ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԴԺՎԱՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊ ՍՏԱՄԲՈՒԼ

07.06.2013, Իրավունք

 

Երբ Հայաստանի սիրով ես սնվում,

Ասես դեռ նոր է քո հոգին ծնվում,

Սկիզբ առնելով Արարատից սեգ`

Սերն այդ անկաշկանդ չի հատնում երբեք:

Հայաստան սիրիր ռուսավարի,

Ունայնության սին ձևերից հեռու,

Սիրիր Արմենիան զուլալված սիրով,

Խաղաղ լուծելով հարցերը բոլոր,

Ողջ աշխարհը թող դառնա բուրաստան,

Քո ծնողներն են` Ռուսիա – Հայաստան:

Վիկտոր Կոնոպլյով

 

Եվ այսպես, 2013 թ. հունիսի 29-ից հուլիսի 3-ը Ստամբուլում տեղի է ունենալու ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի քսաներկուերորդ ամենամյա նստաշրջանը։ ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը հայտնվել է դժվարին ընտրանքի առջև։

Մի կողմից՝ մենք իրավունք չունենք բոյկոտելու այնպիսի ծանրակշիռ կազմակերպության հրավերը, ինչպիսին ԵԱՀԿ ԽՎ-ն է, մանավանդ այն պայմաններում, երբ քիչ չեն ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերը, որոնց շնորհիվ Ադրբեջանն ահա արդեն քսան տարի ձեռնպահ է մնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելուց։ Եվ սա այն դեպքում, երբ վերջին 4 – 5 տարում Ադրբեջանն ավելի քան 12 մլրդ դոլարի ռազմական տեխնիկա է ձեռք բերել, ընդ որում՝ հարձակողական բնույթի։ Հանուն արդարության նշենք, որ ապշերոնյան քաղաքական գործիչներին խիստ սթափեցնում են նաև Հայաստանի անդամությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) և Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակի և Հայաստանի զինված ուժերի հիանալի մարտական պատրաստվածությունը։ Այստեղ ավելորդ չէ հիշեցնել, որ մեր զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 1989 – 1993 թթ. ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության հաղթական ուժերի կոմիտեն։

Մյուս կողմից՝ մենք պետք է կողմնորոշվենք, թե որչափ բարոյական է մեկնել Թուրքիա՝ մի երկիր, որի իշխանություններն ահա արդեն 98 տարի չեն ճանաչում 1915 – 1923 թթ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը։ Բարոյակա՞ն է արդյոք մեկնել մի երկիր, որի իշխանությունները XX դարասկզբին ողբերգական ճակատագրի մատնեցին հայ ժողովրդին։ Այս մասին ս.թ. ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՀՀ նախագահը իր ուղերձում հայտարարել է. «Տարածաշրջանի բնիկ և հնագույն ժողովուրդներից մեկը բնաջնջվեց իր տանը և բռնագաղթի ճանապարհին: Տարածաշրջանի բնիկ և հնագույն ժողովուրդներից մեկը 20-րդ դարի առաջին ցեղասպանության հետևանքով կորցրեց հազարամյակների ընթացքում կուտակած հոգևոր-մշակութային արժեքներ, որոնք, լինելով ազգային՝ հայկական, որպես արվեստի ստեղծագործություններ և քաղաքակրթական նվաճումներ՝ ունեին նաև համաշխարհային նշանակություն: Տարածաշրջանի բնիկ և հնագույն ժողովուրդներից մեկը ցեղասպանության հետևանքով կորցրեց հազարամյակների ընթացքում կուտակած նյութական արժեքներ, որոնք յուրացվեցին թուրքական պետության և նրա բնակչության կողմից: Տարածաշրջանի բնիկ և հնագույն ժողովուրդներից մեկը ցեղասպանության հետևանքով կորցրեց իր հայրենիքում ապրելու հնարավորությունը և իրավունքը ...»:

 

Նախքան ԵԱՀԿ ԽՎ Ստամբուլի նստաշրջանին մասնակցելու որոշումը կայացնելը՝ ինքներս մեզ համար պետք է պարզենք. Հայաստանի խորհրդարանականների պատվիրակության ուղևորությունը Ստամբուլ կօրհնե՞ն արդյոք Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, որոնք ս.թ.  ապրիլի 24-ին հանդես եկան համատեղ հայտարարությամբ, ուր ասվում է. «Անհատական սեփական կալվածքների հետ Օսմանյան կայսրության ենթակայության ներքո գտնվող Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում, ինչպես և Թուրքիայի այլ շրջաններում ապրող հայությունը կորցրեց նաև եկեղեցապատկան կալվածքներ` եկեղեցիներ, սրբատեղիներ, վանքեր, կրոնական, կրթական ու բարեսիրական կենտրոններ, մշակութային ու կրոնական մեծ արժեք ունեցող իրեր` խաչքարեր, ձեռագրեր, սրբանկարներ և այլն:

Ցեղասպանության ենթարկված ու բռնի միջոցներով տեղահանված հայ ժողովրդին պատկանող բոլոր կալվածքները սեփականացվեցին Թուրքիո պետության կողմից` «լքյալ կալվածքներ» անվան տակ...»:

    Ցավով ու դատապարտմամբ լի այս գնահատականների հետ մեկտեղ մեր հիշողության մեջ վերակենդանանում են այլ իրադարձություններ ևս։ Այսպես, ս.թ. ապրիլի 24-ին, Ստամբուլի կենտրոնում, Թաքսիմ հրապարակում մի քանի հարյուր մարդ էր հավաքվել՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 – 1923 թթ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Սգո միջոցառում էին կազմակերպել նաև թուրքական «Ասա՛ ոչ ռասիզմին և նացիզմին» (DurDe) նախաձեռնության ներկայացուցիչները։ Հռետորները բացեիբաց արտասանում էին «Հայոց ցեղասպանություն» բառերը: Ակցիայի մասնակիցները հիմնականում թուրքեր էին, այդ թվում` հավատացյալ մահմեդականներ։ Հիշենք նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 2010 թ. մարտի 16-ի հայտարարությունը բրիտանական BBC հեռուստաընկերությանը։ Պատասխանելով մի շարք երկրների խորհրդարանների կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման վերաբերյալ BBC-ի թղթակցի հարցին՝ նա ասաց, թե Թուրքիայում 170 հազար հայ է ապրում, որոնցից միայն 70 հազարն ունի տեղի քաղաքացիություն։ Վաղը, եթե հարկ լինի, «այդ հարյուր հազարին, որոնց հիմա մենք տեղ ենք տալիս, ես կասեմ, թող լքեն մեր երկիրը, քանի որ նրանք իմ քաղաքացիները չեն, և ես պարտավոր չեմ նրանց պահել իմ երկրում», – հայտարարեց Էրդողանը։ Ավելի ուշ Թուրքիայի վարչապետն ասաց, թե իր մտքերն աղավաղել են արտասահմանյան լրատվամիջոցները, բայցև ընդգծեց, որ մտադիր չէ ներողություն խնդրել իր բառերի համար, որոնք ճիշտ չեն մեկնաբանվել։

