Եվրոպական քաղաքական ընտրանու մոտ հավատ ներշնչած Արմեն Աշոտյանին ՀՀ իշխանությունը պետք է մեկուսացներ. Արտաշես Գեղամյան

 

13.07.2023, 168 ժամ

https://168.am/2023/07/13/1899802.html

13.07.2023, Лазаревский клуб

https://lazarevsky.club/analitika/pravitelstvo-ra-dolzhno-bylo-izoliro/

 

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն ուշադրությամբ հետևում է ընդդիմադիր դաշտի գործընկերների համոզիչ, փաստարկված մեղադրանքներին առ այն, որ ՀՀ իշխանությունների կողմից համապատասխան մարմինների միջոցով կամայականություն է իրականացվում՝ ոտնահարվում է թե՛ Քրեական օրենսգիրքը, թե՛ Քաղաքացիական օրենսգիրքը և Սահմանադրությունը։

«Ցավոք, մեկ հարցադրում մնում է ստվերում, ո՞րն է դա. Արմեն Աշոտյանի՝ հենց այս պահին ու այս ժամանակահատվածում կալանավորելը աշխարհաքաղաքական զարգացումների հետևանք է։

Վերհիշենք՝ հունիսի 1-ին Քիշնևում տեղի ունեցավ հնգակողմ հանդիպում, որին մասնակցում էին Փաշինյանը, Մակրոնը, Շոլցը, Միշելը և Ալիևը, որտեղ Փաշինյանը երկրորդ անգամ հայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.600 քկմ տարածքով՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Թվում է, թե ի՞նչ կա այդտեղ, դրանից հետո Բորելը և Միշելը քանիցս հայտարարել են, որ սա առաջին դեպքն է, երբ ՀՀ առաջին դեմքը նման համարձակ հայտարարություն է անում։ Փաստորեն Փաշինյանը հնչեցրեց հավաքական Արևմուտքի, դիցուք, ԵՄ-ի համապատասխան մոտեցումը Լեռնային Ղարաբաղի և Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտի կարգավորման շուրջ, դա իրենց սրտով էր։

Հիմա այս հարցադրմանը ուժեղ ընդդիմադիր դիրքերից էր հանդես գալիս Արմեն Աշոտյանը. ինչո՞ւ եմ հատկապես նրա անունը հնչեցնում, որովհետև գիտենք, թե Արմեն Աշոտյանն ինչ հեղինակություն է վայելում, մասնավորապես, Եվրոպայի ժողովրդական կուսակցության վերնախավի մոտ։ ԵԺԿ-ն և ՀՀԿ-ն շատ ջերմ հարաբերությունների մեջ են։ Իսկ Արմեն Աշոտյանն իր ամբողջ քաղաքական գործունեության մեջ համոզված քաղաքական գործիչ էր, որը տեսնում է Հայաստան-ԵՄ համակողմանի կապերի զարգացումը։ Նա հավատ էր ներշնչում եվրոպական քաղաքական ընտրանու շատ ծանրակշիռ հատվածի մոտ»,- նշեց Արտաշես Գեղամյանը՝ խոսելով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանավորելու՝ իշխանությունների նպատակների մասին։

Շարունակելով՝ Արտաշես Գեղամյանը նկատեց՝ եվրոպական քաղաքական ընտրանու մոտ հավատ ներշնչած Արմեն Աշոտյանին ՀՀ իշխանությունը պետք է մեկուսացներ, քանի որ Նիկոլ Փաշինյանը գիտի, որ իր անդրօվկիանոսյան տերերը սկսել են չվստահել իրեն։ Առավել ևս, որ Փաշինյանի հակաօրինական գործունեության մասին հրապարակայնորեն թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս խոսում է հեղինակություն ունեցող քաղաքական գործիչը։ Բնականաբար, ըստ Ա. Գեղամյանի՝ այդ պարագայում պետք էր ամեն գնով մեկուսացնել Արմեն Աշոտյանին, հատկապես հիմա, երբ շրջադարձային օրեր են, երբ Արևմուտքը, Թուրքիան և Ադրբեջանը լուրջ ճնշումներ են գործադրում Փաշինյանի վրա, որպեսզի կարճ ժամանակահատվածում կնքի չարաբաստիկ «խաղաղության պայմանագիրը»։

