելով միջակություն» և «Քաղաքացիներին դրդել հիանալ միջակությամբ»։ Ասվածի մեջ համոզվելու համար բավական է ծանոթանալ Ն.Փաշինյանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կամ տարբեր մակարդակի կառավարական պաշտոնյաների հանրային ելույթների և արտահայտությունների բովանդակությանը (հազվադեպ բացառություններով)։ Նման եզրահանգում անելու համար հիմք է տալիս թեկուզև երկրի 2019-2023թթ. զարգացման ծրագիրը, որը հաստատվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից։ Վերոնշյալ կոլիզիաները, դիցուք՝ Հայաստանի իշխանությունների իրականացրած քաղաքականության ենթարկեցման ուղղությամբ մտածված աշխատանքի իրականացումը, որը Ռեյ Սալվատորե Ջենինգսի և Աբրահամ Նոամ Խոմսկու հանձնարարականներին համապատասխան, իրենց հիմնավորումն են ստացել միստր Ջենինգսի հոդվածի վերջում։ «Դեմոկրատիայի համար գլոբալ պայքարը նույնքան բարդ է, որքան և վերջին տասնամյակները։ Դեմոկրատական պոռթկումները, թեև հազվադեպ վերջին տարիներին, հիշատակում են այն մասին, որ լավ կազմակերպված և ոգևորված քաղաքացիները (բավական համոզիչ և անկեղծ կլիներ, եթե ի հավելումն գրված բառերի՝ ավելացվեին վճարված քաղաքացիները - Ա.Գ.) կարող են վերականգնել վերահսկողությունն իրենց կառավարության հանդեպ և ավելի լավ ապագայի հավատը։ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական անցումը Միացյալ Նահանգներին հնարավորություն է ընձեռում օգնություն ցուցաբերել կարևոր դաշնակցին (տե՛ս, է, 2018թ. պետական հեղաշրջումից հետո անցած 10 ամսում Հայաստանը դարձել է ԱՄՆ-ի համար «կարևոր դաշնակից» - Ա.Գ.) և վերականգնել դեմոկրատական գործընկերների աջակցությունն արտասահմանում (դեռ լավ է, որ պետհեղաշրջման ֆինանսավորումը չի վերագրվել «դեմոկրատական գործընկերների աջակցության» շարքին - Ա.Գ.), ոգևորված նույն արժեքներով, որոնք ոգևորում են ԱՄՆ քաղաքացիներին տանն իրենց ինստիտուտները պահպանելու ուղղությամբ»։ Այստեղ, հարգելի ընթերցող, կարելի էր վերջակետ դնել։ Բայց հետագայում ինձ կտանջեր խղճի խայթն այն գիտակցությունից, որ ամբողջ ճշմարտությունը չեմ ասել։ Խոսքն այն մասին է, որ ամերիկյան վերլուծաբանների հանձնարարականների իրականացումն անխուսափելիորեն Հայաստանը կներքաշի քաոսի վիճակի մեջ, բնականաբար՝ իրենց իսկ կողմից կառավարվող քաոսի։ Եվ դա՝ լավագույն պարագայում։ Ընդ որում, եթե ամենակարճ ժամկետում Հայաստանում այդ, առանց չափազանցության, հակապետական դավադրության կասեցման գործուն միջոցներ չձեռնարկվեն, ապա պետք է սպասել ամենաաղետալի հետևանքների հայոց պետականության ճակատագրի համար։ Ավաղ, սա չափազանցություն չէ։ Սրանում համոզվելու համար բավական է անկողմնակալ վերլուծել հնարավոր հետևանքները, եթե իրականանան Ն.Փաշինյանի գլխավոր մտահղացումները։ Վերցնենք թեկուզ նրա պնդումը ս.