Ակամա հիշեցի նաև Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հարցազրույցից մի հատված։ Այս տարվա մայիսի 2-ին REGNUM լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, պատասխանելով Հայաստանի արտաքինքաղաքական կողմնորոշման մասին հարցին, նա, մասնավորապես, ասաց. «Շատերին ԵՄ-ն ասես կայսրության նոր ձև է թվում՝ բառի դրական իմաստով։ Մենք կայսրություն բառին բացասական նշանակություն ենք տալիս, բայց իզուր։ Կայսրությունները վիթխարի ավանդ են բերել բովանդակ տարածաշրջանների և երկրների զարգացմանը։ Անգամ Օսմանյան կասրությունում, հաշվի առնելով, իհարկե, 1915 թ. ողբերգական իրադարձությունները, հայկական մշակույթը և բիզնեսը զարգանում էին։ Այստեղ ամեն բան չէ, որ միանշանակ է ...»։ Ի՞նչ է սա՝ հայ ժողովրդի պատմության բացարձակ անիմացություն, թե՞ դրա միտումնավոր խեղաթյուրում։ Մի՞թե պան դեսպանը չգիտե 1894 – 1896թթ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների մասին։ Չլինի՞ թե արդեն մոռացվե՞լ են 1895 թ. աշնան և ձմռան ջարդերը Սասունում, կոտորածները Ստամբուլում և Վանի շրջանում։ Մի՞թե մոռացության են մատնվել թուրքական իշխանությունների կողմից կազմակերպված հայերի զանգվածային նախճիրն Արևմտյան Հայաստան-Արևելյան Թուրքիայում՝ Երզնկայում, Էրզրումում (իմ պապերի փոքր հայրենիքում), Գյումուշխանեում, Բայբուրթում, Ուրֆայում և Բիթլիսում։ Մի՞թե «ամբողջ տարածաշրջանների և երկրների զարգացման գործում ունեցած վիթխարի ավանդ» ասելով` Զդիսլավ Ռաչինսկին նկատի ունի հայերի արյունալի կոտորածների արդյունքները 1894 – 1896 թթ.։ Հիշեցնենք բարեկամական Լեհաստանի դեսպանին, որ այդ ժամանակ Թուրքիայում գտնվող լյութերական միսիոներ Իոհաննես Լեփսիուսը, որը բարեխղճորեն օգտագործել է գերմանական և այլ աղբյուրներ, ողբերգական վիճակագրություն է հավաքել. սպանվածներ՝ 88243 մարդ, ունեզրկվածներ՝ 546000 մարդ, թալանված հայկական քաղաքներ և գյուղեր՝ 456, պղծված եկեղեցիներ ու վանքեր՝ 649, մզկիթի վերածված 328 եկեղեցի...

Լեհաստանի դեսպանի այս անզգույշ արտահայտությունը խոր ափսոսանք հարուցեց ինձ, քանզի հայ և լեհ ազնվազարմ ժողովուրդները կապված են բազմադարյա բարեկամության կապերով։ Այս առնչությամբ կուզենայի վկայակոչել լեհական ազդեցիկ “Echo Polskie” («Լեհական արձագանք») ամսագիրը, որի խմբագրությունը հատուկ թողարկում է նվիրել Հայաստանին և հայ ժողովրդին։ Մի քանի մեջբերում կատարենք այդ հրապարակումից. «Չի կարելի կարեկցություն չհայտնել մի ժողովրդի, որին փորձեցին գլխովին բնաջնջել, որը ժամանակի կարճ հատվածում այնպիսի տառապանքներ կրեց, որոնք անծանոթ չեն Դանթեի դժոխքի որևէ պարունակի, և որը, այնուամենայնիվ, ոգով չընկճվեց և եռանդուն ընթանում է առեղծվածային ապագային ընդառաջ։ Չի կարելի չողջունել մի ժողովրդի, որի համար ռուսական իշխանությունները թուրքական լծից ազատագրեցին նրա հայրենի հողերի մի մասը՝ Վանը, Մուշը, Բիթլիսը, Էրզրումը... Լեհերը հայերին եղբայրական ժողովուրդ են համարում։ Հայերն սկսեցին լեհական հողերում հաստատվել Կիլիկյան թագավորության անկումից (1377 թ.) շատ չանցած, և հայ ասպետներն արդեն Յագելոյի (կամ Վլադիսլավ Յագայլո՝ Լիտվայի մեծ իշխան, լեհական Յագելոնների հարստության հիմնադիր, լեհական թագավոր – 1386 թ.) արքունիքում մեծ կշիռ ունեին։ Նրանք իրենց հետ բերեցին մեծ հարստություն, խաչակիրների բազում սերնդներից փոխառած եվրոպական մշակույթ և հսկայական ռազմափորձ։ Այդ փորձը շատ շուտով պետք եկավ Լեհաստանին։ 1410 թ. Գրյունվալդի ճակատամարտում, Յագելոյի և Վիտովտի (կամ Վիտաուտաս՝ Լիտվայի մեծ իշխան 1392 թվականից) աչքերի առջև, Մաշկովցի Զինդորմի զինադրոշների ներքո, Սև Զավիշայի, Տաչևցի Պովալայի, Տարգովցի Աղվեսի և լեհ փառապանծ այլ ասպետների հետ ուս-ուսի՝ գերմանացիների դեմ մարտնչում էին ներկայիս լեհ-հայկական գործիչների նախնիները՝ Աբրահամովիչները, Թեոդորովիչները, Կրիշտաֆովիչները, և չնսեմացրին նրանք հայ հնագույն մարտական փառքը։ Այդ ժամանակվանից սկսած՝ մինչև մեր օրերը, հայերը նշանակալի տարր են լեհական ազգային տարերքում. նրանք վերջնականապես չեն ձուլվում այդ տարերքին, բայց նրա անբաժան օրգանական մասն են կազմում։ Լեհաստանն ու Հայաստանն ավերվել և ամայացվել են համանման՝ անմարդկային միջոցներով։ Ուստի լեհն ու հայը լավ են հասկանում իրար։ Նույն վերքերով են արյունահոսում նրանց կրծքները, նույն արցունքներն են հոսում նրանց աչքերից։ Հային լեհի հետ մերձեցրել է ընդհանուր ցավը... Դրա համար էլ «Լեհական արձագանքը» Հայաստանին հատուկ թողարկում է նվիրել» (Լեհերը և հայերը, Հայկական բանբեր, 1916 թ., 6 մարտի, N 6, էջ 1-2)։

Միանգամայն անհասկանալի է նաև դեսպանի խոսքերի ենթատեքստը 1920թ. Հայաստանի անվտանգության համար պատասխանատու պետությունների վերաբերյալ։ Այսպես. Զդիսլավ Ռաչինսկին հարց է տալիս. «1920 թ. ո՞վ էր Հայաստանի անվտանգության երաշխավորը, և ինչո՞վ ավարտվեց դա»։ Ստիպված եմ կրկին դիմել գրեթե մեկդարյա վաղեմության պատմական փաստերին։ Եվ այսպես, 1920 թ. օգոստոսի 10-ին Սևր քաղաքում (Ֆրանսիա) Անտանտայի երկրներն ու նրանց միացած պետությունները (Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սերբերի, խորվաթների և սլովենացիների Թագավորություն, Հիջաս, Չեխոսլովակիա, Հայաստան)՝ մի կողմից, և Օսմանյան կայսրության կառավարությունը՝ մյուս կողմից, ստորագրեցին Սևի դաշնագիրը։ Այդ պայմանագրով Թուրքիան կորցնում էր վերահսկողությունը Սիրիայի, Միջագետքի, Պաղեստինի, Հիջասի (այժմ՝ Սաուդյան Արաբիա), Եգիպտոսի, Կիպրոսի, Մարոկոյի, Թունիսի և Լիբիայի նկատմամբ։ Թուրքական աշխարհամասային տիրույթները Եվրոպայում (Արևելյան Թրակիա և Էդիրնե՝ Ադրիանապոլիս, Հալիպոլիսյան թերակղզի և Էգեյան ծովի կղզիներ՝ բացի Դոդեկանեսի կղզեխմբից) հանձնվում էին Հունաստանին։ Վերջինս մի շարք տարածքներ ստացավ Փոքր Ասիայում (Զմյուռնիա, ներկայումս՝ Իզմիր և շրջակայքը)։ Նշենք նաև, որ Կոստանդնուպոլիսն ու սևծովյան նեղուցների գոտին հայտարարվում էին ապառազմականացված գոտի և հանձնվում էին միջազգային կառավարման։ Սևրի դաշնագրի համաձայն՝ Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես «ազատ և անկախ պետություն»։ Թուրքիան և Հայաստանը համաձայնվում էին ենթարկվել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին սահմանների իրավարարության գծով՝ Վան, Բիթլիս, Էրզրում ու Տրապիզոն վիլայեթներում և ընդունել դեպի Սև ծով Հայաստանի ելքի (Բաթումով) նրա պայմանները։ Երեքուկես ամիս անց՝ 1920 թ. նոյեմբերի 22-ին, կայացվեց ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը Հայաստանի և Թուրքիայի տարածքային սահմանազատման մասին՝ ամրագրված ԱՄՆ նախագահի, պետքարտուղարի ստորագրություններով և կնքված ԱՄՆ Մեծ կնիքով, որով և այն չուներ վավերացման կարիք ԱՄՆ ներքին օրենսդրությամբ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը վերաբերում է բացառապես հայ ժողովրդին և Հայաստանին։ Վուդրո Վիլսոնի ղեկավարությամբ գծված քարտեզում նշված է Թուրքիայի կողմից Հայաստանին վերադարձվելիք հայկական տարածքների չափը։ Այն կազմում էր 40 հազ. քառ. մղոն (ավելի քան 90 հազ. քառ. կմ). Էրզրումից՝ 40 հազ. քառ. կմ, Վանից՝ 20 հազ. քառ. կմ, Տրապիզոնի և Բիթլիսի նահանգներից՝ 15-ական քառ. կմ։ Տարիներ հետո բրիտանական վարչապետ Լլոյդ Ջորջն իր հուշերում կգրի. «Բայց Վուդրո Վիլսոնի անհանգիստ հոգին այնքան էլ թույլ չէր, ինչպես նրա մարմինը, որի մեջ կյանքը հազիվ էր առկայծում։ Երբ դաշնակցային տերությունները ձեռնամուխ եղան Թուրքիայի հետ, առանց Հայաստանի մասնակցության, հաշտության համաձայնագրի պայմանների մշակմանը, ի զարմանս մեզ, երկար ուղերձ ստացանք՝ թելադրված կաթվածահար, բայց Սպիտակ տան դեռ աննկուն իդեալիստից, ուղերձ, որը ցույց էր տալիս, որ նրա հետաքրքրությունը Թուրքական կայսրության հալածյալ քրիստոնյա բնակչության հանդեպ բոլորովին էլ չէր թուլացել»։ Այդ ուղերձը հաստատում էր ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը Հայկական հարցի լուծման գործում. «Հայաստանին վերաբերող ծրագրի նկատմամբ Միացյալ Նահանգների կառավարության իրական հետաքրքրությունը կասկածի ենթակա չէ և կառավարությունը վստահ է, որ քաղաքակիրթ աշխարհը սպասում ու պահանջում է առավելագույն բարեհաճ վերաբերմունք այդ երկրի հանդեպ»։ Նշենք, որ 1920 թ. հուլիսի 20-ին Կոստանդնուպոլսում սուլթանի խորհուրդն ամբողջ կազմով՝ բացի մեկից, քվեարկեց հաշտության պայմանագրի ստորագրման օգտին, և օգոստոսի 10-ին Թուրքիան պաշտոնապես ստորագրեց Սևրի դաշնագիրը՝ դրանով իսկ ճանաչելով իր պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության համար։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի Իրավարար վճիռը կայացվել է 1920 թ. նոյեմբերի 22-ին։ Իրավարար որոշմամբ սահմանվում էր, որ «Քոթուր քաղաքից հարավ-արևմուտքում գտնվող պարսկական սահմանից Հայաստանի սահմանագիծն անցկացված է մեծ բարձրության հոծ բնական պատնեշով, որը ձգվում է Վանա լճից դեպի հարավ և հայկական Բիթլիս և Մուշ քաղաքներից դեպի հարավ-արևմուտք։ Այդ սահմանագիծը որպես թուրքական պետության մաս է թողնում Հաքիարի ողջ սանջակը կամ Վանի վիլայեթի մոտ կեսն ու գրեթե ողջ Սղերթի սանջակը»։ Հայաստանի Հանրապետությունը, որն այն ժամանակ ներառում էր Կարսի նահանգի և Նախիջևանի տարածքները ռուս-թուրքական մինչպատերազմյան սահմաններում, Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի վիլայեթների մոտ կեսին հավասար հավելյալ տարածք էր ստանում՝ 40.000 քառ. մղոն ընդհանուր մակերեսով։ Ամերիկյան հաշվարկներով՝ դա կազմում էր Օտոմանյան կայսրությունում պատմական Հայաստանի տարածքի մոտ 40 %-ը։

1920 թ. նոյեմբերի 29-ին կազմավորվեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, բայց, հանուն արդարության շենք, որ նրա կազմավորման փաստը չփոխեց ոչ Սևրի դաշնագրի որոշումը, ոչ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը, որոնք, ցավոք, իրագործված չեն առայսօր։

XX դարասկզբի պատմական իրադարձություններից անցնենք այսօրյա իրողություններին։ Եվ այսպես, 2011թ. նոյեմբերի 23-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական պետության անունից ներողություն խնդրեց զանգվածային սպանությունների համար, որոնք կատարվել են գերազանցապես քուրդ-ալավիտյան Դերսիմ նահանգում 1930-ականների երկրորդ կեսին։ Սպանդի փաստացի մեղավորը, ըստ նրա, Ժողովրդա-Հանրապետական կուսակցությունն է եղել (ԺՀԿ), որն այն տարիներին առհասարակ միակ կուսակցությունն էր երկրում։ Թուրքիայի վարչապետը կոչ էր անում դրա ներկայիս առաջնորդին ԺՀԿ անունից ներողություն խնդրել այն տարիների ողբերգության համար։ «Ե՞ս պետք է ներողություն խնդրեմ, թե՞ դուք (նկատի ունի ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին – Ա.Գ.)։ Եթե պետք է ներողություն խնդրել պետության անունից, և եթե կա նման հնարավորություն, ես կարող եմ դա անել, և ես ներողություն եմ խնդրում։ Բայց եթե մեկը կա, որ պետք է ներողություն խնդրի ԺՀԿ անունից, ապա դա դուք եք, քանի որ դուք դերսիմիցի եք։ Դուք ասում էիք, որ ձեզ համար պատիվ է դերսիմցի լինելը։ Դե, ուրեմն, պաշտպանեք ձեր պատիվը», – հայտարարել է Էրդողանը «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության ժողովում։ Սա առաջին պաշտոնական ներողությունն էր թուրքական կառավարության անունից երկրի հարավ-արևմուտքում, Դերսիմ քաղաքում (որն այժմ հայտնի է որպես Թունջելի) 1936 – 1939 թթ. ընթացքում հազարավոր մարդկանց սպանության համար։ Շատ կարևոր է, որ Էրդողանը դրանով իսկ արձագանքեց ԺՀԿ առաջնորդ Քըլըչդարօղլուի այն պահանջին, որ Թուրքիան պետք է առերեսվի իր անցյալի հետ։ Էրդողանի հայտարարության և Քըլըչդարօղլուի պատասխան գործողությունների հետ կապված՝ բավական հետաքրքիր եզրահանգումներ է արել թյուրքագետ, «Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը։ Kurdishcenter.ru էլեկտրոնային պարբերականի 2012 թ. հունվարի 6-ի հրապարակման մեջ նա գրում է. «Դերսիմի ջարդերի առիթով վարչապետի (Էրդողանի – Ա.Գ.) հայտարարություններն ուշադիր զննելիս չի կարելի չնկատել ահավոր նմանությունները Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության ժխտման հետ։ Նմանություն կա՝ 1. քուրդ զոհերի թվաքանակը տասնյակ հազարներից մինչև 13.800-ի կրճատելու, 2. քրդերի ջարդերը որպես «սպանություններ» կամ «միջադեպեր» դիտարկելու, 3.  «սպանությունների» մեղքն ավելի շուտ ընդդիմախոս քաղաքական կուսակցության, այլ ոչ թե թուրքական պետության վրա դնելու և 4. զոհերի ժառանգներին ոչ մի փոխհատուցում չառաջարկելու ձգտման մեջ»։

Նշենք, որ մեր այն հայրենակիցները, ովքեր 1915 թ. հրաշքով ողջ էին մնացել, ապաստան գտան Դերսիմի լեռներում՝ հովանավորվելով տեղի ալևի կլանի առաջնորդների կողմից։ Քրիստոնյաների հանդեպ կիրառվող հալածանքներից փրկվելու համար հայերը նախընտրեցին ալևիականություն ընդունել, որի հետևորդները հալածվում էին ոչ միայն թուրքերի, այլև սուննիադավան քրդերի կողմից։ Առաջին հայացքից նման տարօրինակ ընտրությունը հայերին թույլ էր տալիս մեկուսացված կյանք վարել և հուսալ, որ որոշակի հանգամանքներում կհաջողվի վերադառնալ իրենց ազգային արմատներին։ Նշենք նաև, որ թուրք ճանաչված գրող և հասարակական գործիչ Էրքամ Թուֆանի վերլուծական հաղորդումներից մեկում գրող Ջաֆար Սոլղունը հատկանշական հայտարարությամբ է հանդես եկել։ Նա, մասնավորապես, նշել է, որ 1915 թվականից հետո Դերսիմի հայերը ձուլվել են տեղի ալևիների և քրդերի հետ, ինչպես հայտնում է “Ermenihaber.am” կայքը։ Ըստ նրա՝ 1900 թ. Անդրանիկ անունով մի պատմաբան շրջել է Դերսիմում և իր դիտարկումները ներկայացրել «Դերսիմ» գրքում։ Գրքում նշվում է, որ Դերսիմի բնակչության մոտ 20 տոկոսը հայեր են։ Ջաֆար Սոլղունը հիշեցրել է նաև Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուի խոսքերն այն մասին, թե բոլոր նրանք, ովքեր Դերսիմում քուրդ կամ ալևի են ներկայանում, հայեր են։ Սոլղունն ափսոսանք է հայտնել, որ պատմաբան Հալաչօղլուն կարող էր նման անհեթեթություն թույլ տալ։ «Այսօր շատ քրդեր վստահ են իրենց ազգային ինքնության հարցում, բայց շատ դեպքերում մտահոգիչ է, որ ոչ բոլորը գիտեն իրենց իսկական ինքնության մասին։ Մեր մեջ ապրող հայերը մշտապես պետությունից թաքցրել են, որ իրենք հայ են։ Հայկական ծագումը բազմաթիվ խնդիրներ է հարուցել»,– նշել է Սոլղունը։

Դերսիմի կոտորածի մասին Էրդողանի հայտարարությունը հիշեցրեց հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամի խոսքերը, որն անիմաստ է համարում Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտմանն ուղղված բոլոր քննարկումները։ Այսպես, թուրքական “Zaman” թերթին տված հարցազրույցում նա ասել է. «Հայտնի իրավագետ Ռաֆայել Լեմկինը շրջանառության մեջ է մտցրել «ցեղասպանություն» տերմինը` հիմք ունենալով հենց 1915 թ. իրադարձությունները։ Թուրքիայում այդ մասին շատերը գիտեն։ Իր հուշերում Լեմկինը գրում է, որ շրջանառության մեջ է մտցրել այդ տերմինը` հայերի հետ կատարվածը պատմելու համար։ Եվ դրանից հետո մենք քննարկում ենք՝ եղե՞լ է արդյոք ցեղասպանություն թե ոչ։ Դուք դա տարօրինակ չե՞ք համարում։ Կարծում եմ՝ չարժե ժամանակ վատնել նման քննարկումների համար։ Թուրքիայում 1915 թ. իրադարձությունները ժխտող շրջանակները, օգտվելով ժողովրդի (թուրք – Ա.Գ.) անտեղյակությունից, ցանկանում են ապարդյուն քննարկումներ ծավալել... 1928 թ. Թուրքիայի Գլխավոր շտաբը գիրք հրապարակեց Առաջին համաշխարհային պատերազմի մարդկային կորուստների մասին։ Գլխավոր շտաբի տեղեկությունների համաձայն՝ այդ ընթացքում սպանվել է մոտ 800 հազար հայ և 200 հազար հույն։ Այս թվի մեջ չեն մտնում 1918 թվականից հետո ջարդերից, սովից և հիվանդություններից մահացածները։ Ամփոփելով` կարելի է ասել, որ զոհերի թիվը հասնում է 1 մլն-ի»։ Այստեղ չենք կարող չհիշել նաև թուրքական հեղինակավոր “Milliyet” պարբերականի տեսաբան Հասան Ջեմալի խոսքերը։ Լինելով Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի՝ Ահմեդ Ջեմալ փաշայի թոռը, նա սկզբում պաշտպանում էր պաշտոնական Անկարայի՝ Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը։ Բայց ժամանակի ընթացքում նա վերանայեց իր մոտեցումները՝ դառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից։ Այսպես, Հասան Ջեմալը 2007 թ. մարտի 31-ին մասնակցել է Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Կալիֆորնիայում կազմակերպած «Դեր Զորից մինչև Ծիծեռնակաբերդ» կոնֆերանսին։ Ամբիոնի մոտ նստած էին հայտնի պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը և Հայոց ցեղասպանության տարիներին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի թոռնուհին՝ Փամելա Սթեյները։ Կոնֆերանսի մասին իր տպավորությունները Հասան Ջեմալը հրապարակել է “Milliyet” թերթում՝ «Ի՞նչ կասի Ջեմալի թոռը» վերնագրով։ Հասան Ջեմալը սրահ մտնելիս լսել է, թե ինչպես մասնակիցներից մեկը հարցրել է, թե ինչո՞ւ են հրավիրել մի մարդու թոռանը, ով սպանել է իրենց պապերին։ «Ինձ համար երեկոն այստեղ անախորժ է լինելու, բայց պետք է ասեմ, որ ձեզ ողջույններ եմ բերել Անատոլիայից։ Մեր արմատները ձգվում են դեպի նույն ակունքները։ Ես գիտեմ ձեր ցավը, ես կիսում եմ այն։ Ես եկել եմ այստեղ, որպեսզի ձեռք մեկնեմ հայ երիտասարդությանը։ Ցավն, իհարկե, չի մոռացվի։ Բայց չենք կարող թույլ տալ, որ ցավն ու տառապանքը փակեն դեպ հաշտություն տանող ճանապարհը», – ասել է Հասան Ջեմալը։

Մեկ տարի անց՝ 2008 թ., Հասան Ջեմալն այցելեց Երևանի Ծիծեռնակաբերդի բարձունքում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ ձևակերպեց իր դիրքորոշումը՝ ասելով. «Ժխտել Հայոց ցեղասպանությունը նշանակում է լինել մարդկության դեմ այդ հանցագործության մասնակիցը»։ 2012 թ. նա գրեց «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը` նկարագրելով իր դիրքորոշման էվոլյուցիան, որն սկսվել է ցեղասպանության ժխտումից, բայց ավարտվել է դրա հրապարակային ճանաչմամբ։ Եվ այն փաստը, որ լույս տեսնելուց հետո գիրքն աննախադեպ իրարանցում է հարուցել թուրքական մամուլում և բացառիկ տարածում ստացել թյուրքալեզու ընթերցողների շրջանում, հույս է ներշնչում, որ Թուրքիայի քաղաքացիներն ուզում են իմանալ ճշմարտությունն իրենց պատմության, XIX դարավերջի և XX դարասկզբի իրադարձությունների մասին։ Ընդ որում մենք պետք է ուշադիր վերաբերվենք թուրք լրագրող Յավուզ Բայդարի այն հաղորդմանը, որը նա զետեղել է “Twitterе”-ի իր էջում Հասան Ջեմալի գրքի հրապարակման առիթով՝ մի հատված մեջբերելով գրքից, ուր Հասան Ջեմալը ներկայացնում է իր պապի` 1919 թ. Մյունխենում արած հայտարարությունը, թե` «Թուրքիայի հայերը վարակված էին ռուսամոլությամբ, և թուրքերը պետք է սպանեին նրանց, որպեսզի ողջ մնացած հայերը հրաժարվեին Ռուսաստանից։ Հենց դրա համար էլ տեղի ունեցավ հայերի ցեղասպանությունը։

Հարկ է նշել, որ վերջին տասնամյակներում, անկասկած, փոփոխություններ են տեղի ունեցել թուրք հասարակության ներսում սեփական պատմական անցյալի գնահատման, 1915 – 1923 թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության կապակցությամբ։ Այս թեմայի շուրջ ոչ քիչ հետաքրքիր դատողություններ կան։ Այսպես, թուրք հայտնի լրագրող, պատմաբան և հրապարակախոս, “Today's Zaman”-ի խորագրերից մեկի մշտական վարող, “Radikal” թերթի վերլուծաբան Օրհան Քեմալ Ջենգիզն իր հրապարակումներում բազմիցս հարց է տվել. «Ի՞նչն է խանգարում, որպեսզի Թուրքիան ճանաչի անցյալը։ Ինչո՞ւ թուրքերի համար այդքան դժվար է խոսել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել իրենց երկրում գրեթե մեկ դար առաջ։ Ինչո՞ւ ամերիկացիների համար համեմատաբար ավելի հեշտ է խոսել հնդկացիների ստրկացման և զանգվածային սպանությունների մասին։ Ինչո՞ւ ուրիշ ազգերի համար հեշտ է խոսել այն մասին, թե ինչ են արել այլևայլ երկրներում, որոնք իրենք գաղութացրել են, մինչդեռ թուրքերը հսկա թաբու են դրել հայերի հետ իրենց անցյալի հարցերի վրա։ Ո՞րն է պատճառը, որով թուրքական հանգամանքը տարբերվում է բոլոր մյուսներից (analitika.at.ua>news/orkar_Kemal_dzengir_chto…)։ Պատասխանելով իր իսկ հարցադրումներին` Օրհան Քեմալ Ջենգիզը գրում է. «Այն, ինչ տեղի է ունեցել Թուրքիայում 1915 թ., պարզապես անցյալի չարագործություն չէ, ինչպես ամերիկացիների և եվրոպացիների պարագայում։ Պատահածը պահվում է թուրքական ազգային ինքնության կենտրոնում. դա այն իմացությունն է, որը պետք է ապրի ազգային ենթագիտակցության մութ անկյուններում՝ ստատուս-քվոն պահպանելու համար։ Պայքարն անցյալի դեմ ոչ միայն դրա ամոթալի իրողություններին երես առ երես բախվելու սարսափից է, այլ նաև նշանակում է ազգային բազմաթիվ առասպելների և թաբուների կործանման վկան դառնալու անպատրաստություն։ Դա նշանակում է հարցականի տակ դնել թուրքական հանրապետության հիմնադիրների ազգային ինքնությունը, հանուն անկախության մղած  թուրքական պատերազմը, մոդեռնացումը, Օսմանյան կայսրության անցյալը և էլի շատ հարցեր... Երկար ժամանակ կպահանջվի, մինչև որ մենք լիովին գիտակցենք 1915 թ. զանգվածային սպանությունների և Անատոլիայից ոչ մահմեդականների արտաքսման նշանակությունը։ Սակայն մինչ այդ, մինչ շարունակվում է Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացը, ես հույս ունեմ, որ մենք ավելի հաճախ ենք բախվելու մեր անցյալի և իրականության հետ։ Թուրքիան և թուրքերը պետք է դիտարկեն իրենց ինքնության յուրաքանչյուր բաղադրիչ՝ ձերբազատվելու համար դրա անառողջ տարրերից։ Թուրքիայի դիմակայումը սեփական պատմությանը անհրաժեշտ է ոչ միայն այդ չարագործության զոհերի հանդեպ արդարությունը վերականգնելու համար, այլև որպեսզի թուրքերը կարողանան գտնել իրենց ճշմարիտ ինքնությունը և ազատեն նրան պատրանքներից ու կապանքներից, որ կարողանա զարգանալ և ավելի մոտ լինել իրականությանը։ Հենց այդ ժամանակ էլ մենք ազատ կլինենք»։ Թուրք հրապարակախոսի կարծիքը դժվար է վիճարկել։

