«ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՄԵՆՔ ԴԱՌՆՈՒՄ ԵՆՔ ՋՈԶԵՖ ՕՎԵՐԹՈՆԻ ԱՎԵՐՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՎԿԱՆԵՐԸ»
21.02.2014, Իրավունք
REGNUM լրատվական գործակալության հարցազրույցը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ հետ
-Այսօր արդյունավետ է արդյոք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի գործունեությունը:
- Ձեր հարցով Դուք շոշափեցիք իմ վերջին ելույթի բուն էությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) մշտական կոմիտեում, որի անդամներն են` ԽՎ 57 մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարները: Իմ ելույթում ես հռետորական հարց բարձրացրի այդ կառույցի գործունեության մասին վերջին 39 տարիներին` սկսած այն պահից, երբ 1975թ. ստորագրվեց Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության Հելսինկյան եզրափակիչ ակտը:
Աշխարհիս հզորները, այսինքն` Եվրոպայի 33 պետությունները, ԱՄՆ-ը եւ Կանադան, այնուամենայնիվ, կարողացան պայմանավորվել Վանկուվերից մինչեւ Վլադիվոստոկ տարածքում անվտանգության եւ համագործակցության հիմնարար սկզբունքների վերաբերյալ: Դրանով իսկ երաշխավորվեց, որ այն տարիներին մոլեգնող «սառը պատերազմը» երբեք թեժի չի փոխարկվի: Բայց դա արվեց այլ առաջնորդների կողմից, այլ ժամանակում: Այսօր, երբ մենք մոտենում ենք այդ կազմակերպության քառասնամյակին, մեր առջեւ հարց է ծագում. իսկ ինքներս ինչ ենք արել, որպեսզի գալիք սերունդներն ըստ արժանվույն գնահատեն մեր աշխատանքը: Ինչ կհիշեն մեր մասին, ասենք, 10 տարի անց: Ինչով կկարողանանք հպարտանալ, վճռորոշ ի՞նչ ենք արել այս աշխարհի համար, որպեսզի գալիք սերունդները երախտագիտությամբ հիշեն մեր եւ մեր գործերի մասին: Ցավոք, նման վճռորոշ նվաճումները շատ չեն: Ավելին, ԵԱՀԿ-ն, այդ թվում եւ նրա Խորհրդարանական վեհաժողովը, չկարողացան կանխել վերջին տասնամյակների թեժ պատերազմները, լինեն դրանք պատերազմներն Աֆղանստանում, Իրաքում, Թունիսում, Եգիպտոսում, իսկ հիմա էլ` Սիրիայում:
- Կարծիք կա, թե ոչ միայն չկարողացավ կանխել, այլեւ նպաստել է դրանց: Համաձա՞յն եք:
- Եթե հաստատական պատասխան տամ հարցին, դա լրջագույն մեղադրանք կլինի ԵԱՀԿ-ի հասցեին: Բայց կարող եմ վստահաբար ասել, որ եթե ԵԱՀԿ-ն իր գործունեությամբ մի շարք դեպքերում չառաջնորդվեր երկակի չափորոշիչներով, եթե ժամանակին արձագանքեր ապակառուցողականության, ցինիզմի, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, օրենքի չհարգման բոլոր` ինչպես երբեմն կարող է թվալ, ոչ էական դրսեւորումներին, ապա շատ բաներից կարելի կլիներ խուսափել: Որպես օրինակ. ինչպիսի՞ն եղավ արձագանքը, երբ 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը, որը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում հրավիրվել էր մասնակցելու անգլերենի ուսուցման դասընթացներին, կացնահարվեց ադրբեջանական զինված ուժերի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից: Հունգարական դատարանը Սաֆարովին մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց ցմահ բանտարկության` առանց 30 տարվա ընթացքում բողոքարկելու իրավունքի: Ընդամենը 7 տարի անց նա արտահանձնվեց Ադրբեջանին: Ադրբեջան վերադառնալուն պես Սաֆարովին ներում շնորհվեց, բարձրացվեց նրա զինվորական կոչումը, ստացավ աշխատավարձ` բանտում անցկացրած 7 տարիների դիմաց, նրան հերոսացրին, նրա մասին վավերագրական ֆիլմեր նկարահանեցին եւ այլն, բայց ԵԱՀԿ-ն ցինիզմի այս զայրացուցիչ դրսեւորումներին ոչ մի կերպ չարձագանքեց: Եթե այն ժամանակ ԵԱՀԿ ԽՎ-ն անսար բազմաթիվ խորհրդարանականների, այդ թվում եւ իմ փաստարկներին, պատասխանատվության կոչեր Ադրբեջանի իշխանություններին, մենք, հնարավոր է, չէինք ունենա այն, ինչ կա այսօր, այն է` Ազայ Ղուլիեւը, մեկը, որը բացահայտ մարդասպանի` Ռամիլ Սաֆարովի հերոսացման փրոմոութերն էր, մարդասպանին հերոսացնելու իր այդ արարքից ընդամենը մեկ տարի հետո ընտրվեց Եվրոպայում Անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ: Այդ կոմիտեի նիստում, երբ քննարկվում էր Առաջին կոմիտեի նախագահի տեղակալի թափուր պաշտոնի թեկնածուի ընտրության հարցը, ես ի լուր բոլորի` ասացի այդ մասին: Ավելին, նշեցի, որ թեեւ այդ կոմիտեի գործող նախագահ, շվեդ խորհրդարանական Ասա Լինդեստամը, խախտելով ԵԱՀԿ ԽՎ ընթացակարգի կանոնները, ամեն կերպ խանգարում էր իմ ելույթին, բայց նրա արարքների մասին տեղեկատվությունը, այնուամենայնիվ, հասավ խորհրդարանականների մեծամասնությանը: Բայցեւայնպես, այդ մարդն ընտրվեց եւ այսօր նստում է իմ կողքին: Ելույթում իմ բերած փաստարկները, պետք է ասել, բավական ուժեղ տպավորություն գործեցին: Իմ ասածի օբյեկտիվությունն ակնհայտ է դառնում ԵԱՀԿ ԽՎ գործընկերներիս համար, քանի որ իմ ներկայացրած փաստարկներն ապացուցված են: Նրանք, ինչը միանգամայն բնական է, հետո կփորձեն գտնել ասածիս հաստատումները եւ, բարեբախտաբար, հերքումներ չեն կարողանա գտնել: Ադրբեջանցի իմ ընդդիմախոսը` մարդասպանին գովերգելու մեջ ձախողված այդ փրոմոութերը, չկարողացավ հակափաստարկներ ներկայացնել: Այնինչ ես տառացիորեն օրերս ԵԱՀԿ ԽՎ անդամ պետությունների 56 պատվիրակությունների ղեկավարներին ուղարկել եմ ֆոտո եւ տեսանյութեր, որոնք հաստատում են Ղուլիեւի աննախանձելի դերը Ռամիլ Սաֆարովի «հերոսացման» գործում: Դա պետք է սթափեցնի ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին, չէ՞ որ Ազայ Ղուլիեւը նրանց քթից բռնած ման է ածել, մոլորեցրել նրանց, անարգել ճշմարտությունը եւ արդարությունը: Եթե հարգարժան եվրախորհրդարանականները նրա արարքներն անպատասխան թողնեն, ապա պետք է սպասել, որ վաղը-մյուս օրը նա առաջինը կդադարի հարգել նրանց: Այստեղ, ի թիվս այլ բաների, նաեւ տարրական մարդկային ինքնասիրության հարց կա:
Բայց, վերադառնալով բուն էությանը, ասեմ, որ եթե ԵԱՀԿ-ն, առավելեւս` Խորհրդարանական վեհաժողովն այդ հարցերին սկզբունքային եւ օբյեկտիվ գնահատականներ տային, մարդասպանների հերոսացումն Ադրբեջանում չէր շարունակվի: Մեկ ամիս առաջ ադրբեջանական դիվերսիոն խումբը գիշերվա քողի տակ ներխուժեց ադրբեջանա-ղարաբաղյան դիմակայության բուֆերային գոտի, տարածք, որը վերահսկվում է Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերի կողմից, մարտում սպանվեց հայ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Մի հարցում «ագրեսորին հանդարտեցնելու» քաղաքականությունը հանգեցրեց այն բանին, որ ագրեսորը դարձավ ավելի ինքնավստահ, ավելի լկտի իր հատկանիշները դրսեւորելիս: Մասնավորապես, մենք վկան դարձանք այն բանի, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն աշխարհով մեկ հայտարարեց, թե ադրբեջանական ժողովրդի թիվ 1 թշնամին համաշխարհային հայությունն է, այսինքն` հայկական սփյուռքը: Բայց Ալիեւի այս հայտարարությունը նույնպես չդարձավ սկզբունքային քննարկման առարկա ոչ ԵԱՀԿ ԽՎ-ում, ոչ Եվրոպայի խորհրդի ԽՎ-ում, էլ չեմ ասում բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպությունների մասին: Ադրբեջանի նախագահի անթաքույց ռասիստական այս կոչը կրկին չդատապարտվեց ԵԱՀԿ ԽՎ-ի կողմից:
Ավելին, ռասիզմի բացահայտ դրսեւորում է բարձրդասարանցիների համար ադրբեջանական պատմության դասագրքերի բովանդակությունը: 1988-1992թթ. ադրբեջանա-ղարաբաղյան դիմակայության ժամանակ տեղի ունեցած ռազմական իրադարձությունները ադրբեջանցի դպրոցականներին մատուցվում են բացարձակ ռասիստական մեկնաբանությամբ, հայերը ներկայացվում են որպես ոխերիմ թշնամիներ: Հասունության վկայականի հետ ադրբեջանցի դպրոցականների գիտակցության մեջ արդեն ամուր մտցված է այն, որ հայը թշնամի է, ուստի հային սպանելը հանցագործություն չէ, եւ որ դրա մասին չպետք է մոռանալ:
Ի դեպ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի օրակարգում դրված էր ռասիզմի, այլատյացության եւ մարդատյացության այլ դրսեւորումների դեմ պայքարի հարցը: Այն, ցավոք, չհասցրինք քննարկել: ԵԱՀԿ ԽՎ-ում իմ առաջին ելույթում ես նշեցի նաեւ այն հարցերը, որոնք վերաբերում էին Ադրբեջանում հայի կերպարի դիվականացմանը: Այս հարցի հետ կապված` իրադրությունը Թուրքիայում նույնպես բարդ է: Բավական հատկանշական է այն օրինակը, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հիմնական քաղաքական մրցակցին` Ֆեթուլա Գյուլենին վարկաբեկելու նպատակով, որպես վերջինին «մեղադրելու» գլխավոր փաստարկ նշել է այն, որ նա հայկական արմատներ ունի: Փաստորեն, մենք հասկանում ենք, որ ցայսօր Թուրքիայում հայ լինելը գրեթե հավասարազոր է թուրքի ազգային արժանապատվությունը նսեմացնող լրջագույն վիրավորանքի: Եվ սա` ի հեճուկս այն բանի, որ Թուրքիան Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ-ի անդամ է:
- Բերված օրինակները մասամբ հնարավոր են դառնում այն պատճառով, որ ԵԱՀԿ-ն չի արձագանքում իր իսկ հռչակած նորմերի եւ սկզբունքների ակնհայտ խախտումներին: Ինչի՞ վրա է հիմնված նման դիրքորոշումը: ԵԱՀԿ-ն ի վիճակի չէ՞ հարցեր լուծել, թե ինչ-ինչ պատճառներով չի ցանկանում անել դա:
- Միանշանակ խոսել մի ինչ-որ պատճառի մասին, մի կողմից` դժվար է, մյուս կողմից էլ` օբյեկտիվ չէ: Այստեղ պատճառների համախումբ կա: Չգիտես ինչու` ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությունների անդամների մեծամասնության պատկերացումներում արմատացել է այն կարծիքը, թե աշխարհի ճակատագիրը վճռվում է համաշխարհային քաղաքականության ուժի առանձին կենտրոնների կողմից: Որպես այդպիսին պայմանականորեն կարելի է նշել ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Ռուսաստանը, ինչպես նաեւ Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան եւ այլ երկրներ Արեւելքում: Նրանց թվում է, թե այդ «մեծ քեռիներն» են իրենց փոխարեն որոշելու, թե ինչն ինչպես պետք է լինի: Չկա մտածողության լայն ընդգրկում, չկա լուրջ խնդիրներն այն հարցերի շրջանակում ընդգրկելու ներքին պահանջմունք, որոնք պետք է դիտարկի հենց ԵԱՀԿ ԽՎ-ն: Բանաձեւերի եւ հռչակագրերի մեծ մասը, ցավոք, ընդունվում է կամ Եվրամիության առաջատար երկրների, կամ Ամերիկա-կանադական, կամ ՌԴ պատվիրակություններին նայելով: Այնպես է ստացվում, որ անգամ անարդարության աղաղակող փաստերը, որոնք հաճախ ի հայտ են գալիս միջազգային հարցերի կարգավորման ժամանակ, լռության են մատնվում: Իսկ երբ նրանց ներկայացնում ես մերկ, անհերքելի փաստեր` ապացույցներով, նկատում ես այդ նույն չարաբաստիկ «ուրիշին նայելը»:
Օրինակ կարող է ծառայել Ուկրաինայի հետ կապված իրավիճակի քննարկումը, որը տեղի ունեցավ փետրվարի 14-ին` ԵԱՀԿ ԽՎ երեք կոմիտեների երեկոյան նիստի ժամանակ: Ռուսաստանի պատվիրակությունը խիստ կշռադատված գնահատական տվեց ուկրաինական իրադարձություններին: Ուկրաինայի Գերագույն ռադայի պատվիրակները, որոնք ներկայացնում էին իրենց երկրի ամբողջ քաղաքական ներկապնակը, հանդես էին գալիս երկրում ստեղծված իրադրության, Մայդանում 2013թ. դեկտեմբերից ցայսօր տեղի ունեցող իրադարձությունների փոխբացառող գնահատականներով: Ցավոք, եվրոպացի շատ գործընկերներ հանդես էին գալիս իրավիճակի միակողմանի մեկնաբանմամբ` պնդելով, որ Ուկրաինայում տեղի է ունենում ուժայինների կողմից ընդդիմադիրների զանգվածային ծեծ: Միեւնույն ժամանակ լռության էին մատնվում այն փաստերը, որոնք չէին տեղավորվում «խեղճ ընդդիմության» մասին վարկածում, որին օրուգիշեր ծեծում է «արյունալի ռեժիմը»: Ինձ, եթե անկեղծ ասեմ, ոգեւորեց ԵԱՀԿ ԽՎ-ում ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակության անդամներից մեկի հնչեցրած գնահատականը. նա մասնավորապես ասաց, որ իրավիճակի կարգավորումն Ուկրաինայում հնարավոր է միայն Ռուսաստանի ու Եվրամիության եւ, բնականաբար, Ուկրաինայի իշխանությունների ներգրավմամբ: Ձեր խոնարհ ծառան նույնպես ելույթ ունեցավ այս հարցի վերաբերյալ: Եվ թեեւ մեր ելույթները խստորեն սահմանափակված են կանոնակարգով` երկու րոպե, իմ խոսքի բովանդակությունը հակիրճ հանգում էր հետեւյալին. Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ուշադիր վերլուծությունն ակամա հիշեցնում է ամերիկացի քաղաքագետ, միջազգային հարաբերությունների եւ ռազմական ստրատեգիայի մասնագետ Էդվարդ Լյութվակի` «Պետական հեղաշրջում. գործնական ձեռնարկ» գրքում արած տեսական եզրահանգումների գործնական մարմնավորումը: Բացի այդ, պարզ է, որ այստեղ գործն առանց «ավերման տեխնոլոգիայի» գլուխ չի եկել, տեխնոլոգիա, որը ներկայացված է Ջոզեֆ Օվերթոնի քաղաքական տեսությունում, եւ որը հայտնի է որպես «Օվերթոնի պատուհան»: Իր աշխատությունում նա նկարագրել է, թե ինչպես կարող են հասարակությանը միանգամայն խորթ գաղափարները (օրինակ, Ուկրաինայի պարագայում` ռասիզմը, այլատյացությունը եւ հակասեմիտիզմը) բարձրացվել հանրային արհամարհանքի կեղտահորից եւ ի վերջո արմատավորվել հանրային գիտակցության մեջ: Երբ ծանոթ ես այդ նշանավոր քաղաքագետների առաջարկած տեխնոլոգիաներին, իսկ հետո դրանք համադրում ես ուկրաինական իրադարձությունների հետ, պարզապես անհնար է չտեսնել նրանց տեսությունների գործնական իրագործումը, չնկատել զարմանալի նմանությունը: Ըստ էության, մենք բոլորս ուկրաինական պետականության քայքայման սցենարի գործնական իրագործման ականատեսներն ենք: Ես չեմ պատրաստվում ասել, թե հատկապես ինչ ուժեր են կանգնած այս ամենի հետեւում: Բայց անվիճելի է նաեւ, որ Մայդանի եւ ամբողջ Ուկրաինայի իրադարձությունները կարգավորվում են վստահ դիրիժորական փայտիկով, որը դրվել է Ուկրաինայի արմատական ընդդիմության ձեռքում: Այս պնդման մեջ կասկածի նշույլ անգամ չկա:
- Բայց ԵԱՀԿ-ն, ինչպես հետեւում է Ձեր խոսքից, այդ ամենին բոլորովին էլ միանշանակ չի արձագանքում, եթե կարելի է այսպես ասել:
- Միանգամայն իրավացի եք: Կիեւի «Եվրամայդանի» իրադարձությունների միակողմանի մեկնաբանությունը հաստատաբար վկայում է, որ ԵԱՀԿ ԽՎ-ում ներկայացված որոշակի պատվիրակությունների համար այնքան էլ կարեւոր չեն Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների օբյեկտիվ պատճառների վերհանումը, դրանց միջեւ պատճառահետեւանքային կապերի առկայությունը: Իրականում պատվիրակներից շատերն այն կարծիքին են, որ «եթե Ուկրաինայի ղեկավարությունը չստորագրի եւ չվավերացնի Եվրամիության հետ Ասոցիատիվ համաձայնագիրը, ապա նրան «քաղաքականապես կոչնչացնենք» բոլոր հնարավոր միջազգային հարթակներում»: Նման մոտեցումից առաջին հերթին կտուժեն Ուկրաինան եւ ուկրաինացի ժողովուրդը, բայցեւ ԵԱՀԿ ԽՎ-ն էլ, անշուշտ, կվնասի իրեն: Դրանով իսկ այն ենթարկվում է ազատամտության ամբիոնից աստիճանաբար համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոններում նախապես պայմանավորված դրույթներ ու շտամպներ պարտադրող ինստիտուտի վերածվելու վտանգին: Սա ամեն գնով չպետք է թույլ տալ:
- Այսինքն` Դուք կարծում եք, որ կա դեպի դրան գնացող գործընթաց, որը վերջնակետին դեռ չի՞ հասել:
- Ցավոք, այո: Ամեն ինչ սեւ-սպիտակ գույներով չներկայացնելու համար նշեմ, որ երբեմն հնչում են «ընդհանուրից» տարբերվող կարծիքներ, բայց դրանք արտահայտողները, չգիտես ինչու, այնքան էլ հետեւողական եւ ագրեսիվ-հարձակողական (լավ իմաստով) չեն, քան այն հռետորները, որոնք հանդես են գալիս նրանց հակառակ, իսկական իրականությունը չարտացոլող դիրքերից: Վերցնենք թեկուզ այսպիսի մի օրինակ, երբ բերվում են մի ամբողջ շարք փաստարկներ, որոնք օբյեկտիվորեն առաջին պլան են մղում Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանն անցկացնելու որոշումը չեղյալ համարելու խնդիրը: Այդ երկիրը խախտում է Եվրոպայում Անվտանգության եւ համագործակցության խորհրդի Հելսինկյան եզրափակիչ ակտի տասը հիմնարար սկզբունքներից յոթը: Երբ թվարկում ես նրա խախտած սկզբունքները, նրանցից յուրաքանչյուրի համար փաստարկներ նշում, ինչպես նաեւ համաշխարհային լրատվամիջոցներում լայնորեն լուսաբանվող եւ ԵԱՀԿ ԽՎ բոլոր անդամ երկրների պատվիրակներին հասանելի հանրահայտ օրինակներ բերում, ԵԱՀԿ ԽՎ նիստերի դահլիճում քար լռություն է տիրում: Սակայն ԵԱՀԿ ԽՎ հերթական նստաշրջանի անցկացման վայրի մասին մինչ այդ ընդունված որոշման վերանայումն արժանի արձագանք չի գտնում ԵԱՀԿ անդամ պետությունների պատվիրակությունների կողմից:
- Ստացվում է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն ինստիտուտ է, որն արժանի չէ վստահության, կամ էլ վստահության շեմն այդ կազմակերպության հանդեպ ժամանակի ընթացքում խիստ ցածր կդառնա:
- Ընդհանրապես այդպես չպետք է լինի: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն ինքը պետք է իր մեջ ուժ գտնի իրականությանը կողքից նայելու, սեփական գործողություններն անաչառ վերլուծելու, դրանք ԵԱՀԿ տարածաշրջանում զարգացման գլոբալ միտումների (մասնավորապես` տնտեսության, քաղաքականության, հումանիտար եւ անվտանգության ոլորտներում) հետ համադրելու համար: Կազմակերպությունն ինքը պետք է հասկանա, որ հաճախ իր գործողությունները եւ ընդունած բանաձեւերը երկակի չափորոշիչների մեջ են տեղավորվում, չեն արտացոլում թվարկածս ոլորտներից յուրաքանչյուրում կատարվող իրական փոփոխությունների էությունը: Այսօր, ըստ իս, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն ավելի շուտ արդեն տեղի ունեցած իրադարձությունների մի ինչ-որ ամրագրող է: Այն արձագանքում եւ գնահատական է տալիս արդեն կատարված փաստերին` առանց ապագային ուղղորդվածության: ԵԱՀԿ ԽՎ բանաձեւերում, հռչակագրերում շատ դեպքերում չկան քաղաքական, աշխարհաքաղաքական, տնտեսական կանխատեսումներ, որոնց պետք է հաջորդեն բանաձեւերի ընդունումը, նոր քննարկումներն ու որոշումները, հռչակագրերը, որոնք կմեղմեն ապագայում հնարավոր մարտահրավերներն ու խնդիրները: Դա կառույց է, որը, կրկնեմ, ավելի ու ավելի հաճախ արձագանքում է փաստորեն անցյալին: Դա անթույլատրելի է, որովհետեւ չկանխատեսելով զարգացման հնարավոր սցենարներն այս կամ այն երկրում` ժամանակի ընթացքում մենք կդառնանք վկաներն այն բանի, որ հաջորդող իրադարձություններից շատերը, ավաղ, կուղեկցվեն արյունահեղությամբ, հարյուրհազարավոր խեղված ճակատագրերով:
- ԵԱՀԿ-ն, որի մասին խոսում ենք, հանձին Մինսկի խմբի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջնորդն է: Միեւնույն ժամանակ, Մինսկի խմբի հասցեին բավական շատ քննադատություն է հնչում, մասնավորապես` նրան մեղադրում են չափից ավելի պասիվ եւ չնախաձեռնող լինելու մեջ: Ի՞նչ եք կարծում, Ձեր նկարագրած բարեփոխման դեպքում առաջընթաց հնարավո՞ր է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:
- Այսօրվա դրությամբ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն անսպառ աշխատանք ունի հենց այս ուղղությամբ: Ասեմ` ինչու: Վերջին հինգ տարիներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահներն ընդունել են հինգ հայտարարություն ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ` Լ'Աքվիլայում, Մուսքոկում, Դովիլում, Լոս Կաբոսում եւ Լոհ Էրնում: Հինգ հայտարարություններում էլ կարմիր թելի պես անցնում են մի շարք դրույթներ` հակամարտության ռազմական լուծման կամ ուժի կիրառման սպառնալիքի անթույլատրելիություն, սեփական ճակատագիրը որոշելու` ժողովուրդների իրավունքների եւ պետությունների տարածքային ամբողջականության ու ինքնորոշման իրավունքների միաժամանակյա հարգում, միջոցների ընդունում, որոնք հակամարտող կողմերի հասարակություններին կպատրաստեն հարցի խաղաղ կարգավորմանը: Ադրբեջանի ղեկավարությունը հետեւողականորեն արհամարհում է մեծ տերությունների երեք նախագահների հայտարարությունները հակամարտության ուժային լուծման կամ այդ անելու սպառնալիքի անթույլատրելիության վերաբերյալ, ընդ որում` դա անում է այդ հռչակագրերի ընդունումից տառացիորեն մեկ-երկու օր հետո: Գոնե մեկ անգամ ԵԱՀԿ ԽՎ-ն արձագանքե՞լ է ափշերոնյան քաղաքական գործիչների այսքան քամահրական վերաբերմունքին: Ո°չ: Իր անտարբերությամբ ԵԱՀԿ-ն թույլ է տալիս հարեւան երկրի նախագահին իրեն իրավունք վերապահել թքողական վերաբերմունք ունենալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող պետությունների նախագահների հայտարարությունների հանդեպ: Տարեցտարի նույն պատկերը կրկնվում է: Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահների յուրաքանչյուր հայտարարությունից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահն արագ իրեն հարմար ներքին լսարան է գտնում, որի առջեւ հայտարարում է, թե Ադրբեջանն ուժեղ է` ինչպես երբեք, զինված է մինչեւ ատամները եւ հարկ եղած դեպքում ուժով կլուծի ղարաբաղյան հարցը: Ստացվում է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն իր ճանապարհն ունի` բանաձեւեր, երբեմն` կոշտ հայտարարություններ, որոնք լույս աշխարհ գալուն պես դատապարտված են մոռացության գիրկն անցնելու: Ավելին, հետագայում դրանք ոչ մի հետեւանք չեն ունենալու: Դա, բնականաբար, հեղինակազրկում է կազմակերպությանը լայն հասարակայնության աչքում եւ որեւէ լավ բան նրան չի խոստանում:
- Չե՞ք կարծում արդյոք, որ աննյութեղեն հեղինակության հարցերից զատ` նման դիրքորոշումը հղի է բավական առարկայական հետեւանքներով` ղարաբաղյան հակամարտության կողմերի համար:
- Մի քանի թիվ նշեմ. Բոննի կոնվերսիայի միջազգային ինստիտուտի 2012թ. Ռազմականացման գլոբալ ինդեքսում (GMI) Ադրբեջանը զբաղեցրել է ութերորդ տեղը եւ ճանաչվել աշխարհի ամենառազմականացված երկրներից մեկը: Բաքվի ռազմական ծախսերն ամեն տարի կազմում են մոտավորապես ՀՆԱ 5,7%-ը: Համեմատության համար նշեմ, որ ԱՄՆ-ում այդ ցուցանիշը չի գերազանցում 4,7%-ը, Ռուսաստանինը տատանվում է ՀՆԱ 3%-ի սահմաններում: 2004թ. Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմել են $170 մլն, 2012-ին` $3,2 մլրդ, իսկ 2014թ. բյուջեում նշված է $3,8 մլրդ թիվը: Միայն 2011թ. Ադրբեջանն Իսրայելից (որը, ի դեպ, GMI վարկանիշում զբաղեցրել է «1» համարը կրող հորիզոնականը) գնել է $1,6 մլրդ ընդհանուր գումարի բացառապես հարձակողական բնույթի զենք: Այս ամենը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Ինչ-որ կերպ այս ամենին արձագանքո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ ԽՎ-ն: Ոչ, չի արձագանքում:
- Չէի ասի: Կարելի է, օրինակ, մոռանալ այնպիսի հասկացության մասին, ինչպիսին է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը` հայտնի ԵՍԶՈՒՊ-ը, ուշադրություն չդարձնել դրա խախտումներին: Մոռանալ եւ ոչինչ չանելը նույնպես արձագանք է:
- Դուք հաստատում եք իմ խոսքերը: Իրականում դա շատ վտանգավոր է, որովհետեւ, ինչպես հայտնի է, պիեսի սկզբում պատից կախված հրացանը վերջում անպայման կրակելու է: ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում փետրվարի 14-ի իմ ելույթում ես հատկապես ընդգծեցի, որ այն բոլոր խնդիրները, որոնց մասին մենք հիմա խոսում ենք, մեր գնահատականները ստեղծված իրավիճակի անթույլատրելիության մասին, այդ ամենը բնավ էլ թող չընդունվեն որպես այն բանի հավաստում, թե հայկական կողմը խուճապի է մատնվել: Հայաստանի նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն անցել է Ղարաբաղյան ազգային-ազատագրական պայքարի բովով, Արցախի հերոս է եւ պատերազմի մասին էլ լսելով չէ, որ գիտե: Նա տեսել է մարդկանց, այդ թվում` իրեն շատ մոտ մարդկանց մահը: Բայց նա, ինչպեսեւ ամբողջ հայ ժողովուրդը, որը հնագույն քրիստոնեական քաղաքակրթություններից մեկի ներկայացուցիչն է, նույնկերպ սգում է ոչ միայն Հայաստանի, այլեւ Ադրբեջանի յուրաքանչյուր զոհված զինվորի համար: Մեր բարոյականությունում մենք առաջնորդվում ենք այն սկզբունքներով, որոնք իմաստնաբար շարադրել է անգլիացի մեծ պոետ Ջոն Դոնը, եւ որի խոսքերը որպես իր հանրահայտ «Ում մահն են գուժում զանգերը» վեպի վերջաբան վերցրել է Հեմինգուեյը: Եվ ահա, յուրաքանչյուր մարդու մահը փոքրացնում է եւ մեզ: Հայաստանը եւ հայ ժողովուրդը միասնական են ամբողջ մարդկության հետ, իսկ հայկական սփյուռքը խոսքերիս վառ ապացույցն է: Մենք երբեք չենք հարցնում, թե ում մահն են գուժում զանգերը, որովհետեւ դրանք ղողանջում են բոլորիս համար, յուրաքանչյուր մարդու համար:
