Արտաշես Գեղամյան. Աքրամ Այլիսլին մենակ չէ, նրա հետ են Հայնեն, Ռեմարկը, Մանը և Ֆրեյդը

19.02.2013, Իրավունք

2013թ. փետրվարի 21-22-ին տեղի կունենա ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի տասներկուերորդ ձմեռային նիստը։ Հաստատուն դարձած ավանդույթի համաձայն՝ ԵԱՀԿ ԽՎ Քարտուղարությունը նախապես պատվիրակներին է ուղարկել ձմեռային նստաշրջանի ծրագիրը, ըստ որի՝ նստաշրջանում ԵԱՀԿ ԽՎ երեք Ընդհանուր կոմիտեների համատեղ եզրափակիչ նիստում հատուկ քննարկում է նախատեսված. ԵԱՀԿ երկրների հնարավոր արձագանքներն ի պատասխան Սիրիայում, Սահարայում և Հյուսիսային Աֆրիկայում տիրող ճգնաժամային իրավիճակի։ Այս հարցերն, անշուշտ, խիստ հրատապ են Հայաստանի Հանրապետության համար։ Գաղտնիք չէ, որ այդ տարածաշրջանում արդեն մոտ մեկ հարյուրամյակ ապրում են մեր հայրենակիցները՝ հարյուր հազարավոր այն փախստականների սերունդները, որոնք 1915-1923թթ. հրաշքով փրկվեցին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունից և ապաստան գտան այդ երկրներում։ Մեզ չի կարող չտագնապեցնել Թունիսի, Եգիպտոսի, Սիրիայի հայ բնակչության ճակատագիրը, հատկապես հիմա, երբ Հայաստանում ապաստան են գտել Սիրիայի քաղաքացի ավելի քան 6500 հայեր, որոնց երեխաների համար հատուկ դպրոցներում կազմակերպվել է ուսուցում արաբերեն և հայերեն լեզուներով։ Հատկանշական է, որ այդ աշխատանքը տարվում է պետական մակարդակով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական հովանավորությամբ և սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի օպերատիվ համակարգմամբ։ Շատ կուզենայի, որ Սիրիայի քաղաքացիների ցավն ու տագնապները, նրանց մտորումները կատարվածի մասին լսելի լինեին ԵԱՀԿ 56 անդամ պետությունների խորհրդարանականներին։ Ցանկալի կլիներ Քաղաքական հարցերի և անվտանգության ընդհանուր կոմիտեում տպավորություններ կիսեինք հանրապետության նախագահի ընտրության՝ անկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ քարոզարշավի մասին։

 

