Նիկոլ Փաշինյանը խելահեղ մոլեգնում է
Նա վերջապես հասկացավ, որ իր համար նյութված առաքելությունն անիրականանալի է
http://www.shame.am/news/view/67054.html
Ոչ, հարգելի ընթերցող, այս հոդվածում բնավ չեմ պատրաստվում դատողություններս ներկայացնել Կոնֆերանսի մասին։ Այդ մասին արդեն հասցրել են արտահայտվել բավական բարձր պրոֆեսիոնալ մակարդակով ինչպես հենց Կոնֆերանսի ընթացքում, այնպես էլ նրա արդյունքներն ամփոփելիս։ Այստեղ կցանկանայի ուշադրություն հրավիրել որոշ հանգամանքների վրա։ Այսպես, ս.թ. փետրվարի 14-ին Սոչիում տեղի ունեցավ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահների եռակողմ գագաթաժողովը Սիրիայի հարցի վերաբերյալ։ Ընդ որում՝ նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիի եռակողմ գագաթաժողովի առաջնահերթությամբ բացատրեց իր չմեկնելը Մյունխեն՝ մասնակցելու Կոնֆերանսի աշխատանքին, իսկ Հնդկաստանի նախագահն առհասարակ հարկ չհամարեց պարզաբանումներ տալ այս հաշվով։ Չնայած Կոնֆերանսի կազմակերպիչ Վոլֆգանգ Իշինգերի անհատական հրավերին, որը հատուկ այդ առաքելությամբ եկել էր Մոսկվա, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը չմեկնեց Մյունխեն և այդ օրերին Սոչիում ընդունում էր Թուրքիայի, Իրանի և Բելառուսի իր պաշտոնակիցներին։ Մի խոսքով՝ Սոչիի գագաթաժողովը նշանավորում էր միջազգային օրակարգի հարցերի առաջնահերթությունը նախագահներ Վլադիմիր Պուտինի, Էրդողանի և Ռոուհանիի համար։ Էլ ավելի հետաքրքիր է թվում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Կոնֆերանսի մեկնելուց հրաժարվելը, մանավանդ նկատի ունենալով, որ Կոնֆերանսի շրջանակներում ենթադրվում էր նրա մասնակցությունը «Արևելք-Արևմուտք» հարաբերություններ» բանավեճին Ուկրաինայի, Վրաստանի և Ադրբեջանի նախագահների ընկերակցությամբ։ Համաձայնեք, որ բավական խորհրդանշական հավաքված բանավեճի մասնակիցների խումբ է։ Կարծում եմ, որ Թուրքիայի, Իրանի, Բելառուսի նախագահների՝ Կոնֆերանսին ցուցադրական չմասնակցելու փաստն ինքնին, էլ չեմ ասում Ռուսաստանի նախագահի մասին, շատ բանի մասին է վկայում, ավելին՝ անուղղակիորեն հաստատում է Կոնֆերանսի նշանաբանի հրատապությունը, քանի որ ակնհայտ է աշխարհակարգի, այսինքն՝ ամերիկյան ձևով՝ միաբևեռ աշխարհի քայքայման նոր հաստատումը։
Եվ ահա քաղաքական այս խճանկարի համատեքստում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք, առաջին հայացքից, վերաբերում են միայն Հայաստանի Հանրապետությանը։
Այսպես, ս.թ. փետրվարի 8-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Սիրիա (Հալեպ քաղաք) գործուղեց ռազմամարդասիրական առաքելություն՝ 83 մարդուց, որի կազմում են մարդասիրական ականազերծման հայ մասնագետներ, բուժանձնակազմ և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող աշխատակիցներ։ Այստեղ շատ կարևոր է նշել, որ Հայաստանի ռազմական գերատեսչությունն իր մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի միջոցով նշել է. «Հայաստանի Հանրապետության կողմից սիրիացի ժողովրդին մասնագիտացված օգնություն ցուցաբերելու որոշումն ընդունվել է՝ ելնելով մարտական գործողությունների արդյունքում Սիրիայում, հատկապես Հալեպում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակից՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2017թ. № 2393 և 2018թ. № 2401 բանաձևերին համապատասխան, հաշվի առնելով սիրիական կողմի գրավոր դիմումները, ինչպես նաև Հալեպում մեծաթիվ հայ համայնքի առկայությունը»։ Նշենք, որ մարդասիրական առաքելությունը Սիրիայում կիրականացվի Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո։ Նշենք նաև, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2018թ. փետրվարի 24-ի № 2401 բանաձևում միանշանակ ասված է, որ բանաձևը կոչ է անում անհապաղ արագացնել Սիրիայի ողջ տարածքում մարդասիրական գործունեությունը՝ կապված ականազերծման հետ։ Հաստատվում է բուժհաստատությունների, դպրոցների և քաղաքացիական այլ օբյեկտների ապառազմականացման պահանջը, որոնցում, ինչպես մենք գիտենք, գրոհայինների խմբավորումները հաճախ տեղակայում են իրենց ռազմական դիրքերը։ Բավական էական է թվում նաև ընդգծել, որ Սիրիայում հակամարտության սկսվելու պահից Հայաստանը ապաստան է տրամադրել ավելի քան 22 հազար փախստականների միայն Սիրիայից՝ դրանով իսկ դառնալով Եվրոպայում երկրի բնակչության թվաքանակի համեմատ երրորդ պետությունը սիրիացի փասխտականներ ընդունելու թվով։ Նշենք նաև, որ Սիրիայի հայ համայնքը ամենակազմակերպվածներից և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ համախմբվածներից էր Սփյուռքում։ Մինչև հակամարտության սկսվելը երկրում մոտ 100 հազար հայ կար, որոնք հիմնականում ապրում էին Հալեպում (60 հազար մարդ), Դամասկոսում (7 հազար), Լաթաքիայում, Քեսապում և Էլ Ղամիշլիում։ Այս առնչությամբ կցանկանայի կանգ առնել թուրքական տեղեկատվական «Ileri haber» պորտալի մի հրապարակման վրա, որում թղթակից Սերհան Քայերն իր «Հայաստան. երկիր, որը գրկաբաց ընդունեց աշխարհում իրենց տեղը գտնել չկարողացող սիրիացիներին» հոդվածում, մասնավորապես, գրում է. «Սիրիացի փախստականները, որոնք հայ ժողովրդին հիշեցնում են իր ողբերգական անցյալի մասին (սիրիացի փախստականներն այն մարդկանց սերունդներն են, ովքեր հրաշքով փրկվել են 1915թ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունից և ապաստան ու փրկություն են գտել Սիրիայում- Ա.Գ.), Հայաստանում արժանանում են ամենաանկեղծ ընդունելության... Իր սահմանափակ նյութական միջոցներով Հայաստանի կառավարությունը լայնածավալ օգնություն է ցուցաբերում սիրիացի փախստականներին։ Բացի անվճար բուժօգնությունից, սիրիացի երեխաները հնարավորություն ունեն կրթությունը շարունակել Հայաստանի դպրոցներում։ «Որդեգրիր մեկ ընտանիք» ծրագրի շրջանակում յուրաքանչյուր սիրիական ընտանիք մեկ հայկական ընտանիքի աջակցությամբ փորձում է ինտեգրվել Հայաստանի սոցիալ-մշակութային կյանքին։ Հայաստանում փախստականներին ինտեգրման և նոր կյանք սկսելու համար տրամադրվում են միկրովարկեր»։
Կարծում եմ, որ անգամ թուրք թղթակցի վերոնշյալ տողերն են լիովին հիմնավորում ՀՀ կառավարության որոշման ճշմարտացիությունը Սիրիայի Արաբական Հանրապետություն Հայաստանի ռազմամարդասիրական առաքելություն ուղարկելու մասին։ Ընդ որում՝ նշեմ, որ, ըստ իս, դա միակ ճիշտ որոշումն էր Հայաստանի իշխանությունների գործունեության ողջ ընթացքում՝ 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո։ Եվ հանկարծ այս իրավիճակում, անամպ երկնքում ճայթած ամպրոպի նման, հնչում է ԱՄՆ Պետդեպարտամենտի ս.թ. փետրվարի 13-ի շշպռանքը Սիրիա Հայաստանից ռազմամարդասիրական առաքելություն ուղարկելու առնչությամբ։ Այսպես, ի պատասխան Aysor. am ինտերնետ պորտալի հարցման՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ներկայացրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի դիրքորոշումն այս հարցում. «Մեզ հասկանալի է այլ երկրների ցանկությունը՝ արձագանքելու Սիրիայում հումանիտար իրավիճակին, և մենք կիսում ենք Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության հարցի շուրջ մտահոգությունը։ Այնուամենայնիվ, մենք չենք սատարում որևէ փոխգործակցություն Սիրիայի զինված ուժերի հետ (տոնայնությունից դատելով՝ անգամ եթե դա վերաբերում է հարյուրավոր քաղաքացիական անձանց, կանանց և երեխաների կյանքի փրկությանը, որոնք, ավաղ, հաճախ պայթում են ականների վրա- Ա.Գ.)՝ անկախ այն բանից՝ արդյո՞ք խոսքը վերաբերում է քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելուն, թե՞ կրում է ռազմական բնույթ։ Մենք նաև չենք աջակցում համագործակցությանը Հայաստանի և Ռուսաստանի միջև այս առաքելությունում (նրանց համար բնավ կարևոր չէ, որ Ռուսաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, որ բացի համապատասխան պայմանագրերում նշված պետական պարտավորություններից, դրանք, անվիճելիորեն, նաև բարոյական պարտավորություններ են դնում- Ա.Գ.)։ Ռուսաստանը համագործակցել է Բաշար Ասադի ռեժիմի հետ, որը սպանել է խաղաղ բնակիչների՝ դառնալով մարդասիրական աղետի պատճառ, Ռուսաստանը գլոբալ ասպարեզում շարունակում է հանդես գալ ի պաշտպանություն Ասադի ռեժիմի և նրա չարագործությունների»։
Չեմ թաքցնում, հարգելի ընթերցող, որ, կարդալով ԱՄՆ պետդեպարտամենտի այսքան ոչ երկիմաստ, դատապարտող, խրատական ուղերձը՝ ամենահակասական զգացողություններ ունեցա։ Մի կողմից՝ զայրույթի զգացողություն, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս ղեկավարությունն իրեն այնպես է պահում միջազգային ասպարեզում, որ մեկ այլ պետություն իրավունք ունի մեզ սովորեցնել «ինչն է լավ, ինչը՝ վատ»։ Ես ոչ մի կերպ չկարողացա մտաբերել, որ Հայաստանի Հանրապետության անկախության ավելի քան 27 տարիների ընթացքում որևէ երկիր իրեն թույլ տված լիներ նման կերպ «դաստիարակել» Հայաստանում իշխանությունում գտնվողներին։ Լինի Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի օրոք։
Ավելին, ընթերցողին հիշեցնենք, որ 2013թ. սեպտեմբերի 3-ին Սերժ Ազատի Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ Մաքսային և Եվրասիական տնտեսական միություն (այսուհետ՝ ԵԱՏՄ) մտնելու Հայաստանի մտադրության մասին (ընդ որում՝ ժամանակավորապես մի կողմ դնելով այն ժամանակ լրիվ համաձայնեցված և 2013թ. նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում, «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում ԵՄ-ի հետ վավերացման պատրաստ Ասոցացման և խոր ու համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը), որն այդքան բուռն արձագանք ու քննարկումներ չառաջացրեց մեր գործընկերների շրջանում, ինչպես ԵՄ-ում, այնպես էլ ԱՄՆ-ում։ Այս առնչությամբ կցանկանայի հիշեցնել, որ 2015թ. մայիսի 21-ին Ռիգայում, «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելն ասաց. «Եվրոպական միությունը հարգում է Հայաստանի որոշումը, որը, բացի ԵՄ-ի հետ ինտենսիվ բանակցություններից, փնտրում է ավելի սերտ տնտեսական համագործակցություն Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության հետ»։ Այստեղ կցանկանայի հիշեցնել նաև Անգելա Մերկելի հավասարակշռված արձագանքը 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում «Արևելյան գործընկերության» V գագաթաժողովի բացմանը։ «Արևելյան գործընկերությունը» մեծ նշանակություն ունի մեզ համար։ Մի կողմից՝ խոսքը մարդկանց կյանքի որակի բարելավման, դեմոկրատիայի զարգացման մասին է։ Մյուս կողմից՝ դա վերաբերում է և մեր անվտանգությանը։ Այդ պատճառով ես շատ ուրախ եմ, որ մենք ստորագրեցինք համաձայնագիր Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ ասոցացման մասին։ Այժմ մենք կստորագրենք Համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի հետ գործընկերության մասին։ Այն, իհարկե, այնքան էլ ինտենսիվ չի լինի, ինչպես Ասոցացման մասին համաձայնագիրը, մենք կհամագործակցենք նրանց հետ։ Այդ պետությունների պարագայում մեզ համար պարզ է, որ նրանց հարաբերությունները Ռուսաստանի հետ կենտրոնական դեր են խաղում»։ Ավելին, նշենք, որ Հայաստանի վարչապետ Ն.Փաշինյանի հետ 2018թ. օգոստոսի 25-ի համատեղ ասուլիսում, պատասխանելով հարցին, թե հնարավոր են արդյոք ապագայում ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև համագործակցության հաստատման ավելի արդյունավետ քայլեր և ինչպիսին կարող է լինել Հայաստանի դերն այդ հարցում, տիկին կանցլերն ասաց. «Հայաստանը կարող է օրինակ ծառայել, թե ինչպես կարելի է միաժամանակ համագործակցել Ռուսաստանի և Եվրամիության հետ։ Հնարավորություններն, իհարկե, շատ չեն, ԵԱՏՄ-ն իրականում ազատ առևտրի գոտի է։ Կան տնտեսական հնարավորություններ, որոնք հարկավոր է օգտագործել։ Ամենամոտ ապագայում բանակցություններ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև դժվար թե կայանան, բայց կարծում եմ, որ Հայաստանը կարող է լավ օրինակ ցույց տալ այն առումով, որ երբևէ նման բան հնարավոր է»։
