Զարգացող ինքնիշխան Հայաստանի ապագան Եվրասիական Միությունն է

13.12-16.12.2013, Իրավունք

Հայաստանի` Մաքսային միություն մտնելու շուրջ ծավալված գործընթացները և այլ իրադարձությունները մեր թղթակցի հետ զրույցում ամփոփում է «Ազգային Մաիաբնություն կուսակցության» նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբկցության անդամ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ:

- Պարոն Գեղամյան, ինչո՞վ բացատրել այն հանգամանքը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմր Պուտինի պետական այցը Հայաստան և դրա արդյունքների հիման վրա ընդունված որոշումները սվիններով ընդունվեցին առանձին քաղաքական ուժերի և լրատվամիջոցների կողմից:

Ինչ խոսք, դա սպասելի էր այն պարզ պատճառով, որ շուրջ երեք ու կես տարի շարունակ արտասահմանյան ամենատարբեր աղբյուրները շռայլորեն հսկայական գումարներ էին հատկացնում մեն-մի նպատակի համար՝ կասկածանք սերմանել քաղաքական ընտրանու և մեր ողջ ժողովրդի մեջ այն բոլոր զարգացումների հանդեպ, որոնք այս կամ այն կերպ կապված են Ռուսաստանի Դաշնության, իսկ որոշ ժամանակից ի վեր՝ նաև Մաքսային միությանը Հայաստանի միանալու հետ:

Այս բոլոր հաշվարկները հօդս ցնդեցին, երբ սեպտեմբերի 3-ին, Մոսկվայում, Պուտին-Սարգսյան հանդիպմանը մեր նախագահը հայտարարեց, թե Հայաստանը ցանկանում է անդամակցել Մաքսային միությանը: Ոմանց համար սա անակնկալ էր, բայց այդպես չպետք է լիներ, քանի որ դրան նախորդել էին Հայաստանի նախագահի մի շարք հայտարարությունները, այդ թվում մեկ տարի առաջ Լեհաստան կատարած այցի ժամանակ արված հայտարարությունը: Այնտեղ՝ Վարշավայում, իր պաշտոնակից Բրոնիսլավ Կոմորովսկու հետ համատեղ ամփոփիչ մամուլի ասուլիսում, Սերժ Սարգսյանը հայտարարել էր. Հայաստանը երբեք չի ձեռնարկի այնպիսի գործողություններ, որոնք կվնասեն մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի շահերին:

 Ավելին, անցյալ տարվա մարտին, հանդիպելով նախագահ Վ.Պուտինի հետ, Սերժ Սարգսյանը նրա հետ քննարկել էր Մաքսային միությանը ՀՀ-ի հնարավոր անդամակցության հարցը, որին ի պատասխան ՌԴ նախագահն ասել էր, թե այստեղ ինչ-որ յուրահատկություն կա` այն, որ ՀՀ-ն և ՌԴ-ն չունեն ընդհանուր սահման։ Բայց նախագահները հանձնարարել էին իրենց կառավարություններին մանրակրկիտ վերլուծել խնդիրը և մշակել համապատասխան առաջարկություններ, ինչն էլ արվել է: Եվ հիմա, քաղաքական ընտրանու մոլորության մեջ գտնվող հատվածը նախապատվությունը տալիս է եվրոպական ասոցիացման, խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերին՝ մերժելով Հայաստանի հնարավոր անդամակցությունը ՄՄ-ին: Նրանցից ոմանք համոզված են, որ այդ ուղին միակ ճիշտն է, մյուս մասը, որևէ համոզմունքից զուրկ լինելով, անում է այն, ինչ իրեն թելադրում են դրսից։ Իսկ թելադրում են, բնականաբար, այն ուժերը, որոնք ամեն կերպ փորձում են Ռուսաստանից կտրել նախկին խորհրդային հանրապետությունները՝ Ուկրաինա, Բելառուս, Ադրբեջան, Մոլդովա, Վրաստան, Հայաստան:

Նման անհեռանկար և կարճատես դիրքորոշումը, ի թիվս այլ պատճառների, պայմանավորված է նաև շարունակվող գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամով: Այս պնդումը, առաջին հայացքից, կարող է տարօրինակ թվալ: Բայց ես բացատրեմ միտքս: Եթե մի շարք երկրների առաջնորդներն ուզում են դուրս գալ ստեղծված այն վիճակից, երբ աշխարհի առաջատար տնտեսությունները, փաստորեն, ռեցեսիայի վիճակում են գտնվում, ապա նախ պետք է պարզեն այդ ճգնաժամը ծնող պատճառները և փորձեն գտնել դրանց հաղթահարման ուղիները: Ինչն էլ նրանք անում են։ Իսկ դրությունն աշխարհի զարգացած երկրներում շարունակում է մնալ բարդ։ ԱՄՆ-ի նման պետությունն, օրինակ, այսօր ունի ավելի քան 16 տրիլիոն դոլարի արտաքին պետական պարտք, ինչը գերազանցում է այդ երկրի տարեկան համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ-ն): Նման ծանր ֆինանսական դրության մեջ է հայտնվել նաև Եվրամիությունը, որի արտաքին պարտքը նույնպես մոտենում է ՀՆԱ-ին: Արդյունքում՝ ստեղծվել է մի վիճակ, երբ Արևմուտքի երկրներում համախառն ներքին առաջարկը զգալիորեն գերազանցում է վճարունակ համախառն ներքին պահանջարկը, այստեղից էլ՝ այդ անհավասարակշռությունը վերացնելու անհրաժեշտությունը: Իսկ դա նշանակում է, որ գլոբալ համախառն առաջարկը տվյալ պետությունների ներսում հարկ է կրճատել և համապատասխանեցնել ազգաբնակչության վճարունակ պահանջարկին կամ էլ գտնել ապրանքների և ծառայությունների սպառման նոր շուկաներ:

- Ինչո՞ւ մինչև վերջերս այս հարցն այդքան սուր դրված չէր։

Պատճառները մի քանիսն են: Եվրամիության երկրները և ԱՄՆ-ը, Եվրոպական Կենտրոնական բանկի և Դաշնային պահուստային համակարգի միջոցով, ըստ էության, վարկավորում էին իրենց երկրների բնակչությանը` արհեստականորեն աջակցելով և բարձրացնելով նրանց վճարունակ պահանջարկը, ինչի հետևանքով հսկայածավալ պետական պարտքեր էին կուտակում և դրա հաշվին ապահովում իրենց ժողովուրդների բարձր կենսամակարդակը: Նման քաղաքականությունը տևական ժամանակ տագնապ չէր հարուցում, քանի որ համաշխարային ֆինանսական շուկայում առկա է երկու պահուստային արժույթ` դոլար և եվրո (որոշակի իմաստով, նման արժույթ կարելի է համարել բրիտանական ֆունտ ստերլինգը և շվեյցարական ֆրանկը, սակայն դրանց տեսակարար կշիռը՝ որպես համաշխարհային պահուստային արժույթ, շատ փոքր է), ինչը թույլ էր տալիս համաշխարհային պահուստային արժույթի փաստացի հիմնական էմիտենտներին (ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգին և Եվրոպական Կենտրոնական բանկին), նոր վարկեր տրամադրելով, դրանք բաշխել ոչ միայն իրենց երկրների հարկատուների, այլև այն պետությունների միջև, որոնք դոլարը և եվրոն օգտագործում են որպես պահուստային արժույթ։ Իրադարձությունների այսօրինակ զարգացումը վաղ, թե ուշ պետք է հանգեցներ հսկայական անհավասարակշռության գլոբալ ֆինանսական համակարգում, ինչն էլ ժամանակի ընթացքում տեղի ունեցավ և դարձավ 2008-2009թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառը: Ճգնաժամ, որի հետևանքները մինչև օրս հաղթահարված չեն: Ահա և ս.թ. հոկտեմբերի 16-ին ԱՄՆ-ը հայտնվեց ֆինանսական խոր ճգնաժամի շեմին, երբ երկիրը կանգնեց տեխնիկական դեֆոլտի սպառնալիքի առջև, և Բարաք Օբամային հազիվ հաջողվեց կոնսենսուսի գալ կոնգրեսականների հետ, այն է՝ հասնել նրանց համաձայնությանը՝ բարձրացնելու արտաքին պետական պարքի շեմը:

Ի°նչ եք կարծում` ի՞նչ պետք է անեին նրանք այդ իրավիճակում. ակտիվացնեի՛ն իրենց ապրանքների սպառման նոր շուկաների նվաճմանն ուղղված գործողությունները: Այս հարցը հրատապ էր նաև Եվրամիության համար: Եվ խնդրի լուծման ամենահարմար տարբերակն ակնհայտ էր՝ հետխորհրդային երկրները։ Ընդ որում՝ ոչ այնքան Հայաստանը կամ «Արևելյան գործընկերության» այլ երկրները, որքան Ուկրաինան՝ իր 45-46 միլիոնանոց բնակչությամբ: Ուկրաինան պետք է Արևմուտքին՝ որպես դեպի ԱՊՀ երկրների ազատ առևտրի շուկա տանող լայն դարպաս, ինչը նրան հնարավորություն կտա ուկրաինական ապրանքատեսակների անվան տակ սեփական ապրանքներով հեղեղել ռուսաստանյան, իսկ հետագայում նաև ղազախական, բելոռուսական և ԱՊՀ անդամ այլ երկրների շուկաները:

Այս ծրագրի իրականացման հիմնական քայլը պետք է դառնար Ուկրաինայի և Եվրամիության միջև Ասոցիացման համաձայնագրի և Խոր ու համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի վավերացումը, ինչը ենթադրվում էր իրականացնել ս.թ. նոյեմբերի 29-ին Վիլնյուսում, «Արևելյան գործընկերություն» ծրագրի գագաթաժողովի ժամանակ։ Հաշվի առնելով նման զարգացման իրական հեռանկարը՝ Ռուսաստանը հստակ ձևակերպեց իր տնտեսական շահերը պաշտպանելու խնդիրները՝ Եվրամիության հետ Ուկրաինայի կողմից այդ համաձայնագրերի ստորագրման դեպքում։ Դա խիստ բացասաբար կանդրադառնար Ուկրաինայի տնտեսության վրա:

Ինչ խոսք, հետխորհրդային մյուս պետությունները ևս շատ կարևոր են Եվրամիության համար, (նախևառաջ աշխարհաքաղաքական, և ոչ միայն զուտ ֆինանսատնտեսական նկատառումներով): Երեք միլիոնանոց հայաստանյան շուկան այնքան էլ ծանրակշիռ հարթակ չէ եվրոպական ապրանքների սպառման համար: Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցիացման պարագայում կդրվեր բավական բարդ գործընթացների սկիզբը Եվրոպայում և Եվրասիայում։ Մենք պետք է հստակ գիտակցենք, որ ներկայում ձևավորվում է նոր աշխարհակարգ: Ռուսաստանը՝ հանձին իր նախագահի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները, միավորվելով Մաքսային միությունում, ստեղծում են նոր, արդարացի աշխարհակարգ։

Եվ այս հանգամանքներում, ինչպես Եվրամիությունը, այնպես էլ ԱՄՆ-ը, հասկանալի է, պետք է մտահոգվեին իրենց ժողովուրդների ոչ թե կենսամակարդակի բարձրացման, այլ գոնե դրա պահպանման մասին: Արևմուտքի երկրների սպառողների իրական եկամուտները 25-30 տոկոսով ավելի ցածր են, քան նրանց կողմից ձեռք բերվող ապրանքների և մատուցվող ծառայությունների ծախսերը, և այս ամենը՝ շնորհիվ արհեստականորեն պահպանվող բարձր սպառողական պահանջարկի, որն ապահովվում է վարկավորմամբ։ Որ նման գործելակերպն արդեն սպառել է իրեն՝ վառ կերպով տեսանք Հունաստանի օրինակով։ Այս իմաստով իրավիճակը լարված է նաև Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում: Միևնույն ժամանակ, երբ մանրամասն վերլուծում ենք արևմտյան երկրների ֆինանսատնտեսական դրությունը և որպես պահուստային արժույթ դոլար և եվրո օգտագործող պետությունների վրա իրենց պարտքը վերաբաշխելու նրանց ձեռնարկած միջոցները, պարզ է դառնում, որ եվրոպացիների ու ամերիկացիների տեսանկյունից նման մոտեցումն արդարացված է։

Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի՝ իրենց միասնական մաքսային տարածքը պաշտպանելու համար ձեռնարկած գործողությունները նույնպես արդարացված են և արդարացի: Այս ամենի արդյունքում՝ առաջին պլան են մղվում ոչ միայն տնտեսական շահերի, այլև տվյալ երկրի կամ երկրների խմբի տնտեսական անվտանգությունը պաշտպանելու խնդիրները, գերակա է դառնում նրանց ազգային անվտանգության ապահովման հարցը, իսկ դա արդեն ՀԱՊԿ-ի տիրույթում է։

Հայաստանի պարագայում կարող է հարց առաջանալ. ինչո°ւ ՀԱՊԿ-ը, ինչո°ւ ոչ, դիցուք, ՆԱՏՕ-ն: Չմոռանանք, որ Թուրքիան Եվրամիության հետ ունի խոր և համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու համաձայնագիր, որ այդ երկիրը ԵՄ-ի հետ նույն մաքսային տարածքում է և ՆԱՏՕ-ի անդամ է հանդիսանում, այն էլ` բնավ ոչ շարքային: Բավական է ասել, որ եվրոպական աշխարհամասում Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներից ամենածանրակշիռ ռազմական ուժը` թե՛ ծովային, թե՛ ցամաքային, Թուրքիայինն է: Եվ այս ֆոնին ուշագրավ են վերջին օրերի իրադարձությունները: Վերջերս, Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ մամլո ասուլիսում, Հայաստանի նախագահի սեպտեմբերի 3-ի հայտարարությունից ժամանակին վրդովված եվրահանձնակատար (Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության գծով) Շտեֆան Ֆյուլեն ասաց, որ Հայաստանը կարող է հույս ունենալ ԵՄ-ի աջակցության վրա` քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների իրականացման և մարդու իրավունքների պաշտպանության ու հիմնարարար ազատությունների բարելավման ոլորտներում: «Իհարկե, այս հանդիպման բովանդակությունն այլ է և տարբերվում է նախորդից՝ Հայաստանի նոր միջազգային պարտավորություններով պայմանավորված։ Սակայն մի բան մնում է նախկինի պես, և ես կուզենայի ընդգծել դա. այն է՝ սերտ հարաբերություններ ունենալու և առաջ ընթանալու մեր ցանկությունն այն հիման վրա, ինչ ունենք։ Այս առնչությամբ մենք կրկին հաստատեցինք մեր հարաբերությունների վերանայման և թարմացման անհրաժեշտությունը»,- հայտարարել է Ֆյուլեն դեկտեմբերի 9-ին Բրյուսելում, Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի նիստի ավարտին։ Այսպիսով, Հայաստանի միանալը Մաքսային միությանը Եվրամիության համար ընդունելի է։

- Վերջին ժամանակներս լրատվամիջոցները, վկայակոչելով Հայաստանում Իրանի ներկայիս դեսպանի խոսքերը, հաճախ գրում են այն մասին, թե Իրանի Իսլամական Հանրապետությունը դեռևս մի քանի տարի առաջ պատրաստակամություն է հայտնել մեզ գազ մատակարարել ավելի նախընտրելի գներով, քան դա անում է Ռուսաստանը։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

Այո, ճիշտ է, Իրանի դեսպանը վերջերս հանդես է եկել նման հայտարարությամբ։ Բայց հարց է առաջանում. ինչո՞ւ հատկապես այսօր հանկարծ այդ մասին սկսեցին խոսել այն լրատվամիջոցներն ու քաղաքական շրջանակները, որոնք ի սկզբանե ամենաբացասական գնահատականներն էին տալիս հայ-իրանական բարիդրացիական հարաբերություններին։ Ցավոք, բացարձակապես ոչ ոք չի ուզում հիշել վերջին տարիներին Իրանի շուրջ ծավալվող զարգացումները: 2010թ. հունիսի 27-ին Եվրամիությունը, ԱՄՆ-ի հետ զուգահեռաբար, պատժամիջոցներ մտցրեց Իրանի հանդեպ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ վեճերի հետ կապված։ Ավելին, 2010թ. հոկտեմբերի 27-ին ԵՄ խորհրդի նիստում դրանք էլ ավելի խստացվեցին, Իրանի համար էլ ավելի մեծ թվով սահմանափակումներ մտցվեցին արտաքին առևտրի, ֆինանսական, էներգետիկ և այլ ոլորտներում։

Հայաստանն այն եզակի երկրներից էր, որը, շնորհիվ իր ճկուն դիվանագիտության, կարողացավ Իրանի դեմ կիրառվող խստագույն պատժամիջոցների պայմաններում կառուցել Իրան-Հայաստան գազամուղը (ցավոք, փոքր տրամաչափի` 720 մմ), որի շնորհիվ կարողացավ լուծել Հրազդանի ՋԷԿ-ի գազամատակարարման հարցը բարտերային հիմունքով` Իրանին էլեկտրամատակարարման դիմաց: Իսկ այդ ժամանակ ավելի լայն տնտեսական համագործակցություն ծավալել Իրանի հետ գործնականում շատ դժվար էր: Հիմա հանկարծ բոլորը դարձել են Իրան-Հայաստան համակողմանի կապերի ջատագով, իսկ Հայաստանի ղեկավարությունն, իբր, այդ ուղղությամբ որևէ շահագրգռություն չի ցուցաբերում: Սա շահարկելով էլ փորձում են տպավորություն ստեղծել, թե ՌԴ-ն մեզ ստիպողաբար է գազ մատակարարում ավելի բարձր գներով: Մինչդեռ նման հակառուսական հիստերիայի պատվիրատուները հիանալի գիտեն, որ գազի գնման պայմանագրերի կնքումը պայմանավորված է ոչ միայն սակագների հաստատմամբ, այն ուղեկցվում է տասնյակ հավելյալ հանգամանքների (ընդ որում՝ ոչ այնքան տնտեսական բնույթի, որքան քաղաքական, նույնիսկ միջպետական հարաբերություններ շոշափող հարցեր) շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմամբ։ Եվ չպետք է անտեսենք Թուրքիա-Իրան, Թուրքիա-Սիրիա, Իրան-Իսրայել` խորքում պայթյունավտանգ կապերի առկայությունը: Միաժամանակ նշենք, որ կան նաև մտացածին հարցադրումներ, որոնք շատ հարմար տեղավորվում են հակառուսական հիստերիայի շրջանակներում:

- Ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, Ձեր կարծիքով, Հայաստանի համար որո՞նք են քաղաքական գերակայությունները՝ ՄՄ մտնելուց հետո առավել մեծ հաջողության հասնելու տեսակետից։

Ինքնատիպ չեմ լինի, եթե ասեմ, որ ցանկացած նախաձեռնություն «դատապարտված» է հաջողության, եթե հիմնված է խոր, համոզիչ է և հասկանալի գաղափարական հենքի վրա: Առաջնային խնդիրն այն է, որ Մաքսային միությունը (որի հիմքի վրա հնարավոր կլինի կառուցել Եվրասիական միությունը) սկզբից ևեթ ունենա գրավիչ գաղափարախոսություն՝ պայմանավորված յուրաքանչյուր երկրի քաղաքակրթական առանձնահատկություններով, ազգային-մշակութային ավանդույթներով, որոնք իրենց ներդաշնակ միասնության մեջ կապահովեն ինքնիշխան պետությունների ազատ համագործակցությունը:

Այդժամ կդադարեն այն դատարկ խոսակցությունները, թե, իբր, Մաքսային, իսկ հետագայում՝ Եվրասիական միություն մտնելը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ ինքնիշխանության կորուստ: Այս պնդման կողմնակիցները բաժանվում են երկու խմբի: Ոմանք մոլորության մեջ են, և նրանց կարելի է միայն մի խորհուրդ տալ, որ ավելի խորությամբ ուսումնասիրեն Եվրամիության ձևավորման պատմությունը կամ ծանոթանան Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի ս.թ. նոյեմբերի 27-ին խորհրդարանում ունեցած ելույթին ու ս.թ. նոյեմբերի 28-ին «Ֆայնենշըլ թայմս» թերթի էջերում հրապարակած «Ազատ տեղաշարժը Եվրոպայում պետք է սահմանափակվի» հոդվածին։ Մեծ Բրիտանիայի վարչապետը դժգոհում էր, թե Եվրամիության շրջանակում գործող օրենքների համաձայն, Բրիտանիայում այժմ ապրում է մեկ միլիոն մարդ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից։ Քեմերոնի կանխատեսումներով՝ 2014թ. նախաշեմին, երբ Ռումինիայի և Բուլղարիայի քաղաքացիների համար կբացվեն ԵՄ սահմանները, ամեն տարի Մեծ Բրիտանիա կգա մոտ 50 հազար մարդ այդ երկրներից, և նրանք կգումարվեն արդեն գոյություն ունեցող աշխատանքային ներգաղթյալներին։ Եվ թագավորությունը, համոզված է Քեմերոնը, պարզապես ի վիճակի չի լինի ընդունել այդ քանակությամբ աշխատավորների։ Այդ պատճառով տեղի աշխատուժը կզրկվի աշխատանք գտնելու հնարավորությունից։

Այլ խոսքով՝ այդ երկիրը, որն արտադրվող ՀՆԱ-ով աշխարհի երկրների առաջին տասնյակում է գտնվում, իր վարչապետի շուրթերով տրտնջում է այն պատճառով, որ իր ինքնիշխանության մի մասը պատվիրակել է Եվրահանձնաժողովին և ԵՄ-ում գործող օրենքների արդյունքում դա հիմա վնասում է իրեն։

Եվրամիության հանդեպ բացասաբար տրամադրված մյուս խումբ մարդկանց պատկերը փոքր-ինչ այլ է, ավելի հասկանալի. դրանք այն խամաճիկներն են, որոնք ֆինանսավորվում և կերակրվում են օտարերկրյա գրանտատուների ձեռքից, որոնց հիմնական առաքելությունը թափանցիկ է. ամեն կերպ վարկաբեկել հայ-ռուսական համագործակցությունը։ Եվ դա նոր թափ է հավաքում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված։

- Պարոն Գեղամյան, ի՞նչ կտա Հայաստանին Մաքսային միություն մտնելը քաղաքակրթական առումով։

Այն, ինչն անցած 20 տարում հետին պլան էր մղված: Մեր դպրոցականներին, ի վերջո, ավելի հասանելի կլինեն Դոստոևսկին, Պուշկինը, Տոլստոյը, Չեխովը, Լերմոնտովը: Ինչպես նաև ռուսին, ղազախին, բելոռուսին ավելի դյուրին կլինի ծանոթանալ Թումանյանին, Իսահակյանին, Չարենցին, Շիրազին, Սևակին և այլն: Նույնը տեղի կունենա մշակույթի, արվեստի այլ ոլորտներում: Այսինքն` մենք երկկողմանի ավելի կհաղորդակցվենք մեկս մյուսի արժեքներին, ավանդույթներին, կյանքին, և համապատասխանաբար կբարձրացնենք մեր ընդհանուր մակարդակը՝ հոգեպես, նյութապես, տնտեսապես…

- Ի՞նչ կասեք Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի Երևան կատարած այցի մասին։ Ի՞նչ-որ բան կփոխվի հայ-թուրքական հարաբերություններում։

Հայտնություն արած չեմ լինի, եթե ասեմ, որ Թուրքիայի կառավարության գործունեությունը թելադրվում է իրենց ազգային և պետական շահերով, բայց դա բնական է և վերաբերում է բոլոր երկրներին։ Մոտենում է 2015 թվականը, և Հայաստանն ամեն ինչ կանի ողջ աշխարհին համոզիչ փաստարկներով ներկայացնելու 1915-23թթ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը, որը բավական կլինի, որպեսզի Հայոց ցեղասպանությունը դեռևս չճանաչած քաղաքակիրթ երկրները հակվեն անելու դա, ընդունելու ցեղասպանության փաստը և դատապարտելու մարդկության դեմ իրագործված այդ հրեշավոր ոճրագործությունը։ Հակառակ պարագայում, այդ երկրների իշխանություններն իրենց ժողովրդի աչքում կներկայանան որպես երկակի ստանդարտներ կրողներ:

Այսօր անգամ Թուրքիան է հայտնվել աննախանձելի վիճակում՝ իր երկրի Ազգային մեծ ժողովի օրակարգից հանելով հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցը, ինչը չենք արել մենք. դրանք առայսօր Հայաստանի խորհրդարանի օրակարգում են։ Ասել է թե՝ գնդակն առաջվա պես Թուրքիայի դաշտում է: Բայց չէ՞ որ Թուրքիան՝ որպես տարածաշրջանի երկրներից մեկը, ինչո՞ւ ոչ, կարող է նաև դրական դեր խաղալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, օրինակ՝ կարող է համոզել պաշտոնական Բաքվին հրաժարվել ռազմատենչ հռետորաբանությունից և առաջնորդվել Հելսինկյան Եզրափակիչ ակտի երեք հիմնարար սկզբունքներով, որոնք իրենց հայտարարություններում հինգ անգամ հիշատակել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները, համոզել պաշտոնական Բաքվին, որ որքան շուտ ընդունեն անկախ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, այնքան օր առաջ խաղաղություն կտիրի տարածաշրջանում։

- Ձեր կարծիքով, ի՞նչն է պատճառը, որ նրանք, ովքեր կողմ են արտահայտվում Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը և դեմ են ազգակործան խարդավանքներին, հայտնվում են տարատեսակ գրանտակերների և արևմտամոլների կատաղի քննադատության կիզակետում: Օրինակ` վերջերս «Շանթ» հեռուստաընկերությունը փորձել է սև փիար իրականացնել ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի նկատմամբ, որովհետև նա Ռուսաստանի հետ դաշնության ջատագովն է: Ի՞նչ է սա` պատվե՞ր:

Ես, ի դեպ, շնորհավորել եմ պարոն Հայկ Բաբուխանյանին այդ կապակցությամբ, քանի որ դա ապացուցում է, թե որքան հզոր է պարոն Բաբուխանյանի, ինչպես նաև «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի, «Սահմանադրական իրավունք միության» կուսակցության, ձեր խանարհ ծառա Արտաշես Գեղամյանի ու «Ազգային միաբանություն» կուսակցության` ի պաշտպանություն և ի համերաշխություն հայ-ռուսական բարեկամության հնչեցրած խոսքը, որոնց դեմ խմբվել են, ըստ էության, հակահայ բոլոր ուժերը։ Սա նշանակում է, որ մենք մեր գործունեությամբ վնասազերծում ենք նրանց հակաժողովրդական դիրքորոշումը, որը տևական ժամանակ՝ և՛ նակինում, և՛ հիմա, շռայլորեն ֆինանսավորվել և վճարվել է դրսից: Իսկ դա մեզ հուշում է, որ մենք պետք է գործենք միասնական ճակատով, մշակենք ընդհանուր գաղափարախոսություն, գործողությունների համակարգված ծրագիր՝ ի հակակշիռ դեղնակտուց քաղաքագետների զազրախոսությունների և ի բարօրություն Հայաստանի, որն այնքան շատ է զգում դրա կարիքը փոթորկահույզ մեր օրերում:

Ասվածն ընդհանրացնելով՝ կուզենայի հուշել պարոնայք գրանտակերներին ու նրանց տիկնիկավարներին. հանդարտվե՛ք, ի վերջո՝ հաշտվե՛ք այն մտքի հետ, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու ձեր բոլոր ճիգերը դատապարտված են ձախողման: Ինքնիշխան զարգացող Հայաստանի ապագան Մաքսային միությունում է:

Последние видеоматериалы

Новые книги