Ընտրարշավ, որն աչքի է ընկնում հրապարակայնությամբ, ՀՀ նախագահի հիմնական թեկնածուների՝ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի, անկախ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի, հայտնի այլախոհ, դեռ Հայկական ԽՍՀ տարիներին իր Հայրենիքի անկախության համար բացեիբաց մարտնչող Պարույր Հայրիկյանի կողմից ընտրողների դատին ներկայացվող ծրագրերի սուր մրցակցությամբ։ Կուզենայի նաև պատմել նախագահական ընտրարշավի խիստ ժողովրդավարական ոգու, լրատվամիջոցներում հատկապես պետական, ծրագրային ելույթների և ՀՀ նախագահի յուրաքանչյուր թեկնածուի հանդիպումների բարեհաճ ու զգույշ լուսաբանման մասին, նշել հանդուրժողական վերաբերմունքն անգամ այն թեկնածուների հանդեպ, ովքեր ի սկզբանե էին ցանկանում ստվեր գցել նախընտրական քարոզչության վրա։ Եվ իհարկե, չէր խանգարի գործընկեր խորհրդարանականներին հայտնել մեր մտորումներն այն մասին, որ ՀՀ-ում տիրող ժողովրդավարական ոգին և առհասարակ բարյացակամ մթնոլորտը, պարզվում է, բնավ ամեն մեկի սրտովը չէ։ Ընդ որում՝ դա այնքան խառնեց մեր բարին չկամեցողների ծրագրերն ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, որ վերջինները որոշեցին դիմել չարագույժ արկածախնդրության. մահափորձ իրականացվեց նախագահի թեկնածուներից մեկի՝ Պարույր Հայրիկյանի դեմ։ Այս մասին ես արդեն գրել եմ REGNUM լրատվական գործակալությունում 2013թ. փետրվարի 3-ին, «Արտաշես Գեղամյան. ՀՀ նախագահի ընտրությունների սևացման գործընթացը թևակոխում է եզրափակիչ փուլ» հոդվածում։ Բայց նշենք, որ խափանված մահափորձից հաշված օրեր անց, շնորհիվ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պրոֆեսիոնալ աշխատանքի, որը ղեկավարում է իր գործի լավագույն գիտակ Գորիկ Գուրգենի Հակոբյանը, կասկածյալները կալանվեցին և արդեն խոստովանական ցուցմունքներ են տվել։ Կասկածից վեր է, որ այս գործը կհասցվի ավարտին։ Եվ որքան շատ էի մտածում այս հարցերի մասին, այնքան ավելի էի համոզվում, որ կա ևս մեկ՝ ոչ պակաս կարևոր հարց, և ոչ միայն Հայաստանի Հանրապետության ու հայերի, այլև, կուզենայի հավատալ, ԵԱՀԿ բոլոր պետությունների ու այդ տարածքի քաղաքացիների համար։ Ընդ որում՝ այդ հարցը, իմ համոզմամբ, պետք է անկյունաքարային լինի ԵԱՀԿ ԽՎ ձմեռային գալիք նստաշրջանում։ Խոսքը մեր ժամանակակցի, նրա կյանքին սպառնացող վտանգի մասին է, Ադրբեջանի Ժողովրդական գրող, այդ երկրի արվեստի Վաստակավոր գործիչ, երկրի բարձրագույն շքանշանի՝ «Իսթիղալի» և «Շոհրաթ» շքանշանի (որով պարգևատրվել է ադրբեջանական գրականության մեջ ունեցած մեծ վաստակի համար) ասպետ Աքրամ Այլիսլիի մասին։ Հիշեցնենք, որ ռուսական «Դրուժբա նարոդով» ամսագրի 2012թ. դեկտեմբերի համարում տպագրվել էր Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմը՝ նվիրված Ադրբեջանական ԽՍՀ-ում ապրած հայերին։ Այդ վեպն ունի բնաբան՝ «Նվիրվում է իրենցից հետո կուտակված ցավ թողած երկրացիներիս հիշատակին»։ Չեմ թաքցնի՝ վեպ-ռեքվիեմի մասին ես իմացա՝ ծանրակշիռ ինտերնետ-պարբերականներում, մասնավորապես՝ REGNUM-ում կարդալով Ադրբեջանի Ժողովրդական գրողի հալածանքների և հետապնդումների մասին։ Ընթերցողներին ուզում եմ հիշեցնել որոշ իրադարձություններ, որոնք հաջորդել են հարգարժան մուալիմ Աքրամ Այլիսլիի վեպ-ռեքվիեմին։ «Ընդունվել է որոշում, որ բոլոր պատիժներն Այլիսլիի համար քիչ կլինեն, և պետք է կտրել նրա ականջը։ Այս որոշման կատարումը հանձնարարվել է կուսակցության երիտասարդական բաժանմունքի անդամներին։ Որոշումն իրականացնողին կվճարվի 10 հազար մանաթ (մոտ 12 հազար դոլար) պարգևավճար». այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել իշխանամետ «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Հաֆիզ Հաջիևը։ Այսքանով չսահմանափակվեցին։ Այլիս գյուղում, որտեղ ծավալվում է վեպի սյուժետային գծերից մեկը, զանգվածային ցույցեր տեղի ունեցան։ Կենտրոնական հրապարակում հավաքվածները վանկարկում էին «Մահ Այլիսլիին», «Դավաճան», «Հայ Աքրամ», այրեցին նրա բոլոր գրքերը։ Գրողի գրքերն այրեցին նաև հայկական պատմական Գանձակում (Ելիզավետպոլ), որը 1804 թվականից, ի պատիվ Ալեքսանդր 1-ինի կնոջ՝ Ելիզավետա Ալեքսեևնայի, վերանվանվեց Ելիզավետպոլ։ Հատկանշական է, որ 1892թ. տվյալներով՝ Ելիզավետպոլում 25758 բնակիչ կար, որոնցից 13392-ը՝ թաթար մուսուլմաններ, 10524-ը՝ հայեր։ Քաղաքում գործում էին 13 մզկիթ, 6 Հայ Առաքելական և 2 Ռուս Ուղղափառ եկեղեցիներ։ 1918թ. քաղաքը վերանվանվեց Գյանջա։

Կարդալով այլատյացության այս և բազմաթիվ այլ բացահայտ դրսևորումների մասին՝ առաջինը, որ միտքս եկավ, 80-ամյա վաղեմության դեպքերն էին նացիստական Գերմանիայում։ Ինչո՞վ էին «հիշարժան» 1933թ. մայիսի 10-ի գիշերվա իրադարձությունները։ Այդ ժամանակ համալսարանական քաղաքների մեծ մասում, ներառյալ՝ Բեռլինում, Բոննում և Մյունխենում, ուսանողները, որպես խորհրդանշական սահմռկեցուցիչ գործողություն, այրեցին ավելի քան 25 հազար կտոր «ոչգերմանական» գրքեր։ Այրեցին Մարքսի ու Կաուցկու, Հենրիխ Մանի ու Զիգմունդ Ֆրեյդի, Էրիխ Մարիա Ռեմարկի ու Էրիխ Կաստների... գրքերը։ Մեր օրերում Գերմանիայում անցած դարի 30-ականներին տեղի ունեցած իրադարձությունները ցանկացած քաղաքակիրթ մարդու ահավոր և անհավանական են թվում։ Եվ այնուամենայնիվ, երբեք չպետք է մոռանալ դրանց մասին, որպեսզի ապագայում թույլ չտրվի «Խարույկների տոնակատարության» կրկնությունը, մանավանդ որ դա կրկնվեց Այլիսում և Գյանջայում վառված խարույկներով, որոնց մեջ այրվեցին այժմ արդեն համընդհանուր ճանաչում ձեռք բերած, առաջադեմ մարդկության մեծագույն հարգանքին արժանացած Աքրամ Այլիսլիի գրքերը...

