"ЖАМАНАК" ЕРЕВАН

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՄԻՆՉԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԿԵՆՏՐՈՆԱՆԱԼՈՒ Է

31.05.2007

«Ազգային միաբանություն կուսակցությունն» ամառվա ամիսներին գերադասում է հանգստանալ, քանի որ ամառը լավագույն ժամանակը չէ ներկուսակցական հարցերը քննարկելու համար: Կուսակցության համար իրադարձային է լինելու սեպտեմբերը, երբ հանդիսավոր կերպով կնշվի ԱՄ-ի տասնամյա հոբելյանը:

Երբ մենք այցելեցինք ԱՄԿ գրասենյակ, Արտաշես Գեղամյանն իր աշխատասենյակում ծանոթանում էր մամուլի հրապարակումներին, որոնք նախընտրական ծանրաբեռնվածության պատճառով չէր հասցրել կարդալ: Մեր հարցին, թե ինչո՞վ է զբաղված կուսակցությունը, Արտաշես Գեղամյանը, առաջնորդվելով Ալեքսանդր Միխայլովիչ Գորչակովի հայտնի խոսքերով, որը նա արտասանեց 1856 թվականին Ղրիմի պատերազմում Ռուսաստանի կրած պարտությունից հետո, ասաց. «Ասում են` Ռուսաստանի Դաշնությունը բարկացած է, Ռուսաստանը պարզապես կենտրոնանում է»: ԱՄԿ առաջնորդը չորոշակիացրեց նախագահական ընտրություններին իր մասնակցության հարցը` նշելով, որ սեպտեմբեր ամսին կայանալիք հոբելյանական համաժողովի ընթացքում պարզ կլինի: «ԱՄ հոբելյանական համաժողովում մենք կքննարկենք երկրի առաջ ծառացած խնդիրները և դրանց հաղթահարման ճանապարհին կորոշենք ԱՄ-ի դերն ու դերակատարությունը, ինչու չէ` նաև ԱՄ ղեկավարների դերն ու դերակատարությունը: Նախագահական ընտրություններին մասնակցել-չմասնակցելը, չեմ կարծում, թե այդ գործում կլինի առանցքային հարց», - մասնավորեցրեց պրն Գեղամյանը: Նրա մատուցմամբ հոբելյանական կոնֆերանսի ընթացքում կուսակցությունն ի մի է բերելու տասնամյա աշխատանքը, դասեր է քաղելու արածից-չարածից և ճշտելու է, թե կուսակցությունն ինչ խնդիրներով է թևակոխելու նոր տասնամյակ: «ԺԵ» հարցին, թե ինչո՞ ւ ԱՄ-ին չհաջողվեց մտնել խորհրդարան` Արտաշես Գեղամյանը պատասխանեց. «ԱՄԿ-ն իր առաջ խնդիր չէր դրել հաղթահարել 5 տոկոսի արգելանքը: Նա խնդիր էր դրել ազգը միաբանել և չէի ասի, որ մենք ձախողում ենք ունեցել: Այդ գործում մենք հաջողության հասել ենք, իսկ թե ինչ մեխանիզմների կիրառմամբ` սեպտեմբերին կմատնանշենք», - ասաց Ա.Գեղամյանը` բացատրելով, որ իրենք ցանկություն ունեն ազգին միաբանել ոչ թե անձերի, այլ ազգային գաղափարների ու այն մարտահրավերները հաղթահարելու ճանապարհների շուրջ, որոնք պարտադրված են նաև Հայաստանին: Մեր զրուցակիցը բոլոր կուսակցություններին, որոնք պատրաստվում են նախագահական մրցարշավին, հաջողություններ մաղթեց:

Արտաշես Գեղամյանի ներկայացմամբ` ԱՄԿ-ն 10 տարում բազում ձեռքբերումներ ու բացթողումներ է ունեցել: Ձեռքբերումներից առանձնացրեց այն, որ ԱՄ-ի ձայնը լսելի է եղել ԵԽԽՎ-ում, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության վեհաժողովում, այն էլ 21 անգամ: Եվ ոչ միայն լսելի է եղել, այլ նաև շատ դեպքերում նպաստավոր հայոց պետականության ամրապնդման համար: «Սա ես պակաս չեմ կարևորում, որը չափազանց բարձր հրապարակային գնահատականի է արժանացել աշխարհիս բախտը որոշող երկրների պատվիրակների կողմից: Ձեռքբերում էր նաև այն, որ 1997-ին ԱՄ-ն ստեղծվելուց երկու տարի անց դարձավ խորհրդարանական կուսակցություն: Ութ տարի շարունակ մենք ներկայացված ենք եղել ԱԺ-ում», - նշեց այլևս արտախորհրդարանական կուսակցության ղեկավարը` ընդգծելով, որ ԱՄ-ն այս ընթացքում շատ իմաստուն է գտնվել և էլ ավելի է կոնսոլիդացրել իր շարքերը, իսկ հիմա էլ բավականին օպտիմիստորեն տրամադրված գնում է իր 10-ամյա հոբելյանին ընդառաջ: Իսկ ինչ վերաբերում է բացթողումներին, ապա դրանցից հիմնականն այն է, որ ԱՄ-ն չկարողացավ այն գաղափարները, մտքերը, որոնք մեր երկրին խոստանում էին ավելի հեռանկարային զարգացումներ, դարձնել ժողովրդի սեփականությունը: «Չկարողացանք նաև ինքներս իշխանություն կազմելով դրանք կյանքի կոչել: Կան առանձին բացթողումներ, որոնք ներհատուկ են ցանկացած կուսակցության, որոնց չէի ուզենա անդրադառնալ», - եզրափակեց Արտաշես Գեղամյանը:

Թագուհի Թովմասյան

Последние видеоматериалы

Новые книги