- Եթե ԵԱՀԿ-ն «ուղղվի», ինչպե՞ս եք պատկերացնում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:
- Ղարաբաղյան հակամարտության լուծման իմ տեսլականը կարելի է ներկայացնել Էլզասի եւ Լոթարինգիայի օրինակի համանմանությամբ, որի պատճառով քանիցս կռվել են Ֆրանսիան եւ Գերմանիան: ԵՄ-ը ստեղծած եվրոպացիները իմաստուն լուծում են գտել այդ դարավոր արնածոր վերքի համար, եւ հիմա Էլզասի սիրտը` Ստրասբուրգը, փաստորեն միավորված Եվրոպայի երկրորդ մայրաքաղաքն է: Թող Ադրբեջանը մտնի Մաքսային միություն (ՄՄ), եւ այդ ժամանակ մենք կկարողանանք համապատասխան հարցը բարձրացնել ՄՄ մասնակից երկրների շրջանակում, որպեսզի Լեռնային Ղարաբաղը, նրա մայրաքաղաք Ստեփանակերտը դառնա ինքնատիպ մշակութային, էկոլոգիական, քաղաքական մայրաքաղաք եթե ոչ ամբողջ ՄՄ-ի, ապա գոնե մեր տարածաշրջանի համար:
- Մաքսային միությունը, իսկ հետագայում` նաեւ Եվրասիական տնտեսական միությունը հռչակվում են որպես զուտ տնտեսական կազմավորումներ, որոնք կոչված չեն քաղաքական խնդիրներ լուծելու:
- Այո, առաջին փուլում, իհարկե, հարկավոր է ստեղծել ընդհանուր տնտեսական բազիսային հենք ՄՄ միավորվող պետությունների համար: Երբ միասնական տնտեսական տարածքը վերջնականապես ձեւավորվի, այն ապրիորի կպարտավորեցնի մասնակից երկրներին իրականացնել միասնական տնտեսական քաղաքականություն: Կարելի՞ է արդյոք ասել, թե մի քանի երկրներից բաղկացած տարածքում` մոտ 180 մլն մարդ բնակչությամբ, կարող է լինել ընդհանուր տնտեսություն առանց քաղաքական բաղադրիչի: Դա նոնսենս է, նման բան չի կարող լինել: Միասնական տնտեսական տարածքը պետք է գոյություն ունենա օրենքների, թեկուզեւ տնտեսական օրենքների վրա: Օրենքներն ընդունվում են Մաքսային միության մասնակից երկրների խորհրդարաններում, իսկ այդ պետությունների խորհրդարաններում տոն տալիս է քաղաքական մեծամասնությունը: Այդ ամենն անխուսափելիորեն կվերաճի մեծ քաղաքականության: Մի խոսքով` ՄՄ-ի` որպես զուտ տնտեսական կենտրոնի` հռչակվող դերը, ճիշտ է, համապատասխանում է իրականությանը, բայց առայժմ` այս փուլում: Հետագայում այն կընդլայնվի:
- Այլ կերպ ասած` Դուք առաջարկում եք տնտեսական գործոնն օգտագործել որպես քաղաքական խնդիրների լուծման բազային հի՞մք:
- Առանց գլոբալ տնտեսական տարածքում համագործակցության` անհնար է ապահովել քաղաքական եւ ռազմական համագործակցություն ԵԱՀԿ տարածքում: Եթե հարցին ավելի լայն մոտենանք, դուրս գանք մեր տարածաշրջանի սահմաններից, կտեսնենք, որ հենց տնտեսությունն է ընկած ամեն ինչի հիմքում: Եվրամիության, Ռուսաստանի եւ Մաքսային միության երկրների, NAFTA-ի պետությունների (ԱՄՆ-ի, Կանադայի եւ Մեքսիկայի հյուսիսամերիկյան համաձայնագիր ազատ առեւտրի մասին), ինչպես նաեւ Արեւելքում` Չինաստանի եւ Ճապոնիայի տնտեսական համակարգերն այսօրվա դրությամբ գլոբալ մրցակիցներ են: Ամերիկացիները եվրոպացիների հետ արդեն ձեռնամուխ են եղել ընդհանուր, ազատ տնտեսական գոտու եւ ազատ առեւտրի գոտու ստեղծմանը: Համանման բանակցություններ են վարվում Վաշինգտոնի եւ Տոկիոյի միջեւ, որոնց, ամենայն հավանականությամբ, շուտով կմիանան նաեւ այդ տարածաշրջանի այլ երկրներ: Ստացվում է, որ գլոբալ տնտեսական մրցակցություն է վարվելու ՄՄ-ի եւ մնացյալ ողջ աշխարհի միջեւ: Բայց տնտեսական մրցակցությունն առանց լուծման հեռանկարների` երկու գլոբալ տնտեսական համակարգերի շփման տարածքում անխուսափելիորեն կազդի այնպիսի գործոնների վրա, ինչպիսիք են քաղաքականությունը եւ անվտանգության ոլորտը: Դրանից խուսափելու համար հարկավոր է օգտվել այն եզակի շանսից, որը տրվեց այս տարվա հունվարի 28-ին, Բրյուսելում կայացած Ռուսաստան-Բրյուսել գագաթաժողովում: Իրենց ելույթներում Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն եւ Եվրոպայի խորհրդի նախագահը` մի կողմից, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` մյուս կողմից, չհերքեցին Ատլանտիկայից մինչեւ Խաղաղ օվկիանոս ազատ տնտեսական գոտու ստեղծման գաղափարը: Ավելին, ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գծով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը փետրվարի 18-ին հարցազրույց տվեց «Կոմերսանտ» թերթին: Մեկնաբանելով այդ հարցազրույցը` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է. «Մենք համաձայնություն ունենք, որ մեր առջեւ կանգնած ընդհանուր մեծ նպատակը ընդհանուր տնտեսական եւ հումանիտար տարածքի ստեղծումն է Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ: Եվ որպես կարեւոր փուլ` Բրյուսելում (ս.թ. հունվարի 28-ին) առաջարկեցինք դնել մինչեւ 2020թ. Եվրամիության եւ Մաքսային միության միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման խնդիրը: Երբ նախագահ Պուտինը դա առաջարկեց, ԵՄ մեր գործընկերներն ասացին, որ «մենք պետք է մտածենք», բայց Կատյա Էշթոնի հոդվածում ես կարդացի, որ այդ նպատակը պաշտպանվում է...»: Պետք է ասել, որ Ռուսաստանի նախագահը հետեւողականորեն կոչ է անում իր եվրոպացի գործընկերներին ավելի մանրամասն ուսումնասիրել այդ նպատակի իրագործման հնարավորությունները: Եթե այդ նախագծին միանան ԱՄՆ-ը եւ Կանադան, ապա դա զգալիորեն կթուլացնի ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի ռազմական դիմակայության պոտենցիալը:
Այդ ճանապարհից հրաժարվելու եւ ամեն բան ինչպես որ կար` թողնելու պարագայում հետագայում դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա: Վերցնենք, ասենք, ամերիկյան ՀՀՊ համակարգի տեղակայումը Ռումինիայում եւ Բուլղարիայում: Սկզբում խոսում էին այն մասին, որ այդ համակարգերը կոչված են խփելու Իրանի տարածքից արձակվելիք հրթիռները, բայց հիմա Թեհրանի հետ բանակցություններ են վարվում, կարգավորվում են հարաբերությունները, իսկ ՀՀՊ-ն այդպես էլ մնացել է: Այս մարտահրավերին հետեւում է ՌԴ-ի եւ ընդհանրապես ՀԱՊԿ-ի բնական եւ համարժեք պատասխանը` հրթիռային համակարգեր կտեղակայվեն Կալինինգրադի մարզում կամ էլ կհետեւեն այդ մարտահրավերներին համարժեք լուծումներ: Դա, իհարկե, չի հանգեցնի կողմերի միջեւ վստահության խորացմանը եւ գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը: Ավելին, վերջում մենք կստանանք ռազմական դիմակայության արդեն պատրաստի սաղմեր, որոնք, ի դեպ, պետք է ամրագրվեն գաղափարապես: Սույն պարագայում գաղափարախոսական լիցքը ոչ այլ ինչ է, եթե ոչ «նեոսառը պատերազմ» 21-րդ դարի պայմաններում:
- Վերադառնանք ԵԱՀԿ-ին, ավելի ճիշտ` այդ կառույցի դերին հակամարտությունների կարգավորման գործում: Այդ կառույցի «քթի տակ», կարելի է ասել, հակամարտություն բռնկվեց Ուկրաինայում: Ո՞րն է ԵԱՀԿ դերը դրանում:
- Ամերիկացիները, ինչպեսեւ եվրոպացիները հիանալի հասկանում են, թե ինչ է նշանակում Ուկրաինայի միանալը Մաքսային միությանը: Դեռեւս 25 տարի առաջ Զ. Բժեզինսկին իր աղմուկ հանած «Մեծ շախմատի տախտակ. Ամերիկայի գերազանցությունը եւ նրա աշխարհառազմավարական հրամայականները» գրքում, խոսելով Ռուսաստանի մասին, որպես այդ երկրի ամրապնդման առանցքային եւ անգամ վճռորոշ գործոն` նշել է Ուկրաինայի միավորումը միջպետական միավորմանը տնտեսական եւ ռազմաքաղաքական դաշինքում, որտեղ գերիշխելու է ՌԴ-ն: Բացի այդ, շատ հետաքրքիր դիտարկում է արել ամերիկյան արտաքին քաղաքականության նահապետ Հենրի Քիսինջերը CNN-ին ս.թ. փետրվարի սկզբին տված հարցազրույցում: Հաղորդավարի` «Դուք լավ եք ճանաչում Պուտինին, Դուք նրա հետ հանդիպել եք ավելի շատ, քան որեւէ այլ ամերիկացի: Ձեր կարծիքով` նա հետեւում է Ուկրաինայի իրադարձություններին եւ մտածում, որ այդ ամենն Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի ձեռքի գործն է, որոնք մտադրվել են շրջապատել «Կարծում եմ` նա (Վլադիմիր Պուտինը) սրանում տեսնում է գլխավոր փորձն այն բանի, ինչ մենք կուզենայինք անել Մոսկվայում»: Վլադիմիր Պուտինը հիանալի գիտակցում է. եթե հաջողվի կենսագործել արեւմտյան ստրատեգների կողմից Ուկրաինայում իրագործվող սցենարը, ապա հաջորդ թիրախը դառնալու է Ռուսաստանը: Վերադառնալով «Մեծ շախմատի տախտակին»` նշենք, որ Մաքսային միությունն այն նույն միավորումն է, որի մասին իր գրքում խոսում էր Բժեզինսկին, եւ այն ստեղծվում է տնտեսական ինտեգրման հիման վրա:
Լուրջ տնտեսագետ-գիտնականները վաղուց եկել են այն եզրակացության, որ 2008-2009թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքներն այնքան խոր են, որ կարող են նոր գլոբալ ճգնաժամի նախակարապետը դառնալ: Աշխարհի առաջատար տնտեսագետներն առայսօր միասնական եզրահանգման չեն եկել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ծնած իսկական պատճառների մասին: Բացահայտվել են դրա առանձին դրսեւորումների պատճառները, բայց համաշխարհային ֆինանսական ճգնաժամի համապարփակ տեսությունը, որը կընդունվեր տնտեսական եւ գիտական ողջ հանրության կողմից, չկա: Միեւնույն ժամանակ ստեղծվել է կոնսենսուս այն հարցի շուրջ, որ տնտեսության գլոբալացման պայմաններում ինքնաբավ տնտեսական համակարգեր կարող են դառնալ միայն այն տնտեսական համակարգերը, որոնք իրենց մեջ են առել արտադրվող ապրանքների իրացման հնարավոր շուկաները, եւ որոնք ենթադրում են դրանցում ոչ պակաս, քան 500 մլն բնակչության առկայությունը: Ուստի, միանգամայն օրինաչափ է, որ այս լրջագույն խնդիրը հասկանում են ոչ միայն Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում, այլեւ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իսրայելը, Վիետնամը, ՆԱՏՕ անդամ Թուրքիան, Սիրիան: Այս պետությունները նույնպես դիտարկում են Մաքսային միությունը, որովհետեւ հասկանում են` Ամերիկայի, Կանադայի եւ Եվրամիության միասնական տնտեսական տարածքը մի ինչ-որ պահի այնքան ուժեղ կճնշի առանձին երկրների տնտեսություններին, որ նրանք չեն դիմանա գլոբալ մրցակցությանը: Այդ պատճառով էլ այդ պետությունների ղեկավարները ջանում են միանալ ինքնաբավ տնտեսական համակարգերին, որոնք ի վիճակի կլինեն հագեցնել իրենց շուկան իրենց իսկ արտադրած ապրանքներով եւ դրանով իսկ զգալիորեն փոքրացնել իրենց կախումը Եվրամիության եւ Հյուսիսային Ամերիկայի միավորված երկրների գլոբալ տնտեսություններից:
- Կարո՞ղ է արդյոք ԵԱՀԿ-ն ազդել Ուկրաինայում հակամարտության զարգացման վրա:
- Չարժե չափազանցել ԵԱՀԿ նշանակությունն ուկրաինական հակամարտության հնարավոր լուծման գործում: Այստեղ հիմնական դերակատարներն են` ԱՄՆ-ը, Եվրամիությունը եւ Ռուսաստանը: Ստեղծված իրավիճակում ինձ համար շատ տպավորիչ է ԳԴՀ ղեկավարության դիրքորոշումը: Վերջինն ավելի ու ավելի շատ է հակվում նրան, որ Ուկրաինայում ներքաղաքական հակամարտության լուծումը հնարավոր է միայն բանակցությունների սեղանին Ռուսաստանի, Ամերիկայի, Եվրամիության եւ Ուկրաինայի օրենքով ընտրված իշխանությունների անմիջական մասնակցությամբ: Ռուսաստանի ղեկավարության կշռադատված եւ պատասխանատու քաղաքականությունը վերջին ամսում ցույց տվեց, որ բացարձակ պահանջված է եւ այլընտրանք չունի: Հարկ է նշել նաեւ այն, որ 2013թ. նոյեմբերի 29-ի վիլնյուսյան գագաթաժողովից հետո Վիկտոր Յանուկովիչը քանիցս հանդես է եկել առաջարկություններով եւ խնդրանքով` գումարել մասնակից երկրների խորհրդակցություն այդ ձեւաչափում` ավելի մանրամասն, առարկայական քննարկումներ իրականացնելու համար Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ շփման կետերի որոնման հարցում: Այս գաղափարը շատ գրագետ կերպով զարգացրեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` 2014թ. հունվարի 30-ին Չեխիա կատարած պետական այցի ընթացքում: Չեխական հեղինակավոր Lidove noviny պարբերականին տված հարցազրույցում նա նշել է, որ Հայաստանի եւ հայ ժողովրդի քաղաքակրթական առանձնահատկություններից ելնելով` մենք քննարկում ենք շատ սերտ քաղաքական, տնտեսական, ռազմական համագործակցությունն ինչպես Ռուսաստանի եւ Մաքսային միության երկրների, այնպես էլ Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ: Նա ընդգծել է, որ Հայաստանն այդ երկրների հետ ընդհանուր քաղաքակրթական արմատներ ունի: Ավելին, Հայաստանի օրինակով նա ցույց տվեց, թե ինչպես կարելի է արտաքին ուժերի պայքարի օբյեկտից անցնել ինքնատիպ քաղաքակրթական, տնտեսական, մշակութային կամրջի կարգավիճակի մի կողմից` Եվրամիության, մյուս կողմից` Մաքսային միության եւ Ռուսաստանի միջեւ: Ինձ թվում է, որ հենց այս գաղափարը, ինչպես նաեւ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն արդյունքում հանգեցրին այն բանին, որ Եվրամիության 13 պետություններ, այդ թվում այնպիսի ծանրքաշայիններ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան, առաջարկությունների նոր փաթեթ պատրաստեցին «Արեւելյան գործընկերության» ծրագրի մասնակից երկրների եւ Եվրամիության միջեւ համագործակցության վերաբերյալ: Այդ փաստաթղթում հատուկ ուշադրություն է հատկացվել Ռուսաստանի հետ Եվրամիության, «Արեւելյան գործընկերության» ծրագրի մեջ ներառված պետությունների համագործակցությանը: Այսպիսով, ս.թ. հունվարի 30-ին Սերժ Սարգսյանի առաջ քաշած գաղափարը (այդ գաղափարը նա հնչեցրել էր դեռեւս 2013թ. սեպտեմբերի 3-ին Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հրավիրված ճեպազրույցի ընթացքում) փաստորեն զարգացում ստացավ ուղիղ 10 օր հետո եւ իր արտացոլումը գտավ «Եվրոպական նոր փաթեթում», որը փոխարինելու է գալիս «Արեւելյան գործընկերությանը»: Միայն տնտեսության, մարդու իրավունքների, դեմոկրատացման, օրենքի գերակայության եւ, իհարկե, ռազմաքաղաքական ոլորտներում գլոբալ համագործակցության միջոցով է հնարավոր հաղթահարել գլոբալ մարտահրավերները, որոնք հավասարաչափ վտանգավոր են ինչպես Եվրամիության, ԱՄՆ-ի, Կանադայի, այնպես էլ Ռուսաստանի, Մաքսային միության երկրների եւ, առհասարակ, աշխարհի համար:
- Հայաստանի եվրոպական ասոցացման պատմությունը ցույց է տալիս, որ ԵՄ-ը միշտ չէ, որ պատրաստ է համագործակցել հավասար պայմաններով: Առաջ քաշվեցին պայմաններ, որոնք անհամատեղելի էին ՄՄ-ին երկրի անդամակցության հետ:
- Հարկավոր է սկզբից եւեթ նախապատրաստել եվրոպացի գործընկերներին, որ հայկական կողմը չի ընդունում քարացած ձեւերն ու ձեւակերպումները: Հայկական կողմն իր գործողությունների հիմքում դնում է ազգային անվտանգության անվերապահ ապահովման հարցերը: Մնացած բոլոր հարցերը Հայաստանի կողմից դիտարկվում են այդ բացարձակ նպատակին հասնելու պրիզմայի միջով: Եվ եթե Եվրամիությունն իսկապես շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցությամբ, մեր երկրում ժողովրդավարության խորացմամբ, մարդու իրավունքների պաշտպանությամբ, օրենքի գերակայության սկզբունքի ապահովմամբ, իսկ ես դրանում չեմ կասկածում, ապա անհրաժեշտ է գտնել այս հրամայականին համարժեք ձեւակերպումներ: Օրախնդիր է այնպիսի որոշումների ընդունումը, որոնք կհամապատասխանեն գլխավոր կանխադրույթից բխող մարտահրավերներին` Հայաստանի ազգային անվտանգությունը գերակա է Հայաստանի համար:
Հայաստանը, Մաքսային միություն մտնելու ցանկություն հայտնելով, իր նախագահի միջոցով հստակ ձեւակեպեց իր դիրքորոշումը, որը հանգում է նրան, որ ազգային անվտանգությունը չի կարելի ապահովել պետությունների մի խմբի հետ միավորվելու շրջանակում, իսկ տնտեսական զարգացումը փնտրել այլ պետությունների հետ միավորման մեջ: Բայց, մյուս կողմից, չպետք է հակադրել մեկը մյուսին: Հենց դրա համար էլ Հայաստանը, ցանկություն հայտնելով մտնել Մաքսային միություն, միեւնույն ժամանակ չի հրաժարվում Եվրամիության հետ Ասոցիատիվ համաձայնագրի շրջանակում խորացնել իր հարաբերությունները` բացառելով տնտեսական բաղադրիչը, այսինքն` առանց ԵՄ-ի հետ Ազատ առեւտրի խոր եւ համապարփակ գոտու ստեղծման համաձայնագրի (DCFTA): Հայաստանի նախագահի ներկայացրած դիրքորոշումն ազնիվ է եւ թափանցիկ, ի տարբերություն այն դիրքորոշման, որը որդեգրել են «Արեւելյան գործընկերության» ծրագրի մյուս անդամ երկրների ղեկավարները: Վերոնշյալ հարցազրույցում Սերժ Սարգսյանն ուղղակի առաջադրված հարցին` ցանկանո՞ւմ է արդյոք Հայաստանը մտնել Եվրամիություն, ուղղակի պատասխան է տվել, որ Հայաստանի քաղաքական օրակարգում այդ հարցն այսօրվա դրությամբ նշված չէ: Ազնվությունը քաղաքականության մեջ հաջողության հասնելու ամենակարճ ճանապարհն է:
- Վերը Դուք ասացիք, որ ընտրությունը հօգուտ Մաքսային միության եւ, հետեւաբար, եվրաասոցիացիայից հրաժարումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներ է ստեղծում:
- Միանգամայն ճիշտ է: Դա փոխընդունելի լուծումների որոնման հեռանկարներ է բացում: Իսկ ԵՄ-ի հետ քաղաքական ասոցիացիայից Հայաստանը երբեք չի հրաժարվել:
- Կարո՞ղ ենք արդյոք այս համատեքստում պնդել, որ Մաքսային միությունը` որպես խոշոր ինտեգրացիոն կառույց, տարածաշրջանում հնացած եւ համեմատաբար նոր հակամարտությունների կարգավորման ծանրակշիռ պոտենցիալ ունի: Խոսքը ոչ միայն ղարաբաղյան, այլեւ, ասենք` մերձդնեստրյան, աբխազական, հարավօսական հակամարտությունների մասին է...