Վերադառնալով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի կայանալիք նստաշրջանին Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության մասնակցության նպատակահարմարության հարցին՝ հիշեմ զրույցս ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սոարեշի հետ։ ԵԱՀԿ ԽՎ նախկին նախագահ պրն Սոարեշը, որը երդվյալ կողմնակիցն է այն տեսակետի, թե Եվրամիությանը Հարավային Կովկասի պետությունների ինտեգրման հետագա խորացումն անայլընտրանք չունի, այնուամենայնիվ, ըմբռնումով և անհանգստությամբ վերաբերվեց մեր այն մտահոգությանը, որ Թուրքիան և Ադրբեջանը բացահայտ անտեսում են Եվրամիության ղեկավարության՝ Հայաստանի սահմանը նրանց կողմից ապաշրջափակելու բազմաթիվ կոչերը, և դա՝ այն դեպքում, երբ այդ երկրների ղեկավարները հայտարարում են, թե վճռական են Եվրամիությանն անդամակցելու հարցում։ Ժոաո Սոարեշը բարձր գնահատեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պետական մոտեցումը հայ-թուրքական արձանագրությունների («Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրություն» և «Երկկողմանի հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն») նախաստորագրման հարցին, ինչը, հիրավի, հայկական պետության ղեկավարի, պետական գործչի պատասխանատու և խիզախ վերաբերմունքի դրսևորում էր, երբ ոչ միայն Հարավկովկասյան տարածաշրջանում, այլև նրա սահմաններից դուրս կայուն խաղաղության հաստատման շահը վեր դասվեց անձնական քաղաքական շահերից։ Ավելին, Սերժ Սարգսյանը չերկնչեց պատմական հայրենիքից (ինչպես Արևելյան, այնպես էլ Արևմտյան Հայաստանից) զրկված հարյուրհազարավոր սփյուռքահայերի կողմից չհասկացվելուց։ Մեր այդ հայրենակիցները Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկվածների սերունդներն են, որոնք սերնդեսերունդ փոխանցել են ժողովրդի պատմության, XX դարասկզբի իրադարձությունների ողբերգությամբ լի էջերը, որոնց ականատեսն են եղել իրենք։ Հուսամ, որ Ժոաո Սոարեշը կշարունակի իր հոր, մեծ եվրոպացու (որն անձնազոհ մարտնչում էր Անտոնիու դի Օլիվեյրա Սալազարի բռնապետական վարչակարգի դեմ, և որը երկու անգամ դարձել է Պորտուգալիայի նախագահ և վարչապետ)՝ Մարիու Սոարեշի ավանդույթները և ԵԱՀԿ ԽՎ Ստամբուլի նստաշրջանում հատուկ սրությամբ կբարձրացնի Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման անթույլատրելիության հարցը։

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրությանը՝ Ասոցիացման  համաձայնագիր կնքել Եվրամիության հետ կամ մտնել Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ապագա Միասնական տնտեսական տարածք, իսկ հետագայում էլ՝ Եվրասիական միություն, ապա դա բախտորոշ հարց է, որը հայ ժողովուրդը պետք է ինքը վճռի` առանց դրսից որևէ ճնշման կամ հուշման։ Ավա՜ղ, համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամը բացահայտեց Եվրամիության շատ երկրների լուրջ խոցելիությունը։ 2011 թ. ապրիլի 22-ին “Euronews”-ին տված հարցազրույցում, պատասխանելով թղթակցի այն հարցին, թե «այդ ի՞նչ հրեշներ են, որ սպառնում են ԵՄ-ին, այդ թվում և Պորտուգալիային», այդ նույն Մարիու Սոարեշը հայտարարեց. «Նախևառաջ՝ դա տնտեսության և բիզնեսի գերիշխանությունն է քաղաքականության նկատմամբ։ Դա ողբերգություն է պետությունների այդ խմբի ցանկացած երկրի համար։ Ես կարծում եմ, որ ԵՄ-ն այժմ ծանրագույն ճգնաժամ է վերապրում։ Ես «հրեշներ» եմ անվանում հունից լրիվ դուրս եկած շուկաները և նրանց, ովքեր ղեկավարում են շուկաները, և դա իրոք այդպես է։ Դրանք իսկական հրեշներ են։ Ոչ ոք չգիտե, թե որտեղից դրանք հայտնվեցին և ինչի են ձգտում։ Հայտնի է, որ դրանք փող են ուզում, ուզում են թուլացնել եվրոն և ճնշել որոշ երկրների՝ Հունաստանի, Իռլանդիայի, Պորտուգալիայի և էլի մի քանիսի տնտեսությունը։ Եվ դա չափազանց վտանգավոր է, մանավանդ որ Եվրոպան կարիք ունի համախմբվածության: Եթե  փող ունեցող երկրները, ինչպիսին է Գերմանիան իր տիկին Մերկելով, կարծում են, թե կարող են մնացյալ Եվրոպային հրամայել և վերակառուցել այն գերմանավարի, ապա նրանք չարաչար սխալվում են»։ Համաձայնեք, որ եվրոպական քաղաքականության այս իմաստուն նահապետի խոսքերը թանկ արժեն։ Առավել ևս, որ ճգնաժամային երևույթները Եվրոպայում շարունակվում են։ Այսպես, վերջերս տնտեսական քաղաքականության եվրահանձնակատար Օլի Ռենը, խոսելով ԵՄ երկրների տնտեսական իրավիճակի մասին, նկատել է. «Այս տարի ԵՄ ընդհանուր ՀՆԱ-ն կրճատվել է 0,1%-ով, իսկ եվրագոտու երկրներում՝ 0,4%-ով։ Ընդ որում՝ եվրոյի գոտու 5 խոշոր տնտեսություններից 4-ը՝ Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան և Նիդեռլանդները, կմտնեն ռեցեսիայի փուլ։ Դա Եվրոպային կտրականապես հնարավորություն չի տալիս հաղթահարելու ծանրագույն ճգնաժամն աշխատանքի շուկայում։ Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ 2013 թ. ավարտին գործազրկությունը եվրագոտու երկրներում կմնա 12%-ի մակարդակին, իսկ գալիք տարի նույնիսկ կանցնի այդ սահմանագիծը»։