Կարդալով նախագահ Իլհամ Ալիևի 2013թ. փետրվարի 7-ի կարգադրությունը «Քարե երազներ» վեպի հեղինակ Աքրամ Այլիսլիին Ժողովրդական գրողի կոչումից և Ադրբեջանի Հանրապետության նախագահի անհատական թոշակից զրկելու մասին՝ հիշողությանս մեջ վերակենդանացան մեծ դրամատուրգ Բերթոլդ Բրեխտի խոսքերն «Այրված գրքեր» բանաստեղծությունից. «Այրեցե՛ք ինձ։ Ինձ չանտեսե՛ք։ Չանե՛ք դա։ Մի՞թե ես իմ գրքերում միայն ճշմարտությունը չեմ գրել։ Իսկ դուք ինձ հետ վարվում եք ինչպես ստախոսի։ Ես հրամայո՛ւմ եմ Ձեզ՝ այրեցե՛ք ինձ»։ Այն օրերին պակաս սրտահույզ չէին նաև բավարացի հայտնի գրող Օսկար Մարիա Գրաֆի խոսքերը, որը, վրդովված, որ իր գրքերը չեն այրվել, դիմել է Գերմանիայի նացիստական իշխանություններին բաց նամակով՝ վերնագրված «Այրեցեք ինձ», որտեղ ասվում էր. «Ես արժանի չեմ նման անպատվության։ Իմ ամբողջ կյանքում և իմ բոլոր ստեղծագործություններով ես վաստակել եմ պահանջելու իրավունք, որ իմ գրքերը հանձնվեն խարույկի մաքուր կրակին, այլ ոչ թե հայտնվեն մարդասպանների դարչնագույն ավազակախմբի արյունոտ ձեռքերում և փչացած ուղեղներում»...

