ՀԱՅԱՍՏԱՆԻ` ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՏԱՆՈՂ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ ՎՇՏԱՑՐԵԼ Է ՏԳԵՏ ՈՒ ԱՆՀԱՄԱՐԺԵՔ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻՆ

01.10.2013, Իրավունք

Հայաստանը` հանձին նախագահ Սերժ Սարգսյանի, պաշտոնապես հայտարարել է Մաքսային միություն (ՄՄ) մտնելու ցանկության մասին: Դրանով իսկ վերջակետ է դրվել ինտեգրացիոն ճամփաբաժանի առիթով սկսված անվերջանալի վեճերին, կանխատեսումներին եւ գնահատականներին, ճամփաբաժան, որի առջեւ հայտնվել էր երկիրը:  Եվրոպական  միությունը, իր հերթին, Հայաստանի որոշմանը պատասխանել է նրանով, որ  ԵՄ  ընդլայնման  եւ  հարեւանության քաղաքականության  հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի միջոցով պաշտոնապես հրաժարվել է «ասոցացվել» Հայաստանի հետ: Դա նշանակում է, որ Հայաստանը, օրինակ, Ալժիրի, Մարոկոյի, Պաղեստինի Ինքնավարության, Թունիսի եւ նման այլ երկրների հետ նույն շարքում չի հայտնվի, որոնք ԵՄ-ի հետ Ասոցիատիվ համաձայնագրի իրենց տարբերակներն են ստորագրել: Համենայն դեպս, Սերժ Սարգսյանի հայտարարությունը եւ ՄՄ մասնակից երկրների պաշտոնական անձանց դրական արձագանքները Հայաստանն աշխարհաքաղաքական մի վիճակից մեկ այլ վիճակ են տեղափոխել: Եթե մինչ այդ բոլորին մտահոգում էր այն հարցը, թե ինչ ինտեգրացիոն նախագիծ է ընտրելու Երեւանը, այսօր քննարկվում է, թե ինչպես առավել արդյունավետ պետք է դարձվի երկրի` ՄՄ մտնելու գործընթացը: Մի կողմ քաշված վիճակում են լոկ հայ եվրաինտեգրատորները, որոնց տնքոցները, լացն ու կոծը, թվում է, վերջ չունեն: Նրանք դժգոհ են եւ ռեւանշ են տենչում, թեեւ նրանց հեռանկարները, անկեղծ ասած, բավական աղոտ են: Իրավիճակը գնահատելու խնդրանքով մեր թղթակիցը դիմել է խորհրդարանում Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության անդամ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանին: Հարցազրույցում քաղաքական գործիչը հանգամանորեն ներկայացրել է իր տեսակետները տեղի ունեցող անցուդարձի մասին:

-Ինչպե՞ս է Հայաստանի ներքաղաքական միջավայրն արձագանքում եւ արձագանքելու Մաքսային միությանը երկրի միանալու գործընթացին:

- Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների ս.թ. սեպտեմբերի 3-ի համատեղ հայտարարությունը Մաքսային միությանը մեր երկրի միանալու ցանկության մասին խիստ տագնապեցրել է որոշակի ուժերի ինչպես մեր պետության ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Մասնավորապես, չգիտես որտեղից բազմաթիվ հայտարարություններ են մեջտեղ եկել այն մասին, թե սույն որոշումը «խիստ անսպասելի» էր եւ սառը ջրի պես թափվել է մեր գլխին: Նշենք, որ նրանք, ովքեր հանդես են գալիս նման հայտարարություններով, նախ` ի ցույց են դնում իրենց անտեղյակությունը եւ քաղաքական տգիտությունը: Երկրորդ` նրանք իրենց անհամարժեք գնահատականներով ցույց են տալիս, որ Հայաստանի նախագահի որոշումը խափանել է նրանց սեփական ծրագրերը: Որպեսզի Հայաստանի ղեկավարության` Մաքսային միությանը միանալու որոշման առիթով դժգոհություն հայտնած անձանց քաղաքական տգիտության մասին ասածս մերկապարանոց չհնչի, կարող եմ հիշեցնել, որ դեռ 2012թ. օգոստոսի 8-ին Հայաստանի նախագահի` Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում տեղի ունեցավ Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ ասուլիսում ասաց. «Այսօրվա զրույցի համատեքստում մենք քննարկել ենք ԱՊՀ, ՀԱՊԿ, միջազգային այլ կազմակերպությունների հարթակներում փոխգործակցության ընդլայնման հեռանկարները: Ավելի ընդարձակ խոսել ենք հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների մասին... Պայմանավորվել ենք, որ կստեղծենք խառը հանձնաժողով, որը պետք է դիտարկի, թե ինչպես կարելի կլինի Հայաստանի առնչությամբ, իր առանձնահատկությամբ հանդերձ, գործադրել համագործակցության ոլորտի վերջին պայմանավորվածությունները Ռուսաստանի եւ Ղազախստանի, Բելառուսի միջեւ` Մաքսային միության, Միասնական տնտեսական տարածքի շրջանակներում: Ես նկատի ունեմ այն, որ մենք, այնուամենայնիվ, ընդհանուր սահմաններ չունենք, բայց կարելի է մտածել ինչ-որ գործիքների գործադրման մասին, որոնք արդեն համաձայնեցված են երեք պետությունների միջեւ»: Էլ ավելի բաց հնարավո՞ր էր խոսել հայ-ռուսական հարաբերությունների ապագայի մասին: Բայցեւայնպես, գտնվում են այնպիսիները, ովքեր հայտարարում են, թե նման որոշումը խիստ անսպասելի էր: Սա անազնիվ է եւ բնավ արդարացված չէ:

- Չէ՞ որ նրանց ծրագրերը խափանվել են, դրա համար էլ ստիպված են ինչ-որ կերպ նեղ վիճակից դուրս գալ:

- Տեսեք` ինչո՞ւ խափանվեցին նրանց ծրագրերը: Գաղտնիք չէ, որ «Արեւելյան գործընկերության» հիմնական գաղափարը, ինչ բարի նպատակներով ու մեկնաբանություններով էլ որ այն ուղեկցվելու լինի, մի որոշակի նպատակ է հետապնդում, որը բացատրելի է Եվրամիության ազգային շահերի տեսակետից: Խոսքը նոր շուկայի ստեղծման մասին է, ուր կհորդեն ԵՄ-ում արտադրվող ապրանքները, շուկա, որն իր մեջ է առնում Ուկրաինան, Մոլդովան, Բելառուսը, Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը, այսինքն` այն երկրները, որոնք մասնակցում են «Արեւելյան գործընկերություն» ծրագրին: Եվրոպացիների կողմից նման շահագրգռվածությունն արդարացված է այն պարզ պատճառով, որ ծանրագույն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո Արեւմտյան Եվրոպայի բնակչության վճարունակ պահանջարկը նկատելիորեն նվազել է, ինչը, իր հերթին, հանգեցրել է ռեցեսիայի, հետեւաբար` գործազրկության մակարդակի բարձրացման, համապատասխան բացասական սոցիալական հետեւանքներով: Իհարկե, եվրոպական հիմնական ապրանքարտադրողները (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, մասամբ` Իտալիա եւ այլն) շահագրգռված են, որ նոր շուկաներ ունենան իրենց արտադրանքի իրացման համար, որպեսզի ապահովեն արտադրությունների լիակատար բեռնվածություն: Բնականաբար, «Արեւելյան գործընկերություն» ծրագիրն ուղեկցվում էր Ասոցիատիվ համաձայնագրի ստորագրման գաղափարով, այս դեպքում` Հայաստանի եւ Եվրամիության միջեւ, որն, իր հերթին, երկու անբաժան բաղադրիչ ուներ` քաղաքական եւ տնտեսական: Քաղաքական բաղադրիչը ենթադրում է փոփոխություններ ժողովրդավարության խորացման, ընտրական համակարգի կատարելագործման, մարդու իրավունքների պահպանման, դատական համակարգի բնագավառում եւ ինստիտուցիոնալ այլ բարեփոխումներ: Տնտեսական բաղադրիչն արտացոլվել է «Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին» համաձայնագրում: Ինչ վերաբերում է առաջին բաղադրիչին, այսինքն` առաջարկվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին, անվիճելի է, որ դրանք խիստ պահանջված եւ հարկավոր են Հայաստանին: Մենք չենք կարող ժխտել, որ, չնայած որոշ վերապահումների, դրական շարժն այս բնագավառում արեւելաեվրոպական այն երկրներում, որոնք վերջերս են դարձել ԵՄ անդամներ, բավական շոշափելի են. այնտեղ ե°ւ դեմոկրատիայի հետ կապված գործերն են ավելի լավ, ե°ւ մարդու իրավունքներն են մի ամբողջ գլուխ ավելի բարձր պահպանվում, ե°ւ դատական համակարգի գործունեությունն ավելի քիչ վեճերի ու կշտամբանքների տեղիք է տալիս: Պատահական չէ նաեւ այն, որ անդրադառնալով այս հարցերին` Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների վերոնշյալ` ս.թ. սեպտեմբերի 3-ի  մամուլի համատեղ ասուլիսի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը հատուկ նշեց, որ Հայաստանը վերջին 3,5-4 տարիներին բավական առաջ է ընթացել` նկատի ունենալով հարցի հենց այս կողմը: Նա, մասնավորապես, վստահություն հայտնեց, որ ներկա Հայաստանը դժվար է համեմատել մի քանի տարի առաջվա Հայաստանի հետ: Պատահական չէ նաեւ, որ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարության տառացիորեն հենց հաջորդ օրը Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն «Ազատություն» ռադիոյի հայկական բաժանմունքին տված իր հարցազրույցում կրկնել էր նույն միտքը: Նա ասաց, որ մենք Ասոցիատիվ համաձայնագրի շրջանակներում Եվրամիության հետ հարաբերությունների հետագա խորացման կողմնակիցներն ու ջատագովներն ենք` նկատի ունենալով հարցի քաղաքական բաղադրիչը: Այդ հարցազրույցից հետո, խուսափելու համար տարընթերցումներից, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն արդեն Բրյուսելում հանդես եկավ Հայաստանի` Եվրամիության հետ այսուհետ եւս համագործակցելու, ամեն տեսակ կապերը խորացնելու պատրաստակամության մասին հայտարարությամբ` պայմանով, որ դա չհակասի Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական գործընկերությանն ու պարտավորություններին, որոնք կստանձնի Հայաստանը Մաքսային միության շրջանակներում:

- Կարծիք կա, թե «Արեւելյան գործընկերության» քաղաքական կողմի ողջ իմաստը նպատակաուղղված է հետեւյալին. վերոնշյալ վեց երկրներն անջատել ռուսական ծիրից, եւ դրա համար կիրառվում են, այսպես կոչված, ինստիտուցիոնալ բարեփոխումները: Ինչպես հասկանում եմ, Դուք այդ կարծիքը լիովին չե՞ք կիսում:

- Եթե ռուսական ծիր ասելով հասկացվում է խոր եւ բազմակողմանի համագործակցությունը ԱՊՀ շրջանակներում, ապա համամիտ եմ այդ կարծիքին: Եթե այն, ինչ ասացի տնտեսական գործընկերության վերաբերյալ, ուշադիր վերլուծեք, անպայման նման եզրահանգման կգաք. վերջնանպատակը, այո, այդ երկրները, եւ առաջին հերթին` Ուկրաինան ու Հայաստանը Ռուսաստանից պոկելն է: Թող փորձեն նույն բանն անել Բելառուսի հետ. այ թե կդժվարանան` հատուկ, կարելի է ասել` այդ երկրների արմատներով միաձուլված հարաբերությունների պատճառով: Իհարկե, նպատակը, կրկնում եմ, հանգում է այն բանին, որ «Արեւելյան գործընկերության» վերոնշյալ երկրները կտրեն Ռուսաստանից: Ուկրաինան, Մոլդովան եւ Հայաստանն առաջինն են ցուցակում: Եվ մեր եվրոպացի գործընկերների նման մոտեցումը նրանց ազգային շահերի տեսակետից միանգամայն բացատրելի է:

- «Սառը ջրի տակ» մնացած ի՞նչ ուժերի մասին է խոսքը:

- Դա, մասնավորապես, «Ժառանգություն» կուսակցությունն է, որը չի էլ թաքցնում, բացահայտ խոսում է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հեռանկարին իր խիստ քննադատական վերաբերմունքի մասին: Ավելին, այդ ուժը ջանում է շատ հնարամիտ, երբեմն` ճիզվիտական մեթոդներով սեպ խրել Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ղեկավար կազմում` պնդելով, որ անգամ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարության օրը ՀՀԿ առանձին առաջնորդներ իրենց ղեկավարի խոսքերին հակառակ բաներ են ասել: Նրանց չգիտես ինչու թվում է, թե այս կամ այն լրատվամիջոցին տված հարցազրույցում ՀՀԿ քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում կամ առաջնորդվելու է քաղաքական խոստովանության սկզբունքներով, այսինքն` ներկայացնելու է իրականությունը լուսաբանող ուղղակի նկարագրական տեքստը` այս կամ այն վճռորոշ որոշումը կայացնելու ժամանակ իրադարձությունների այս կամ այն զարգացման համար քաղաքական հիմք նախապատրաստելու փոխարեն: Ցանկացած քաջատեղյակ քաղաքական գործչի համար, որը գոնե կանոնավորապես ծանոթանում է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների ելույթներին, Սերժ Սարգսյանի հայտարարությունը Հայաստանի` Մաքսային միություն մտնելու մտադրության մասին անսպասելի չէր, ու գլխին թափված սառը ջուր էլ չէր: Կրկնում եմ, դեռ մեկ տարի առաջ, 2012թ. օգոստոսին, այդ մասին ուղղակիորեն ասվել է: Ավելին, հիմա մամուլում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ արդեն մեկ տարի է` որոշակի գործադիր մարմիններ, կառույցներ երկու պետությունների կառավարություններում մշակում են այս հարցը: Ինչ վերաբերում է Հայաստան-ԵՄ Ասոցիատիվ համաձայնագրին, ապա այստեղ հայկական կողմը մինչեւ վերջ հայտարարում էր եւ հիմա էլ ասում է, որ պատրաստ է ստորագրել այդ փաստաթուղթը դրա քաղաքական բաղադրիչի շրջանակում: Դա վկայում է Հայաստանի քաղաքական ղեկավարության հետեւողականության մասին, համոզիչ կերպով ցույց է տալիս, որ Հայաստանը բնավ չի հակառակվում երկրի բարձրագույն ղեկավարության ավելի վաղ արած հայտարարություններին: Գոյություն չունի որեւէ հայտարարություն, որտեղ նախագահ Սարգսյանը հարցը կտրուկ «կամ-կամ» տարբերակով դրած լիներ: Հակառակը, նա միշտ շրջանառության մեջ է դրել «եւ-եւ» բանաձեւը, եւ դրանից հիմա էլ չի հրաժարվել. ե°ւ  Ասոցիատիվ համաձայնագիր քաղաքական վերափոխումների առումով, ե°ւ անդամակցություն Մաքսային միությանը:

- Ուրիշ էլ ի՞նչ ուժեր են, «Ժառանգությունից» բացի, վերջինի պես պահում իրենց:

- Իմ քաղաքական հետաքրքրությունների մեջ չի մտնում բացահայտել իրենց այդ կերպ կամ համանման ձեւով պահող այս կամ այն ուժին: Բանն այն է, որ Զարգացման եվրասիական բանկի (ԶԵԱԲ)` հետխորհրդային տարածքում վերջերս իրականացրած հետազոտության արդյունքները բավական միանշանակ տվյալներ են արձանագրել Հայաստանի վերաբերյալ. երկրում Մաքսային միությանն անդամակցելուն դեմ է եղել բնակչության 5%-ից փոքր-ինչ ավելին: Նման իրավիճակում քաղաքական գործչի համար, իմ կարծիքով, անհամեմատ ավելի նպատակահարմար է զբաղվել երկրի բնակչության 67%-ով, որը պաշտպանում է անդամակցությունը Մաքսային միությանը եւ ըմբռնումով է վերաբերվում Հայաստանի ղեկավարության քաղաքական որոշմանը: Մանավանդ որ, ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում ՄՄ հակառակորդների համար նույնպես հարցերն այլ լույսով կերեւան, քան այսօր: Հնարավոր է` նրանք փոխեն իրենց կարծիքը:

Ընդ որում` կողքից արվող դիտարկումների մակարդակով կարելի է ասել, որ Հայաստանում կա ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների մի ամբողջ բազմություն, որոնք վերջին երկու տարվա ընթացքում ասես որոշակի առաջադրանք են կատարել` կեղտ են լցրել այն ամենի վրա, ինչը կապված է Ռուսաստանի հետ, հողին են հավասարեցրել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ամեն մի հյուլե, յուրաքանչյուր մոլեկուլ: Այդ սուբյեկտները զուգահեռաբար զբաղվել են եվրոպական արժեքների համատարած գովերգմամբ, որոնք, իհարկե, կան եւ արժե փոխ առնել դրանք... Բայց, բնականաբար, դա չի վերաբերում ամեն տեսակ առանձնահատուկ երեւույթներին: Օրինակ, հարկ չկա փոխ առնել այսպես կոչված ԼԳԲՏ հանրության հասցեին հիացական ձոներ ու գովասանական մակդիրներ հնչեցնելու գործելաոճը:

- Փաստորեն, Հայաստանում այսօր կա կուսակցություն, ինչպես նաեւ տարատեսակ հասարակական, ու ոչ այնքան, կազմակերպությունների մի խուրձ, որոնք ուժեղացված կերպով առաջ են մղում երկրի բնակչության աննշան հատվածի տեսակետը:

- Ինձ թվում է, որ կարեւորը ոչ թե այդ կուսակցության ու մի շարք հասարակական կազմակերպությունների դերն ընդգծելն է, այլ այն վտանգը բացահայտելը, որն իր մեջ թաքցնում է նման քաղաքականությունը: Վառ օրինակ բերեմ. ահա արդեն մի քանի օր է` հայկական ողջ ինտերնետ-հանրությունը տառացիորեն տարված է այն տեղեկություններով, թե, իբր, ռուս սահմանապահներն անքաղաքավարի վերաբերմունք են ցուցաբերել Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանի հանդեպ: Նշեմ, որ տեղեկատվությունը միակողմանիորեն է ներկայացվում, միջադեպը ներկայացվում է որպես խորհրդարանականի իրավունքների կոպիտ, միակողմանի խախտում: Դրա մասին կարելի է դատել միայն այն ժամանակ, երբ ձայն կհանի միջադեպի երկրորդ կողմը, երբ կարելի կլինի պարզել` ինչն ինչից հետո եւ ինչու է տեղի ունեցել: Սակայն այդ միջադեպը ժամանակի առումով զարմանալիորեն համընկել է մի շարք այլ իրադարձությունների հետ, որոնք համադրելով` հետաքրքիր խճանկար է ուրվագծվում: Այսպես, սեպտեմբերի 26-ի առավոտյան հայտարարվել է, թե Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի օրակարգ է մտցվելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման օրինագիծը: Նախաձեռնությունը... Զարուհի Փոստանջյանինն էր: Կեսօրից հետո ստացվում է օրինագծի հեղինակի գրավոր դիմումը` հարցի քննարկումը հետաձգելու խնդրանքով: Եթե ժամանակային առումով համադրելու լինենք այս իրադարձությունները, արդեն ակնհայտ է օրինաչափությունը. տեսեք, թե ինչպիսի: Սկզբում սահմանապահների հետ միջադեպ, հետո` Ղարաբաղի անկախության ճանաչման նախաձեռնություն, որը, ըստ էության, պետք է դիտարկվի հանձնաժողովում, իսկ հետո` խորհրդարանի լիագումար նիստում: Այս երկու իրադարձությունները վերջնարդյունքում հակառուսական ուղղվածություն ունեն, այն է` զրոյի են հանգեցնում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների 2013թ. սեպտեմբերի 3-ի համատեղ հայտարարությունը, որում ներկայացված են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մոտեցումները: Եվ այս ամենն արվում է այն պայմաններում, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության 20 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ճանապարհելով ՄԽ ամերիկյան նոր համանախագահ Ջեյմս Ուորլիքին, նրա հետ ուղերձ է հղում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Փաստաթուղթը Ալիեւին է հանձնվում սեպտեմբերի 9-ին: Դրանում միանշանակ ասված էր. «Կուզենայի տեղեկացնել Ձեզ, որ ես լիովին պաշտպանում եմ դեսպան Ջեյմս Ուորլիքին` ԱՄՆ-ի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ համանախագահին, Բաքու կատարած առաջին պաշտոնական այցելության առիթով: Նրա նշանակումը ուժգին վկայությունն է այն բանի, որ ԱՄՆ-ը վճռականորեն եւ միանշանակորեն հավատարիմ է Ղարաբաղյան հակամարտության կողմերի` խաղաղ կարգավորման հասնելուն աջակցելու գործին»: Այսինքն, եթե առաջարկված օրինագիծն ընդունվեր, մենք, ըստ էության, լիովին արհամարհած կլինեինք ԱՄՆ նախագահի ուղերձը: Դա եւս մեկ գործոն է, որը բնութագրում է այդ կուսակցության գործունեության վտանգավոր բնույթը: Ավելին, «Ժառանգություն» կուսակցության պատգամավորի օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է ԵԱՀԿ Մինսկի խմբի վարկաբեկմանը: Եվ դա տեղի է ունենում չարաբաստիկ այն նախաձեռնությունից 3 ամիս հետո, որով հանդես էին եկել Թուրքիայի եւ Ադրբեջանի խորհրդարանականները ԵԱՀԿ ԽՎ վերջերս տեղի ունեցած նստաշրջանում: Այսպես, հունիսի 29-ից մինչեւ հուլիսի 3-ը Ստամբուլում ընթանում էր ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը, որտեղ ադրբեջանական եւ թուրքական պատվիրակությունները եւ նրանց հետ միասին` նաեւ այդ ժամանակ ԵԱՀԿ ԽՎ նախագահ եղած Վոլֆգանգ Գրոսրուքը ներկայացրին այն բանաձեւի նախագիծը, որը ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով անարդյունավետ էր գնահատում: Ավելին, բանաձեւով առաջարկվում էր գումարել ԵԱՀԿ Մինսկի խումբն ամբողջ կազմով: Դրանում, ինչպես գիտենք, մտնում է 14 երկիր, այդ թվում եւ Թուրքիան:

Մի խոսքով` ակնհայտ է այն շղթան, որը մերկացնում է թուրքական եւ ադրբեջանական կողմերի ճիգերը` ամեն գնով վարկաբեկելու ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը: Այդ փորձերը հաստատվեցին ընթացիկ տարվա օգոստոսի կեսին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, ելույթ ունենալով Թյուրքալեզու պետությունների համագործակցության` Գաբալայում (Ադրբեջան- խմբ.) տեղի ունեցող գագաթաժողովում, Ղարաբաղյան հակամարտությունն անվանեց «թյուրքալեզու աշխարհի օրակարգում գտնվող կարեւորագույն խնդիրներից մեկը»: Դրանից մեկ օր առաջ, Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի նիստում նույն թեմայով ելույթ ունեցավ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, որն ասաց, որ Անկարան պատրաստ է անել հնարավոր եւ իրենից կախված ամեն բան` կանգնեցնելու համար Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացիան: Ավելին, ըստ թուրք նախարարի` «Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի մյուս զավթված տարածքների ազատագրումը շարունակում է մնալ Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը»: Սա արդեն պարզապես ԵԱՀԿ ՄԽ գործունեության վարկաբեկում չէ ՆԱՏՕ անդամի կողմից, այլ շատ ավելի վատ բան: Չէ՞ որ ըստ էության արվում է հայտարարություն, որը հերքում, իսպառ զրոյացնում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հինգ համատեղ հայտարարությունները` արված Աքվիլայում, Դովիլում, Մուսքոկում, Լոս Կաբոսում եւ Լոհ Էրնում, որոնցում ասվում է, որ անհրաժեշտ է որոնել լուծումներ, որոնք հիմնված կլինեն միջազգային իրավունքի` Հելսինկյան Եզրափակիչ ակտում (1975թ.) պարունակվող երեք հայտնի սկզբունքների միաժամանակյա կիրառության վրա:

Եվ երբ այս պայմաններում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչն օրակարգ է մտցնում Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման հարցը, պարզ է դառնում հետեւյալը. մեզ ուզում են ներքաշել ադրբեջանա-թուրքական աշխարհաքաղաքական ստրատեգների վաղուց փայփայած քաղաքական փնտրտուքների ազդեցության ոլորտ, որոնք ուզում են, ինչպես արդեն ասացի, վարկաբեկել ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը: Չէ՞ որ այսօր ԼՂՀ անկախության ճանաչումը կնշանակեր զրոյի հավասարեցնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների վերջին 20 տարվա գործունեությունը: Դա Ադրբեջանին, ինչպես նաեւ Թուրքիային պաշտոնապես առիթ կտար հայտարարելու, թե, իբր, «մենք ասում էինք, չէ՞, որ այս կառույցն անարդյունավետ է եւ անգործության է մատնված, իսկ հայերը հիմա լիովին արհամարհում են այն, միակողմանիորեն ճանաչել են...»: Հատկանշական է, որ այս ամենն արվում է հենց հիմա, այն բանից հետո, երբ Երեւանը պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ է եւ ցանկանում է մտնել ՄՄ, երբ Հայաստանի ազգային անվտանգությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, առաջին հերթին` Ռուսաստանի կողմից որակապես նոր մակարդակ է բարձրացվում: Նման պատահականությունների զուգադիպություն քաղաքականության մեջ չի լինում:

- Դուք ներկայացրիք հիմնախնդիրը: Ներկայացրեք, խնդրում եմ, դրա լուծումը:

- Այս պայմաններում մենք պետք է համբերատար, համակարգված փոշիացնենք մեր վատը կամեցողների հեռուն գնացող մեքենայությունները, որոնք, ավաղ, իրենց հենակետն ունեն, այդ թվում եւ Հայաստանում: Այդ հենակետը շռայլորեն ֆինանսավորվում է դրսից: Այստեղ ես նկատի չունեմ կոնկրետ «Ժառանգություն» կուսակցությանը, խոսքը մոտ 350 ոչկառավարական կազմակերպությունների մասին է, որոնց գործունեության համար վերջին մեկ-երկու տարում գրեթե հիսուն միլիոն դոլար է ներդրվել: Գոյություն ունի կազմակերպությունների լայն ցանց, որոնք հաճախ «հասարակական» են անվանվում, բայց որոնք իրականում գրանտակերներ են` հստակ ձեւակերպված տարատեսակ առաջադրանքներով, որոնց բովանդակությունը հանգում է հետեւյալին. ամեն գնով սասանել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հիմքերը եւ պարբերաբար ներգործել Հայաստանի քաղաքացիների գիտակցության վրա: Նրանք ուզում են մարդկանց համոզել, որ Մաքսային միություն մտնելով` Հայաստանին տեղական բնույթի «խավար ժամանակներ» են սպասվելու, որոնք երկիրը հետ կպահեն այն նույն եվրոպական արժեքներից, որոնք անընդհատ պտտվել են հայտնի մարդկանց շուրթերին եւ հեղեղել հայտնի թերթերի էջերը վերջին քսան տարիներին: Մի խոսքով` Հայաստանի ազգային շահերը խափանելուն ուղղված համակարգված աշխատանք է տարվում, եւ այդ աշխատանքին այնքան էլ շատ բան չի հակադրվում` առողջ դատող առանձին քաղաքական գործիչների առանձին ելույթներ առանձին վերցրած ժամանակահատվածներում: Բայց հայտնի է, որ համակարգին պետք է համակարգ հակադրվի, թե չէ հակառուսական հիստերիային դիմակայելու բոլոր ճիգերը հօդս կցնդեն: Այս բացը պետք է լրացներ «Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպությունը: Բայց, ավաղ, գտնվեցին «բարյացակամներ» ինչպես Մոսկվայում, այնպես էլ Երեւանում: Բարեբախտաբար, նրանց մոդերատորը ճիշտ ժամանակին դուրս շպրտվեց Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմից, սակայն «Հյուսիսային հեռանկարի» «վերագործարկումը» շա՜տ է ձգձգվում, որն այժմ ավելի քան պահանջված է: Այս պայմաններում Հայաստանի` Մաքսային միություն մտնելու կողմնակիցները համագործակցում են Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության հետ, որը, պետք է գոհունակությամբ նշել, շատ պրոֆեսիոնալ է աշխատում:

- Մենք Ձեզ հետ միասին խոսում ենք մի ինչ-որ համակարգի մասին, որը հիմնված է երկրի բնակչության աննշան հատվածի դիրքորոշման վրա: Ի՞նչն է խանգարում նրանց համարել մարգինալներ եւ պարզապես ուշադրություն չդարձնել նրանց վրա:

- Չի կարելի խեղաթյուրել այդ կառույցները, նրանք բնա°վ մարգինալներ չեն: Մեր քաղաքացիների գիտակցության մեջ կան արմատացած, անկոտրում, սերնդեսերունդ փոխանցվող գաղափարներ հայերի եւ ռուսների քաղաքակրթական մերձության մասին: Բայց, ցավոք, եթե հայ հասարակության սոցիալ-տնտեսական կյանքում դեպի լավը գնացող շոշափելի փոփոխություններ չլինեն, ՄՄ-ին Հայաստանի անդամակցության հակառակորդ այդ 5%-ը վաղը կդառնա 10, 15, 25%: Գաղափարախոսությամբ «կերակրել» ժողովրդին... կարելի է, բայց միայն ծայրահեղ պայմաններում, երբ սպառնալիք է ծագում ազգային անվտանգության համար: Երբ այդ սպառնալիքը համեմատաբար հեռու է մղվում (իսկ ՄՄ մտնելով եւ ՀԱՊԿ մասնակից պետությունների միջեւ հարաբերությունների զարգացմամբ այդ սպառնալիքը երկրորդ պլան է մղվում), առաջին գիծ են դուրս գալիս հանապազօր հարցերը` կապված քաղաքացիների կենցաղի, սոցիալական դրության հետ: Այստեղ հարկավոր է վճռական թռիչք կատարել, ինչն, իհարկե, շատ դժվար է: Հարկավոր է մանրամասն բացատրել բնակչությանը, թե ինչ առավելություններ է խոստանում Մաքսային միությունը, ինչպես են բարելավվելու Հայաստանի քաղաքացիների սոցիալ-տնտեսական, կենցաղային պայմանները, քաղաքացիների կյանքում դրական տեղաշարժերի իրականացման ինչ ժամկետների մասին է խոսքը, ինչ ջանքեր պետք է գործադրվեն այդ արդյունքներին հասնելու համար եւ Հայաստանի քաղաքացիներից մասնակցության ինչ բաժին է պահանջվում, որքան նոր աշխատատեղեր կբացվեն, ինչպիսին է արտահանման աճի պոտենցիալը, ինչ ժամկետներում պետք է ակնկալել ՄՄ մասնակից երկրների արտադրահզորությունների առավելագույն կոոպերացիան, ինչ նոր արտադրություններ կարող են ի հայտ գալ եւ այլն: Մենք առաջին քայլն ենք արել, որին պետք է հաջորդեն կոնկրետ գործողությունները, այլ ոչ թե բանավոր հայտարարություններն օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության մասին, որոնք պահանջվում են Մաքսային միության Մաքսային օրենսգրքով: Այս ամենը, իհարկե, լավ է, բայց ձեռնարկվելիք գործողությունների որոշակիություն է հարկավոր, որոնց դրական հետեւանքները շոշափելի կլինեն յուրաքանչյուր առանձին վերցրած հայկական ընտանիքում: Բայց եթե քաղաքական բոլոր տեղաշարժերը, որոնք, ասենք, մշտապես առաջ կընկնեն կոնկրետ սոցիալ-տնտեսական առաջընթացից, այդ ժամանակ Հայաստանի` ՄՄ մտնելու հակառակորդները հզոր գաղափարախոսական զենք կստանան, որի հիմքում ընկած կլինեն «չիրականացած հույսերը»: Այդ զենքին դժվար է դիմակայել:

Առաջնային կարեւորության խնդիր են ոչ թե անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները, որոնք նպատակ են հետապնդում ներդաշնակեցնել, ունիվերսալացնել Հայաստանի օրենսդրությունը եւ տարբեր ենթաօրենսդրական ակտերը, օրենսգրքերը եւ այլն, այլ առարկայորեն, տնտեսության ճյուղերի մակարդակով, մարզերի, քաղաքների եւ նույնիսկ առանձին գյուղերի մասշտաբով ի ցույց դնել այն բոլոր առավելությունները, որոնք կստանան մարդիկ Հայաստանի ՄՄ անդամակցությունից: Բացի այդ, հարկավոր է այսօր արդեն տնտեսվարող սուբյեկտներին ներգրավել ինտեգրացիոն գործընթացներում: Օրինակ, Y բնակավայրի X ֆերմերային տնտեսության առջեւ խնդիր է դրվում նախապես որոշված ժամկետում որոշակի քանակությամբ գյուղտնտարտադրանք մատակարարել ՄՄ շուկա, ինչից հետո կազմակերպչական բնույթի հարցերը կարգավորվում են Մաքսային միության համապատասխան գործադիր կառույցների կողմից: Բնակչությունը պետք է իրապես զգա, որ ստեղծվում է միասնական տնտեսական տարածք, որ կան կոնկրետ հեռանկարներ, որոնք ոչ թե պարզապես գեղեցիկ են ներկայացվում, այլ որոնք պետք է առարկայորեն իրականացնել գործնականում:

- Այսպիսի հարց... ԵվրԱզԷս-ի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը սեպտեմբերի 25-ին ասել է, որ Մաքսային միությունը մաքսային սահմաններ չի ենթադրում Ղարաբաղի հետ: Սա փաստացի նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղն արդյունքում կհայտնվի Մաքսային միության ներսում, եւ մի շարք փորձագետներ այն կարծիքին են, թե դա ԼՂՀ փաստացի ճանաչման սկիզբն է: Մյուս կողմից` ըստ Ձեր խոսքերի, այսօր վերոհիշյալ «Ժառանգություն» կուսակցությունը փորձում է ամեն կերպ խոչընդոտել դրան: Կարծիք կա՞, թե ինչի հետ դա կարող է կապված լինել:

- Մի երկու խոսքով ասեմ հետեւյալը: Իմ կարծիքով, չարժե լայն քննարկման հանել այն ամենը, ինչ վերաբերում է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Հայաստանի մաքսային տարածքին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինտեգրմանը:

-Անդրադառնանք Մաքսային միության քննադատությանը, որն, այնուամենայնիվ, այնքան էլ քիչ չէ: Հայաստանի պարագայում, օրինակ, օգտագործվում է ընդհանուր սահմանի բացակայության փաստարկը: Բացի այդ, Ձեր հիշատակած «եւ-եւ» բանաձեւը զուտ հայկական նոու-հաու է, արտաքին գործընկերները տարբեր մակարդակներում ժխտել են այդ սխեմայի կենսունակությունը: Այդ առնչությամբ այսօր ամենուրեք այն կարծիքն է իշխում, թե Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը նշանակում է ընտրել մեկը եւ հրաժարվել մյուսից: Անուղղակիորեն դա հաստատել է նաեւ եվրահանձնակատար Ֆյուլեն` ասելով, որ նոյեմբերին Վիլնյուսի «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովում Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվի:

- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը միշտ ասել է «եւ-եւ», այլ ոչ թե «կամ-կամ»: Իրադարձությունների հետագա զարգացումը մի շատ հետաքրքիր նրբություն բացահայտեց, այն է. երբ մեր հարգարժան եվրոպացի գործընկերները խոսում են Ասոցիատիվ համաձայնագրի քաղաքական եւ տնտեսական մասերի անբաժանության մասին եւ հարցը կտրուկ են դնում` «Երեւանը պետք է ընտրի», դրանով իսկ նրանք գործնականում զրոյի են հանգեցնում այն քննադատությունը, որն իրենք էլ հնչեցնում են Ռուսաստանի հասցեին: Մոսկվայում ասում են, որ եթե Մաքսային միության դրույթները չեն հակասում Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրի (DCFTA, Ասոցիատիվ համաձայնագրի մասն է- խմբ.) պահանջներին, ապա նրանք դեմ չեն: Ստացվում է, որ ԵՄ-ը Ռուսսատանին քննադատում է իր պայմանների համար, բայց ինքն այդ ընթացքում հանդես է գալիս ոչ պակաս կոշտ պահանջներով, սահմանափակումներ է դնում: Իրականում Սերժ Սարգսյանի դիրքորոշումը խիստ շահեկան է այն առումով, որ համահունչ է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուի վերջերս արած հայտարարությանն ազատ տնտեսական գոտու, Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ միասնական տնտեսական տարածքի ստեղծման հնարավորության մասին, որտեղ կապահովվի ապրանքների, ծառայությունների եւ մարդկանց ազատ տեղաշարժը: Չմոռանանք նաեւ, որ այս պիեսի բոլոր գործող անձինք` Հայաստանը, Ռուսաստանը, ԵՄ երկրները, խաղում են նույն թատրոնի` Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բեմում, ենթարկվում են նրա կանոններին: Մի խոսքով` Հայաստանի նախագահի «եւ-եւ» դիրքորոշումը հեռատեսական է եւ փակուղի չի տանում: Համաշխարհային դիվանագիտությունը, համապատասխան կառույցները, երկխոսության գործելակերպը նրա համար են, որ գտնվեն այն խնդիրների լուծումները, որոնք, առաջին հայացքից, անլուծելի են թվում:

- Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կլինի Երեւան-Բրյուսել հարաբերությունների ապագան կարճաժամկետ հեռանկարում:

- Վերլուծելով մեր որոշ եվրոպացի գործընկերների ոչ հաճո, հաճախ բավական կոշտ գնահատականները Հայաստանի քաղաքական ղեկավարության` Մաքսային միություն մտնելու որոշման վերաբերյալ` կարելի է մի հետաքրքիր միտում նկատել: Օրինակ, ԵՄ  ընդլայնման եւ եվրոպական  հարեւանության  քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն իր վերջին հարցազրույցներից մեկում խոսել է Հայաստանի հանդեպ ինչ-որ «վստահության պակասի» մասին: Միտքն այն էր, որ այժմ Հայաստանի հանդեպ վստահության մակարդակն այնքան էլ բարձր չէ, եւ երբ որ բարձրանա, այն ժամանակ էլ կարելի կլինի խոսել հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարների ու հնարավորությունների մասին: Հարց է ծագում. ինչո՞ւ մենք մինչեւ հիմա չենք լսել Եվրամիության ոչ մի սկզբունքային, կոշտ գնահատական այդ նույն Թուրքիայի հասցեին, որը, ասենք, ահա արդեն ավելի քան 20 տարի շրջափակում է Հայաստանը: Ինչո՞ւ մենք Եվրամիությունից եւ մեր բարեկամ Ֆրանսիայից ոչ մի կշտամբանք չենք լսել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, նրա նախագահ Գյուլի կամ ԱԳՆ ղեկավար Դավութօղլուի ռազմատենչ հայտարարությունների առիթով, երբ նրանք իրենց հրապարակային հայտարարություններում ընդգծում էին Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման հնարավորությունը: Մի՞թե մեր եվրոպացի գործընկերներին եւ բարեկամներին թվում է, թե դա ավելացնում է Հայաստանի բնակչության վստահությունն իրենց հանդեպ: Ինչո՞ւ արձագանք չեղավ Հայաստանի նախագահի ազնիվ ու անկեղծ հայտարարությանը «Արեւելյան գործընկերության» եւ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթաժողովում, որում ասվում էր, որ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը չի կարող լիարժեք գործել ստորագրվելուց հետո, եթե Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը փակ մնա: Մի՞թե որեւէ մեկը կարծում է, թե ԵՄ անտարբերությունն այս ամենի հանդեպ ավելացնում է վստահությունը նրա նկատմամբ: Բայց Հայաստանի նախագահը երբեք չի ասել, որ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ «վստահության պակաս» գոյություն ունի: Իրական քաղաքականությունը միանգամայն այլ կանոններ է թելադրում, որոնք, եթե հայկական կողմն ընկալում է, առավել եւս` պետք է ընկալեն մեր եվրոպացի գործընկերները: «Վստահություն» հասկացությունը ենթադրում է ընդառաջող գործողություններ, որոնք ամրացնում են հարաբերությունները գործընկերների միջեւ: Այս հարցերում մեր եվրոպացի գործընկերների կողմից մենք նման բան չենք տեսել. ահա այս է միտումը:

- Մենք կարո՞ղ ենք ասել, որ վերջին 20 տարվա ընթացքում Եվրամիությունը Հայաստանի հանդեպ վարում է երկակի ստանդարտների վառ, հյութեղ, գրավիչ քաղաքականություն` իր ամենաբացահայտ դրսեւորումներով:

- Քաղաքական գործչի պատասխանը չպետք է շեշտի իր իրազեկությունն ու այս կամ այն հարցի պատասխանի էությունն իսկապես իմանալը, այլ պետք է ուղղված լինի իր երկրի համար առավելագույն դիվիդենդներ շահելուն: Չեմ կարծում, թե Ձեր հարցի պատասխանն օգտակար կլինի հայ-եվրոպական բարեկամության զարգացման համար:

- Մի երկու խոսքով պատասխանեք, խնդրում եմ. Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կլինի Հայաստանն առհասարակ Մաքսային միության անդամի դերում:

- Հայաստանն իր արտաքին եւ ներքին քաղաքականությունում չպետք է գլխավոր համարի այն հարցը, թե ինչպես է այդ ամենը դիտվելու կողքից: Պետությունն առաջին հերթին պետք է ղեկավարվի իր իսկ բարգավաճման գաղափարներով: Բնականաբար, դա պետք է տեղի ունենա ապահովված անվտանգության պայմաններում: Հայաստանի նախագահի հայտարարությունից հետո, որ մեր երկիրը ցանկանում է մտնել Մաքսային միություն, եւ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների` վերջերս կայացած գագաթաժողովից հետո մեր անվտանգությունը որակապես նոր մակարդակի է բարձրացել: Դա նշանակում է, որ այսօր հիանալի նախադրյալներ են ստեղծվել Հայաստանի տնտեսության զարգացման լիածավալ աշխատանքներ սկսելու համար: Մասնավորապես, ներդրումների ներգրավման համար, առաջին հերթին` ՄՄ անդամ երկրներից, տնտեսական նախագծերի իրականացման համար, ինչպիսիք են, օրինակ, «Նաիրիտ» գործարանի վերագործարկումը, մինչեւ Իրանի սահման երկաթուղու շինարարությունը, «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու հավակնոտ նախագծի ավարտումը, Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումը, զուգահեռ աշխատանքները նոր էներգաբլոկի շինարարության համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ եւ այլն: Դրանք շատ շատ են:

Քաղաքական որոշումը կայացված է, ազդակներն ակնհայտ են, հերթը գործադիր իշխանությանն է` կառավարությանը: Կկարողանա՞ն գործնական ռելսերի վրա դնել նախագծերի այս ամբողջ համալիրի իրագործումը` դա կլինի Հայաստանի արտաքին քաղաքականության հաղթանակը: Բայց եթե այս ամենը չամրապնդվի տնտեության ոլորտում իրական գործողություններով, երկիրը հերթական անգամ կհայտնվի խիստ խոցելի դրության մեջ:

Последние видеоматериалы

Новые книги