«Այդ պայմանագիրը կնքելուց հետո մենք ականատես կլինենք Արցախի հայաթափմանը, անդառնալի կորուստների, մասնավորապես՝ Սյունիքի օտարմանը։ Հիմա այս պարագայում փաստորեն եվրոպացիների մոտ հարգանք վայելող քաղաքական գործիչը փաստարկված ամենատարբեր կողմերից բացահայտում է Փաշինյանի ինչ լինելը, իսկ այդ պարագայում ԵՄ-ի աչքը չի սառել Հայաստանի վրա, ընդհուպ մինչև շատ լուրջ քաղաքական գործիչների, այլ իրենք խնդիր են հետապնդում ստեղծել այնպիսի բարոյահոգեբանական, ինչո՞ւ չէ՝ նաև աշխարհաքաղաքական իրավիճակ, երբ ՌԴ խաղաղապահ ուժերը դուրս կբերվեն Արցախի Հանրապետությունից։ Հետագայում էլ դրա հիման վրա տեղեկատվական պատերազմ կմղեն նույն ՌԴ-ի դեմ, արհեստականորեն մեղադրելով իշխանությունների կործանարար դրսևորումները, որպեսզի հետագայում ՀՀ-ից դուրս մղեն նաև 102-րդ ռազմաբազան։

Հիմա այս ճանապարհին խոչընդոտ էր մի մարդ, որին երբեք ու երբեք ոչ մի եվրոպական քաղաքական գործիչ չէր կարող մեղադրել հակաեվրոպականության մեջ, դրա համար ՀՀ իշխանություններին պետք էր, որ մի անհեթեթ գործ կարեին Աշոտյանի վրա՝ պաշտոնական դիրքի չարաշահում կլինի, թե դրամաշորթություն, թե այլ բան, արդեն կարևոր չէ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արտաշես Գեղամյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ ԵՄ-ն համապատասխան հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ Արմեն Աշոտյանը պետք է անհապաղ ազատ արձակվի։ Տվյալ պարագայում աշխարհաքաղաքական զարգացումները և այդ զարգացումների ֆոնին Նիկոլ Փաշինյանի վստահության կորուստն իր տերերի կողմից, ովքեր նրան բերել են իշխանության՝ տեսնելով, որ «Փաշինյանի բանը բուրդ է», և Փաշինյանն էլ դա գիտակցելով՝ գնաց այդ քայլին։

«Ամենևին պատահական չէ, որ այս բարդ իրավիճակում տեսնում ենք ԱԽ քարտուղար հեղինակազուրկ Արմեն Գրիգորյանի վոյաժներն ԱՄՆ-ում, այնտեղ բազմաթիվ հանդիպումներն ու պայմանավորվածությունները, այսինքն՝ նույն Միացյալ Նահանգները հասկանում է, որ Փաշինյանն այլևս սպառել է ժողովրդի կողմից իրեն սատարման ներուժը, նրան փոխարինող է փնտրում»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է իրավական համակարգին և Արմեն Աշոտյանի ազատ արձակման հնարավորությանը, Արտաշես Գեղամյանը նախ հիշեցրեց, որ ընդդիմադիր դաշտի իրավական ոլորտի մասնագետները բազմիցս մատնանշել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ ընդգծելով, որ դրանք քրեորեն հետապնդելի են։

«Հիմա այդ ամենը պետք է սիստեմավորվի՝ հրավիրելով հմուտ մասնագետների, օրինակ, Գևորգ Դանիելյանին, Գևորգ Պետրոսյանին և այլոց, իրենք դրանց թող տան մասնագիտական տեսք, ուղարկեն տարբեր կառույցների՝ ՀՀ Գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե, Ազգային անվտանգության ծառայություն, որից հետո ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները՝ «Պատիվ ունեմ»-ը և «Հայաստան» դաշինքն այդ փաստաթուղթը պաշտոնապես հանձնեն ԱԺ նախագահին։ Դրանով իսկ բոլորը կհասկանան, որ վաղը-մյուս օրն իրենք են կրելու քրեական պատասխանատվություն, և որ նման փաստարկված գործընթացին չեն արձագանքել: Ինչու չէ՝ դա նաև կլինի իրենց մասնագիտական գիտելիքների քննություն:

Տվյալ համատեքստում Արմեն Աշոտյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորների խումբը նույն ԲԴԽ-ի հետ միասին շատ լավ կհասկանան, որ կիսելու են այդ պատասխանատվությունը՝ անօրինականություն գործելու կամ դրա նկատմամբ աչքերը կոծկելու համար։

Արմեն Աշոտյանին կալանավորելու «հիմնավորման» մեջ ասվում է, որ նա խախտել է չբացակայելու հիմքերը, սա իշխանությանը շատ է վախեցնում, որովհետև մի բան է եթերում ելույթ ունենալը, մեկ այլ բան՝ գնալ ԵՄ, Բրյուսել, Փարիզ, Վաշինգտոն՝ կուսակցական լիդերների հետ հանդիպման։ Սա է հիմնական վախը եղել, որ Աշոտյանին կալանավորեցին»,- եզրափակեց Արտաշես Գեղամյանը։

Последние видеоматериалы

Новые книги