Որպեսզի ընթերցողները տպավորություն չստանան, թե ես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ԵԱՏՄ մտնելու մասին հիշատակում եմ լոկ ԵՄ ռեակցիան նշելու համար, երկու բնորոշ արձագանք նշեմ Պոտոմակի ափերից։ Այսպես, ռազմաքաղաքական թեմատիկայով ամերիկյան The National Interest («Ազգային շահ») վերլուծական պարբերականը 2015թ. հունվարի 3-ին, այսինքն՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի պաշտոնական անդամակցության հաջորդ օրը, հրապարակել է տեղեկություն, որում ասվում է. «ԵԱՏՄ անդամ երկրներն արդեն սկսել են հուզվել իրենց ինքնիշխանության և անկախության առիթով, տեսնելով, թե «ինչպես է Ռուսաստանը պահում իրեն»։ Հետևելով Ուկրաինայի իրադարձություններին՝ նրանք անհանգստություն են ցուցաբերում իրենց սեփական տարածքային ամբողջականության առիթով»։ Խոսելով անհանգստության մասին՝ հրապարակման հեղինակները, ըստ երևույթին, նկատի ունեին 2013թ. սեպտեմբերի 4-ի նստացույցը Երևանում, Բաղրամյան 26-ում, պետության ղեկավարի նստավայրի մոտ։ Այսպես, Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սերժ Սարգսյանի բանակցություններից հետո, երբ ՀՀ նախագահը հայտարարեց Մաքսային միություն մտնելու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու որոշման մասին, տեղի ունեցան բողոքի որոշ միջոցառումներ։ Մտաբերում եմ, որ «ամենակոշտ» դիրքորոշումը որդեգրեց Հայաստանի խորհրդարանի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը (ՀՀ VII գումարման ԱԺ պատգամավոր, Ն.Փաշինյանի «Իմ քայլը» խմբակցության անդամ, ՀՀ ԱԺ միջազգային գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հայրը- Ա.Գ.), որը DW-ի հարցազրույցում Հայաստանի նախագահի հայտարարությունը երկրի Մաքսային միություն մտնելու մասին անվանել էր «խայտառակ» («Մաքսային միություն մտնելու որոշումը Հայաստանում առաջ է բերել տարակուսանք և բողոքներ»)։ ՀՀ-ում բուռն բողոքի այլ դրսևորումներ այդ ժամանակ չեն եղել։
Հայաստանի՝ ԵԱՏՄ մտնելու առնչությամբ հայկական իշխանություններին քննադատելուց զերծ չմնաց նաև համաշխարհային լրատվական առաջատար պորտալներից մեկը՝ «Business Insider»-ը («բառացի՝ «Գործնական իրազեկիչ»), որը տեղեկատվության ագրեգացման և մշակման բավական ինքնատիպ ոճ ունի։ Եվ ահա, այն ժամանակ այդ պորտալը բազմանշանակ տեղեկացրեց ընթերցողներին, որ «Եվրասիական միության մասին ոչ ոք չգիտի, քանի որ Ռուսաստանը զբաղված է այլ գործերով։ Պարբերականը որևէ պատճառ չունի կարծելու, որ այդ միությունը հաջողություն կունենա»։
Հայաստանի ԵԱՏՄ մտնելու մասին անձամբ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի վճռորոշ, և համոզված եմ՝ ճիշտ որոշմանը նախորդած և հաջորդած իրադարձությունների այսքան մանրամասն նկարագրությունը միայն մի նպատակ էր հետապնդում։ Ես իմ առջև խնդիր եմ դրել ցույց տալ, որ ոչ մի պետություն իրեն իրավունք չի վերապահել խրատ կարդալ Հայաստանի իշխանություններին այս կամ այն որոշումն ընդունելու համար, անգամ այն պայմաններում, երբ նրանց ընդունած որոշումը խափանել է Արևմուտքի հեռուն գնացող ռազմավարական նպատակները։
Ինչո՞վ էր, ուրեմն, պայմանավորված ԱՄՆ Պետդեպարտամենտի այսքան բուռն արձագանքը։ Մտորելով այս հարցի շուրջ՝ ակամա մտաբերեցի Սինեդրիոնի հայտնի դատը՝ քահանայապետ Կայիափայի գլխավորությամբ, երբ դատում էին Հիսուս Քրիստոսին, որը շատ պատկերավոր նկարագրել է ռուսաստանցի տաղանդավոր գրող, հայագետ, կինոդրամատուրգ Կիմ Բակշին իր «Սուրբ Ղազարի հարությունը» գրքում. «Եվ այսպես, Քրիստոսի մեծ հրաշագործությունը՝ Ղազարի հարությունը, հաղթանակն անգոյի, ավերածության, ցրվելու, մահվան հանդեպ՝ հանուն կյանքի վերածննդի։ Բայց այդ հրաշքը կվճռի նաև Քրիստոսի ճակատագիրը. որոշեցին սպանել նրան։ Դատողություններն այսպիսին էին. եթե բոլորը հավատում են նրան, դա կնշանակի Հռոմի իշխանության տապալում։ Եվ կգան պատժիչ լեգեոնները, երկաթյա կոհորտաները։ Ինչպես ասաց սատանայական քահանայապետ Կայիափան. «Ավելի լավ է, որ մեկ մարդ մեռնի ժողովրդի համար, քան թե ամբողջ ազգը կորչի»։ ...Քրիստոսը պարզապես նոր ուսմունք չէ, որ բերեց մարդկանց։ Նա մեծ հայտնություն կատարեց... Այդ հայտնությունն այն է, որ մեծագույն արժեքը մարդն է, անձը, անհատականությունը» (Կիմ Բակշի, Սուրբ Ղազարի հարությունը, 1996)։
Չեմ ցանկանում համեմատություններ անել, բայց, օգտվելով առիթից, ամբողջ սրտով ցանկանում եմ Հայաստանի ռազմամարդասիրական առաքելությանը, որ կարողանա կանխել անմեղ մարդկանց զոհվելը՝ սիրիացի հասարակ պատանու կամ աղջկա, տղամարդու կամ կնոջ, ծերերի կամ երեխաների։ Այդ առաքելությունը մեր երախտապարտ նախնիների ինքնատիպ կանչն է, նրանց, ովքեր սիրիական Դեր էլ Զոր անապատում ահավոր դեգերումներից հետո իրենց փրկությունը գտան Հալեպում, Դամասկոսում...
Ես հատուկ կանգ առա ԱՄՆ-ի և ԵՄ-ի (ի դեմս Գերմանիայի Դաշնային Հանրապետության) միանգամայն տարբեր մոտեցումների վրա՝ անկախ Հայաստանի Հանրապետության իշխանությունների՝ արտաքին քաղաքականության սկզբունքային հարցերի շուրջ ինքնիշխան որոշումներ կայացնելու գործողություններին նրանց տված գնահատականի վերաբերյալ։ Մի բան պարզ է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի այսքան կտրուկ գնահատականն ուղղակի միջամտություն է Հայաստանի Հանրապետության ներքին գործերին, և այն, ինձ թվում է, ոչ վերջին հերթին, դարձել է ս.թ. փետրվարի 12-14-ին Ռուսաստանի ու Հայաստանի տեղեկատվական դաշտում Russia Today մեդիա հոլդինգի՝ CampCamp 2018 սեմինարի մասին հետաքննության մանրամասների հայտնվելու դրդապատճառներից մեկը. սեմինարը կազմակերպվել էր 2018թ. նոյեմբերին Հայաստանի մայրաքաղաքում, Պրահայի քաղաքացիական կենտրոն (Prague Civil Society Centre) կազմակերպության կողմից։
Խոսքն այն սեմինարի մասին է, որը ֆինանսավորվել էր ԱՄՆ Կոնգրեսի կողմից 2017թ. օգոտսոսի 2-ի H.R. 3364 (Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցներով դիմակայելու մասին - CAATSA) օրենքի շրջանակում։ Այդ փաստաթղթի 254-րդ հոդվածում նախատեսված է ֆինանսավորում «ռուսական ազդեցության դիմակայության» համար՝ 250 հազար դոլարի չափով, 2018 և 2019 թվականներին։ Ընթերցողներին հիշեցնենք, որ RT-ի լրագրողները այնտեղ «ներդրվել» էին որպես սեմինարի մասնակիցներ, որպեսզի լսեն, թե ինչպես են Պրահայի քաղաքացիական կենտրոնի պատկերացմամբ «կազմակերպում հեղափոխությունը»։ Ըստ էության, դա պարզապես հակառուսական սեմինար էր, որի մասին կոշտ, բայց արդարացի փետրվարի 14-ին «Россия 1» հեռուստաալիքի «Ո՞վ է դեմ» հաղորդման եթերում արտահայտվեց հաղորդավար Սերգեյ Միխեևը։ «Ինչ վերաբերում է նրան, որ անցկացվել է (նկատի ունի CampCamp 2018 սեմինարը- Ա.Գ.) Հայաստանում, դա, եթե անկեղծ ասեմ, բացահայտ մարտահրավեր է, թուք մեր երեսին։ Ես չգիտեմ՝ հասկանո՞ւմ են դա Երևանում, թե՞ չեն հասկանում»,- հարցրել է հաղորդավարը։ Եթե Ս.Միխեևը նկատի ունի Հայաստանի ներկա իշխանություններին, ապա այդ հարցի պատասխանը պետք է փնտրել մեկ այլ հարցի պատասխանում, դիցուք՝ իսկ ո՞վ է ֆինանսավորել 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումը Հայաստանում։ Բավական է ասել, որ 2017-2018թթ. ոչկառավարական «Բաց հասարակություն» (ժողովուրդն ասում է Սորոսի ֆոնդ) հիմնադրամի կողմից ֆինանսավորվող 47 կազմակերպություն մոտ երեք միլիոն դոլարի դրամաշնորհ է ստացել։ Ֆինանսավորման ֆավորիտներն էին Transparency International այսպես կոչված հակակոռուպցիոն կենտրոնը (ստացել է 231,4 հազար դոլար), Factor TV առցանց հեռուստատեսությունը (486 հազար դոլար), որը կոչված է դիմակայելու ապատեղեկատվության տարածմանն ու ամբոխավարությանը (Factor TV-ի հաղորդումներում ինչ-որ չենք նկատում առարկայական քննադատություն ՀՀ կառավարության հասցեին, որը ապատեղեկատվության տարածման ու ամբոխավարության նմուշն է- Ա.Գ.)։ Իրեն «Իրազեկ քաղաքացիների միություն» անվանող կազմակերպությունը նույնպես շռայլ վարձավճար է ստացել. այդ կազմակերպության՝ Սորոսի հիմնադրամից պոկած հոնորարը կազմել է 228 հազար դոլար։ Հատկանշական է, որ այդ միության խնդիրը ապատեղեկատվության տարածումը և հանրային կարծիքի ձևավորման գործընթացի վրա նրա ազդեցությունը կրճատելն է։ Սակայն այս պարագայում ևս հազիվ թե որևէ մեկը հիշի գոնե մեկ փոքրիշատե բովանդակալից հաղորդում՝ գործող ռեժիմի ընդդիմախոսների մասնակցությամբ։ Կարելի է էլի շարունակել Սորոսի հիմնադրամից շռայլորեն ֆինանսավորվող գրանտակեր կազմակերպությունների ցանկը, բայց, կարծում եմ, դրա անհրաժեշտությունը չկա։ Բավական է նայել ՀՀ VII գումարման ԱԺ պատգամավորների դեմքերին, որոնք ներկայացնում են Ն.Փաշինյանի «Իմ քայլը» խմբակցությունը, կամ կառավարության անդամներին, նախարարությունների և պետական այլ հաստատությունների աշխատակիցներին ու նրանց համեմատել սորոսյան դրամաշնորհներ ստացողների հետ՝ հայտնաբերելու համար, որ նրանք լրիվ նույն մարդիկ են։ Իսկ եթե մի փոքր ավելի ուշադիր նայենք, հեշտությամբ կճանաչենք նաև պետական հեղաշրջման հեգեմոններին։ Ահա այսպիսի բաներ։
