«ՍԱ ՈՂՋՈՒՆԵԼԻ ՈՐՈՇՈՒՄ Է ԵՎ ՈՉ ԹԵ ՃՂՃԻՄ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՐԿԱ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԹԵՄԱ»


Իրավունք, 05.09.2013

Երեկ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստն ընթացավ բավական թեժ պայմաններում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ Հայաստանը մտադիր է Միանալ Մաքսային միությանը եւ մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձեւավորմանը, դարձել էր հանձնաժողովում ընդգրկված ԱԺ պատգամավորների միջեւ լեզվակռվի պատճառ: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանը եւ Թեւան Պողոսյանը կոնֆլիկտի մեջ էին մտել «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ հետ, ումից էլ «Իրավունքը» հետաքրքրվեց միջադեպի մանրամասների մասին.

-Բացարձակ ոչ մի միջադեպ չի եղել: Պարզապես, ես հարկադրված էի բացատրել Հանրապետության նախագահի հայտարարության հետ կապված այն թյուր մեկնաբանությունները, որոնք ուզում էին փաթաթել հանձնաժողովի անդամ առանձին գործընկերներ: Ես ասացի, որ պատմական, բախտորոշ որոշում է ընդունել երկրի ընտրված նախագահը, որը միայն եւ միայն նպատակ ունի երաշխավորել մեր պետականության, մեր երկրի անվտանգությունը: Կարծում եմ , որ սա ողջունելի որոշում է եւ ոչ թե ճղճիմ քննարկումների առարկա դարձնելու թեմա:

- Իսկ ի՞նչ հակափաստարկ էր բերվում Ձեր գործընկերների կողմից:

- Հիմնականում ասում էին անակնկալ էր նման հայտարարություն, ես պատասխանեցի, որ բացարձակապես անակնկալ չի եղել, որովհետեւ վերջերս` եթե հիշողությունս չի դավաճանում օգոստոսի 25-ին, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր հարցազրույցում ուղղակիորեն հղում կատարեց թե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ նախագահ  Հայկ Բաբուխանյանի, թե իմ ելույթներից, որտեղ ասված է, որ իշխող, դոմինանտ հարցը ազգային անվտանգության խնդիրն է: Իսկ ազգային անվտանգության խնդիրը երաշխավորված է ՀԱՊԿ-ով եւ հնարավոր չէ լինել ՀԱՊԿ-ում, բայց  չլինել Եվրասիական միությունում: Նիստի ժամանակ բնականաբար ոչ մի հիմնավոր, տրամաբանական հակափաստարկ չի հնչել եւ չէր էլ կարող հնչել:

 - Ի վերջո, ովքե՞ր եւ ինչո՞ւ են դեմ Եվրասիական միությանը:

- Մենք շատ հետաքրքիր ժամանակաշրջան ենք ապրում, այսինքն` արդեն ի հայտ են գալիս բոլոր այն ուժերը, ովքեր լիովին ֆինանսավորվել են դրսի ուժերի կողմից եւ, ինչպես «Իրավունքը» շատ ճիշտ բնութագրել է, գրանտակերները արդեն իրենց քաղաքականության սնանկ լինելը գիտակցում են ու, բնականաբար, կուզենան հարցի քննարկումը բուն իմաստից թեքել ուրիշ դաշտ, ինչը չի հաջողվի: Չէ՞ որ եթե Հայաստանի անվտանգությունը ապահովված չէ, ապա գրոշի արժեք չունի Եվրամիությանն անդամագրվելը, եւ չեն էլ անդամագրում, այլ Ասոցացման համաձայնագիր են կնքում: Իսկ եթե երկիրը անվտանգության հարցը չի ապահովել եւ դու երկրորդական հարցերին ես կարեւորություն տալիս, դա խոսսում է քաղաքական եւ քաղաքագիտական տկարության մասին, թող վիրավորական չհնչի: Ես ասել եմ հանձնաժողովի նիստին ու հիմա էլ եմ վերահաստատում ասածս` ՀՀ  նխագահը պատմական որոշում է կայացրել, ինչի համար իմ` որպես սովորական քաղաքացի, շնորհակալությունս եմ հայտնում, որ նա հոգ է տանում նաեւ իմ ընտանիքի անդամների եւ մեր համայն հայության անվտանգության համար: Իսկ այս հարցում, իհարկե, հակափաստարկներ բերել չեն կարողանա, բայց ընդդիմադիր ելույթներ կլինեն եւ ես դրա մեջ դրական միտում եմ տեսնում:

- Ո՞րն է այդ դրական միտումը:

- Դա մեր ռազմաքաղաքական բարեկամ Ռուսաստանին մեկ անգամ եւս կհուշի, թե գնալով այդ որոշմանը` ինչ քաղաքական մեծ կամային դրսեւորում է ունեցել մեր նախագահը: Սա հասարակ որոշում չէր, քանի որ տարիներ շարունակ դրսից սնվող հարյուրավոր գրանտակերներ խնդիր էին դնում ամեն գնով կտրել Հայաստանը Ռուսաստանից, խնդիր էին դնում Հայաստանին դարձնել պատանդ թուրքական վտանգի առաջ: Իսկ հիմա այս բոլորը խափանվեց եւ իրենք քաղաքական ֆիասկո ապրեցին:

- Մաքսային միությանը միանալն ու Եվրասիական տնտեսական միության ձեւավորմանը մասնակցը ի՞նչ ակնառու դրական փոփոխություն կարող է ունենալ Հայաստանի համար:

- Շատ շուտով այդ դրական փոփոխությունը կզգանք, հատկապես այն խառնիճաղանջ իրավիճակում, որը ձեւավորվում է Հայաստանի անմիջական հարեւանությամբ: Ես նկատի ունեմ Սիրիայում խմորվող զարգացումները, որից հետո անտարակույս դա կտեղափոխվի Իրանի Իսլամական Հանրապետություն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Последние видеоматериалы

Новые книги