Վերադառնալով ԵԱՀԿ ԽՎ ստամբուլյան նստաշրջանի «Հելսինկի + 40» օրակարգին՝ ակամա միտքս են գալիս 1975 թ. օգոստոսի 1-ի իրադարձությունները, երբ 35 պետությունների ղեկավարները Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ստորագրեցին Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդակցության Եզրափակիչ փաստաթուղթը։ Պատմությունը մեզ հիշեցնում է սուր բանակռիվները Եզրափակիչ փաստաթղթի «առաջին զամբյուղի» («Սկզբունքների հռչակագիր, որոնցով մասնակից պետություններն առաջնորդվելու են փոխադարձ հարաբերություններում», այսուհետ՝ Հռչակագիր) շուրջ։ Վաղուց հաստատվել է այն կարծիքը, թե Հռչակագիրը հետևյալ 10 սկզբունքների մեկնաբանված ցանկն էր. ինքնիշխանությանը բնորոշ ինքնիշխան հավասարություն և իրավունքների հարգում, ուժի կամ ուժի սպառնալիքի չգործադրում, սահմանների անխախտելիություն, պետությունների տարածքային ամբողջականություն, վեճերի խաղաղ կարգավորում, միմյանց ներքին գործերին չմիջամտելը, մարդու իրավունքների և հիմնական ազատությունների հարգում՝ ներառյալ արտահայտվելու, խղճի, կրոնի և համոզմունքների ազատությունը, ժողովուրդների իրավահավասարություն և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք; համագործակցություն պետությունների միջև, միջազգային իրավունքի գծով պարտավորությունների բարեխիղճ կատարում։ Սկզբունքների այս ցանկը բացառիկ է այն իմաստով, որ այդտեղ միավորված են ԽՍՀՄ-ի և արևմտյան երկրների միմյանց ուղղակիորեն հակասող դիրքորոշումները։ Հակասությունների առավել կարևոր երկու խումբ կար։ Առաջինը պարունակում էր իմաստային տարբերություններ սահմանների անխախտելիության սկզբունքը և իրենց ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու ժողովուրդների իրավունքի միջև։ Հատկանշական է, որ առաջինը (սահմանների անխախտելիությունը) պաշտպանում էր Խորհրդային Միությունը՝ նկատի ունենալով Եվրոպայում գոյություն ունեցող հետպատերազմյան սահմանների ամրագրումը։ Երկրորդի կողմնակիցն արևմտյան երկրներն էին, որոնք ցանկանում էին ամրագրել սկզբունքային հնարավորությունը, որ ապագայում կարելի կլինի միավորել Գերմանիաները ԳԴՀ-ի և ԳՖՀ-ի գերմանացիների ազատ կամարտահայտման հիման վրա։ Արևմտյան քաղաքական գործիչների կարծիքով՝ հարցի նման առաջադրումը չէր հակասում սահմանների անխախտելիության սկզբունքին, քանի որ անխախտելիությունը հասկացվում էր որպես ուժի միջոցով դրանց փոփոխության անընդունելիություն։ 1990 թ. նույնպես, երբ Գերմանիան միավորվեց, անխախտելիությունը չէր նշանակում անփոփոխություն և միավորման գործընթացի քաղաքական-իրավական կողմը լիովին համապատասխան ճանաչվեց Հելսինկյան համաձայնագրի տառին և ոգուն։ Այս տեսակետից մեծ երևակայություն պետք է ունենալ՝ չնկատելու համար իրավաքաղաքական այն որոշման անսասանությունը, որն ընդունվեց 1988 թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) Ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի արտահերթ նստաշրջանում։ Կրկին ու կրկին հիշեցնենք, որ ԽՍՀՄ գործող Սահմանադրությանը լիովին համապատասխան՝ ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի նստաշրջանն ընդունեց որոշում` դիմելով Ադրբեջանի Գերագույն խորհրդին՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու, Հայաստանին՝ ԼՂԻՄ-ն իր կազմում ընդունելու և ԽՍՀՄ-ին՝ այդ որոշումը բավարարելու խնդրանքով։

Հռչակագրի իմաստային հակասությունների երկրորդ խումբը վերաբերում էր պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի և իրենց ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու իրավունքի հարաբերակցությանը։ Առաջինն ամրագրում էր փաստաթուղթն ստորագրած պետություններից յուրաքանչյուրի տարածքային ամբողջականությունը, ներառյալ այն պետությունները, որոնցում անջատողական միտումներ կային (Մեծ Բրիտանիա, Հարավսլավիա, ԽՍՀՄ, Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա, Կանադա)։ Իրենց ճակատագիրը տնօրինելու ժողովուրդների իրավունքի սկզբունքը լրիվ համապատասխանում էր Վուդրո Վիլսոնի պատկերացմանը, որը դեռ XX դարասկզբին հանդես էր գալիս անկախ ազգային պետությունների ստեղծման, այսինքն՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման օգտին։ Ուստի, 1990-ական թթ. սկզբներին, երբ կտրուկ սրվեց անջատականությունը Հարավսլավիայում, Եվրոպայի երկրներն իրենց կաշկանդված չզգացին դրան դիմակայելու պարտավորությամբ, իսկ Հարավսլավիան չկարողացավ հղում կատարել Հելսինկյան Եզրափակիչ փաստաթղթին՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մերժմանն ուղղված իր կոշտ քաղաքականությունն արդարացնելու համար։ Չգիտես ինչու եվրոպական երկրների նույն հանդուրժողական մոտեցումը, որը դրսևորվեց Բալկաններում անկախ պետությունների կազմավորման ժամանակ, չցուցաբերվեց Լեռնային Ղարաբաղի պարագայում։ Ավելի հստակ լինելու համար նշենք, որ ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի վերոնշյալ որոշումից հետո Ադրբեջանը սաստկացրեց բռնությունները։ Սկսվեցին հայերի ջարդերն ու զանգվածային սպանությունները ԼՂԻՄ-ից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող քաղաքներում՝ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Շամխորում, այնուհետև՝ ողջ Ադրբեջանով մեկ հարյուրավոր մարդիկ զոհվեցին, հազարավորները վիրավորվեցին։ Այս արյունալի չարագործությունների հետևանքով Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի քաղաքներից և գյուղերից մոտ 450 հազար հայ փախստական դարձավ։ Կան այդ ահավոր իրադարձությունների ականատեսների բազմաթիվ վկայություններ։ Մտքիցս դուրս չեն գալիս ԽՍՀՄ Վաստակավոր օդաչու, այն տարիներին Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ, ԽՍՀՄ միակ գործող օդաչու, որը նաև հոգեբանական գիտությունների դոկտոր էր, Հովհաննես Երիցյանի հուշերը։ Երբ  1990 թ. հունվարի 13 – 20-ին Բաքվում հայկական ջարդեր էին իրականացվում, Ադրբեջանի ղեկավարներն արգելեցին հայ օդաչուների թռիչքները Բաքու։ Եվ միայն ԽՍՀՄ Քաղաքացիական ավիացիայի նախարար Բորիս Պանյուկովի անմիջական կարգադրությամբ ադրբեջանական կողմը ստիպված եղավ ինքնաթիռը ընդունել Երևանից՝ պայմանով, որ օդանավի ղեկին լիներ ինքը՝ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Երիցյանը։ Եվ ահա ԽՍՀՄ վաստակավոր օդաչուն օրը մի քանի անգամ թռչում էր Բաքու՝ այնտեղից դուրս բերելով երեխաներին, կանանց, ծերերին։ Օդաչու լինելուց բացի, ինչպես ասվեց, նա նաև, ինչպես ասացի, գիտնական-հոգեբան էր, և առաջին թռիչքի ժամանակ դուրս եկավ փախստականների մոտ՝ նրանց ինչ-որ կերպ սփոփելու, գոտեպնդելու մտադրությամբ։ Բայց նայելով նստած ու կանգնած հայ կանանց, ծերերի ու երեխաների սարսափով լի աչքերին՝ Հովհաննես Պավլովիչը չկարողացավ անգամ մի խոսք արտաբերել։ Հետո, ինչպես հիշում է նրա անձնակազմի երկրորդ օդաչուն, վերադառնալով խցիկ՝ օդանավի հրամանատարն ամուր կառչել է ղեկից և բաց չի թողել ողջ թռիչքի ընթացքում ու լռել է և միայն այդ խիզախ մարդու արցունքներն են մատնել նրա ցնցումը։ Այսօր էլ Հովհաննես Պավլովիչն առանց հուզմունքի չի կարողանում հիշել այն տագնապալի օրերը։ Հանուն արդարության նշեմ, որ բոլոր ավիաչվերթները Բաքվի օդանավակայանում ընդունում և ճանապարհում էր Ադրբեջանի Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Վ.Գ. Սադըխլըն։ Ես շատ լավ էի հասկանում մեր փառապանծ օդաչուների հոգեվիճակը։ Ձեր խոնարհ ծառան՝ տողերիս հեղինակը, որ այն ժամանակ Երևանի քաղաքապետն էր, անկարող էի Երևանի օդանավակայանում առանց սրտդողության դիմավորել բաքվեցի փախստականներին։