Այնպես պատահեց, որ հոդվածից հոդված ստիպված եմ կրկնել, որ հիբրիդային պատերազմը, որը պարտադրվեց Հայաստանին համաշխարհային քաղաքականության ուժի հայտնի կենտրոնի կողմից, 2018 թվականի ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո էլ չի մարել, այլ, հակառակը, երկրորդ շնչառություն է ստացել։ Ասվածի համոզիչ ապացույցն է Երևանում բացահայտ հակառուսական CampCamp 2018 սեմինարի անցկացումը, որը ոչ մի կերպ չէր կարող տեղի ունենալ առանց Հայաստանի իշխանությունների գիտության։ Այլ բան է, որ ՀՀ ղեկավարությունից նրանք, ովքեր հաշիվ էին տալիս իրենց հակառուսական այդ մտահղացման վտանգավորության մասին, պետք է կարծել, անզոր են գտնվել կանգնեցելու գործընթացը, քանի որ իրականում ամեն բան տեղի էր ունենում հին ասացվածքի համաձայն՝ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը։ Եվ այս պարագայում բնավ պատահական չէր «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի ուշացած արձագանքը, որն (նկատի ունեմ արձագանքը) ավելի լավ կլիներ չլիներ։ Ս.թ. փետրվարի 20-ին NewsARM.com ինտերնետ պորտալը տեղադրեց տեղեկատվություն՝ «Մակունց. Մարգարիտա Սիմոնյանի մեկնաբանությունները չեն ներկայացնում Հայաստանի վերաբերյալ Կրեմլի դիրքորոշումը» վերնագրով, որում բերվում են «Իմ քայլը» փաշինյանական խմբակցության ղեկավարի խոսքերը. «Ես վստահ եմ, որ եթե տեղեկատվության աղբյուրը նրանց մոտ միակողմանի չլիներ, այլ բազմակողմանի լիներ, ապա նրանց մոտ միանգամայն այլ դիրքորոշում կստեղծվեր, այլ կարծիք և այլ մեկնաբանություն (իր այս պատասխանով նա, ըստ էության, խոստովանել է հետևյալը. առաջին՝ կամ սեմինարի մասին իր լիակատար անտեղյակությունը, որի ակտիվ մասնակիցներից մեկն է եղել նրա ղեկավարած «Իմ քայլը» խմբակցության բավական ուսյալ քաղաքագետը, ինչ-որ չեմ հիշում, որ նա ժխտեր սեմինարի հակառուսական ուղղվածությունը; երկրորդ՝ կամ իր գործընկերոջ համար վերապահում է «Russia Today»-ի աշխատակիցների դափնիները, ինչով էլ հիմնավորում է տեղեկատվության միակողմանիությունը; երրորդ՝ Լ.Մակունցը ստիպված է խորամանկում, որպեսզի ի ցույց չդնի վարչապետ և КО-ի ամբողջ երկերեսանիությունը և այն, ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության հարցերին ու երկու աթոռին միաժամանակ նստելու ձգտմանը)։ Ես դրանում գրեթե համոզված եմ,- շարունակել է Լ.Մակունցը,- և հույս ունեմ, որ, այնուամենայնիվ, շնորհիվ համատեղ ջանքերի (հավանաբար, ըստ նրա, RT-ի տեսանյութի կոլեկտիվ դիտումը կարող է փոխել նյութի հակառուսական ուղղվածության ընկալումը- Ա.Գ.), մեզ կհաջողվի հանրայնացնել այս բազմակողմանի տեղեկատվությունը և աղբյուրը»։ Բանն այն է, որ այս չարաբաստիկ սեմինարի մասին նյութի մատուցման ժամանակ ոչ մի «բազմակողմանիություն տեղեկատվության մատուցման մեջ» չի եղել, իսկ RT և «Россия 1» հեռուստաալիքներն արտահայտել են միանշանակ գնահատական։ Երևանյան սեմինարի հակառուսական ուղղվածության մասին հստակ և ոչ երկիմաստ տեղեկատվություն է տվել նաև «Россия-1» համառուսական պետական հեռուստաընկերությունը ս.թ. փետրվարի 16-ի և 17-ի տեղեկատվա-վերլուծական ծրագրերում։ Խոսքը «Շաբաթ օրվա լուրեր Սերգեյ Բրիլյովի հետ» և «Շաբաթվա լուրեր Դմիտրի Կիսելյովի հետ» հաղորդումների մասին է։ Հարկ է նշել, որ այս բարձրակարգ քաղաքական մեկնաբանների՝ ոսկերչական նրբությամբ ճշգրտված սահմանումները Երևանում տեղի ունեցած հակառուսական արարի մասին, որը կազմակերպվել էր ԱՄՆ Կոնգրեսի միջոցներով, Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ միանգամայն հարգալից վերաբերմունքի նմուշ էին (ամբողջ ինֆորմացիան հեռուստադիտողներին մատուցվեց ափսոսանքի, անթաքույց տարակուսանքի և թերըմբռնման տոնայնությամբ, թե ինչպես կարող էր դա տեղի ունենալ Ռուսաստանի բարեկամ երկրում՝ Հայաստանում)։ Սակայն դրանք չէին կարող որևէ կասկած առաջացնել առ այն, որ սեմինարի հակառուսական ուղղվածության վերաբերյալ հնչած գնահատականները լիովին համահունչ էին տառացիորեն երկու-երեք օր հետո ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի արտահայտած մտքերին իր հայ գործընկերոջը՝ անվտանգության մյունխենյան կոնֆերանսի շրջանակներում։ Այս ամբողջ պատմության մեջ տագնապեցնում է նաև մեկ այլ բան. նոր Հայաստանի տարբեր մակարդակի ղեկավարների լիակատար դիլետանտությունը արտաքին քաղաքականության հարցերում, որոնք, օրինակ, հիանալի գիտեն, թե որ գյուղի գյուղապետն ինչքան օրգանական պարարտանյութ (ժողովրդի լեզվով՝ աթար) է յուրացրել, բայց լիովին անտեղյակ են, թե ինչպես են ԱՊՀ երկրներից 150 «հյուրեր» եկել Երևան՝ մասնակցելու հակառուսական սեմինարին։ Սակայն վերջին շաբաթվա իրադարձությունների մանրամասն նկարագրությունը միանգամայն որոշակի նպատակ է հետապնդում։ Հայաստանի դեմ համակարգային հիմքով վարվող և չդադարող հիբրիդային պատերազմին մենք գոնե փոքրիշատե համարժեք ոչինչ չենք հակադրում։ Եթե մեր փորձառու ռազմավարական դաշնակիցների հույսն այն է, որ այսօրվա քաղաքական իրողությունները խելքի կբերեն Նիկոլ Վովաևիչին և նա ստիպված կլինի ՀՀ արտաքին քաղաքականությունը կառուցել ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորություններին համապատասխան, ապա նման մոտեցումը խորապես սխալական է թվում։ Այո, նման բան կկառուցվի հիբրիդային պատերազմի գաղափարախոսների կողմից։ Բայց վտանգն այլ բանում է, դիցուք՝ պետական հեղաշրջման բոլոր շարժիչ ուժերը՝ սորոսյան լափակերները, «Կյանքի խոսք» տոտալիտար կրոնական աղանդի անդամները, Հայաստանի ԼԳԲՏ հանրույթի ակտիվիստները (նշենք, որ նրանց ամենահիշարժան ներկայացուցիչները, Կարաբինի տիպի, շարունակում են իրենց հաղթարշավը Ն.Փաշինյանի կառավարության նախարարների կաբինետներում), իշխանության գալով, սկսեցին իրենց պահել էլ ավելի լկտի և ցինիկ։ Ինչը, բնականաբար, հնարավոր դարձավ միայն այն մարդկանց լռելյայն համաձայնությամբ, ովքեր ծառայության բերումով պարտական էին կասեցնել նրանց ապօրինի գործողությունները։ Վերջնարդյունքում՝ վերոնշյալ «հինգերորդ շարասյան» կործանարար գործողությունների կասեցման գործուն միջոցներ չձեռնարկելու պարագայում դա կարող է ամենաբացասական ձևով անդրադառնալ երիտասարդ սերնդի, հատկապես ավագ դպրոցի աշակերտների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների վրա։ Ընդ որում՝ ազատամտության նշանի ներքո ամենաճարտար ձևերով կներարկվեն նիհիլիզմ, արդի ըմբռնմամբ՝ անհատականություն, իսկ իրականում՝ կեղծ անհատականություն, որի կրողներին բնորոշ է ավանդական հայկական ընտանեկան արժեքների մերժումը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու, նրանց հարյուր հազարավոր պապերի հիշատակի հանդեպ հարգանքի բացակայությունը, ովքեր Հայրենական մեծ պատերազմի տարիներին Խորհրդային Հայաստանը փրկեցին Թուրքիայի անխուսափելի նվաճումից։ Մի խոսքով՝ ուշադիր վերլուծելով մեր օրերում Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, տագնապով գալիս ես հետևյալ եզրահանգման. Հայաստանի Հանրապետությունում լրիվ թափով իրագործվում է հայ երիտասարդությանը մի ինչ-որ մանկուրտի վերածելու դրույթ, մեր պարագայում՝ երիտասարդին, որը գերի է վերցվել հակահայկական և հակառուսական քարոզչության կողմից, որին ուզում են վերածել ստրուկի, ով անտրտունջ ենթարկվում է հիբրիդային պատերազմի ճարտարապետների հրամաններին։ Համոզված եմ, որ եթե ողջ լիներ մեծն Չինգիզ Այթմատովը, նա կգրեր իր հանճարեղ «Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպի շարունակությունը՝ երկրորդ հատորը։ Ավաղ և ցավոք, Հայաստանում գործող անձանց թիվը, որոնք կարող էին հավակնել դառնալու վեպի երկրորդ հատորի հերոսներ, հարյուրներով կհաշվվի։ Եվ սա չափազանցություն չէ, այլ ճշմարտություն։ Այո, այսօրվա Հայաստանում քիչ չեն մարդիկ, ովքեր կաշկանդված չեն սեփական «եսի» գիտակցմամբ, ովքեր կապված են սորոսյան և այլ գրանտների հետ և պատրաստ են կուրորեն հետևել իրենց գրանտատու տերերի սահմանած կանոններին։