Հուզմունքով ու տագնապով սկսեցի կարդալ Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպը՝ «Դրուժբա նարոդով» ամսագրի փոքրիկ խմբագրական ներածականով. «Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմը պարզապես գեղարվեստական տեքստ չէ, այն գրողի՝ իսկական հայրենասերի չափից ավելի համարձակ արարք է, որը հանուն իր ժողովրդի պատվի ու արժանապատվության չի վախեցել ասելու դառը ճշմարտությունը։ Ասված լինելով հայրենակցի կողմից, որի հայրենասիրությանը ոչ ոք չի կասկածի, այդ ճշմարտությունն ավելի քան հարկավոր է և օգտակար։ Օգտակար է բոլորին՝ ռուսներին, հայերին, վրացիներին, սերբերին ու ալբանացիներին, արաբներին ու իսրայելցիներին, բոլոր նրանց, ովքեր տառապագին ընդհանուր լեզու են փնտրում»։ Կարդալով այս խորապես անկեղծ ու խորիմաստ գնահատականները՝ ես ընկղմվեցի զարմանալի մի աշխարհ՝ պարուրված հասարակ, պարզ մարդկանց վեհությամբ ու բարությամբ, որոնք իրենց խղճի հետ համերաշխ են ապրում, բայցև, ավաղ, զոհվում են... Վեպի հերոսի՝ տաղանդավոր դերասան, մարդասեր, «ադրբեջանական թատրոնի հպարտություն Սադայ Սադըխլըի» կերպարը ստիպեց հիշել ո՛չ 1988-1990թթ. Սումգայիթի, Բաքվի հայերի ջարդերը, ո՛չ ադրբեջանցի լակոտների վայրագությունները, որ սպանում էին Խոջալուի փախստականներին, որոնք օգտվել էին Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի տրամադրած խաղաղ միջանցքից, ո՛չ Ադրբեջանի ժողովրդական ճակատի մարդասպանների չարագործությունները, որ ողջ-ողջ այրում էին Ադրբեջանական ԽՍՀ անպաշտպան քաղաքացիներին միայն այն բանի համար, որ հայ են։ Հայերի (որոնց հետ կողք կողքի ապրել են երկար տարիներ, միասին ուրախություն ու վիշտ կիսել) հանդեպ իրագործված դաժան անարդարության համար ապաշխարելու վիպասանի հորդորն ընթերցողին տանում է պատմական չափանիշներով ոչ այնքան հեռավոր այն անցյալը, երբ վեպի հերոսներից մեկի՝ Նուվարիշ Ղարաբաղլըի խոսքով՝ «...Հերիք է, որ իմանան հայ է։ Անմիջապես քացու տակ կգցեն ու կտրորեն՝ ասես վայրի գազաններ։ Մասերի կբաժանեն, և ոչ ոք չի համարձակվի մոտ գալ... Ես նրանց ասում եմ. մի խփեք, այս մարդը, ասում եմ, հայ չէ, նա մերոնցից է, մեր ժողովրդի զավակը, ազգի հպարտությունն ու խիղճը։ Լսո՞ղն ով է»։ Այսպես է վեպում նկարագրվում կատաղած երազների (Հայաստանից փախած ադրբեջանցիների- Ա.Գ.) կողմից ադրբեջանական թատրոնի հպարտություն, թիվ 1 դերասան Սադայ Սադըխլըին ծեծի ենթարկելու տեսարանը։ Իսկ ինչո՞ւ են նրան ծեծում. «...այնտեղից հանկարծ ահավոր մի ճիչ լսվեց։ Ինչ-որ մեկն ասես ոռնաց։ Պարզվում է՝ մի ծեր հայ էր։ Դուրս էր եկել հաց առնելու և անմիջապես էլ ընկել էր երազների ձեռքը։ Տնային հագուստով... Հողաթափերով։ Երբ տեղ հասա, դժբախտն արդեն սպանված էր ու նետված ջրավազանը... Նրանք, ովքեր ավելի շուտ էին վրա հասել, պատմում էին, որ հային սկզբում գցել են ջրավազանը, ուղիղ սառցաջրի մեջ։ Ծեր մարդ էր, չէր կարող ջրում մնալ։ Ուզում էր դուրս գալ։ Եվ այդ տղաները կանգնած էին ջրավազանի եզրին, խփում էին նրան ոտքերով, մինչև որ խփելով սպանեցին։ Իսկ Սադայ Սադըխլըի... սիրտը չդիմացավ։ Նետվեց օգնության։ Եվ որտեղի՞ց այդ երազներն իմանային, թե ով է, ինչացու է նա։ Նրանք հո եկվորներ էին, տեղացի չէին։ Ու հայի տեղ դրին նրան՝ վրան հարձակվելով վայրի գազանների նման։ Թե մի րոպե ուշանայի՝ նրան էլ կուղարկեին ծեր հայի մոտ...»։ Կարդալով վեպի այս տողերը՝ ակամա խոր հարգանքով ես լցվում գլխավոր հերոսի հանդեպ։ Այնուհետև Աքրամ Այլիսլին ընթերցողին տեղափոխում է իր հայրենի Այլիս գյուղը, մեզ տանում պատմության խորքերը, սրտի ցավով պատմում հայերի դեմ 1918թ. իրականացված վայրագությունների մասին. «...Սակայն Այլիսում այն ժամանակ դեռ բավական թվով միջին տարիքի մարդիկ կային, որոնք իրենց աչքերով էին տեսել այլիսցի հայերի անասելի կոտորածը... Տարբեր մարդկանց պատմություններում ստույգ առկա էին միևնույն փաստերը։ Թե ինչպես էր ամեն բան սկսվել ու ավարտվել՝ մարդկանց կարծիքները լիովին համընկնում էին։ Բանն այսպես է եղել. որպեսզի Այլիսի հայ բնակչությունը գլխի չընկնի, Էդիփ բեյի 30-40 թուրք ձիավորներ վաղ առավոտից շրջում էին տնետուն՝ թե՛ հայկական, թե՛ մահմեդական, և հայտարարում, որ այսօր հրադադար է հայտարարվելու, ինչի համար բոլորը պետք է շտապ հավաքվեն այսինչ հայի բակում։ Հետո, երբ ժողովուրդը հավաքվեց նշված տեղում, թուրք զինվորները մահմեդականներին առանձնացրին հայերից ու նրանց շարք կանգնեցրին բակի տարբեր ծայրերում։ Հանկարծ ինչ-որ տեղից ահարկու հրաման լսվեց. «Կրա՛կ», և թուրք զինվորները, բոլոր կողմերից շրջապատելով բակը, գնդակների տարափ տեղացին հայերի վրա։ Շատերն անմիջապես մահացան, ողջ մնացածների կոկորդը կտրեցին խանչալներով ու մինչև վերջին մարդը սվինահարեցին։ Նրանց, ում հնարավոր էր թաղել հենց այդտեղ՝ բակում ու պարտեզում, փոս փորեցին ու լցրին մեջը։ Ում համար տեղ չգտնվեց բակում ու պարտեզում, լցրին ախոռները, մոտակա տների նկուղներն ու այրեցին»։ Կարդալով այս տողերը՝ ակամա հիշեցի Ադրբեջանի արտգործնախարարության մամլո քարտուղար Էլման Աբդուլաևի «ցասումնալի դատապարտումը», որը ս.թ. փետրվարի 13-ին լրագրողներին հայտարարել էր, թե Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագծի ընդունումը կհանգեցնի այդ երկրի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի հանդեպ վստահության անկման։ Գուցե «Քարե երազներ» վեպը կարդալով՝ ԱՀ ԱԳՆ մամլո քարտուղարը փուքսը թողնի ու իր խրատատուների հետ ավելի շրջահայացորեն վերաբերվի նոր օրինագծին, որը Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներին է ներկայացրել «Հանուն ժողովրդական շարժման միությունից» Վալերի Բուայեն, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում Օսմանյան Թուրքիայում 1915թ. իրականացված Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար...

Էլ ավելի ընկղմվելով հայրենի Այլիս գյուղի մասին վեպի հերոսի հիշողությունների մեջ՝ խիստ հուզվեցի փոքրիկ հայ աղջնակի՝ Լյուսիկի հանդեպ մուալիմ Աքրամի գորովալի վերաբերմունքից, որն ինքնամոռաց նկարում էր Այլիսի եկեղեցիները. Լյուսիկը Սադայ Սադախլըի սիրելի հայուհու՝ Հայկանուշի թոռնուհին էր. «Իսկ կյանքում մի կուռք ուներ՝ իր աներ, բժիշկ Աբասալիևը, ու մեկ էլ իր մի համագյուղացին՝ Հայկանուշ անունով հայուհին. նրա մասին նա միշտ սիրով էր պատմում»։ Կարդալով նկարչուհի Լյուսիկի մասին մաքրությամբ լի հիշողությունները («Լյուսիկը նորից այնտեղ էր, եկեղեցիների զարդ Վանքի եկեղեցու բակում. նկարչուհի Լյուսիկը՝ Հայկանուշի թոռը, տասներեք-տասնչորս տարեկան մի աղջիկ։ Այդ ամառ Լյուսիկն առաջին անգամ Երևանից Այլիս էր եկել ամառային արձակուրդներին և առաջին իսկ օրը, առավոտից իրիկուն, դուրս չեկավ վանքի բակից։ Ինչքա՜ն կարելի էր նկարել այդ նույն եկեղեցին... Գուցե այն ժամանակ արդեն աղջիկը գիտեր, որ եկեղեցին Էջմիածնի «իսկը պատճենն» է։ Իսկ Սադայը դեռ չգիտեր այդ մասին»)՝ սիրտս ճմլվեց։ Հայացքս ուղղեցի հայ շնորհաշատ նկարչուհի, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի դափնեկիր Լուսիկ Ագուլեցու (Հարությունյան-Սամվելյան) վրձնին պատկանող հիասքանչ կտավին։ Հին Ագուլիսի՝ Այլիսի բնանկարը տաղանդավոր նկարչուհին նվիրել էր հարսիս՝ գեղարվեստական քննադատ Հռիփսիմե Վարդանյանին։ Չնայած ուշ ժամին՝ փոքր-ինչ անհարմար զգալով զանգահարեցի արժանիորեն «Մովսես Խորենացի» շքանշանով պարգևատրված այդ զարմանալի կնոջը, որպեսզի հետաքրքրվեմ. կարդացե՞լ է արդյոք Աքրամ Այլիսլիի  վեպ-ռեքվիեմը։ Փոքր դադարից հետո Լուսիկ Ագուլեցին դողացող ձայնով ասաց, որ Հայկանուշն իր տատն է, փորիքկ Լյուսիկը՝ ինքը, իսկ Սադայ Սադախլըի կերպարում նա ճանաչել է հենց հեղինակին՝ Աքրամ Այլիսլիին։ Նա հիշեց այն ակնածալի վերաբերմունքը, որը մուալիմ Աքրամը ցուցաբերել է իր տատիկի հանդեպ, իսկ վերջինն էլ, իր հերթին, Լուսիկին ասել է, որ նա գյուղի ամենաուսյալ ու հարգարժան երիտասարդն է։ Լուսիկ Ագուլեցին հիշեց նաև, որ Հայկանուշ տատը Ագուլիս-Այլիսի ադրբեջանցի տնտեսուհիների ցանկալի հյուրն էր, քանի որ սեփական ձեռքերով էր մշակում կիտրոնի ծառերը։ Ավելին, իրենց ընտանիքն աչքի էր ընկնում նաև նրանով, որ թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի հարսնացուների հարսանեկան զգեստները կարելը վստահում էին միայն նրա տատիկին, իսկ Հարություն պապը հիանալի թառահար էր։ Թառը արևելյան լարային նվագարան է, առանց որի ոչ մի հարսանիք՝ ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական, չէր անցնում։ Լուսիկ Ագուլեցին պատմեց նաև, որ խիստ անհանգստացած է Աքրամ Այլիսլիի անվտանգությամբ։ Նա կարդացել է այն հայտարարությունը, որով արտասահմանյան դեսպանություններին է դիմել Այլիսլիին. «Արդեն երկու շաբաթից ավելի է՝ ադրբեջանական իշխանություններին ենթակա ԶԼՄ-ները «Քարե երազներ» գրքիս պատճառով իմ դեմ բարոյական ահաբեկչության քաղաքականություն են վարում։ Իմ տան առջև չհամաձայնեցված զանգվածային ակցիաներ են անցկացնում, այրում են իմ գրքերը, անարդարացի ճնշում է գործադրվում ընտանիքիս անդամների վրա»։ Մեծահարգ տիկնոջը ցնցել էր նաև այն, որ աշխատանքից հեռացրել էին Ժողովրդական գրողի որդուն և կնոջը։ Լուսիկ Ագուլեցին, իմանալով, որ ես Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր եմ, առաջարկեց ինձ խոսել Ադրբեջանի Միլի մեջլիսի պաշտոնակիցներիս հետ, խնդրել պաշտպանել Ժողովրդական գրողին։ Ես չցանկացա վերջնականապես վշտացնել այս բարի կնոջը և ասել, որ Միլի մեջլիսի փետրվարի 1-ի նիստում բուռն քննարկվել է «Քարե երազներ» գիրքը։ Պատգամավորները հարձակվել են գրողի վրա՝ նրան մեղադրելով դավաճանության մեջ։ Իմ գործընկեր, ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովը Աքրամ Այլիսլիի գործունեությունն անվանել է «դավաճանություն», իսկ պատգամավոր Նիզամի Ջաֆարովն առաջարկել է Այլիսլիին զրկել քաղաքացիությունից՝ իր ելույթն ավարտելով հետևյալ խոսքերով. «Թող գնա Երևան, ինչ-որ եկեղեցում ծառայի»։ Խոսակցության վերջում շնորհաշատ նկարչուհին խնդրեց ինձ ադրբեջանցի պաշտոնակիցներիս միջոցով փոխանցել, որ Աքրամ Այլիսլին, նրա ընտանիքն ու ընկերները՝ բոլորը, ցանկալի հյուրեր կլինեն իր օջախում, Երևանում։ Հակասական զգացումները փոթորկում էին ինձ. մի կողմից՝ մի տեսակ խաղաղվել էի։ Լուսիկ Ագուլեցու հետ խոսելուց հետո պարզ դարձավ, որ գրողի նպատակը՝ հաշտեցնել մեր ժողովուրդներին, աստիճանաբար ճանապարհ է հարթում հայերի հանդեպ ատելության թանձր շերտի միջով, ատելություն, որը սերմանում են Ադրբեջանի իշխանություններն ահա արդեն 25 տարի, և որը մեզ՝ հայերիս, հետ է վանում հաշտեցման այդ գաղափարից։ Մյուս կողմից՝ ինձ խիստ անհանգստացրեց այն, որ գրչի ճանաչված վարպետն այսօր մենակ է ու անպաշտպան իր հայրենի Ադրբեջանում։ Ցավոք, նրան միայն եզակիներն են հասկանում, որոնց թվում է հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսը, որը բնավ էլ աչքի չի ընկել հայ ժողովրդի հանդեպ համակրանքով, բայցևայնպես իր մեջ քաղաքացիական արիություն է գտել և հայտարարել. «Ռամիլ Սաֆարովից (ադրբեջանական բանակի սպա, որը 2004թ. փետրվարին Բուդապեշտում կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին, հետագայում դատապարտվեց ցմահ ազատազրկման, իսկ այնուհետև, 8 տարի նստելով, արտահանձնվեց Ադրբեջանին և ազատ արձակվեց ու հերոսացվեց այդ երկրի իշխանությունների կողմից- Ա.Գ.) հետո հենց Աքրամ Այլիսլին է փրկելու մեր ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը»։ Ժողովրդական գրողի այսօրվա միայնակությունը սեփական երկրում ինձ հիշեցրեց ավստրիացի հանրահայտ գրող, բազմաթիվ փայլուն նովելների հեղինալ Ստեֆան Ցվեյգի կյանքի վերջին տարիների պատմությունը։ Գրքերի այրումից և նացիստական խրախճանքն սկսվելուց հետո՝ 1935թ., Ցվեյգը Զալցբուրգից փախչում է Լոնդոն։ Բայց և Անգլիայում նա իրեն պաշտպանված չի զգում։ 1940թ. նա ուղևորվում է Լատինական Ամերիկա, հետո տեղափոխվում ԱՄՆ (1941թ.), բայց շուտով կրկին վերադառնում և բնակություն է հաստատում բրազիլական փոքր Պետրոպոլիս քաղաքում։ Սակայն 1942թ. փետրվարի 22-ին Ցվեյգը կնոջ հետ միասին հեռանում է կյանքից՝ մեծ չափաբաժին քնաբեր ընդունելով։ Հետագայում Էրիխ Մարիա Ռեմարկն այսպես է գրում Ցվեյգի և նրա կնոջ ինքնասպանության ողբերգական դրվագի մասին «Ստվերները դրախտում» վեպում. «Եթե այն գիշեր Բրազիլիայում, երբ Ցվեյգն ու իր կինը ինքնասպանություն գործեցին, նրանք կարողանային հոգիները որևէ մեկի առջև թեթևացնել թեկուզ հեռախոսով, դժբախտությունը, հավանաբար, տեղի չէր ունենա։ Բայց Ցվեյգն օտարությունում էր, օտար մարդկանց մեջ»։ Հիշելով այս ամենի մասին՝  ինքս ինձ հարց տվեցի. «միայնա՞կ է արդյոք Աքրամ Այլիսլին այսօր։ Նորությունների լրահոսը ցրեց այս հաշվով ունեցած բոլոր տագնապներս։ Ժողովրդական գրողին աջակցության խոսք են ասել վրացական ծագմամբ ռուս հայտնի ուղղափառ գրող Բորիս Ակունինը, ռուս տաղանդավոր էսսեիստ, հայագետ, ազգությամբ կարաիմ Կիմ Բակշին, մարդկային հոգիների խորագիտակ, գրականության մեջ ռուսական պոստմոդեռնիզմի հիմնադիր, հանրահայտ «Հայաստանի դասերը» էսսեի հեղինակ Անդրեյ Բիտովը... Ինձ ուրախացրեց նաև «The Washington Post» հեղինակավոր թերթի արձագանքը, որը, մեկնաբանելով Աքրամ Այլիսլիի հետ կապված պատմությունը, գրել էր, թե իշխանամետ կուսակցության՝ Այլիսլիի ականջը կտրելու կոչը հարվածի տակ է դրել Ադրբեջանի առաջադեմ պետություն ներկայանալու ջանքերը... Սակայն կառավարությունը, վախեցած 2013թ. հունվարյան ընդվզումներից (նկատի ունենք Իսմայիլլիի անկարգությունները, որոնց ժամանակ այրվեց ենթադրաբար նախարարներից մեկի որդու բորդելը- Ա.Գ.), փորձում է, ինչպես և անցյալում, շեղել հանրային ուշադրությունը՝ հայկական սպառնալիքի վախ հրահրելով։ «Այլիսլին քողարկված ձևով գրոհում է նաև Ալիևի ու նրա հոր՝ նախկին նախագահ Հեյդար Ալիևի վրա՝ նրանց ռեժիմների դաժանության և կոռումպացվածության համար,- գրում է թերթը,- Ադրբեջանը շատ բաների է դիմել այդ իմիջը թաքցնելու համար. դրան նպաստել է մայրաքաղաք Բաքվի փայլուն վերածնունդը՝ շնորհիվ նավթից ու գազից ստացվող եկամուտների»։

Որտե՞ղ փնտրել հայերի հանդեպ այս սարսափելի ատելության ակունքները, որն այնքան է կուրացրել այդ երկրի բարձրագույն իշխանություններին, որ պատրաստ են դավաճանի դերում ներկայացնել տաղանդավոր Ժողովրդական գրողին, որն իր գրական ժառանգությամբ պատիվ կբերեր ցանկացած քաղաքակիրթ ազգի։ Մի՞թե ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի՝ 2012թ. մարտի 1-ին արտասանած բառերը «2009-2013թթ. ԱՀ շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման պետական ծրագրի» իրագործման երրորդ տարվա արդյունքներին նվիրված կոնֆերանսում նման սատանայական ազդեցություն են ունեցել ադրբեջանական վերնախավի մտքերի ու սրտերի վրա։ Հիշենք, թե ինչ էր այն ժամանակ ասել Ի.Ալիևը. «Առաջին հերթին մեր հիմնական թշնամիները համաշխարհային հայությունն ու նրա ազդեցության տակ գտնվող երկերեսանի, կոռուպցիայի և կաշառակերության մեջ թաղված (տեսեք՝ ով է խոսում այս մասին- Ա.Գ.) քաղաքական գործիչներն են։ Այն քաղաքական գործիչները, ովքեր չեն ցանկանում տեսնել ճշմարտությունը և տարբեր տեղերում զբաղվում են Ադրբեջանը սևացնելով»։ Ադրբեջանի նախագահի նման կոչերից հետո այլևս զարմանալու հարկ չկա, թե ինչու է հալածանքի ենթարկվում Աքրամ Այլիսլին։

Չէի ուզենա այսքան տխուր նոտայով ավարտել խորհրդածություններս։ Եվ հիշեցի Վարդենիս քաղաքում ս.թ. փետրվարի 13-ին տեղի ունեցած իրադարձությունը։ Ընտրողների հետ Հայաստանի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպման ժամանակ տարեց մի վարդենիսցի, ջերմորեն ողջունելով Սերժ Ազատովիչին, ասաց. «Հիմա մի կողմ դնեմ իմ գրած տեքստն ու ասեմ այն, ինչ կա մեր սրտում»։ Իր նվիրական միտքը նա արտահայտեց ադրբեջաներենով, ընդ որում՝ շատ կարճ ու նույնքան էլ տարողունակ։

Այստեղ ՀՀ նախագահը, իրեն հատուկ բարյացակամությամբ, ընդհատեց նրան. «Կարծես դուք կարոտում եք, հա՞, ինչ-որ ժամանակների»։ Սրահում ներկա տարբեր սերունդների մարդիկ՝ ժպիտը դեմքներին, ծափերով ուղեկցեցին այս երկխոսությունը։ Այնուհետև տարեց վարդենիսցին ուզեց հայերեն թարգմանել իր իսկ խոսքը, և այստեղ Հայաստանի նախագահը շարունակեց. «Պետք չի թարգմանել, դուք, երևի, մոռացել եք, որ ես էլ գիտեմ»։ Եվ այս անգամ ներկա գտնվողներն էլ ավելի մեծ ջերմությամբ ու ծափերով ընդունեցին ինչպես նախագահի, այնպես էլ Վարդենիսի ալեհեր բնակչի խոսքերը։ Գուցե դահլիճում նստածներից յուրաքանչյուրն այդպես ինքնատիպ ու անկեղծ արտահայտեց իր համերաշխությունն Ադրբեջանի Ժողովրդական գրող Աքրամ Այլիսլիի հետ։ Իսկ Հայաստանի նախագահը Վարդենիսից մեսիջ ուղարկեց ինչպես իր պաշտոնակցին, այնպես էլ ադրբեջանցի ժողովրդին, մեսիջ հայերի խաղաղասիրության մասին, և դա՝ այն դեպքում, երբ գիտակցվում են հայ ժողովրդի ոգու արիությունն ու անսասան կամքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Արցախի անկախությունը պաշտպանելու գործում։ Իսկ դա թանկ արժե, քանի որ բխում է մի մարդուց, որը վերջերս խոստովանել էր, թե զոհված ընկերները հիմա ավելի շատ են, քան ողջ մնացածները...

Ահա այսպիսի խորհրդածություններով եմ պատրաստվում մասնակցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի տասներկուերորդ ձմեռային նիստին։ Վստահ եմ. նրանք, ովքեր արդեն հասցրել են կարդալ Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմը, իրենք իրենց հարցրած կլինեն. իսկ որտե՞ղ է այդ հիասքանչ եզերքը, այդ հիասքանչ Այլիս բնակավայրը, որը ծնել է այդքան սքանչելի մարդկանց, ինչպիսին են Աքրամ Այլիսլին, Լուսիկ Ագուլեցին, ընթերցողներին հարազատ դարձած Սադայ Սադըխլըն, Հայկանուշ տատը, իմաստուն բժիշկ Աբասալիևը...

Այլիսը գյուղ է, անցյալում՝ խոշոր միջնադարյան քաղաք, որի բնիկ ժողովուրդը հայ-զոկերն են։ Անվանի արևելագետ, կովկասագետ, Ռուսաստանի գիտությունների կայսերական ակադեմիայի ակադեմիկոս, հետագայում՝ ԽՍՀՄ ԳԱ փոխնախագահ Նիկողայոս Յակովի Մառն իր հետազոտություններում գրում է, որ XIX դարի վերջին այստեղ 11 Հայ Առաքելական եկեղեցի կար։ 1829թ. Ագուլիսում 122 հայ և 50 ադրբեջանական տուն կար, 1873-ին՝ 170 հայ և 54 ադրբեջանական տուն, 1904-ին՝ 256 հայ (2205 բնակչով) և 68 ադրբեջանական տուն (731 բնակչով)։ 1918թ. Ագուլիսն ավերվեց օսմանյան զորքերի կողմից և որոշ ժամանակ անբնակ մնաց...

 

Հ.Գ. 1995թ. Բեռլինի Բեբելպլաց հրապարակում կանգնեցվեց Գերմանիայի ամենացնցող հուշարձաններից մեկը՝ այրված գրքերի հուշարձանը, «Versunkene Bibliothek»-ը («Խորտակված գրադարան»)։ Հեղինակը իսրայելցի ճարտարապետ, քանդակագործ Միխա Ուլմանն է (Micha Ulman)։ Հրապարակի կենտրոնում, ապակու հաստ խորանարդի տակ սպիտակ սենյակ է՝ դատարկ գրադարակներով։ Հողի տակ գտնվող դատարկ տարածությունը փոխանցում է կորստի գաղափարը։ Իսկ ապակե սալի կողքին փոքրիկ ցուցանակ է՝ բացատրագրով. «Այս հրապարակում 1933թ. մայիսի 10-ին նացիստ ուսանողները գրքեր են այրել», նույն տեղում մեջբերված է հատված Հայնրիխ Հայնեի «Ալմանսոր» ողբերգությունից. «Սա լոկ նախերգանքն էր, այնտեղ, ուր գրքեր են այրում, հետագայում նաև մարդկանց կայրեն»...

 

Արտաշես Գեղամյան, Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի մշտական պատվիրակության ղեկավար, «Ազգային միաբանություն» կուսակցության և «Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպության նախագահ (www.amiab.am)

Последние видеоматериалы

Новые книги