Արտաշես Գեղամյանին ոգևորել է «արժանավոր լիդերների բարեկամական դաշնային հարաբերության ոգուն ներհատուկ հանդիպումը»

14.08.2012, 168 ժամ

«Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը՝ դա երաշխիք է, որ տրամադրվում է մեր երկրին ու մեր ժողովրդին՝ արժանավայել կյանք, կայուն զարգացում և, ամենակարևորը, պաշտպանվածություն ապահովելով»,- անդրադառնալով Եվրասիական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության թեմային՝ 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը:

«Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, որում հայտնվել է Մերձավոր Արևելքը, ինչպես նաև՝ Հարավային Կովկասը, բնականաբար, մեր երկիրը պետք է երաշխավորված լինի առնվազն երեք ոլորտներում՝ ազգային անվտանգության, տնտեսական, մասնավորապես՝ տնտեսական անվտանգության երաշխավորման առումով, ինչպես նաև՝ այլ երկրների, միջազգային կառույցների, դրանց անդամ երկրների հետ հավասարաչափ բարիդրացիական հարաբերություններ ունենա:

 

Մասնավորապես՝ Եվրամիության, ԱՄՆ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ»,- ասում է Ա. Գեղամյանը, ում կարծիքով՝ օգոստոսի 8-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Մոսկվայում կայացած հանդիպումը շրջադարձային էր Հայաստանի համար: «Բավական է հիշատակել Ս.Սարգսյանի ասված խոսքը այն մասին, որ Ռուսաստանը սկզբունքային հարցերում շարունակում է անփոփոխ լինել, ոչ մի քաղաքական առևտուր տեղի չի ունեցել, այլ տեղի է ունեցել ժամանակի փորձությունը բռնած երկու պետությունների և իրենց արժանավոր լիդերների բարեկամական, դաշնային հարաբերության ոգուն ներհատուկ հանդիպում: Բացի այդ, ասվեց մի միտք՝ Հայաստանի Հանրապետություն մատակարարվող գազի սակագների վերաբերյալ: Մասնավորապես՝ այն, որ գները կձևավորվեն տարածաշրջանում առկա գներին համահունչ, իսկ, որ առավել կարևոր է, և որոնք կապահովեն Հայաստանի տնտեսության մրցակցությունը»:

Մեր հարցին, թե ի՞նչ նկատի ունի` ասելով՝ Եվրասիական միությանն անդամակցության արդյունքում՝ Հայաստանի տնտեսական մրցակցության ապահովում, Գեղամյանը պատասխանեց. «Սա նշանակում է այն, որ ՌԴ-ն իր վրա պատասխանատվություն է վերցնում նաև Հայաստանի տնտեսական անվտանգության ապահովումը: Այսինքն մենք՝ ՀՀ-ն, ՀԱՊԿ-ի շրջանակում երաշխավորված ենք ազգային անվտանգության, ռազմական անվտանգության, և ահա օգոստոսի 8-ի հանդիպումից հետո արդեն իսկ հայտարարվում է, որ մենք ապահովված կլինենք նաև տնտեսական մրցակցության տեսանկյունից: Ահա այս շրջադարձային իրողությունը, որը, ցավոք սրտի, անտեսվեց մեր լրատվամիջոցների կողմից: Ցավոք, այդ միտքը ուշադրության չարժանացավ մամուլի կողմից, առավել ևս, գտնվեցին էլեկտրոնային կայքեր՝ հայտնի կենտրոններից ֆինանսավորվող, որոնք անգամ այս պարագայում հանդգնեցին հրապարակայնորեն արտահայտել այն միտքը, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները ինչպես վասալի և տիրոջ միջև հարաբերություններ լինեն»:

Последние видеоматериалы

Новые книги