Հետգրության փոխարեն. Վերջին ժամանակներս, հետևելով վարչապետ Ն.Փաշինյանի գործողություններին՝ տպավորություն է ստեղծվում, թե նա երկրորդ շրջանով ցանկանում է նախաձեռնել «թավշյա հեղափոխություն»։ Ընդ որում՝ այսպես ասենք, Նիկոլ Վովաևիչը մոռանում է գերմանացի փիլիսոփա Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելի իմաստուն խոսքերը, որոնք վերաձևակերպել է Կառլ Մարքսը՝ գրելով. պատմությունը կրկնվում է երկու անգամ. առաջին անգամ որպես ողբերգություն և երկրորդ անգամ՝ որպես ֆարս (այս նախադասությամբ է սկսվում Կ.Մարքսի «Լուի Բոնապարտի բրյումերի 18-ը» պամֆլետը)։ Համոզվելու համար իմ տված գնահատականի օբյեկտիվության մեջ՝ բավական է կարդալ գոնե Ն.Փաշինյանի վերջին ժամանակներս տված տարատեսակ հարցազրույցների վերնագրերը։ Ինչ ասես արժե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որը հնչել է 2019թ. փետրվարի 21-ին իր իսկ ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում, որը որոշել է 2019թ. մարտի 1-ը նշել «հզոր քաղաքացիական երթով», որը կնվիրվի «Հայաստանի Հանրապետության քաղաքացու հաղթանակին»։ Հետո ավելի հետաքրքիր է. «Այդ երթը ուղղված կլինի բռնության դեմ, ընտրությունների կեղծիքների դեմ, կոռուպցիայի դեմ, անօրինության դեմ և կնշանավորի այն, որ քաղաքացու հաղթանակը և քաղաքացու իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում դառնան անշրջելի...»։ Պարզվում է, որ, տիրապետելով իշխանության բացարձակ ամբողջությանը, այդ նույն իշխանության «ձեռքբերումները» պետք է վերջնականապես ամրապնդվեն քաղաքացիների երթով։ Այստեղ «ժողովրդի» վարչապետը, իհարկե, խորամանկում է։ Մարտի 1-ին նախանշված երթի չհայտարարված նպատակն է՝ ստանալ «ժողովրդի սատարումը» քաղբանտարկյալի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահ, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ, Պատվո լեգեոնի ասպետ, Մեծ Խաչի ասպետ (ֆրանսիական ազգային բարձրագույն շքանշաններ) Ռոբերտ Քոչարյանի հանդեպ վենդետայի հարցում։ Կարծում եմ, որ ազատասեր Ֆրանսիայի դեսպանությունն ուշադիր հետևում է մեր աչքերի առջև ծավալվող այս ֆարսին։ Կամ էլ՝ Ն.Փաշինյանի մեկ այլ մտքի մարգարիտ այն մասին, որ կառավարությունը քննարկում է ունեցվածքի առգրավման մեխանիզմի կիրառումը՝ առանց մեղադրական դատական եզրակացության։ Այսպես, ս.թ. փետրվարի 13-ին Ն.Փաշինյանը, կառավարության ծրագիրը ՀՀ Ազգային ժողովին ներկայացնելու ընթացքում ասաց. «Հասկանում եմ, որ այս ձևակերպումը կարող է տարօրինակ թվալ, բայց ուզում եմ ասել, որ մենք հիմքեր ունենք. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշմամբ՝ դա համարվում է նորմալ պրակտիկա կոռուպցիայի դեմ պայքարում, այսինքն՝ չի համարվում մարդու իրավունքի սահմանափակում,- հետո Ն.Փաշինյանը շարունակել է,- լինում են դեպքեր, երբ քաղաքացին պետք է բացատրի իր ունեցվածքի ստացման աղբյուրը, և այս դեպքում գործում է ոչ թե անմեղության կանխավարկածը, այլ մեղքի կանխավարկածը։ Եթե մարդը չի կարող ապացուցել, որ ունեցվածքը ձեռք է բերել օրինական ճանապարհով, ուրեմն այդ ունեցվածքի ձեռքբերումը համարվում է անօրինական»։ Այս՝ առաջին ընկալմամբ «երկար սպասված» հայտարարությունները կարող են հիացմունք առաջացնել Հայաստանի՝ գործից անտեղյակ մարդկանց մեջ, բայց դա լոկ քողածածկույթ է նրա՝ Փաշինյանի գլխավոր խնդրի իրականացման համար. ցանկացած ճանապարհով ապակայունացնել իրավիճակը Հայաստանում։ Չէ՞ որ եթե սկսի առանց դատարանի որոշման սեփականազրկել քաղաքացիներին, դա էլ հենց կլինի երկրի ներսում իրավիճակի ապակայունացման ուղիղ ճանապարհը։ Նման պնդումն ապացուցելը դժվար չէ, բայց դա առանձին, ավելի մանրամասն վերլուծության թեմա է։ Իսկ Հայաստանում իրավիճակի ապակայունացումը, ըստ երևույթին, Նիկոլ Փաշինյանի համար մի ինչ-որ փրկարար օղակ է ինչպես երկրի ներսում, այնպես էլ ադրբեջանա-ղարաբաղյան դիմակայությունում անխուսափելի ձախողումների անձնական պատասխանատվությունից խուսափելու համար։ Իրադարձություններ, որոնց երկար սպասելու հարկ չի լինի։
Մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը խելահեղ մոլեգնում է, որովհետև վերջապես հասկացել է, որ իր համար նյութված առաքելությունը, դիցուք՝ Ռուսաստանի հետ գործընկերության խզումը, ՀԱՊԿ վարկաբեկումը, ԵԱՏՄ-ից դուրս գալը, «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևի իրականացումը՝ առանց Արցախի Հանրապետության միջազգային-իրավական կարգավիճակի սահմանման, անիրականանալի է։ Փաշինյանը լիովին սպառել է իրեն, նրա հետագա գտնվելն իշխանությունում ուղղակի սպառնալիք է հայոց պետականության գոյությանը։