1988 –1990 թթ. ողբերգական իրադարձություններից հետո, 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի և Շահումյանի շրջանի ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում։ Այդպիսով, իրականացվեց ԽՍՀՄ գործող օրենսդրությամբ, մասնավորապես՝ 1990 թ. ապրիլի 3-ի «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» օրենքով սահմանված իրավունքը, որը նախատեսում էր ազգային ինքնավարությունների՝ իրենց պետաիրավական կարգավիճակի հարցն ինքնուրույն լուծելու իրավունքը ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում։ Նշենք, որ 1991 թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունեց հռչակագիր «Ադրբեջանական Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին»։

Այդ, այս դեպքում ևս Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմանադրորեն ընտրված իշխանությունների որոշումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին դարձավ լիովին համապատասխանում է պետությունների (տվյալ դեպքում՝ ԽՍՀՄ-ի) տարածքային ամբողջականության սկզբունքին, քանի որ 1991թ. սեպտեմբերի 2-ին, հռչակելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները չէին հայտարարում ԽՍՀՄ-ից դուրս գալու մասին։ Էլ չասած այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների այս որոշումն ընդունվել է Հելսինկիի Եզրափակիչ փաստաթղթի այն սկզբունքին լրիվ համապատասխան, որը ժողովուրդներին օժտում է սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք։

Հուսանք, որ ԵԱՀԿ ԽՎ Ստամբուլում կայանալիք նստաշրջանը չի լինի մի համաժողով, որտեղ միայն քաղաքական կեցցեներ կհնչեն Հելսինկյան համաձայնագրի պատվին, որ նա կդառնա այն հեղինակավոր հարթակը, որտեղ քննական վերաիմաստավորման կենթարկվեն Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդակցության Հելսինկյան Եզրափակիչ փաստաթղթի դրույթների իրականացման ժամանակ երկակի չափանիշների կիրառման պատճառները։ Եվ միայն այդ դեպքում մենք իրավունք կունենանք ակնկալելու, որ եվրոպական պետությունների մեր գործընկերներն ինքնաքննադատաբար կվերաբերվեն այն փաստին, որ ցայսօր իրենց երկրները չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վերջնական կարգավորմանը, ապա դա հնարավոր է միայն մեր երկրների՝ Եվրասիական միություն մտնելու պարագայում։ Ընդ որում՝ քաղաքական նման որոշում առաջինը պետք է կայացնի Հայաստանը, քանի որ երկրագնդի վրա չկա մեկ այլ ժողովուրդ, որը հոգեպես այնքան մոտ լինի մեզ՝ հայերիս, որքան ռուս ժողովուրդը։ Ժողովուրդ, որի ընդերքում կարող են ծնվել այնքան մաքուր և ազնիվ, հարգանքով ու քնարականությամբ լի խոստովանություններ, որոնցով, օրինակ, լեցուն է Վիկտոր Կոնոպլյովի «Սիրել Հայաստանը ռուսավարի» բանաստեղծությունը։

ԵՄ-ի հետ Հայաստանի Ասոցիացման ակնկալվող համաձայնագիրը, ավա՜ղ, չի լուծի բարդ խնդիրներից և ոչ մեկը, որոնք ստեղծում է ադրբեջանական կողմը, և որոնց որևէ կերպ չի արձագանքում ԵՄ-ը։ Չի արձագանքում նաև ԵԱՀԿ ԽՎ-ն։ Ադրբեջանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով 2013 թ. մայիսի 28-ին կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթն այլ կերպ, քան մարտահրավեր միջազգային այդ կազմակերպությանը չես անվանի։ Նա հայտարարել է, թե Ադրբեջանն այսուհետ ևս պետք է միջազգային բոլոր նախագծերից մեկուսացման մեջ պահի Հայաստանը։ «Այս մարտավարությունը և այս քաղաքականությունն իրենց պտուղներն են տալիս... Ամեն տարի այդ երկիրը լքում է 80 – 100 հազար մարդ։ Լքում են ընդմիշտ։ Այդ երկրում սաստկանում են բնակչության աճի անկման միտումները, նկատվում է ժողովրդագրական ճգնաժամ։ Ինչ վերաբերում է տնտեսության վերածնմանը, ապա նման հեռանկարներ ընդհանրապես չկան։ Այնտեղ լիակատար լճացման վիճակ է», – չարախնդել է ադրբեջանական առաջնորդը։ Հարցն այն չէ, որ խոսելով Հայաստանի մասին՝ Իլհամ Ալիևն իր նվիրական երազանքը ներկայացնում է իբրև իրականություն, այլ այն, որ Ադրբեջանի նախագահը ԵԱՀԿ ԽՎ «Հելսինկի + 40» օրակարգով հրավիրվող ստամբուլյան նստաշրջանի նախօրեին, փաստորեն, հայտարարում է, թե թքած ունի սկզբունքների այն «Հռչակագրի վրա, որոնցով մասնակից պետություններն առաջնորդվելու են փոխադարձ հարաբերություններում», ինչը Հելսինկյան Եզրափակիչ փաստաթղթի հիմքերից մեկն է։ Այսինքն՝ մենք ականատեսն ենք Ստամբուլում կայանալիք նստաշրջանի բուն գաղափարի, բովանդակության անթաքույց գռեհկացմանն Ադրբեջանի ղեկավարության կողմից։ Բայց թե ինչու են ապշերոնյան քաղաքական գործիչներն այդքան անհեթեթ վիճակի մեջ դնում իրենց թուրք հովանավոր-գործընկերներին՝ առանձին հոդվածի թեմա է։

Խորհրդածություններս կուզենայի ավարտել մեջբերվող վերը նշված թուրք լրագրող, պատմաբան և հրապարակախոս Օրհան Քեմալ Ջենգիզի մտորումները, որոնք նա հրապարակել է “Today’s Zaman” պարբերականում։ Ահա թե ինչ է գրել նա. «Եթե մենք իսկապես վստահ լինեինք ինքներս մեզ, ոչինչ էլ չէինք հերքի մեր անցյալից և հպարտությամբ կընդունեինք մեր երկրի քրիստոնեական և մահմեդական էությունը։ Մենք չէինք փորձի սիրել Ստամբուլը՝ հերքելով նրա անցյալը։ Մեր սերը նման չէր լինի դաժան սիրո, երբ տղամարդը զուտ ֆիզիկապես է սիրում կնոջը։ Եթե մենք ազնիվ լինեինք, ավելի շատ բան կիմանայինք մեր ծագման ու անցյալի մասին, և ամեն բան տեղը կընկներ։ Մենք մարդասպաններին հերոսի տեղ չէինք դնի, հերոսներին էլ՝ դավաճանների» ... Ավա՜ղ, այս ամենը, ցավոք, դեռևս բացակայում է արդի թուրք հասարակությունում, և ուստի Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը Ստամբուլ տանող դժվար ճանապարհ է սպասում։                                           

 

Արտաշես Գեղամյան

Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի մշտական պատվիրակության ղեկավար, «Ազգային Միաբանություն կուսակցության» և «Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպության նախագահ (www.amiab.am)

 

 

 

Последние видеоматериалы

Новые книги