- Կարծում եմ` այս պահին առանձնապես իմաստ չունի մանրամասնել, ինչպես ընդունված է ասել, ինքնահռչակ հանրապետությունների կայացման հարցում Մաքսային միության հնարավոր դրական դերի մասին: Բայց հիմա արդեն հասկանալի է, որ Մաքսային միությանը միանալը այլընտրանք չունեցող տարբերակ է: Եթե վերցնենք, օրինակ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մտնում է Մաքսային միություն, ապա նրա տնտեսական անվտանգությունն արդեն ապահովելու են ՄՄ-ն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը եւ այդ հարցերի համակարգմամբ զբաղվող բոլոր համապատասխան կառույցները: Եվ եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական անվտանգության համար հանկարծ սպառնալիք ծագի, ապա կգտնվեն համապատասխան կառույցներ, որոնք անմիջականորեն շահագրգռված կլինեն դրա վերացմամբ: Բայց, կրկնում եմ, դեռ վաղ է, ժամանակը չէ բարձրացնել այդ հարցերը:
- Վերը խոսվեց նոր սառը պատերազմի եւ նրա նախադրյալների մասին, այժմ խոսում ենք հակամարտությունների կարգավորման գործում խոշոր ինտեգրացիոն դաշինքների, մասնավորապես` ՄՄ-ի հնարավոր դրական դերի մասին: Փաստորեն, Ձեր գնահատմամբ, գոյություն ունի երկու միմյանց հակադիր հոսանք, որոնք տարբեր արդյունքներ են ենթադրում: Ո՞րը կհաղթի:
- Եթե խնդիրը դիտարկենք հենց այս հարթությունում, ապա մենք երբեք չենք կարողանա օբյեկտիվ գնահատական եւ պատասխան տալ այս եւ նման հարցերին: Ինձ թվում է, որ այնպիսի կառույցներ, ինչպիսիք են G8-ը եւ G20-ը, տարածաշրջանների առումով պետք է ճիշտ ձեւակերպեն գլոբալ օրակարգն առաջիկա տասնամյակների եւ հետագայի համար, մշակեն, ինստիտուցիոնալացնեն արդիականության հնարավոր գլոբալ մարտահրավերների հաղթահարման ուղիները: Միայն դրանից հետո կարելի կլինի հասկանալ, թե միջազգային ինչ կազմակերպություններ ունեն առավելագույն ՕԳԳ այս կամ այն հարցի լուծման գործում եւ համապատասխանաբար կարող են ու պետք է ներգրավվեն այդ խնդիրների լուծման աշխատանքներում: Միայն արդիականության գլոբալ մարտահրավերների եւ Վանկուվերից մինչեւ Վլադիվոստոկ Եվրոպայում անվտանգությանն ու համագործակցությանը վերաբերող խնդիրների որոշումը պետք է ընկած լինի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի գործունեության հիմքում: Այն պայմաններում, երբ գլոբալ մարտահրավերները հստակ ձեւակերպված չեն, հստակ նշված չեն գլոբալ տնտեսությունում իրադարձությունների հնարավոր զարգացման ուրվագծերը, ասենք` կլիմայի գլոբալ տաքացման, գլոբալ անվտանգության եւ այլ խնդիրների լուծման հարցում միջազգային կազմակերպությունների, այդ թվում եւ ԵԱՀԿ ԽՎ-ի կողմից որոշումների ընդունման արդյունավետությունը շատ աննշան կլինի:
- Դուք հիմա խոսում եք մի այնպիսի բանի մասին, ինչպիսին գլոբալիզացիա՞ն է:
- Այո: Պետք է ընդունվի միասնական օրակարգ երկրագնդի բոլոր պետությունների համար: Դրանում հատուկ շեշտ պետք է դրվի ԵԱՀԿ, Հեռավոր Արեւելքի եւ Հարավարեւելյան Ասիայի տարածաշրջանների վրա: Այս տարածաշրջաններում հարցերի լուծումից է մեծ մասամբ կախված ամբողջ աշխարհի ճակատագիրը: Այդ տարածաշրջաններն ինքնատիպ լոկոմոտիվներ են, որոնք ապահովում են Երկիր մոլորակի գոյությունն իբրեւ այդպիսին: Եվ նրանցից էլ, համապատասխանաբար, պահանջարկը մեծ է, մանավանդ ԵԱՀԿ տարածքի պետություններից: Հիշենք, որ բոլոր համաշխարհային պատերազմներն սկսվել են փաստորեն հենց այստեղ: ԱՄՆ-ը, Եվրոպայի երկրները եւ Ռուսաստանն են հենց հանդիսացել ինչպես առաջընթացի, այնպես էլ գլոբալ շահերի բախման կետեր արդի պայմաններում, ինչի վկաներն էլ դառնում ենք մենք:
- Եթե որեւէ մեկը ռեալ մտածեր ստեղծել համաշխարհային պետություն, հենց դրանից էլ կսկսե՞ր:
- Դա համաշխարհային պետություն չի լինի: Դա կլինի ինքնիշխան պետությունների միավորում, որի հզորությունն ու ուժը կհիմնվեն նրա անդամ յուրաքանչյուր առանձին վերցրած պետության քաղաքակրթական զարգացման հնարավորության վրա: Այսինքն` պետք է այսպես հասկանալ, որ խոսքը ոչ թե համաշխարհային պետության, այլ պետությունների ընկերակցության մասին է: Գոյություն ունեն հաստատված գլոբալ տնտեսական համակարգեր: Պայմանականորեն կան Եվրամիության, NAFTA-ի, Մաքսային միության (հետագայում հնարավոր է ընդգրկվեն մի քանի նոր երկրներ, ինչպես նաեւմիանան, կրկնում եմ, ասիական այնպիսի երկիր, ինչպիսին է Վիետնամը, ինչու չէ` Թուրքիան Առաջավոր Ասիայում, Իսրայելը, Սիրիան եւ Մերձավոր Արեւելքի այլ երկրներ) համակարգերը: Կա տնտեսական այնպիսի մի հսկա, ինչպիսին է ՉԺՀ-ն, կան Կորեան, Ճապոնիան: Եթե վաղ թե ուշ տնտեսական համագործակցության ընդհանուր դրույթներ չգտնվեն, գլոբալ տնտեսական մրցակցությունը կհանգեցնի միջազգային հարաբերությունների բարդացման: Այսօրվա դրությամբ Եվրամիության առաջատար անդամ երկրների արտադրահզորությունները` հանձինս Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, տարբեր գնահատականներով` ծանրաբեռնված են 70-75%-ով: Իրավիճակը նույնն է ԱՄՆ-ում: Այդ երկրներն իրենց ապրանքների իրացման շուկաների ընդլայնման կարիք ունեն: Իսկ որտե՞ղ են սպառելու դրանք: Պատասխանն ակնհայտ է` աշխարհի ծայրամասերում: Արդեն այսօր ակնհայտ է, որ «համաշխարհային ծայրամասի» երկրների զգալի մի թիվ, ի հաշիվ իր նյութական եւ աշխատանքային ռեսուրսների, անհատույց հիմունքներով վարկավորում է ԱՄՆ-ին եւ Եվրամիությանը եւ դրանով իսկ սատարում դոլարի եւ եվրոյի գնողունակությանը: Բայց սա այլ խոսակցության թեմա է: Այստեղ էլ հենց նշենք, որ հետխորհրդային ամբողջ տարածքն Արեւմուտքի համար հսկայական սպառողական շուկա է ԱՄՆ-ի եւ Եվրամիության արտադրանքի իրացման համար: Ռուսաստանի ղեկավարությունը ժամանակին գիտակցեց իր շուկայի կլանման վտանգը եւ հանդես եկավ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն նախագծերի նախաձեռնությամբ` նպատակ ունենալով իրեն եւ հարեւաններին պաշտպանել Արեւմուտքում արտադրվող ապրանքների ճնշիչ ազդեցությունից: Օրինակ, Ուկրաինայի աշխարհաքաղաքական ընտրության հարցը, քաղաքական եւ ռազմավարական կարեւորությունից բացի, նաեւ հսկայական տնտեսական նշանակություն ունի: Այսօր Մոսկվայի եւ Կիեւի միջեւ գործող համաձայնագրերը, Ուկրաինայի կողմից Ասոցիացիայի մասին համաձայնագրի վավերացման պարագայում թույլ կտային, որ Եվրամիության երկրներում արտադրվող ապրանքները հեղեղեին ռուսաստանյան շուկան անվերահսկելի հոսքով, ինչը կհանգեցներ արտադրության փակմանը հենց Ռուսաստանում` այստեղից բխող բացասական հետեւանքներով, ընդհուպ մինչեւ սոցիալական պայթյունները: