«ԱԹՈՌԻՆ ՄՆԱԼՈՒ ԱԼԻԵՎԻ ՎԵՐՋԻՆ ՇԱՆՍԸ

ԿԱՐՈՂ Է ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՆՁԱԶԵՐԾՈՒՄԸ ԼԻՆԵԼ»

08.02.2013, Իրավունք

Անցած ամսվա վերջերին բավականին ուշագրավ երեւույթներ նկատվեցին` կապված Ադրբեջանի` հյուսիսային Դաղստանին հարակից լեզգիաբնակ շրջանների հետ: Հասկանալի է. ադրբեջանական իշխանություններին հաջողվեց կանխել Իսմաիլ բնակավայրից սկիզբ առած դժգոհությունների ալիքը: Բայց ամբողջ խնդիրն այն է, վերջին ժամանակներս եղել են նաեւ բավականին պատկառելի կանխատեսումներ, որ այդ երկրում ազգային փոքրամասնությունների, մասնավորապես` լեզգիների եւ թալիշների մեջ խմորվող դժգոհությունները կարող են որոշակիորեն ուղղորդվել Ռուսաստանի կողմից: Իսկ այն փաստը, որ իսմայիլյան այդ դժգոհությունների ֆոնին տեղեկատվություններ տարածվեցին, որ ադրբեջանական իշխանությունները «արշավ» են սկսել նաեւ այդ քաղաքին մոտ գտնվող ռուսաբնակ բնակավայրերի ուղղությամբ, ոչ միայն այդ կանխատեսումների օգտին են խոսում, այլ նաեւ ռուս-ադրբեջանական հարաբերություններում առկա լրջագույն խորքային հակասությունների մասին: Ինչը, ի դեպ, նկատելի էր նաեւ, երբ Ադրբեջանն այդքան «նրբորեն» Ռուսաստանին դուրս քշեց Գաբալայի ռադիոլոկացիոն կայանից:

Այս ամբողջ գործընթացը, միանշանակ, մեծ կարեւվորություն են ներկայացնում նաեւ Հայաստանի համար: Ուստիեւ այն հարցի շուրջ, թե այդ գործընթացները մինչեւ ուր կարող են խորանալ, մեկնաբանություն խնդրեցինք «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻՑ.

 

-Արդեն իսկ ակնհայտ է, որ Ալիեւի վարչակարգի համար անհեռանկարային է այն ոճը, մեթոդները, որոնցով վերջին ութ տարիների ընթացքում ղեկավարում էր: Դա բերելու է Ադրբեջանում քաղաքացիական լրջագույն ընդվզումների, մեծ այրունահեղության: Սակայն այս գործընթացով մենք չենք կարող ուրախանալ, քանի որ նման իրավիճակում Լեռնային Ղարաբաղի հետ կապված ամեն մի ծայրաղեղ զարգացում դառնում է հնարավոր: Գարնանը, երբ այդ ընդվզման ալիքն իրեն ավելի ու ավելի նկատել կտա, Ալիեւը, եթե զգա, որ աթոռը տակից փախչում է, կարող է, ընդհուպ մինչեւ, ռազմական ավանտյուրայի դիմել սահմանին` խնդիր ունենալով դրանով իսկ ճնշել, սեփական ժողովրդի ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից: Ընդ որում, կարող է բերել նաեւ նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի օրինակը, որի իշխանության վերջին ժամանակահատվածում Ադրբեջանում ներքին լուրջ հակասություններ եւ հակամարտություններ կային, որին էլ հետագայում փորձում էին վերագրել ղարաբաղյան բանակից կրած պարտությունները: Արդյունքում` մեղադրեցին այն անձանց, ովքեր, իշխանությունների գնահատմամբ, հրահրել էին այդ ներքին խնդիրները: Ուստիեւ մենք պետք է չափազանց աչալուրջ լինենք` հաշվի առնելով, որ սեփական աթոռին մնալու Ալիեւի վերջին շանսը կարող է պատերազմական գործողությունների սանձազերծումը լինել: Հակառակ դեպքում, նա սեփական ժողովրդի ընդվզումը զսպել չի կարողանա:

- Խնդիրը նաեւ նրանում է, որ լեզգիաբնակ տարածքների այդ միջադեպը խոսում է նաեւ ազգամիջյան բախումների հնարավորության մասին: Իսկ այն լուրերը, որ ճնշումներ կան նաեւ ռուսաբնակ հատուկենտ բնակավայրերի նկատմամբ, արդեն շեշտադրված հակառուսականության չի՞ նմանվում:

- Միանգայն ճիշտ դիտարկում եք կատարում. հակառուսական շեշտադրումներն ակնհայտ են ադրբեջանական բոլոր պետական գործիչների հայտարարությունների մեջ: Օրինակ` օրերս Պաշտպանության նախարարության խոսնակ Սաբիրողլուն, Ստեփանակերտի օդանավակայանի հետ կապված հայտնի պատմության շուրջ հանդես եկավ հայտարարությամբ, որով հեգնանքի ենթարկեց Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպության ¥ՀԱՊԿ¤ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, արդեն իսկ մատնելով սեփական նկրտումներն առ այն, որ իբր Ռուսաստանն է շահագրգռված, որ անկայունություն լինի Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ շփման գծում, եւ, որ իբր Ռուսաստանն է սերմանում այդ անկայունությունը: Այսինքն` իրենք իրենց պետական քարոզչությանը հատուկ ձեւով հիվանդ գլխից առողջ գլխին են փորձում վերագրել սեփական խնդիրները` դրանով իսկ սեփական ժողովրդին նախապատրաստելով ռազմական գործողությունների:

- Այնուամենայնիվ, թույլ տվեք որոշ կոնկրետ փաստեր էլ արձանագրել: Ռուսաստանը վերջին ժամանակներս սկսել է ակտիվորեն ուժեղացնել իր կասպյան նավատորմը: Միունույն ժամանակ կան խոսակցություններ` Դաղստանում նկատելի ուժերի, այդ թվում` զրահատեխնիկա կենտրոնացնելու մասին: Դրան զուգահեռ կա Իրան-Ադրբեջան հայտնի հակասությունների շղթան, որը չգիտես, որ պահին եւ ինչ տեսքով կարող է պայթել: Մյուս կողմից էլ` կա Ադրբեջանի, Իսրայելի եւ ԱՄՆ-ի կողմից լուրջ ռազմական օժանդակություն ցուցաբերելու հայտնի փաստը: Դա չի՞ նմանվում տարածաշրջանն ակտիվորեն ռազմականացնելու գործընթացի: Առավել եւս, որ առկա է նաեւ ինքնին շատ վտանգավոր Սիրիա-Իրան տարածաշրջանի գերլարվածությունը:

- Ի լրումն Ձեր ասածների` նշեմ նաեւ, որ օրերս բավականին հետաքրքիր հանդիպում ունեցա Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Օլեգ Սմիրենովի եւ Էրեբունում տեղակայված ռազմաօդային բազայի հրամանատար Ալեքսանդր Պետրովի հետ: Վերջերս մեկ բավականին ուրախալի լուր հաղորդեցին. վերջերս, երբ Հայաստանում էր եւ Գյումրու ռազմաբազա էր այցելել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ծանոթանալով իրավիճակին` հայտարարել էր, որ այն ԱՊՀ տարածաշրջանում, թերեւս, ամենակազմակերպված, մարտական պատրաստվածություն ունեցող, զինտեխնիկայի առումով ամենավերջին խոսքով հագեցված ռազմաբազան է: Նույնը ասվել է նաեւ Էրեբունու ռազմաօդային բազայի մասին:  Ընդ որում վերջինիս հրամանատարը ռուսական հայտնի «Ստրիժի» օդաչուական խմբից, ռուսական լավագույն «աս»-երից, կատարյալ օդաչուներից մեկը: Եվ երբ նման բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող օդաչուն Հայաստանում է ու շատ վստահ ձայնով ասում է, թե Հայաստանը կարող է հանգիստ լինել, դա արդեն շատ բանի մասին է վկայում:

Եվ, իհարկե, ամենեւին էլ պատահական չէ, որ երբ կա ռուսական կասպյան նավատորմի հզորացումը, Իրանի խիստ մտահոգ մոտեցումները Ադրբեջանում խմորվող զարգացումներին, ադրբեջանա-իսրայելյան այդ սիլիբիլիները ¥երբ ոչ միայն միլիարդավոր դոլարների զենք է մատակարարվում, այլ նաեւ այս տարվա հունվարին Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ 2013թ.-ին Իսրայելի ռազմական արտաքին մատակարարումները հատկապես ուղղվելու է դեպի Բրազիլիա, Լեհաստան, Ադրբեջան¤, Ռուսաստանի պաշտպանության նախարարն այցելում է հայաստանյան ռազմաբազա եւ նման բարձր գնահատականներ տալիս: Դա նաեւ Ադրբեջանին հասցեագրված մեսիջ կարելի է համարել, որ արկածախնդրության չդիմեք:

Последние видеоматериалы

Новые книги