թ. փետրվարի 12-ին խորհրդարանի նիստում. «Լինում են դեպքեր, երբ քաղաքացին պետք է բացատրի իր ունեցվածքի ստացման աղբյուրը և այդ դեպքում գործում է ոչ թե անմեղության կանխավարկածը, այլ մեղքի կանխավարկածը։ Եթե մարդը չի կարող ապացուցել, որ ունեցվածքը ձեռք է բերել օրինական ճանապարհով, ապա այդ ունեցվածքի ձեռքբերումը համարվում է ապօրինի»։ Օրինակ, ֆիզիկական անձանց դրամական միջոցների զուտ ներհոսքը ՀՀ բանկային համակարգով միայն Ռուսաստանից 2018թ. հունվար-դեկտեմբերին կազմել է $ 578 մլն 258 հազար (ՀՀ ԿԲ Տեղեկատու, 2019թ. հունվար)։ Եթե այդ միջոցների մի մասը գնա շինարարությանը, օրինակ՝ հարմարավետ տան կառուցմանը (ինչը շատ բնորոշ է հայերին) կամ շքեղ ավտոմեքենայի ձեռքբերմանը, ինչն այդ ժամանակ կկանգնեցնի կեղծ-հեղափոխականների ջանասեր պաշտոնյաներին առանց դատուդատաստանի գայթակղության առգրավել «անօրինական ճանապարհով ստեղծված» ունեցվածքը։ Չէ՞ որ դեպքերի մեծամասնությունում մեր հայրենակիցները, որոնք աշխատում են այդ նույն եղբայրական Ռուսաստանում, այնտեղ վճարելով նախատեսված հարկերը, բնավ իրենց նեղություն չեն տալիս (դրա անհեթեթության պատճառով) ձեռք բերել փաստաթղթեր, որոնք հիմնավորում են վաստակած միջոցների օրինականությունը։ Սա առավել ևս հասկանալի է, քանի որ փողերը նրանք ուղարկում են բանկային համակարգի միջոցով, այսինքն՝ կասկածի դեպքում քննությունը պետք է կատարվի այն երկրում, որտեղից ուղարկվում են այդ միջոցները։
Արդեն ակնհայտ է, որ մասնավոր ունեցվածքի շահագործման այս ապօրինի մեխանիզմների ներդրումը՝ առանց մեղադրական դատական եզրակացության, երկակի նպատակ է հետապնդում. նախ՝ լրացնել երկրի պետբյուջեի համալրման հարցում ամսեամիս մեծացող ճեղքվածքը, երկրորդ՝ կոռուպցիայի դեմ պայքարի երևութականություն ստեղծելով՝ «վերհանել» նոր հակահեղափոխականների, որոնք իբր խանգարում, արգելակում են Ն.Փաշինյանի հերթական անհեթեթ մտահղացման՝ տնտեսական հեղափոխության կենսագործումը։
Չեմ թաքցնի, որ լսելով ս.թ. փետրվարի 12-ին ՀՀ ԱԺ նիստում Ն.Փաշինյանի ելույթը կառավարության գործունեության հնգամյա ծրագրի քննարկման ժամանակ, փոքր-ինչ վհատվել էի, և ահա թե ինչու։ Հիշում եմ, «ժողվարչապետն» այն ժամանակ ասաց. «Ես այսօր խորհրդարանի բարձր ամբիոնից հայտարարում եմ համազգային տնտեսական հեղափոխության մասին Հայաստանում։ Հայ ժողովուրդը հաղթել է կոռուպցիան (դա հատկապես վառ երևում է կոռուպցիոն սկանդալի դատավարության ձգձգմամբ՝ կապված Պետական վերահսկողական ծառայության ղեկավարության հետ - Ա.Գ.), ամենաթողությունը, կլանայնությունը (Ն.Փաշինյանի հարազատների առատությունը ՀՀ ԱԺ-ում դրա ապացույցն է, էլ չեմ ասում ղեկավար պաշտոններին ներկայիս իշխանավորների բարեկամների ու ընկերների նշանակումների մասին - Ա.Գ.) և պայքարելու է աղքատության, գործազրկության (կրճատելով գրեթե 10 հազար պետծառայողների - Ա.Գ.) և անգործության (եթե նկատի ունի պետական պաշտոններում նոր նշանակվածներին, ապա դրանում նա իրավացի է և, կարծում եմ, որ հանրային սատարում կստանա – Ա.Գ.)»։ Ես ինձ բռնեցի այն մտքի վրա, որ այնքան էլ չեմ պատկերացնում, թե ինչ է տնտեսական հեղափոխությունը Հայաստանում։ Գուցե իմ անհասկացողությունը բխում էր այն բանից, որ վերջին գիրքը, որ կարդացել էի հեղափոխության մասին, Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի նախագահ Կլաուս Շվաբի գիրքն էր, որը հրատարակվել էր 2016-ին՝ «Չորրորդ արդյունաբերական հեղափոխություն» վերնագրով։ Իր գրքի նախաբանում Կլաուս Շվաբը անկեղծորեն խոստովանում է. «Մենք վկաներն ենք բոլոր ճյուղերում արմատական փոփոխությունների, որոնք նշված են բիզնես մոդելների ստեղծմամբ, ինչպես նաև արտադրության համակարգերի, սպառման, փոխադրման և մատակարարման արմատական վերափոխումների... Նորագույն տեխնոլոգիաների զարգացումը և ներդրումը կապված են անորոշության հետ և նշանակում են, որ մենք առայժմ պատկերացում չունենք, թե ինչպես հետագայում կզարգանան արդյունաբերական հեղափոխությամբ պայմանավորված վերափոխումները»։ Կարդալով այս տողերը՝ ակամա զարմանում ես Կլաուս Շվաբի համեստությամբ։ Ուզում ես հրավիրել նրան ընդունելության Հայաստանի կառավարությունում, այնտեղ նրան պարզապես ոչ միայն կբացատրեին, թե ինչ է նշանակում չորրորդ արդյունաբերական հեղափոխություն, այլև, ավելի լայն վերցրու՝ կբացատրեին, թե ինչ է տնտեսական հեղափոխությունն առհասարակ։ Կարդալով տնտեսական հեղափոխության մասին այս դատարկաբանությունը՝ մտաբերում եմ XIX դարի երկրորդ կեսի հայ երգիծաբան Հակոբ Պարոնյանի թևավոր դարձած արտահայտությունը՝ չես գիտեր՝ լա՞ս, թե՞ խնդաս։ Կարելի էր էլի շարունակել «ժողվարչապետի» ելույթներում ու գործողություններում պարունակվող անհեթեթությունների թվարկումը, բայց, կարծում են, վերն ասվածը թույլ է տալիս նորից ու նորից անել հետևյալ եզրակացությունը. ադրբեջանա-ղարաբաղյան-հայկական հարաբերություններում ստեղծված ծայրահեղ բարդ իրադրությունում Հայաստանի իշխանության ղեկին անձեռնհաս ղեկավարի գտնվելը հղի է ազգային անվտանգության լուրջ սպառնալիքներով։ REGNUM լրատական գործակալությունում ս.թ. փետրվարի 13-ին հրապարակված իմ «Ադրբեջանը լիովին հասունացել է նոր ջախջախիչ պարտության համար» հոդվածում ես հույս ունեմ, որ համոզիչ հիմնավորել եմ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության «Պաշտպանության միացյալ կոմիտեի ստեղծման մասին» օրենքի ընդունման հրատապությունը՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Սահմանադրությանը և Միջազգային իրավունքի դրույթներին լիովին համապատասխան։ Համոզված եմ այդ գաղափարի իրականացման պահանջվածությանը, որովհետև ՀՀ հանրահայտ ինտերնետ պորտալներից մեկում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների «Պաշտպանության միացյալ կոմիտեի» ստեղծման գաղափարին ծանոթացել է 27915 ընթերցող, ինչը Հայաստանի համար բավական շոշափելի ընթերցողական լսարան է, իսկ ընթերցողները, որոնք հոդվածը գնահատել են «գերազանց», կազմել են 78,33%, «լավ»՝ 3,33% (www.shame.am/ru.,news/view/67020/html)։
Չէի ցանկանա հոդվածս ավարտել տխուր նոտայով։ Կան նաև լուսավոր էջեր «ժողվարչապետի» գործունեության մեջ։ Այսպես, ս.թ. մարտի 16-ին Արարատի մարզ կատարած ուղևորության արդյունքներով Ն.Փաշինյանը խոստովանել է. «Արարատի մարզի Ռանչպար գյուղից վերադարձա ծանր տպավորություններով։ Գիտեի, որ արդյունքների հիման վրա պետք է ինչ-որ եզրակացություններ անեի և ինչ-որ բան ասեի։ Մտածեցի գրառում անեմ, բայց հասկացա, որ գրառումը չի կարողանա փոխանցել այն ամենը, ինչ ուզում եմ ասել։ Որոշեցի հանդես գալ ուղիղ եթերով, բայց հասկացա, որ խոսքս կկաղա»։ Արդյունքում՝ Ն.Փաշինյանը գրեց բանաստեղծություն, որն անվանեց «Ռանչպար»։ Կարդալով Ն.Փաշինյանի այդ բանաստեղծությունը՝ մտովի տեղափոխվեցի մ.թ. 66 թվական՝ հիշելով Հռոմի կոնսուլ Գայոս Պետրոնիոսին, որին Նրբաճաշակության արբիտր էին անվանում, ավելի ճիշտ՝ նրա նամակը կայսր Ներոնին։ Ստորև ներկայացվում է այդ գլուխգործոցի տեքստը. «Կայսր և Հռոմի տիրակալ, աստվածային պոնտիֆիկ, ծնվել քո կառավարման ժամանակ՝ մեծ վրիպում է, բայց մեռնել քո կառավարման ժամանակ՝ մեծ ուրախություն։ Ես կարող եմ ներել քեզ այն, որ հրդեհեցիր մեր սիրելի Հռոմը։
Եվ այն, որ դու մեր անուշաբույր երկիրը լցրիր քո հանցագործությունների զազրահոտությամբ։ Բայց ես չեմ կարող ներել քեզ մի բան՝ թախիծը, որին դու մատնեցիր ինձ՝ ստիպելով լսել քո բանաստեղծությունները, քո խղճուկ երգերը, դիտել քո ողորմելի ներկայացումները։ Ինչ վերաբերում է քո առանձնակի տաղանդներին, ապա դրանք հրդեհումներն են, դավաճանություններն ու տեռորը։ Տանջի՛ր հպատակներիդ, եթե այդպես ես ուզում, բայց աղաչում եմ քեզ՝ մի՛ այլանդակիր և մի՛ հաշմիր Արվեստները։ Թախանձագին խնդրում եմ քեզ. ողջ եղի՛ր, բայց մի՛ երգիր, սպանի՛ր, բայց ոտանավորներ մի՛ գրիր, թունավորի՛ր, բայց մի՛ պարիր»։ Թեև ես չեմ կարող Գայոս Պետրոնիոսին նմանվել, Նիկոլ Փաշինյանն էլ՝ Ներոնին, բայց «ժողվարչապետին» խորհուրդ տալը պարտքս եմ համարում։ Նիկոլ Վովաևիչ, այնուամենայնիվ, ավելի լավ է ոտանավորներ գրեք, նրանք այնքան վտանգավոր չեն հայոց պետականության անվտանգության համար, որքան Ձեր կառավարումը։ Մի՞թե Դուք, Նիկոլ Վովաևիչ, չեք հասկանում, որ Ձեր վարչապետ լինելը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությանը։
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V եւ VI գումարումների պատգամավոր,
«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